From Wikipedia, the free encyclopedia
Ղևոնդ, VIII դարի հայ պատմիչ, որն իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640 թվականից առ 788 թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Ղևոնդը Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703, 748, 762 և 774 - 775 թթ. արաբական լծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Ղևոնդը մեծ ուշադրություն է դարձնում նաև երկրի ներքին կյանքին, տալիս է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։
Ղևոնդի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818 թ.), ուստի ենթադրվում է, որ Ղևոնդը ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Հայտնի է, որ Ղևոնդը վարդապետ էր և ուսյալ մենակյաց։
Ղևոնդի «Պատմության» տեքստը[1] երկար ժամանակ համարվում էր կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թթ.։
Ղևոնդը շարունակողն էր Սեբեոսի, բայց մոտ քսանամյա մի ժամանակաշրջան 640-660-ական թվականները կրկնվում է երկուսի մոտ, և հենց այս տարիների դեպքերը շարադրելիս` Ղևոնդը ցույց է տալիս իր ծանոթությունը Սեբեոսին: Ղևոնդը ապրել և ստեղծագործել է պատմական իրադարձություններով հարուստ ժամանակաշրջանում, երբ Արևելքի պատմության մեջ մեծ հեղաշրջում կատարվեց: Ծնունդ առավ մի մարտական կրոն և մի նոր գիշատիչ պետություն` խալիֆայությունը:
Ղևոնդի Պատմության բովանդակությունը, դատելով նրա մասին պատմիչների վկայություններից, հիմնականում անաղարտ է մեզ հասել: Որոշ վեճերի առարկա է դարձել միայն նրա Պատմության վերնագիրը: Ղևոնդի Պատմության ձեռագրերում այժմ գոյություն ունեցող վերնագիրը, ուր նրա աշխատանքը բնորոշվում է որպես Մահմեդի և արաբաց արշավանքների պատմություն, թվում է թե բուն վերնագիրը չէ:
Հետաքրքրական են հայ պատմիչների վկայությունները Ղևոնդի գրքի մասին: Ասողիկը նրա բովանդակությունը այսպես է համառոտում` «Պատմութիւն Ղևոնդ երիցու, որ ինչ վասն Տաճկաց ելիցնն և անցից Հայոց ի նոցունց բռնութենէ», իսկ Կիրակոս Գանձակեցին այն կոչում է «Ղևոնդ երիցու Պատմութիւն, որ զոր ինչ գործեցին Մահմետ և աթոռակալք նորա ընդ աշխարհս ամենայն և առաւել ևս ընդ ազգս Հայոց»: Վերնագրի փոփոխվելու պատճառը Ն. Ակինյանը համարում է Ղևոնդի մեզ հասած հնագույն ձեռագրի առաջին էջի կորած լինելը: Ըստ նրա` գրիչը կամենալով վերստին ընդօրինակել առաջին էջի բովանդակությունը չի կարողացել վերականգնել հին վերնագիրը: Թվում է, թե պատմության բուն վերնագիրը պետք է լինի նրա հիշատակարանում պահված անունը` «Վարդապետութիւն Ղևոնդի վասն ժամանակարաց տանս Թորգոմայ»: Ղևոնդի Պատմության սկիզբը ևս վնասված է: Այս բանը երևում է մանավանդ այն դեպքում, երբ Սամուել Անեցին քաղվածաբար է բերում Ղևոնդից տողեր, որոնք Ղևոնդի մոտ ավելի հակիրճ են: Ղևոնդի Պատմության սկզբնական հատվածը հակիրճ է, մանավանդ Սեբեոսի պատմության հետ համընկնող տարիները: Թեև պետք է նշել, որ Ղևոնդը այստեղ լրացնում է իր նախորդին և դրա շնորհիվ հնարավոր է դառնում ճշգրիտ ու մանրամասն տեղեկություններ քաղել արաբական առաջին արշավանքների շրջանի մասին[1]:
Ղևոնդը խոսում է 640թվականի արաբական առաջին արշավանքների մասին, միայն այն համարելով երկրորդը: Նա մանրամասն նկարագրում է 642/43թվականների Ատրպատականից եկող արշավանքը, այն համարելով առաջին արշավանքը: Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին ձգտում էր կանոնավոր պաշտպանություն կազմակերպել թշնամու դեմ, սակայն բյուզանդացի Պրոկոպիոս զորավարի անբարյացակամության պատճառով հնարավոր չեղավ ետ մղել թշնամուն: Արաբների երրորդ արշավանքը Ղևոնդը դնում է Ձորա պահակի ճանապարհով եկած արշավանքից տասը տարի անց, այսինքն` 650 թվականին: Արաբները պաշարեցին Կոգովիտ գավառի Արծափ ամրոցը և արդեն գրավելու վրա էին, երբ վրա հասավ Թեոդորոս Ռշտունին և ջախջախելով` երկրից վտարեց նրանց:
661թվականին այսինքն Օմայանների իշխանության գլուխ անցնելուց հետոպատահած դեպքերը Ղևոնդն առավել մանրամասն և ինքնուրույն նկարագրում, քանի որ Սեբեոսի պատմությունը այստեղ կանգ է առնում: Ելնելով նոր իրադրությունից` Մուավիան կամենում էր Բյուզանդիայի դեմ պայքարում ապահովել իր թիկունքը Հայկական լեռնաշխարհում և վերահաստատելով 652 թվականի Թեոդորոս Ռշտունու հետ կնքած իր պայմանագիրը, ճանաչեց Գրիգոր Մամիկոնյանին Հայոց իշխան: Նրա իշխանության վերջին տարում հարձակվեցին խազարները, և այդ պայքարում նա սպանվեց: Նրան հաջորդեց Աշոտ Բագրատունին, որի օրոք հարձակումներ գործեցին թե´ բյուզանդացիք, թե´ արաբները: Զարմանալիորեն Ղևոնդը չի հիշում Հայոց իշխան Ներսեհ Կամսարականին, որի հաջորդել էր Աշոտ Բագրատունուն:
Հատկապես արժեքավոր են Ղևոնդի տեղեկությունները արաբների կողմից Հայաստանի վերջնական նվաճման մասին, որի հավաստիությունը հաստատվում է բյուզանդացի և արաբ պատմիչների զուգահեռ տվյալներով: Նա մանրամասն նկարագրում է արաբ զորավոր Մուհամմադ իբն Մրվանի արշավանքը և երկարատև կռիվները Հայաստանում ու հարևան նահանգներում: 703 թվականի հայկական ապստամբությունը խալիֆայության դեմ Ղևոնդը նկարագրում է ժամանակակից ականատեսի ճշգրտությամբ և մանրամասնությամբ: Նա մանրամասն նկարագրում է նաև արաբա-բյուզանդական պատերազմները և դա կարծել է տալիս, որ նա Փոքր Ասիայում եղել է և ծանոթացել է անցուդարձերին: Ղևոնդը նկարագրում է երկու հզոր ախոյանների գոտեմարտը Փոքր Ասիայում, տալով այնպիսի մանրամասներ, որոնք լրացնում են արաբ և հույն հեղինակների տվյալները: Նա թեև քիչ բան է հաղորդում 7-րդ դարի ընդհարումների մասին, սակայն 8-րդ դարի վերաբերյալ նա հարուստ տեղեկություններ է տալիս, նկարագրելով Լևոն Գ Իսրավրացու ժամանակ մղված պատերազմները, ինչպես նաև դարի երկրորդ կեսի ընդհարումները: Խազարների դեմ արաբների մղած պատերազմները Ղևոնդի ուշադրության առարկան են: Խալիֆայության սահմանային կարևոր ամրություն Դերբենդի շուրջ տեղի ունեցած այս կռիվները նկարագրելիս` նա տալիս է այնպիսի մանրամասներ, որոնք լրացնում են արաբ պատմիչների հաղորդած տվյալները և կարևոր աղբյուր հանդիսանում արաբա-խազարական պատերազմները ուսումնասիրելու համար, մասնակցում էր նաև Հայոց այրուձին` Աշոտ պատրիկ Բագրատունու և Տաճատ Անձևացու ժամանակ:
Առաջին կարևոր իրադարձությունը, որին Ղևոնդը ականատես-ժամանակակից է, 747-750 թվականների հայկական ապստամբությունն է արաբների դեմ: Այստեղ պատմիչը բացահայտորեն շարադրում է իր քաղաքական կողմնորոշումը և չի թաքցնում համակրանքը Բագրատունիների զգույշ վարքագծին: Ղևոնդը արդարացնում է հայոց իշխան Աշոտ Բագրատունու քաղաքականությունը և բոլորովին համաձայն չէ Գրիգոր և Դավիթ Մամիկոնյանների համարձակ և հախուռն գործելակերպին: Պատմիչի այս տրամադրությունները հստակ երևան են գալիս նաև 774-775 թվականների ապստամբության նկարագրության մեջ: Խալիֆայության դաժան քաղաքականությունը երկիրը քայքայման էր հասցրել, հարկահանները շրջում էին գավառ, կողոպտել շինականին, և ահա ապստամբություն է բռնկվում Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ: Պատմիչն իր պաշտպան իշխանական տան ներկայացուցիչ Աշոտ Բագրատունու հետ համաձայն է, որ անիմաստ էր, ապստամբել այն ժամանակ, երբ ոսոխն իր հզորության գագաթնակետին էր հասել: Այսուհանդերձ նա հակակրանքով չի հիշում Մուշեղ Մամիկոնյանին կամ ապստամբության այլ ղեկավարներին, որոնց մեջ էր սպարապետ Սմբատ Բագրատունին: Սակայն սոսկ Բագրատունի իշխանի մասնակցությունը չէ, որոշում Ղևոնդի տրամադրությունը, այլ համաժողովրդական բնույթն այս ապստամբության: Ըմբոստության արյունոտ ուղին և խոհության զգուշավոր դիրքորոշումը գործունեության տարբեր դրոշակներ, սակայն նպատակը մեկ էր` Հայաստանի ինքնուրույնության պահպանումը: Եվ ահա այս սրբազան գաղափարն ի վերջո համակում է ապստամբության հակառակորդ Ղևոնդին: Երբ մոտենում է հայ ռազմիկների վճռական մարտի պահը, զուսպ և սառնարյուն Ղևոնդը արդեն կորցնում է իրեն, նրա համակրանքը ամբողջովին ապստամբների կողմն է: Աշխատության մեջ այս էջերը բացառիկ տեղ ունեն իրենց կրքոտությամբ և գեղարվեստական հուզականությամբ: Ղևոնդը ոգեշնչված է նկարագրում հայոց վերջին կռիվը երեսուն հազարանոց արաբական զորքի դեմ, Բագրևանդի` Արձնիի ճակատամարտը` 775 թվականի ապրիլի 25-ին: Արևածագին սկսվեց պատերազմը: Երբ հակառակորդներն իրար բախվեցին, նախ բազում ուժեղ հարվածներ տվեց հայոց գունդը և փախուստի մատնեց թշնամիներին: Սակայն օգնական ուժ ստացած թշնամու թվական գերազանցության առջև հայ ռազմիկները դժվարին կացության մեջ են ընկնում և քաջալերում իրար հետևյալ խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստծո փառավորման վայրերի ոտից կոխան լինելն ու պղծվելը, այլ թշնամիների սուրը նախ և առաջ մեր դեմի ուղղվի, ապա թող անեն` ինչ կկամենան»[1]:
Ապստամբությանը հաջորդող տասնհինգամյա դեպքերի նկարագրությունը Ղևոնդի մոտ մռայլ և չոր: Նորից են սկսվում բռնություններն ու կողոպուտը, նահատակվում են Սահակ և Համազասպ Արծրունի եղբայրները, մերժելով ուրանալ քրիստոնեական հավատը: Հայ եկեղեցական գույքի կողոպուտի նկարագրությամբ ավարտում է Ղևոնդը իր դառն պատմությունը` առանց նույնիսկ հատուկ վերջաբանի: Ղևոնդը առաջին հայ պատմիչն է, որ օգտագործում է հայկական թվականը: Նրանից առաջ հայ պատմիչները, սկսած 5-րդ դարից, պատմական դեպքերի ժամանակագրությունը որոշում էին ըստ արքաների իշխանության տարիներին: Ղևոնդը դեպքերի ժամանակը որոշում է Բյուզանդիայի կայսրերի և խալիֆաների իշխանության տարիներով: Բավական է ասել, որննա Մուավիայից (661-680թվականներ) մինչև Հարուն ալ Ռաշիդը (786-809 թվականներ) հիշատակում է բոլոր արաբ խալիֆներին ու տալիս նրանց իշխանության տարեթվերը, որոնք մեծ մասամբ ճիշտ են ու վստահելի: Նա այդպես էր վարվում նաև Հայաստանի ոստիկանների ու հայ իշխանների պատմությունը շարադրելիս: Ղևոնդի լեզու պարզ է ու գեղեցիկ, իսկ նկարագրությունների մեջ նա երբեմն հասնում է գեղարվեստական խոսի վարպետության[1]:
Ղևոնդը ճակատագրակապաշտ է: Ամեն մի արարք կամ աղետ նախախնամության կողմից է սահմանված, ամեն ինչ նախասահմանված է` ըստ մարդկանց առաքինության կամ մոլորության: Մարդկանց բոլոր դժբախտությունները պարզապես հատուցումն են նրանց վատ արարքների, իսկ հաջողությունները նրանց առաքինության վարձատրությունն են: Այսուհանդերձ Ղևոնդը լուրջ պատմիչ է, նա պատվավոր տեղ ունի հայ պատմագրության մեջ: Եվ նրա արժեքը առավել ևս ցայտուն է դառնում, երբ նկատի ունենք նրա ապրած ժամանակաշրջանը` քաղաքական բնություն, մտավոր անկում, մշակութային ճահճացումը, և այն միջավայրը Ղևոնդ երեցը կարողանում է շատ բան պահպանել վաղ միջնադարի հայ պատմագրության հարուստ ավանդույթներից: Ոճի և շարադրանքի մեջ Ղևոնդի առաջին ուսուցիչը հանդիսացել է Եղիշեն, որից նույնիսկ առանձին հատվածներ համարյա նույնությամբ տեղավորել է իր գրքի տարբեր մասերում[1]:
Seamless Wikipedia browsing. On steroids.