Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Անտիոքը Օրոնտեսի վրա կամ պարզապես Անտոք (Ավագ Անտոք կամ Մեծն Անտոք, հուն․՝ Ἀντιόχεια ἡ ἐπὶ Δάφνῃ, Ἀντιόχεια ἡ ἐπὶ Ὀρόντου or Ἀντιόχεια ἡ Μεγάλη, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ Anṭiokia, հայերեն՝ Անտոք; լատին․՝ Antiochia ad Orontem; արաբերեն:انطاکیه, Anṭākiya), քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին։ Հելլենիստական, այնուհետև՝ քրիստոնեական մտքի և մշակույթի կենտրոններից, Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռներից։ Իր մեծությամբ և կարևորությամբ եղել է երրորդ քաղաքը՝ Հռոմից և Ալեքսանդրիայից հետո։ Գտնվում է Անթաքյա քաղաքից ոչ հեռու։
Անտիկ աղբյուրներում հիշատակվում է հնում գոյություն ունեցած Անտոք անունով 16 քաղաքների մասին։ Դրանցից ամենահայտնին հին Ասորիքում՝ Օրոնտես գետի վրա կառուցված Անտոք քաղաքն է (հայկական աղբյուրներում՝ Ավագ Անտոք կամ Մեծն Անտոք), որը ներկայումս տեղակայված է Թուրքիայի Անթաքյա քաղաքի մոտ։ Անտոք բառն առանց հստակեցման նշանակում է հենց այդ քաղաքը։
Սելևկյանների աթոռանիստ Անտիոքը հիմնել է Սելևկիոս I Նիկատորը մ.թ.ա. 301 թ-ին և կոչել հոր՝ Անտիոքոսի անունով։ Սելևկյանների կառուցած մյուս Անտիոքներից տարբերակելու համար հաճախ անվանվել է «Ասորիքի Անտիոք» (հայկական աղբյուրներում՝ «Ավագն Անտիոք»)։ Հայոց արքա Տիգրան Բ Մեծը, Ասորիքը նվաճելուց հետո, մ.թ.ա. 83–մ.թ.ա. 69-ին Անտիոքը դարձրել է հայոց տերության հարավային թագավորանիստը, որտեղ նրա անունով ու պատկերով արծաթե դրամներ են հատվել։ Մ.թ.ա. 64-ին քաղաքը հռոմեական զորավար Պոմպեոսի գրավելուց հետո՝ մինչև Կոստանդնուպոլսի կառուցումը (IV դար) եղել է Հռոմեական կայսրության արևելյան մասի մայրաքաղաքը։ 538 թ-ին Պարսից թագավոր Խոսրով I Անուշիրվանը ավերել է Անտիոքը, բնակչության զգալի մասին կոտորել կամ գերեվարել։ Բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն (527–565) վերաշինել է այն և տվել «Աստծո քաղաք» անունը, որը պահպանվել է քաղաքի պատրիարքների տիտղոսաշարում։ Հետագա դարերում Անտիոքը մի քանի անգամ անցել է մե՛րթ արաբներին, մե՛րթ բյուզանդացիներին։ XI դարում քաղաքի կառավարիչներ են եղել նաև հայեր (Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին՝ Վասակ Պահլավունին, զորավար Փիլարտոս Վարաժնունին)։ 1084 թ-ին Անտիոքը գրավել են սելջուկ թուրքերը։ 1098 թ-ի հունիսի 3-ին, 9-ամսյա պաշարումից հետո, խաչակիրները գրավել են Անտիոքը և հիմնել Անտիոքի դքսությունը։ 1268 թ-ին քաղաքը նվաճել և հիմնովին ավերել է Եգիպտոսի սուլթան Բեյբարսը։
Իր հիմնադրման պահին Անտիոքն ուներ ընդամենը 17-25.000 բնակչություն։ Սակայն արդեն վաղ հռոմեական շրջանում քաղաքն ուներ 400-600.000-ի հասնող բնակչություն։ Այդ ցուցանիշը իջավ 4-րդ դարում՝ հասնելով 200.000-ի։ Թեոդոսիոս Ա Մեծ կայսեր օրոք քաղաքն ուներ 100.000 բնակիչ։ Քաղաքը հատկապես տուժեց Սասանյան արքա Խոսրով Ա-ի արշավանքների հետևանքով, որին զոհ գնացին 300.000 անտիոքցի։ Չնայած Հուստինիանոս Ա կայսեր վերականգնողական աշխատանքներին, Անտիոքն այլևս երբեք չվերականգնեց իր երբեմնի փառքը և մեծությունը։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Անտիոքում քրիստոնեության տարածման և առաջին քրիստոնեական համայնքների մասին վկայում է Գործք Առաքելոցը։ Այստեղ գործել են Բառնաբաս, Պողոս և Պետրոս առաքյալները։ Անտիոքի եկեղեցու հիմնադիրը համարվում է Պողոս առաքյալը։ Անտիոքից քրիստոնեությունը տարածվել է Արևելք։ Անտիոքում է գտնվել Արևելքում (Փոքր Ասիա) Հռոմեական կայսրության չորս արքեպիսկոպոսություններից (էքզարխատ) մեկը՝ Կեսարիայի, Եփեսոսի, Հերակլեայի հետ։ Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381) երրորդ կանոնով Անտիոքի աթոռը ճանաչվել է չորրորդ տիեզերական աթոռը Հռոմից, Կ․ Պոլսից և Ալեքսանդրիայից հետո։
IV դարի վերջին Բյուզանդական կայսրության Արևելքի դքսության 15 մարզերի վրա ստեղծվել է Անտիոքի պատրիարքությունը, որի իշխանության տակ էին Փյունիկիան, Արաբիան, Պաղեստինը։ Պատրիարքները կրել են «Համայն Արևելքի պատրիարք» տիտղոսը։ Անտիոքի պատրիարքությունից հետագայում առանձնացվել են Կիպրոսը, Պարսից եկեղեցին և Երուսաղեմի պատրիարքությունը։ 451 թ-ի Քաղկեդոնի ժողովը պառակտում է առաջ բերել Անտիոքի եկեղեցում և քրիստոնեական համայնքում։ V դարում Անտիոքի պատրիարքությունից բաժանվել է նեստորական եկեղեցին, իսկ VI–VII դդ․ Անտիոքում ձևավորվել են քաղկեդոնական-մելկիտ, միակամ-մարոնի (մարունի) և հակաքաղկեդոնական հակոբիկ հոսանքները։ Սրանք կազմել են առանձին եկեղեցիներ իրենց համայնքներով և պատրիարքներով։ Երեք եկեղեցիների հոգևոր պետերն էլ իրենց անվանում են Անտիոքի պատրիարք, չնայած XI–XII դարերից հետո նրանցից ոչ մեկի նստավայրը Անտիոքում չի գտնվել։ 1182 թ-ին մարոնիական եկեղեցին ճանաչել է Վատիկանի գերագահությունը, իսկ ասորական Հակոբիկյան եկեղեցին մնացել է անկախ՝ մաս կազմելով Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի։
Արաբական կամ իսլամական նվաճումից հետո (VII դար) երեք եկեղեցական համայնքներում գործածության մեջ է մտել արաբերենը, որը դուրս է մղել հունարենը (XIII դարից), այնուհետև՝ ասորերենը (XVII դարից)։ X–XII դդ․ Բյուզանդական կայսրությունը Արաբական խալիֆայությունից կրկին նվաճել է Անտիոքի պատրիարքության տարածքը, իսկ Խաչակրաց առաջին արշավանքից (1098) հետո այդտեղ հաստատվել է Կաթոլիկ եկեղեցին, որը մարոնիների և մելքիթների եկեղեցական կազմակերպության հիմքի վրա ժամանակի ընթացքում ստեղծել է սեփականը։ XII–XIII դդ․ Անտիոքի պատրիարքության համար անզիջում պայքարը հիմնականում ընթացել է Կ․ Պոլսի աթոռի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև։ Անտիոքի պատրիարքության տարածքների վրա ստեղծվել են խաչակրաց Արևելքի պետությունները (Եդեսիայի կոմսություն, Անտիոքի դքսություն, Տրիպոլիի կոմսություն ևն)։ Անտիոքի պատրիարքության տարածքի վրա է ձևավորվել նաև Կիլիկիայի հայկական իշխանությունը (1198–1375 թթ-ին՝ թագավորություն), իսկ պատրիարքության թեմերի մի մասը մնացել է սելջուկներին, ապա անցել Եգիպտոսի մամլուքների տիրապետության տակ (Հալեպ, Համա, Հոմս, Բաալբեկ, Դամասկոս, Խառան ևն)։
Հայ եկեղեցին անմասն չի մնացել կաթոլիկ և Արևելքի մյուս քրիստոնյա համայնքների միջև միջեկեղեցական պայքարից։ Հռոմկլայի կաթողիկոսարանի որոշ գործիչներ, Ներսես Լամբրոնացու ղեկավարությամբ, արդեն XII դարի 70-ական թթ-ից իրենց առջև նպատակ էին դրել Կիլիկիայում վերականգնել ոչ միայն հայոց պետականությունը, այլև Հայոց կաթողիկոսի իշխանությունն ընդունելի դարձնել տարածաշրջանի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ առաջարկելով Անտիոքի պատրիարքի իշխանությամբ օժտել Հռոմկլայի հայոց կաթողիկոսներին։ Այդ առաջարկը 1178-ի Հռոմկլայի ժողովում ներկայացվել է բյուզանդական եկեղեցուն, իսկ արդեն XIII դարում մի շարք վավերագրերում Հայոց կաթողիկոսն անվանվում է նաև «Անտիոքի պատրիարք»։
Անտիոքը Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ հայտնի է նաև իր նշանավոր աստվածաբանական դպրոցով, որը Աստվածաշնչի մեկնության մեթոդի և քրիստոսաբանական հարցերում հակաճառությունների ու պայքարի մեջ է եղել Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի հետ։ Ի տարբերություն Ալեքսանդրյանի, Անտիոքի աստվածաբանական դպրոցը չի ունեցել հատուկ կամ պաշտոնական ուսումնական հաստատություններ․ դրա ջատագովները հաճախ շրջել են քաղաքներում և քարոզել իրենց ուսմունքը։ Չնայած Անտիոքի հելլենիստական հարուստ անցյալին, այնուամենայնիվ անտիոքյան աստվածաբանական ուղղության մեջ մեծ տեղ են գտել բուն սեմական պատկերացումներն ու աշխարհայացքը, հատկապես՝ ասորական հասարակության տեղական և պատմականառանձնահատկությունները։
Ընդհանրական եկեղեցու պատմությունն ուղեկցվել է Անտիոքի և Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցների պայքարով։ Քրիստոսաբանական տարբեր, անգամ հակադիր համակարգերը, Անտիոքի և Ալեքսանդրիայի ուղղությունների բախումը հող են նախապատրաստել IV–V դդ․ դավանաբան․ մեծ վեճերի համար։ Անտիոքի դպրոցի աստվածաբանները շեշտել են Հիսուս Քրիստոսի պատմական, մարդկային անձնավորությունը, Հիսուս Քրիստոսի մարդ լինելը։ Սամոսատի, այնուհետև Անտիոքի եպիսկոպոս (260–270) Պողոս Սամոսատցին, որը համարվում է Անտիոքի դպրոցի հիմնադիրը, քարոզում էր, որ Քրիստոսը ծնվել է իբրև մարդ և ապա լցվել Լոգոսով, այսինքն նրա մեջ աստվածության երկրորդ անձն է բնակվել և կամքի միությամբ ու սիրո մշտնջենականությամբ մեկ դարձել Աստծո հետ։ Նա ավելի բարձր է, քան մարդը, բայց աստվածացել է իր բարոյական զարգացման և որդեգրության շնորհիվ։ Պողոս Սամոսատցին առաջինն էր, որ առաջ է քաշել Քրիստոսի էության երկակիության գաղափարը։ Թեև 268 թ-ի Անտիոքի եկեղեցական ժողովը բանադրել և աթոռազրկել է Պողոս Սամոսատցուն, սակայն նրա համախոհները, մասնավորապես Լուկիանոս Սամոսատցին, շարունակել են քարոզել իրենց ուսուցչի վարդապետությունը։ Անտիոքի դպրոցի ներկայացուցիչները, Քրիստոսի մեջ շեշտելով մարդուն (Խոստովանեսցուք զոր ի մարդումն Աստուած), Քրիստոսին համարել են ամենակալ Աստծուն երկրպագակից մարդ երկու բնությամբ՝ Աստված առանձին, մարդն առանձին, նրանք գոյություն ունեն իրարից անջատ, մեկը՝ ճշմարտապես բնությամբ որդի, մյուսը, շնորհիվ որդեգրության՝ Աստված։ Մարդ Քրիստոսը բնակարան, տաճար է եղել աստվածայինի համար։ Անտիոքի և Ալեքսանդրիայի քրիստոսաբանական տարբեր մեկնակետերն արտահայտվել են հետևյալ բանաձևերով․ Մարդ, որն աստվածացել է, Աստվածազգեստ մարդ (Անտիոքի դպրոց) և Ինքը Աստվածն է մարդ դարձել, Մարդացյալ Աստված (Ալեքսանդրիայի դպրոց)։
Եթե Ալեքսանդրյան դպրոցին հատուկ էր նորպլատոնականությունը և միստիցիզմը, ապա անտիոքյան աստվածաբանությունն ուներ արիստոտելյան և պատմական ուղղվածություն։ Սուրբ Գրքի մեկնության անտիոքյան պատմաքերականական մեթոդը հակադրվել է ալեքսանդրյան այլաբանական մեթոդին։ Անտիոքի եկեղեցու հայրերը խուսափել են իրենց տեքստերը դժվարամատչելի հասկացություններով ու արտահայտություններով ծանրաբեռնելուց և դրանցում չեն քողարկել խորհրդավոր, առեղծվածային մտքեր։ Անտիոքացիները բառացիորեն են բացատրել Աստվածաշնչի դժվար ըմբռնելի տեղիները՝ ընթերցողին հասկանալի դարձնելու նպատակով։ Անտիոքի դպրոցում գերիշխել է զգաստ, տրամաբանական մտածողությունը։ Անտիոքյան աստվածաբանները կրոնագիտության միակ չափանիշ են համարել տրամաբանությունը, ձգտել իրենց դավան․ տեսություններն անցկացնել մաքուր տրամաբանության ճանապարհով՝ հաճախ ընկնելով չոր բանական փիլիսոփայական (ռացիոնալիզմ) ծայրահեղությունների մեջ։ Անտիոքի ուղղությունը թեև լիովին չի մերժել այլաբանությունը, սակայն գերադասել է պատմ․ մեթոդը և խստորեն քննադատել Հին և Նոր Կտակարանների կամայական զուգորդումները։ Ըստ անտիոքացիների, իսկական այլաբանական միտքը (որը կիրառել են ալեքսանդրացիները) խոսքերի մեջ չէ, այլ՝ խոսքերով արտահայտված իրականության, անձանց և դեպքերի մեջ։ Անտիոքի դպրոցի մի շարք ներկայացուցիչներ (Հովհան Ոսկեբերան, Թեոդորիտ), հավատարիմ մնալով անտիոքյան մեկնաբանության սկզբունքներին, յուրացրել են նաև Ալեքսանդրյան դպրոցի լավագույն կողմերը և տվել գիտական մեկնությունների օրինակներ, որոնք ուղղափառ մեկնաբանության լավագույն նմուշներն են։ Այդ իմաստով նրանց աշխատություններն առ այսօր նշանակալից արժեք են ներկայացնում Սուրբ Գիրքն ուսումնասիրողների համար։ Հայ եկեղեցին, դավանության մեջ լինելով Ալեքսանդրյան դպրոցի հետևորդ, Աստվածաշնչի մեկնության մեթոդի հարցում հակվել է Անտիոքի դպրոցին՝ հետևելով հատկապես Հովհան Ոսկեբերանին։
Ի տարբերություն Ալեքսանդրիայի դպրոցի, անտիոքացիները, տարանջատելով Քրիստոսի երկու բնությունները, հանձին Հիսուսի տեսել են մի մարդու, որը ծնվել է մշտնջենական Բանից (Լոգոս) և նրա անբաժանելի մասն է։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրանք ծիսակատարություններից և իրենց աստվածաբանական գրականությունից դուրս են թողել Որդի բառը։ Ըստ Անտիոքի աստվածաբանության, աստվածային Բանն ընտրել է Հիսուսին որպես իր գործիք, որը, սակայն, զարգացել է զուտ մարդկային բարոյական ուղիով։ Դա համարվել է Աստծուն մոտենալու հիմն․ ճանապարհը, և այդ ամենը հարգանք է ծնել մաքուր և անարատ դառնալու մարդկային ձգտումների ու ճիգերի հանդեպ։ Այդ գաղափարների տրամաբանական շարունակությունն է եղել ազատ ընտրության վերաբերյալ պելագիականների ուսմունքը, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել Նեստորի վարդապետության վրա (Նեստորականություն)։ Նեստորականությունը Անտիոքի աստվածաբանական դպրոցի զարգացման վերջին փուլն էր։ Անտիոքի դպրոցի աստվածաբանության որոշ սկզբունքներ ընկել են Լևոնի տոմարի և Քաղկեդոնի ժողովի քրիստոսաբանական համակարգերի հիմքում։ IV դարի վերջին քառորդից մինչև V դարի կեսը եղել է Անտիոքի և Ալեքսանդրիայի դպրոցների ծաղկման շրջանը։ Թեև IV դարում Անտիոքի դպրոցը տվել է արիոսական և արիոսականությանը հարող աստվածաբաններ (Եվսեբիոս Նիկոմեդացի, Նումերիոս, Եվսեբիոս Եմեսացի, Այետիոս Անտիոքացի, Եվնոմիոս Անտիոքացի և ուր․), որոնք կրել են նաև Լուկիանոս Սամոսատցու ազդեցությունը, սակայն ունեցել է նաև իր ուղղափառ գործիչները։ Եվստաթեոս Անտիոքացին առաջինն էր արիոսականությունը դատապարտողներից, իսկ Հովհան Ոսկեբերանը հռչակվել է Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերից։ Անտիոքի դպրոցի IV–V դդ․ նշանավոր աստվածաբաններից էին նաև Դիոդորոս Տարսոնացին, Թեոդորոս Մոպսուեստացին, Թեոդորետ Կյուրոսցին և ուրիշներ։ Անտիոքի, ինչպես և Ալեքսանդրիայի, Աթենքի աստվածաբանական դպրոցները փակվել են VI դարում՝ բյուզանդական Հուստինիանոս Ա կայսրի օրոք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիոք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 452)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.