Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հակածիններ կամ անտիգեններ ((Ag), անգլ.՝ antigen, antibody-generating՝ հակամարմին ստեղծող), բարձրմոլեկուլային միացություններ (սպիտակուցներ, պոլիսախարիդներ), որոնք, հանդիսանալով որպես կառուցվածքորեն օտարածին, ունակ են կոնկրետ օրգանիզմում առաջացնել իմուն պատասխան, միանալով T- կամ B- լիմֆոցիտների, կամ էլ վերջիններիս կողմից սինթեզած հակամարմինների ընկալիչների հետ[1]։ Այդպիսի օտարածին նյութերի կրողներ են բակտերիաները, վիրուսները, սնկերը, տրանսպլանտատները, ուռուցքային բջիջները, առանձին դեպքերում՝ նաև սեփական օրգանիզմի բջիջները և այլն։
Պոլ Էրլիխը օգտագործել է հակածին (գերմ.՝ Antikörper) տերմինը իր կողմնային շղթայի տեսության մեջ 19-րդ դարում[2]։ Ընդհանրացնելով՝ հակածինները հակամարմինների յուրահատուկ ռեցեպտորներին միացող մոլեկուլներ են, որոնք օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան[3]։
Ներթափանցելով օրգանիզմ՝ հակածինները խթանում են յուրահաատուկ հակամարմինների սինթեզը և այնուհետև միանում հենց այդ հակամարմինների հետ։
Հակածիններին բնորոշ են հետևյալ հիմնական հատկությունները. յուրահատկություն (սպեցիֆիկություն) և իմունոգենություն։ Հակածնի ունակությունը օրգանիզմում առաջացնել իմունային պատասխան անվանում են իմունոգենություն, իսկ նրա միացումը սպեցիֆիկ հակամարմնի կամ T-լիմֆոցիտի յուրահատուկ ընկալիչների հետ պայմանավորում է հակածնի սպեցիֆիկությունը։
Հակածինները ընդունված է բաժանել 2 խմբի, լիարժեք և ոչ լիարժեք։ Լիարժեք հակածիններն ընդունակ են ինքնուրույն գոյացնել հակամարմիններ, իսկ ոչ լիարժեք հակածինները՝ հապտենները, ակտիվ փոխազդեցության մեջ են մտնում առաջացած հակամարմինների հետ, սակայն չեն գոյացնում նման հակամարմիններ։ Հապտենները միացություններ են, որոնք հակածիններին բնորոշ առանձնահատկություն են ձեռք բերում որոշակի սպիտակուցների հետ միանալուց հետո։ Որոշ դեղանյութեր (անտիպիրին, քինին, յոդ և այլն) օրգանիզմում կարող են միանալ սպիտակուցի հետ և ձեռք բերել հակածինային հատկություն։
Ախտաբանության մեջ էական նշանակություն ունեն ախտաբանական հակածինները, որոնց առկայությունն ապացուցված է քաղցկեղի, այրվածքների, ճառագայթային հիվանդության և այլ ժամանակ։ Հակածինները լայնորեն կիրառվում են վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար։ Այդ նպատակով կիրառվող հակածինները կոչվում են ախտորոշիչ գործոններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.