From Wikipedia, the free encyclopedia
Վաղ միջնադարի գրականություն, հայոց գրերի գյուտից (405) հետո գրագիտության տարածմանը զուգընթաց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների ու հետևորդների ջանքերով կատարվել են թարգմանություններ, ստեղծվել ինքնուրույն գործեր։ Սկզբնավորվել է ազգային մատենագրությունը, որը ծառայել է ազգի ինքնության պահպանմանը և քրիստոնեության ամրապնդմանը։
V դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար։
Գրականության աննախընթաց թռիչքը պայմանավորված էր մի քանի գործոններով։ Հայաստանը նախորդ դարերում մշտական շփումների մեջ էր Հին Արևելքի և հատկապես անտիկ ու հելլենիստական մշակույթների հետ։ Հայաստանում առկա էր մշակութային որոշակի մթնոլորտ, այստեղ ապաստան էին գտել և նույնիսկ պետական հովանավորության արժանացել իրենց հայրենիքից հալածված գիտության ու մշակույթի հույն գործիչներ։ Պատմագիր Պլուտարքոսի վկայությամբ՝ Տիգրան Մեծի (մ.թ.ա. 1-ին դար) պալատում են եղել հույն հայտնի հռետորպատմիչներ Ամփիիկրատես Աթենացին և Մեթրոդորոս Սկեպսիացին, Արտաշատում է ապրել «Բաբելո նականք»ի հեղինակ Յամբլիքոսը (2-րդ դար)։ Արտաշատի թատրոնում հանդես են եկել նաև հույն դերասաններ։ Մ.թ.ա. 53 թվականին այնտեղ ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։
Հելլենիստական մշակույթի ավանդույթներն իրենց կենսունակությունը պահպանել են նաև քրիստոնեության շրջանում. 5-6-րդ դարերում նույնպես հայ Փիլիսոփաներից, ճարտասաններից, պատմիչներից ու քերականներից շատերը կրթվել և կրթությունը կատարելագործել են հելլենիստական մշակույթի համբավավոր կենտրոններում (Աթենք, Ալեքսանդրիա, Անտիոք և այլն)։ Հելլենիստական մշակույթը ոչ միայն նպաստել է հայոց հին մատենագրության սկզբնավորմանը, այլև խթանել է նրա հետագա վերելքը, դրան մեծապես նպաստել է նաև թարգմանչական գրականությունը։
Մի քանի տասնամյակների ընթացքում հունարենից և ասորերենից թարգմանվել են Աստվածաշունչը, եկեղեցական արարողական գրքեր, քրիստոնեական նշանավոր հեղինակների (Եփրեմ Ասորի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստվածաբան, Գրիգոր Նյուսացի, Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Ալեքսանդրացի, Աթանաս Ալեքսանդրացի, Կյուրեղ Երուսաղեմցի և ուրիշներ) գործեր։ «Թարգմանչաց դարում» (5-րդ դարը անվանել են նաև այդպես) թարգմանել են ոչ միայն կրոնաեկեղեցական, այլև աշխարհիկ՝ փիլիսոփայական, քերականական, գեղագիտական, պատմական գրքեր։ Հունական դպրոցի ներկայացուցիչները (5-րդ դար և 6-րդ դարի սկիզբ) շարունակել են անտիկ աշխարհի և վաղ քրիստոնեական շրջանի մեծ մտածողների՝ Արիստոտելի, Պլատոնի, Պորփյուրի, Դիոնիսիոս Թրակացու, Ափթոնիոսի, Սոկրատ Սքոլաստիկոսի գործերի թարգմանությունները։ Թարգմանվել են նաև գեղարվեստական գրականություն հուշարձաններ, ինչպես՝ Կեղծ Կալլիսթենեսի «Աղէքսանդրի պատմութիւնը», Խիկար Իմաստունի «Պատմութիւնք եւ խրատք»ը, վարքեր և վկայաբանություններ։ Որոշ հայերեն թարգմանությունների, մասնավորապես փիլիսոփայական և քերականական աշխատություններին կցվել են սեփական մեկնություններ։ Հայերեն որոշ հնագույն թարգմանություններ բնագրի արժեք և համաշխարհային նշանակություն ունեն, որովհետև նրանց բնագրերը չեն պահպանվել կամ պահպանվել են մասամբ, դրանցից են Հերմես Եռամեծի «Սահմանք», Ձենոնի «Յաղագս բնութեան», Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն», Փիլոն Եբրայեցու «Յաղագս նախախնամութեան», «Վասն լինելութեան», «Լուծմունք Ելիցն», «Առանց պատրաստութեան ի Սամփ սովն», «Յաղագս բան ունել եւ անասուն կենդանեացդ», Արիստիդեսի «Ջատա գովութիւն», Տիմոթեոս Կուզի «Հակա ճառութիւն», Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթու թեանց» երկերը, Իրինեոսի և Հովհան Ոսկեբերանի ճառերն ու աստվածաբանական գրվածքները, Արիստոտելի «Յաղագս մեկնութեան» և «Ստորոգութիւնք» երկերի մեկնությունները՝ վերագրված նորպլատոնականության ներկայացուցիչ Յամբլիքոսին։
Հնագույն հայերեն թարգմանություններն աչքի են ընկնում բնագրին բացառիկ հարազատությամբ ու ճշգրտությամբ։ Դրանք ընդլայնել են զարգացման ավելի բարձր աստիճանի հասած ժողովուրդների հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունները, նպաստել թարգմանչական արվեստի, գիտական մտքի ու գեղագիտական ճաշակի զարգացմանը, նոր տերմինների ստեղծմանը, ազգային գրական լեզվի հարստացմանը։
Հին գրականության սկզբնավորման մեջ կարևոր դեր են կատարել նաև հայկական ավանդույթները։ Որոշ փաստեր հնարավորություն են տալիս խոսելու հեթանոսական շրջանի գրականություն մասին՝ անկախ այն բանից, թե ինչ գրերով կամ լեզվով է գրվել։ Ըստ հնագույն տվյալների՝ Մեթրոդորոսը գրել է Տիգրանի մասին պատմություն (այն մեզ չի հասել)։ Պլուտարքոսը վկայում է, որ Հայոց Արտավազդ թագավորը (մ.թ.ա. 55-34) հունարեն գրել է ողբերգություններ, ճառեր ու պատմական գործեր։ Մովսես Խորենացին հաղորդում է հեթանոսական տաճարներում պահվող «Մեհենական պատմությունների» մասին (հեղինակներից հիշատակվում է Ողյումպ քրմի անունը), որն ասորի Բարդածան Եդեսացին (2-3-րդ դարեր) թարգմանել է ասորերեն և հունարեն։ Դրանից էլ օգտվել է Խորենացին «Պատմութիւն Հայոց»ը գրելիս։ Ոաումնասիրողները հեթանոսական շրջանի գրականություն են համարել նաև Մար Աբաս Կատինայի մատյանը, որը Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից է։
Ազգային գրական ավանդույթների ձևավորման մեջ նշանակալի են 3-4-րդ դարերի հունական և ասորական գրականությունները, որոնք գրվել են հատկապես հայ ընթերցողի կամ ունկնդրի համար (օր.՝ Գրիգոր Լուսավորչի «հաճախագույն», «դժվարապա տում» ճառերը, որոնց մասին նշում է Ագաթանգեղոսը)։
Բազում դարերի ընթացքում՝ մինչև գրի ու գրականության առաջացումը, ժողովրդական բանասացների կողմից ստեղծվել են առասպելներ ու ավանդություններ, հեքիաթներ ու առակներ, հերոսական վիպերգություններ և քնարական երգեր։ Այդ ամենը հաղորդվել են սերնդից սերունդ։ Այդ ժանրերի ստեղծագործությունները միասին վերցրած կոչվում են ժողովրդական բանահյուսություն։ Գրի առաջացումից հետո էլ՝ մինչև մեր ժամանակները, շարունակում են ստեղծվել բանահյուսական նորանոր երկեր։ Գրի առաջացման հետ ժողովրդական բանահյուսական երկերը սկսել են գրի առնվել։ Մեր պատմիչներից Ագաթեագեղոսն ու Փավստոսը լայնորեն օգտվել են ժողովրդական ավանդույթներից, իսկ Խորենացին բառացիորեն գրի է առել ՝ ընդգծելով որ դրանք եղել են որևէ պատմական իրադարձության արձագանք։ Հայոց հին գրականություն սկզբնավորման և ձևավորման մեջ կարևոր դեր է ունեցել հայերեն ժողովրդական բանահյուսությունը, որը եղել է առաջին դասական հեղինակների հիմնական աղբյուրներից։ Գրականության լեզուն հին հայերենն է՝ գրաբարը, որի ճոխության ու մշակվածության մասին են վկայում ազգային առաջին մատենագիրների երկերն ու առաջին թարգմանությունները, որոնցից Աստվածաշնչինը համարվել է «թարգմանությունների թագուհի» [1]:
Բազմաժանր է 5-րդ դարի հայ մատենագրությունը՝ աստվածաբանություն, վարք, վկայաբանություն, հոգևոր երգ, ճառ, քարոզ, ջատագովություն, հայրաբանություն, մեկնություն, պատմագրություն և այլն։
Վարքերի և վկայաբանությունների սկզբնավորման շրջանում թարգմանվել են ասորական և հունական բնագրերի մի մասը, տեղայնացվել է։ Հետագայում հայ հեղինակներն այս ժանրերով ստեղծել են ինքնուրույն երկեր, որոնք էլ դարձել են օտար տիրապետության և նրա կրոնական հալածանքների դեմ ուղղված զորեղ ապացույցներ։ Այս ժանրերի (հատկապես՝ վկայաբանությունների) ստեղծագործությունների զգալի մասը դրամատիկ, բախումներով հարուստ, հավատին ու հայրենիքին նվիրված նահատակների վառ կերպարներով, պատկերավոր լեզվով ու գունեղ նկարագրություններով պատումներ են։ Վաղ շրջանի լավագույն գործերից է Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի հերոս, կյանքի ու նահատակության պատմությանը նվիրված վկայաբանու թյունը (5-րդ դար) գոյություն ունի այդ երկի նաև վրացերեն խմբագրությունը։
5-րդ դարի պատմագրական երկերի մեջ են մտել և դրանց անխզելի մաս են կազմում Գրիգոր Լուսավորչի ու Ներսեսի վարքերը, Հռիփսիմյան կույսերի վկայաբանությունը և այլն։ Արաբսկսն տիրապետության շրջանին է վերաբերում Վահան Գողթնացու վկայաբանությունը (8-րդ դար )։
Վարք Մաշտոցի երկը հայերեն տառերով գրված առաջին գործն է և առաջին հայ վարքագրության օրինակը, որը նա որոշում է գրել Մաշտոցի մահից հետո նրա աշակերտներից Հովսեփ Վայեցձորեցի կաթողիկոսի «հրամանով» և մյուսների «քաջալերությամբ»։ Հավանաբար գրել է 443-450 թվականների միջև։ Գիրքը մեզ է հասել երկու տարբեր խմբագրությամբ, ընդարձակ և համառոտ։
Գիրքը կազմված է չորս մասից. Մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան։ «Վարքը» վերջանում է ժամանակագրական մի հատվածով, որն առաջին ժամանակագրությունն է հայ մատենագիտության մեջ. այն հաղորդում է տվյալներ Մաշտոցի կենսագրության, գրերի գյուտի տարեթվի վերաբերյալ։
Գիրքը Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին է. շարադրվում է հայոց գրերի հայտնագործման պատմությունը և գրերը ստեղծողի վարքկենսագրությունը։ Առաջաբանը, որ հաջորդում է ներածական մասին, բավական ընդարձակ է։ Այնտեղ կան մեջբերումներ, օրինակներ, որոնցով հիմնավորում է, թե որքանով է թույլատերելի գրել «կատարյալ մարդկանց վարքի մասին»։ Քանի որ ժամանակին վարքեր գրվում էին միայն սրբերի մասին։ Քրիստոնեական գրականությունից հայտնի են Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազնազանցու և այլոց վարքերը։ Այդ պատճառով նա փորձում է Մաշտոցի մասին գրելու իրավունք ձեռք բերել և Սբ. Գրքից փաստեր է մեջբերում, որպեսզի հիմնավորի աստվածաշնորհ իր հերոսի առաքինի վարքը անմահացնելու իրավունքը։ Նա առաջինն է խիզախում դուրս գալ ասորական հոգևորականության և ժամանակի կաշկանդումների դեմ և վարքագրության սեռում հաստատում է գովաբանության ընդհանուր ավանդը։ Կորյունի համոզմամբ Մաշտոցը լիապես արժանի է քրիստոնեական գրականության մեջ երանելի մարդկանց շարքը դասվելու։ Նա ստեղծել է Մաշտոցի կերպարը, ով ներկայանում է իբրև ուժեղ կամքի ու անսպառ եռանդի տեր մարդ, ով չգիտի ընկրկել դժվարությունների առաջ, համբերատար է, ուժեղ, լի մարդու և ազգի նկատմամբ սիրով։ Մաշտոցը դառնում է պատմականությամբ ու անհատականությամբ օժտված առաջին գրական կերպարը հայ գրականության մեջ, որը ներկայանում է իբրև գաղափարական հերոս, կատարելության օրինակ ապագա սերունդներին։ Հեղինակը դրսևորել է նաև ուսուցողական և բարոյախոսական մոտեցում։
Իբրև ականատես հեղինակ Կորյունը նկարագրում է իրական հանգամանքներն, աշակերտների, բարեկամների ու հովանավորների միջավայրում դժվարին կյանքով ու ճիգերով ապրող իրական մարդուն ու նրա գործը։ Համեմատաբար ընդարձակ է խոսում Սահակ Պարթևի մասին, նրան անվանում հայ մշակույթի ռահվիրա։ Կորյունի գիրքը նաև սկզբնաղբյուր է հույն, ասորի, վրացի ու աղվան թագավորրական ու եկեղեցական գործիչների մասին։ Այն աղբյուր է հանդիսացել նաև հայ շարականագիրների՝ Հովհան Մանդակունու, Կոմիտաս կաթողիկոսի, Անանիա Շիրակացու, Հովհան Օձնեցու և այլոց համար։
«Վարք Մաշտոցին» ներբողական ստեղծագործություն է, քանի որ նպատակ է ունեցել ներկայացնել ու փառաբանել գրերի գյուտն ու նրա ստեղծողին։ Այն միակ հավաստի աղբյուրն է հայ գրերի գյուտի և դպրության սկզբնավորման մասին[1]։
Շարահյուսությունը ըմբռնելի է, լեզուն բավական ճոխ է ու պատկերավոր։ Թեև կա ոճի որոշ երկարաբանություն ու խրթինություն, սակայն հեղինակն ունի աշխույժ պատմելաձև, երբեմն նույնիսկ հուզական նկարագրություններ։
Քաղաքական ու կրոնական կենտրոնի՝ Այրարատի բարբառը, 5-րդ դարում դառնում է գրական լեզու, որը և օգտագործվում է Մաշտոցի, Ս. Պարթևի, պատմիչների կողմից։ Աստվածաշնչի հայերենը իր դասական հասունությամբ կրթում է սերունդներ, մշակում ու հղկում գրավոր դպրությունը՝ լիներ այն կրոնական, պատմական թե բանաստեղծական։ Հայերեն եկեղեցական լեզուն թարգմանությունների միջոցով մշակվելով ու հղկվելով դարձել էր գրական լեզու՝ գրաբար։ Մաշտոցը, Ս. Պարթևը ու նաև Խորենացին սկզբնավորեցին հայ հոգևոր երգն ու երաժշտությունը, որի ավանդները կիրառվեցին հետագա դարերում։ Հայ հոգևոր երգի աղբյուր են ծառայել հիմնականում Հին ու Նոր Կտակարանները, ինչպես նաև հայոց ազգային մատենագրությունը, պատմությունը, հոգևոր և աշխարհիկ նշանավոր անձանց կյանքը, ավանդությունները, հերոսապատում դեպքերը և այլն։ Աստվածշնչի թարգմանությունից հետո կազմվում է Պատարագամատույցը, որը պատարագի եկեղեցական ծեսերի ամփոփումն է և պարունակում է աղոթքներ, հոգևոր երգեր, քարոզներ և աստվածաշնչյան հատվածներ։ Պատարագամատույցի առաջին խմբագրողը համարվում է Բարսեղ Կեսարացին։ Այն առաջին անգամ հրատարակել է Հակոբ Մեղապարտը 1513 թվականին Վենետիկում։ Հոգևոր երգերի հավաքածուն կոչվում է Շարակնոց, որը ժամագրքի հետ միասին ենթադրվում է, որ կազմվել է 5-րդ դարում՝ Հովհան Մանդակունու մասնակցությամբ։
Շարականը, որն այդ անվանումը ստացել է 12-րդ դարում, հայ հոգևոր երգի ամենատարածված տեսակն է։ Այն համաձայն Ս.Երրորդության խորհրդի (Հայր, Որդի և Ս. Հոգի), բաղկացած է երեք տներից, որոնք երգվում են միևնույն եղանակով։ Եթե շարականները անմիջական առնչություն ունեն եկեղեցական տոների ու ծիսակատարությունների հետ, ապա հոգևոր երգի մի ուրիշ տեսակը, որը կոչվում է տաղ, նվիիրվում է տարբեր հոգևորկրոնական իրադարձությունների՝ անմիջականորեն չկապվելով եկեղեցու արարողությունների հետ։
Հոգևոր երգեր ստեղծելու համար Մաշտոցը դիմում է հեթանոսական հին պաշտամունքի ձևերին (արևի, լույսի պատկերներին), գուսանական բանարվեստին, թարգմանական չափածոյին և ավելի շատ՝ Աստվածաշնչին, որից քաղած հրեական բանաստեղծության բազմաթիվ նմուշներ հայացնում է։ Մաշտոցը ստեղծեց հայ գրավոր չափածոյի առաջին օրինակները, որոնք աչքի էին ընկնում քնարականությամբ, հղկվածությամբ, կանոնավորությամբ։ Այսօր Մաշտոցին է վերագրվում 100-ից ավելի շարականներ, որոնց մեջ կարևոր են ապաշխարության երգերը, որոնք Հարցեր, Ողորմիաներ և Տեր յերկնիցներ կոչվող շարականների մի մասն են [1]:
Մաշտոցի շարականներում բաղկացած են երեք տնից։ Դրանք Դանիելի մարգարեությունից առնված Բաբելոնի երեք մանուկների պատմությունն են արտահայտում և ամբողջությամբ օրհներգություն են։ Բոցերի մեջ կենդանի մնացած երեք մանուկները մերժում են Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կուռքին։ Այն բաղկացած է վեցական տներից կազմված 42 երգից։ Ամեն մի երգը իր հերթին բաժանվում է 2 մասի։ Առաջին երեք տները կոչվում են հարց, որում հեղինակը արտահայտում է գաղափարը, իսկ հաջորդ երեքը՝ գործք, ուր փառաբանվում է Տերը։ Հայոց առաջին շարականները արձակ բանաստեղծություններ են, որոշ չափական տարրերով։
Տեր Յերկնիցները, որոնք երեքչորս տներից են բաղկացած, ընդհանրապես փառաբանական բնույթ են կրում և ունեն միևնույն «Օրհնեցէք Տէր», «Բարձր արարէք զնա յաւիտեան» դարձերը, այսինքն, կրկնվող տողարտահայտությունները՝ եզրը։
Մաշտոցի ողորմիաներում արտահայտվել է աշխարհական կրքրից հեռանալու և թողություն հայցելու ձգտումներ, անհատական զգացումներ, աղաչանքի ու զղջումի խնդրանքներով հոգեկան ապրումներ։ Իհարկե, Մաշտոցը օգտվել է Սաղմոսից ապաշխարության ու զղջումի ոգին արտահայտելու համար, վերցրել է կրկնակը, բայց նրա շարականները ինքնուրույն են ու ինքնատիպ։
Անկանիմ առաջի քո
Եւ խնդրեմ զթողութիւ Յանցանաց իմոց. Մի՛ անտես առներ, Հա՛յր, զաղաչանս իմ։ Մի՛ անտես առներ, Հա՛յր, զաղաչանս իմ։ |
Ողորմեաները Մաշտոցի շարականների պսակն են կազմում, քանի որ գրված են զգացմունքային ուժեղ շեշտադրումներով և պոետականությամբ։ Նա իբրև մոլորված մի ոչխար, վերջին դատաստանից սարսափած, մարդասեր Աստծուց խնդրում է բացել իր ողորմության դռները, ներել իր բազում մեղքերը, որոնք «ծանր են քան զաւազ ծովու»։ Մաշտոցյան ինքնաձակման ու ինքնանվաստացման մոտիվները հետագայում շարունակվեցին մյուս շարականագիրների կողմից, իսկ Նարեկացու վրա ունեցան հզոր ազդեցություն։
Նրա ստեղծած Ողորմեաները իրենց ողբերգական ապրումների սուր զգացողությամբ տարածվեցին և վերաճեցին անհատական քնարերգության, մարդու հոգեկան աշխարհի ալեկոծություններն արտահայտող ստեղծագործությունների։ Դրան նպաստեց շարականների հետզհետե ազգայնացումը, դարձերի ու կրկնակների փոփոխությունները՝ ավելի մեծ տեղ տալով անհատական ազատ զգացողությանը։
Մաշտոցի շարականները ավարտուն երգեր են իրենց արտահայտած բովանդակությամբ և գեղարվեստական վարպետությամբ։ Հայ գրավոր չափածոյի առաջին ինքնուրույն օրինակներն են։ Մաշտոցյան շարականները բաղկացած են երեք տներից, տները՝ հավասարաչափ տողերից (2 կամ 3, 4 կամ 5), որոնք ունեն բառահանգեր և կրկնակներ։ Երբեմն կրկնակը տան վերջին տողում է, երբեմն էլ առաջին, երբեմն էլ և՛ առաջին, և՛ վերջին։
Ենթադրվում է, որ կրկնումների արվեստը հայերը ժառանգել են հին մեհենական և գուսանական երգերից, որոնք կիրառվում էին նաև չափածո աղոթքների մեջ։ Մաշտոցն ինքն իր երգերը անվանել է «օրհներգութիւններ», և դրանք ժամանակին երգվել են, քանի որ ունեն երաժշտական կշռույթ, թեթև չափ, ներքին օրոր, շեշտային տաղաչափություն և նույնիսկ հանգավորում։ Նրա որոշ բանաստեղծություններ կազմված են 10 կամ 12 վանկերից և ունեն 2 կամ 3 ոտք։
Գեղագիտական առումով Մաշտոցի շարականները պարզ են ու դյուրամատույց։ Չկան զգացումնքային խոր ընդվզումներ, տրամաբանական թռիչքներ կամ մեծ երևակայություն։ Լեզուն անպաճույճ է, առանց պատկերավոր նկարագրությունների, արտահայտած տրամադրությունները մեղմ են ու խաղաղ և մատչելի ամենքի համար. այդ պատճառով դրանք տեղ են գտել բազմաթիվ ձեռագրերում՝ ժամագրքերում, շարակնոցներում ու մաշտոցներում։
Պարթևի շարկանները Ավետարանի բովանդակությունից քաղված երգեր են, որոնք Նոր Կտակարանը ուսուցանելու նպատակ ունեին։ Դրանք թվով երկու տասնյակից ավելի են, հորինված են Ավագ հինգշաբթի գիշերվա ծեսի համար, երբ կատարվում է Հիսուսի մահվան արարողությունը՝ ոտնլվայից մինչև թաղումը («Այսօրկանգնեցավ», «Արծաթասիրրությամբ», «Ի գիշերին յորում», «Ով սքանչելի»)։
Ուրբաթ և շաբաթ օրերին, Ծաղկազարդի տոնի առթիվ գրված նրա շարականներում պատկերվում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ («Զ գալուստ քո Քրիստոս այսօր», «Թագավոր գոլով», «Հորժամ եկն Հիսուս», «Ի հարության օր», «Ուրախ լեր մայր լուսոյ » և այլն, երբ ցնծում է Երուսաղեմն ու ողջ բնությունը՝ Սիոնի և Ձիթենեաց լեռները։ Ավագ շաբաթվա կանոնի մաս են կազմում Ղազարի հարությանը վերաբերող շարականները («Օրհնություն», «Տեր Երկնից», «Ողորմեա», «Ճաշու» և «Տուն տնօրինության»), որոնք Ծաղկազարդի 2-րդ և Ավագ հինգշաբթի 3-րդ օրվա տոների շարականների հետ մեկտեղ ներկայացնում են Քրիստոսի մանկությունն ու տանջալից մահը՝ պարզ վիպական պատկերումով, իսկ երբեմն ներքին ապրումներով (հատկապես խաչելության պատկերներում)։ Պարթևը օգտագործել է այլաբանություն և հակադրություն՝ տպավորիչ ազդեցություն թողնելու համար։
Գերմանացի հայագետ պրոֆեսոր Յ.Մարկուարտը համեմատել է Մաշտոցի և Պարթևի գործունեությունը գերմանացի լուսավորիչներ Պեպինի և Վինֆրիդի հետ և ասել.
Խորենացին եղել է նաև փայլուն շարականագիր։ Գրել է տերունական տոների վերաբերյալ բազմաթիվ հոգևոր երգեր (թվով 44), որոնցից նշանակալից են հատկապես Աւետեաց, Ծննդեան Կանոնի շարականները և հատկապես Մեծացուսցէները («Ուրախացիր Սրբուհի», «Այսօր Բանն ի Հօրէ», «Անեղանելի բնութիւն», «Լոյս ի լուսոյ», «Ուրախ լեր Մարիամ, սուրբ Աստվածածին» և այլն)։ Խորենացու ամենահայտնի և սիրված շարականներից է «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» երգը, որը երգվել է նաև եկեղեցուց դուրս։ Հեղինակը փառաբանում է Քրիստոսի ծնունդը և ավետում է ամբողջ աշխարհին՝ ցնծալու մարդկանց Աստծո գալուստը։
Խորհուրդ մեծ եւ սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս,
Տան աւետիս աշխարհի։
Ծննդյան տոնի շարականներում Խորեացին Քրիստոսին դիտում է լույսի, հույսի ու փրկության աղբյուր։ Ստեղծում է նաև Աստվածածնի կերպարը, ով աստվածային շողերով օժտված մի կին է, որն «անապական տաճար» է և «սիւն լուսոյ»։
Լոյս լուսոյ մայր եւ կենարար բանին բնակարան.
Քեզ երանիցեն ազգ եւ ազինք ամենայն։
Ստեղծողին մար եւ հնութեան կերպի նորոգողին.
Լոյս ծագեցաւ ի քէն նստելոցս ի խաւարի…
Ստեղծողին մար եւ հնութեան կերպի նորոգողին.
Լոյս ծագեցաւ ի քէն նստելոցս ի խաւարի…
Մեծացուսցէ շարականներում Խորեացին փառաբանում է լույսի ու բնության պաշտամունքը։ Դրանքը հիշեցնում են լուսներգության հեթանոսական երգերը.
Սիւն լուսոյ եւ ամպհովանի, սուրբ կոյս,
Որ ցօղեցեր ի մեզ զցօղն երկնային,
Զքեզ բարեբանեմք, աստվածածին կոյս։
Անկէզ մորենի եւ սրովբէ հողեղէն, սուրբ կոյս,
Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ,
Զքեզ բարեբանեմք, աստվածածին կոյս։
Խորենացին գրել է նաև Տեառնընդառաջի և Վերափոխման տոների վերաբերյալ շարականներ, որոն նյութը Նոր Կտակարանն է՝ պարզ ու մատչելի նյութերով, երբեմն կրկնություններրով։
Հովհաննես Մանդակունին Մաշտոցի սաներից է և իր հայրապետական գործունեության տարիներին եկեղեցական ժամերգության հարցերով զբաղվելիս, գրել է նաև հոգևոր երգեր (17 շարական)՝ Վարդավառի, Թարգմանչաց և Հռիփսիմեաց տոնի առթիվ («Որ ի լերինն այլակերպեալ», «Զանճառելի խորհուրդ», «Զանճառելի լոյս», «Ի թաբօր լերինն», «Քրիտոս Աստուած մեր», «Ցնծացէք այսօր», «Սքանչելագործ Աստուած» և այլն)։ Հայ շարականագիր Հովհաննես Մանդակունու համար աղբյուր են հանդիսացել Կորյունի, Եղիշեի և Ղևոնդի գրքերը։ Շարականները լայնորեն տարածվել ու զարգացել է նաև Հովհան Մանդակունու շնորհիվ։
Թարգմանիչներին նվիրված հինգ շարականներում Մանդակունին գովում է նրանց նվիրվածությունն ու գաղափարականությունը, որոնք արհամարհելով երկրային կյանքը՝ ապավինեցին հոգևոր փառքին և ժողովրդի հոգեկան պետքերի համար թարգմանեցին հսկայական գրականույթուն, Աստվածաշունչը և անմահացրին իերնեց անունները։ Մանդակունու գրվածքների մեջ հատուկ տեղ են գրավում Մաշտոցին նվիրված շարականները («Անճառելի շնորհօք լցեալ», «Նմանեալ Մովսէսի»), որտեղ նրա կյանքը մարտիրոսություն է դիտվում հայ մշակույթի համար։ Գրիգոր Լուսավորչից հետո Մանդակունին թարգմանչաց սերունդն է համարում ամենակարևոր երևույթը ազգային կյանքում, որոնք լուսավորեցին հայությունը
Մեզ հասած Հովհաննես Գ Օձնեցու հեղինակած շարականները նվիրված են Դավիթ, Հակոբոս, Ստեփանոս, Պետրոս և Պողոս մարգարեներին ու առաքյալներին. (Դավիթ մարգարեի և Հակոբ առաքյալի կանոնը (ունի 5 շարական. Օրհնություն՝ «Յաղթող գտաւ», Հարց՝ «Մեղաք յամենայնի», Ողորմեա՝ «Անսկիզբն Աստուած», Տեր երկնից՝ «Երդուաւ Տէր», Մանկունք՝ «Օրհնեցէք զՏէր»), Ստեփանոս Նախավկայի կանոնը (7 շարական, որոնցից 2-ը՝ Օրհնություն, մնացածը՝ Հարց, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու), Պետրոս և Պողոս առաքյալների կանոնը (6 շարական. Օրհնություն՝ «Ցնծայ այսօր եկեղեցի», Հարց՝ «Որ խոստացար տալ», Ողորմեա՝ «Ամոլք հաւատոյ», Տեր երկնից՝ «Երանելի սուրբ առաքեալքն», ստեղի Մանկունք՝ «Որ արփիահրաշ», ստեղի Համբարձի՝ «Որ անպարագիրն է»), Որոտման որդիների կանոնը (5 շարական. Օրհնություն՝ «Որ էն էութեան», Հարց՝ «Որ զամենայնըն յոչընչէ արարեր», Ողորմեա՝ «Որդիքն Որոտման», Տեր երկնից՝ «Հոգի իմ կանխէ առ քեզ, Աստուած», ստեղի Մանկունք՝ «Որ յանստուեր ի լուսոյն»)։ Այս բոլոր շարականներին հատուկ է աստվածաբանական և դավանաբանական խորություն, դրանք գրված են գեղեցիկ լեզվով։ Օձնեցին Դավթին «Աստվածահայր» է անվանում, իսկ Հակոբոս առաքյալին՝ «Տեառնեղբայր։ Ստեփանոսի նահատակաությունը՝ երկնքի արքայությաննն արժանանալու երաշխիք է Օձնեցու համար, որին նա կոչում է բազմատեսակ մակդիրներով, սքանչացած նրա ուժեց և վեհացած բնութագրումով։ Քարկոծվելիս անգամ Ստեփանոսը Աստծուց ներում ու թողություն է խնդրում իրեն քարկոծողների համար։ Դրանվ էլ նա արժանանում է Քրիստոսի առաջին վկան դառնալու պատվին։ Օձնեցու ինչպես այս, այնպես էլ Պողոս, Պետրոս, Հակոբ և Հովհան առաքյալների մասին գրած շարականներում կան նուրբ ու քնարական տողեր, որոնք սակայն բանաստեղծական պատկերավորություն չեն ստեղծում։
Այդ շրջանի լավագույն երգերից է Կոմիտաս կաթողիկոսի՝ քնարական շնչով գրած «Անձինք նուիրեալք»ը (կագմված է 36 տնից՝ ըստ հայկական այբուբենի), որի նյութը Հռիփսիմյան կույսերի նահատակության պատմությունն է՝ ըստ Ագաթանգեղոսի։
Հայ հոգևոր Երգն արժեքավոր քերթվածներով հարստացրել են Ստեփանոս Սյունեցին, Սահակ Ձորոփորցին, Հովհաննես Օձնեցին, կին ստեղծագործողներ Խոսրովիդուխտ Գողթնացին (Վահան Գողթնացու քույրը), Սահակադուխտը (շարականների համար հորինել է նաև մեղեդի)։ Հետագա դարերում հոգևոր երգը հարստացրել են Գրիգոր Մագիստրոսը, Պետրոս Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Հովհաննես Երզնկացին և հատկապես Ներսես Շնորհալին, որի անվան հետ է կապված այդ ժանրի զարգացման վերջին ու ամենաբարձր փուլը։
6-8-րդ դարերում դարերում վերելք է ապրել դավանաբանական, գրականությունը, որը պայքարել է քաղկեդոնականության և բյուզանդական գերիշխանության դեմ։
5-րդ դարում հայ մատենագրության մեծ նշանակությամբ, հետագա դարերի գրականություն վրա թողած ազդեցությամբ առանձնացել է պատմագրությունը կամ պատմական արձակի ժանրը, որը, գոյատևելով հարյուրամյակներ, դարձել է հայ ժողովրդի գեղարվեստական տարեգրությունը։ Ժանրի գլխավոր յուրահատկությունները հստակորեն ձևավորվել են սկզբնավորման ու զարգացման փուլերում (5-րդ դարի 2-րդ կես) և տարբեր դրսևորումներով պահպանվել հետագա դարերում։ 5-րդ դարի պատմագրությունն արժեքավոր պատմական սկզբնաղբյուր է։
Այդ շրջանի հայ հեղինակները կրոնավորներ էին։ Եվ բնականաբար կրոնական դրոշմը հայ պատմագրության վրա բացահայտ է։ Այստեղ լայն տեղ են գրավում ավետարանական նյութերը՝ ուղղակի կամ անուղղակի մեջբերումներով, աստվածաբանական գրություններ, եկեղեցական ընթերցումներ և այլն։ Նրանց ստեղծածը հայոց անցյալի հանրագիտարաններ են, որոնք և՛ քրիստոնեական գրականություն են, և՛ պատմություն, և՛ գրականություն, և՛ մշակութային իրադարձություններ, և՛ բանահյուսական պատառիկներ։
Այն գրված է հռետորական բարձր արվեստովվ և օժտված է գեղարվեստական գրականությանը բնորոշ մի շարք առանձնահատկություններով (պատմական անձերի անհատականացում, տիպականացում, քնարական շնչով հագեցած գեղեցիկ պատկերներ, գործողությունների արտահայտիչ նկարագրություններ, կենդանի երկխոսություններ, պատկերավոր լեզու և ոճ)։ 5-րդ դարի պատմագրության կարևոր յուրահատկություններից է նաև նրա կապը ժողովրդական բանահյուսության հետ, որ ցայտուն կերպով դրսևորվել է Ագաթանգեղոսի և հատկապես Մովսես Խորենացու ու Փավստոս Բուզանդի երկերում։
Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» մատյանն ընդգրկում է 226-330 թվականների իրադարձությունները։ Քրիստոնեության մեծարման, Հայ առաքելական եկեղեցու իրավունքների հաստատման նպատակով պատմիչն իրական փաստերի շարադրանքին միահյուսել է վարքագրական վկայաբանությունը, պատմություններ, հրաշքներ, տեսիլքներ, ժողովրդական զրույցներ ու ավանդություններ։
5-րդ դարի պատմագրության գեղարվեստական արժանիքներն առավել ցայտունորեն դրսևորվել են Եղիշեի «Վասն Վար դանայ եւ հայոց պատերազմին» երկում, որը բացառիկ դեր է կատարել ինչպես պատմական արձակի ժանրի ձևավորման, այնպես էլ առհասարակ ազգային գեղարվեստական գրականություն զարգացման մեջ։ Երկը նվիրված է Սասանյան Պարսկաստանի բռնապետության դեմ 451 թվականի ժողովրդական ազատագրական ապստամբությանը, որը պատմության մեջ հայտնի է «Վարդանանց պատերազմ» անունով։
«Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի բովանդակությունը կազմում են այն պատմական իրադարձությունները, որոնք կապվում են հայ ժողովրդի պատմության մեջ նշանավոր Վարդանանց ապստամբության հանգամանքներին։ Նույն պատերազմի մասին գրել են նաև 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին, ավելի ուշ՝ Սեբեոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, Թովմա Արծրունին, Մեսրոպ Վայոցձորեցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ Սակայն հետագա դարերի պատմիչները հիմնականում կրկրնում են Եղիշեին ու Փարպեցուն։ Պատմական փաստերի տեսանկյունից 5-րդ դարի երկու պատմիչների փաստերը համընկնում են, ինչն ապացուցում է նրանց պատմածի հավաստիությունը, սակայն ապստամբության հետ կապված հանգամանքների վերլուծության տեսակետից կան տարբերություններ, ինչը բխում է երկու պատմիչների անհատական մոտեցումներից։ Եղիշեն Վարդանանց պատմության առաջին պատմիչն է և նկարագրած դեպքերի ժամանակակիցն ու ականատեսը։
«Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկը բաղկացած է յոթ գլուխներից կամ «եղանակներից» և մի վերջին հատվածից կամ գլխից, որ կոչվում է «Արտաքոյ եւթն յեղանակին ութերորդ», որտեղ պատմում է Ղևոնդյան քահանաների նահատակության մասին, իսկ երկու հավելվածները՝ «Վասն խոստովանողացն հայոց Խորէնայ եւ Աբրահամու» և «Անուանք նախարարացն…» խորագրերով, ներկայացնում են նահատակված «երանելիների» աշակերտների մաքառումը, հայ կանանց աննկուն կամքի գեղարվեստական նկարագրությունը։
Եղիշեն իր երկը, փորձելով բացահայտել երկրում ստեղծված ծանր վիճակի պատճառներն ու հետևանքները, բաժանել է երեք մասի՝ «ՍԿԻԶԲ», ուր քննում է Վարդանանց պատերազմին հանգեցնող հանգամանքները, «ՄԻՋՈՑ», ուր տալիս է դեպքերի զարգացումն ու ընթացքը, և «ԱՎԱՐՏ», ուր պատմում է ապստամբության վախճանի ու հետևանքների մասին։
[2]===== Ղազար Փարպեցի ===== Յուրատիպ ստեղծագործություն է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»ը, որը գրվել է պարսից տիրապետության դեմ երկրորդ ապստամբության (481 - 484) նախօրյակին և հայտնի է նաև «Վահանանց պատերազմ» անունով։ «Պատմութիւնն» ընդգրկում է 4-րդ դարի 30-80ական թվականների իրադարձությունները, արժեքավոր տեղեկություններ է պարունակում երկրի ներքին կյանքի, սոցիալտնտեսական հարաբերությունների, հասարակական տարբեր դասերի փոխհարաբերությունների, ինչպես նաև հայպարսկական, հայբյուզազնդական, պարսկաբյուզանդական, հակասությունների մասին։
5-րդ մատենագրության խոշորագույն դեմքը Մովսես Խորենացին է, որի վաստակի արժանի գնահատականը նրան շնորհված Պատմահայր, Քերթողահայր պատվանուններն են։ Նա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից է։ Խորենացին «Պատմութիւն Հայոց» մատյանում, առաջինը հայ պատմագրու թյան մեջ, ստեղծել է Հայոց ամբողջ, պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչև 5-րդ դարը (428)։ Երկն առանձնանում է պատմագիտական մտքի խորությամբ ու հստակ սկզբունքներով, պատմական եղելությունների տրամաբանական մեկնաբանություններով, կուռ կառուցվածքով, գեղարվեստական արժանիքներով։
Խորենացին քննական մոտեցում է ցուցաբերել փաստերին և օգտագործած սկզբնաղբյուրներին։ Մատյանը հայ առաջին քննական պատմությունն է և, որպես այդպիսին, ազգային պատմագիտական մտքի լավագույն արգասիքն ու համաշխարհային պատմագրության առաջնակարգ հուշարձաններից է։
Խորենացին հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը։ Մատյանին ինքնատիպություն են հաղորդում պատմական Եղելություններին վարպետորեն միաձուլված բանահյուսական ստեղծագործությունները։ «Պատմութիւնը» հայոց հնագույն շրջանի ժողովրդական բանահյուսության ուսումնասիրման հիմնական աղբյուրներից է։ Երկն ավարտվում է «Ողբ»ով, որը հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով մե ծապես մտահոգված խոշոր մտածողի ու հայրենասերի փիլ. խոհերի լավագույն արտահայտությունն է։
Խորենացին հեղինակ է նաև փիլսոփայադավանաբան երկասիրությունների, ներբողների, շարականների, թարգմանությունների։
«Հայոց պատմությունը» ընդգրկում է հայոց այնցյալի նախապատմական ժամանակներից մինչև Արշակունյաց թագավորության կործանումը՝ 428 թվական։ Խորենացին առաջինն էր, որ գրում է այդպիսի լայն շրջան ընդգրկող պատմություն և դառնում է անսպառ աղբյուր հետագա պատմագրության համար։
Բաղկացած է երեք գրքիից (մասից).
1. «Ծննդաբանութիւն հայոց մեծաց» գրքում Խորենացին ներկայացնում է մարդկության և հայ ժողովրդի ծագման առասպելական պատմությունը՝ սկսելով Ադամից ու նրա սերնդից, ապա անցնում Նոյի տոհմի պատմությանը և Նոյի որդիներից Հաբեթի ճյուղում հայտնաբերում հայոց նախնիների անունները։ Առաջին մասը ընդգրկում է հայոց պատմության Բիայնական (Ուրարտական) ժամանակաշրջանը և հասնում մինչև մ.թ.ա. 4-րդ դար՝ Մակեդոնացու նվաճումները։ Այստեղ տեղ են գտել հայ ժողովրդի ծագման մասին առասպելներն ու Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի, Տիգրանի ու Վահագնի մասին ավանդավեպերը։ Այս մասի համար ըստ Խորենացու հիշատակության աղբյուր են ծառայել ասորի Մար Աբաս Կատինայի պատմությունը և «Հիւսումն պիտոյից» («Պիտոյից հյուսման պատմությունը») երկը։ Մար Աբասը հայերին վերաբերող տեղեկությունները քաղել էր մ.թ.ա.2-րդ դարի մի գրքից հայոց առաջին թագավոր Վաղարշակի խորհրդով։
Առաջին և երկրորդ մասերի սահմանում է ներկայացվում Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը, որը համաշխարհային պատմության շրջադարձային երևույթ էր, քանի որ նրա արշավանքներով սկսվեց հելլենիստական դարաշրջանը, միախառնելով մինչ այդ անջրպետված արևելյան ու արևմտյան մշակույթները։ Դրանով Խորենացին հայոց պատմությունը դիտում էր համաշխարհային պատմության համապատկերի վրա։
2. «Բան միջին պատմութեանց մերոց նախնեաց» (Միջին պատմություն մեր նախնիների) մասը սկսվում է Մակեդոնացու տիրապետության ժամանակաշրջանից, երբ պարթևները ապստամբում են և ազատվում մակեդոնական իշխանությունից և հիմնում իրենց տիրապետությունը՝ Հայաստանում թագավոր կարգելով Արշակ Պարթևի եղբորը՝ Վաղարշակին։ Ներկայացնում է ասորական Աբգար թագավորի և առաջին առաքյալների նահատակությունը, Սանատրուկի, Երվանդի, Արտաշեսի, Արտավազդի, Տիրանի, Տիգրանի, Վաղարշի թագավորության շրջանները։ Երկրորդ գրքի 12-րդ գլխում Խորենացին պատմում է հայոց Արտաշես թագավորի դեպի արևմուտք կատարած արշավանքի մասին և բերում հույն մի քանի պատմիչների վկայություններ, որ նա է սպանել լյուդացիների Կրեսոս թագավորին, և ոչ թե Արտաշեսից չորս դար առաջ ապրած Կյուրոսը։
Երկրորդ մասն ավարտվում է Տրդատ Գ-ի (298-330 թվականներ) թագավորության տարիների ն Հայաստանում քրիստոնեության հաստատաման պատմությամբ։ Այս հատվածի համար աղբյուր են ծառայել Ագաթանգեղոսի, Լաբուբնայի, Հուլիոս Ափրիկանոս ժամանակագրի 5-րդ գիրքը, «Մեհենական պատմություններ» և բազմաթիվ այլ հունական աղբյուրներ, վիմական արձանագրություններ (օրինակ Գառնիում Տրդատ թագավորի թողած հունարեն արձանագրությունը)։
2-րդ և 3-րդ գրքերի սահմանագծում քրիստոնեության ընդունումն է և Տրդատ Մեծի գահակալությունը Հայաստանում, քանի որ քրիստոնեության ընդունմամբ նոր հասարակարգի, նոր քաղաքակրթության ու դարաշրջանի հիմք էր դրվում։
3. Ավարտութիւն մերոց հայենեաց (Մեր հայերնիքի պատմության ավարրտը) մասում ամփոփում է շուրջ մեկդարյա պատմություն՝ Տրդատ Գ-ի մահից (330 թվական) մինչև Արշակունյաց հարստության կործանումը՝ Հայաստանի երկրորդ բաժանումը (428 թվական)։ Վերջին 41 տարվա պատմությունն առաջինը շարադրում է Խորենացին, քանի որ Բուզանդը հասնում է մինչև Հայաստանի առաջին բաժանումը՝ 387 թվական։ Այդ պատճառով Խորենացու գրքի երրորդ մասը դառնում է այդ տարիների իրադարձությունների ամենահարուստ տարեգիրքը, վավերագիրը, որն ունի պատմագիտական մեծ նշանակություն։
Երրորդ գիրքը գրելու համար նույնպես օգտագործել է հնարավոր բոլոր աղբյուրները, թե՛ քրիստոնեական գործերը, թե՛ նախաքրիստոնեական շրջանի հունական, ասորական, հրեական, իրանական գրականությունը, Ս. Գիրքը, Արշակունի թագավորների կողմից պարբերաբար կազմվող «Գահանամակը»՝ նախարարական տների ցանկը, որտեղ թվարկվում էին նախարարական տները՝ ըստ իրենց հզորության և ազդեցության աստիճանի, մեհենական պատմություններ, քուրմ Ողիմպի, ասորի Բարգածան Եդեսացու, Հոմերոսի, Հերոդոտոսի, Պլատոնի եկեղեցական պատմությունը, Լաբուբնա Եդեսացու, Հովսեփ Փլաբիոսի, Պոլիկրատեսի և այլոց աշխատություններն ու հունական ու պարսկական դիցաբանական և բանավոր աղբյուրները՝ ասքեր, ավանդություններ։
«Ողբ»ով ավարտվում է «Հայոց պատմությունը»։ Այստեղ պատմական անցյալի փառավոր հիշատակներից հետո ցուցադրում է ներկայի ողբերգությունը, Արշակունիների անկումը, Սահակի և Մեսրոպի նման ազգային հերոսների կորուստը։ «Ողբում» արտացոլվում է և՛ երկրի թշվառությունը» և՛ հեղինակի հոգեկան տառապանքը։ «Ողբը» գեղարվեստական կատարելության մի նմուշ է։
Հայոց հին պատմագրության դասական շրջանն ավարտվել է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկով, որն ընդգրկում է 387-480-ական թվականների անցքերը։ Պատմաճանաչողական մեծ արժեք ունի Վահան Մամիկոնյանին հասցեագրված Փարպեցու «Թուղթը» («Մեղադրութիւն ստախօս աբեղայից»), որը հայոց հին ճարտասանական արվեստի ու քաղաքական հրապարակախոսության լավագույն նմուշներից է։
6-րդ դարում ժամանակավոր դադարից հետո պատմագրությունը նոր վերելք է ապրել 7-րդ դարում։ Այդ շրջանի նշանավոր պատմիչներն են Մովսես Կաղանկատվացին, Սեբեոսը և Հովհան Մամիկոնյանը։
Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» մատյանը եզակի արժեք ունի, այն աղվան ժողովրդի միակ ամբողջական պատմությունն է՝ հնագույն դարերից սկսած։ 10-րդ դարում մեկ այլ մատենագիր՝ Մովսես Դասխուրանցին, «Պատմության» մեջ որոշ լրացումներ է արել՝ պատմական դեպքերի շարադրանքը հասցնելով մինչև 10-րդ դարի կեսերը։ Երկում արժեքավոր վկայություններ կան Այսրկովկասի Երկրների, Բյուզանդիայի ու Պարսկաստանի փոխհարաբերությունների, նրանց կենցաղի, խազարների արշավանքների մասին։ «Պատմության» մեջ հանդիպում ենք ռուզիկների (ռուսներ) մասին առաջին հիշատակությանը հայ մատենագրության մեջ։ Երկում պահպանվել է քրիստոնեական դարաշրջանի ազգային աշխարհիկ բանաստեղծության առաջին նմուշը՝ հեղինակին ժամանակակից Դավթակ Քերթողի «Ողբք ի մահուան Ջեւանշիրի մեծի իշխանի» պոեմը։
Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի նման է գրված Սեբեոսի «Պատմութիւնը», որն ընդգրկում է Հայաստանի հնագույն շրջանից մինչև 7-րդ դարի իրադարձությունները։ Երկում որոշ պատմական անցքերի նկարագրությունների մեջ պատմիչն օգտագործել է վիպական բանահյուսության հնարանքներ, որոնց շնորհիվ մատյանն առանձնանում է ինքնատիպ արվեստով։
Գրական առումով յուրատեսակ հետաքրքրություն ունի Հովհան Մամիկոնյանի մատյանը, որը հյուսվածքի ոճով ու գեղարվեստական հատկանիշներով հիշեցնում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»ը։ «Պատմութիւն Տարօնոյ» խորագրով մեզ է հասել 2 մատյան, որպես առաջինի հեղինակ հիշվում է Զենոբ Գլակը, իսկ երկրորդինը՝ Հովհան Մամիկոնյանը (7-րդ ա. կամ 8-րդ դարի սկիզբ)։ Սակայն հաստատվել է, որ երկուսի հեղինակն էլ Տարոնի եպիսկոպոս Հովհան Մամիկոնյանն է, որը, հավանաբար, իր գրածի հավաստիությունը հաստատելու նպատակով գրքի 1-ին մասը վերագրել է Գրիգոր Լուսավորչի քարտուղար ասորի Զենոբ Գլակին։ Մատյանի առաջին մասը նվիրված է հայոց մեծ դարձի պատմությանը, երկրորդը՝ պարսից տիրապետության դեմ 6-7-րդ դարերի ազատագրակսն հերոսամարտերին։
Ղևոնդի «Պատմութիւնն» ընդգրկում է 7-8-րդ դարերի եղելությունները։
9-րդ դարում որոշ վայրէջքից հետո պատմագրությունը 10-11-րդ դարերում թևակոխել է զարգացման նոր փուլ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.