անգլիացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլ.՝ Kathrin Romany «Kate» Beckinsale, հուլիսի 26, 1973[1][2], Չիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ։ Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում՝ դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք բրիտանական դրամաներում՝ «Յուտլանդիայի արքայազնը» (Prince of Jutland, 1994), «Սառը ֆերմա» (Cold Comfort Farm film, 1995), «Էմմա» (Emma, 1996) և «Ոսկե գավաթ» (The Golden Bowl, 2000)։ Բացի այդ նա մասնակցել է նաև այլ ներկայացումների և ռադիո հաղորդումների։ 1990-ականների վերջերում՝ «Դիսկոյի վերջին օրերը» (The Last Days of Disco, 1998) և «Ավերված ամրոցը» (Brokedown Palace, 1999) դրամաներում նկարահանվելուց հետո նա սկսեց աշխատանք փնտրել ԱՄՆ-ի կինոինդուստրիաներում։ 2001 թվականին նա մարմնավորեց գլխավոր հերոսուհիներին էպիկական պատերազմի մասին պատմող «Պեռլ Հարբոր» (Pearl Harbor, 2001) և ռոմանտիկ կատակերգություն «Կանխազգացում» (Serendipity, 2001) ֆիլմերում։ Նա ճանաչում ձեռք բերեց նաև շնորհիվ կենսագրական «Ավիատոր» (The Aviator, 2004) ֆիլմի և «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» (Click, 2006) կատակերգության։
Քեյթ Բեքինսեյլ անգլ.՝ Kate Beckinsale | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Չիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գոդոլֆին և Լատիմեր դպրոց և Նոր Քոլեջ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել |
Ընտրանի | Ամեն ինչ կարող եմ[3], Բնազդ[4] և Ուրիշ աշխարհ |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Բեքինսեյլ, մայր՝ Ջուդի Լու |
Ամուսին(ներ) | Լեն Ուայզման |
Համատեղ ապրող(ներ) | Մայքլ Շին |
Երեխա(ներ) | Lily Mo Sheen? |
Քեյթ Բեքինսեյլը որպես էքշն ժանրի ֆիլմերի դերակատար հայտնի դարձավ 2003 թ.-ին «Ուրիշ աշխարհ» ֆիլմից հետո։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք խաղարկային ժանրի ֆիլմերում, որոնք են «Վան Հելսինգը» (2004), «Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա» (2006), «Սպիտակ միգամածություն» (2012) և «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» (2012) ֆիլմերը։ Նա բացի այդ նույն ժամանակահատվածում նկարահանվեց ոչ մեծ դրամատիկական ֆիլմերում, որոնք են «Ձյունե հրեշտակներ» (2007), «Թևավոր արարածներ» (2008), «Ոչ մի բան ճշմարտությունից բացի» (այս ֆիլմի համար 2008 թվականին ներկայացվել է «Critic's Choice Award» մրցանակի) և «Ամեն ինչ հոյակապ է» (2009) ֆիլմերը։ Այնուհետև նկարահանվել է «Դատավարություն ընդդեմ Քեյթ ՄաքԿալոխի» (2013) դրամայում։
Քեյթը դերասան Ռիչարդ Բեքինսեյլի (1947-1979) և դերասանուհի Ջուդի Լոյի (1947-1979) միակ զավակն է։ Դերասանուհին մանկությունն անցկացրել է Լոնդոնում։ Քեյթը ընկերություն էր անում վալիական դերասան Մայքլ Շինի հետ՝ 1995-2003 թվականներին։ Նրանք ապրել են համատեղ, բայց այդպես էլ չեն ամուսնացել։ 1999 թվականի հունվարի 31-ին ծնվեց նրանց դուստրը՝ Լիլի Մո Շին, որն ավելի ուշ մարմնավորել է երիտասարդ Սելինի կերպարը «Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա» (2006) ֆիլմում։ 2004 թվականին Բեքինսեյլը ամուսնացավ ամերիկյան կինոռեժիսոր Լեն Ուայզմանի հետ։ Ըստ «Esquire» և «People Magazine» ամսագրերի նա բազմիցս համարվել է աշխարհի ամենահմայիչ և ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նա մասնակցել է նաև մի քանի գովազդների նկարահանումներին և աշխատել է որպես ֆոտոմոդել։
Քեթրին Բեքինսեյլը[5][6] ծնվել է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ Նա Ռիչարդ Բեքինսեյլ և Ջուդի Լո դերասանների ընտանիքի միակ զավակն է[7]։ Ըստ հայրական գերդաստանի ունի բիրմանական արմատներ[8][9]։ Քեյթն առաջին անգամ էկրաններին հայտնվել է 4 տարեկան հասակում՝ իր հոր մասին պատմող «Սա քո կյանքն է» (This Is Your Life) ֆիլմում[10]։ Երբ նա հինգ տարեկան էր, սրտի կաթվածից մահացավ նրա 31-ամյա հայրը։ Այդ կորուստը շատ վատ ազդեց Բեքինսեյլի վրա և դրանից հետո նա «ակընկալում էր վատ բաներ»։ Չնայած նրան, որ դերասանուհին շատ քիչ է տեսել իր հորը, նա չի կարող ասել, որ չի ճանաչում նրան։ Երբ Բեքինսեյլն ինը տարեկան էր, նա իր այրիացած մոր հետ տեղափոխվեց կինոռեժիսոր Ռոյ Բաթերսբիի մոտ և այնտեղ իր մանկությունն անցկացրեց Ռոյի չորս տղաների և մի աղջկա հետ[11]։ Դերասանուհին շատ մտերիմ է եղել իր խորթ հոր հետ։ Բացի այդ Քեյթն ունի ևս մի քույր հայրական կողմից՝ Սամանթա Բեքինսեյլը, բայց նրա հետ դերասանուհին այնքան էլ մտերիմ չէ։
Բեքինսեյլը ավարտել է Արևմտյան Լոնդոնի «Godolphin and Latymer School» համալսարանը[12] և դրանից անմիջապես հետո հրավիրվել է «Նարնջագույն ծառ երիտասարդական թատրոն»[13]։ Դեռ պատանեկան տարիքում նա երկու անգամ հաղթեց «W. H. Smith» երիտասարդ գրողների մրցույթում՝ մի անգամ պատմվածքի, իսկ մյուս անգամ պեոզիայի համար և պարգևատրվեց «Թեդ Հյուզ» մրցանակով[14]։ Կարելի է ասել, որ նա մանկություն չի տեսել։ Ինչպես դերասանուհին ինքն է ասում, նա մեծահասակների գործեր է արել իր պատանեկան տարիներին, երբ իր հասակակից աղջիկները հանդիպում էին տղաների հետ[15]։ 15 տարեկան հասակում նա ձեռք բերեց «նյարդային աներաքսիա» հիվանդությունը և դրա բուժումը տևեց չորս տարի[7]։
Բեքինսեյլը Օքսֆորդի համալսարանում կարդացել է ֆրանսիական և ռուսական գրականություն։ Նա «Օքսֆորդ համալսարանի դրամատիկ խմբակի» անդամ էր և իր համակուրսեցի ռեժիսոր Թոմ Հուփերի կողմից հրավիրվեց մասնակցելու «Տեսք կամրջից» ֆիլմում[16]։ Նա երեք տարի իր ուսումը շարունակեց Փարիզում, որպես օքսֆորդյան համալսարանի արտասահմանում կրթության ծրագիր։ Դրանից հետո նա թողեց ուսումը՝ որոշելով կենտրոնանալ դերասանական կարիերիայի վրա[7]։
Քեյթ Բեքինսեյլը դեռ փոքրուց էր որոշել դերասանուհի դառնալ։ «Ես մեծացել եմ ֆիլմերի ազդեցության տակ։ Իմ ընտանիքը զբաղվում էր այդ գործով։ Ես շուտ հասկացա, որ իմ ծնողներն ավելի մեծ բավականություն էին ստանում իրենց աշխատանքից, քան իմ ընկերներիս ծնողները». ասել է դերասանուհին[17]։ 1991 թ.-ին կայացավ նրա առաջին հեռուստատեսային դեբյուտը Պ. Դ. Ջեյմսի «Հարմարանքներ և ցանկություններ» վերանկարահանված ֆիլմում[18]։ Նույն թվականին նա էկրաններին հայտնվեց «Միայնակ ընդդեմ քամու» ֆիլմում՝ երիտասարդ կնոջ կերպարանքով, որն արգելված սեր էր վարում երիտասարդ նացիստական սպայի հետ[19]։ 1992 թ.-ին Քրիստոֆեր Էքլթոնի հետ նկարահանվեց «Ռեյչելի երազանքը» ֆիլմում, իսկ 1993 թ.-ին՝ «Աննա Լի» դետեկտիվ սերիալում[20]։
1993 թ.-ին Բեքինսեյլը ստացավ Քեննետ Բրան անունով հերոսուհու դեր վերանկարահանվող «Շատ աղմուկ ոչնչից» ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվեց Տոսկանայում՝ Իտալիա, օքսֆորդյան համալսարանի արձակուրդների ժամանակ[21]։ Նա մասնակցել է Կաննի կինոփառատոնին։ «Ոչ ոք ինձ չէր ասել, որ կարող էի բերել իմ ընկերոջը։ Ես կրում էի «Դոք Մարտենսի կոշիկներ». հիշում է դերասանուհին[22]։ Նա և Ռոբերտ Շոն Լեոնարդն աչքի ընկան Նյու Յորք Թայմս թերթի կողմից իրենց կոռեկտ պահվածքով, չնայած այն հանգամանքին, երբ նրանք անակնկալ գովասանքներից ու հաճոյախոսություններից քարանում էին[23]։ Ֆիլմը վարձույթներում վաստակեց 22 միլիոն դոլար[24]։ Նա ևս երեք ֆիլմում նկարահանվեց ուսանողական տարիներին։ 1994 թ.-ին Քրիստեան Բեյլի հետ նկարահանվեց «Յուտլանդիայի արքայազնը» ֆիլմում, որի պատմությունը հիմնված էր դանիական Համլետ լեգենդի վրա[25]։ Այնուհետև նկարահանվեց «Ֆլամանդական տախտակ» ֆիլմում, որտեղ պատմվում էր խորհրդավոր մարդասպանության մասին[26]։ 1995 թ.-ին, երբ նա սովորում էր Փարիզում, նկարահանվեց «Մարիա-Լուիզա կամ թույլատվություն» ֆրանսիալեզու ֆիլմում[27]։
Օքսֆորդ համալսարանը լքելուց մի փոքր անց՝ 1995 թ.-ին Բեքինսեյլը հանդես եկավ Ֆլորա Փոստի դերով «Ցուրտ ֆերմա» ֆիլմում։ Նրա հերոսուհին որբացել էր 1930-ականներին և ուղարկվել էր հեռավոր Անգլիայի գյուղերից մեկում բնակվող ազգականների մոտ։ Ստելլա Գիբսոնի «Ցուրտ ֆերմա» ֆիլմի վերանկարահանված տարբերակի ռեժիսորը Ջոն Շլեզինգերն էր, իսկ այդ ֆիլմում մասնակցել են նաև Ջոաննա Լումլեյը, Յան ՄաքԿելլենը և Ստեֆան Ֆրայը։ Բեքինսեյլը հենց սկզբից համարվում էր չափից դուրս երիտասարդ, բայց ռեժիսորին աղերսական նամակ գրելուց հետո նրան դեր տվեցին ֆիլմում[28]։ Էմանուել Լեվիին՝ «Variety» ամսագրից, դերասանուհին հիշեցրել է երիտասարդ և առույգ Գլենդա Ջեքսոնին և երիտասարդ ու հմայիչ Ջուլիա Քրիստիին[29]։ «Los Angeles Times»-ից Քևին Թոմասը Քեյթին որակավորել է որպես «էկրանի վրա փայլատակող ջանասեր և հմուտ բրիտանական գեղեցկուհիներից մինը»[30]։ Ֆիլմն ԱՄՆ վարձույթներում հավաքեց ավելի քան 5 միլիոն. դոլար[31]։ Ինչպես նաև 1995 թ.-ին նա նկարահանվել է նաև «Ուրվականների տունը» ֆիլմում[32]։
1995 թ.-ին Բեքինսեյլն իր պրոֆեսիոնալիզմով փայլել է «Theatre Royal, Bath» թատրոնում ներկայացովող «Ճայը» բեմադրությունում «Նինայի» դերով։ Այդ բեմադրությունից հետո նա սկսեց հանդիպել իր խաղընկեր Մայքլ Շինի հետ։ «Նա բեմում նման է երիտասարդ առյուծի[33]։ Նա ամենատաղանդավոր անձն է, որին ես երբևէ տեսել եմ». ասել է դերասանուհին։ 1996 թ.-ի սկզբներին նա մասնակցություն ունեցավ ևս երկու պիեսի բեմադրությունում՝ «Սիրահարը» «Royal Court Theatre»-ում[34] և «Ժամացույցներ և սուլիչներ» «The Bush Theatre»-ում[35]։
Հաջորդիվ Բեքինսեյլը նկարահանվեց Յան Օստինի «Էմմա» վերանակարահանված ֆիլմում։ «Պարտադիր չէ, որ դուք սիրեք Էմմային։ Ինձ դուր էր գալիս նրա կերպարը, չհայած որ դեռահասի մոլեգին վարքը նյարդայնացնում էր ծնողներին։ Բայց չնայած այդ ամենին ես սիրում եմ իմ հերոսուհուն». ասել է դերասանուհին[28] Նկարահանվածը ցուցադրվեց 1996 թ.-ի աշնանը՝ ընդամենը մի քանի ամիս անց նույն սցենարով ու անունով ֆիլմի ցուցադրումից հետո, որի գլխավոր դերակատարը Գվինեթ Փելթրոուն էր[28]։ Քերին Ջեյմսը Նյու Յորք Թայմս ամսագրից նկատեց, որ Բեքինսեյլի Էմման ավելի ճշմարտանման էր ու զվարճալի՝ քան Գվինեթինը[36]։ Ջոնաթան Բրաունը «The Independent»-ից Բեքինսեյլի Էմմայի բեմադրման համար ասել է, որ սա ժամանակակից բեմադրման ամենամնայուն գործերից է[37]։
1997 թ.-ին նա նկարահանվեց «Խաբեություն» կինոկատակերգությունում, որը կոմերցիոն տեսակետից տարվա ամենաշահավետ բրիտանական ֆիլմերից մեկն էր[38][39]։ «Ես հենց նոր քաշել էի իմ իմաստության ատամը և դեռ հանգստացուցիչ դեղերի ազդեցության տակ էի, երբ այս ֆիլմի համար հարցազրույցի մտա։ Այնպես որ այնքան էլ հեշտ չէր այս ամենն ինձ համար». հիշում է դերասանուհին[40]։ Նույն թվականին նա մասնակցեց նաև «Ռոմեո և Ջուլիետ» ռադիո նախագծին, որի ռեժիսորը Մայքլ Շինն էր[41]։
Տեսնելով, որ Մայքլ Շինը տեղափոխվել է ԱՄՆ և դերեր է ստացել Բրոդվեյում, Բեքինսեյլը որոշեց նկարահանվել ամերիկյան ֆիլմերում։ Եվ այսպիսով նա հայտնվեց Նյու Յորքում[42]։ 1998 թ.-ին նա Խլոե Սևինիի հետ նկարահանվեց «Դիսկոյի վերջին օրերը» ֆիլմում։ Ուիթ Սթիլմանի ֆիլմն իր ուշադրությունը սևեռում է մի խումբ շրջանավարտների վրա, որոնք Մանհեթենի բեմի վրա միմյանց հետ հաղորդակցվում էին վաղ 1980-ականների դիսկոյի միջոցով։ Ամերիկյան առոգանություն օգտագործելու Բեքինսեյլի փորձերը շատ բարձր գնահատվեցին[43][44][45]։ Քենեթ Տուրանը «Los Angeles Times» նկատեց, որ Քեյթը «շատ գեղեցիկ է մարմնավորել» Շարլոտայի դերը[46]։ Թոդ Մակչարլին «Variety»-ից չնայած այն հանգամանքին, որ չէր տպավորվել ֆիլմով, նկատեց, որ Բեքինսեյլն իր սև շրջազգեստներով կարծես լրացնում էր ֆիլմի բացթողումները[47]։ Ֆիլմը համաշխարհային շուկայում վաստակեց 3 միլիոն. դոլար[48]։ Նույն թվականին նա մարմնավորեց Ալիսային «Channel 4» ստուդիայի «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմում[49]։
1999 թ.-ին Բեքինսեյլը Կլեր Դենսի հետ նկարահանվեց «Ավերված ամրոցը» ֆիլմում։ Դա մի դրամա էր երկու ամերիկացիների մասին, որոնք ստիպված էին գործ ունենալ Թայլանդի իրավապահ մարմինների հետ՝ արտասահմանում գործուղման ավարտի պահին։ Բեքինսեյլն այնտեղ մարմանավորում էր դեռահասի դեր[50]։ Դենսը հույս ուներ ընկերանալ Բեքինսեյլի հետ, բայց նկարահանման ժամանակ նա եկավ այն եզրակացության, որ վերջինս «բարդ» և «փշոտ» անձնավորություն է[51]։ ՄակՔարթին նկատեց, որ այս ֆիլմում երկու աչքի ընկնող դերասաններ կան՝ Բեքինսեյլը և Դենսը[52]։ Ի դեմս Բեքինսեյլի, նա ասել է, որ շատ հմտորեն է մարմնավորել բարդ ու հուզառատ կերպարին[53]։ Թովմասն ասել է, որ Բեքինսեյլը և Դենսը շատ տաղանդավոր երիտասարդ դերասանուհիներ են, որոնք ջանք չեն խնայել, որպեսզի թույլ զարգացրած սցենարի կերպարներին դարձնեն ավելի լավը[54]։ Բայց ֆիլմը կինովարձույթներում ձախողման ենթարկվեց[55]։
2000 թ.-ին Բեքինսեյլն իր դստեր ծննդից հետո նկարահանվեց «Ոսկե գավաթ» ֆիլմում։ Ֆիլմի սցենարը հիմնված էր Հենրի Ջեյմսի «Ոսկե գավաթ» վեպի սյուժեի վրա, իսկ ֆիլմում նկարահանվել են նաև Ումա Թուրմանը և Ջերեմի Նորթեմը[56]։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակեց 5 միլիոն դոլար[57]։
Բեքինսեյլը հայտնի դարձավ 2001 թվականին էպիկական պատերազմի մասին պատմող «Պեռլ Հարբոր» ֆիլմում՝ բուժքրոջ դերով, որի սիրտը երկու կես էր եղել երկու օդաչուների միջև։ Օդաչուների դերերը մարմնավորել են Բեն Աֆլեքը և Ջոշ Հարթնեթը։ «Ես վստահ չէի, որ նա կարող է ստանձնել գլխավոր դերը։ Առաջին անգամ նկարահանման փորձերին եկել էր սև տաբատով և ես մտածում էի, որ նա մի քիչ զզվելի է։ Նմանատիպ կանանց ավելի հեշտ կարելի է պատկերացնել վատ վարքի կանանց դերերում[58]։ Բայց վերջ ի վերջո ես որոշեցի վերցնել նրան, քանի որ նա շատ գեղեցիկ էր». ասել է ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը[59]։ Ռեժիսորի խնդրանքով Բեքինսեյլը նիհարել է ֆիլմի համար[60]։ 2004 թ.-ին իր հարցազրույցներից մեկում Քեյթը նշել էր[61], որ այդ օրը տաբատ էր հագել, քանի որ դրսում անձրև էր եկել[62]։ Ֆիլմը համաշխարհային կինովարձույթներում վաստակեց 449 միլիոն դոլար[63]։
Բեքինսեյլի հաջորդ ֆիլմը «Կանխազգացում» ռոմանտիկ կատակերգությունն էր, որտեղ նրա խաղընկերն էր Ջոն Քյուսաքը։ Ֆիլմը նկարահանվել է «Պերլ Հարբոր» ֆիլմից անմիջապես հետո և դա Բեքինսեյլի համար իրական օգնություն էր, որ նա կարողանա վերադառնալ իր համար սովորական ժանրերին[42] Ֆիլմը համաշխարհային կինովարձույթներում վաստակեց 77 միլիոն դոլար[64]։
2002 թ.-ին Բեքինսեյլը նկարահանվեց Լիզա Խալադենկոյի «Լորել Կանյոն» ֆիլմում։ Այս ֆիլմում ևս մի անգամ նրա խաղընկերը Քրիստիան Բեյլն էր։
Բեքինսեյլը որպես աստղ ճանաչվեց 2003 թ.-ին, երբ հանդես եկավ Սելին վամպիրուհու դերով «Ուրիշ աշխարհ» ֆիլմում։ Այս նոր դերը էապես տարբերվում էր դերասանուհու նախկին դերերից, որի համար նա շնորհակալ էր իր աշխատանքային տեմպի փոփոխումից[65]։ «Ես հոգնել էի ռոմանտիկ դերերից։ Իսկ այս ֆիլմն իրական մարտահրավեր էր ինձ, քանի որ ես մարմանավորելու էի էքշն հերոսուհու, իսկ ես իրական կյանքում չեմ կարող բռնել անգամ իմ վրա եկող գնդակը». հիշում է Բեքինսեյլը[66]։ Սկզբում ֆիլմի համար բացասական արձագանքներ եղան, բայց հետո ֆիլմը միանգամից դարձավ պաշտամունքային[67]։ Նույն թվականին դերասանուհին նկարահանվեց «Փոքրիկ մատներ» ֆիլմում։ Նրա խաղընկերներն էին Մեթյու Մակքոնահին և Գարի Օլդմենը[68]։
Բեքինսեյլը 2004 թ.-ին նկարահանվեց էքշն ժանրով սարսափ ֆիլմում՝ «Վան Հելսինգում»։ Դերասանուհին շատ էր զարմացել, որ 2 տարվա մեջ երկու էքշն ֆիլմերում մասնակցելու հնարավորություն ունեցավ։ «Դա ինձ համար միայն թվում էր որպես շատ լավ դեր». ասել է դերասանուհին[69]։ Բեքինսեյլի և Մայքլ Շինի հարաբերությունները վերջացել էին և դերասանուհին շատ բարձր գնահատեց այն ջերմ մթնոլորտը, որ տիրում էր նկարահանման հարթակում։ Այն հիմնականում ստեղծում էին ռեժիսոր Սթիվեն Սոմերսը և դերասան Հյու Ջեքմանը։ «Ես իսկապես գտնում էի, որ համատեղ աշխատանքն այնպիսի մարդկանց հետ, որպիսիք են Հյու Ջեքմանը և Սթիվեն Սոմերսը, ինձ թույլ տվեց հաղթահարել իմ ապրումները»[70]։ Ֆիլմը ԱՄՆ-ի կինովարձույթներում վաստակեց ավելի քանի 120 միլիոն դոլար, իսկ համաշխարհայինում՝ 300 միլիոն[71][72]։
Բացի այդ 2004 թ.-ին Բեքինսեյլը Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» կենսագրական ֆիլմում մարմնավորեց Ավա Գարդների դերը։ Սկորսեզեն նրան ուզում էր ընդգրկել իր ֆիլմում։ «Ես միշտ սիրել եմ նրան։ Տեսել եմ նրա բոլոր դերակատարումները և ուրախացա, երբ նա որոշեց մասնակցել ֆիլմի փորձերին»[73]։ Կինոքննադատները տարբեր կարծիք ունեին Բեքինսեյլի դերակատարման համար՝ մի մասը շատ գոհ էին[74], իսկ մնացածն էլ ասում էին, որ Ավա Գարդներն այնպիսին չի եղել, որպիսին մարմնավորել է դերասանուհին[75]։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակեց 213 միլիոն դոլար[76]։
2006 թ.-ին Բեքինսեյլը կրկին մարմնավորեց Սելենի դերը վամպիրների մասին պատմող երկրորդ՝ «Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա» ֆիլմում, որի ռեժիսորն իր ամուսինն էր[77]։ Դա առաջին ֆիլմն էր, որի ողջ ստեղծման պրոցեսը նա տեսավ[78]։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և համաշխարհային վարձույթում վաստակեց 111 միլիոն դոլար[79]։
Բեքինսեյլի հաջորդ ֆիլմը դա 2006 թ.-ին լույս տեսած «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» կատակերգությունն էր, որը պատմում էր մի հոգսաշատ ընտանիքի մասին, որի հայրը գտնում է մի հեռակառավարման վահանակ, որով կարող էր կառավարել ժամանակը։ Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում էր Ադամ Սենդլերը[80]։ «Այս ֆիլմում առաջինն ինձ գայթակղեց այն, որ ես պետք է մոր կերպար մարմնավորեի». հիշում է դերասանուհին[81]։ Ֆիլմը նաև հնարավորություն տվեց աշխատել Քրիստոֆեր Ուոքենի հետ։ Ֆիլմը շատ եկամտաբեր էր։ Նրա վրա ծախսվել էր ընդամենը 82.5 միլիոն դոլար, բայց այն համաշխարհային վարձույթում վաստակեց 237 միլիոն դոլար[82]։
Այնուհետև Բեքինսեյլը վերադարձավ փոքր նախագծերին։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ ես կարողացա իմ սովորական դերերից բացի մարմնավորել նաև այլ հերոսների։ Ես համաձայնվեցի մասնակցել «Ուրիշ աշխարհ» ֆիլմում, որ փոխեմ իմ դասական դերակատարումներս». ասել է դերասանուհին[83]։
2007 թ.-ին Բեքինսեյլը Սեմ Ռոքվելի հետ նկարահանվեց Ստյուարտ Օ'Նանի վեպի վրա հիմնված «Ձյունե հրեշտակներ» ֆիլմում։ Այս ֆիլմում Բեքինսեյլը մարմնավորում էր ընկճված, միայնակ մոր կերպար։ «Ես ուրախ եմ, որ ունեմ դուստր, ամուսին։ Շատ ուրախ եմ, երբ տուն եմ գալիս ու տեսնում սիրելի անձանց». ֆիլմի նկարահանումից հետո ասել է դերասանուհին[84]։ Փուիգն ասել է. «Բեքինսեյլն իր տարիների համար անում է անհնարինը»[85]։ Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակեց ընդամենը 414, 404 դոլար[86]։
Բացի այդ 2007 թ.-ին Բեքինսեյլը մասնակցեց նաև «Վականսիա զոհի համար» ֆիլմում։ Նրա խաղընկերն էր Լյուկ Ուիլսոնը։ Քեյթի հերոսուհու դերը սկզբում պետք է մարմնավորեր Սառա Ջեսիկա Փարկերը, բայց վերջինս դուրս մնաց մրցակցությունից[87]։ Ֆիլմը եկամտաբեր էր, և ընդամենը 19 միլիոն դոլար բյուջե ծախս ունենալով, այն համաշխարհային կինովարձույթում հավաքեց 35 միլիոն դոլար[88]։
2008 թ.-ին Բեքինսեյլը նկարահանվեց «Թռիչք կյանքի տևողությամբ» ֆիլմում, որը պատմում էր ահաբեկչական գործողությունց հետո փրկված մարդկանց մասին։ Քեյթը մարմնավորում էր բարի մատուցողուհու կերպար։ Նա միայնակ մայր էր։ Ֆիլմում Բեքինսեյլի խաղընկերներն էին Դակոտա Ֆանինգը, Ջենիֆեր Հադսոնը և Ֆորեսթ Ուայթաքերը։ «Դա շատ լավ փորձ էր ինձ համար։ Ֆիլմը շատ արագ նկարահանվեց՝ այսպես ասած կարծես մի թնդանոթային զարկի տակ». ինչպես ասել է դերասանուհին[84] Ֆիլմը ցուցադրվեց Լոս Անջելեսի և Նյու Յորքի շատ սահմանափակ կինոթատրոններում և միանգամից թողակվեց ֆիլմի DVD տարբերակը[89]։
2008 թ.-ին Բեքինսեյլը նաև նկարահանվեց «Ոչ մի բան ճշմարտությունից բացի» ֆիլմում։ Նա այնտեղ մարմնավորում էր լրագրողուհու կերպար։ «Ես մի որոշ ժամանակ եղա «LA Times»-ում և զրուցեցի լրագրողուհիների և Ջուդիտ Միլերի հետ, որպեսզի մոտիկից ծանոթանամ այդ մասնագիտությանը։ Ես, իրոք, ուսումնասիրեցի այդ մասնագիտությունը և իմ դերը փայլուն ստացվեց»,-ասել է Բեքինսեյլը[84] Դերասանուհին այս դերի համար ներկայացվել է «Critic's Choice Award» մրցանակի[90]։ Ֆիլմը չցուցադրվեց կինոթատրոններում, քանի որ այն նկարահանող ստուդիան հայտարարեց իր սնանկության մասին[91]։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակեց 186, 702 դոլար[92]։ «Ես աղոթում և աղոթում էի, որ ստուդիան չսնանկանա։ Սա արդեն իմ սիրված կինոստուդիաներից երկրորդն էր, որ սնանկանում էր». ասել է դերասանուհին[93]։
2009 թ.-ին Բեքինսեյլը նկարահանվեց կոմիքսների հիման վրա ստեղծված «Սպիտակ միգամածություն» ֆիլմում, մարմնավորելով ֆեդերալ մարշալ Քերրի Ստետկոյին, որին հանձնարարված էր հետաքննել Անտարկտիդայում կատարված սպանությունը։ Ֆիլմը նկարահանվել է Մանիտոբայում՝ Կանադա[94]։ Ֆիլմի էքշն դրվագները բավականին դյուրին էին համամատած «Ուրիշ աշխարհ» ֆիլմի հետ, քանի որ «երեք տաբատը և վերարկուն ավելի մեծ ազատություն է տալիս, քան լատեքսից կոստյումը»[94] Ֆիլմը անհաջողության էր դատապարտված և այն չկարողացավ անգամ հետ բերել իր վրա կատարած ներդրումները[95]։ Բեքինսեյլը նաև էպիզոդիկ դերով հանդես եկավ «Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը» ֆիլմում, բայց իրականում նրա մասնակցությամբ կադրերը վերցվել են 2003 թ.-ին նկարահանված «Ուրիշ աշխարհ» ֆիլմից[96]։
2009 թ.-ին Բեքինսեյլը նկարահանվեց նաև «Ամեն ինչ կարգին է» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Ռոբերտ Դե Նիրոն և Դրյու Բերիմորը։ Բեքինսեյլը շատ ուրախ էր, որ իրեն բախտ է վիճակվել նկարահանվելու Ռոբերտ Դե Նիրոյի հետ[94]։
2010 թ.-ին նա Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ էր՝ 9 ժյուրիներից մեկը[97]։ Իրեն հարմար դերեր չգտնելով, դերասանուհին 2010 և 2011 թվականներն անցկացրեց իր աղջկա հետ[14]։
2012 թ.-ին Բեքինսեյլը վերադարձավ կինոաշխարհ և միանգամից նկարահանվեց երեք ֆիլմում։ Նրա առաջին ֆիլմը «Կոնտրաբանդան» էր։ Նա մարմնավորում էր Մարկ Ուոլբերգի կերպարի կնոջ դերը։ Քեյթի կերպարի ամուսինը նախկին հանցագործ էր և ստիպված էր նորից հանցագործի կյանք վարել, քանի որ ընտանիքը սպառնալիքի տակ էր[98]։ 25 միլիոն դոլար ներդրումով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 82 միլիոն[99]։
Այնուհետև Բեքինսեյլը մարմնավորեց Սելինին վամպիրների մասին պատմող չորրորդ՝ «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» ֆիլմում[96] Հենց սկզբում ընդամենը երեք ֆիլմ էր պլանավորվում նկարահանել և Բեքինսեյլը չէր սպասում չորրորդ ֆիլմին։ Բայց ֆիլմի սցենարը շատ դուր եկավ Քեյթին, և նա համաձայնեց նկարահանվել[100]։ 70 միլիոն դոլար ներդրումով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 160 միլիոն դոլար[101]։ Այս ֆիլմը համարվեց ֆիլմաշարի ամենաքիչ եկամտաբեր ֆիլմը Քեյթ Բեքինսեյլի մասնակցությամբ[102]։
2012 թ.-ի օգոստոսին Բեքինսեյլը ներկայացավ «Հիշել ամենը» գիտաֆանտաստիկ ֆիլմով։ Ֆիլմի ռեժիսորը Բեքինսեյլի ամուսինն էր՝ Լեն Ուայզմանը։ Ֆիլմը վերանկարահանվել է և Բեքինսեյլը մարմնավորել է Լորիի դերը (բնօրինակում մարմնավորել էր Շերոն Սթոունը)[103]։
Բեքինսեյլը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս որպես մոդել։ 1997 թ.-ին նա հանդես եկավ Ջորջ Միշելի «Waltz Away Dreaming» երաժշտական տեսահոլովակում[48] Նա 2002 թ.-ին Օրլանդո Բլումի հետ միասին նկարահանվել է «Gap» գովազդային հեռուստատեսում[104]։ 2004 թ.-ին նա հանդես եկավ «Diet Coke» հեռուստաընկերության գովազդում[105][106]։ Նա 2009 թ.-ին գովազդել է «Absolut Vodka» օղին, որի դիզայներն էր Էլեն Վոն Ունվերտը[107][108]։ Նա նաև ճապոնական հեռուստատեսության համար գովազդել է «Lux» հեղուկ օճառը[109]։
2002 թ.-ին «Hello!»-ի կողմից նա արժանացավ «Անգլիայի թիվ մեկ գեղցկուհի» տիտղոսին[110] և 2008 թ.-ին «People Magazine's 100 Most Beautiful People» ամսագրում հայտնվեց 41-րդ տեղում[111]։ Շատ հրատարակություններ նրան դասում են աշխարհի ամենահրապուրիչ կանանց շարքը։ 2009 թ.-ին «Esquire» ամսագիրը նրան համարեց ամենահմայիչ կինը[112]։ 2009 թ.-ին «Maxim» ամսագրում «Թեժ 100»-ում զբաղեցրեց 22-րդ տեղը[113]։ «FHM» ամսագրում ամենահմայիչ կանանց ցուցակում 2008 թ.-ին 12-րդ տեղում էր[114], 2009 թ.-ին՝ 15-րդ[115], իսկ 2010 թ.-ին 41-րդ[116]։ Նա շատ հաճախ է հանդիպում «AskMen.com» կայքի էջերի 99 ամենացանկալի կանանց ցուցակում։ Նա 2008 թ.-ին 3-րդ տեղում էր[117], 2009 թ.-ին՝ 10-րդ[118], 2010 թ.-ին՝ 3-րդ[118], 2011 թ.-ին՝ 14-րդ[119], 2012 թ.-ին՝ 22-րդ[120]։
Բեքինսեյլն ութ տարի ընկերություն է արել դերասան Մայքլ Շինի հետ՝ 1995 թ.-ից մինչև 2003 թ.-ը։ Նրանք հանդիպել են 1995 թ.-ին "Ճայ" ֆիլմի նկարահանման ժամանակ կազմակերպված շրջագայությունում։ Դրանից հետո նրանք ապրել են համատեղ[121]։ «Դա սեր էր առաջին հայացքից[122]։ Նա փրկեց ինձ սպասվող հանցագործների հոգեբուժարանից». ասել է դերասանուհին[123]։ 1997 թ.-ին նրանք համատեղ մասնակցեցին «Ռոմեո և Ջուլիետ» ռադիոնախագծին[41]։ 1999 թ.-ին՝ Լոնդոնում, ծնվեց նրանց դուստրը՝ Լիլի Մո Շինը։
Նրանց հարաբերություներն ավարտվեցին 2003 թ.-ին՝ «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նկարահանման ավարտից հետո[124]։ Բեքինսեյլը ֆիլմի ռեժիսոր Ուայզմանին համոզեց, որ ֆիլմում նկարահանվի նաև Շինը[125], բայց նկարահանման հարթակում սիրահարվեց Ուայզմանին[126], որն ի դեպ այն ժամանակ ամուսնացած էր։ Բոլորը, բացի Ուայզմանի կնոջից, վստահ էին, որ ոչ մի դավաճանություն չի եղել[125] Բեքինսեյլը և Ուայզմանը մինչև հիմա էլ մտերիմ են Շինի հետ[127]։ «Մենք շատ բախտավոր ենք, որ մեր պառակտումը վատ հետևանքներ չունեցավ։ Մենք մինչև հիմա էլ շատ մտերիմ ենք ու մեր աղջիկը մեզ միասին է տեսնում[128]։ Շինը իմ ամենամտերիմ անձանցից մեկն է». ասել է Բեքինսեյլը[129]։ Իսկ Շինն ասել է, որ Բեքինսեյլը միշտ կլինի իր կյանքի ամենանշանավոր մարդկանցից մեկը[130]։ Նա դեռ իսկապես սիրում է Քեյթին և իր աղջկա Լիլիի հետ շատ է կապված[131]։
2003 թ.-ին Բեքինսեյլն իր աղջկա հետ տեղափոխվեց Բրենթվուդ՝ Լոնդոն, որպեսզի ապրի Ուայզմանի հետ[132]։ Բեքինսեյլը խելամիտ չի համարել մնալ Լոս Անջելոսում Ուայզմանի կարիերայի պատճառով[123] 2004 թ.-ին նրանք ամուսնացան Կալիֆորնիայի Բել Աիր հոթելում[133]։ Բեքինսեյլը չի պատրաստվում ևս մի երեխա ունենալ։ «Կարող է ժամանակ գա և ես մտափոխվեմ, բայց հիմա ինձ թվում է, որ ես ունեմ այն ամենն ինչ ուզում եմ։ Լիլին իդեալական երեխա է ինձ համար։ Ես իմ հորս ու մորս միակ զավակն եմ և գուցե դա է պատճառը, որ ես դեռ մտքեր չունեմ երեխա ունենալու»[134]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1975 | Զույգեր | Couples | երեխա (2 էպիզոդ) | |||
1991 | Հարմարանքներ և ցանկություններ | Devices and Desires | երիտասարդ Էլիս Մեյր «Episode #1.2» էպիզոդում | Սերիալ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Ջոն Դևիս | Ռոյ Մերսդեն, Սյուզաննա Յորq, Ջեմմա Ջոնս, Ջեյմս Ֆոլկներ, Թոնի Հեյգարտ |
1991 | Փառքի դահլիճ Hallmark-ը | Hallmark Hall of Fame | Բեյրբ Լինդելլ «One Against the Wind» էպիզոդում | Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Ջոն Դեյվիս | Ռոյ Մերսդեն, Սյուզաննա Յորք, Ջեմմա Ջոնս, Ջեյմս Ֆոլկներ, Թոնի Հեյգարտ |
1991 | Միայնակ ընդդեմ քամու | One Against the Wind | Բարբե Լինդել | Դրամա, Կենսագրական | Լերի Իլայկեն | Ջուդի Դևիս, Սեմ Նիլ, Էնթոնի Հիգինս, Քրիստիեն Էնհոլտ |
1992 | Ռեյչելի երազանքը | Rachel's Dream | Ռեյչել | Կարճամետրաժ, Ֆանտաստիկ | Վիվիան Ալբերտին | Քրիստոֆեր Էքլսթոն, Աննա Պատրիկ, Ռոբ Սպենդլավ |
1993 | Աննա Լի | Anna Lee: Headcase | Թեա Խան | Քրեական | Քոլին Բաքսի | Իմոջեն Ստաբբս, Ալան Հովարդ, Մայքլ Բրայանտ, Բարբարա Լի-Հանտ, Քեն Ստոթ |
1993 | Շատ աղմուկ ոչնչից | Much Ado About Nothing | Հերո | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Քենետ Բրենա | Քենետ Բրենա, Էմմա Թոմփսոն, Ռիչարդ Բրիրս, Կիանու Ռիվզ |
1994 | Յուտլանդիայի արքայազնը | Prince of Jutland | Էտել | Դրամա, Արկածային | Գաբրիել Աքսել | Քրիստիան Բեյլ, Հելեն Միրեն, Բրայան Կոքս, Սթիվեն Վեդինգտոն |
1995 | Ֆլամանդական տախտակ | Uncovered | Ջուլիա | Թրիլեր | Ջիմ ՄակԲրայդ | Ջոն Վուդ, Շինեդ Քյուսակ, Պոջ Բիեն, Փիթեր Ուինգֆիլդ |
1995 | Սառը ֆերմա | Cold Comfort Farm | Ֆլորա Պոուստ | Մելոդրամա, Կատակերգություն | Ջոն Շլեզինգեր | Այլին Էտկինս, Շիլա Բարել, Սթիվեն Ֆրայ, Ֆրեդի Ջոնս |
1995 | Մարիա-Լուիզա կամ թույլատվություն | Marie-Louise ou la permission | Մարիա Լուիզա | Մելոդրամա, Դրամա, Կատակերգություն | Մանուել Ֆիչ | Էրիկ Ռուֆ, Մարի Կարիես, Պասկալ Տերնիզեն, Յան Կոլեթ |
1995 | Ուրվականների տունը | Haunted | Քրիստինա Մարիել | Մելոդրամա, Դրամա, Ֆենտեզի, Դետեկտիվ | Լյուիս Գիլբերտ | Էյդան Քուին, Էնթոնի Էնդրյուս, Ջոն Գիլգուդ, Աննա Մեսի |
1996 | Էմմա | Emma | Էմմա Վուդխաս | Մելոդրամա, Կատակերգություն | Դյարմուիդ Լոուրենս | Բերնարդ Հեպտոն, Մարկ Ստրոնգ, Սամանտա Բոնդ, Ջեյմս Հեզելդայն |
1997 | Խաբեություն | Shooting Fish | Ջորջի | Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Ստեֆան Շվարց | Ռոուենա Կուպեր, Սքոթ Չարլզ, Անտոնիա Կորիգեն, Մայլս Անդերսոն, Ջեյն Լապոտեյր |
1998 | Դիսկոյի վերջին օրերը | The Last Days of Disco | Շարլոտտա Պինգրեսս | Մելոդրամա, Դրամա, Կատակերգություն, Երաժշտական | Ուիտ Սթիլլման | Խլոե Սևինի, Քրիս Այգեման, ՄակՔենզի Էսթին, Մեթ Կիսլար |
1998 | Ալիսան հայելիների աշխարհում | Alice Through the Looking Glass | Ալիսա | Ֆենտեզի, Ընտանեկան | Ջոն Հենդերսոն | Շարլոթա Կերլի, Պենելոպա Ուիլթոն, Ջեֆրի Պալմեր, Լուիզ Ջ. Թեյլոր |
1999 | Ավերված ամրոցը | Brokedown Palace | Դարլին Դեվիս | Դրամա, Թրիլեր, Դրամա | Ջոնաթան Կապլան | Կլեր Դենս, Բիլ Պուլման, Ժակլին Կիմ, Լու Դայմոնդ Ֆիլիպս |
2000 | Ոսկե գավաթ | The Golden Bowl | Մեգգի Վերվեր | Մելոդրամա, Դրամա | Ջեյմս Այվորի | Ջեյմս Ֆոքս, Անժելիկա Հյուսթոն, Նիկ Նոլտի, Ջերեմի Նորտեմ |
2001 | Պեռլ Հարբոր | Pearl Harbor | բուժքույր Էվելին Ջոնսոն | Մելոդրամա, Դրամա, Ռազմական | Մայքլ Բեյ | Բեն Աֆլեք, Ջոշ Հարթնեթ, Ջենիֆեր Գարներ, Ալեք Բոլդուին, Քյուբա Գուդինգ Կրտսեր |
2001 | Կանխազգացում | Serendipity | Սառա Թոմաս | Մելոդրամա, Ընտանեկան | Փիթեր Չելսոմ | Ջոն Քյուսաք, Ջերեմի Պիվեն, Բրիջետ Մոյնեհեն, Յուջին Լևի |
2002 | Լորել Կանյոն | Laurel Canyon | Ալեքս | Դրամա, Երաժշտական | Լիզա Հոլոդենկո | Ֆրենսիս ՄակԴորմանդ, Քրիստիան Բեյլ, Նատաշա ՄակԷլհոն, Ալեսանդրո Նիվոլա |
2003 | Փոքրիկ մատներ | Tiptoes | Քերոլ | Մելոդրամա, Դրամա, Կատակերգություն | Մեթյու Բրայտ | Մեթյու Մակքոնահի, Գարի Օլդմեն, Փիթեր Դինկլեյջ, Պատրիսիա Արկետ |
2003 | Ուրիշ աշխարհ | Underworld | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Թրիլեր | Լեն Ուայզման | Սքոթ Սպիդմեն, Մայքլ Շին, Բիլ Նայի, Շեյն Բրոլի |
2004 | Վան Հելսինգ | Van Helsing | Աննա Վալերիուս | Ֆենտեզի, Էքշն, Արկածային | Սթիվեն Սոմերս | Հյու Ջեքման, Ռիչարդ Ռոքսբուրգ, Ելենա Անայա, Ջոզի Մարան, Դևիդ Ուենեմ, Շուլեր Հենսլի |
2004 | Ավիատոր | The Aviator | Ավա Գարդներ | Դրամա, Կենսագրական | Մարտին Սկորսեզե | Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Բլանշետ, Գվեն Ստեֆանի, Ալեք Բոլդուին, Ջուդ Լոու, Մեթ Ռոս, Ջոն Քրիստոֆեր Ռայլի, Ալան Ալդա |
2006 | Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա | Underworld: Evolution | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Թրիլեր | Լեն Ուայզման | Սքոթ Սպիդմեն, Մայքլ Շին, Բիլ Նայի, Թոնի Կարան, Դերեկ Ջեքոբի |
2006 | Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար | Click | Դոննա Նյուման | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Փիլիսոփայական | Ֆրենկ Կորաչի | Ադամ Սենդլեր, Քրիստոֆեր Ուոքեն, Դևիդ Հասելխոֆ, Հենրի Ուինկլեր |
2007 | Ձյունե հրեշտակներ | Snow Angels | Էննի Մարշան | Մելոդրամա, Դրամա | Դեվիդ Գորդոն Գրին | Սեմ Ռոքուել, Մայքլ Անգարանո, Ժանեթա Արնեթ, Գրիֆին Դան |
2007 | Վականսիա զոհի համար | Vacancy | Էմի Ֆոքս | Սարսափ, Թրիլեր | Նիմրոդ Անտալ | Լյուկ Ուիլսոն, Ֆրենկ Ուեյլի, Իթեն Էմբրի, Սքոթ Ջ. Անդերսոն |
2008 | Թռիչք կյանքի տևողությամբ | Winged Creatures | Կարլա Դեվենպորդտ | Դրամա, Քրեական | Ռոուեն Վուդս | Ֆորեսթ Ուիթաքեր, Գայ Փիրս, Դակոտա Ֆանինգ, Ջին Տրիփլհորն |
2008 | Ոչ մի բան ճշմարտությունից բացի | Nothing But the Truth | Ռեյչել Արմստրոնգ | Թրիլեր, Դրամա | Ռոդ Լուրի | Մեթ Դիլոն, Վերա Ֆարմիգա, Դևիդ Շվիմեր, Անջելա Բասեթ |
2009 | Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը | Underworld: Rise of the Lycans | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Թրիլեր | Փաթրիկ Տոտոպուլոս | Ռոնա Միտրա, Մայքլ Շին, Բիլ Նայի, Սթիվեն Մակինտոշ, Քևին Գրևե |
2009 | Սպիտակ միգամածություն | Whiteout | ֆեդերալ մարշալ Քերրի Ստետկո | Մարտական, Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ | Դոմինիկ Սենա | Գեբրիել Մախտ, Թոմ Սկերիտ, Քոլամբուս Շորտ, Ալեքս Օ’Լոկլին |
2009 | Ամեն ինչ կարգին է | Everybody's Fine | Էմի | Դրամա | Կիրկ Ջոնս | Ռոբերտ Դե Նիրո, Դրյու Բերիմոր, Սեմ Ռոքուել, Լյուսիան Մայսել |
2012 | Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ | Underworld: Awakening | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Մարտական | Մոնս Մորլինդ Բյորն Ստեյն | Թեո Ջեյմս, Չարլզ Դենս, Սթիվեն Ռի, Մայքլ Իլի, Ինդիա Այլի |
2012 | Կոնտրաբանդա | Contraband | Քեյթ Ֆարրադեյ | Մարտական, Դրամա, Քրեական | Բալթազար Կոլմակուր | Մարկ Ուոլբերգ, Բեն Ֆոսթեր, Կալեբ Լենդրի Ջոնս, Ջովանի Ռիբիզի |
2012 | Հիշել ամենը | Total Recall | Լորի | Ֆանտաստիկա, Թրիլեր, Մարտական, Արկածային | Լեն Ուայզման | Քոլին Ֆարել, Ջեսիկա Բիլ, Բրայան Կրենսթոն, Բուկեմ Վուդբայն |
2013 | Քեյթ ՄաքԿալոխի նոր փորձը | The Trials of Cate McCullough | Քեյթ ՄաքԿալոխ | Դրամա | Կարեն Մոնկրիֆ | Նիկ Նոլտի, Ջեյմս Կրոմուել, Մարկ Պելեգրինո, Աննա Անիսիմովա |
2014 | Նզովյալների կացարանը | Stonehearst Asylum | Էլիզա Գրեյվս | Թրիլեր | Բրեդ Անդերսոն | Ջիմ Ստերջես, Բեն Քինգսլի, Դևիդ Տյուլիս, Մայքլ Քեյն |
2014 | Հրեշտակի դեմքը | The Face of an Angel | Սիմոնե Ֆորդ | Թրիլեր | Մայքլ Ուինտերբոտոմ | Դանիել Բրյուլ, Վալերիո Մաստադրեա, Կարա Դելևին, Ավա Ակրես |
2015 | Ամեն ինչ կարող եմ | Absolutely Anything | Քեթրին | Ֆանտաստիկա, Կատակերգություն | Տերի Ջոնս | Սայմոն Պեգ, Սանջիվ Բխասկար, Ռոբ Ռիգլ, Ռոբերտ Բաֆեստ |
2016 | Սեր և ընկերություն | Love and Friendship | լեդի Սուսան Վերնոն | Դրամա, Մելոդրամա | Ուիթ Ստիլման | Քլոե Սևինի, Զավիեր Սեմուել, Սթիվեն Ֆրայ, Էմմա Գրինվել |
2016 | Հիասթափությունների սենյակ | The Disappointments Room | Դանա | Թրիլեր, Դրամա | Դի Ջեյ Կարուզո | Միկայելա Կոնլին, Մարսիա Դե Ռուս, Մելիսա Իսթվուդ, Դունկան Ջոյներ |
2016 | Ուրիշ աշխարհ։ Հաջորդ սերունդը | Underworld 5 | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Թրիլեր | Աննա Ֆերստեր | Թեո Ջեյմս, Չառլզ Դենս, Լարա Պուլվեր, Բրեդլի Ջեյմս |
Թիվ | Մրցանակ | կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
1997 | Սիթջես Կատալոնական միջազգային կինոփառատոն | Լավագույն դերասանուհի | Խաբեություն | Հաղթանակ |
1999 | London Critics Circle Film Awards | Տարվա բրիտանական դերասանուհի | Դիսկոյի վերջին օրերը | Հաղթանակ |
2001 | Ոսկե ազնվամորի | Վատագույն էկրանային զույգ (Բեն Աֆլեքի հետ) | Պերլ Հարբոր | Նոմինացիա |
2002 | Սատուրն մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Կանխազգացում | Նոմինացիա |
2004 | Սատուրն մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Ուրիշ աշխարհ | Նոմինացիա |
2004 | MTV կինոմրցանակաբաշխություն | Լավագույն տրանս-ատլանտյան դերակատարում | Նոմինացիա | |
2005 | Screen Actors Guild Awards | Լավագույն դերակատարում ֆիլմերում | Ավիատոր | Նոմինացիա |
2005 | People's Choice Awards | Էքշն ֆիլմերի լավագույն սիրված դերասանուհի | Նոմինացիա | |
2006 | MTV կինոմրցանակաբաշխություն | Լավագույն հերոս | Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա | Նոմինացիա |
2006 | People's Choice Awards | Էքշն ֆիլմերի լավագույն սիրված դերասանուհի | Նոմինացիա | |
2008 | Broadcast Film Critics Association Award | Լավագույն դերասանուհի | Ոչ մի բան ճշմարտությունից բացի | Նոմինացիա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.