Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մակաբուծականություն, պարազիտիզմ, օրգանիզմների փոխհարաբերություն, երբ մի օրգանիզմ (մակաբույծը) օգտագործում է մյուսին (տիրոջը) որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր։
Մակաբուծականությունը օրգանիզմների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում)։ Տարբերում են արտաքին մակաբուծականություն (էկտոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծականություն (էնդոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ օրգաններում և հյուսվածքներում։ Մակաբուծականությունը լինում է ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր մակաբուծականությունը արտահայտվում է տարբեր ձևերով.
Մշտական մակաբուծականության դեպքում մակաբույծը չի կարող ապրել առանց իր տիրոջ (օրինակ, մալարիայի պլազմոդիում, էխինոկոկ և այլն)։ Մակաբույծները հաճախ այս կամ այն չափով վնասում են տիրոջը։ Ախտածին մակաբույծի ներկայությունը հիվանդություն կարող է և չառաջացնել, սակայն տերը մակաբույծի տարածման աղբյուր է դառնում (մակաբուծակրություն)։ Շատ մակաբույծներ հակածիններ են և տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որն իր հերթին հանգեցնում է իմունիտետի ռեակցիաների։ Մակաբուծականության ուսումնասիրությամբ և մակաբույծների դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով զբաղվում են պարազիտոչոգիան, մանրէաբանությունը, վիրուսոչոգիան և ֆիտոպաթոչոգիան։
Մակաբույծ տեսակները հանդիպում են կենդանիների համարյա բոլոր խմբերում (բացի փշամորթներից և ուսոտանիներից)։ Քորդավորներից կիսամակաբույծ կյանք են վարում քարալեզները, միքսինները և որոշ արյունածուծ չղջիկներ։ Կան դասեր և կարգեր, որոնք կազմված են միայն մակաբույծներից։ Մակաբույծների տեր կարող են լինել և’ կենդանիները, և′բույսերը։ Հաճախ օրգանիզմը վարակվում է մակաբույծների մի քանի տեսակներով, որոնք փոխհարաբերությունների մեջ են մտնում ոչ միայն տիրոջ, այլև միմյանց հետ։ Մեկ տիրոջ մակաբույծների ամբողջությունը կոչվում է պարազիտոցենոզ։ Հանդիպում են մեկ կամ մի քանի տեսակների մակաբույծներ։ Հաճախ կենսական լրիվ շրջանն անցնելու համար մակաբույծին անհրաժեշտ են 2 կամ նույնիսկ 3, երբեմն՝ կարգաբանորեն իրարից հեռու տերեր։ Օրինակ, մալարիայի հարուցիչի տերեր են մոծակը և մարդը, էխինոկոկինը՝ մարդը և շունը և այլն։ Տերը, որի օրգանիզմում մակաբույծը սեռահասուն է դառնում և բազմանում սեռական ճանապարհով, կոչվում է վերջնական, իսկ որի օրգանիզմում անցնում են թրթուրային փուլերը՝ միջանկյալ։ Մակաբույծների դեմ պայքարում կարևոր է նաև միջանկյալ տերերի և փոխանցողների ոչնչացումը։
Հայտնի են մակաբույծ բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, ծաղկավոր բույսեր և այլն։ Չկան մակաբույծ մամուռներ, պտերանմաններ և մերկասերմեր։ Մակաբույծ բույսերի համար տեր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև կենդանիները և մարդը։ Բակտերիաների առաջացրած հիվանդություններից են անգինան, տուբերկուլոզը, ժանտախտը, խոլերան և այլն։ Սնկերը վնասում են մաշկը, մազերը, թոքերը և այլն։ Մակաբույծի թափանցումը բույսի հյուսվածքների մեջ կախված է նրա ֆիզիոլոգիական ակտիվությունից և բույսի դիմադրողականությունից։ Մակաբույծ բույսերը լինում են քլորոֆիլակիր և քլորոֆիլազուրկ։ Առաջինները կանաչ մակաբույծներ են և իրենք են սինթեզում օրգանական նյութեր, իսկ տիրոջից վերցնում են գլխավորապես ջուր և հանքային աղեր։ Սրանք կոչվում են կիսամակաբույծներ (օմելա, ճրագախոտ և այլն)։ Երկրորդները լրիվ մակաբույծներ են և տիրոջից վերցնում են և՝ օրգանական, և՝ անօրգանական նյութեր։ Հանդիպում են քիչ թե շատ պայմանական՝ ֆակուլտատիվ, և անպայման՝ օբլիգատ։
Պայմանական մակաբույծներն ավելի հաճախ վնասում են թուլացած բույսերը կամ բույսերի անգործունյա մասերը (օրինակ՝ պահվող մրգեր, բանջարեղեն և այլն) և արագորեն մահացնում վարակված մասերը։ Անպայման մակաբույծները վնասում են գլխավորապես առողջ բույսերը։ Սկզբում դրանք թույլ են ներգործում, այնուհետև բույսի լուսասինթեզը դադարում է, շնչառությունն ուժեղանում, բջիջները սկսում են մահանալ, իսկ մակաբույծը սպոր է առաջացնում և շուտով մահանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակաբուծություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 168)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.