Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օփրա Գեյլ Ուինֆրի (անգլ.՝ Oprah Gail Winfrey, հունվարի 29, 1954[1][2][3][…], Կոսցյուշկո, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, թոք շոուի հաղորդավար, դերասանուհի, պրոդյուսեր և բարեգործ։ Առավել հայտնի է իր The Oprah Winfrey Show թոք շոուով, որն իր տեսակի մեջ ամենաբարձր վարկանիշն ուներ և 1986 թվականից մինչև 2011 թվականները ցուցադրվում էր ամբողջ երկրում[16]։ Անվանվելով «բոլոր լրատվամիջոցների թագուհի»[17]՝ նա եղել է 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկացին[18][19] և Հյուսիսային Ամերիկայի առաջին միլիարդատեր սևամորթը[20]։ Նա նաև անվանվել է աշխարհի ամենաազդեցիկ կին[21][22]։
Ուինֆրին ծնվել է աղքատ ընտանքիում՝ Միսսիսիպի նահանգի գյուղական հատվածում։ Նրան մեծացրել է դեռահաս միայնակ մայրը։ Ուինֆրին նշել է, որ իր մանկության և պատանեկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել և 14 տարեկանում հղիացել, իսկ երեխան մանկահասակ տարիքում մահացել է[23]։ Ավագ դպրոցի տարիներին, երբ ապրում էր իր հոր՝ Վերնոն Ուինֆրիի հետ, սկսեց աշխատել ռադիոյում։ 19 տարեկանում նա արդեն վարում էր տեղական երեկոյան լուրերը։ Նրա զգացմունքային ելույթի շնորհիվ նա տեղ գտավ ցերեկային թոք շոուի ոլորտում։ Երրորդ տեղը զբաղեցրած տեղական Չիկագո թոք շոուն առաջին տեղ բարձրացնելուց հետո նա հիմնադրեց իր արտադրական ընկերությունը և ծավալեց միջազգային գործունեություն[24]։ Ուինֆրին համարվում է ավելի անկեղծ սոցիալական հասարակության հիմնադիրը[25]։ Համաձայն Եյլի համալսարանի կատարած գիտական ուսումնասիրման՝ Ֆիլ Դոնահյուի գլխավորած սենսացիոն թոք շոուի միջոցով նա կոտրել է 20-րդ դարի բոլոր արգելքները և ԼԳԲՏ համայնքին նույնպես դարձրել է հեռարձակման մի մաս[26][27]։ 1990-ական թվականներին նրա շոուի հիմնական թեմաներն էին գրականությունը, ինքնազարգացումը և հոգևոր արժեքները։ Նա բազմիցս քննադատվել է իր չափազանց զգացմունքային մոտեցման պատճառով[28][29], սակայն նա հաճախ մեծարվել է ուրիշների դժվարությունների հաղթահարման բարերարը դառնալու համար[30]։ 2006 թվականից 2008 թվականները նրա փոխանցագիրը Բարաք Օբամայի մասին ընտրություններում մեծ դեր ունեցավ, ինչի շնորհիվ Օբաման մոտ 1 միլիոն ձայն ստացավ[31]։ 2013 թվականին նա պարգևատրվեց Օբամայի կողմից ազատության նախագահական մեդալով[32]։
Ուինֆրիի անունը ծննդյան վկայականում գրվել է որպես «Օրփա», բայց մարդիկ միշտ սխալմամբ նրան անվանել են «Օփրա»։ Ծնվել է Քոսսիուսկոյում՝ միայնակ մոր ընտանիքում։ Մայրը՝ Վերնիտա Լին, սպասուհի էր։ Հայրը՝ Վերնոն Ուինֆրին, եղել է վարսահարդար և զինվորական։ Բայց Նոա Ռոբինսոն անունով վետերանը պնդում էր, որ ինքն է Ուինֆրիի կենսաբանական հայրը[33]։ Գենետիկական թեստի հիման վրա նա 89 տոկոսով սահարաաֆրիկացի է, 8 տոկոսով՝ ամերիկացի, 3 տոկոսով ասիացի[34]։ Ուինֆրիին կյանքի առաջին 6 տարիներն անցկացրել է իր մոր և տատիկի՝ Հեթի Մեյ (Պրեսլի) Լիի հետ ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանք այնքան աղքատ էին, որ Ուինֆրիի հագուստը հաճախ կարում էին կարտոֆիլի մնացորդներից[35][36]։ 3 տարեկանից տատիկի շնորհիվ կարողացել է կարդալ։ Նրանք միասին հաճախում էին տեղի եկեղեցինՙ որտեղ Ուինֆրիին անվանում էին «քարոզիչ», որովհետև նա կարողանում էր արտասանել հատվածներ Աստվածաշնչից։ Երբ նա երեխա էր, Հեթի Մեյ Լին նրան փայտով հարվածում էր՝ տնային գործերը չկատարելու համար[37]։ 6 տարեկանը լրանալուն պես նա և մայրը տեղափոխվում են։ Այս ժամանակահատվածում մայրը լույս աշխարհ է բերում Ունֆրիի քրոջը՝ Պատրիսիային[38], ով 2003 թվականին թմրանյութերի պատճառով մահացել է[39]։ 1962 թվականին մայրը դժվարությամբ էր երկու երեխաներին մեծացնում, ուստի Ուինֆրին գնաց Նեշվիլ՝ իր հոր հետ ապրելու[40]։ Երբ Ուինֆրին Նեշվիլում էր, Լին երրորդ երեխային ունեցավ[41], որին հանձնեցին մանկատուն։ Լին ունեցավ մի որդի, ով 1989 թվականին մահացավ։ 1986 թվականին իր շոուի ժամանակ նա հայտարարեց, որ ինը տարեկանից սեռական բռնության է ենթարկվել իր զարմիկի, քեռու և ընտանիքի ընկերների կողմից[42][43]։
Ուինֆրին մի անգամ նշել է, որ որոշել է չմայրանալ, որովհետև լավ մայր չի ունեցել[44]։ 13 տարեկանում, հերթական բռնությունից խուսափելու համար, տանից փախել է։ 14 տարեկանում ունեցել է որդի, որին լույս աշխարհ բերելուց հետո կարճ ժամանակ անց մահացել է[45]։
Նա հաճախել է Լինկոլնի ավագ դպրոց։ Իր առաջադիմության շնորհիվ՝ տեղափոխվել է Նիկոլե ավագ դպրոց, որտեղ իր աղքատության պատճառով ծաղրի առարկա է դարձել։ Ծանր դրության մեջ գտնվող մայրը կրկին Ուինֆրիին ուղարկում է հոր մոտ, բայց այս անգամ Ուիֆրին չի վերադառնում։ Հայրը խիստ էր կրթություն ստանալու հարցում։ Ուինֆրին դպրոցի պատվավոր աշակերտներից էր։ Նա հաղթող էր ճանաչվել մրցույթում, որն ապահովել էր իր լիարժեք կրթաթոշակը Թենեսի պետական համալսարանում հաղորդակցություն սովորելու համար։ Նրա առաջին աշխատանքը տեզի մթերային խանութում էր[46]։ 17 տարեկանում հաղթող ճանաչվեց գեղեցկության մրցույթում[47]։ Ուինֆրիի ընտրած ուղղությունը չզարմացրեց ընտանիքին։ Դեռ մանկուց նա հարցազրույց էր վերցնում իր տիկնիկներից։ Ուինֆրին հետագայում բարձրաձայնել է իր տատիկի ունեցած ազդեցության մասին, ասելով, որ հենց նա է քաջալերել իրեն խոսել հասարակության մեջ[48]։
Տեղական ԶԼՄ-ներում աշխատելիս նա Նեշվիլի WLAC հեռուստաընկերության պարմության մեջ ամենաերիտասարդ լրագրողն էր և առաջին սևամորթը։ 1976 թվականին նա տեղափոխվեց Բալթիմորի WJZ հեռուստաընկերություն։ 1977 թվականին նա հեռացվել է, ինչից հետո աշխատել է ավելի ցածր պաշտոններում։ Այնուհետև նա աշխատանքի է անցել Ռիչարդ Շերի հետ որպես WJZ-ի տեղական «Մարդիկ խոսում են» հաղորդաշարի համանախագահ, որն առաջին անգամ հեռարձակվել է 1978 թվականի օգոստոսի 14-ին։ Նա նաև վարել է Dialing for Dollar-ի տեղական տարբերակը[49]։ 1983 թվականի Ուինֆրին տեղափոխվեց Չիկագո, WLS հեռուստաընկերության ցածր գնահատական ունեցող կես ժամ տևողությամբ առավոտյան թոք շոուն վարելու։ Առաջին դրվագը հեռարձակվեց 1984 թվականի հունվարի 2-ին։ Ուինֆրիի շնորհիվ մի քանի ամիսների ընթացքում շոուն ունեցավ բարձրագույն վարկանիշային ցուցանիշն ամբողջ Չիկագոյում։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը համոզեց նրան կնքել սինդիկացիայի պայմանագիր King World-ի հետ։ Էբերտը կանխատեսում էր, որ նա կբերի 40 անգամ ավելի մեծ եկամուտ, քան իր հեռուստատեսային շոուն՝ «Ֆիլմերում»-ը։ Հետագայում այն վերանվանվել է «Օփրա Ուինֆրիի շոու»։ Պրեմիերան տեղի ունեցավ 1986 թվականի սեպտեմբերի 8-ին։ 1990-ական թվականներին իր շոուի շրջանակներում Ուինֆրին սկսեց խոսել ավելի ընդհանուր խնդիրների մասին, ինչպիսին են սրտի հիվանությունները, աշխարհաքաղաքականությունը, հոգևորականությունը։ Նա հարցազրույցներ վերցրեց հայտնի մարդկանցից սոցիալական խնդիրների մասին։ Շոուի ընթացքում նա իր հանդիսատեսին նվիրում էր մեքենա կամ ուղևորություն դեպի Ավստրալիա։ Ուինֆրին «Օքսիջեն» հեռուստաընկերության համահիմնադիրն է և Harpo Productions-ի նախագահը։ 2008 թվականի հունվարի 15-ին Ուինֆրին և Discovery Communications-ը հայտարարեցին, որ «Դիսքավրի» առողջական հեռուստատեսությունը կվերափոխվի և կվերանվանվի OWN (Oprah Winfrey Network): Նախատեսվում էր այն գործարկել 2009 թվականին, սակայն պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի հունվարի 1-ին[50]։ The Oprah Winfrey Show-ի շարքի եզրափակիչ դրվագը հեռարձակվել է 2011 թվականի մայիսի 25-ին[51]։ 2017 թվականի հունվարին CBS-ը հայտարարեց, որ Ուինֆրին կմիանա «60 րոպե» հաղորդմանը որպես կիրակնօրյա երեկոյի լրատվական ամսագրում հատուկ օգնական՝ սկսած 2017 թվականի սեպտեմբերից[52]։ 2018 թվականին Աֆրիկայի և Ամերիկայի պատմության ու մշակույթի ազգային թանգարանը հատուկ ցուցահանդես բացեց Ուինֆրիի հեռուստատեսության վրա մշակութային ազդեցության վերաբերյալ։
1993 թվականին Ուինֆրին հյուրընկալեց Մայքլ Ջեքսոնին և վերցրեց պրեմիերային հարցազրույց, որը դարձավ ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ չորրորդ ամենադիտված իրադարձությունը, ինչպես նաև ամենաշատ դիտումներ հավաքած հարցազրույցը՝ 36.5 միլիոն հանդիսատեսով[53]։ 2005 թվականի դեկտեմբերի 1-ին Ուինֆրին հայտնվեց Երեկոյան շոու Դեյվիդ Լեթրմենի հետ շոուում, որ աջակցի իր և Դեյվիդի նոր մյուզիքլը՝ «Մանուշակագույնը»[54]։ 2007 թվականի սեպտեմբերի 10-ին Լեթրմենն առաջին անգամ հյուրընկալվեց The Oprah Winfrey Show-ում, քանի որ սեզոնի պրեմիերան նկարահանվում էր Նյու Յորքում[55]։ 2006 թվականին ռեպերներ Լուդաքրիսը, Ֆիֆթի Սենթը և Այս Քյուբը քննադատեցին Ուինֆրիին՝ հիփ-հոփի նկատմամբ կողմնակալ լինելու պատրվակով։ GQ ամսագրի հետ հարցազրույցում Լուդաքրիսը նշել է, որ Ուինֆրին նրան բարդ դրության մեջ է դրել՝ իր մեկնաբանությունները փոխելով։ Որպես պատասխան Ուինֆրին ասել է, որ ինքը դեմ է այն բոլոր բառերին, որոնք նսեմացնում են կանանց, բայց սիրում է որոշ հիփ-հոփ արտիստների, օրինակ՝ Քանյե Ուեսթին։ 2008 թվականի սեպտեմբերին Սարա Պալինին իր շոու չհրավիրելու համար՝ Ուինֆրին քննադատման ենթարկվեց։ Մարդիկ կարծում էին՝ Օբամային սատարելու համար է Ուինֆրին մերժել հրավերը[56]։ Նա հերքեց բամբասանքները և իր շոուի ընթացքում ասաց, որ մեծ ուրախությամբ Պալինին կհրավիրի իր շոու ընտրություններից հետո։
1985 թվականին Ուինֆրին խելագար տնային տնտեսուհի Սոֆիայի կերպարով հանդես եկավ Սթիվեն Սփիլբերգի «Մանուշակագույնը» կինոնկարում։ Իր ելույթի համար նա առաջադրվեց Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Էլիս Ուոկերի նովելի հիման վրա 2005 թվականին բեմադրվեց «Մանուշակագույնը» մյուզիքլը, որի պրոդյուսերը Ուինֆրին էր։ 1998 թվականի հոկտեմբերին Ունֆրին խաղաց «Սիրվածը» ֆիլմում, որը նկարահանված էր Թոնի Մորիսոնի համանուն նովելի հիման վրա։ Գլխավոր հերոս և նախկին ստրուկ Սեթի դրում խաղալու համար Ուինֆրին 24 ժամ անցկացրեց ստրուկի կարգավիճակում, ինչը ներառում էր մնալ անտառում միայնակ և կապկպված։ Չնայած խոշոր գովազդին՝ ֆիլմը չարդարացրեց սպասելիքները և գրանցեց մոտավորապես 30 միլիոն դոլլարի կորուստ։ Դերակատար Թենդի Նյուտոնը նկարագրել է Ուինֆրիին որպես «շատ ուժեղ տեխնիկական դերասանուհի, որովհետև նա շատ խելացի է և հեռատես, նրա միտքը սղոցի պես սուր է»[57]։ 2005 թվականին Harpo Productions-ը թողարկեց ֆիլմ Զորա Հարթսոնի «Նրանց աչքերը նայում են Աստծուն» վեպի հիման վրա։ 2008 թվականի Ուինֆրիի ընկերությունը՝ Harpo Films-ը, կնքեց էքսկլյուզիվ պայմանագիր HBO-ի հետ[58]։ 2018 թվականին Ուինֆրին նկարահանվեց որպես տիկին Ուիչ «Ժամանակի արգելքը» կինոնկարում։
Ուինֆրին 5 գրքի համահեղինակ է։ 2005 թվականին հրատարակված գիրքը, որն օգնում էր ձերբազատվել ավելորդ քաշից, ռեկորդա գրանցեց իր կանխավճարով՝ կոտրելով Բիլլ Քլինթոնի ինքնակենսագրականի կանխավճարի ռեկորդը[59]։ Նրա հիշատակարանը՝ «Քո ուզած կյանքը» հրատարակվելու էր 2017 թվականին[60], սակայն այդ տարի այն դուրս չեկավ։ 2004 թվականից 2008 թվականները Ոինֆրին հրատարակել է O, The Oprah Magazine ամսագիրը։ Նա նաև հրատարակել է Օ-ն տանը ամսագիրը[61]։ 2002 թվականին «Ապագա» թերթը «Օ, Օփրա ամսագիրը» հռչակել է ամենահաջողված ստարտափը տնտեսության մեջ։
Ուինֆրիի ընկերությունը ստեղծել է Oprah.com կայքը` ցուցադրությունների, ամսագրերի, գրքերի հրատարակման և հասարակական բարեգործությունների հետ կապված ռեսուրսների և ինտերակտիվ տեղեկատվության տրամադրման համար։ Կայքը ունի մոտավորապես 70 միլիոն էջ, 6 միլիոնից ավել օգտատեր ամեն ամիս հետևում է կայքին և ստանում է մոտ 20 հազար հաղորդագրություն ամեն շաբաթ[62]։
2006 թվականի փետրվարի 9-ին Ուինֆրին կնքել է 55 միլիոն դոլլար արժողությամբ պայմանագիր XM Satellite Radio-ի հետ՝ նոր ռադիոալիք հիմնելու համար։ Այն հեռարձակվում է 24 ժամ, շաբաթական 7 օր։ Ըստ պայմանագրի Ուինֆրին պարտավոր է շաբաթվա մեջ 30 րոպե լինել ուղիղ եթերում։
Ուինֆրին այժմ ապրում է իր 17 հեկտար տարածք ընդգրկող կալվածքում, որը գտնվում է Մոնտեկիտում։ Ուինֆրիին ունի առանձնատուն Լավալեթում, բնակարան Չիկագոյում, կալվածք Ֆլորիդայում, դահուկելու տուն Կոլորադոյում։ Վաշինգտոնում՝ Հավայի, Անտիգուա և Օրկաս կղզիներում, նա ունի անշարժ գույք։
Դպրոցի տարիներին Ուինֆրին սիրահարված է եղել իր համադասարանցուն՝ Էնթոնի Օթիին։ Օթին միշտ կարծել է՝ Ուինֆրիին մեծ ապագա է սպասվում, որում ինքը տեղ չի ունենա[63]։ Նրանք բաժանվել են ավարտական դասարանում[63][64]։ 1971 թվականին Ուինֆրիի և Վիլիամ Թեյլորիի միջև խորը սիրավեպ է սկսվում։ Ուինֆրին նրան օգնում է գտնել աշխատանք։ Երբ Ուինֆրին պետք է հեռանար Նաշվիլից, Թեյլորը, նրա աղաչանքները չընդունելով[65], բաժանվում է։ 1970-ական թվականներին Ուինֆրին ռոմանտիկ հարաբերություններ ունեցավ Ջոն Թեշի հետ։ Կենսագիր Քիթի Քելլին պնդում է, որ Թեշը բաժանվել է Ուինֆրիից միջամտությունների հետ կապված ճնշման պատճառով[66]։ Ըստ «Մեյր» ամսագրի՝ Ուինֆրին ունեցել է սիրային կապ ամուսնացած տղամարդու հետ, ով չէր պատրաստվում թողնել իր ընտանիքը[67]։ Ուինֆրին նշել է, որ այդ մարդու հետ կապված է եղել մոտ 4 տարի, բայց նա ամեն անգամ վերջինս մերժել է Ուինֆրիին։ Այս ամենից Ուինֆրիին դեպրեսիայի մեջ է ընկել և անգամ ինքնասպանության նամակ է ուղարկել իր ընկերոջը։ Վախենալով մահից, որ կյանքում ինչ-որ լավ բան բաց կթողնի, նա ինքնասպանության չի դիմել[68]։ Ուինֆրին խոստովանել է, որ իր սիրած տղամարդու հետ թմրանյութեր է օգտագործել։ Իր շոուում ասել է. «Ես միշտ զգում էի, որ ոչ թե թմրանյութն էր իմ կախվածությունը, այլ նա։ Ես չեմ կարող մտաբերել ինչ-որ բան, որ չէի անի նրա համար»[69]։ 1980-ական թվականներին Ուինֆրին ռոմանտիկ հարաբերություններ ունեցավ կինոքննադատ Ռոջեր Էբերտի հետ։ 1985 թվականին ռեժիսոր Ռեգինալդ Չվալյեն հայտարարել է, որ հարաբերություններ է ունեցել Ուինֆրիի հետ։ Երբ Ուինֆրին հանդիպել է Ստեդման Գրահամին, զույգը բաժանվել է։ 1986 թվականից ի վեր Ուինֆրին և Ստեդման Գրահամը սիրային հարաբերությունների մեջ են։ Նրանք ծրագրել էին ամուսնանալ 1992 թվականի նոյեմբերին, բայց հարսանիքն այդպես էլ տեղի չունեցավ[70]։
Ուինֆրիի լավագույն ընկերը Գեյլ Քինգն է, ով այժմ O, the Oprah Magazine ամսագրի խմբագիրն է։ 1997 թվականից սկսած, երբ Ուինֆրին և Քինգը նկարահանվում էին «Էլեն» սիթքոմում, տարածվեցին բամբասանքներ, որ իբր նրանք սիրային հարաբերությունների մեջ են։ 2006 թվականի օգոստոս ամսին Ուինֆրին հերքել է իր համասեռամոլ լինելու մասին բոլոր բամբասանքները[71]։ Ուինֆրին մտերմիկ հարաբերություններ է ունեցել Մարիա Շրիվերի հետ, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են Բալտիմորում[72][73]։ Ուինֆրիի համար մայր, քույր և ընկեր է եղել Մայա Էնջելուն[74]։ Նրա 70-րդ տարեդարձին Ուինֆրին մեկշաբաթյա շրջագայություն է կազմակերպել, իսկ 80-րդ տարեդարձին՝ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո ակումբում շքեղ խնջույք[75]։
Ուինֆրին 32 տարեկանում դարձել է միլիոնատեր, երբ նրա շոուն սինդիկացվել է ամբողջ երկրում։ 41 տարեկանում, ունենալով իր ընկերությունը, նա կարողությունը հասավ 340 միլիոն դոլլարի՝ տեղ գտնելով Forbes 400 ամսագրում[76]։ 20-րդ դարում Ուինֆրին ամենահարուստ աֆրոամերիկացին էր՝ 800 միլիոն դոլլար կարողությամբ։ 2006 թվականին Ուինֆրին ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղն էր ԱՄՆ-ում՝ տարեկան ստանալով ավելի քան 260 միլիոն դոլլար[77]։ Forbes-ի համաշխարհային միլիարդատերերի ցանկում Ուինֆրին տեղ է գտել որպես աշխարհի միակ սևամորթ միլիարդատեր 2004 թվականից 2006 թվականներին և որպես առաջին սևամորթ կին միլիարդատեր 2003 թվականին։ 2014 թվականի տվյալներով Ուինֆրիի կարողությունը հասել է 2.9 միլիարդ դոլլարի։
Օփրան մեծացել է որպես բապտիստ։ Մի անգամ նա ասել է. «Ես ունեմ եկեղեցի ինձ մոտ, երբ քայլում եմ փողոցում։ Ես հավատում եմ աստվածային ուժին, որ ապրում է բոլորիս մեջ»[78]։
Ուինֆրին CNN-ի and Time.com-ի կողմից ճանաչվել է՝ աշխարհի ամենաահզոր կին, իսկ The American Spectator-ի կողմից՝ «աշխարհի ամենաազդեցիկ կին»։ 20-րդ դարի վերջին Life ամսագրիր կողմից Ուինֆրին ճանաչվեց իր սերնդի ամենաազդեցիկ կինը և ամենաազդեցիկ սևամորթը[79]։ USA Today-ը և Ladies Home Journal-ը Ուինֆրիին համարում են ամենաազդեցիկ կինը։ Օբաման նշել է, որ Ուինֆրին կարող է համարվել երկրի ամենաազդեցիկ կինը[80][81]։ Forbes-ը նրան անվանել է ամենահզոր հայտնին 2005[82], 2007[83], 2008, 2010[84] և 2013 թվականներին[85]։ 2014 թվականին աշխարհի 100 ամենահզոր կանանց մեջ գրավել է 14-րդ տեղը[86]։ 2005 թվականին հանրային հարցման արդյունքում Օփրան հռչակվեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաազդեցիկ կին։ 1989 թվականին նա ընդունվեց NAACP Image Award-ի Փառքի սրահ[87]։
The Wall Street Journal ամսագիրը կազմել է նոր տերմին՝«Օփրաֆիկացիա», որը նշանակում է օգտագործել հանրային խոստովանությունը որպես թերապիայի ձև[88]։
Ուինֆրիի ջերմ և անկեղծ մոտեցումը աղեղային թոք շոուն դարձրեց ավելի հանրամատչելի[25][89]։ Սոցիոլոգիայի պրոֆեսոր Ջոշուա Գամսոնը գովաբանում է աղեղային շոուն, որովհետև այն ապահովում է ԼԳԲՏ մարդկանց համար մեծ անհրաժեշտություն ունեցող մեդիահարթակը։ 1997 թվականի ապրիլին Ուինֆրին հանդես է եկել թերապիստի դերում «The Puppy Episode» սիտքոմում, որտեղ գլխավոր դերակատարը՝ Էլեն Դեջեներեսը հայտարարել է իր համասեռամոլ լինել ումասին։
Ուինֆրի կարծիքի ուժը հասարակական կարծիքի վրա կոչվում է «Օփրա էֆեկտ»[90]։ Նրա ազդեցությունը հիմնականում տարածվում է գրքերի վաճառքի, նախագահական ընտրությունների վրա։ 1996 թվականի վերջին[91] Ուինֆրին իր շոում ներկայացրեց «Օփրա գրքի ակումբ»-ի սեգմենտը։ Այն կենտրոնացած է նոր գրքերի և դասականների վրա և հաճախ ուշադրության կենտրոն է բերում ճանաչում չունեցող նովելները։ Գրքի ակումբը այնքան հզորացավ, որ երբ Ուինֆրին որևէ գիրք էր ներկայացնում, այն դառնում էր լավագույն վաճառվողը։ Օրինակ, երբ որ իր շոում Ուինֆրին ներկայացրեց Ջոն Ստայնբեքի՝ Եդեմից դեպի արևելք նովելը, այն առաջին տեղը գրավեց վաճառքների ցուցակում։ Ուինֆրիի կողմից ճանաչված լինելը ենթադրում է միլիոնավոր վաճառքների հնարավորություն[92]։ Ուինֆրիի հաջողությունը սկսելու այլ հաջող թոք-շոուներ, ինչպիսիք են դոկտոր Ֆիլը, դոկտոր Օզը և Ռեյչել Ռեյը, նույնպես ներկայացվել են որպես «Օփրա էֆեկտ»[93]։
2008 թվականին Ուինֆրին առաջին անգամ հանդես եկավ նախագահական ընտրությունների թեկանծու Բարակ Օբամայի օգտնին[94][95][96][97]։ 2007 թվականի դեկտեմբերին Ուինֆրին միացավ Բարակ Օբամայի քարոզարշավին Այովա, Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներում։ Դեկտեմբերի 9-ին Հարավային Կարոլինա նահանգում քարոզարշավի մասնակիցների թիվը հասավ 30 հազարի[98]։ Ուինֆրիի շնորհիվ Բարակ Օբամայի ձայների թիվն ավելացավ 1 միլիոն 600 հազարով, ինչի շնորհիվ էլ ընտրություններում Օբաման հաղթեց Հիլարի Քլինթոնին[99]։ 2014 թվականին ավելի քան քսան րոպե Ուինֆրին ելույթ ունեցավ բարերար Լավերն Չտմանի թեկնածության առաջադրման համար։ 2018 թվականին Ուինֆրին 500 հազար դոլլար նվիրեց «Մեր կյանքը» ուսանողական ցույցին` ԱՄՆ-ում հրազենի վերահսկման համար[100]։ 2018 թվականի սկզբին Ուինֆրին հանդիպեց Սաուդյան Արաբիայի հեղափոխական թագաժառանգի և դե ֆակտո կառավարչի՝ Մոհամմադ Բեն Զալմանի հետ[101]։
2002 թվականին «Քրիստոնեությունն այսօր» ամսագիրը հրատարակեց հոդված՝ «Օ-ի եկեղեցին» անունով, որտեղ խոսվում էր Ուինֆրիի հոգևոր առաջնորդ լինելու մասին։ 1990-ական թվականներին Ուինֆրիի շոուն սկսեց հեռարձակել բարձր տրամադրություն ապահովող և ոգեշնչող թեմաներ։ Որոշ հեռուստադիտողներ ասում են, որ շոուն նրանց ոգեշնչում է կատարել բարեգործություններ, ինչպիսիք են Կոնգոյի կանանց օգնելը և մանկատների կառուցելը[102]։ Քեմբրիջի համալսարանի, Պլիմմուտի համալսարանի և Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանական գիտական ուսումնասիրությունը օգտագործեց The Oprah Winfrey Show-ից տրամադրություն բարձրացնող մի հատված։ Արդյունքները ցույց տվեցին, որ նման հոլովակներ նայելը նույնքան օգտակար է, ինչքան բրիտանական կատակերգություն կամ բնության վավերագրական ֆիլմեր նայելը[103][104]։ 1998 թվականին Ուինֆրին սկսեց զրուցել ամերիկացի հոգևոր ուսուցիչ Գարի Զուքավի հետ, ով 35 անգամ հյուրնկալվեց իր շոում։ Ուինֆրին ասում է, որ պահում է նրա «Սևլի նստավայր»-ից մի օրինակ իր անկողնու մոտ[105]։ 2007 թվականին Ուինֆրին սկսեց աջակցել «Գաղտնիքը» հեռուստաշոուին, որի նպատակն էր օգնել մարդկանց հասկանալ, որ կյանքը կարելի է փոխել դրական մտքերի միջոցով։ 2008 թվականին Ուինֆրին աջակցություն ցույց տվեց հեղինակ և հոգևոր ուսուցիչ Էքքարտ Տոլլիին և նրա նոր գիրքին`«Նոր երկիր։ Զարթոնք ձեր կյանքի նպատակը»-ին, որը վաճառեց իր մի քանի միլիոն լրացուցիչ օրինակները Ուինֆրիի ելույթի շնորհիվ։ 2008 թվականին Ուինֆրին անվանվել է «տարվա մարդ» կենդանիների իրավունքների պաշտպանության խմբի կողմից՝ այդ ոլորտում իր ջանքերի համար[106]։
2009 թվականին Դանիայում Ուինֆրին նկարահանեց սինտերվյուներ՝ ընդգծելով դանիացիների՝ ամենաերջանիկ մարդկանց լինելը։ Ն-բառի օգտագործման մասին Ուինֆրին ասել է. «Դու չես կարող լինել իմ ընկերը, եթե օգտագործում ես այդ բառը»[107]։
1991 թվականից 1992 թվականները Ուինֆրիի շոուն ունեցել է ամենամեծ թվով դիտորդները՝ օրական մոտ 13.1 միլիոն ամերիկացի։ 2003 թվականի դրությամբ օրական դիտումները կազմում էին 7.4 միլիոն[108]։ 2008 թվականին շոուն հեռարձակվում էր 140 երկրներում՝ շաբաթական ունենալով 46 միլիոն դիտորդ[109][110]։ ԱՄՆ-ից դուրս Ուինֆրիի շոուուն տարածված է արաբական երկրներում։ 2007 թվականին The Wall Street Journal ամսագիրը հաղորդեց, որ արաբական MBC 4 հեռուստաալիքը կենտրոնացավ Ուինֆրիի շոուի հեռարձակման վրա, որովհետև Սաուդյան Արաբիայում ռեկորդային թվով կանայք էին նայում այդ հաղորդումը[111]։
2004 թվականին Ուինֆրին դարձավ առաջին սևամորթը 50 ամենաառատաձեռն մարդկանց ցուցակի մեջ[112] և մնաց այդ շարքում մինչև 2010 թվականը[113]։ 2012 թվականի տվյալներով նա կրթական նպատակներով հատկացրեց 400 միլիոն դոլար[114]։ 2012 թվականից Ուինֆրին ավելի քան 400 կրթաթոշակ է տրամադրել Ատլանտայի Մոնֆա քոլեջում։ 2013 թվականին Ուինֆրին նվիրաբերեց 12 միլիոն դոլար Աֆրոամերիկական ազգային թանգարանին[115]։
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1985 | Մանուշակագույնը | Սոֆյա | Դեբյուտ Առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Առաջադրվել է Ոսկե Գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Առաջադրվել է Լոս Անջելեսի կինոքննադատների կողմից երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար |
1986 | Մայրիկի որդին | Տիկին Թոմաս | |
1989 | Բրուվսերի կանայք | Մեթի Մայքլ | Հեռուստատեսային մինիսերիալ |
1990 | Բրուվսեր | Մեթի Մայք | Հեռուստասերիալ |
1992 | Լինկոլն | Էլիզաբեթ Քեքլի | Ձայնային դեր |
Այստեղ երեխաներ չկան | Լաջո Ռիվերս | Ֆիլմ | |
1997 | Էլեն | Թերապիստ | |
Մինչ կայանք թևեր ունեին | Զորա Վիլիամս | Ֆիլմ | |
1998 | Սիրվածը | Սեթ | |
1999 | Մեր ընկեր Մարտինը | Կորետա Սքոթ Քինգ | Ձայնային դեր |
2006 | Շորլոտի վեբը | Գուսի սագը | Ձայնային դեր |
2007 | Մեղու կինո | Դատավոր բամբլթոն | Ձայնային դեր |
2009 | Արքայադուստրը և գորտը | Էուդրա | Ձայնային դեր |
2014 | Սելմա | Անի Լի Կուպեր | Առաջադրվել է Օսկար լավագույն ֆիլմի համար |
2016–2017 | Կանաչ տերևը | Մևիս ՄքՔրեդի | Հեռուստասերիալ |
2017 | Հենրիետա Լեքսի անմահությունը | Հենրիետա Լեքս | Հեռուստասերիալ |
2017 | Աստղը | Դեբրոա ուղտ | Ձայնային դեր |
2018 | Աղախնի պատմվածքը (հեռուստասերիալ) | Ռադիո վարող | Ձայնային դեր[116] |
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1986 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Հենց ինքը | |
1986–2011 | The Oprah Winfrey Show | Հենց ինքը | Հեռուստաշոու |
1990 | Գաբրիելի կրակը | Հենց ինքը | |
1992 | Ֆրանսիացի արքայազնը | Հենց ինքը | Դրվագ։ «Օփրա երեկոն» |
1995 | Ամերիկացի աղջիկը | Հենց ինքը | Դրվագ։ «Օփրա երեկոն» |
1999 | Տնային բարելավում | Հենց ինքը | Դրվագ։ «Տանը մենակ» |
Հյուլսը | Հենց ինքը | ||
2005 | Հուսահատ տնտեսուհիները | Կարեն Ստուֆեր / Հենց ինքը | |
2007 | Օուշենի տասներեք ընկերները | Հենց ինքը | |
2008 | 30 Ռոք | Հենց ինքը / Փեմ | Դրվագ։ «Հավատա աստղերին» |
2010 | Սեզամ փողոցը | Օ | Ձայնային դեր |
2011–ներկա | Oprah's Master Class | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2011–2014 | Oprah's Lifeclass | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2011–ներկա | Super Soul Sunday | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2012–2015 | Oprah Prime | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2012–ներկա | Oprah: Where Are They Now? | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.