ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Լուկաս Հեջես (անգլ.՝ Lucas Hedges, դեկտեմբերի 12, 1996[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3][4]։
Լուկաս Հեջես անգլ.՝ Lucas Hedges | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1996[1][2] (27 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան և Սուրբ Էննի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Փիթեր Հեջես |
Պարգևներ և մրցանակներ | Ամբողջական ցանկ |
Նա ֆիլմերի հեղինակ Փիթեր Հեջեսի որդին է։
Լուկասը թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում։ Նա սկսել է իր կարիերան՝ երկրորդական դերեր կատարելով Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» (2012) կատակերգական դրամայում և «Սպանել սուրհանդակին» (2014) քրեական կենսագրական ֆիլմում։ Հեջեսը հայտնի է դարձել Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» դրամա ֆիլմում որբ դեռահասի դերը կերտելուց հետո։ Այդ դերի համար նա առաջադրվել է Օսկար մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ Հեջեսը շարունակել է նկարահանվել ագրեսիվ դեռահասի դերում օֆֆ-բրոդվեյյան «Իեն» բեմադրությունում, ինչպես նաև երկրորդական դերեր է կատարել «Լեյդի Բըրդ» և «Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա» ֆիլմերում։
2018 թվականին Հեջեսը դեռահասի դեր է կատարել «Ջնջված տղա» ֆիլմում, ինչպես նաև թմրամոլի դեր՝ «Բենը վերադարձել է» ֆիլմում, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը նրա հայրն է։ «Ջնջված տղա» ֆիլմում իր աշխատանքի համար Հեջեսն առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան դրամա ֆիլմում» անվանակարգում։ Իր բրոդվեյյան նորամուտը Լուկասը նշել է՝ մասնակցելով Լոներգանի «Ուեյվերլի պատկերասրահը» դրամայի վերաբեմադրմանը։
Հեջեսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին Հայթս շրջանում[5] և դարձել է գրող և դերասանուհի Սյուզան Բրյուսի (ի ծնե՝ Թիթման) և սցենարիստ ու ռեժիսոր Փիթեր Հեջեսի երկու որդիներից կրտսերը[6][7]։ Նա Սայմոն անունով ավագ եղբայր ունի[8]։ Լուկասը մեծացել է Բրուքլին Հայթս և Քոբլ Հիլ շրջաններում՝ հաճախ այցելելով իր հոր ֆիլմերի նկարահանման հրապարակները[9]։ Նրա հորական պապը՝ Ռոբերթ Բոյդեն Հեջեսը, եպիսկոպոսական հոգևորական էր, մորական պապը՝ HBO-ի նախկին փոխնախագահ[10], իսկ մորական տատը՝ Նարցիսիա Թիթմանը, թատրոնի նախկին ռեժիսոր և դասախոս[11][12]։
Սընթ Աննայի դպրոցն ավարտելուց հետո, նա թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում[5][13][14][15]։ Հեջեսն ավարտել է Չերաբսի թատրոնական ծրագիրը Հյուսիսարևմտյան համալսարանի Ազգային ավագ դպրոցի ինստիտուտում։ Դեռ երեխա հասակում Հեջեսը նշել է դերասանական նորամուտն իր հոր՝ «Դենն իրական կյանքում» (2007) ֆիլմում, սակայն նրա տողերը կտրել են հետարտադրության ժամանակ[16]։
Դեռևս միջնակարգ դպրոցում սովորելիս, Հեջեսն ընտրվել է Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի քասթինգի ռեժիսորի կողմից Ռեդֆորդի դերի համար[17][18]։ Նա շարունակել է փոքր դերերով հանդես գալ «Արթուր Նյուման» կատակերգական դրամայում[19], Ջեյսոն Ռայթմանի «Աշխատավորների օրը» դրամայում[20] և Թերի Գիլիամի «Զրոյի թեորեմը» գիտական ֆիլմում[21][22]։ 2014 թվականին Հեջեսը ևս մեկ երկրորդական դեր է կատարել Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում[18][23]։ Մայքլ Կուեստայի «Սպանել սուրհանդակին» ֆիլմում նա կատարել է Ջերեմի Ռեների որդու դերը, ինչի շնորհիվ քննադատ Թոդ ՄաքՔարթին նրա աշխատանքը «շատ լավ» է գնահատել, իսկ IndieWire-ից Ռոդրիգո Փերեզի կարծիքով` Հեջեսը «դերասանական կազմի անակնկալ առաջնորդն» է[24][25]։ 2015 թվականին նա ընդգրկվել է NBC-ի «Ապտակը» մինի սերիալի կազմում, որը հիմնված էր նույնանուն ավստրալիական հեռուստասերիալի վրա[26]։
Ավելի ուշ Հեջեսը միացել է Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» (2016) անկախ դրամա ֆիլմի դերասանական կազմին և կատարել է Պատրիկ Չանդլերի՝ 16-ամյա տղայի դերը, որն ուշքի էր գալիս իր հոր մահվանից հետո։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Սանդենս կինոփառատոնի ժամանակ[27]։ Թիմ Ռոբին The Daily Telegraph-ից գրել է․ «Հեջեսը ֆենոմենալ ձևով պայքարում է խնդրահարույց դեռահասի յուրաքանչյուր կլիշեի դեմ և մեզ տալիս է կոպիտ, կարեկցող մի տղայի, որն տաքարյուն սեռական կախարդանք ունի»[28]։ Փիթեր Բրեդշոուն The Guardian-ից ասել է, որ նրա դերակատարությունը «փառահեղ» էր և ավելացրել է, որ նա «կերտել է զարմանալի խնդրահարույց 16-ամյա դեռահասին»[29]։ Ֆիլմը 78 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքել, ունենալով 9 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե[30]։ Իր աշխատանքի համար Հեջեսը Critic's Choice Movie Awards մրցանակի է արժանացել «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում և առաջադրվել է Օսկար մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[18][31]։
Հաջորդ տարի Հեջեսը նշել է իր՝ որպես գլխավոր դերակատար բեմական նորամուտը ռեժիսոր Թրիփ Քալմանի «Իեն» օֆֆ-բրոդվեյյան թատերական ներկայացմանը[32], որի հեղինակն է դրամատուրգ Աննա Ջորդանը[33]։ Ներկայացումն ընթանում էր փետրվարի 19-ից մարտի 4-ը Լյուսիլ Լորտելի թատրոնում[34]։ Հաշվի առնելով Լուկասի կողմից կերտված ագրեսիվ և դաժան դեռահասի դերը, որը խնդրահարույց հարաբերությունների մեջ է գտնվում իր խորթ եղբոր հետ, Բեն Բրանթլին Նյու Յորք Թայմսից գրել է, որ նա «մեզ է հասցնում պայթյունի եզրին գտնվող դեռահասի փորձագիտական անատոմիան»[35]։ Իր աշխատանքի համար Հեջեսն առաջադրվել է Lucille Lortel Awards մրցանակին[36][37][38][39]։ Նույն թվականին Հեջեսը երկրորդ պլանի դերեր է կատարել Գրետա Գերվիգի «Լեյդի Բըրդ» ֆիլմում և Մարթին ՄաքԴոնախի «Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա» քրեական դրամայում։ Երկու ֆիլմերն էլ առաջադրվել են Օսկար մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[40][41]։ Վերջինիս դերասանական կազմը ստացել է ԱՄՆ-ի կինոդերասանների միության մրցանակը «Լավագույն դերասանական կազմի ելույթ» անվանակարգում[42]։
2018 թվականին Հեջեսը մասնակցություն է ունեցել երեք ֆիլմում։ «90-ականների կեսեր» ֆիլմում նա իր կրտսեր եղբորը դաժանորեն ծաղրող դեռահասի դեր է կատարել։ Այս ֆիլմը դարձել է Ջոնա Հիլի ռեժիսորական նորամուտը[43]։ Էրիկ Քոհնը IndieWire-ից գրել է․ «Հեջեսը, որն արագ դարձել է իր սերնդի ամենատպավորիչ դերասանը, թաղում է ինքն իրեն վախից տանջված կոպիտ դեռահասի դժբախտ դերում»[44]։ Հեջեսը նկարահանվել է նաև 2018 թվականի երկու այլ՝ «Ջնջված տղա» և «Բենը վերադարձել է» ֆիլմերում[45][46]։ Առաջինում, որը հիմնվել է նույնանուն հուշագրության վրա, նա կերտել է բապտիստական պաստորի որդու դերը, որը ստիպված է մասնակցել գեյերի բուժման ծրագրին։ Ռասսել Քրոուն և Նիկոլ Քիդմանը կատարել են նրա ծնողների դերերը։ The Hollywood Reporter-ի համար գրելով, Ստեֆան Ֆարբերը նշել է, որ Հեջեսն «իր մեջ կրում է ամբողջ շոուն և փոփոխականորեն վախենում է, տարակուսում կամ կոպտում։ Նրա կատարմամբ ոչ մի կեղծ նոտա չկա»[47]։ «Ջնջված տղա» ֆիլմի համար Հեջեսն առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան՝ դրամա» անվանակարգում[48]։ «Բենը վերադարձել է» դրամա ֆիլմում, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարներից մեկը Ջուլիա Ռոբերտսն էր, նա կատարել է Բենի դերը՝ թմրամոլ, որը վերադառնում է տուն՝ վերականգնողական կենտրոնում որոշակի ժամանակ անկացնելուց հետո։ Փիթ Համոնդը Deadline Hollywood-ից բարձր է գնահատել ինչպես Ռոբերտսի, այնպես էլ Հեջեսի աշխատանքը, ավելացնելով, որ նրանք «լավ են հնչում միասին, երբեք ոչ մի սխալ չեն կատարում մոր և որդու միջև հավերժական կապի ցուցադրման մեջ»[49]։
2018 թվականին Հեջեսը նաև առաջին անգամ հայտնվել է Բրոդվեյում՝ Էլեյն Մեյի, Մայքլ Սերայի և Ջոան Ալենի հետ միասին մասնակցելով Քեննեթ Լոներգանի «Ուեյվերլի պատկերասրահը» ներկայացման վերաբեմադրմանը[50]։
«Քնքուշ տղա» դրամա ֆիլմը, որի հեղինակը և դերակատարներից մեկը Շայա Լաբաֆն է, դարձել է Հեջեսի հետ 2019 թվականի առաջին թողարկումը[51]։ Այն պատմում է Լաբաֆի մանկության և հոր հետ հարաբերությունների մասին։ Entertainment Weekly-ի համար ակնարկում Լեահ Գրինբլաթը գրել է, որ «կարծես, թե նա (Հեջեսը) դեռ չի գտել այն դերը, որը չի կարող լիովին կերտել, նրա Օթիսը (ֆիլմում կերտած կերպարը) կոպիտ ու ագրեսիվ է և իսկապես զվարճալի»[52]։ Դրանից հետո նա երկրորդ պլանի դեր է կատարել Թրեյ Էդվարդ Շուլցի՝ աֆրոամերիկյան ընտանիքի մասին պատմող «Ալիքներ» ֆիլմում։ Փիթեր Բեբրյուջը Variety-ից համարել է նրա աշխատանքը «տպավորիչ հիշեցում, թե ինչպես դերասանը կարող է ավելի փոքր դեր կատարել»[53]։
2020 թվականին Հեջեսը նկարահանվել է «Տնային ֆիլմ։ Արքայադուստր հարս» մինի սերիալում։ Նա Միշել Պֆայֆերի հետ միասին նկարահանվելու է «Ֆրանսիական ելք» սպասվելիք կատակերգական ֆիլմում[54][55]։ Հեջեսը նաև հայտնվելու է Սթիվեն Սոդերբերգի «Թույլ տուր նրանք բոլորը խոսեն» կատակերգական ֆիլմի դերասանական կազմում և FX-ի «Հարթակ» հեռուստասերալում[56][57]։
Երբ 2018 թվականին Հեջեսին հարցրել են նրա սեռական կողմնորոշման մասին, նա ասել է․ «Իմ կյանքի վաղ փուլերում որոշ մարդիկ, որոնց ես ամենից շատ սիրահարված էի, իմ ամենամտերիմ տղամարդ ընկերներն էին։ Այդպես է եղել դպրոցի ավագ դասարաններում, և, կարծում եմ, որ դա միշտ էլ գիտակցել եմ, չնայած մեծամասամբ կանայք են գրավել ինձ», ավելացնելով, որ նա գտնվում է «այս սպեկտրում․ ոչ լիովին հետերոսեքսուալ, բայց ոչ էլ գեյ, և ոչ էլ լիովին բիսեքսուալ»[58]։ Ավելի ուշ նա հայտնել է, որ պատկանում է ԼԳԲՏՔ համայնքին[59]։
Նշանակում է, որ ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Դենն իրական կյանքում | Dan in Real Life | Լիլիի պարի զուգընկեր | |
2012 | Լիալուսնի թագավորություն | Moonrise Kingdom | Ռեդֆորդ | |
2012 | Արթուր Նյուման | Arthur Newman | Քևին Էյվերի | |
2013 | Աշխատավորների օրը | Labor Day | Ռիչարդ | |
2013 | Զրոյի թեորեմը | The Zero Theorem | Բոբ | |
2014 | Գրանդ Բուդապեշտ հյուրանոց | The Grand Budapest Hotel | Փամփ Աթենդանթ | |
2014 | Սպանել սուրհանդակին | Kill the Messenger | Իան Վեբ | |
2015 | Անզգայացում | Anesthesia | Գրեգ | |
2016 | Մանչեսթերը ծովի մոտ | Manchester by the Sea | Պատրիկ Չանդլեր | |
2017 | Pigeonhearts | Pigeonhearts | Էլի | Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Լեյդի Բըրդ | Lady Bird | Դանի Օ'Նիլ | |
2017 | Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա | Three Billboards Outside Ebbing, Missouri | Ռոբի Հայիս | |
2018 | Ջնջված տղա | Boy Erased | Ջարեդ Իմոնս | |
2018 | Բենը վերադարձել է | Ben Is Back | Բեն Բըրնս | |
2018 | 90-ականների կեսեր | Mid90s | Իան | |
2019 | Քնքուշ տղա | Honey Boy | Օթիս Լորթ | |
2019 | Ալիքներ | Waves | Լյուք | |
ԿԱՈւ | Թույլ տուր նրանք բոլորը խոսեն | Let Them All Talk | ԿԱՈՒ | Հետարտադրություն |
ԿԱՈւ | Ֆրանսիական ելք | French Exit | Մալքոլմ Փրայս | Հետարտադրություն |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Ուղղումները | The Corrections | Չիփ Լամբերտ | Եթերում չհայտնված պիլոտ |
2015 | Ապտակը | The Slap | Ռիթչի Ջոնու | 5 սերիաներ |
2020 | Տնային ֆիլմ։ Արքայադուստր հարսնացուն | Home Movie: The Princess Bride | Ուեսլի | Quibi-ի մինի սերիալ |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|---|
2017 | Իեն | Yen | Հենչ | Լուսիլ Լորթելի թատրոն |
2018 | Ուեյվերլի պատկերասրահը | The Waverly Gallery | Դենիել Ռիդ | Ջոն Գոլդենի թատրոն |
Մրցանակ | Տարեթիվ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
BAFTA | Աճող աստղ | Չկա տվյալ | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 2019 | Լավագույն դերասան դրամա ֆիլմում | Ջնջված տղա | Առաջադրված |
ԱՄՆ-ի կինոդերասանների միության մրցանակ | 2017 | Լավագույն դերասանական կազմ | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Առաջադրված | |||
2018 | Լավագույն դերասանական կազմ | Լեյդի Բըրդ | Առաջադրված | |
Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա | Հաղթանակ | |||
Քննադատների ընտրություն | 2017 | Լավագույն դերասանական կազմի ելույթ | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
Լավագույն երիտասարդ դերասան | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Առաջադրված | |||
Սպուտնիկ | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան կինոֆիլմում | Առաջադրված | |
2019 | Լավագույն դեր կինոֆիլմում | Ջնջված տղա | Առաջադրված | |
AACTA կինոմրցանակ | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
2018 | Լավագույն տղամարդու դեր | Ջնջված տղա | Առաջադրված | |
Անկախ ոգի | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ | Դերասանական ճեղքում | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.