Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արժանապատվություն (լատին․՝ dignitas), մարդու իրավունքների հիմնարար հասկացություն է, բարձրագույն և առանցքային արժեք, մարդու անքակտելի և անօտարելի իրավունք, որը հատուկ է նրան ծնված օրից։ Անձի արժանապատվությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու իրավունքների համակարգը։ Արժանապատվությունը սկզբունք է, որը ընկած է մարդու իրավունքների հիմքում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրավունք՝ առանձին և այլ իրավունքների համատեքստում։
Մարդու իրավունքների հիմնարար սկզբունք լինելուց զատ՝ այն նաև փիլիսոփայական[1] և բարոյագիտական հասկացություն է։ Իբրև այդիպիսին այն ընկալվում է որպես մարդու հատուկ բարոյական վերաբերմունքը ինքն իր հանդեպ և նրա հանդեպ հասարակության վերաբերմունքը, որտեղ ընդունվում է անձնավորության արժեքը։ Մի կողմից, մարդու՝ սեփական արժանապատավության գիտակցումը անձնավորության ինքնագիտակցման և ինքնավերահսկման ձևն է, նրա վրա է հիմնվում ինքն իր հանդեպ մարդու պահանջկոտությունը։ Իր արժանապատվության հաստատումը և պաշտպանումը ենթադրում է նրան համապատասխանող բարոյական արարքների կատարում (կամ, ընդհակառակը, թույլ չի տալիս մարդուն վարվելու իր արժանապատվությունից ցածր)։ Այս իմաստով սեփական արժանապատվության ըմբռնումը, խղճի և պատվի հետ միասին, հանդիսանում է մարդու՝ ինքն իր առջև որպես պատասխանատվության գիտակցման եղանակներից մեկը։ Մյուս կողմից, անձի արժանապատվությունը պահանջում է նաև մյուս մարդկանցից՝ հարգել անհատին, ճանաչել մարդու համապատասխան իրավունքներն ու հնարավորությունները, նրան ներկայացվող բարձր պահանջկոտությունը[2]։
Թեև արժանապատվությունը համարվում է մարդուն ծնված օրից բնորոշ հատկանիշ, խոսվում է նաև սաղմի արժանապատվության մասին։ Մասնավորապես Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը հետևում է այն տեսակետին, որ չծնված կյանքին (nasciturus) ևս հատուկ է արժանապատվությունը, և դա ձևակերպվում է հետևյալ կերպ. «Որտեղ գոյություն ունի մարդկային կյանք, նրան հատուկ է արժանապատվությունը. վճռորոշ նշանակություն չունի, թե դրա կրողը գիտակցում է արդյոք իր արժանապատվությունը և կարող է արդյոք անձամբ պաշտպանել»[3]։
Գրականության մեջ կենդանիների իրավունքների համատեքստում արծարծվում է կենդանիների արժանապատվության պաշտպանության հարցը, օրինակ՝ կենդանիները կրկեսներում անում են անբնական հնարքներ, պահվում են ճաղավանդակների մեջ՝ վախի, սովի, ցավի պայմաններում[4]։
Արժանապատվություն հասկացությունը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարբեր բովանդակություն է ունեցել։
Հին հռոեմական շրջանում լատինական dignitas հասկացությունը վերապահված էր գործածել հասարակական կյանքում բարձրաստիճան անձանց համար, որոնք կրում էին հատուկ պարտկանություններ, ձեռք բերում հատուկ արտոնություններ կամ արտառոց նվաճումներ։ Բարձր սոցիալական դիրք ունեցող մարդիկ, որոնք ունեին շատ կարևոր գործառույթներ ու պարտականություններ, ինչպես օրինակ պետական գործիչները, քաղաքական գործիչները, գեներալները, ունեին բարձր հեղինակություն, որը բացատրվում էր ոչ միայն իրենց համբավով, այլև արժանապատվությամբ։ Եզրույթի նմանօրինակ մեկնաբանություն կարելի է գտնել Ցիցերոնի գրություններում։ Չնայած, ինչպես ասում են, Ցիցերոնն է այն հեղինակը, որը առաջին անգամ խոսել է մի առանձնահատուկ արժանապատվության մասին, որը կարծես հատուկ է բոլոր մարդկանց[5]։ Թեև այդ ժամանակ եզրույթի ամենատարածված գործածությունը առանձնացնում էր հատուկ «պատվարժաններին» (dignitaries) ընդհանուրից[6]։
Միջնադարի քրիստոնեական աստվածաբանությունն էր, որ բացահայտորեն եզրույթին տվեց համընդհանուր նշանակությունը։ Հատուկ արժանապատվության հին գաղափարը, ըստ որի դրանով օժտված էին միայն արտոնյալ մարդիկ, ընդհանրացվեց՝ փոխանցելով այս գաղափարը անձի բարձրացված դերին, ըստ որի մարդ արարածը բնության մեջ հանդես է գալիս որպես «Աստծո արարման հպարտություն»՝ չնայած մարդկանց բոլոր անհատական տարբերություններին։ Դա ենթադրում է ունենալ արժանապատվություն՝ աստվածային, բնական և մետաֆիզիկական հիմքերով, արժանապատվություն, որը այս աշխարհում մյուս արարածները չունեին, քանի որ միայն մարդկային արարածն է ստեղծված «Աստծո պատկերով»[6][7]։
Իտալական Վերածննդի շրջանում հատկապես Ջովանի Պիկո դելլա Միրանդոլան (նա հեղինակել է «Ճառ մարդու արժանապատվության մասին» երկը) և ավելի ուշ՝ Լուսավորության շրջանում առաջին հերթին Իմանուիլ Կանտը արժանապատվության այս արդեն համընդհանրացված գաղափարը ավելի ու ավելի աշխարհիկ դարձրին՝ այն «ազատելով» աստվածաբանական երանգներից։ Այնպես չէ, որ Պիկոյի և Կանտի կրոնական հավատալիքները քրիստոնեական չէին, բայց նրանք կատարեցին մի տարբերակում. նրանք համոզված էին, որ որպես մարդկային արարածներ մենք մեր արժանապատվության համար պարտական չենք նրան, որ արտացոլում ենք աստվածային վեհությունը, այլ որովհետև մենք ինքներս ի վիճակի ենք ինչ-որ մեծ բանի՝ «բանականության» և «բարոյական ինքնավարության»։ Ուստի մենք աստվածահաճ ենք և արժանի ենք վեհացման[6][8]։
Հուբրիս կամ անձի պաշտամունք. ռենեսանսյան և լուսավորության շրջանի մարդկային արժանապատվության գաղափարը, որպես քվազի-աստվածային ինքնավարություն, գրեթե հակառակին փոխակերպվեց՝ ֆաշիստական բարբարոսության և ստալինյան տեռորի հրեշավոր փորձերով։ Ինչ-որ բան պետք է սխալ լիներ բարոյական ինքնավարության մեջ, որ նման բան հնարավոր լիներ։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվեց այն, ինչ կարելի է անվանել արժանապատվության վրա հիմնված մարդու իրավունքների գաղափար։ Այդուհետ ասվում էր, որ բոլոր մարդիկ ունեն իրենց արժանապատվության պաշտպանության համար հատուկ իրավունքներ, քանի որ բռնապետական անմարդկայնությունը ապացուցել էր այդ իրավունքների ծայրահեղ խախտումը, ինչպես նաև մարդկային արժանապատվության հիմնարար փխրունությունը՝ ընդհուպ մինչև դրա ամբողջական ոչնչացում։ Դա հիմնականում մարդկային արժանապատվության այն հասկացությունն է, որը մենք կարող ենք գտնել 1945 թվականից հետո ՄԱԿ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների հռչակագրերում և պայմանագրերում[6][9]։
Գրականության մեջ առանձացվում են մարդու արժանապատվության ոտնահարման տարբեր տեսակներ։
Տարբեր աղբյուրներում և համակարգերում[14][15] արժանապատվության ոտնահարման եղանակներ են համարվում խոշտանգումը, բռնաբարությունը, սոցիալական բացառումը, բացարձակ աղքատությունը, հարաբերական աղքատությունը, աշխատանքային շահագործումը, հարկադիր աշխատանքը, խտրականությունները, որոնք ժխտում են խտրականության ենթարկվողի մարդ լինելը, մարդկանց հավասարության զանգվածային խախտումները, ստրկությունը, ճորտությունը, մարդկանց առևտուրը, կտտանքները, մարմնական պատիժները, ուղեղի լվացումը, դեղամիջոցների ու հիպնոսի օգնությամբ մարդու կամքը կոտրելը, գաղտնի կամ բռնի բժշկական գիտափորձերը հետազոտական կամ բազմացման նպատակով և այլն[16]։
Մարդու արժանապատվությունը հիմնարար արժեք է նաև միջազգային իրավունքի տեսանկյունից։ Արժանապատվության իրավական պաշտպանությունը արտահայտված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականին հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածը սահմանում է.
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով։ - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 1[17] |
Իսկ 5-րդ հոդվածով նաև արձանագրելով իրավունքը՝ մասնավորապես նշում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի[17]։ Ընդ որում՝ հռաչակագրի 2-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այնտեղ հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից։ Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ[17]։
Արժանապատվությունը որպես հիմնարար սկզբունք ամրագրված է նաև մի շարք միջազգային կոնվենցիաներում։ Մասնավորապես Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի[18], Քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի[19], Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի[20], Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի մասին կոնվենցիայի[21], Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի[22], Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի[23] նախաբաններում նշվում է, որ մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է։
Հաշմանդամություն ունցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի նախաբանում նշվում է, որ հաշմանդամության պատճառով խտրականությունը ցանկացած անձի դեմ բռնություն է` ուղղված անհատի արժանապատվությանն ու արժեքներին։ Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ (հոդված 1)[22]։ ՄԱԿ-ի 1989 թվականի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 23-րդ հոդվածը սահմանում է, որ մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին[20]։
Գրականության մեջ խոսվում է նաև բնապահպանական խնդիրների՝ երեխաների արժանապատվության իրավունքի վրա ունեցած հետևանքների մասին[24]։
Արժանապատվությունը որպես առաջնային սկզբունք ամրագրված է մի շարք երկրների սահմանադրություններում։ Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանն, օրինակ, մարդու արժանապատվության հասկացությունն ըմբռնում է իբրև առաջատար սահմանադրական սկզբունք հիմնական իրավունքների համակարգում. «Դրա հետ է կապված մարդու արժևորման ու հարգման հասարակական պահանջը, որն արգելում է մարդուն դարձնել պետության սոսկ օբյեկտ կամ նրան այնպիսի վերաբերմունքի արժանացնել, որն սկզբունքորեն հարցականի տակ կդնի սուբյեկտ լինելու նրա հատկանիշը։ Մարդու արժանապատվությունն այս իմաստով ոչ թե միայն համապատասխան անձի անհատական արժանապատվությունն է, այլ մարդու` իբրև տվյալ տեսակի էակի արժանապատվությունը։ Յուրաքանչյուր ոք ունի այն` անկախ իր հատկանիշներից, ձեռքբերումներից ու սոցիալական վիճակից։ Այն հատուկ է նաև նրան, ով իր մարմնական կամ հոգեկան վիճակի պատճառով չի կարող դրսևորել իմաստավորված վարքագիծ։ Նույնիսկ «ոչ արժանապատիվ» վարքի պատճառով այն չի կորչում։ Այն չի կարող խլվել ոչ մի մարդուց։ Ոտնահարվել կարող է սակայն նրանից բխող հարգման պահանջի իրավունքը»[25]։
Անձի արժանապատվությունն իրավական հարթությունում կարելի է քննարկել լայն և նեղ առումներով։
Լայն առումով այն հանդես է գալիս որպես անձի բոլոր իրավունքների նախահիմք, որպես անձի իրավունքների շրջանակը կանխորոշող աղբյուր։ Այլ կերպ ասած՝ արժանապատվությունը դիտարկվում է որպես արժեքաբական գործառույթ, իսկ անձի արժանապատվության պաշտպանությունն իրակացվում է միջնորդավորված կերպով՝ այլ հիմնական իրավունքների պաշտպանության միջոցով[26]։
Նեղ՝ իրավունքի իմաստով արժանապատվությունը որպես առանձին իրավունք դիտարկելն է։ Այս երկու մոտեցումներն էլ առկա են Հայաստանի իրավական համակարգում։
Մարդու արժանապատվությունը հիմնարար սկզբունք ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ։ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։ Մարդու արժանապատվությունը անխախտելի է[27]։ Մարդու արժանապատվության ճանաչումը՝ որպես համապարփակ և բացարձակ, պետության կողմից պաշտպանվող սահմանադրական արժեք, հանդիսանում է Հայաստանում անձի իրավական կարգավիճակի կարևորագույն բնութագիրը[28]։
Անձի արժանատապվությունը որպես առանձին իրավունք պաշտպանվում է Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով (հոդված 19)։ Օրենսգրքի հոդված 162-ը անձի արժանապատվությունը դասում է քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող անձնական ոչ գույքային իրավունքների և ոչ նյութական բարիքների շարքում, որոնք անօտարելի են ու անփոխանցելի։ Հոդված 1087.1-ը սահմանում է պաշտպանության եղանակը՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։ Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Վիրավորանքի և զրպարտության դեպքում անձի դատական կարգով պահանջվող պատասխանատվության ձևերը նույնպես սահմանված են նույն հոդվածում (հոդված 1807.1-ի 7 և 8-րդ կետեր)[29]։
2010-2012 թվականների զրպարտության և վիրավորանքի հիմքերով գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «ամենաշատը հայցվող իրավական պաշտպանության միջոցը հանդիսացել է զրպարտության կամ վիրավորանքի դիմաց դրամական փոխհատուցման պահանջը, որը հայցվել է 52 գործերից 45-ում (86.5%), այնուհետև հերքումը, որը հայցվել է 32 գործով (61.5%), դրան հաջորդում է դատական ծախսերի փոխհատուցման պահանջը, որը հայցվել է 25 գործով (48%), այնուհետև վիրավորանքի դիմաց ներողություն խնդրելու պահանջը՝ հայցվել է 11 գործով (21%), պատասխանի հնարավորություն տրամադրելը՝ հայցվել է 7 գործով (139%) և վճռի հրապարակման պահանջը, որը հայցվել է 4 գործով (9%)[30][31]։
ՀՀ քրեական օրենսգիրքը արժանապատվության պաշտպանությունը ներկայացնում է որպես սկզբունք՝ մարդասիրության սկզբունքի համատեքստում։ Հոդված 11-ի 2-րդ կետը սահմանում է՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Այլ հոդվածների համատեքստում նույնպես Հայաստանի քրեական օրենսգիրքը պաշտպանում է անձին՝ արժանապատվությանը ուղղված ոտնձգություններից և ու դրանց հետևանքներից, որոնք քրական օրենսգրքի կարգավորման դաշտում են (հոդված 110-ինքնասպանության հասցնելը, հոդված 226-ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, հոդված 359-զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հոդված 360-զինծառայողին վիրավորանք հասցնելը, հոդված-390-միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ, մասնավորապես՝ 390.1-դիտավորությամբ լուրջ տառապանք պատճառելը կամ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին սպառնացող այլ գործողություններ կատարելը)[32]։
Հայաստանի ոստիկանության մասին օրենքի հոդված 3-ը սահմանում է ոստիկանության գործունեության սկզբունքները, ըստ որի ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա (հոդված 5-ոստիկանության գործունեությունն ու մարդու անձեռնամխելիության երաշխիքները, հոդված 10-ոստիկանության պարտականությունները մարդու իրավունքներն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս)[33]։
Անձի արժանապատվությանն ուղղված ոտնձգությունների արգելքը ամրագրված է նաև հասարակության առանձին խմբերին և իրավահարաբերություններին վերաբերող իրավական ակտերում, որոնք պաշտպանում են անձին հասարակական որոշակի վերաբերմունքով կամ այլ իրավիճակներով պայմանավորված արժանապատվության ոտնահարման հնարավոր ռիսկերից։
Դրանցից են.
Հայաստանում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին գործող օրենքում չկա շեշտադրում արժանապատվության մասին, սակայն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք[40]։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի[41] 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ, 2019 թվականի իր տարեկան զեկույցում 2019 թվականի ընթացքում մարդու իրավունքների համակարգի մեծագույն մարտահրավերը համարում է վիրավորանքը, արժանապատվությունը վիրավորող և ատելության խոսքի աճը հատկապես սոցիալական մեդիայում։ Ցանկացած ատելության խոսք, սպառնալիք, բռնության կոչ, բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նվաստացող հրապարակային ցանկացած խոսք անթույլատրելի է։ Ատելությունը, սպառնալիքը կամ բռնության կոչը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով[42]։
ի մշակույթի քաջությունը, հաստատակամությունն ու իմաստությունը[43]։]]
Քրիստոնեական փիլիսոփայությունը մարդու արժանապատվությունը պայմանավորում է մարդու՝ Աստծո պատկերով ստեղծված լինելու հանգամանքով։
Հուդայականության մեջ նույնպես արժանապատվությունը (kevod ha-beriyot) ունի կենտրոնական նշանակություն։ Թալմուդը՝ հրեական քաղաքացիական ու կրոնական իրավունքի ու բարոյական նորմերի ժողովածուն, զգուշացնում է բարեգործությունը չտալ հրապարակայնորեն՝ ստացողի արժանապատվությունը վիրավորելուց խուսափելու նպատակով։ Միջնադարյան հրեա փիլիսոփա Մայմոնիդը Հալախայում զգուշացնում է դատավորներին հարգել իրենց առջև եկած մարդկանց ինքնասիրությունը[44]։
Իսլամի տեսակետից արժանապատվությունը արտահայտվում է Նոյի, Աբրահամի, Հովսեփի, Դավթի, Մովսեսի, Հիսուսի և ուրիշների կենսագրություններում (պատումը տարբերվում է աստվածաշնչյան պատումից, որը Ղուրանը համարում է աղավաղված), որոնք ներկայացվում են որպես արժանապատվության դերային մոդելներ, քանի որ նրանք չեն հրաժարվել իրենց ինքնասիրությունից՝ խոնարհվելով սոցիալական ճնշումների առջև[45]։
Բուդդայականության մեջ մահանայա բուդդիզմում մարդկային արժանապատվությունը համարվում է բուդդայություն, այն հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդկային արարծն ունակ է ընտրելու իր ինքնակատարելագործման ուղին[46]։
Պատվին ու արժանապատվությունը, լինելով մարդու կյանքում կենտրոնական նշանակություն ունեցող երևույթ, բնականաբար իր արտահայտություններն է գտել նաև արվեստում և մշակույթում։
Պատվին ու արժանապատվությանը առնչվող հասարակական երևույթներ են մենամարտելու սովորությունը (դուել)[47] և հարակիրին[48]։
Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքի շենքերից մեկի պատին 2016 թվականի մայիսին արվել է մի սթրիթ արտ՝ գլխահակ մարդու պատկերով։ Աշխատանքը կոչվում է «Մարդու արժանապատվությունը անձեռնամխելի է»[49]։
Թեման արտահայտվել է նաև հայ գրականության մեջ։ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»[50] և Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»[51] ստեղծագործություններում, օրինակ, այն ունի կենտրոնական նշանակություն։ Հարստահարված անհատի համար առաջնային պլան է մղվում ոչ այնքան իր ունեցվածքի վերադարձի հարցը, որքան արդարություն հաստատելու միջոցով սեփական պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու ձգտումը։ «Գնա՛, Պեպո, գե՛դինը լզե, խալխի վուտներուն պա՛չ արա, նրանց վուտի ցի՛խը լկե... Ո՞վ իս դուն. ի՞նչ իս դուն, ի՞նչ մարթահեսաբումն իս դուն, ի՞նչ անում ունիս դուն... 'Եփոր գ'ուզի՜ն, վուտի տակը կու գցին քիզ, վրետ կու ման գան, գեդնի հիդ կու հավսըրին... ի՞նչ հաջաթ, ջիանճվելի վրա ինչո՞վ իս ավել... Դուն խո՛ մարթ չիս, մարթկերանց համա կերակուր է ստիղծի քիզ աստուաձ....»[52],- աղաղակում է Պեպոյի խոցված արժանապատվությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.