From Wikipedia, the free encyclopedia
Վլադիսլավ Ալեքսանդրովիչ Տրետյակ (ռուս.՝ Владисла́в Алекса́ндрович Третья́к, ապրիլի 25, 1952[2][3], Օրուդևո (գյուղ, Դմիտրովսկի շրջան), Dmitrovsky District, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր հոկեյիստ[4][5], դարպասապահ, մարզիչ, պետական և քաղաքական գործիչ։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից VI գումարման Պետական Դումայի պատգամավոր, Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ։ 2006 թվականից Ռուսաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ։ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի պահեստազորի գնդապետ։
Վլադիսլավ Տրետյակ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մականուն(ներ)՝ | «Ռուսական պատ» |
Ազգություն՝ | Ռուս |
Մասնագիտացում՝ | տափօղակով հոկեյ |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1952 թվական ապրիլի 25 |
Ծննդավայր՝ | ԽՍՀՄ, Մոսկվայի մարզ, Դմիտրովսկի շրջան, գյուղ Օրուդյևո |
Ակումբ՝ | «ԲԿՄԱ» |
Հասակ՝ | 185 սանտիմետր |
Քաշ՝ | 79 կիլոգրամ |
1969 թվականից մինչև 1984 թվականն ընկած ժամանակաշրջանում պաշտպանել է ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ-ի հավաքականի դարպասները։ ԽՍՀՄ առաջնության խաղերում խաղացել է 482 մրցախաղ, աշխարհի առաջնությունների և Օլիմպիական խաղերում՝ 117 մրցախաղ, Կանադայի գավաթի մրցաշարում՝ 11 մրցախաղ։
Հանդիսանում էր Պետական Դումայի IV և V գումարման պատգամավոր՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։
Վլադիսլավ Տրետյակը սպորտային երեխա էր մեծանում։ Ավագ եղբոր օրինակով փորձել է զբաղվել լողով («Դինամո» լողավազանում), այնուհետև հրապուրվել է ջրացատկով (ցատկել է հինգ մետրանոց աշտարակից)։ Յուրաքանչյուր կիրակի, ծնողների հետ, այցելում էր Գորկու անվան զբոսայգու սահադաշտ։
Հոկեյով սկսել է զբաղվել 11 տարեկանից, ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ նրան բերել էր մայրը։ Մարզիչները, թեկնածուներ ընտրելիս, փորձում էին հետընթաց սահման ունակությունը (այդ վարժանքին Վլադիսլավը լավ էր տիրապետում)։ Նա հայտնվում է մոսկովյան ակումբի ընտրվածների քառյակում։ Սկզբնական շրջանում Տրետյակը խաղում էր հարձակման գծում, սակայն նրան հուզում էր մարզահագուստի բացակայությունը, որը ոչ բոլորին էր բավականացնում։ Այդ ժամանակ թիմում չկար դարպասապահ։ Նա մոտանում է մարզիչ Վիտալի Գեորգիևիչ Երֆիլովին և ասում, որ եթե նրան տան իսկական մարզահագուստ, ապա նա դարպասապահ կլինի։
Դրա հետ միասին, հայրը հավանություն չէր տալիս տղայի ընտրությանը և ասում, որ մականով հոկեյիստը նման է ցախավելով դռնապանին։ Տղայի հրապուրանքի հետ վերջնականապես հաշտվում է, երբ որդին արդեն 15-16 տարեկան էր։ Այդ ժամանակ Վլադիսլավը սկսեց տուն բերել առաջին գումարները, որը նրան տալիս էին մրցախաղերի համար[6]։
1967 թվականի ամռանը երիտասարդ դարպասապահով սկսեց հետաքրքրվել ԲԿՄԱ-ի մարզիչ Անատոլի Տարասովը։ Տրետյակը սկսում է մարզվել պրոֆեսիոնալ մարզիկների հետ։ «Ես հպարտ էի նրանով, որ ապրում էի Պեսչաննի փողոցի ԲԿՄԱ-ի պանսիոնատում, որ ինձ թույլ են տալիս զգեստափոխվել ականավոր հակեյիստների հետ միևնույն հանդերձարանում», - գրում էր Տրետյակը[7]։ Հուլիսի կեսերին թիմը մեկնում է հարավ և Վլադիսլավը վերադառնում է պատանեկան ակումբ։
Իր թիմի հետ միասին Տրետյակը դառնում է Մոսկվայի չեմպիոն՝ ստանալով լավագույն դարպասապահի մրցանակը։ Մինչ այդ, Եվրոպայի առաջնությունում, ԽՍՀՄ պատանեկան հավաքականը, որտեղ Վլադիսլավը երկրորդ դարպասապահն էր, զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մրցելույթը համարվում է անհաջող։ Սակայն, մեկ տարի անց, Գարմիշ Պարտենկիրխենում, ԽՍՀՄ հավաքականը հաջողության է հասնում։
Խաղում էր «20» համարի մարզահագուստով[8]։
1968-1969 թվականների մրցաշրջանում իր նորամուտն է նշում ԲԿՄԱ-ի կազմում՝ խաղալով «Սպարտակ»-ի դեմ մրցախաղում։
Հավաքականի կազմում առաջին ելույթը կայանում է 1969 թվականին, Ֆինլանդիայի դեմ մրցախաղում՝ ««Իզվեստիա» («Известия») թերթի գավաթ» մրցաշարում։
1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ընդգրկվոմ է ԽՍՀՄ հավաքականի կազմում, որտեղ առաջին անգամ դառնում է աշխարհի չեմպիոն։ 1971 թվականից համարվում է հավաքականի հիմնական դարպասապահ։
1971 թվականի Շվեյցարիայի աշխարհի առաջնությունը հիշվում է Անատոլի Տարասովի ոչ ստանդարտ քայլով։ Շվեդիայի հավաքականի հետ մրցաշարի եզրափակիչ խաղի ժամանակ, երբ հաշիվը 1:2 էր հօգուտ վերջիններիս, ցանկանալով խրախուսել թիմին, նա սկսում է երգել «Սև ագռավ» («Чёрный ворон») երգը։ Արդյունքում, դա ազդեցություն է ունենում խաղացողների տրամադրվածության վրա և խաղը ավարտվում է 6:3 հաշվով՝ հօգուտ ԽՍՀՄ հավաքականի, իսկ Տրետյակը երկրորդ անգամ դառնում է աշխարհի չեմպիոն[9]։
1972 թվականին առաջին անգամ դառնում է օլիմպիական չեմպիոն՝ մասնակցելով բոլոր խաղերին և ամենաքիչ տափօղակը բաց թողնելով հոկեյի մրցաշարում։ Այդ պահին նա ամենաերիտասարդ հոկեյիստ օլիմպիական չեմպիոնն էր[10]։
1972 թվականի գարնանը նվաճում է աշխարհի առաջնության արծաթը։
1972 թվականի աշնանը մասնակցություն է ունենում Սուպերսերիա-72-ում։ Այս մրցաշարի առաջին խաղը՝ 1972 թվականի սեպտեմբերի 2, Տրետյակը համարում է լավագույններից մեկը իր կարիերայի ընթացքում[11]։
1974 թվականին մասնակցում է Հոկեյի Համաշխարհային Ասոցիացիայի դեմ սուպերսերիային, որում ԽՍՀՄ հավաքականը հաղթանակ է տոնում։
1975 թվականի դեկտեմբերի 31-ին անց է կացնում ևս մեկ հիշարժան հանդիպում՝ «Մոնրեալ Կանադիենս» թիմի դեմ։ Ինչպես հետագայում խոստովանում է Գի Լեֆլերը, «ոչ մինչ այդ, ոչ էլ այդ հանդիպումից հետո, չի հաջողվել տեսնել, որ դարպասապահը այդքան հաջող գործի»[12]։
ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ է 1976 թվականից։
1976 թվականին Տրետյակին է վստահվում տանել երկրի հավաքականի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Իսկ խաղերի արդյունքում նա երկրորդ անգամ դառնում է Օլիմպիական խաղերի հաղթող։ Մրցաշարից առաջ, մասնագետները նախապես հաղթանակը շնորհում էին ԽՍՀՄ հավաքականին։ Սակայն մրցաշարը հավաքականի համար թեթև զբոսանք չէր։ Չնայած, որ մրցաշարի բոլոր վեց մրցախաղերում հաղթանակ է տոնվում ակնհայտ առավելութամբ, սակայն դրանք աշխատանքային հաղթանակներ էին։ Ամենալարված մրցախաղը անց է կացվում 1976 թվականի փետրվարի 14-ին՝ Չեխոսլովակիայի հավաքականի դեմ։ Արդեն առաջին մրցափուլում ԽՍՀՄ հավաքականի բաց է թողնում երկու տափօղակ, իսկ այնուհետև ստիպված էին երկու րոպե երեքով խաղալ հինգ մրցակցի դեմ։ Այնուամենայնիվ, հավաքականը դիմանում է և մրցախաղը շահում է 4:3 հաշվով[9]։ Մյուս բոլոր խաղերում նույնպես հաղթանակներ են տոնվում, որը և թույլ է տալիս հավաքականին դառնալ օլիմպիական մրցաշարի անվերապահ հաղթող։
1980 թվականին, Լեյք Փլեսիդի Օլիմպիական խաղերին, ԽՍՀՄ հավաքականը անսպասելիորեն սայթաքում է։ Մրցաշարի ավարտից մեկ փուլ առաջ նա պարտություն է կրում ԱՄՆ-ի ուսանողական հավաքականից։ Այդ խաղում, առաջին խաղափուլի ավարտից մի քանի վայրկյան առաջ, Կրիստենի հեռահար (կարմիր գծից հետ) նետումից հետո, Տրետյակը տափօղակը ետ է մղում իր առջև։ Լավագույն ամերիկյան հարձակվող Մարկ Ջոնսոնը անցնում է երկու խորհրդային պաշտպանների միջով, շրջանցում է Տրետյակին և գոլ է խփում խաղափուլի ավարտից մեկ վայրկյան առաջ։ ԽՍՀՄ հավաքականը հեռանում է հանդերձարան, իսկ մարզիչները փորձում են ապացուցել, որ գոլը խփվել է խաղափուլի ավարտից հետո։ Գոլը հաշվվում է և թիմերը ստիպված են լինում խաղալ մնացած մեկ վայրկյանը։ Նետման համար ԽՍՀՄ հավաքականից վերադառնում են երեք խաղացող և երկրորդ դարպասապահ Վլադիմիր Միշկինը։
Ի զարմանս բոլոր ներկա գտնվողների, երկրորդ խաղափուլին հենց նա է մնում դարպասում։ Հետագայում հավաքականի մարզիչ Վիկտոր Տիխոնովը կասի. «Ես, ցավոք, լսեցի նրանց, ովքեր ինձ խորհուրդ էին տալիս առաջին խաղափուլի վերջին րոպեին Վլադիսլավ Տրետյակի սխալից հետո նրան փոխարինել Վլադիմիր Միշկինով։ Հետո ես նրանից ներողություն եմ խնդրել»։ Այնուամենայնիվ, առաջին տափօղակի բաց թողնելուց հետո, ABC-ի մեկնաբանները նշում էին, որ Տրետյակը այս մրցաշարում լավագույն մարզավիճակում չէ։ Մրցաշարի արդյունքում, վեց լավագույն հավաքականների դարպասապահների միջև, նա ուներ հետ մղված նետումների ամենացածր տոկոսը՝ 84% (42-ը 50 նետումներից)[13]։
Հաջորդ երկու խաղափուլի ընթացքում, հավաքականին, ուղղել դրությունը չհաջողվեց։ Նրանք խփեցին մեկ տափօղակ՝ փոխարենը բաց թողնելով ևս երկուսը։ Խաղն ավարտվում է 3:4 հաշվով և հոկեյի պատմության մեջ է մտնում որպես «հրաշք սառցադաշտում»։
1981 թվականին՝ հաղթանակ Կանադայի Գավաթում։
1984 թվականի փետրվարին նա երրորդ անգամ դառնում է Օլիմպիական խաղերի հաղթող՝ ոսկե մեդալներ շահելով Սարաևոյում անց կացվող հոկեյի մրցաշարում։ Մրցաշարում անց է կացնում վեց խաղ, բաց է թողնում հինգ տափօղակ։ Նորից հավաքականի հիմնական մրցակիցն է հանդիսանում Չեխոսլովակիայի հավաքականը, որի հետ ԽՍՀՄ հավաքականը հանդիպում է մրցաշարի եզրափակիչ խաղում։ Խաղը լարված ընթացք է ունենում, սակայն անցնում է հիմնականում ԽՍՀՄ հավաքականի թելադրանքով։ Հաղթանակ է տոնվում 2:0 հաշվով, իսկ Տրետյակը անց է կացնում «չոր» խաղ։ Միաժամանակ սահմանվում է նոր ռեկորդ՝ առաջին անգամ հոկեյի դարպասապահը դառնում է Օլիմպիական խաղերի եռակի հաղթող։
1980-ական թվականների Կանադայի հավաքականի մարզիչ Դեյվ Քինգը այսպես է արտահայտվում Տրետյակի խաղի մասին. «Ես տեսել եմ լավ դարպասապահներ։ Տեսել եմ հիանալիների։ Բայց չեմ տեսել դարպասապահ, բացի Տրետյակից, որը լավ մարզավիճակում լինի միշտ։ Ցանկացած մեկ ուրիշը՝ այդքան հուսալի պաշտպանության դեպքում, ինչպիսին տիրապետում են ռուսները, «կլողար»... Վլադիսլավը միշտ պատրաստ է հակահարձակմանը։ Թեկուզ, լինում է, որ 7-8 րոպե ձեր դարպասին նետում չի կատարվում։ Դրանից հետո Տրետյակը հետ է մղում երեք անընդմեջ նետում։ Դա անհավանական էր թվում։ Երկրորդ այդպիսի դարպասապահ չկա»[14]։
1984 թվականի դեկտեմբերի 22-ին Տրետյակը վերջին անգամ դուրս է գալիս սահադաշտ։ Տրետյակը հոկեյից հեռանում է լոկ 32 տարեկան հասակում, քանի որ ցանկանում էր ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։ Նա խնդրում է Տիխոնովին, որ թիմի տրամադրության տակ լինի խաղից մեկ օր առաջ, սակայն Տիխոնովը համարում է, որ դա կխախտի կարգապահությունը և մերժում է Տրետյակին[15]։
1984-1986 թվականներին՝ ԲԿՄԱ-ի միջազգային բաժնի աշխատակից։ 1986 թվականից սպորտային խաղերի բաժնի վարիչի տեղակալ։ 1980-ական թվականների երկրորդ կեսին առաջին անգամ ընտրվում է Մոսխորհրդի պատգամավոր։
1990-ական թվականներին աշխատում է կանադական խոշոր «Bombardier» ընկերությունում։ 1998 թվականին հիմնադրում է ոչ-առևտրային մարզական կազմակերպություն՝ «Վլադիսլավ Տրետյակի միջազգային մարզական ակադեմիա» ֆոնդը։
1990-ական թվականների սկզբին ընդունում է Հոկեյի Ազգային Լիգայի «Չիկագո Բուլս» թիմի դարպասապահների մարզիչ դառնալու առաջարկը։ Աշխատելով Էդ Բալֆորի հետ, նա օգնում է վերջինիս բարձրացնելու խաղային մակարդակը։ 1990-1991 թվականների մրցաշրջանի ավարտին Բելֆորը ստանում է «Վեզինա Տրոֆի» մրցանակը։ 1992-1993 մրցաշրջանում Բելֆորը ստանում է իր երկրորդ մրցանակը։
2000 թվականին Ռուսաստանի Նախագահի հրավերով մտնում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով Նախագահական Խորհրդի կազմի մեջ։
1998 և 2002 թվականներին մտնում է Ռուսաստանի հավաքականի մարզչական խորհրդի մեջ, որը արծաթե (Նագանո) և բրոնզե (Սոլթ Լեյք Սիթի) մեդալներ է նվաճում ձմեռային Օլիմպիական խաղերում։ 2004 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ մտնում էր հավաքականի մարզչական խորհրդի մեջ[16]։
2003 թվականի դեկտեմբերին[17] ընտրվում է Պետական Դումայի IV գումարման պատգամավոր՝ № 158 ընտրական տեղամասից (Սարատովի շրջան, Սարատովի տեղամաս), գլխավորում է Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովը[18]։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից պատգամավոր է վերընտրվում V գումարման Պետական Դումայում։ Հանդիսանում էր Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 2011 թվականի դեկտեմբերին, «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից, ընտրվել է Պետական Դումայի VI գումարման պատգամավոր։ Մտնում է այդ կուսակցության դումայական ֆրակցիայի մեջ։
1999 թվականին պարգևատրվում է «Հասարակական ճանաչում» պատվավոր կոչումով, որը հանձնվում է քաղաքացիներին բարձր հասարակական օգտակար գործունեության համար։
2005 թվականին ստորագրում է «Ի պաշտպանություն ՅուԿՈՍի նախկին ղեկավարների դատավճռի» նամակը[19]։ 2011 թվականին ստորագրում է «Հասարակության ներկայացուցիչներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի նկատմամբ լրատվական վստահության խախտման» դիմումը։
2006 թվականի ապրիլին ընտրվում է Ռուսաստանի Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հինգերորդ նախագահ[20]։
2010 թվականի հուլիսի 26-ից հանդիսանում է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու մշակույթի հարցերով Պատրիարքական Խորհրդի անդամ[21]։
2011 թվականից, Բորիս Միխայլովի, Վլադիմիր Պետրովի, Գեորգի Պոլտավչենկոյի, Սերգեյ Եգորովի և Արթուր Չիլինգարովի հետ մտնում է տափօղակով հոկեյի «Arctic Cup» միջազգային մրցաշարի հոգաբարձուական խորհրդի կազմի մեջ։
2014 թվականի փետրվարի 7-ին, Իրինա Ռոդնինայի հետ միասին, վառել է Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողության Օլիմպիական կրակը։
Մոսկվայի Անգլիական Ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Մշտական բնակություն է հաստատել մերձմոսկովյան Զագորյանսկի ավանում։
Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | Խաղ | Ժամանակ (րոպե) | Բաց թողնված տափօղակ | Միջինը խաղում |
---|---|---|---|---|---|---|
1968-1969 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 3 | 180 | 2 | 0,67 |
1969-1970 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 34 | 2040 | 76 | 2,24 |
1970-1971 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 40 | 2400 | 81 | 2,03 |
1971-1972 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 30 | 1800 | 78 | 2,60 |
1972-1973 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 30 | 1800 | 80 | 2,67 |
1973-1974 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 27 | 1620 | 94 | 3,48 |
1974-1975 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 35 | 2100 | 104 | 2,97 |
1975-1976 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 33 | 1980 | 100 | 3,03 |
1976-1977 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 35 | 2100 | 98 | 2,80 |
1977-1978 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 29 | 1740 | 72 | 2,48 |
1978-1979 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 40 | 2400 | 111 | 2,78 |
1979-1980 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 36 | 2160 | 85 | 2,36 |
1980-1981 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 18 | 1080 | 32 | 1,78 |
1981-1982 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 41 | 2460 | 65 | 1,59 |
1982-1983 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 29 | 1740 | 40 | 1,38 |
1983-1984 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 22 | 1320 | 40 | 1,82 |
Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2011 թվական նոյեմբերի 23) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ավանդի և երկարատև բարեխիղճ աշխատանքի համար[30]։ Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2007 թվական օգոստոսի 6) - 2014 թվականին Սոչիում XXII Ձմեռային Օլիմպիական և XI Պարաօլիմպիական խաղերի անցկացման իրավունքի հայտի հաղթանակի ապահովման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար[31]։
Ռուսական «Լեգենդ համար 17» («Легенда номер 17») ֆիլմում Վ. Տրետյակի դերը մարմնավորել է Ալեքսանդր Պախոմովը, իսկ «Հոկեյի խաղեր» («Хоккейные игры») ֆիլմում՝ Անդրեյ Վորոշիլովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.