From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիա Ռոբերթս (անգլ.՝ Julia Fiona Roberts, ծնված՝ Ջուլի Ֆիոնա Ռոբերթս (անգլ․ Juli Fiona Roberts), հոկտեմբերի 28, 1967[3][4][5][…], Smyrna, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկյան դերասանուհի։ Կինոյում դերասանուհու առաջին հաջողությունը դարձել է դերը «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում, որի համար նա արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և ներկայացվում «Օսկարի»։ Մեկ տարի անց Ռոբերտսը ձեռք է բերում «Հոլլիվուդան աստղ» կարգավիճակը՝ «Սիրունիկը» մելոդրամայում խաղացած գլխավոր դերից հետո, որը նրան բերում է երկրորդ «Ոսկե Գլոբուսը» և անվանակարգումներ «Օսկարի» և BAFTA-ի։ 2001 թվականին նկարահանվելով «Էրին Բրոկովիչ» ֆիլմում՝ արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Օսկար», երրորդ «Ոսկե Գլոբուս» և BAFTA։ 2014 թվականին կրկին առաջադրվում է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների՝ «Օգոստոս։ Օսեյջ կոմսութունը» ֆիլմում երկրորդական դերակատարման համար։
Ջուլիա Ռոբերթս անգլ.՝ Julia Fiona Roberts | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջուլիա Ռոբերտսը 2011 թվականին Tribeca կինոփառատոնում | |||||||||
Հասակը | 175 սմ | ||||||||
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1967 (56 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Սմիրնա, Ջորջիա ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Campbell High School?[1], Ջորջիայի պետական համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Saint Monica Catholic High School? | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Հպատակություն | ԱՄՆ | ||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||
Կրոն | Հինդուիզմ | ||||||||
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, մոդել, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1984–այժմ | ||||||||
Ժանրեր | կատակերգություն, դրամա, մելոդրամա | ||||||||
Ընտրանի | «Սիրունիկը», «Նոթինգ Հիլ», «Լավագույն ընկերոջ հարսանիքը» | ||||||||
Ծնողներ | հայր՝ Walter Grady Roberts?[2], մայր՝ Betty Lou Bredemus? | ||||||||
Ամուսին(ներ) | Դենիել Մոդեր (3 երեխա), Լայլ Լավլետ (ամուսնալուծված) | ||||||||
Համատեղ ապրող(ներ) | Բենջամին Բրեթ և Ջեյսոն Պատրիկ | ||||||||
Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
|
Ռոբերտսը աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է[9]։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում բերել են երկու միլիարդ դոլարից ավել եկամուտ[10]։
Ապագա դերասանուհին ընտանիքում երրորդ երեխան էր։ Նա ունի ավագ եղբայր՝ Էրիկ Ռոբերտս (ծնված 1956 թվականի ապրիլի 18-ին) և քույր՝ Լիզա (ծնված 1965 թվականի օգոստոսի 5-ին)։ Ջուլիի հայրը՝ Ուոլտեր Գրեյդի Ռոբերտսը (1933—1977 թվականներ), եղել է ջրային ներքնակների վաճառական և միաժամանակ դերասան և գրող։ Ջուլիի մայրը՝ Բեթթի Լու Բրեդեմասը, որն աշխատում էր քարտուղարուհի ծխական եկեղեցում և համատեղության կարգով դերասանություն էր անում, ծնվել է 1934 թվականին Միննեապոլիսում։ Ռոբերտսն ունի իռլանդական, շոտլանդական, վալիական, անգլիական, գերմանական և շվեդական արմատներ[11]։
Ջուլիի ընտանիքում հայտնվելու պահին նրա ծնողները գտնվում էին ծանր ֆինանսական վիճակում։ Ռոբերտսի հայրը տիրապետում էր երեխաների համար փոքրիկ դերասանական դպրոցին՝ Դեքեյտերում, Ջորջիա, ուր հաճախում էին Մարտին Լյութեր Քինգի երեխաները։ Երբ տիկին Ռոբերտսը ծննդաբերում է Ջուլիին, Քինգը, ի նշան շնորհակալության իր երեխաների նկատմամբ ուշադրության, վճարում է հիվանդանոցային ծախսերը[12]։
1971 թվականին, երբ լրանում է Ջուլիի չորս տարին, նրա մայրը դիմում է ամուսնալուծության։ Հաջորդ տարի նա կրկնակի անգամ ամուսնանում է թատերական քննադատ Մայքլ Մոուտսի (Michael Motes) հետ։ Ջուլիի մոր և Մայքլի ամուսնությունից ծնվում է դուստր՝ Նենսի Մոուտսը (Nancy Motes), որը մահանում է 2014 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում՝ թմրադեղերի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով, 37 տարեկան հասակում[13][14]։ Բեթթի Լուի և Մայքլի ամուսնությունը փլուզվում է 1983 թվականին։ Հետագայում Բեթթին այդ ամուսնությունը անվանում էր «մեծ սխալմունք»։ Խորթ հայրը բռնություններ էր կիրառում Բեթթիի երեխաների նկատմամբ և տարիներ անց Էրիկ Ռոբերտսը մի քանի հրապարակային հայտարարություններ է անում Ջուլիի համար ցավոտ այդ թեմայի վերաբերյալ։ Այսպես թե այնպես, Ջուլին ոչ միայն հավանություն չի տալիս եղբոր այդ վարմունքին, այլ անձամբ ինքը երբեք անկեղծ ելույթներ չի ունենում իր ծանր մանկության մասին՝ իր մոր և քրոջ Նենսիի նկատմամբ հարգանքի պատճառով։
Ջուլիի հայրը նույնպես կրկնակի անգամ ամուսնանում է Էյլին Սելլարսի հետ 1974 թվականին։ Խորթ մայրը կարողանում է բարի դրացիական հարաբերություններ հաստատել Ուոլտերի առաջին ամուսնությունից ծնված երեխաների հետ, սակայն հանկարծամահ է լինում 1977 թվականի սեպտեմբերին՝ դժբախտ պատահարից։ Ինքը Ուոլտերը, կնոջից հետո ապրում է ընդամենը մի քանի ամիս, մահանալով նույն թվականի դեկտեմբերին՝ ստամոքսի քաղցկեղից[15]։
13 տարեկան հասակից Ջուլի Ռոբերտսը մատուցողուհի է աշխատում պիցցերիայում, հաճախում է Ֆիտցխյու Լիի նախադպրոցը, Գրիֆֆինի միջնակարգ դպրոցը և Քեմփբելի քոլեջը Սմիրնայում։ Դպրոցում հրապուրվում էր կլարնետի վրա նվագելով[16][17]։ Մի քանի անգամ նա մասնակցություն է ունենում տեղական գեղեցկության մրցույթներին, սակայն եզրափակիչից այն կողմ երբեք չի անցել։ Դպրոցական տարիներին նա անյքան է տպավորվել ավագ եղբոր դերասանական հաջողություններով, որ սկսում է մասնակցել տեղական սիրողական բեմադրություններին։
Սմիրնայում դպրոցն ավարտելուց հետո Ջուլի Ռոբերտսն ընդունվում է Ջորջիա նահանգի համալսարանը և տեղափոխվում է Նյու Յորք՝ քրոջ մոտ, որպեսզի փորձի իրեն կինոյում։ Նյու Յորքում նա պայմանագիր է ստորագրում «Click» նորաձևային գործակալության հետ և սկսում է հաճախել դերասանական արվեստի դասընթացների[18][19]։
Նյու Յորքում Ջուլիա Ռոբերտսը, բացի դերասանական արվեստի դասերից, պարապում է իր արտասանության վրա։ Հարավային առոգանությունը երբեք չէր խրախուսվում կինոյում։ Շուտով, ճիշտ է, նա դադարում է հաճախել դերասանական դասընթացներին, որովհետև դրանք չէր համարում բավականին արդյունավետ։ Ֆիլմերի համար բազմաթիվ լսումներից և փորձարկումներից հետո Ջուլիան (դերասանուհին ստիպված է լինում փոխել անունը ԱՄՆ-ի դերասանների Գիլդիան ընդունվելու ժամանակ, քանի որ այնտեղ արդեն, որպես անդամ, գրանցված էր Ջուլի Ռոբերտս անունուվ դերասանուհի) ստանում է փոքրիկ դեր «Հրշեջ խումբ» («Firehouse») ֆիլմում։ Նրա 15 վայրկյան տևողությամբ հայտնվելը էկրանին միակ բանն է, որ կարող է հետաքրքրել 1986 թվականի այդ անհաջող կինոկատակերգությունից։
Ավելի ուշ Ջուլիան հրավեր է ստանում իր եղբայր Էրիկից, այն ժամանակ արդեն հանրահայտ դերասանից, նկարահանվելու իր քրոջ փոքրիկ դերում «Արնակարմիր» («Blood Red») մարտաֆիլմում, որը սակայն ամբողջ երեք տարի սպասում էր էկրան բարձրանալուն։ Այդ ընթացքում Ջուլիան խաղում է ևս մի քանի կինոնկարներում։ «Բավարարություն» («Satisfaction») ֆիլմում նա կերպարանավորում էր աղջկա, որը մասնակցում է ռոք խմբում (դերակատարման համար Ջուլիան սովորում է նվագել հարվածային գործիքներ և բաս-կիթառ), նույն 1987 թվականին Ջուլիա Ռոբերտսը համաձայնում է «Առեղծվածային պիցցա» («Mystic Pizza») կատակերգությունում դերին, որի համար նա ստիպված էր իր դարչնագույն մազերը ներկել շեկ գույնի (որը հետագայում դառնում է նրա խորհրդանիշը)։ Այդ կինոնկարի համար Ռոբերտսը վաստակում է 50 000 դոլար։
Սակայն արդեն Ջուլիա Ռոբերտսի հաջորդ դերը ստիպում է քննադատներին և հանդիսատեսին նրա մասին խոսելու որպես Ամերիկայի ամենախոստումնալից դերասանուհու մասին մենինգիտով հիվանդանալու արդյունքում Ջուլիան բուժվելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելեսի արվարձան՝ Սանտա Մոնիկա։ Հոլլիվուդի մոտ լինելը հեշտացնում է դերերի փնտրումը և Ռոբերտսը ստանում է Շելբի Լետչերի, շաքարախտով հիվանդ աղջկա, որը պատրաստվում է իր հարսանյաց հանդեսին, երկրորդական դերը «Պողպատե մագնոլիաներ» («Steel Magnolias») ֆիլմում։ Ֆիլմը դառնում է վարձույթի հիթը, հավաքելով ավելի քան ութսուն միլիոն դոլար ամերիկյան կինոթատրոններում, իսկ դերակատարման համար Ռոբերտսն արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և «Օսկար» մրցանակաբաշխությունում անվանակարգվում է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
«Պողպատե մագնոլիաներ» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրանում 1989 թվականի վերջին՝ «նախաօսկարյան շրջանում»։ Այդ ժամանակ Ջուլիան ավարտում էր իր մասնակցությունը «$3000» աշխատանքային անվանումը կրող ֆիլմում նկարահանումները, անվանված այն գումարի չափով, որը հարուստ գործարարարը խոստացել էր մարմնավաճառին իր հետ անցկացրած մեկ շաբաթվա համար։ Ֆիլմի գլխավոր աստղը հանդիսանում էր հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը։ Պրոդյուսերները հանրահայտ անուն էին ցանկանում նաև մարմնավաճառ Վիվիեն Ուորդի դերի համար, սակայն ռեժիսոր Հարրի Մարշալը նրանց համոզում է վերցնել Ջուլիա Ռոբերտսին։ Դերասանուհին այդ դերի համար ստանում է 300 000 դոլարանոց չեկ։ Ֆիլմի սկզբնական տարբերակում նախատեսված չէր երջանիկ ավարտ, սկզբնապես նախատեսված էր, որ Վիվիենը կլինի թմրամոլ, իսկ Էդվարդ Լյուիսի պայմանը կլինի մեկ շաբաթ ձեռնպահ մնալ չափաբաժնից։ Վերջի վերջո Էդվարդը Վիվիենին դուրս է շպրտում մեքենայից և հեռանում է, իսկ եզրափակիչ մասում նա ընկերուհու հետ ավտոբուսով մեկնում է Դիսնեյլենդ՝ իր մանկության երազանքը։ Սակայն Ջուլիա Ռոբերտսի «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմի աղմկոտ հաջողությունից հետո, որը նրան դարձնում է ճանաչված դերասանուհի, Մարշալը որոշում է հեռացնել բոլոր մռայլ դրվագները և վերանկարահանել ֆիլմի ավարտը։ Անհետանում է նաև ֆիլմի «$3000» անվանումը։ Այժմ կինոնկարը անվանվում է «Սիրունիկը» («Pretty Woman»), Ռոյ Օրբիսոնի «Pretty Woman» հանրահայտ երգի անվանումով։ «Սիրունիկը» ԱՄՆ-ի էկրաններին է բարձրանում 1990 թվականի մարտի 23-ին և, չնայած քննադատների բավականին սառը ընդունելությանը, վարձույթում վաստակում է 180 միլիոն դոլար, դառնալով հավաքված գումարով 1990 թվականի երկրորդ ֆիլմը, Ռոբերտսին բերելով երկրորդ անընդմեջ անվանակարգումը «Օսկար» մրցանակին, արդեն որպես լավագույն դերասանուհի և «Ոսկե Գլոբուս»-ի երկրորդ արձանիկը։
«Սիրունիկի» բացառիկ հաջողությունից հետո ամբողջ աշխարհի հանդիսատեսների մոտ (համարյա կես միլիարդ դոլար համաշխարհային վարձույթում) Ջուլիա Ռոբերտսը հանդիսանում է լիարժեք կինոաստղ՝ այդ տիտղոսին համապատասխանող բոլոր հանգամանքներով։ «Սիրունիկը» և դրան հաջորդող «Կոմայի մեջ գտնվողները» («Flatliners») ֆիլմը Ջուլիա Ռոբերտսին թույլ են տալիս բարձրացնելու հաջորդ ֆիլմի համար՝ «Թշնամու հետ միևնույն անկողնում» («Sleeping with the enemy»), իր հոնորարի սանդղակը մինչև մեկ միլիոն դոլարի։
1990 թվականի սկզբին Ռոբերտսը անընդմեջ թողարկում է մի քանի «լուրջ» ֆիլմեր՝ «Թշնամու հետ միևնույն անկողնում» («Sleeping with the enemy»)՝ կնոջ մասին, որը փախչում է իրեն ծեծի ենթարկող ամուսնուց, «Մեռնել երիտասարդ» («Dying Young»), որտեղ նրա հերոսուհին սիրահարվում է մահացու հիվանդություն ունեցող տղամարդու, «Հավալուսնի գործը» («The Pelican Brief»)՝ Ջոն Գրիշեմի վեպի հիման վրա թրիլեր, Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, Սթիվեն Սփիլբերգի «Կապիտան Կեռիկ» («Hook») ֆիլմը և մի քանի լիովին ժամանցային կինոնկարներ։ Նրանք բոլորն էր այս կամ այն կերպ հանրաճանաչություն էին վայելում հասարակության մեջ, սակայն «Սիրունիկի» հաջողությունը կրկնել չհաջողվեց։
Հանդիսատեսները ցանկանում էին կրկին տեսնել «սիրունիկ» Ջուլիային իր հաջողակ ամպլուայում, իրեն յուրահատուկ ժպիտով։ Սակայն Ռոբերտսի անկայուն անձնական կյանքը, դերասանուհու խոստովանությամբ, հակված չէր «ուրախ» սցենարների ընտրություն կատարել։ Ռոբերտսը նկարահանվում է փոքրիկ դերերում հանրահայտ Ռոբերտ Օլտմենի մոտ, Սթիվեն Ֆրիրզի գերմռայլ «Մերի Ռայլի» («Mary Reilly») դրամայում (Ջուլիայի առաջին ֆինանսական անհաջողությունը), ինչպես նաև դրվագային դերում Վուդի Ալենի «Բոլորն ասում են, որ ես քեզ սիրում եմ» («Everyone Says I Love You») ֆիլմում։ Այս փուլում Ջուլիան անհետանում է հանդիսատեսի տեսադաշտից, ժամանակավորապես դադարելով նկարահանվել կինոյում, իսկ լրատվամիջոցները շտապում են հայտարարել նրա կարիերայի մայրամուտի մասին։
Դերասանուհու կինոասպարեզ վերադառնալը առավել քան բացառիկ էր։ 1997 թվականի «Լավագույն ընկերոջ հարսանիքը» («My Best Friend's Wedding») ռոմանտիկ կատակերգությունը կրկին հանդիսատեսին ցույց է տալիս Ջուլիային այնպիսին, ինչպիսին նրանք սիրեցին Ջուլիային՝ զավեշտական կատակերգուհու վարակիչ ծիծաղով և լայն ժպիտով։ Ֆիլմը ֆավորիտ է դառնում նաև քննադատների մոտ, ԱՄՆ-ի առաջատար կինոքննադատ Ռոջեր Էբերտը Ռոբերտսի դերակատարումը անվանում է «հիասքանչ»։
«Լավագույն ընկերոջ հարսանիքը»-ի ռեստորանային քննադատ Ջուլիաննա Պոտերի դերին հետևում են ևս մի քանի դրամարկղային հաջող կինոնկարներ (թեկուզ քննադատների կողմից տարբեր կարգի բարեհաճությամբ ընդունվելուն)։ Առավել եկամտաբեր դարձան «Նոթինգ Հիլ» («Notting Hill») (1999 թվական, Ռոբերտսի համար անվանակարգում «Ոսկե Գլոբուս»-ում, 363 միլիոն դոլար դրամարկղային հավաք ամբողջ աշխարհում)՝ Հյու Գրանտի հետ, «Փախչող հարսնացուն» (1999 թվական, 310 միլիոն դոլար դրամարկղային հավաք ամբողջ աշխարհում)՝ Ռիչարդ Գիրի հետ, «Օուշենի տասնմեկ ընկերները» (2001 թվական, 450 միլիոն դոլար հավաք աշխարհում)՝ Ջորջ Քլունիի, Բրեդ Փիթի հետ։
Սակայն իրապես բացառիկ հաջողություն դարձավ Ջուլիա Ռոբերտսի կենսագրական դերը Սթիվեն Սփիլբերգի «Էրին Բրոկովիչ» («Erin Brockovich», 2000 թվական) ֆիլմը։ Ֆիլմ, որը ոչ միայն մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի մոտ (դրամարկղային հավաքը ամբողջ աշխարհում 256 միլիոն դոլար), այլ նաև հեղինակներին բերում են հինգ անվանակարգում «Օսկար» մրցանակին, որոնցից մեկին արժանանում է Ջուլիան։ Ոսկե արձանիկի նրան հանձնումը վերջնականապես հաստատում է Հոլլիվուդի գլխավոր կինոաստղի և ամենայն «Ամերիկայի սիրեցյալը» նրա կարգավիճակը։ Բացի «Օսկար»-ից, դերասանուհին արժանանում է BAFTA-ի մրցանակին և երրորդ «Ոսկե Գլուբուս»-ին։ Ջուլիայի հոնորարները աճում էին ֆիլմից ֆիլմ և «Մոնա Լիզայի ժպիտը» («Mona Lisa Smile») ֆիլմի համար դերասանուհին ստանում է կինոմոտոգրաֆիայի պատմության մեջ դերասանուհու համար աննախադեպ չափի հոնորար՝ 25 միլիոն դոլար գումար։ Սակայն դա չի խանգարում դերասանուհուն մասնակցություն ունենալ փոքրիկ նախագծերում՝ վերը նշված գումարից շատ ավելի քիչ բյուջեով (նրա մասնակցությամբ «Մերձեցում» («Closer») ֆիլմը, որը նկարահանվել է 27 միլիոն դոլարով, վարձույթում բերել է ավելի քան 115 միլիոն դոլար)։
2007 թվականին նկարահանվում է «Չառլի Ուիլսոնի պատերազմը» («Charlie Wilson's War») դրամայում՝ մասնակցությամբ «Օսկար»-ի դափնեկիրներ Թոմ Հենքսի և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի, որի համար ստանում է անվանակարգում «Ոսկե Գլոբուս»ում։
Ջուլիա Ռոբերտսը գնում է Էլիզաբեթ Գիլբերտի «Կեր, աղոթիր, սիրիր» («Eat, Pray, Love») բեսթսելլերի նկարհանման բացառիկ իրավունքները, որում կատարում է գլխավոր դերը[20]։
2013 թվականին Ռոբերտսը խաղում է Մերիլ Սթրիփի հերոսուհու դուստրերից մեկի դերը «Օգոստոս։ Օսեյջի կոմսություն» («August: Osage County») տրագիկոմեդիայում։ Քննադատները բավականին բարձր են գնահատում նրա դերասանական խաղը, համարելով լավագույններից մեկը «Էրին Բրոկովիչ»-ից հետո։ Դերասանուհին կրկին անվանակարգվում է «Օսկար»-ի, «Ոսկե Գլոբուս»-ի և BAFTA-ի։
1990-ական թվականներին Ջուլիա Ռոբերտսը հայտնի էր ոչ միայն շնորհին իր հաջողակ ֆիլմերի, այլ նաև բուռն անձնական կյանքով։ Հայտնի մարդկանց ցուցակում, ում հետ դերասանուհին սիրային կապեր է ունեցել, կարելի թվել Կիֆեր Սազերլենդին, Մեթյու Պերրին, Լիամ Նիսոնին, Դանիել Դեյ-Լուիսին, Բենջամին Բրետտին[21][22]
Առաջին ամուսնությունը դերասան և քանթրի երգիչ Լայել Լովետտի հետ, որը կնքվել էր 1993 թվականին[23], տևում է ընդամենը երկու տարուց քիչ[24]։
2002 թվականի հուլիսի 4-ին Ջուլիան ամուսնանում է կինոօպերատոր Դենիել Մոդերի հետ։ 2004 թվականի նոյեմբերի 28-ին զույգի մոտ զույգ է ծնվում՝ աղջիկ Խեզել Պատրիշա և տղա Ֆինեաս Ուոլտեր։ Ծննդաբերությունը տեղի է ունենում սահմանված ժամանակից չորս շաբաթ առաջ, սակայն ոչ մի բարդացում չի նկատվում։ 2007 թվականի հունիսի 18-ին Ջուլիան ունենում ևս մեկ տղա՝ 3800 գրամ քաշով։ Տղային անվանում են Հենրի Դանիել Մոդեր։
Ջուլիան ընտանիքով ապրում է Նյու Յորքի սեփական պենտհաուսում (Մանհեթեն փողոցի վրա) և Տախոյի ռանչոյում։ Նա նաև ունի առանձնատուն Մալիբույում, Կալիֆորնիա։ Ռոբերտսին է պատկանում «Om Red Films» կինոընկերությունը և, բացի այդ, ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։ 2005 թվականին դերասանուհու կարողությունը «Forbes» ամսագրի կողմից գնահատվում է 250 միլիոն դոլար։
Դերասանուհին և փոփ երգչուհի Էմմա Ռոբերտսը ազգականուհիներ են։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|
1984 – 1990 | Մայամիի ոստիկանություն։ Բարքերի բաժին | Miami Vice | Պոլլի Վհիլեր | Ջոն Նիկոլելա Ռիչարդ Կոմպտոն Լեոն Իչասո | Դոն Ջոնսոն, Ֆիլիպ Մայքլ Թոմաս, Սանդրա Սանտյագո, Օլիվիա Բրաուն, Մայքլ Տոլբոտ |
1986 – 1988 | Քրեական պատմություն | Crime Story | Տրեյսի | Լեոն Իչասո Աարոն Լիպսթաթ Քոլին Բաքսի | Դեննիս Ֆարինա, Էնթոնի Ջոն Դենիսոն, Բիլ Սմիտրովիչ, Սթիվ Ռայան, Բիլ Քեմփբել |
1988 | Հաճույք | Satisfaction | Դերիլ Շեյն | Ջոան Ֆրիման | Ժյուսթին Բեյթման, Լիամ Նիսոն, Տրինի Ալվարադո, Սքոթ Կոֆի, Բրիթա Ֆիլիպս |
1988 | Բաջա Օկլահոմա | Baja Oklahoma | Քենդի Հատկինս | Բոբբի Ռոտ | Լեսլի Էնն Ուորեն, Փիթեր Կոյոտ, Սվուզի Կյորց, Բիլի Վերա, Էնտոնի Զերբի |
1988 | Առեղծվածային պիցցա | Mystic Pizza | Դեյսի Արուջո | Դոնալդ Պիտրի | Աննաբետ Գիշ, Լիլի Տեյլոր, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Ուիլյամ Ռ. Մոուսես |
1989 | Կարմիր ինչպես արյունը | Blood Red | Մարիա Կոլեգարո | Փիթեր Մասթերսոն | Էրիկ Ռոբերտս, Ջանկարլո Ջանինի, Դեննիս Հոփեր, Բերտ Յանգ, Կարլին Գլին |
1989 | Պողպատե մագնոլիաներ | Steel Magnolias | Շելբի Էատենտոն | Հերբերտ Ռոս | Սալի Ֆիլդ, Դոլի Պարտոն, Շիրլի ՄակԼեյն, Դերիլ Հաննա, Օլիմպիա Դուկակիս |
1990 | Սիրունիկը | Pretty Woman | Վիվիան Վարդ | Գերի Մարշալ | Ռիչարդ Գիր, Ռալֆ Բելամի, Ջեյսոն Ալեքսանդր, Լորա Սան Ջակոմո |
1990 | Կոմայի մեջ գտնվողները | Flatliners | Ռեյչել Մանուս | Ջոել Շումահեր | Կիֆեր Սազերլենդ, Քևին Բեյկոն, Ուիլյամ Բոլդուին, Օլիվեր Պլատ |
1990 – 2010 | Օրենք և կարգ | Law & Order | Կատրինա Լուդլոու | Կոնստանտին Մակրիս Էդվին Շերին Ջեյս Ալեքսանդր | Ս. Էպատա Մերկերսոն, Սեմ Ուոտերսթոն, Ջերի Օրբակ, Սթիվեն Հիլ, Ջեսի Լ. Մարտին |
1991 | Թշնամու հետ նույն անկողնում | Sleeping with the Enemy | Լաուրա Բըրնեյ | Ջոզեֆ Ռուբին | Պատրիկ Բերգին, Քևին Անդերսոն, Էլիզաբեթ Լոուրենս, Կայլ Սիկոր |
1991 | Մահանալ երիտասարդ | Dying Young | Հիլարի Օ'Նիլ | Ջոել Շումահեր | Քեմփբել Սքոթ, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Կոլին Դյուհյորսթ, Դևիդ Սելբի |
1991 | Նավապետ Կեռիկը | Hook | Դին-Դին | Սթիվեն Սպիլբերգ | Դասթին Հոֆման, Ռոբին Ուիլյամս, Բոբ Հոսկինս, Մեգգի Սմիթ |
1993 | Հավալուսնի գործը | The Pelican Brief | Դերբի Շոու | Ալան Ջ. Պակուլա | Դենզել Վաշինգտոն, Սեմ Շեպարդ, Ջոն Հյորդ, Թոնի Գոլդուին |
1994 | Ես սիրում են անախորժություններ | I Love Trouble | Sabrina Peterson | Չարլզ Շայեր | Նիկ Նոլտի, Սոլ Ռուբինեկ, Ջեյմս Ռեբհորն, Ռոբերտ Լոջա |
1994 – 2004 | Ընկերներ | Friends | Սուսի Մորս | Գարի Հելվորսոն Քևին Բրայտ Մայքլ Լեմբեկ | Ջենիֆեր Էնիսթոն, Քորթնի Քոքս, Լիզա Կուդրոու, Մեթ ԼեԲլան, Մեթյու Փերի |
1994 | Բարձր նորաձևություն | Prêt-à-Porter | Անն Էիսենհովեր | Ռոբերտ Օլտմեն | Սոֆի Լորեն, Մարչելո Մասթրոյաննի, Ժան-Պեր Կասել, Կիմ Բեյսինգեր, Կյարա Մասթրոյաննի |
1995 | Խոսակցության թեմա | Something to Talk About | Գրեյս Քինգ Բիշոն | Լասե Հալսթրյոմ | Դեննիս Կուեյդ, Ռոբերտ Դյուվալ, Ջինա Ռոուլենդս, Քիրա Սեջվիկ |
1996 | Մերի Ռայլի | Մերի Ռայլի | Mary Reilly | Սթիվեն Ֆրիրզ | Ջոն Մալկովիչ, Ջորջ Կոուլ, Մայքլ Գեմբոն, Կետի Ստաֆ |
1996 | Մայքլ Քոլինզ | Michael Collins | Կիտտի Կիրնեն | Նիլ Ջորդան | Լիամ Նիսոն, Էյդան Կուինն, Սթիվեն Ռի, Ալան Ռիկման |
1996 | Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ | Everyone Says I Love You | Վոն Սայդել | Վուդի Ալեն | Դրյու Բերիմոր, Գոլդի Հոուն, Վուդի Ալեն, Ալան Ալդա |
1997 | Լավագույն ընկերոջ հարսանիքը | My Best Friend's Wedding | Ջուլիանա Փոթեր | Պ.Ջ. Հոգան | Դերմոտ Մալրունի Կեմերոն Դիազ, Ռուպերտ Էվերետ, Ֆիլիպ Բոսկո |
1997 | Դավադրության տեսություն | Conspiracy Theory | Ալիս Սատոն | Ռիչարդ Դոներ | Մել Գիբսոն, Պատրիկ Ստյուարտ, Սիլկ Կոզարտ, Սթիվ Կեխեն |
1998 | Խորթ մայրը | Stepmom | Իզաբել Կելլի | Քրիս Կոլամբուս | Սյուզեն Սարանդոն, Էդ Հարիս, Ջենա Մելոուն, Լիամ Էյկեն |
1999 | Նոթինգ Հիլ | Notting Hill | Աննա Սքոթ | Ռոջեր Միշել | Հյու Գրանտ, Ռիչարդ ՄակԿեյբ, Ռիս Իվանս, Ջեյմս Դրեյֆուս |
1999 | Փախչող հարսնացուն | Runaway Bride | Մեգի Կարպենտեր | Գերի Մարշալ | Ռիչարդ Գիր, Ջոան Կյուսակ, Գեկտոր Էլիզոնդո, Ռիտա Ուիլսոն |
2000 | Էրին Բրոկովիչ | Erin Brockovich | Էրին Բրոկովիչ | Սթիվեն Սոդերբերգ | Ալբերտ Ֆիննի, Աարոն Էկխարտ, Դևիդ Բրիսբին, Դոուն Դիդավիկ |
2001 | Մեքսիկացին | The Mexican | Սամանթա Բերզել | Գոռ Վերբինսկի | Բրեդ Փիթ, Ջեյմս Գանդոլֆինի, |
2001 | Ամերիկայի սիրելիները | America's Sweethearts | Քեյթլին «Կիկի» Հարիսոն | Ջո Ռոտ | Քեթրին Զետա-Ջոնս, Բիլի Քրիստալ, Ջոն Կյուսակ, Հենք Ազարիա |
2001 | Օուշենի տասնմեկ ընկերները | Ocean's Eleven | Տեսս Օուշեն | Սթիվեն Սոդերբերգ | Ջորջ Քլունի, Բրեդ Փիթ, Մեթ Դեյմոն, Էնդի Գարսիա |
2002 | Ամբողջ հմայքով | Full Frontal | Քետրին /Ֆրանչեսկա | Սթիվեն Սոդերբերգ | Դևիդ Դուխովնի, |
2002 | Վտանգավոր մարդու խոստովանությունը | Confessions of a Dangerous Mind | Պատրիշա Ուոտսոն | Ջորջ Քլունի | Դրյու Բերիմոր, Ջորջ Քլունի, Ռուտգեր Հաուեր |
2002 | Մեծ չեմպիոնը | Grand Champion | Ջոլեյն | Բերի Տաբ | Էմմա Ռոբերտս, |
2003 | Մոնա Լիզայի ժպիտը | Mona Lisa Smile | Քետրին Էնն Ուոտսոն | Մայկ Նյուել | Քիրստեն Դանստ, Ջիննիֆեր Գուդվին |
2004 | Մոտիկություն | Closer | Աննա Քեմերոն | Մայկ Նիկոլս | Նատալի Պորտման, Ջուդ Լոու, |
2004 | Օուշենի տասներկու ընկերները | Ocean's Twelve | Տեսս Օուշեն | Սթիվեն Սոդերբերգ | Ջորջ Քլունի, Բրեդ Փիթ, Մեթ Դեյմոն, Քեթրին Զետա-Ջոնս |
2005 | I Love the '90s: Part Deux | Էմմա Բանթոն, | |||
2006 | Բեսլան։ Սեպտեմբերյան երեք օր | Beslan: Three Days in September | պատմող | Ջո Հալդերման | Փիլար Ուիզերսպուն |
2006 | Մրջյունների սարսափը | The Ant Bully | Հովա (հնչյունավորում) | Ջոն Ա. Դևիս | Նիկոլաս Քեյջ, Մերիլ Ստրիպ, |
2006 | Շառլոտի սարդոստայնը | Charlotte's Web | սարդ Շառլոտա (հնչյունավորում) | Գարի Վինիկ | Սթիվ Բուշեմի, Ջոն Քլիզ, Օպրա Ուինֆրի |
2007 | Չառլի Ուիլսոնի պատերազմը | Charlie Wilson's War | Ջոաննա Հերինգ | Մայկ Նիկոլս | Թոմ Հենքս, Էմի Ադամս, |
2008 | Լուսատտիկներն այգում | Fireflies in the Garden | Լիզա Թեյլոր | Դենիս Լի | Ռայան Ռեյնոլդս, Ուիլեմ Դեֆո, Էմիլի Ուոտսոն, |
2009 | Ոչ մի ավելորդություն | Duplicity | Կլեր Սթենվիկ | Թոնի Գիլրոյ | Թոմ Ուիլկինսոն, Փոլ Ջամաթի, |
2010 | Սուրբ Վալենտինի օրը | Valentine's Day | կապիտան Քեյթ Հազելտին | Գերի Մարշալ | Ջեսիկա Ալբա, Ջեսիկա Բիլ, Բրեդլի Կուպեր, Էն Հեթուեյ, Ջենիֆեր Գարներ |
2010 | Կեր, աղոթիր, սիրիր | Eat Pray Love | Լիզ Գիլբերտ | Ռայան Մերֆի | Խավեր Բարդեմ, Վիոլա Դևիս, |
2010 | The Kennedy Center Honors: A Celebration of the Performing Arts | Լուիս Ջ. Հորվիտզ | Ալեք Բոլդուին, | ||
2011 | Սեր, նշանադրություն, հարսանիք | Love, Wedding, Marriage | Ավայի հոգեբանը (հնչյունավորում) | Դերմոտ Մալրունի | Մենդի Մուր, Ջեյն Սեյմուր, |
2011 | Լարրի Քրաուն | Larry Crowne | Մերսեդես Տեյնոտ | Թոմ Հենքս | Թոմ Հենքս, |
2012 | Ասա դու ինձ, հայելի՛ | Mirror Mirror | չար թագուհի Կլեմենտինա | Տարսեմ Սինխ | Լիլի Քոլինզ, Արմի Համեր |
2013 | Օգոստոս. Օսեյջ կոմսություն | August: Osage County | Բարբարա Ուեստոն | Ջոն Ուելս | Մերիլ Սթրիփ
Բենեդիկտ Քամբերբեչ, |
2014 | Սովորական սիրտ | The Normal Heart | բժիշկ Էմմա Բրուկներ | Ռայան Մերֆի | Ջիմ Պարսոնս, Մեթ Բոմեր, Ալեք Բոլդուին, Մարկ Ռուֆալո |
2015 | Գաղտնիք նրանց աչքերում | Ջեսս | Բիլլի Ռեյ | Չիվեթել Էջիոֆոր | |
2016 | Ֆինանսական հրեշը | Money Monster | Պետի Ֆեն | Ջուդի Ֆոսթեր | Ջորջ Կլունի |
2016 | Մայրերի օրը | Mother's Day | Միրանդա | Հարի Մարշալ | Ջենիֆեր Էնիսթոն |
2017 | Սմուրֆիկներ։ Կորսված գյուղ | Smurfs: The Lost Village | Սմուրֆ Իվի | Քելլի Էսբերի | |
2017 | Հրաշք | Wonder | Իզաբել Փուլմանը | Սթիվեն Չբոսկի | Օուեն Ուիլսոն` |
2018 | Բենը վերադարձել է | Ben is Back | Հոլլի Բըրնս | Փիթեր Հեջես | Լուկաս Հեջես |
2018 | Վ/ս Տունդարձ | Homecoming | Հայդի Բերգման | Սեմ Էսմայիլ | Ստեֆան Ջեյմս |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1998 | Խորթ մայրը | Stepmom |
2004 | Սամանտա։ Ամերիկացի աղջկա արձակուրդները | Samantha: An American Girl Holiday |
2005 | Ֆելիսիտի։ Երիտասարդ ամերիկուհու պատմություն | Felicity: An American Girl Adventure |
2008 | Կիտ Կիտերեջ։ Ամերիկուհու հանելուկ | Kit Kittredge: An American Girl |
2011 | Էքստրաօրդինար մայրիկներ | Extraordinary Moms |
2011 | Հիսուս Հենրի Քրիստոս | Jesus Henry Christ |
2017 | Կար ուրբաթ օրերին | The Friday Night Knitting Club |
Պարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ/Հեռուստասերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1990 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Պղնձե մագնոլիաներ | Առաջադրված |
1991 | Լավագույն կանացի դերակատարում | Սիրունիկը | Առաջադրված | |
2001 | Լավագույն կանացի դերակատարում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
BAFTA | 1991 | Լավագույն կանացի դերակատարում | Սիրունիկը | Առաջադրված |
2001 | Լավագույն կանացի դերակատարում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
Ոսկե Գլոբուս | 1990 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Պղնձե մագնոլիաներ | Հաղթանակ |
1991 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Սիրունիկը | Հաղթանակ | |
1998 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Լավագույն ընկերոջ հարսանիքը | Առաջադրված | |
2000 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Նոթինգ Հիլ | Առաջադրված | |
2001 | Լավագույն կանացի դերակատարում դրամայում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ | |
2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Չառլի Ուիլսոնի պատերազմները | Առաջադրված | |
2010 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Ավելորդ ոչինչ | Առաջադրված | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
Էմմի | 1999 | Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Կարգ ու կանոն | Առաջադրված |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում ֆիլմում կամ մինի սերիալում | Սովորական սիրտ | Առաջադրված | |
ԱՄՆ-ի կինոդերասանների հիլդիայի մրցանակ | 2001 | Լավագույն կանացի դերակատարում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
2015 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում ֆիլմում կամ մինի սերիալում | Սովորական սիրտ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.