Արագած
լեռ Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
լեռ Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Արագած, հրաբխային քառագագաթ լեռ է, Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մետր բարձրություն[3]։ Հայաստանի ամենաբարձր գագաթն է։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում[4][5]։
Արագած | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արագածոտնի մարզ և Շիրակի մարզ |
Մասն է | Կովկաս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4090 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 2143 մետր[2] |
Նյութ | լավա |
Վերջին ժայթքում | անհայտ |
Սմիթսոնիան կոդ | 214060 |
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)[փա՞ստ]:
Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը[փա՞ստ]։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին գետակների ու ջրվեժների միջոցով։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995,3 մետր, արևելյանը՝ 3908,2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ Գեղարոտ գետը։
Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնվում է Քասաղի վտակ Գեղարոտը։
Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածության վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմրաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհանավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր Արտենի, Իրինդ, Կարմրաթառ, Դաշտաքար և այլն)։
Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Լեռը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն)։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով։ Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրության. մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթին ցուրտ է նաև ամռանը։
Լեռնազանգվածը զբաղեցնում է 820 ք/կմ տարածք։ Այն հանգած հրաբուխ է, որի ժայթքման արդյունքում առաջացել են 4 գագաթները։ Արագած լեռն իրենից ներկայացնում է հսկայական հրաբխային զանգված, որը ունի ճյուղավորությունը որ մոտ 20-ից ավել 3000 մետրից բարձր լեռնագագաթներով (Քարակատար, Քարապար, Կաքավասար, Նիգասար, Թեժառույք և այլն) ինչպես նաև լճեր, ջրվեժներ, աղբյուրներ[փա՞ստ]։ Արևելյան լանջին, Սարակապ գյուղի առևելյան կողմում գտնվում է Բերդի դոշ լեռը[6]:
Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3200 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։
Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ։
Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն է՝ Մեծ Մասիսից, Սեբելանից և Սիփանից հետո։
Արագածի մեղմաթեք լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։ Այս տեսակետից Արագածը Մասիսի հակոտնյան է։ Իզուր չի ժողովուրդը պատմում հետևյալ ավանդությունը։
Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ։
Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը՝ հարավ-արևելքում, Ապարանը՝ հյուսիս-արևելքում, Արթիկը՝ հյուսիս-արևմուտքում և Թալինը՝ հարավ-արևմուտքում։ Արագած լեռան ստորոտում է գտնվում նաև Մաստարա գյուղը, որը ունի մոտ 2500 բնակչություն։ Լեռան մյուս կողմերում կան այլ քաղաքներ և գյուղեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.