From Wikipedia, the free encyclopedia
Ալերգիաներ կամ ալերգիկ հիվանդություններ, վիճակներ, որոնք հետևանքն են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին[1]։ Այս հիվանդություններն են ալերգիկ քթաբորբը (հարդախոտի տենդ), սննդային ալերգիան, ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ ասթման և անաֆիլաքսիան[2]։ Ախտանիշները կարող են լինել հետևյալները․ աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն[3]։ Սննդային անտանելիությունը և սննդային թունավորումը առանձին, տարբեր վիճակներ են[4][5]։
Ալերգիա | |
---|---|
Տեսակ | գիտական բնագավառ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ալերգեն |
Հետևանք | քթահոսություն և allergic response? |
Բժշկական մասնագիտություն | Իմունոլոգիա |
ՀՄԴ-9 | 995.3 |
ՀՄԴ-10 | T78.4 |
Allergies Վիքիպահեստում |
Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները[1]։ Մետաղներն ու այլ նյութերը ևս կարող են առաջացնել խնդիրներ[1]։ Սնունդը, միջատների խայթոցները և դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են[6]։ Նման վիճակների առաջացումը պայմանավորված է և ժառանգական, և շրջակա միջավայրի գործոններով[6]։ Այս ռեակցիաների հիմքում են իմունոգլոբուլին Е տեսակի հակամարմինների միացումը ալերգենի հետ, որը տեղի է ունենում պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսին։ Այս բջիջների վրա կան ընկալիչներ իմունոգլոբուլին Е համար։ Ալերգենի կողմից միաժամանակ երկու իմունոգլոբուլինի Е խթանումը բերում է նշված բջիջների կողմից այնպիսի բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, ինչպիսին է հիստամինը[7]։ Ախտորոշումը սովորաբար կայացվում է բժշկական պատմության հիման վրա[4]։ Հետագա մաշկային թեսթերը և լաբորատոր քննությունները կարող են օգտակար լինել որոշ դեպքերում[4]։ Այնուամենայնիվ, միայն դրական արդյունքների հիման վրա հնարավոր չէ ախտորոշել ալերգիա տրված նյութի հանդեպ[8]։
Ալերգենի վաղ ներկայացումը կարող է ունենալ պաշտպանիչ նշանակություն[9]։ Բուժումը ներառում է ալերգենի հետ կոնտակտի բացառում, հակահիսատամինային, կենսաբանական, հորմոնալ դեղեր[10]։ Ծանր վիճակներում խորհուրդ է տրվում ադրենալինի (էպինեֆրինի) ներարկում[11]։ Ալերգեն իմունթերապիան, որի դեպքում օրգանիզմին ներկայացվում է աստիճանաբար աճող քանակով ալերգենը, կիրառելի է միայն որոշակի ալերգիաների համար, օրինակ` ալերգիկ քթաբորբ և/կամ շաղկապենու բորբոքումով, միջատների խայթոցների ալերգիա[10]։ Ալերգեն իմունոթերապիայի կիրռումը սննդային ալերգիաների ժամանակ դեռ հետազոտվում է[10]։
Ալերգիաները հաճախ հանդիպող են[12]։ Զարգացած երկրներում բնակչության մինչև 20% տոկոսի մոտ ախտորոշվում է ալերգիկ քթաբորբ[13], 6%-ը գոնե մեկ սննդային ալերգիա[4][9], և մոտ 20% ունի ատոպիկ մաշկաբորբ կյանքի ինչ-որ հատվծում[14]։ Կախված երկրից, 1-18% բնակչության մոտ ախտորոշվում է ասթմա[15][16]։ Անաֆիլաքսիա առաջանում է 0.05-2% մոտ[17]։ Շատ ալերգիկ հիվանդություններ միտում ունեն հաճախ հանդիպելու[11][18]։ «Ալերգիա» բառն առաջին անգամ կիրառել է Կլեմենս ֆոն Պիրքեն՝ 1906 թվականին[6]։
Օրգան | Ախտանիշ |
---|---|
Քիթ | Քթահոսություն, փակվածություն, փռշտոց |
Հարքթային խոռոչներ | Ալերգիկ սինուսիտներ |
Աչքեր | Աչքերի լորձաթաղանթի (շաղկապենու) կարմրություն և քոր |
Շնչուղիներ | Շնչարգելություն, հազ, բրոնխոսպազմ, խզզոցներ և շնչառության խանգարում։ Ծանր ռեակցիաների ժամանակ հնարավոր է շնչուղիների այտուց |
Ականջներ | Ծանրության և փակվածության զգացողություն, երբեմն ցավ և լսողության վատացում, քոր։ |
Մաշկ | Քոր, ցան, այտուցներ, մաշկաբորբ և եղնջացան։ |
Մարսողական համակարգ | Որովայնի ցավ, փքվածություն, փսխում և լուծ։ |
Ալերգենների մեծ մասը շնչառական են` տարածվում են օդի միջոցով։ Օրինակ՝ ծաղկափորշին կամ տնային փոշին։ Այս դեպքում ախտանիշներն առաջանում են օդի հետ շփման հատվածներում, օրինակ՝ աչքերի կամ շնչուղիների լորձաթաղանթները։ Նույն ալերգիկ քթաբորբը, իրենից ներկայացնում է քթի և/կամ աչքերի լորձաթաղանթի (շաղկապենու) բորբոքում, որն ուղեկցվում է կարմրությամբ, քորով, փռոշտոցով ու առատ արտադրությամբ[19]։ Այս վիճակն առաջանում է շնչառական ալերգենների անմիջական ազդեցության հետևանքով։ Նույն պրոցեսը կարող է թափանցել նաև ստորին շնչուղիներ` բրոնխներ, առաջացնելով լորձի գերարտադրություն, շնչարգելություն, հազ և շնչառական խզզոցներ[20]։
Բացի վերը նշվածից, ալերգիկ ռեակցիաները կարող են առաջանալ սննդամթերքից, դեղերից, միջատների խայթոցներից, ինչպես նաև՝ մասնագիտական ալերգեններից։ Սննդային ալերգիաները դրսևորվում են փորացավով, փքվածությամբ, փսխումով, լուծով, մաշքի քորով և եղնջացանով։ Շատ հազվադեպ (հիմնականում երեխաների մոտ) սննդային ալերգիաները կարող են առաջացնել նաև շնչառական խանգարումներ` քթաբորբ կամ շնչական (ասթմատիկ) ռեակցիաներ[21]։ Միջատների խայթոցները, սնունդը, հակաբիոտիկներ և որոշակի դեղեր կարող են առաջացնել համակարգային ալերգիկ պատասխան` անաֆիլաքսիա։ Կարող են ախտահարվել մարսողական, սիրտ-անոթային և շնչառական համակարգերը[22][23][24]։ Ծանրությունից կախված կարող է առաջանալ մաշկային ռեակցիաներ, բրոնխոսպազմ, այտուցներ, զարկերակային ճնշման անկում, սրտի ռիթմի խանգարումներ, կոմա և մահ։ Այս տիպի ռեակցիա կարող է առաջանալ հանկարծակի կամ ուշացած սկզբով։ Կարող է թվալ, թե անաֆիլակտիկ վիճակն արդեն անցնում է, սակայն այն որոշ ժամանակ հետո կարող է նորից կրկնվել[24]։
Մաշկի հետ անմիջապես շփվող նյութերը, ինչպիսին է լատեքսը, ևս կարող են պատճառ դառնալ ալերգիկ ռեակցիաների, որոնք կոչվում են կոնտակտային մաշկաբորբեր կամ էկզեմա[25]։ Մաշկային ալերգիաները հաճախ դրսևորվում են ցանով, այտուցներով, որոնք առաջացնում են բնորոշ մաշկային տարր` եղնջայտուց[26]։
Միջատների խայթոցից կարող է առաջանալ մեծ տեղային ռեակցիա (10սմ մեծ մակերեսով մաշկի կարմրած հատված)[27]։ Դա կարող է տևել 1-2 օր[27]։ Նման ռեակցիա կարող է առաջանալ նաև իմունոթերապիայից հետո[28]։
Ըստ ծագման, ալերգիայի ռիսկի գործոնները պայմանականորեն բաժանվել երկու խմբի․ շրջակա միջավայրից և պացիենտից[29]։ Պացիենտի ռիսկի գործոններն են ժառանգականությունը, սեռը, ռասսան և տարիքը։ Սրանցից հատկանշականն է ժառանգականը։ Սակայն վերջին ժամանակներում նկատվում է հիվանդացության աճի տենդենց, ինչը չի կարելի բացատրել միայն ժառանգականությամբ։ Չորս հիմնական շրջակա միջավայրի գործոններն են․ վաղ մանկական տարիքում վարակիչ հիվանդությունների հանդեպ ընկալունակության փոփոխությունը, շրջակա միջավայրի ախտոտումը, ալերգենների քանակը և սննդակարգի փոփոխություննները[30][30]։
Սննդամթերքների լայն տարատեսակներ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, բայց սննդային ալերգիաների 90% պայմանավորված է կովի կաթով, սոյայով, հավկիթով, ցորենով, գետնանուշով, ընկույզներով և ծովամթերքով[31]։ Մնացած սննդային ալերգիաները, որոնք հանդիպում են բնակչության 1:10000 հարաբերակցությամբ կարելի է համարել հազվադեպ հանդիպող[32]։ Հիդրոլիզացված մանկական կաթնային խառնուրդների կիրառումը ալերգիայի առաջացման ռիսկի հավաստի տարբերություն չի առաջացրել համեմատած ստանդարդ կաթնային խառնուրդների համեմատ[33]։
ԱՄՆ-ում սննդային ալերգիայի ամենատարածված պատճառն են խեցգետնակերպերը[32]։ Չնայած, որ գետնանուշի ալերգիան տխրահռչակ է իր ծանրությամբ, բայց այն ամենատարածվածը չէ երեխաների կամ մեծահասակների շրջանում։ Ծանր և կյանքին սպառնացող ռեակցիաները կարող են հարուցվել տարբեր ալերգենների կողմից և հաճախ են հանդիպում ասթմայի հետ համակցված[31]։
Ալերգիաների հանդիպման հաճախականությունը տարբեր է երեխաների և մեծահասակների մոտ։ Գետնանուշի ալերգիան երեխաների մոտ երբեմն կարող է անցնել տարիքի հետ։ Ձվի ալերգիան ախտահարում է երեխաների 1-2%, որոնց երկու երրորդը մինչև հինգ տարեկանը լիարժեք հաղթահարում են հիվանդությունը[34]։ Գերզգայնությունը սովորաբար ավելի հաճախ առաջանում է սպիտակուցի մոլեկուլների հանդեպ, քան՝ դեղնուցի[35]։
Երեխաների մոտ կաթի սպիտակուցների ալերգիան ամենահաճախ հանդիպողն է[36]։ Տվյալ ռեակցիաների մոտավորապես 60% E իմունոգլոբուլինով են միջնորդված, իսկ մնացածը` հաստ աղու բորբոքումով[37]։ Շատեր զգայուն են ինչպես կովի կաթի, այնպես էլ այծի կամ ոչխարի կաթի հանդեպ։ Ինչպես նաև չեն կարողանում տանել կաթնամթերք, օրինակ՝ պանիր։ Կոպիտ, երեխաների մոտ 10%, ովքեր ունեն կաթի ալերգիա, կարող են ունենալ ռեակցիաներ տավարի մսի հանդեպ։ Տավարի միսը քիչ քանակությամբ պարունակում է կաթում պարունակվող սպիտակուցներ[38]։ Լակտոզի անտանելիությունը կաթի հանդեպ հաճախակի հանդիպող ռեակցիա է, որը ալերգիայի տեսակ չէ, այլ մարսողական ֆերմենտի բացակայության կամ սխալ աշխատանքի հետևանք։
Ընկույզների ալերգիան կարող է պայմանավորված լինել մեկ կամ մի քան ընկույզներով` պեկան, պիստակ, ընկույզ, անտառային ընկույզ, մայրու ընկույզ և այլն։ Ինչպես նաև որոշ սերմեր, օրինակ՝ քունջութի և կակաչի սերմերը, ևս կարող են պարունակել մոլեկուլ, որը կհրահրի ալերգիա[35]։
Ալերգենները կարող են փոխանցվել մեկ սննդամթերքից մյուսը գենետիկ ինժեներիայի միջոցով, ինչպես նաև նույն կերպ կարելի ազատվել ալերգեն մոլեկուլներից։ Քիչ հետազոտություններ են կատարվել ալերգենի քանակի բնական ճանապարհով կրճատման ուղղությամբ[39][40]։
Լատեքսը կարող է հրահրել իմունոգլոբուլին E միջնորդված մաշկային, շնչառական և համակարգային ռեակցիաներ։ Լատեքսի ալերգիայի տարածվածությունը ընդհանուր պոպուլյացիայում գնահատվում է 1% ցածր։ Հիվանդանոցային հետազոտության ժամանակ, 800 վիրաբուժից մեկը (0.125%) նշել է զգայնություն լատեքսի հանդեպ, չնայած բուժաշխատողների մոտ լատեքսի ալերգիան գնահատվում է 7-10%։ Հետազոտողները նման բարձր ցուցանիշը կապում են որոշ հիվանդանոցային տարածքների օդում լատեքսի փոշու բարձր պարունակությամբ, օրինակ՝ վիրասրահներ, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ատամնաբուժական սենյակներ։ Լատեքսով հարուստ միջավայրում աշխատող բուժաշխատողները կարող են զգայուն դառնալ լատեքսի հանդեպ[41]։
Լատեքսի ալերգիայի դրսևորման ամենահաճախակի դրսևորումներն են կոնտակտային ալերգիկ մաշկաբորբը, գերզգայունության ուշացած տիպի պատասխանը` մաշկի չորություն, ճաքճքածություն։ Ուշացած ռեակցիաներն առաջանում են հպումից 48-96 ժամ հետո։ Ձեռնոցի տակ, մաշկի քրտնող և տրորվող հատվածները բարդացնում են մաշկի վնասումը և կարող են առաջացնել խոցեր[41]։ Այն պացիենտներն, ովքեր ունեն զգայնություն լատեքսի հանդեպ, կարող են ունենալ ծանր անաֆիլակտիկ ռեակցիաներ բաց որովայնային վիրահատությունների ժամանակ վիրաբուժի ձեռնոցի հետ շփվելու հետևանքով, սակայն ատամնաբուժական կամ այլ միջամտությունների ժամանակ լորձաթաղանթների հետ շփումը ևս կարող է առաջացնել համակարգային բարդություն[41]։
Լատեքսն ու բանանն ունեն խաչաձև զգայնություն։ Նման ռեակցիա կարելի նկատել նաև կիվիի, ավոկադոյի և շագանակի հանդեպ ևս[42]։ Այս մարդիկ սովորաբար դժգոհում են բերանի շրջանում քորից և տեղային եղնջացանից։ Միայն շատ հազվադեպ այս սննդային խաչաձև ռեակցիաները կարող են համակարգային պատասխանի բերել։ Հետազոտողները կասկածում են, որ նման խաչաձև ռեակցիաների հիմքում ընկած են նշված մթերքների և լատեքսի որոշ ալերգենն մոլեկուլների հոմոլոգությունը[41]։
Մարդկության մոտ 10% ներկայացնում է պենիցիլինի ալերգիա, չնայած դրանց 90% ալերգիկ չեն։ Լուրջ ալերգիաներ առաջանում են մոտ 0.03% մոտ[43]։
Սովորաբար, միջատները, որոնք առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ լինում են խայթող (կրետ, մեղու, մրջյուն, իշամեղու) կամ կծող (մոծակ, տիզ)։ Խայթող միջատները թույնը ներարկում են զոհի մեջ, իսկ կծողները` թքի հետ արտազատում հակամակարդիչներ։
Մեկ այլ ոչ սննդային սպիտակուցային ռեակցիայով է պայմանավորված ուռուշիոլով հարուցված կոնտակտային մաշկաբորբը, որն առաջանում է թունավոր բաղեղի, ախտորի, սումախի հետ շփվելուց։ Ուռուշիոլն ինքն իրենով սպիտակուց չէ, այն կատարում է հապտենի դեր, այսինքն կապվելով բջջաթաղանթի մեջ ներկառուցված սպիտակուցների հետ, այդ բջիջներին դարձնելով խոցելի Т լիմֆոցիտների համար[44]։
Նշված բույսերից ամենաթունավորը սումախն է[45]։ Ուռոշիոլի և բջջաթաղանթի սպիտակուցների փոխազդեցության մաշկաբանական դրսևորումներն են կարմրությունը, այտուցը, բշտիկները, բշտերը, եղնջայտուցը և շերտազատումը[46]։
Ընդհանուր պոպույացիայում իմուն պատասխանի ուժգնությունը տատանվում է։ Մոտավորապես 25 տոկոսը կդրսևորի ուժեղ իմուն պատասխան ուռուշիոլի հանդեպ։ 0.005 մգ մաքուր ուռուշիոլն ունակ է առաջացնել ցանի ընդհանուր պոպուլյացիայի 80-90% մոտ, սակայն որոշ մարդիկ այնքան են զգայուն, որ նույնիսկ մոլեկուլային հետքերը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ[47]։
Ալերգիաներն ունեն խիստ արտահայտված ժառանգական բնույթ. միաձվանի երկորյակները մեծ հավանականությամբ նույն ալերգիան կունենան 70% դեպքերում։ Իսկ երկձվանի երկվորյակների մոտ նույն ալերգիան հանդիպում է 40% դեպքորում[48]։ Ալերգիկ ծնողներն ավելի հավանակն է, որ կունենան ալերգիկ երեխաներ[49] և այս երեխաների մոտ ալերգիաներն ավելի սուր կարող են լինել, քան ոչ ալերգիկ ծնողների երեխաների նույն ալերգիան։ Որոշ ալերգիաներ, այնուամենայնիվ, չունեն միանշանակ ընտանեկան դրսևորում. օրինակ՝ գետնանուշի հանդեպ ալերգիա ունեցող ծնողների երեխան կարող է ունենալ ալերգիա ամբրոզիայից։ Հավանաբար ալերգիայի հակումը ժառանգական բնույթ կրող իմուն համակարգի կարգավորման խանգարում է, բայց ոչ ոչ ալերգենի տեսակը[49]։
Ալերգիկ զգայնության և ալերգիայի առաջացման ռիսկը տարբերվում է տարիքից կախված, և պատանիներն ավելի ռիսկային խմբում են[50]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ իմունոգլոբուլին E քանակն ամենաբարձրն է մանկության ժամանակ և կտրուկ նվազում է 10-30 տարեկան հատվածում[50]։ Սեզոնային ալերգիկ քթաբորբի տարածվածության պիկը համընկնում է դեռահասության ու երիտասարդության հետ և ասթմայի միջադեպերն ամենահաճախն են մինչև 10 տարեկանների մոտ[51]։
Իվերջո, տղաներն ավելի հակված են ալերգիաների, քան աղջիկները[49], չնայած որոշ հիվանդություններ, օրինակ՝ ասթման աղջիկ երեխաների մոտ ավելի հաճախ է հանդիպում[52]։ Այս սեռային տարբերությունները վերանում են տարիքի հետ[49]։
Էթնիկ ծագումը կարող է որոշակի դեր խաղալ, սակայն շատ դժվար է տարանջատել ռասսայի գործոնն ու շրջակա միջավայրի ազդեցությունը, հատկապես մեծ միգրացիոն տեղաշարժերի ֆոնի վրա[49]։ Կարծիք կա, որ տարբեր ծագման ժողովուրդների մոտ տարբեր գենետիկ լոկուսներ են պատասխանատու ասթմայի համար[53]
Ալերգիկ հիվանդություններն առաջանում են Th2-միջնորդված իմունային ռեակցիաների պատճառով, որոնք ուղղված են անվնաս հակածինների հանդեպ։ Շատ մանրէներ վնասազերծվում են Th1-միջնորդված իմունային պատասխաններով, որոնք ճնշվում են Th2-միջնորդված պատասխաններով։ Հիգիենայի տեսության առաջին վարկածն այն է, որ Тh1 տիպի պատասխանների անբավարարությունը բերում է Th2 տիպի գերակտիվացմանը[54]։ Այլ կերպ ասած, խիստ հիգիենիկ պայմաններում ապրող անհատները բավարար չափով չեն շփվում ախտածին մանրէների հետ, որպեսզի հղկեն իմուն համակարգը։ Էվոլյուցիայի ընթացքում մեր մարմինները սովորել են պայքարել ախտածին մանրէների հստակ քանակության հետ և մնալով ոչ բավարար ծանրաբեռնված պայքարում են անվնաս այնպիսի մանրէների հետ, ինչպիսիք են ծաղկափոշիները և սննդային մոլեկուլները։
Հիգիենայի տեսության առաջացմանը նպաստել է այն դիտարկումները, որ սեզոնային ալերգիկ քթաբորբերն ու մաշկաբորբերն ավելի հազվադեպ են բազմազավակ ընտանիքներում, որտեղ ենթադրելի է, որ ավելի շատ են երեխաները շփվում ախտածին մանրէների հետ, քան միազավակ ընտանիքներում։ Հիգիենայի տեսությունը լայնորեն սկսեց հետազոտվել իմունաբանների և համաճարակաբանների կողմից, դառնալով ալերգիկ հիվանդությունների հետազոտման կարևոր հիմք։ Այն ընդունված է օգտագործել որպես բացատրություն ինդուստրիալիզացիայից հետո զարգացած երկրներում ալերգիաների թվի աճի համար։ Հիգիենային տեսությունը ներկայումս ընդլայնվում է ախտածին մանրէներին զուգահեռ ներառելով սիմբիոտ բակտերիաների ու մակաբույծների դերը իմուն համակարգի կարգավորման մեխանիզմներում։
Համաճարակաբանական տվյալները խոսում են ի օգուտ հիգիենայի տեսությանը։ Դրանցով բազմիցս ցույց է տրվել, որ տարբեր իմունաբանական և աուտոիմուն հիվանդություններ ավելի հազվադեպ են զարգացող երկրներում, քան ինդուստրիալիզացված աշխարհում։ Ինչպես նաև զարգացող երկրներից ինդուստրիալիզացված աշխարհ ներգաղթածների մոտ ժամանակի ընթացքում դիտվում է նշված խանգարումների աճ[55]։ Երկարաժամկետ հետազոտությունները ցույց են տալիս, որ զարգացող երկրներում իմունաբանական խանգարումները հաճախանում են նյութական ապահովվածության, ենթադրելի է նաև մաքուր ապրելակերպին զուգահեռ[56]։ Հակաբիոտիկների կիրառումը կյանքի առաջին տարում ասոցացվում է ասթմայի կամ այլ ալերգիկ խանգարման հետ[57]։ Հակաբակտերիալ մաքրող միջոցների լայն օգտագործումը, ինչպես նաև կեսարյան հատումը ևս նպաստում են ասթմայի զարգացման ռիսկերին[58][59]։
Քրոնիկ սթրեսը կարող է խորացնել ալերգիկ վիճակները։ Սա բացատրվում է Th2 տիպի պատասխանի գերակայումով, որը հետևանք է ինտերլեյկին 12-ի ընկճումանը վեգետատիվ նյարդային համակարգի և հիպոթալամուս-հիպոֆիզ-մակերիկամային առացքի կողմից։ Շատ ընկալունակ անհատների մոտ սթրեսի կառավարումը կարող է բերել ախտանիշների լավացման[60]։
Միջազգային տարբերությունները կապված էին պոպուլյցիայում ալերգիկ անհատների թվի հետ։ Ալերգիկ հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում ինդուստրիալիզացված երկրներում, քան այն երկրներում, որոնք ավելի ավանդական են կամ քիչ մեխանիզացված գյուղտնտություն են օգտագործում։ Եվ ավելի տարածված են քաղաքային բնակչության մոտ՝ համեմատ գյուղականի, չնայած այդ տարբերությունները գնալով ավելի քիչ են դառնում[61]։
Մանրէների հետ շփման փոփոխությունը ևս ճշմարտացիանման բացատրություն է ալերգիաների հաճախացման համար[30]։ Էնդոտոքսինների ազդեցության հետևանքով լեյկոցիտները ձերբազատում են այնպիսի բորբոքային ցիտոտոքսիններ ինչպիսին են TNF-α, IFNγ, ինտերլեյկին 10 և ինտերլեյկին 12[62]։ Թոլլանման ընկալիչները, որոնք զգայուն են հստակ մանրէային սպիտակուցների հանդեպ, համարվում են, որ ևս ընդգրկված են այս գործընթացների մեջ[63]։
Զարգացող երկրներում չզտված խմելու ջրում առկա են աղիքային որդերն ու համանման մակաբույծներն (ինչպես նաև առկա էին զարգացած երկրնորում, մինչև ջրի համատարած քլորացումն ու մաքրումը)[64]։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ տարածված մակաբույծեր, օրինակ աղիքային որդերը, արտազատում են իմուն համակարգը ճնշող միացություններ, որպեսզի խուսափեն իմուն գրոհներից[65]։ Սա հիգիենայի տեսության մեջ ծնում է նոր տեսակետ, ըստ որի համատեղ էվոլյուցիայի ընթացքում իմուն համակարգը ճիշտ է աշխատում միայն մակաբույծների առկայությամբ։ Առանց մակաբույծների իմուն համակարգը թեր կարգավորված և գերզգայուն է դառնում[66]։ Այնուամենայնիվ, առկա է կոնֆլիկտ այլ հետազոտությունների հետ, որոնք կատարվել են Չինաստանի և Եթովպիայի մակաբույծներով վարակվածների շրջանում, որտեղ ալերգիան նորից հաճախ է հանդիպել[61]։ Կլինիկական հետազոտություններ են ձեռնարկվել, որպեսզի ստուգեն որոշ որդերի կիրառությունը ալերգիաների բուժման գործում[67]։ Կարող է ստացվել այնպես, որ մակաբույծ բառը դառնա անպատեհ, և ավելի ճիշտ բնորոշում լինի սիմբիոտիկ օրգանիզմը[67]։
Ալերգիայի զարգացման վաղ փուլում, առաջին տիպի գերզգայնության ռեակցիան զարգանում է առաջին անգամ օրգանիզմ ներթափանցած ալերգենի հանդեպ, որը Тh2 լիմֆոցիտներին է ներկայացվում հատուկ մասնագիտացված հակածին ներկայացնող բջջի կողմից։ գործընթացն ուղեկցվում է ինտերլեյկին 4 (IL-4) արտազատումով։ Th2 բջիջները փոխազդում են հակամարմիններ արտադրող լիմֆոցիտների հետ, որոնք կոչվում են B բջիջներ։ IL-4-ի ազդակներից իրար հետ փոխազդող լիմֆոցիտների արդյունքն է դառնում B բջիջների կողմից մեծ քանակությամբ իմունոգլբուլին Е (IgE) սինթեզը։ Արտազատված IgE շրջանառվում է արյան հունում և կապվում IgE-յուրահատուկ ընկալիչների հետ (Fc ընկալիչների տեսակ, որը կոչվում է FcεRI), որոնք առկա են իմոն համակարգի մի շարք բջիջների մակերեսներին (բազոֆիլներ, պարարտ բջիջներ)։ IgE պատված բջիջները դառնում են զգայուն տվյալ ալերգենի հանդեպ (որի հանդեպ արտադրվել է IgE)[30]:
Հետագայում, եթե նույն ալերգենը նորից հանդիպի, այն կմիանա պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսներին կապված տվյալ ալերգենի հանդեպ յուրահատուկ IgE հետ։ Իմունային բջջի ակտիվացումը կլինի, եթե մեկից ավել IgE-ընկալիչ համալիր միանան ալերգենի հետ։ Ակտիվացած պարարտ բջիջն ու բազոֆիլը սկսում են ապահատիկավորվվել (դեգրանուլիացիա), որի ընթացքում շրջակա հյուսվածքներ է արտազատվում հիստամին, տրիպտազա և այլ բորբոքային միջնորդնյութեր (ցիտոկիններ, ինտերլեյկիններ, լեյկոտրիեններ և պրոստագլանդիններ)։ Արդյունքում առաջանում է անոթների լայնացում, լորձի արտադրության մեծացում, նյարդերի խթանում և հարթ մկանների կծկում, որի դրսևորվումները կարող են լինել քթահոսությունը, բրոնխների նեղացումը, մաշկի կարմրությունը, քորը և անաֆիլաքսիան։ Կախված անհատից, ալերգենի տեսակից և փոխազդման տեսակից ախտանիշները կարող են լինել համակարգային (անաֆիլաքսի) կամ տեղայնացված մարմնի ինչ-որ օրգան-համակարգում` ասթման շնչառականում, մաշկաբորբը` մաշկում[30]։
Սուր փուլի միջնորդանյութերի հանդարտվելուց հետո հաճախ կարող է առաջանալ ուշ փուլի պատասխանը։ Սա կախված է նեյտրոֆիլների, էոզինոֆիլների, լիմֆոցիտների և մակրոֆագերի միգրացիայով բորբոքված հյուսվածք։ Սովորաբար նման ռեակցիաների դիտվում են 2-24 ժամ հետո[68]։ Պարարտ բջիջների ցիտոկինները կարող են պայմանավորել արդյունքների կայուն, հարատև պահպանմանը։ Ուշ փուլի պատաասխանները փոքր ինչ տարբեր են ասթմայի ժամանակ, համեմատած՝ այլ ալերգիկ պատասխանների, չնայած դրանցում ևս ընդգրկված են էոզինոֆիլները և տիպով Th2 պատասխաններ են[69]։
Չնայած ընդունված է ասել ալերգիկ (ինչը նշանում է գերզգայնության I տիպով ընթացող) մաշկաբորբ, բայց իրականում այս հիվանդության հիմքում ընկած է IV տիպի գերզգայնության ռեակցիաները[70]։ Դրանք պայմանավորված են «ալերգենի» հետ կոնտակտի մեջ եղած բջիջների վրա CD8+ T լիմֆոցիտերի գրոհով։ Գործընթացին մասնակցում են նաև մակրոֆագերը արտադրելով հիդրոլիտիկ ֆերմենտներ։
Ալերգիկ հիվանդությունների արդյունավետ վարումը հիմնված է ճշգրիտ ախտորոշման հիման վրա[71]։ Ալերգիայի թեսթավորումը կարող է օգնել հաստատման կամ հերքման գործում[72][73]։ Հավաստի ալերգիոլոգիական ախտորոշման հիման վրա արված ճշգրիտ ախտորոշումը, խորհդատվությունն ու կանխարգելող խորհուրդները կարող են պակասեցնել ախտանշանների արտահայտվածությունն ու դեղերի կիրառման կարիքը, բարձրացնելով կյանքի որակը[72]։ Ալերգեն յուրահատուկ IgE հակամարմինների առկայությունը որոշելու երկու մեթոդ գոյություն ունի` մաշկային փրիք թեսթ և արյան շիճուկում որոշում։ Երկու մեթոդներն էլ խորհուրդ են տրվում կիրառել և ունեն գրեթե նույն ախտորոշիչ արժեքը[73][74]։
Մաշկային փրիք թեսթերն ու արյան թեսթերն ունեն նույն արժեքային արդյունավետությունը, և երկուսն էլ արժեքային արդյունավետ են իհամեմատ թեսթավորում չանելուն։ Նաև, վաղ և ճիշտ ախտորոշումը պակասեցնում է ծախսերը կրկնակի խորհրդատվության, երկրորդային խնամքի, սխալ ախտորշումների և շտապ դեպքերի բացառման միջոցով[75]։
Ալերգիան ժամանակի ընթացքում դինամիկ փոփոխվում է։ Ալերգենի հանդեպ զգայնության սովորական թեսթավորումը տալիս է տեղեկատվություն արդյոք և ինչպես պետք է փոփոխվի պացիենտի վարումը, կյանքի և առողջության որակի բարելավման համար։ Ամենամյա թեսթավորումը հաճախ կիրառվում է կաթի, հավկիթի, սոյայի և ցորենի ալերգիաների հետզարգցումը ստուգելու համար, իսկ ընկույզների, ծովամթերքների դեպքում 2-3 տարին մեկ[73]։ Նման թեսթավորումները կարող են ուղենիշ դառնալ տվյալ սննդի անվտանգ և ժամանակին սննդակամում ներառելու համար[76]։
Մաշկային փրիք թեսթավորումը հատուկ ասեղանման գործիքի միջոցով պացիենտի մաշկի վրա կատարվող հետազոտություն է, որի ընթացքում ասեղի առաջացրած չնչի ծակոցի միջոցով մաշկ է ներթափանցում նախօրոք կաթեցված ալերգենի լուծույթը։ Մաշկի վրա համարակալվում են ալերգենների կաթիլները, ավելացվում հսկիչ դրական և բացասական լուծույթները (համապատասխանաբար հիստամին և ֆիզլուծույթ)։ Պլաստմասսայե կամ մետաղական հատուկ գործիքով (ասեղանման) կատարվում է մաշկի ծակում, որպեսզի ապահովվի ալերգենի չնչին քանակության շփում իմուն բջիջների հետ։ Երբեմն կարող է ալերգենը ներարկիչի միջոցով ներարկվել՝ ներմաշկային կամ ենթամաշկային տարբերակով։ Հաճախակի օգտագործվող մակերեսներն են նախաբազուկի (Եվրոպա) և թիկունքի (ԱՄՆ) մաշկը։
Թեսթի արդյունքները դիտում են 20 րոպե հետո՝ մաշկին առաջացած տեսանելի բորբոքայի ռեակցիան գնահատելով։ Այս ռեակցիան կարող է ներառել թույլ կարմրությունից մինչև լիարժեք եղնջայտուցի առաջացում (մոծակի խայթոցի նման), որը խոսում է զգայնության սրության մասին։ Արդյունքների վերլուծությունը կատարվում է ալերգոլոգի կողմից, երբ +/- նշանակում է սահմանային ռեակտիվություն 4+ խիստ ռեակտիվ։ Աստիճանաբար, ալերգոլոգները չափում են ու գրանցում ռեակցիայի գոտու տրամագիծը։ Արհեստավարժ ալերգոլոգի գնահատակները հաճախ ուղորդվում են հուսալի գրականությամբ[77]։ Շատ պացիենտներ կարող են վստահաբար նշել իրենց ալերգիայի պատճառը հիմնվելով սեփական դիտարկումների վրա, սակայն մաշկային թեսթն ավելի հուսալի է[78]։
Եթե առկա է կյանքին սպառնացող անաֆիլակտիկ դեպքի նկարագիր, ապա շատ ալերգոլոգներ նախապատվությունը տալիս են արյունային թեսթերին։ Նման վիճակ կարող է առաջանալ նաև լայնատարած մաշկային հիվանդությունների և վերջին օրերին հակահիստամինային դեղերի ընդունման պարագայում։
Փաթչ (սպեղանիով) թեսթավորումը մեթոդ է, որի միջոցով կարելի է որոշել հստակ նյութի կողմից մաշկի տեղային բորբոքում առաջացնելու ունակությունը։ Դրանք ուշացած ռեակցիաներ են։ Մեթոդն օգտագործվում է մաշկային հպումային ալերգիաների և հպումային մաշկաբորբերի պատճառների ստուգման համար։ Կպչուն սպեղանիները, սովորաբար, ամրացվում են թիկունքի մաշկին և պարունակում են տարբեր ալերգիկ քիմիկատներ և ենթադրյալ ալերգեններ։ Այնուհետև մաշկը սովորաբար զննվում է երկու անգամ` սպեղանիների փակցնելուց 48 ժամ հետո և 2-3 օր հետո։
Ալերգիայի արյան թեսթը պարզ է և արագ, այն կարող է պատվիրվել ցանկացած բժշկի կողմից։ Ի տարբերություն մաշկային թեսթերի, արյան թեսթերը կարելի է կատարել անկախ տարիքից, սեռից, դեղերի ընդունումից, ախտանիշներից, հիվանդությունների ակտիվությունից և հղիությունից։ Թե մեծահասակները, թե երեխաները կարող են հետազոտվել արյան թեսթով։ Մանկահասակների համար մեկ ասեղի ծակոցը (արյան համար) ավելի ցանկալի է, քանի մի քանի մաշկային թեսթերը։
Ալերգիայի արյան թեսթերը հասանելի են շատ լաբորատորիաներում։ Արյան նմուշն ուղարկվում է լաբորատորիա, իսկ պատասխանը պատրաստ է լինում մեկ կամ մի քանի օրից։ Մեկ նմուշով կարելի է բազմաթիվ ալերգենների հանդեպ զգայնություն ստուգել։ Արյան միջոցով թեսթավորումը շատ անվտանգ է, քանի որ չի ենթադրում ալերգենի և պացիենտի շփում։
Թեսթը որոշում է IgE հակամարմինների կոնցենտրացիան արյան մեջ։ IgE քանական որոշումը մեծացնում է ախտանիշների ճշգրիտ գնահատման հնարավորությունը։ Որքան բարձր է IgE հակամարմինների կոնցենտրացիան, այնքան հավանական է տվյալ ալերգենի ներգրավվածությունը ախտանիշների առաջացման մեջ։ Ցածր կոնցենտրացիաները չեն համարվում հիմք ախտորոշման համար, սակայն կարող են օգնել ապագա ախտանիշների զարգացման կանխատեսման համար։ Այսպիսով, ալերգիայի արյան թեսթերը կարող են օգնել հստակեցնել ալերգենը, օգնել կանխատեսել և հետևել հիվանդության զարգացմանը, գնահատել ծանր ռեակցիաների զարգացումը և բացահայտել խաչաձև ալերգիկ ռեակցիաները[79][80][81]։
Ընդհանուր IgE ցածր մակարդակը բավարար չէ ադեկվատ գնահատելու շնչառական ալերգենների հանդեպ զգայնության համար[82]։ Բազմաթիվ վիճակագրական մեթոդներով ցույց է տրվել, որ բարձր ընդհանուր IgE մակարդակը խոսում է ալերգիկ զգայնության հավանականության մասին, բայց զգայնության հետագա մանրակրկիտ պատկերի համար ալերգեն-յուրահատուկ IgE մակարդակն ավելի հուսալի է։
IgE հակամարմինների հայտնաբերման լաբորատոր մեթոդները ներառում են իմունոֆերմենտային (enzyme-linked immunosorbent assay ELISA)[83], ռադիոալերգոսորբենտ (radioallergosorbent test RAST)[83], և իմունոֆլյուորեսցենտ ֆերմենտային թեսթերը (fluorescent enzyme immunoassay FEIA)[84]:
Հսկիչ թեսթեր. երբ ենթադրյալ ալերգենը քիչ քանակությամբ ներկայացվում է օրգանիզմին քթի, բերանի կամ այլ ուղիներով։ Ավելի հաճախ կատարվում է սննդի և դեղորայքի դեպքում։ Նման թեսթերը կատարվում ալերգոլոգի խիստ հսկողության ներքո։
Վերացման/հսկիչ թեսթեր. երբ պացիենտին սովորեցվում է առօրյա օգտագործումից ամբողջությամբ հանել կասկածվող ալերգենը և հետո անհրաժեշտության դեպքում համոզվելու համար նորից ներառել, հսկիչ ստուգման համար։
Անհուսալի թեսթեր. Կան մի շարք թեսթեր, որոնք համարվում են անհուսալի և երբեմն վնասակար, օրինակ՝ կիրառական կինեզոլոգիա, ցիտոտոքսիկության ստուգում, մեզի ինքնաներարկում, ենթամաշկային և ենթալեզվային սադրիչ և չեզոքացնող թեսթեր[85]։
Մինչ ախտորոշման կայացումը անհրաժեշտ է հաշվի առնել այլ հավանական պատճառներ, որոնք կբացատրեն տվյալ ախտանիշները[86]։ Օրինակ՝ վազոմոտոր քթաբորբը մեկն է այն բազմաթիվ հիվանդություններից, որոնք ունեն նույն ախտանիշներն ինչ ալերգիկ քթաբորբը[87]։
Խուսափողական սննդակարգը չի համարվում արդյունավետ միջոց ալերգիաների կանխարգելման համար[73][88][89]։ Պոտենցիալ ալերգենների վաղ ներկայացումը կարող է ունենալ պաշտպանիչ բնույթ[9]։ Հղիության շրջանում ձկան յուղի սննդային հավելանյութերի օգտագործումն ու կրծքով կերակրումն ասոցացվում են ցածրի ռիսկի հետ[90]։ Պրոբիոտիկային հավելումների օգտագործումը հղիության ընթացքում կամ մանկահասակ տարիքում կարող է կանխարգելել ատոպիկ մաշկաբորբը[91][92]։
Հղիության ընթացքում որոշ սննդամթերքների օգտագործումը կապվում է երեխաների ալերգիաների հետ։ Բուսական յուղերը, ընկույզները արագ պատրաստվող սնունդը կարող են բարձրացնել ռիսկը, մինչ մրգերը, բանջարեղենը և ձուկը կարող են իջեցնել[93]։ Մեկ այլ հետազոտությունների ամփոփ տեսություն փաստում է հղիության ընթացքում ձկան օգտագործումը չունի որևէ արդյունք[94]։
Ալերգիաների վարումը սովորաբար ներառում է հրահիչներից խուսափել և ախտանիշները բարելավող դեղեր[10]։ Ալերգեն իմունոթերապիան կարող է օգտակար լինել որոշ ալերգիաների դեպքում[10]։
Որոշ դեղամիջոցներ օգտագործվում են ալերգիկ միջնորդանյութերի գործողության պաշարման կամ իմուն բջիջների ակտիվացումն ու ապահատիկավորումը կանխելու համար։ Դրանք են հակահիստամինային դեղերը, գլյուկոկորտիկոիդները, ադրենալինը, պարարտ բջիջների կայունացուցիչները և հակալեյկոտրիենային միջոցները, որոնք էլ լայնորեն կիրառվում են ալերգիաների բուժման համար[95]։ Հակախոլիներգիկ, անոթասեղմիչ և այլ միջոցներ, որոնք դժվարեցնում են էոզինոֆիլների քեմոտաքսիսը ևս լայնորեն կիրառվում են։ Էպինեֆրինը օգտագործվում է սուր անաֆիլաքսիայի բուժման ժամանակ և երբ անհասանելի է բժշկական օգնությունը, ապա կիրառվում է էպինեֆրինի ինքնաներարկիչ[24]։
Ալերգեն իմունոթերապիան կիրառելի է շրջապատող ալերգենների, միջատների խայթոցների ալերգիայի և ասթմայի ժամանակ[10][96]։ Դրա կիրառությունը սննդային ալերգիաների ժամանակ դեռ հետաազոտվում են և արդեն կան խոստումնալից արդյունքներ[10]։ Իմունոթերապիայի արդյունքում աստիճանաբար ներկայացվող ալերգենի հանդեպ իմուն համակարգը ձևավորում է նորմալ պատասխան[10]։
Մետավերլուծություններով ապացուցված է որ ալերգեն իմունոթերապիայի արդյունավետությունը երեխաների մոտ ալերգիկ քթաբորբի[97][98] և ասթմայի[96] ժամանակ։ Բուժման ավարտից հետո արդյունավետությունը կարող է պահանվել տարիներով[99]։ Այս սովորաբար անվտանգ և արդյունավետ է ալերգիկ քթաբորբի և կոնյունկտիվիտների, ալերգիկ ասթմաների որոշ տեսակների, և միջատների խայթոցների ալերգիաների դեպքում։
Ֆերմենտ հարուցված ապազգայնացման (enzyme potentiated desensitization - EPD) փորձեր կատրավել են տասնամյակներով, սակայն արդյունքներն ընդունելի չեն[100]։ Փորձում էին ալերգենի և բետտագլյուկորոնիդազա ֆերմենտի լուծույթով ներազդել կարգավորող Т լիմֆոցիտների վրա, գերզգայուն պատասխանը ճնշելու նպատակով։ Բացի ալերգիան, նաև փորձել են կիրառել աուտոիմուն հիվանդությունների դեպքում, սակայն նորից անարդյունավետ[100]։
Հետազոտությունների ամփոփումը ցույց է տվել հոմեպաթիայի անարդյունավետությունը և տարբերության բացակայությունը պլացեբոյի հետ համեմատելուց[101]։
Վերջին 2-3 տասնամյակում ալերգիկ քթաբորբերն ու ասթման հաճախանում են զարգացած երկրներում[102]։ Ըստ գնահատականների, ինդուստրիալիզցված երկրներում ալերգիկ հիվանդությունների աճը սկսվել է 1960-1970-ական թվականներին, հետագայում կտրուկ ավելացել 1980-1990-ականներին[103], չնայած որոշները ենթադրում են, որ կայուն աճ սկսվել է 1920 թվականից[104]։ Նոր դեպքերի թիվը զարգացող երկրներում ընդհանուր առմամբ զգալի ցածր է[103]։
Ալերգիայի տեսակ | ԱՄՆ | Միացյալ Թագավորություն[105] |
---|---|---|
Ալերգիկ քթաբորբ | 35.9 միլիոն[106] (պոպուլյացիայի 11%[107]) | 3.3 միլիոն (պոպուլյացիայի 5.5%[108]) |
Ասթմա | 10 միլիոնն ունի ալերգիկ ասթմա (պոպուլյացիայի 3%)։ 1980-ից 1994թթ տարածվածությունն աճել է 75%-ով։ Այն 39%-ով բարձր է աֆրոամերիկացիների մոտ[109]։ | 5.7 միլիոն (մոտ 9.4%): 6-7 տարեկանների մոտ հաճախացել է 18.4%-ից մինչև 20.9% վերջին 5 տարում նույն ժամանակում 13-14 տարեկանների մոտ 31%-ից իջել է 24.7%: |
Ատոպիկ մաշկաբորբ | Պոպուլյացիայի 9%։ Երեխաների մոտ 1960-ից 1990 տարածվածությունն աճել է 3%-ից 10%[110]։ | 5.8 միլիոն (մոտ 1% սուր վիճակում)։ |
Անաֆիլաքսիա | Միջատների թույների ալերգիայից տարեկան գրանցվում է 40 մահ։ Մոտ 400 մահ պենիցիլինի ալերգիայից, 220 անաֆիլաքսիայի դեպք և 3 մահ լատեքսի ալերգիայից[111]։ Մոտավոր 150 մարդ տարեկան մահանում է սննդային ալերգիայից[112]։ | 5 ամսականից մինչև 85 տարեկանների մոտ, 1999-ից մինչև 2006թ դիտվել է 48 մահ։ |
Միջատների խայթոց | Չափահասների շուրջ 15% ունի թույլ, տեղային ալերգիկ պատասխան։ Համակարգային պատասխաններ հանդիպում է չափահասների 3% մոտ, երեխաների մոտ` 1%-ից քիչ[113]։ | Անհայտ |
Դեղերի ալերգիա | Տարեկան 400 մահվան դեպք։ | Անհայտ |
Սննդային ալերգիա | Մինչև 3 տարեկան երեխաների մոտ` 6% և 3.5–4% ԱՄՆ ամբողջ բնակչության մոտ։ Գետնանուշի և ընկույզների ալերգիան մոտ 3 միլիոն է կամ բնակչույթան 1.1%[112]: | Մանկահասակների մոտ 5–7%, չափահասների` 1–2%. 2001-ից 2005թ դիտվել է գետնանուշի ալերգիայի տարածվածության աճ 117.3%-ով, մոտավոր 25,700 մարդ Անգլիայում ունի գետնանուշի ալերգիա։ |
Համակցված ալերգիաներ | Անհայտ | 2.3 միլիոն (մոտ 3.7%), 2001-ից 2005 ընթացքում տարածվածությունն աճել է 48,9%-ով[114]։ |
Չնայած ժառանգական գործոններն ազզդում են ատոպիկ (ալերգիկ) հիվանդություների վրա, սակայն տարածվածության աճը տեղի է ունեցել շատ կարճ ժամանակում, ինչը չի կարելի բացատրել պոպուլյացիայում գենետիկ փոփոխություններով։ Հետևաբար պատճառը շրջակա միջավայրի կամ ապրելակերպի փոփոխությունն է[103]։ Մի քանի տեսություններ են առաջ քաշվել, նման աճը բացատրելու համար. շուրջտարյա ալերգենների երկարատև ազդեցություն տնային պայմանների փոփոխության և տանն անցկացրած ժամանակի աճի պատճառով, ինչպես նաև հիգիենայի և մաքրության աճը, որը վատացրել է իմուն պատասխանների կարգավորումը, սրանց ավելացրած սննդակարգի, սնման ռեժիմի և նստակյաց կյանքի ազդեցությունները[102]։ Հիգիենայի տեսությունը պնդում է, որ կենցաղային պայմանների բարելավումը պակասեցնում է վարակների ազդեցությունը երեխաների վրա[115]։ Ենթադրվում է, որ բակտերիալ և վիրուսային վարակների նվազումը կյանքի սկզբում բերում է ձևավորվող իմուն համակարգի հեռացմանը TH1 տիպի պատասխաններից, դեպի Th2, որոնք պայմանավորում են ալերգիաները[66][116]։
Այնուամենայնիվ միայն վարակների նվազումով հնարավոր չէ բացատրել դիտվող աճը և վերջին փաստերը վկայում են մարսողական համակարգի միկրոբիոմի դերի մասին։ Փաստերը վկայում են, որ սննդյաին և ֆեկալ-օրալ ախտածինների(հեպատիտ А, Toxoplasma gondii, և Helicobacter pylori ) հետ շփումը կարող է նվազեցնել ատոպիաների զարգացման ռիսկը 60%-ով[117] և մակաբույծների հանդիպման հաճախականությունը նվազեցնում է ասթմայի տարածվածությունը[118]։ Ենթադրվում է, որ այս վարակները թողնում են իրենց ազդեցությունը ազդելով TH1/TH2 հավասակշռության վրա[119]։ Հիգիենայի տեսության կարևոր և նորագույն համալրումներն են էնդոտոքսինների, տնային կենդանիների հետ շփումը և գյուղական ապրելակերպի դրական ազդեցությունը[119]։
Ալերգիկ հիվանդությունների ախտանիշներն և նշանները հիշատակվել են անտիկ ժամանակներից[120]։ Մասնավորապես, հռոմեկան Հուլիոս Կլավդիոսների դինաստիայի երեք անդմաների մոտ կարելի է կասկածել ալերգիայի ընտանեկան պատմություն[120][121]։ «Ալերգիա» տերմինն առաջարկել է վիեննացի մանկաբուժ Կլեմենս ֆոն Պիրկեն 1906 թվականին, երբ նա երկրորդ ներարկումից հետո նկատեց ավելի արագ և սուր պատասխան այն պացիենտների մոտ, ովքեր ստացել էին ձիու շիճուկի կամ բնական ծաղիկի պատվաստու[122]։ Այդ պատախասը Պիրկեն կոչեց «ալերգիա», հին հունական ἄλλος «ալլոս» -այլ և ἔργον «էրգոն» -աշխատանք բառերը համադրելով[123]։
Գերզգայնության բոլոր տեսակներն ընդունված էր դասակարգել ալերգիաներ և բոլորը համարվում էին իմուն համակարգի սխալ ակտիվացման արդյունք։ Ավելի ուշ, պարզվեց որ հիվանդության տարբեր ներգրավված մեխանիզմներ ունեն ընդհանուր կապ իմուն համակարգի սխալ ակտիվացման։ 1963թվականին գերզգայնության պատասխանների նոր դասակարգում առաջարկվեց Ֆիլիպ Ջելլի և Ռոբին Կումբսի կողմից, որով նկարագվրվում էր պատասխանների 4 տիպ[124]։ Այս նոր դասակարգումով «ալերգիա» տերմինը, որը հաճախ կոչվում է նաև «իրական ալերգիա» սահմանափակվեց I տիպի պատասխանով (նաև անհապաղ տիպի), որն ընթանում է IgE միջնորդված արագ զարգացող ռեակցիաներով[125]։
Ալերգիաների մեխանիզմի բացահայտման մեջ խոշոր առաջընթաց եղավ նոր դասի հակամարմինների բացահայտումը, որն անվանվեց իմունոգլոբուլին Е: 1966-67 թվականներին միաժամանակ, երկու անկախ խմբերի կողմից բացահայտվեց IgE` Կիմիշիգե Իշիձակայի խումբը Ասթմայի հետազոտման մանկական ինստիտուտի և հիվանդանոցի թիմով Դենվերի, Կոլորադո[126] և Գուննար Յոհանսոնի ու Հանս Բենիքը Ուփսուլայում (Շվեդիա)[127] Նրանց միացյալ հոդվածը հրապարակվել է 1969 թվականի ապրիլին[128]։
Ռադիոմետրիկ գնահատումը ներառում է ռադիոալերգոսորբենտ թեսթը (RAST test), որն օգտագործում է ռադիոակտիվ իզոտոպներով նշված IgE-կապող հակամարմիններ (հակա-IgE) արյան մեջ IgE հակամարմինների քանակի գնահատման համար[129]։ Այլ նորարարկան թեսթեր օգտագործում են գունաչափական կամ ֆյուորիսցենտ նշման մեթոդներ։
RAST մեթոդը հայտնագործվել է 1974 թվականին Pharmacia Diagnostics AB (Ուփսուլա, Շվեդիա) ընկերության կողմից և RAST հապավումը ըստ էության հանդիսանում է ապրանքանիշ. 1989 թվականին Pharmacia Diagnostics AB փոխարինեց այն գերակա թեսթով, որը կոչվում է ImmunoCAP Specific IgE արյան թեսթ, որն օգտագործում էր ավելի նորարարական ֆլյուորեսցենտ նշման տեխնոլոգիան։
Ալերգիայի, Ասթմայի և Իմունոլոգիայի Ամերիկյան Քոլեջի (American College of Allergy Asthma and Immunology - ACAAI) 7 Ալերգիայի, Ասթմայի և Իմունոլոգիայի Ամերիկյան Ակադեմիայի (American Academy of Allergy Asthma and Immunology - AAAAI) 2008 թվականի «Pearls and pitfalls of allergy diagnostic testing» զեկույցում հայտարարել է RAST թեսթն և տերմինը այլևս հնացել են:
RAST տերմինը դարձել է խոսակցական ալերգիայի բոլոր ինվիտրո թեսթերի համար։ Ցավոք, նույնիսկ անորակ թեսթերը կոչում են RAST, ինչը դժվարացնում է տարբերակելը դրանք։ Այդ իսկ պառճառով խորհուրդ է տրվում չօգտագործել RAST տերմինը, որպես թեսթի ընդհանուր բնութագրիչ[130]։ |
Նոր տարբերակը, որը կոչվում է ImmunoCAP Specific IgE արյան թեսթ, յուրահատուկ IgE չափման միակ միջոցն է, որը ամերիկյան Սննդի և դեղերի տեսչության (Food and Drug Administration) կողմից ճանաչվել է 0.1kU/l սահմանաչափով քանակական որոշման մեթոդ։
Ալերգոլոգը, բժիշկ-մասնագետ է, ով վերապատրաստված է ալերգիաները, ասթման և այլ ալերգիկ հիվանդությունները վարելու և բուժելու համար[131]։ ԱՄՆ ում ալերգոլոգ/իմունոլոգ դառնալու համար պահանջվում է 9 տարի վերապատրաստում։ Բժշկական համալսարանական կրթության ավարտից հետո, ունենալով բժշկական աստիճան, բժիշկը պետք է անցնի երեք ամյա վերապատրաստում ներքին հիվանդությունների կամ մանկաբուժության գծով։ Ավարտելով այս վերապատրաստումները, բժիշկը, պետք է հանձնեն ամերիկյան որոշակի ասոցիացիաների քննությունները։ Այն թերապևտները կամ մանկաբուժերն, ովքեր ցանկանում են ստանալ ալերգոլոգ/իմունոլոգ ենթամասնագիտացումը պետք է ավարտեն երկամյա վերապատրաստումը (ֆելոուշիփ)[132]։
Հայաստանի Հանրապետությունում, բժիշկ-մասնագետ, կլինիկական ալերգոլոգ իմունոլոգ մասնագիտացումը պահանջում է երկամյա հետդիպլոմային կրթություն ԵՊԲՀ Կլինիկական ալերգոլոգիա և իմունոլոգիա ամբիոնում։
Մշակվում են նվազ ալերգեն սննդամթերքներ, մաշկային փրիք թեսթի միջոցով կանխատեսում, ատոպիայի գնահատման փաթչ թեսթ, արագ ազդման էպինեֆրինի հաբեր և հակաինտերլեյկին-5 միջոցների էոզինոֆիլային հիվանդությունների համար[133]։
Աերոկենսաբանությունն ուսումնասիրում է կենասբանական մասնիկների պասիվ տարածումն օդում և նպատակներից մեկը կանխարգելել ծաղկափոշիների ալերգիայի առաջացումը[134][135]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.