From Wikipedia, the free encyclopedia
Կլաուդիա Շեյնբաում Պարդո (իսպ.՝ Claudia Sheinbaum Pardo, հունիսի 24, 1962[6][1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[7][1]), մեքսիկացի գիտնական և քաղաքական գործիչ, Մեխիկոյի քաղաքապետ և բնապահպան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի 2007 թվականի կոլեկտիվ դափնեկիրներից մեկը՝ որպես Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի անդամ։ 2018 թվականի հուլիսի 1-ին ընտրվել է Մեխիկոյի քաղաքապետ՝ ձախակողմյան «Ազգային վերածնունդ» շարժումից և Juntos Haremos Historia կոալիցիայից։ Հրեական համայնքի առաջին կին ներկայացուցիչը, որն աշխատել է որպես Մեխիկոյի քաղաքապետ։
Կլաուդիա Շեյնբաում Claudia Sheinbaum | |
Կուսակցություն՝ | Ազգային վերածննդի շարժում[1] |
---|---|
Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1995)[2], Lawrence Berkeley National Laboratory? (1999), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1989)[3] և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1992)[4] |
Գիտական աստիճան՝ | Doctor of Engineering? (դեկտեմբեր 1994) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բնապահպան, հետազոտող, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Ազգություն | աշկենազի և Սեփհարդներ |
Դավանանք | անկրոնություն[5] և հուդայականություն |
Ծննդյան օր | հունիսի 24, 1962[6][1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[7][1] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ի ծնե անուն | Claudia Sheinbaum Pardo[7][1] |
Հայր | Carlos Sheinbaum Yoselevitz?[7] |
Մայր | Annie Pardo Cemo?[7] |
Ամուսին | Carlos Imaz Gispert?[8] և Jesús Maria Tarriba?[9] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Շեյնբաումը էներգետիկայի ոլորտում գիտությունների դոկտոր է և հեղինակ էներգիայի, շրջակա միջավայրի և կայուն զարգացման վերաբերյալ ավելի քան 100 հոդվածների ու երկու գրքերի։ 2000-2006 թվականներին աշխատել է Մեխիկոյի տեղական ինքնակառավարման մարմիններում որպես շրջակա միջավայրի քարտուղար (նախարար), երբ քաղաքապետ էր Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ 2015 թվականից մինչ 2017 թվականը նա եղել է Տլալպանի քաղաքապետ։ 2018 թվականին ընդգրկվել է «BBC-ի 100 կանանց» ցուցակում[13]։
Կլաուդիա Շեյնբաում Պարդոն ծնվել է հրեական ընտանիքում՝ Մեխիկո քաղաքում։ Նրա տատիկն ու պապիկը Մեխիկո են գաղթել Լիտվայից (հոր՝ ծնողները եղել են աշկենազներ 1920-ականներին) և Սոֆիայից, Բուլղարիա (մոր սեֆարդի ծնողները 1940-ականների սկզբին փրկվել են Հոլոքոստից)։ Չնայած ընտանիքը աշխարհիկ էր, նրանք նշում էին բոլոր հրեական տոները[14][15]։ Շեյնբաումի երկու ծնողներն էլ գիտնականներ են` ինժեներ-քիմիկ Կառլոս Շեյնբաում Յոսելևիչը և կենսաբան Աննի Պարդո Սեմոն, այժմ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր պրոֆեսոր[16][17]։ Նրա եղբայրը ֆիզիկոս է[18][19]։
Շեյնբաումը ֆիզիկա է սովորել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան (1989), այնուհետև մագիստրոսի (1994) և դոկտորի աստիճաններ (1995)[18][19][20][21]։ Չորս տարի (1991-1994) աշխատել է դոկտորական դիսերտացիայի վրա Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում գտնվող Լոուրենս Բերկլիի անվան Ազգային լաբորատորիայում, որտեղ նա վերլուծել է Մեքսիկայի տրանսպորտում էներգիայի օգտագործումը, հրապարակել է հետազոտություններ Մեքսիկայի շենքերի էլեկտրաէներգիայի միտումների վերաբերյալ և ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան էներգետիկայի և ֆիզիկայի ոլորտում[22][23][24]։
1995 թվականին սկսել է դասավանդել UNAM ինժեներական ինստիտուտում[18]։ Նա ճարտարագիտական ինստիտուտի գիտաշխատող է և Ազգային հետազոտական համակարգի և Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի անդամ[25]։ 1999 թվականին ստացել է UNAM-ի լավագույն երիտասարդ հետազոտող մրցանակ` ճարտարագիտական և տեխնոլոգիական նորարարության համար։ 2006 թվականին Շեյնբաումը տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելուց հետո վերադարձավ UNAM և շարունակեց հոդվածներ տպագրել գիտական ամսագրերում։
2007 թվականին միացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովին (IPCC) էներգետիկայի և արդյունաբերության ոլորտում։ Նա եղել է IPCC-ի չորրորդ գնահատման զեկույցի «Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը» թեմայի հեղինակը[26]։ Նույն թվականին խումբը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[24]։ 2013 թվականին նա արդյունաբերության ոլորտի 11 այլ փորձագետների հետ համահեղինակ է IPCC-ի գնահատման հինգերորդ զեկույցին։
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում սովորելիս նա եղել է Consejo Estudantil Universitario (Համալսարանի ուսանողների խորհուրդ)[27], ուսանողական խորհրդի անդամ, այնուհետև դարձել է մեքսիկական դեմոկրատական հեղափոխության կուսակցության (ԴՀԿ) երիտասարդական շարժման հիմնադիրը[28]։
2000 թվականի նոյեմբերի 20-ին Մեխիկոյի կառավարության ղեկավար նշանակված Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կաբինետում, 2000 թվականի դեկտեմբերի 5-ից զբաղեցրել է Մեխիկոյի շրջակա միջավայրի հարցերով քարտուղարի պաշտոնը[29]։
Իր պաշտոնավարման ընթացքում ,որը լրացել է 2006 թվականի մայիսին, նա պատասխանատու է եղել Մեխիկոյում ավտոմեքենաների հաշվառման էլեկտրոնային կենտրոն հիմնելու համար[30], ինչպես նաև ղեկավարում էր Metrobus գերարագ ավտոբուսի ներդրման և քաղաքային օղակաձև ճանապարհի` Մեխիկո Ագնիլո Պերիֆերիկո հատվածի երկրորդ մակարդակի շինարարությունը։
2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը եղել է ՄԱԿ-ի զարգացման քաղաքականության հանձնաժողովի անդամ։ 2012 թվականին համընդհանուր ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Լոպես Օբրադորը Շեյնբաումին առաջարկել է իր կաբինետում զբաղեցնել շրջակա միջավայրի և բնական պաշարների հարցերվ քարտուղարի պաշտոնը[31]։ 2014 թվականին նա դարձել է առաջին քաղաքական գործիչներից մեկը, ով հեռացել է մեքսիկական հիմնական ձախ կուսակցությունից՝ Դեմոկրատական հեղափոխության կուսակցությունից[23] և հետևել է Լոպես Օբրադորին, ով ստեղծել է նոր Ազգային վերածնունդ շարժումը (MORENA): 2015 թվականից զբաղեցրել է շրջակա միջավայրի հարցերով քարտուղարի պաշտոնը։
2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 6-ը գլխավորել է Տլալպան մայրաքաղաքային շրջանը (Մեխիկոյի հարավ-արևմտյան շրջան)[32]։ Շեյնբաումը թողել է այդ պաշտոնը Ազգային Վերածննդի շարժման, Աշխատանքային կուսակցության և Սոցիալական համերաշխության կուսակցության Juntos Haremos Historia (Միասին մենք պատմություն կկերտենք) կոալիցիայի կողմից Մեխիկոյի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելուց հետո[33]։
Նախագահական ընտրություններում ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հաղթանակին զուգահեռ, նրա գործընկեր Շեյնբաումը ընտրվել է Մեխիկոյի քաղաքապետ 2018 թվականի հուլիսի 1-ին՝ վեց տարի ժամկետով՝ հաղթելով վեց այլ թեկնածուների[34]։ Ընտրարշավի ընթացքում Շեյնբաումը մեղադրվել է աջակողմյան Ազգային գործողությունների կուսակցության կողմից 2017 թվականին տեղի ունեցած 7.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով նախակրթարանի փլուզման ժամանակ 19 երեխաների զոհվելու համար[35]։ Նա դարձել է Մեխիկոյի առաջին ընտրված կինը և նրա առաջին հրեա քաղաքապետը։
2019 թվականի հունիսին նա հայտարարել է նոր վեցամյա բնապահպանական պլանի մասին, որը ներառում էր 30%-ով օդի աղտոտվածության նվազեցում, 15 միլիոն ծառերի տնկում, միանգամյա օգտագործման պլաստիկի արգելք և դրա վերամշակման խթանում, թափոնների վերամշակման նոր գործարանի կառուցում, յուրաքանչյուր տան համար առանձին ջրամատակարարման ապահովում, 100 կիլոմետր ճանապարհների կառուցում հասարակական տրանսպորտի գծերի բացառիկ օգտագործման համար և շենքի վրա արևային ջրատաքացուցիչների և արևային վահանակների տեղադրում[36]։
2019 թվականի սեպտեմբերին Շեյնբաումը հայտարարել է Մեխիկոյի մետրոպոլիտենի արդիականացման համար առաջիկա հինգ տարիների ընթացքում 40 միլիարդ պեսո (2 միլիարդ դոլար) ներդրում կատարելու մասին, ներառյալ մետրոյի արդիականացումը, նոր գնացքների ներդրումը, կայարանների և շարժասանդուղքների բարելավումը, ավտոմատացումը, մետրոյից օգտվողների համար տեղեկատվական և վճարային համակարգերի ներդրումը[37]։
1986 թվականին Կլաուդիա Շեյնբաումը ծանոթացել է քաղաքական գործիչ Կառլոս Օմազ Գիսպերտին, որի հետ ամուսնացած է եղել 1987-2016 թվականներին[27]։ Այդ ամուսնությունից դուստր ունի (Մարիանան, ծնված 1988 թվականին, ով 2019 թվականին սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում), եղել է նաև Ռոդրիգո Օմասու Ալարկոնուի խորթ մայրը (ծնված 1982 թվական, ներկայումս կինոռեժիսոր)[38]։
Շեյնբաումը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կայուն զարգացման վերաբերյալ ավելի քան 100 հոդվածների և երկու գրքերի հեղինակ է[39]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.