Սևիլյա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սևիլյա (իսպ.՝ Sevilla [seˈβiʎa]), քաղաք Իսպանիայի հարավում, Անդալուսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքը[2] և խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Գվադալկիվիր գետի ափին՝ Ատլանտյան օվկիանոսից 80 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակիչներին կոչում են սևիլյանոս (իսպ.՝ sevillanas) կամ իսպելենսես (իսպ.՝ hispalenses), քանի որ հռոմեացիները քաղաքը կոչել են Իսպալիս։ 2011 թվականին Սևիլյա քաղաքի բնակչությունը մոտ 703.000 էր, իսկ արվարձանների հետ՝ 1,5 միլիոն։ Այդ ցուցանիշներով Սևիլյան 4-րդն է Իսպանիայում և 30-րդը Եվրոպական Միությունում։ Սևիլյայում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ՝ Ալկասարի պալատական համալիրը, Տաճարը և Ինդիաների գլխավոր արխիվը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սևիլյա | |||||
Sevilla | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Անդալուսիա | ||||
Մարզ | Սևիլյա (մարզ) | ||||
Գլխավոր կոնսուլ | Խուան Իգնասիո Զոյդո Ալվարես | ||||
Մակերես | 140,8[1] կմ² | ||||
ԲԾՄ | 18 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 704․198 մարդ (2010) | ||||
Խտություն | 5002.93 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Իսպանացիներ | ||||
Կրոնական կազմ | Հռոմի կաթոլիկ եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | Իսպանացի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +34 91 | ||||
Փոստային դասիչ | 41001-41080 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SE | ||||
Պաշտոնական կայք | sevilla.org | ||||
| |||||
Սևիլյան հիմնվել է հռոմեական Իսպալիս քաղաքի տեղում և 712 թվականի արաբական նվաճումներից հետո հայտնի է եղել որպես Իշբիլիա[3] (արաբ․՝ إشبيلية)։ Արաբական տիրապետության շրջանում (711-1492) Սևիլյան պատկանում էր Կորդովայի ամիրայությանը (750-929), Կորդովայի խալիֆայությանը (929-1031), անկախությունից հետո մտավ Սևիլյայի տայֆայի մեջ։ Հետագայում այն գրավել են բերբերական Ալմորավիների (1085-1172) ու Ալ-Մոհադների (1172-1248) պետությունների կողմից։ Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ի զորքերը ազատագրել են Սևիլյան 1248 թվականին[4]։ Ամերիկայի հայտնաբերումից հետո քաղաքը դարձավ Իսպանիայի կայսրության տնտեսական կենտրոններից մեկը. նրա նավահանգիստը միջօվկիանոսային առևտրային հիմնական կենտրոնն էր Իսպանիայի ոսկե դարաշրջանում։ 1519 թվականին Ֆեռնան Մագելանը այստեղից է սկսել իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
20-րդ դարում Սևիլյան ականատես եղավ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի արհավիրքներին։ Այս ժամանակաշրջանում անցկացվեցին մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ Իբերո-Ամերիկյան ցուցահանդես 1929-ը և Էքսպո 92-ը։ Նույն տարում Սևիլյան ընտրվեց Անդալուսիայի մայրաքաղաք։ Արաբ պատմիչ Ալ Սակունդը ասել է, որ «Ով չի եղել Սևիլյայում, չի տեսել հրաշքը», և նրա այդ խոսքերը դարձել են առած[5]։
Քաղաքի 2014 թվականի բյուջեն կազմել է 915 294 653 €[6]:
Սպալը Սևիլյայի ամենահին անվանումներից է։ Այն գալիս է փյունիկիացիների կողմից Տարտեսոսի գաղութացման ժամանակներից, որը գտնվում էր Իբերիայի հարավ-արևմուտքում։ Ըստ Մանուել Պելիցեր Կատալոնացու՝ այն փյունիկերեն նշանակում էր ցածր երկիր[7][8]։ Հռոմեական ժամանակաշրջանում քաղաքը անվանեցին Իսպալիս։ Մուսուլմանների նվաճումից հետո քաղաքը անվանեցին Իշբիլիա (արաբ․՝ أشبيليّة)։ Այնուհետև քրիստոնեական թագավորության կողմից քաղաքը ստացավ իր ներկայիս անվանումը։
«NO8DO»-ն Սևիլյայի պաշտոնական կարգախոսն է։ Այն իսպաներեն "No me ha dejado" արտահայտության ռեբուսն է, նշանակում է «Սևիլյան չի լքել ինձ», մեջտեղի ութ թիվը խորհրդանշում է բրդե ութաձև կծիկ։ Ավանդույթը ասում է, որ այս կարգախոսը տրվել է Ալֆոնսո X թագավորի կողմից[9][10], ով ապրել է քաղաքում իր Ալկասար դղյակում և պաշտպանել է քաղաքի բնակչությանը իր որդուց՝ Սանչո IV-ից, ով փորձում էր գահընկեց անել իր հորը։ Իրականում կարգախոսն ունի լատինական ծագում, ինչը լատիներեն կարելի է թարգմանել որպես հանուն Աստծու, սակայն ազգաբնակչությունն այնքան էր հավատում այժմյան ռեբուսին, որ լատիներեն տարբերակն անցել է երկրորդ պլան[11]։
Սևիլյան ունի մոտ 2200 տարվա պատմություն։ Տարբեր քաղաքակրթությունների միաձուլումը քաղաքին տվել են յուրահատուկ տեսք և քաղաքը դարձրել տարածաշրջանի պատմական և մշակութային կենտրոններից մեկը։
Ըստ դիցաբանության՝ քաղաքը հիմնել է Հերկուլեսը, ով նաև փյունիկյան աստված Մելքարտի հետ է նույնացվում։ Ըստ ավանդույթի՝ նա անցել է Ջիբրալթարի նեղուցը և հիմնադրել է առևտրային բնակավայրեր, այդ թվում՝ Կադիսի և Սևիլյայի տարածքում[12]։
Քաղաքը հիշվում է հռոմեական ժամանակներից որպես Իսպալիս[13]։ Կարևոր հնագիտական նմուշներ դեռևս պահպանվում են քաղաքի արվարձաններում։
Հռոմեական մշակույթի նմուշներից են Մարմոլես փողոցի տաճարը, Լա Ալամեդա սյուները, ստորգետնյա կոյուղին և այլն։ Քաղաքի պարիսպները կառուցվել են Հուլիոս Կեսարի օրոք, բայց նրանք վերականգնվել են արաբական տիրապետության ժամանակ[13][14]։
Մնալով հռոմեական տիրապետության տակ՝ քաղաքը հետագայում զավթել են վանդալները և վեստգոթերը` հինգերորդ և վեցերորդ դարերում։
712 թվականին Սևիլյան զավթեցին արաբական զորքերը[15][16], որոնք ներխուժել էին Հյուսիսային Աֆրիկայից։ Քաղաքի գրավումից հետո հռոմեական «Իսպալիս» անվանումը փոխվեց Իշբիլիյա (إشبيلية)[17]: Սևիլյայում հաստատվեցին մեծաքանակ արաբներ ու բերբերներ։
11-րդ դարի վերջում և 12-րդ դարի կեսերին տայֆաները միացան Ալ-Մորավիներին և Ալ-Մորավիների պետության անկումից հետո քաղաքը անցավ Ալ-Մոհադներին[18] :
Արաբական մշակութային ժառանգությունը մինչև այժմ մնում է քաղաքում, պահպանվել են նաև շատ սովորույթներ։ Մուսուլմանական ճարտարապետության շատ շինություններ կառուցվել են իսլամական մուդեխար ոճով[19]։ Աչքի են ընկնում Պատիո դել Յասոն (Patio del Yeso) Ալկասարում, քաղաքի պարիսպները, Խիրալդայի հիմնական հատվածը, Սևիլյայի տաճարի զանգակատունը[20][21][22]։
1247 թվականին Կաստիլիայի և Լեոնի քրիստոնյա թագավոր Ֆերդինանդ III-ը սկսեց Անդալուսիայի արշավանքը։ Խաենի և Կորդովայի գրավումից հետո նա զավթեց քաղաքի մոտակա գյուղերը և մոտ 15 ամիս պաշարեց Սևիլյան։ Վճռական գործողությունները սկսվեցին 1248 թվականի մայիսին, երբ Ռամոն Բոնիֆասը Գվադալկիվիր գետի հոսանքով հասավ Տիրանա կամուրջ և ներխուժեց քաղաք։ Քաղաքը հանձնվեց 1248 թվականի նոյեմբերի 23-ին[23]։
Քաղաքի զարգացումը շարունակվեց նաև երբ Կաստիլիայի թագավորը նվաճեց այն։ Կառուցվեցին հասարակական շատ շինություններ, այդ թվում եկեղեցիներ, որոնցից շատերը կառուցվեցիյն մուդեխար ոճով, 15-րդ դարում կառուցվեց նաև Սևիլյայի տաճարը գոթական ոճով[24]։ Մավրերի պալատը դարձավ Կաստիլիայի թագավորական նստավայր և Պեդրո I-ի օրոք այն տեղափոխվեց Ալկասար (վերին հարկերը դեռևս օգտագործվում են որպես Իսպանիայի թագավորական ընտանիքի նստավայր[փա՞ստ])։
1391 թվական արքեպիսկոպոս Ֆերենտ Մարտինեսը փակեց Սևիլյայի բոլոր սինագոգները՝ վերածելով դրանք եկեղեցիների, նաև խլեց հրեաների հողերը և խանութները։ Հազարավոր մարդիկ սպանվեցին ջարդերից, մյուսները ստիպված կրոնափոխ եղան։ Պլասա դը Սան Ֆրանցիսկո հրապարակը դարձավ հերետիկոսներին այրելու վայր։ Հերետիկոսների առաջին այրումը Սևիլյայում տեղի ունեցավ 1481 թվականի փետրվարի 6-ին, երբ վեց մարդ ողջակիզվեց։ Հետագայում ինկվիզիցիան արագ տեմպերով աճեց[25] :
1492 թվականի Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործություններից հետո հայտնաբերված տարածքներից ապրանքներն Իսպանիա մուտք էին գործում Կասա դե Կոնտրատասիոն նավահանգստով, ինչը շատ եկամտաբեր էր քաղաքի համար[26]։ Ոսկե դարի զարգացումը թևակոխեց Սևիլյան, քանի որ այստեղ միակ նավահանգիստն էր, որն ուներ թագավորական հովանավորչություն և այստեղով էր առաջինը մտնում Ամերիկայի հարստությունը[27]։ Քաղաքի բնակչությունն աճեց մոտ հարյուր հազարով[28]։
16-րդ դարի վերջերին մենաշնորհը կոտրվեց. Կադիսի նավահանգիստը նույնպես իրավունք ստացավ ընդունել Ամերիկայից եկող բեռները։ 1649 թվականին բռնկված Սևիլյայի մեծ ժանտախտը խլեց բնակչության շուրջ կեսի կյանքը, որը վերականգնվեց միայն 19-րդ դարում[29]։ 18-րդ դարում քաղաքի կարևորությունն ընկավ։ Գվադալկիվիր գետի ջրի մակարդակի նվազումը բերեց նավագնացության անհնարինությանը, և արդյունքը եղավ տնտեսական անկումը։
Գրող Միգել դե Սերվանտեսը ապրել է քաղաքում 1596-1600 թվականներին։ Ֆինանսական խնդիրների պատճառով Սերվանտեսն աշխատել է իսպանական նավատորմում որպես մթերող, հետո՝ որպես հարկահավաք։ 1597 թվականին նրա հաշիվներում անճշտություններ բացահայտելուց հետո նրան կարճ ժամանակով ուղարկեցին թագավորական բանտ[30]։
18-րդ դարում Կառլոս III-ը զարգացրեց Սևիլյայի արդյունաբերությունը։ Թագավորական ծխախոտի գործարանի շինարարությունն սկսվեց 1728 թվականին և ավարտվեց մոտ 30 տարի հետո։ Այն Իսպանիայում մեծությամբ երկրորդ շինությունն է թագավորանիստ Էլ Էսկորիալից հետո։ Սկսած 1950-ական թվականներից՝ այն հանդիսանում է Սևիլյայի համալսարանի ռեկտորատը։
Շատ օպերաներ են բեմադրվել քաղաքում, ներառյալ Բեթհովենի «Ֆիդելիո», Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ջիովաննի», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» և Բիզեի «Կարմեն»[31]։
Սևիլյան 1758 թվականին դարձավ Իսպանիայի մարզային մամուլի առաջնեկը, այստեղ լույս տեսավ Մադրիդից դուրս լույս տեսնող իսպանական առաջին պարբերականը, որը կոչվում էր «Hebdomario útil de Seville»:
1825-1833 թվականներին քաղաքի գծապատկերի և ճարտարապետական նորամուծությունների հեղինակներն են եղել Մելչոր Կանոնը և նրա աշակերտ Խոսե Մանուել Արխոնա ի Կուբան[32]։
Ներկայիս արդյունաբերական ճարտարապետությունը հիմք է դրվել 19-րդ դարի առաջին կեսին․ կերամիկայի գործարանը կառուցվել է Կարտուսիական եկեղեցու վայրում 1841 թվականին և այժմ այստեղ «Էլ Սենտրո Անդալուս դե Արտե Կոնտեմպորանեո»-ն է (El Centro Andaluz de Arte Contemporáneo (CAAC))[33], որտեղ պահվում են Մուսեո դե Արտե Կոնտեմպորանեոյի հավաքածուն[34]։
Թագուհի Իզաբել II-ի գահակալման տարիներին (1843–1868) Սևիլյայի բուրժուազիան նախադեպը չունեցող ներդրումային բում իրականացրեց քաղաքի կառուցապատման մեջ։ Իզաբել II կամուրջը, որն ավելի շատ հայտնի է Տրիանա կամուրջ անվամբ, կառուցվել է այս տարիներին, բացի այդ սկսվեցին իրականացվել փողոցների լուսավորման աշխատանքներ[35]։
19-րդ դարի երկրորդ կեսին կառուցվեցին երկաթգծի կայարաններ, քանդվեցին հին պարիսպները, ինչի հաշվին քաղաքն ավելի ընդարձակվեց։ «Sevillana de Electricidad» ընկերությունը ստեղծվեց 1894 թվականին, որը սկսեց էլեկտրաէներգիա արտադրել ամբողջ քաղաքի համար[36], իսկ 1901 թվականին շահագործման հանձնվեց Պլասա դե Արմաս երկաթգծի կայարանը։ 1904 թվականին բացվեց Սևիլյայի Կերպարվեստի թանգարանը (Museo de Bellas Artes de Sevilla):
1929 թվականին քաղաքում կայացավ Իբերո-ամերիկյան ցուցահանդեսը, որի նախօրյակին քաղաքում կառուցվեցին նոր ժողովրդական կենտրոններ, ինչպիսիք էին Պլասա դե Էսպանիան և Մարիա Լուիզա այգին։ Բացումից ոչ շատ առաջ իսպանական կառավարությունը սկսեց քաղաքի վերակառուցումը՝ կառուցելով նոր հյուրանոցներ, զվարճանքի վայրեր և ավտոճանապարհներ[37]։
Սևիլյան շատ արագ ներքաշվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մեջ 1936 թվականին։ Գեներալ Կեիպո դե Լյանոն հեղաշրջում իրականացրեց քաղաքի ծայրամասում, որից հետո գրավեց քաղաքի կենտրոնը[38]։ Սևիլյայի ռադիոն դեմ էր ապստամբությանը և հորդորում էր գյուղացիներին զինվել և պայքարել ապստամբների դեմ[38]։ Դե Լյանոն գրավեց Սևիլյայի ռադիոն և սկսեց ֆրանկոյական քարոզարշավը[38]։
Ֆրանցիսկո Ֆրանկոյի օրոք Իսպանիան պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել Երկրորդ համաշխարհային պատերազմում և ինչպես երկրի մնացած հատվածում, Սևիլյան ևս մնաց տնտեսական և մշակութային անջատման մեջ ամբողջ աշխարհից։ 1953 թվականին բացվեց Սևիլյայի գործարանը, որտեղ 1970-ական թվականներին արդեն աշխատում էր մոտ 2000 բանվոր։ Գվադալկիվիր գետի պատնեշների կառուցումից առաջ Սևիլյան անընդհատ տուժում էր ջրհեղեղներից, որոնցից ամենաավերիչը 1961 թվականի նոյեմբերի ջրհեղեղն էր, որի արդյունքում Սևիլյան հայտարարվեց աղետի գոտի։ Արհմիությունները Սևիլյայում սկսեցին գործել 1960-ական թվականներից։ Շարժումների մի քանի ղեկավարներ կալանավորվեցին 1973 թվականին։ 1979 թվականի ապրիլի 3-ին Սևիլյայում տեղի ունեցավ Ֆրանկոյի իշխանությունից հետո առաջին ժողովրդական ընտրությունները, քաղաքի խորհրդարան մուտք գործեցին չորս կուսակցությունների ներկայացուցիչներ։ 1982 թվականի նոյեմբերի 5-ին Սևիլյա ժամանեց Հովհաննես Պողոս II Հռոմի պապը, ում դիմավորեց կես միլիոնանոց ժողովուրդ։ Նա կրկին ժամանեց քաղաք 1993 թվականի հունիսի 13-ին միջազգային եկեղեցիական կոնգրեսի ժամանակ։
1992 թվականին քաղաքում Ամերիկայի հայտնագործման 500-ամյակին կազմակերպվեց Սևիլյա Էքսպո 92 միջազգային ցուցահանդեսը, որի նախապատրաստման ընթացքում բարեկարգվեց քաղաքի ինֆրահամակարգը. նոր երկաթգծեր կառուցվեցին, 1991 թվականին կառուցվեց Սանտա Խուստա երկաթգծի նոր կայարանը, շահագործման հանձնվեց նաև նոր արագընթաց երկաթգիծը, որով Սևիլյան կապվեց Մադրիդին։ Սևիլյայի օդանավակայանը (Aeropuerto de Sevilla), համալրվեց նոր տերմինալով, որի հեղինակն էր ճարտարապետ Ռաֆայել Մոնեոն։ Պունտե դել Ալամիլյոն կամուրջը (Ալամիլյո կամուրջ)՝ Գվադալկիվիր գետի վրայով նախագծվեց ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի կողմից, որը կապեց քաղաքը Լա Կարտուխա կղզու հետ։
Սևիլյայի մակերեսը, համաձայն ազգային տոպոգրաֆիկ քարտեզի (Mapa Topográfico Nacional), կազմում է 140 կմ²։ Քաղաքը գտնվում է Գվադալկիվիր գետի ավազանում։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 7 մետր։ Քաղաքի մեծ մասը գտնվում է գետի արևելյան մասում, մինչդեռ Տրիանան, Լա Կարտուխան և Լոս Ռեմեդիոսը գտնվում են գետի արևմտյան ափին։ Ալխարաֆե շրջանը գտնվում է ավելի հեռու՝ արևմուտքում, և կազմում է Սևիլյայի արվարձանի մաս։ Քաղաքի հյուսիսային սահմանին գտնվում են Լա Ռինկոնադան, Լա Ալգաբան և Սանտիպոնսեն, արևելքում՝ Ալկալա դե Գուադայրան, հարավում՝ Դոս Էրմանասը և Խելվեսը, և արևմուտքում՝ Սան Խուան դե Ասնալֆարաչեն, Տոմարեսը և Կամասը։
Սևիլյան ունի կիսաարևադարձային Միջերկրածովյան կլիմա (Կոպպեն կլիմայի դասակարգում Csa)[39]: Շատ միջերկրածովյան կլիմաների նման Սևիլյայում լինում են չոր ամառներ և խոնավ ձմեռներ։ Միջին ջերմաստիճանը ցերեկը կազմում է 25 °C, իսկ գիշերը՝ 13 °C:
Կորդովայից հետո Սևիլյայում լինում է ամենաշոգ ամառը մայրցամաքային Եվրոպայի բոլոր քաղաքների մեջ, որոնց բնակչությունն ավել է 100 000-ից, այստեղ հուլիսին ցերեկային ջերմաստիճանը միջինը լինում է 36 °C, քաղաքի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 40 °C-ի։ Ամենացուրտ ջերմաստիճանը (-8,2 աստիճան) արձանագրվել է 2005 թվականի հունվարի 25-ին Սևիլյայի օդանավակայանում։ Պատմականորեն ամենաբարձր ջերմաստիճանը արձանագրվել է 1881 թվականի օգոստոսի 4-ին և կազմել է 50 °C[40]: Ոչ պաշտոնական տվյալներով 2003 թվականի օգոստոսի 1-ին գրանցվել է 47,2 աստիճան ջերմաստիճան, ինչը երկրորդ ամենաբարձր ջերմաստիճանն էր Եվրոպայում՝ 1997 թվականի հուլիսի 10-ին Աթենքում 48 °C գրանցվելուց հետո։
Սևիլյա (1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 24.2 (75.6) |
28.0 (82.4) |
32.9 (91.2) |
35.4 (95.7) |
41.0 (105.8) |
45.2 (113.4) |
46.6 (115.9) |
45.9 (114.6) |
42.6 (108.7) |
36.6 (97.9) |
31.2 (88.2) |
25.5 (77.9) |
46.6 (115.9) |
Միջին բարձր °C (°F) | 16.0 (60.8) |
18.1 (64.6) |
21.9 (71.4) |
23.4 (74.1) |
27.2 (81) |
32.2 (90) |
36.0 (96.8) |
35.5 (95.9) |
31.7 (89.1) |
26.0 (78.8) |
20.2 (68.4) |
16.6 (61.9) |
25.4 (77.7) |
Միջին օրական °C (°F) | 10.9 (51.6) |
12.5 (54.5) |
15.6 (60.1) |
17.3 (63.1) |
20.7 (69.3) |
25.1 (77.2) |
28.2 (82.8) |
27.9 (82.2) |
25.0 (77) |
20.2 (68.4) |
15.1 (59.2) |
11.9 (53.4) |
19.2 (66.6) |
Միջին ցածր °C (°F) | 5.7 (42.3) |
7.0 (44.6) |
9.2 (48.6) |
11.1 (52) |
14.2 (57.6) |
18.0 (64.4) |
20.3 (68.5) |
20.4 (68.7) |
18.2 (64.8) |
14.4 (57.9) |
10.0 (50) |
7.3 (45.1) |
13.0 (55.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −4.4 (24.1) |
−5.5 (22.1) |
−2.0 (28.4) |
1 (34) |
4 (39) |
8.4 (47.1) |
11.4 (52.5) |
12 (54) |
8.6 (47.5) |
2 (36) |
−1.4 (29.5) |
−4.8 (23.4) |
−5.5 (22.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 66 (2.6) |
50 (1.97) |
36 (1.42) |
54 (2.13) |
31 (1.22) |
10 (0.39) |
2 (0.08) |
5 (0.2) |
27 (1.06) |
68 (2.68) |
91 (3.58) |
99 (3.9) |
539 (21.22) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 6.1 | 5.8 | 4.3 | 6.1 | 3.7 | 1.3 | 0.2 | 0.5 | 2.4 | 6.1 | 6.4 | 7.5 | 50.5 |
% խոնավություն | 71 | 67 | 59 | 57 | 53 | 48 | 44 | 48 | 54 | 62 | 70 | 74 | 59 |
Միջին ամսական արևային ժամ | 183 | 189 | 220 | 238 | 293 | 317 | 354 | 328 | 244 | 217 | 181 | 154 | 2918 |
աղբյուր: World Meteorological Organization[41] Agencia Estatal de Meteorología[42] |
Քաղաքը տեղակայված է Գվադալկիվիր գետի հովտում՝ ծովի մակերևույթից 7 մետր բարձրության վրա[1]։ Քաղաքում հիմնականում կառուցված են ցածրահարկ շենքեր, հատկապես՝ կենտրոնում։ Խիրալդան երկար տարիներ համարվում էր քաղաքի ամենաբարձր շինությունը (104 մետր բարձրություն), սակայն նախագծվում են ավելի բարձր շինություններ։
Սևիլյայում ամեն այգի իր ֆլորայով եզակի է քաղաքում և տարբերվում է իր դիզայներական ոճով և բազմազանությամբ, քանի որ այգիները քաղաքում կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում, տարբեր ոճերի մեջ։ Քաղաք են ներմուծվել ավելի քան 750 տեսակ բույս։ Ծառերի մեջ ամենատարածվածը դառը նարինջն է և ժակարանդան։ Ճանապարհների երկայնքով կարելի է նկատել այնպիսի ծառեր, ինչպիսիք են սպիտակ ակացիան, բանանի ծառերը, տիպուանան և այլն։ Սևիլյայի պատմական այգիներում կան բազմատեսակ և տարբեր չափսերի էկզոտիկ բույսեր։ Հայտնի այգիներն են Ալկասարի այգիները, Մարիա Լուսիա, Դե լաս Դելիսիաս և Ամերկանո այգիները։
Ալամիլյո ագին գտնվում է Իսլա դե լա Կորտուխայում և զբաղեցնում է 48 հա տարածք։ Այն բնական անտառների և արհեստական այգու խառնուրդ է, որտեղ բացի սպիտակ ակացիայից և ժակարանդայից նաև աճում են ձիթենի, կաղնի, պորտուգալական կաղնի և այլ ծառատեսակներ։ Ամերիկանո այգին գտնվում է Իսլա Մախիկայում, այն կառուցվել է Էքսպո-92-ին ընդառաջ և համալրված է մոտ 400 տեսակ ամերիկյան բույսերով[43]։
Ողնաշարավոր կենդանիներից քաղաքում մեծ թիվ են կազմում թռչունները։ Քաղաքի այգիներում կարելի է հանդիպել բազմատեսակ թռչունների։ Գվադալկիվիր գետը հայտնի է իր տարատեսակ ձկներով։
Տամարգիլյո այգին գետափնյա այգի է, որը տեղակայված է քաղաքի ծայրամասում՝ 96 հա տարածքով՝ Սան Պաբլո օդանավակայանից քիչ հեռու։ Այն թռչունների համար կատարյալ հավաքատեղի է[44]։ Այստեղի թռչունները ճահճաջրային էկոհամակարգի պահպանման կարևոր օղակ են հանդիսանում։ Այստեղ կարելի է հանդիպել սովորական հողմավար բազեի, տափաստանային հողմավոր բազեի, գաճաճ արծիվի, մեծ ճուռակի և այլ գիշատիչ թռչունների։ Կան նաև ոչ գիշատիչ թռչունների տեսակներ, ինչպիսիք են մոխրագույն սագը, ոտնացուպիկը, կռնչան բադը, կարմրագլուխ սուզաբադը և այլն[45]։
Սևիլյան Անդալուսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։ Պատմական Սան Տելմո պալատը այժմ Անդալուսիայի կառավարության նստավայրն է։ Վարչական ղեկավարության նստավայրը Լա Կարտուխան է։ Լաս Սինկո Լյագաս հիվանդանոցը (թարգմանաբար՝ «Աստծո հինգ հրեշտակների հիվանդանոց») Անդալուսիայի խորհրդարանի նստավայրն է։ 2012 թվականից ինքնավար համայնքը ղեկավարում է ձախակողմյան ուժերի կոալիցիան։ Ինքնավար համայնքում ընտրությունները տեղի են ունենում չորս տարին մեկ։
Քաղաքի կառավարումն իրականացվում է քաղաքային խորհրդի կողմից, որն ընտրվում է ժողովրդավարական եղանակով։ Ընտրողները քաղաքում գրանցում ունեցող 18 տարին լրացած անձինք են։ Համաձայն ընտրությունների մասին օրենքի[46]՝ Սևիլյայի քաղաքային խորհուրդը բաղկացած է 33 անդամից։ 2011 թվականի մայիսի 22-ի տվյալներով քաղաքային խորհրդի 20 անդամը Ժողովրդական կուսակցությունից է, 11-ը՝ Սոցիալ-աշխատավորական կուսակցությունից, և 2-ը՝ Միացյալ ձախերից։ Քաղաքապետ է ընտրվել Խուան Իգնասիո Սոիդո Ալվարեսը, ով Ժողովրդական կուսակցությունից է[47]։
Սևիլյան բաժանված է 11 թաղամասի, որոնք իրենց հերթին՝ 108 շրջանների։ Սևիլյայի թաղամասերն են.
Համաձայն Իսպանիայի վիճակագրական ծառայության 2011 թվականի տվյալների՝ Սևիլյայի բնակչությունը կազմել է 703 021 բնակիչ[48], որից 47.65 %-ը կազմում են տղամարդիկ և 52.35 %-ը՝ կանայք։ Սևիլյան բնակչության թվով չորրորդ քաղաքն է Իսպանիայում՝ զիջելով Մադրիդին, Բարսելոային և Վալենսիային։ Սևիլյայի բնակչությունն արվարձաններով կազմում է 1 519 639 բնակիչ (Իսպանիայի վիճակագրական ծառայություն, 2011 թվական), իսկ 2014 թվականի տվյալներով՝ 696 676 մարդ[49]։
1990-ական թվականներին Սևիլյայի մշտական բնակչության թիվը մոտավոր կազմել է 700 000 բնակիչ, ամենաշատը կազմել է 1995 թվականին՝ 719 588 բնակչությամբ։
Սևիլյայի ժողովրդագրական բուրգը ցույց է տալիս, որ տղամարդկանց և կանանց միջև անհավասարակշռությունը մեծ է հատկապես մինչև 40 տարեկանների շրջանում։ Մինչև 40 տարեկան բնակչության թիվը (51.34 %) մեծ է 40-ից բարձր բնակչության թվից (48.66 %)։ 20-40 տարեկան բնակչության թիվը կազմում է ընդհանուր բնակչության 31,30 %-ը։ 2014 թվականի դրությամբ 60 և ավելի տարեկան բնակչության թիվը կազմում է մոտ ընդհանուր բնակչության 20%-ը, իսկ մինչև 20 տարեկաններինը՝ 20.02 %-ը։ Սա ցույց է տալիս, որ բնակչությունն ունի ծերացման միտում։
2011 թվականի դրությամբ Սևիլյայում բնակվում է 38 314 օտարերկրացի, ինչը կազմում է բնակչության 5,45 %-ը։ Դրանց մեջ ամենաշատը լատինաամերիկացիներն են և Աֆրիկայից գաղթածները։
Սևիլյայում բնակվող օտարերկրացիների թվաքանակները ըստ երկրների (2011)[50] | |||||||
Աշխարհամաս | Ազգություն | ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Աֆրիկա | Ալժիր (372), Մարոկկո (4228), Նիգերիա (1082), Սենեգալ (630) | 7150 | |||||
Ամերիկա | Արգենտինա (706), Բոլիվիա (3575), Բրազիլիա (995), Կոլումբիա (2488), Կուբա (423), Չիլի (246), Էկվադոր (2.335), Պարագվայ (1489), Պերու (1843), Դոմինիկյան Հանրապետություն (444), Ուրուգվայ (101), Վենեսուելա (617) | 16 931 | |||||
Ասիա | Չինաստան (2629), Պակիստան (76) | 3401 | |||||
Եվրոպա | Գերմանիա (759), Բուլղարիա (205), Ֆրանսիա (1191), Իտալիա (1327), Լեհաստան (245), Պորտուգալիա (792), Միացյալ Թագավորություն (741), Ռումինիա (2155), Ռուսաստան (1016) Ուկրաինա (762) | 10 798 | |||||
Թավատառով նշված պետություներն ամենամեծ համայնքներն ունեն Սևիլյայում |
Սամանտա Սանտան (Ավագ շաբաթ) և Սևիլյայի օծման օրը, նաև հայտնի որպես Feria de Abril (Ապրիլյան օծում) Սևիլյայի ամենահայտնի տոներն են։ Սևիլյան հայտնի է իր տոնախմբություններով և Ավագ շաբաթին հաջորդող երկշաբաթյա տոնավաճառներով։ Ֆերիայի ընթացքում ընտանիքները վրաններ են տեղադրում և շաբաթն անցկացնում են պարերով, զվարճություններով և խմելով։ Ավանդաբար կանայք հագնում են «Ֆլամենկո» զգեստներ, իսկ տղամարդիկ իրենց լավագույն կոստյումները։ Լոս Ռեմեդիոս թաղամասում կազմակերպվում են ցլամարտեր, որտեղ ամեն փողոց ինչ-որ հայտնի ցլամարտիկի անուն է կրում[51]։
Տապասը համարվում է քաղաքի ամենաճանաչված ուտեստը. քաղաքի գրեթե բոլոր ճաշարաններում կարելի է համտեսել այս ուտեստը, որն իսպաներենից բառացի թարգմանվում է փական (անվանումը տրվել է այն պատճառով, որ նախկինում տապասը մատուցվել է խմիչքների փականի մեջ)։ Տեղական համեղ կերակրատեսակները պատրաստվում են գրիլի կամ կրակի վրա հիմնականում ծովամթերքներից։ Համեղ կերակրատեսակներից են կաղամարները, չոչոն, թրաձուկը, մարինացված շնաձուկը, գրիլացված և կրակի վրա եփված միսը, սպանախը հավի թևիկներով, խամոն իբերիկոն, պուչերոն և գասպաչոն։ Սերանիտո սենդվիչն արագ սննդի տիպիկ օրինակ է։
Սևիլյայի տիպիկ աղանդերներն են պեստինիոսը, մեղրով բլիթները, որոնք կոչվում են տոռիխաս, մեղրով պատրաստված եփված հացի կտորներ ռոսկոս ֆրիտոսը, լավ եփված շաքարավազի շերտով թխվածքաբլիթներ մագդալենասը կամ յեմաս դե Սան Լեանդրոն, որը պատրաստվում են քաղաքի մենաստանների կողմից և հանդիսանում են միակ եկամտի աղբյուրը և տորտաս դե ասեիտեն՝ շաքարավազից և ձիթապտղի ձեթից պատրաստված թխվածքաբլիթը։ Պոլվորոնեսը և մանտեկադոսը ծննդյան օրերի ավանդական աղանդերն են, իսկ պեսիտինիոսը և տոռիխասը պատրաստվում են Ավագ շաբաթվա ընթացքում։
Դառնահամ Սևիլյան նարինջները աճում են քաղաքի փողոցների երկայնքով տնկված ծառերին։ Նախկինում մեծ քանակությամբ նարինջ արտահանվում էր Բրիտանիա, որտեղ այն օգտագործում էին մարմելադ պատրաստելու համար։ Ներկայումս մրգերն օգտագործվում են տեղի կարիքների համար։ Ըստ ավանդույթի՝ դառը նարինջը քաղաք են բերել արաբներն արևելյան Ասիայից՝ որպեսզի զարդարեն իրենց այգիները[52]։
Սևիլյայում 1970-1980-ական թվականներին անցկացվել են կենդանի ռոք երաժշտության համերգներ այնպիսի խմբերի մասնակցությամբ, ինչպիսիք են Տրիանան, Ալամեդան և Սմեշը, ով ֆլամենկո երաժշտությունը օգտագործում էր ռոքի մեջ։
Քաղաքում նաև շատ են թատրոնները և համերգասրահները, որտեղ նվագում են դասական երաժշտություն, այդպիսի վայրերից են Տեատրո Լոպե դե Վեգան, Տեատրո լա Մաեստրանսան և Տեատրո Սենտրալը Ալկասարի այգիներում։
Չնայած իր անվանմանը՝ սևիլյանա պարը, որը նման է ֆլամենկոյին, չունի սևիլյան ծագում։ Սակայն Սևիլյայում մեծ տարածում ունի ֆլամենկո պարը, հատկապես Տրիանա թաղամասում, որտեղ կազմակերպվում են Ֆլամենկոյի փառատոներ։
Սևիլյայի Ալկասարը, Սևիլյայի տաճարը և Արխիվո Խեներալ դե Ինդիասը (Ինդիաների գլխավոր արխիվ) համարվում են Համաշխարհային ժառանգության օբյեկտներ։
Սուրբ Մարի տաճարը կառուցվել է 1401–1519 թվականներին Ռեկոնկիստայից հետո՝ քաղաքի նախկին մզկիթի փոխարեն։ Այն ամենամեծ միջնադարյան գոթական տաճարն է՝ և չափսերով և ծավալով։ Ներսի հենասյունը ամենամեծն է Իսպանիայում պատված մեծ քանակությամբ ոսկով։ Լա Խիրալդան տաճարի աշտարակն է, որը կառուցվել է 12-րդ դարում։ Այն սկզբում հանդիսանում էր մուսուլմանական մզկիթի մաս, սակայն տաճարի կառուցումից հետո մնաց որպես տաճարի մաս։ Զբոսաշրջիկները կարող են ոտքով բարձրանալ աշտարակ, որը նախկինում օգտագործվել է բարձրաստիճան հյուրերի ընդունելության համար։ Ալկասարը նախկինում եղել է մարրական պալատ, որի կառուցումը սկսվել է 1181 թվականին և տևել է մոտ 500 տարի․ կառուցվել է մուդեխար ոճով, սակայն կան նաև Ռենեսանսի ոճի հետքեր։
Տոռե դել Օրոն կառուցվել է որպես ժամացույցի աշտարակ և գետի պատնեշ։ Նրա հիմնական աշտարակից դեպի գետ կառուցվել է շղթա, որը պետք է պաշտպաներ գետում լողացող նավակներին։
Սիթի Հոլլը կառուցվել է 16-րդ դարում պլատերեսկե ոճով, գլխավոր ճարտարապետ Դիեգո դե Ռիանիոյի կողմից։ Պլասա Նուևայի դիմերեսը կառուցվել է 19-րդ դարում նեոկլասիկ ոճով։
Սան Տելմո պալատը նախկինում եղել է նավաստիների համալսարան, ներկայումս Անդալուսիայի ինքնավար կառավարության նստավայրն է։ Այն բարոկկո ճարտարապետության տիպիկ նմուշներից մեկն է։
Թագավորական ծխախոտի գործարանը եղել է Եվրոպայի առաջին ծխախոտի գործարանը, որը կառուցվել է 18-րդ դարում բարոկկո ոճով, այնուհետև այն վերափոխվել է օպերայի։
Մետրոպոլ Պարասոլը Լա Էնկարնասիոն հրապարակում աշխարհի ամենամեծ փայտե շինությունն է[53]։ Հովանոցի նման շինությունը նախագծվել է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայերի կողմից, կառուցումը ավարտվել է 2011 թվականին։ Այստեղ՝ ժամանակակից շինությունում են գտնվում կենտրոնական շուկան և ստորգետնյա հնէաբանական համալիրը։
Ինդիաների գլխավոր արխիվում են պահվում Իսպանական կայսրության, Ամերիկայի և Ֆիլիպինների պատմական շատ կարևոր փաստաթղթեր։ Կառույցը իսպանական վերածննդի յուրահատուկ օրինակ է, որը նախագծվել է Խուան դե Էռերայի կողմից։
Պլասա դե Էսպանիան գտնվում է Մարիա Լուիսա այգում (Parque de Maria Luisa), կառուցվել է ճարտարապետ Անիբալ Գոնսալեսի կողմից 1929 թվականին Իբերո-ամերիկյան ցուցահանդեսին ընդառաջ։ Այն ներառում է պատմական մի քանի ճարտարապետական ոճեր, ինչպիսիք են Արտ Դեկոն[54][55]։
Տրիանա թաղամասը, որը գտնվում է Գուադալկիվիր գետի արևմտյան ափին, իրենից ներկայացնում է մշակութային կենտրոն։
Մյուս կողմից Մակարենա թաղամասում, որը գտնվում է քաղաքի կենտրոնի հյուսիսային հատվածում, նույնպես շատ են տեսարժան վայրերը և կրոնական, մշակութային շինությունները, ինչպիսիք են թանգարանը և Լա Մակարենա կաթոլիկ եկեղեցին։
Սևիլյայի ամենաճանաչված թանգարանը Սևիլյայի կերպարվեստի թանգարանն է։ Այն հիմնադրվել է 1835 թվականին։ Այստեղ են պահվում Մուրիլյոյի, Պաչեկոյի, Սուրբարանի, Վալդես Լեալի և շատ ուրիշ ճանաչված արվեստագետների գործեր՝ ներառյալ 15-րդ և 16-րդ դարերի կտավներ։
Սևիլյայի մյուս թանգարաններն են՝
Սևիլյայում կան մի քանի ժողովրդական համալսարաններ. Սևիլյայի համալսարանը հիմնադրվել է 1505 թվականին, որը նախկինում եղել է ծխախոտի գործարան, այն ներկայումս ունի մոտ 65 000 ուսանող[57][58], Պաբլո դե Օլավիդե համալսարանը հիմնադրվել է 1997 թվականին և Անդալուսիայի միջազգային համալսարանը հիմնադրվել է 1994 թվականին[59]։
Քաղաքում է գտնվում նաև իսպանա-ամերիկյան թեքումով դպրոցը, որը հիմնադրվել է 1942 թվականին։ Այստեղ է գտնվում նաև Մենենդես Պելայոյի միջազգային համալսարանի մասնաշենքը նույնպես գտնվում է Սևիլյայում։
Սևիլյան ունի երկու խոշոր ֆուտբոլային ակումբ՝ Սևիլյա ֆուտբոլային ակումբը և Ռեալ Բետիսը, Սևիլյան հանդես է գալիս Լա Լիգայում։ Երկու ակումբները մեկական անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն. Բետիսը՝ 1935 թվականին, Սևիլյան՝ 1946 թվականին[60]։ Սևիլյա ֆուտբոլային ակումբը նաև չորս անգամ հաղթել է ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի գավաթը(նախկինում՝ ՈւԵՖԱ գավաթ)` 2006, 2007, 2014 և 2015 թվականներին[61][62]։ Սևիլյան հանդես է գալիս Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում, որտեղ 1982 թվականին կայացել են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր[63] և 1986 թվականին կայացել է ֆուտբոլի Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչը[64]։ Սևիլյայի Օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել 2003 թվականի ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչը[65]։
Սևիլյայում է տեղի ունեցել Դևիսի գավաթի եզրափակիչը 2004 և 2011 թվականներին և 1999 թվականի Ատլետիկայի աշխարհի առաջնությունը։ Քաղաքը ներկայացված էր նաև որպես 2004 և 2008 թվականների ամառային օլիպիական խաղերի անցկացման վայրի թեկնածու, սակայն չի ստացել այդ իրավունքը[66][67]։
Սևիլյան ունի նաև Սևիլյա բասկետբոլային ակումբ, որը հադես է գալիս Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։
Գվադալկիվիր գետի վրա անցկացվում են թիավարության շատ մրցույթներ։
Սևիլյան ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է հարավային Իսպանիայում և ունի ամենամեծ ՀՆԱ-ն (Համախառն ներքին արդյունք) Անդալուսիայում[68]։ Արվարձանների բոլոր բնակավայրերը ուղղակի կամ անուղղակի կախված են Սևիլյայի տնտեսությունից։ Սևիլյայի տնտեսության մեջ գերակշիռ մասնաբաժինը գյուղատնտեսությանն է, չնայած կա նաև խոշոր արդյունաբերություն։ Որոշ ծառայությունների մասով քաղաքը նաև սպասարկում է մոտակա գյուղերին[69]։ Սևիլյայի համալսարանը և Պաբլո դե Օլիվեդե համալսարանը Անդալուսիայի կարևոր կրթական կենտրոններից են, այստեղ են սովորում նաև մեծ թվով ուսանողներ Ուելվայից և Կադիսից։
Սևիլյայի տնտեսական ակտիվությունը կապված է առաջին հերթին նրա` Անդալուսիայի մայրաքաղաք լինելուց։ Ի տարբերություն քաղաքի կենտրոնական թաղամասերից, ծայրամասերի թաղամասերը միայն վերջերս տնտեսական վերելք ապրեցին։ Մինչև 2007 թվականի տնտեսական ճգնաժամը գրանցվեց բնակչության և արդյունաբերության մեծ աճ[70]։
Այդ ընթացքում վերելք ապրեց ծառայությունների ոլորտը[71], բայց արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը դեռ պահպանում էին գերակշռող դիրքը[72]։
2006 թվականի տվյալներով Սևիլյայի մունիցիպալիտետի վարելահողերը կազմում են ընդամենը 2463 հեկտար, որից 690 հեկտարը օգտագործվում է բամբակի, իսկ 832 հեկտարը ձիթապտղի աճեցման համար, մնացածը հիմնականում ցորենի արտեր են[1]։ Սևիլյան բրնձի արտադրությամբ առաջինն է Իսպանիայում։ Բրինձ աճեցվում է հիմնականում Գվադալկիվիր գետի ճահճային մասում՝ ընդհանուր 35 հազար հեկտար տարածության վրա։ Բրնձի աճեցմամբ հիմնականում զբաղվում են Իսլա Մայոր, Պուեբլա դել Ռիո, Կորիա դել Ռիո, Լոս Պալասիոս և Վիլյամանրիկե դե լա Կոնդեսա շրջանները[73]։
Տնտեսության առումով Սևիլյան հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն առևտրային կենտրոնը իր ժամանակակից արդյունաբերական ճյուղերով։
Կարտուխա 93 գիտատեխնիկական այգում[74], որը տեղակայված է Սևիլյայի Էքսպո 92-ի անցկացման վայրում, կա 345 ընկերություն և կազմակերպություն, որտեղ աշխատում է մոտ 14 500 մարդ և որը 2012 թվականին ունեցել է մոտ 1825 միլիոն եվրոյի շրջանառություն[75]։ Այս 345 կազմակերպություններից 193-ը զբաղվում են ժամանակակից տեխնոլոգիական գործառնություններով, մնացածը մատուցում են ընդհանուր ծառայություններ։
Մասնավոր ընկերություններից ամենակարևոր ինժեներական ընկերությունն Անդալուսիայում հանդիսանում է Աբենգոան, այն գտնվում է Պալմաս Ալտաս շրջանում, Պալմաս Ալտաս տեխնոլոգիական կենտրոնում, որը ամենամեծն է Իսպանիայի հարավում[76]։ Սևիլյայում է կենտրոնացած Անդալուսիայի ավիաարդյունաբերության 74 %-ը։ Քաղաքի խոշորագույն ավիատեխնոլոգիական «EADS» կազմակերպությունը տեղակայված է Սևիլյայի Սան Պաբլո օդանավակայանում և Անդալուսիայի Աէրոտեխնիկական այգում[77]։ 2012 թվականի մայիսի 24-ին Սևիլյայում տեղի ունեցավ ավիատեխնոլոգիական զարգացվածությամբ քաղաքների և ընկերությունների համաժողով[78]։
Քաղաքում է գտնվում Renault-ի պահեստամասերի գործարանը, որտեղ արտադրվում է Ռենո մեքենաների կարգավորիչների 30 %-ն ամբողջ աշխարհում[79]։
Քաղաքում է գտնվում նաև Heineken գարեջրի գործարանը՝ Cruzcampo ապրանքանիշով[80]։ Քաղաքում է գտնվում նաև մետաղական դետալների արտադրության Siderúrgica Sevillana գործարանը, որը պատկանում է Ռոս Կասարես խմբին։
1990-ականներին Սևիլյայի ենթակառուցվածքը վերելք ապրեց, որի պատճառը հիմնականում 1992 թվականի Սևիլյայի Էքսպոն էր։ Կառուցվեցին մեծ կարևորություն ունեցող տրանսպորտային համակարգեր․ նախ շահագործման հանձնվեց Մադրիդին կապող արագընթաց երկաթուղին, այնուհետև կառուցվեց նոր միջազգային օդանավակայան։
Սևիլյայում է Իսպանիայի միակ ներերկրյա նավահանգիստը, որը գտնվում է Գվադալկիվիր գետի վրա։ Նավահանգիստը ընդունում է միջերկրածովյան և Ատլանտյան օվկիանոսի առևտրային նավերը։ Նավահանգստի բեռնաշրջանառությունը 2006 թվականին կազմել է 5,3 միլիոն տոննա[81]։
Կարտուխա 93-ը ճանաչողական և զարգացվածության այգի է[82], որտեղ աշխատում է 1500 անձ։ Կախասոլ աշտարակը երկնաքեր է, որտեղ գտնվում են բանկերի և այլ ֆինանսական ընկերությունների գլխամասեր և մասնաճյուղեր։ Աշտարակը ամենաբարձրն է Անդալուսիայում, որի բարձրությունը 180,5 մետր է և ունի 40 հարկ։
Պատմական և հուշարձանային մշակութային բազմազանության ու գարնանային Հարության տոների շնորհիվ Սևիլյան հանդիսանում է Իսպանիայի կարևորագույն զբոսաշրջությունների կենտրոնը՝ այցելուների քանակով զիջելով միայն Մադրիդին, Բարսելոնային և Բենիդորմին[83]։ Միջին հաշվարկներով մեկ զբոսաշրջիկը մնում է քաղաքում 2,5 օր։ Նրանք հանգրվանում են հիմնականում քաղաքի հյուրանոցներում։ Քաղաքում գործում են նաև բազմատեսակ ռեստորաններ և հանգստի վայրեր։ Գործում են մեծ քանակությամբ էքսկուրսավարական կազմակերպություններ, կազմակերպվում են էքսկուրսիաներ նաև Գվադալկիվիր գետի վրայով[84]։
Սևիլյայի մոտակայքում են գտնվում հետևյալ տեսարժան վայրերը.
2008 թվականի ապրիլին Սևիլյայի քաղաքապետը բացեց Casa de la Ciencia (Սևիլյայի գիտական կենտրոնը)՝ որպեսզի զարգացնի հետաքրքրությունը դեպի գիտությունը[86]։ Միջազգային ճանաչված Neocodex ընկերությունն ունի իր մասնաճյուղը Սևիլյայում։ Այն հովանավորում է առաջին և ամենամեծ ԴՆԹ բանկը Իսպանիայում, որը մեծ ներդրում ունի գիտության զարգացման մեջ[87]։ Սևիլյայում է գտնվում նաև կարևոր հետազոտական և տեխնոլոգիական մի կենտրոն, որտեղ ուսումնասիրվում է արևի էներգիան[88][89]։
Բացի հետազոտական կենտրոններից, Սևիլյայի շատ համալսարաններ կառավարության հետ համատեղ տեխնոլոգիաների հետազոտությամբ դարձնում են Սևիլյան Իսպանիայի կարևոր գիտահետազոտական կենտրոններից մեկը։
Զարգացման և ուսումնասիրության հիմնական դաշտերն են հեռահաղորդակցությունը, նոր տեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիաները և էներգիայի վերարտադրությունը։
Սևիլյայի ավտոբուսները սպասարկվում են TUSSAM ընկերության կողմից։ Ավտոբուսային ընկերությունը սպասարկում է ոչ միայն Սևիլյան, այլ նաև մոտակա բնակավայրերը։
Երկու ավտոբուսային կայարաններից ավտոբուսներ են ուղևորվում դեպի Իսպանիայի մյուս քաղաքներ, ինչպես նաև կա ավտոբուսային գիծ դեպի Լիսաբոն, Պորտուգալիա։
Սևիլյայի մետրոն ("Metro de Sevilla") լուսավորված մետրո է, որը սպասարկում է Սևիլյան և նրա արվարձանները։
Այն Իսպանիայում կառուցված վեցերորդ մետրո համակարգն է Մադրիդի, Բարսելոնայի, Վալենսիայի, Բիլբաոյի և Պալմա դե Մալյորկայի մետրոներից հետո։ Ներկայումս այն Իսպանիայի 5-րդ ամենամեծ մետրո համակարգն է իր ուղևորների քանակով (ավելի քան 12 000 000 ուղևոր 2009 թվականի տվյալներով)։
Մետրոսենտրոն քաղաքի տրամվայների սպասարկման կենտրոնն է։ Այն սկսել է գործել 2007 թվականի հոկտեմբերից։
Ծառայությունն ունի ընդամենը հինգ կայարան. Պլասա Նուևա, Արքիվո դե Ինդիաս, Պուերտա դե Խերես, Պրադո դե Սան Սեբաստիան և Սան Բերնարդո։ Նախագծվում է նոր ուղի դեպի Սանտա Խուստա՝ ներառելով ևս չորս կայարան՝ Սան Ֆրանցիսկո Խավիեր, Էդուարդո Դատո, Լուիս դե Մորալես և Սանտա Խուստա։
Սանտա Խուստա երկաթգծի կայարանը սպասարկում է արագընթաց երկաթգիծ, որը պատկանում է պետական Ռենֆե ընկերությանը։ Սևիլյան միացված է Իսպանիայի 17 հիմնական քաղաքների արագընթաց երկաթուղային ցանցերին։
Սևիսի հեծանիվի զարգացման նախագծի հիմնական նպատակն է քաղաքի տրանսպորտում հեծանիվների դերի մեծացումը։ Հեծանիվների վարձակալությունը Սևիլյայում շատ էժան է․ հեծանվային ճանապարհներ կան նախատեսված քաղաքի հիմնական փողոցներում։ Հեծանիվներից օգտվողների քանակը տարեց տարի մեծանում է[90]։
Սան Պաբլո օդանավակայանը Սևիլյայի հիմնական օդանավակայանն է և երկրորդն է Անդալուսիայում Մալագայի օդանավակայանից հետո։ 2009 թվականին օդանավակայանը ընդունել է 4 051 392 ուղևորի և տեղափոխվել է 5 000 տոննա բեռ[91]։ Այն ունի մեկ տերմինալ և մեկ թռիչքուղի։
Սևիլյան միակ քաղաքն է Իսպանիայում, որն ունի առևտրային նավահանգիստ գետի վրա։ 2012 թվականի օգոստոսի 21-ին քաղաքի նավահանգիստն ընդունեց Ազամարա Ջըրնի զբոսանավը, որն ամենամեծ նավն էր, որը երբևէ ընդունել է Սևիլյան։
Սևիլյայով անցնում է մեկ հիմնական մայրուղի՝ SE-30-ը, որը միանում է A-4 հիմնական մայրուղուն, ինչը իր հերթին կապում է Կադիսը, Կորդովան և Մադրիդը։ Նաև SE-30-ը միանում է A-92 մայրուղուն, ինչը իր հերթին կապում է Էստեպան, Անտեկերան, Գրանադան, Գուադիքսը և Ալմերիան։
Սևիլյայի քույր քաղաքներն են[92]՝
Միապետերի և երկրի ղեկավարների կողմից Սևիլյային տրվել են տարբեր տիտղոսներ, այդ թվում.[102]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.