հայ արձակագիր, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Վազգեն Զավենի Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը[2]։
Վազգեն Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 22, 1999 - հոկտեմբերի 27, 1999 | ||||
Նախորդող | Արմեն Դարբինյան | |||
Հաջորդող | Արամ Սարգսյան | |||
| ||||
| ||||
Կուսակցություն՝ | ՀՀՇ, ՀՀԿ | |||
Կրթություն՝ | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արձակագիր և ռազմական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Ծննդյան օր | մարտի 5, 1959 | |||
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Վախճանի օր | հոկտեմբերի 27, 1999 (40 տարեկան) | |||
Վախճանի վայր | Երևան, Հայաստան | |||
Թաղված | Եռաբլուր և Գերեզման` Վազգեն Սարգսյանի | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |||
Հայր | Զավեն Սարգսյան | |||
Մայր | Գրետա Սարգսյան | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ[3]։ 1996 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում սատարել է գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ արդեն 1998 թվականին Արցախյան հարցի վերաբերյալ հակասութուններ ունենալով վերջինի հետ, ստիպեց հրաժարական տալ և օգնել այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ Նա «Հանրապետական կուսակցության» հետ միավորվեց և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող՝ վերահսկելով երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը[4]։
Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։ Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին։ Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ։ Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր։
Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում[5]։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում[6][7]։ Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Այդ պատճառով ազատվել է ԽՍՀՄ բանակում ծառայելու պարտականությունից։ 1983-1986 թվականներին եղել է Երիտասարդ կոմունիստների լիգայի ղեկավար՝ Արարատի ցեմենտի գործարանում[6][8]։
Սարգսյանը ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ է զբաղվել։ Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին[9] և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության անդամ[9]։ 1986-1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը[8]։ 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն»-ը, և արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին[9]։ Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին[10]։
Հայաստանում Արցախյան շարժումը լայն աջակցություն գտավ հանրության շրջանում։ Հայերը պահանջում էին ԽՍՀՄ ղեկավարներից՝ Հայաստանին միացնել հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որն այդ ժամանակ մտնում էր Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ 1988 թվականի փետրվարին ԼՂԻՄ խորհրդարանը հռչակեց իր համաձայնությունը միացմանը, սակայն կրեմլյան Պոլիտբյուրոն մերժեց։ Հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները սրվեցին և գագաթնակետին հասան Սումգայիթի ջարդերից հետո[11]։ Սկսվեցին զինված ընդհարումները հատկապես սահմանամերձ և ԼՂԻՄ տարածքներում։ 1989 և 1990 թվականներին Սարգսյանը դարձավ հայկական կամավորական ջոկատների հրամանատարը Երասխի մոտ, որը գտնվում էր հայ-ադրբեջանական (Նախիջևանի) սահմանին՝ հայրենի գյուղից ոչ շատ հեռու[12]։
1990 թվականի դրությամբ Վազգեն Սարգսյանը դարձել էր Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը[13]։ Սարգսյանը ընտրվեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր 1990 թվականի ընտրություններում[6]։ Նա եղել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ մինչև 1991 թվականի դեկտեմբերը[6]։ Իր նախաձեռնությամբ հիմնադրվել են «Երկրապահ» կամավորականների ջոկատները։ 26 ջոկատից բաղկացած 2 300 անձնակազմով այն առաջին պաշտոնական հայկական զինվորական ստորաբաժանումն էր, որը գործում էր Մոսկվայից անկախ։ Այս անձնակազմն էլ դարձավ Հայկական բանակի ստեղծման հիմքը[14]։
1991 թվականի դրությամբ Ադրբեջանում հայերի մեծ մասը, ինչպես նաև Հայաստանում ադրբեջանցիների մեծ մասը, ստիպված հեռացան իրենց բնակավայրերից[15]։ Հայաստանը անկախացավ ԽՍՀՄ-ից 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, քանի որ հայերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախության համար անկախության հանրաքվեում. Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերին[16] ընտրվեց Հայաստանի նախագահ։
Քանի որ Վազգեն Սարգսյանը մեծ համբավ ուներ հայ կամավորական ջոկատներում և բանակի սպայական կազմում[17], նշանակվեց անկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարար 1991 թվականի դեկտեմբերին[6][18]։ 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեցին Հայաստանի զինված ուժերը[19][20]։ Արցախում ռազմական գործողությունների աճի հետ 1992 թվականի մարտին Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30,000 զինվոր ունեցող հզոր բանակ, որպեսզի ապահովվի երկրի անվտանգությունը[21]։ 1992 թվականի մայիսի 9-ին գրանցվեց առաջին լուրջ հաջողությունը Արցախում՝ Շուշիի ազատագրմամբ։ Ոչ պակաս կարևոր հաջողություն էր մի քանի շաբաթ անց Բերձորի ազատագրումը[22], որով Արցախը ցամաքով կապվեց Հայաստանին[23]։
1992 թվականի ամռանը իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար, երբ Ադրբեջանը ձեռնարկեց Գորանբոյ գործողությունը, ինչի հետևանքով օկուպացվեց Արցախի հյուսիսային հատվածը[24]։ 1992 թվականի օգոստոսի 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել զինված ուժերում և հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախի հյուսիսում։ Նա հեռուստատեսային իր ելույթում ասաց.
Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ[12]։ |
Սարգսյանի կոչով ձևավորված գումարտակը՝ «Արծիվ մահապարտներ»-ը[25], կազմավորվեց 1992 թվականի օգոստոսի 30-ին[14]՝ գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո[26] և պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի և Չլդրան գյուղի մոտ, համապատասխանաբար, 1992 թվականի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին[27]։ Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության՝ մահապարտների գումարտակը կանգնեցրեց ադրբեջանցիների առաջխաղացումը և բեկեց պատերազմի ընթացքը հայերի օգտին[14]։
1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մարտը Վազգեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը պաշտպանության հարցերի գծով և Հայաստանի սահմանամերձ գոտիներում Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Դրանից հետո նա նշանակվել է Հայաստանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար[6][8]։ Այս պաշտոններում Սարգսյանը մեծ դեր ունեցավ Հայաստանի բանակի կայացման գործում։ Մյուս հիմնական հրամանատարների հետ նա ղեկավարեց գլխավոր ռազմական գործողությունները Արցախում[28]։ Հատկապես նա ակտիվորեն միավորեց մի քանի կիսանկախ ստորաբաժանումներ պատերազմական գոտում[29]։ Քաղաքական քաոսը Ադրբեջանում և ադրբեջանական բանակի մարտունակության անկումը, ինչպես նաև հայկական զորամիավորների խմբավորումը, թույլ տվեցին հայկական ուժերին վերահսկողության տակ վերցնել Արցախը և դրա հարակից մի քանի շրջան։ 1993 թվականին Սարգսյանը հիմնեց և գլխավորեց Երկրապահ կամավորական շարժումը, որի մեջ ընդգրկվեց մոտ 5,000 պատերազմի վետերան, և որը առաջատար դիրք ունեցավ Հայաստանի քաղաքականության մեջ և հիմք հանդիսացավ Սարգսյանի համար հասնել իշխանության[30]։
1993 թվականին հայկական ուժերը ազատագրեցին Քարվաճառը, որից հետո Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ։ 1993 թվականի ամռանը հայկական ուժերը ազատագրեցին Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլը և Կովսականը[31]։ 1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկյան արձանագրությունը ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կողմից։ Արցախը դե ֆակտո ձեռք բերեց անկախություն, սակայն այն մնում է միջազգայնորեն չճանաչված հանրապետություն[32][33]։
1995 թվականի հուլիսի 26-ին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվեց պաշտպանության նախարար։ Նա մնաց այս պաշտոնին մոտ չորս տարի[8]։ Հայկական բանակը այդ տարիներին համալրվել էր լավագույն մասնագետներով և համարվում էր տարածաշրջանի հզորագույն բանակներից մեկը[35]։ Ըստ Թոմաս դե Վաալի՝ նրա գլխավորությամբ բանակը Հայաստանի հզորագույն ինստիտուտներից էր[2]։ Սարգսյանը ցանկանում էր բանակը դարձնել պրոֆեսիոնալ[36]։
Սարգսյանի օրոք՝ 1997 թվականին, բանակը կրկնապատկվեց՝ համեմատած նախորդ երկու տարիների[37]։ Նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախյան հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչին Սարգսյանը պատասխանեց.-«Թող նա դա անի։ Մենք պատրաստ ենք[38]»:
Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ սերտ կապեր հաստատվեցին Ռուսաստանի և Հունաստանի հետ[39][40]։ Սարգսյանը նաև ջերմ հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի ռազմական էլիտայի հետ, հատկապես պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ[41]։ Ըստ Jamestown Foundation-ի՝ նա ռազմական դիվանագիտական հարաբերություններ ուներ Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Իրանի և Բուլղարիայի հետ[34]։
Սարգսյանը հետպատերազմյան Հայաստանում դարձավ գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, ում սատարում էր բանակը, որը Հայաստանի միակ կայացած կառույցն էր[42]։ Նրան բնորոշում էին որպես Հայաստանի քաղաքականության գորշ կարդինալ[43], ով կարողանում էր նշանակել և պաշտոնանկ անել բարձրաստիճան անձանց[42]։ Պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը գտնվում էր ճգնաժամի մեջ, այդ պատճառով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդականություն չէր վայելում։ 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեությունը, և ձերբակալվեցին նրա առաջնորդները[44][45]` իրեն ավել կախյալ դրության մեջ դնելով ուժային կառույցներից, որոնք էին՝ Պաշտպանության նախարարությունը (նախարար Վազգեն Սարգսյան), Ներքին գործերին նախարարությունը (Վանո Սիրադեղյան) և Ազգային անվտանգությունը (Սերժ Սարգսյան)[46]։ 1995 թվականին Վազգեն Սարգսյանը օգնեց Տեր-Պետրոսյանի Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը հաղթել խորհդարանական ընտրություններում և անցկացնել սահմանադրական հանրաքվեն, որը նախագահին տվեց ավելի մեծ լիազորություններ՝ դատական և իրավական համակարգում[45][47]։ Ընտրություններն անցկացվեցին բազմաթիվ ընտրախախտումներով[44][45]։
Սարգսյանը նաև օգնեց Տեր-Պետրոսյանին 1996 թվականի նախագահական ընտություններում և դրանց հետագա զարգացումներում։ Ընտրություններից մի քանի օր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ սատարում է Տեր-Պետրոսյանին և իր խոսքում ասաց, որ Հայաստանը պետք է մուտք գործի 21-րդ դար՝ հաղթանակած և կայուն տնտեսությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ որպես նախագահ[48]։ Ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 22-ին և լայնորեն քննադատվեցին միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից[46][49], որոնք գտան լուրջ իրավախախտումներ[45]։ Պաշտոնական արդյունքներով՝ Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ առաջին փուլում` հավաքելով 50 %-ից մի փոքր ավելի ձայն[50]։ Ընտրությունների արդյունքները չընդունվեցին ընդդիմության ղեկավար Վազգեն Մանուկյանի կողմից, ով, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր ձայների 41 %-ը։ Մանուկյանը սկսեց կազմակերպել հանրահավաքներ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ցույցերը իրենց կիզակետին հասան սեպտեմբերի 25-ին, երբ Մանուկյանի գլխավորած հազարավոր ցուցարարներ շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք, որը գտնվում էր Բաղրամյան պողոտայում։ Ավելի ուշ ցուցարարները կոտրեցին շենքի դարպասները և ներխուժեցին շինություն։ Նրանք ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանին և փոխխոսնակ Արա Սահակյանին[51]։ Ի պատասխան՝ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ անգամ եթե նրանք (ընդդիմությունը) հաղթեր 100 տոկոս ձայներով, ո՛չ բանակը, ո՛չ Ազգային անվտանգությունը և ո՛չ Ներքին գործերի նախարարությունը չէին ընդունի այդ ղեկավարներին։ Այս խոսքերի համար նրան ավելի ուշ քննադատեցին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցները[52]։ Սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության զորքերը, տանկերը և զինվորականները մտցվեցին Երևան, որպեսզի ճնշվեին ցույցերը[53]։ Սարգսյանը և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեցին, որ հեղաշրջման փորձը տապալված է[54]։
1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին վերջնական հայտարարի գալ Արցախի հիմնախնդրի շուրջ։ Սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը հայտարարեց խնդիրը քայլ առ քայլ լուծելու իր պատրաստակամության մասին, որը ներառում էր ԼՂԻՄ հարակից տարածքների փոխանցումը Ադրբեջանին[55]։ Տեր-Պետրոսյանը նաև համաձայնեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, որին կհետևեր Թուրքիայի հետ սահմանի բացումը, ինչը զգալիորեն կբարելավեր Հայաստանի տնտեսությունը[55]։ Երբ այս պլանը հրապարակվեց, այն դարձավ լայն քննադատության առարկա։ Հայ ժողովրդի մեծամասնությունն անընդունելի համարեց ազգային ու պետական անվտանգության երաշխիք հանդիսացող տարածքների սակարկումը, ինչը վտանգում էր Ադրբեջանի ագրեսիայի հետմղման արդյունքում ստեղծված ուժերի հաշվեկշիռը[56]։ Ըստ քաղաքագետ Վիգեն Չետերյանի՝ իր այս քայլով Տեր-Պետրոսյանը կորցրեց իր իշխանության վերջին լծակը, քանի որ, բացի այդ էլ, նա ցածր ժողովրդականություն էր վայելում[57]։
Արցախի կառավարությունը, հայկական ինտելեգենցիան և սփյուռքը նույնպես դեմ էին անարդար ու անհամաչափ զիջումներին[57][58][4][59][60]։ Վազգեն Սարգսյանը արագորեն հայտարարեց, որ ինքը դեմ է նախագահի որոշմանը և դարձավ կառավարության մեջ ընդդիմախոսների դե ֆակտո առաջնորդը[61][4]։ Նրան միացան երկու կարևոր պաշտոնյաներ` վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և Անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ 1997 թվականի հոկտեմբերի 21-ին Հանրապետական խմբի տասը անդամներ հեռացան իրենց խմբակցությունից և հայտարարեցին իրենց աջակցության մասին Վազգեն Սարգսյանին։ Տեր-Պետրոսյանի խմբակցությունը Ազգային ժողովում մնաց մեծամասնություն և առավելությունը ընդամենը երկու նստատեղ էր[61]։ Չնայած մեծ հանրային և քաղաքական ընդդիմությանը՝ Հայոց համազգային շարժում կուսակցությունը կողմ քվեարկեց Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությանը[62]։
1998 թվականի հունվարի 7-8-ը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը չունի այլևս այնքան աջակցություն, որպեսզի շարունակի նախագահել[63][64]։ 1998 թվականի հունվարի 23-ին քաղաքական ճգնաժամը հասավ իր գագաթնակետին, երբ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սատարում է Ռոբերտ Քոչարյանին[65], և մեղադրեց ՀՀՇ կուսակցությանը՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Սարգսյանը նաև երաշխավորեց, որ բանակը չի խառնվի ներքին քաղաքական հարցերին[66]։
Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998 թվականի փետրվարի 3-ին[67]։ Ըստ Միչել Պ. Կրոսանտի՝ հրաժարականը ներկայացվել էր Վազգեն Սարգսյանի կողմից տրված վերջնագրից հետո[63]։ Իր հրաժարականի ելույթում Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ որպես «իշխանությանը լավ ծանոթ անձինք»։ Նա իր հրաժարականի հիմնական պատճառը նշեց երկրում ապակայունացումը թույլ չտալը[68]։ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հրաժարական ներկայացրին նաև Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանը, նրա երկու տեղակալները, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և այլք[63][69][65]։ Նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ Ազգային ժողովում։ Հանրապետական խմբի շատ անդամներ (շատերը նախկինում եղել են ՀՀՇ անդամներ) միացան Վազգեն Սարգսյանի Երկրապահ խմբակցությանը և 69 անդամով դարձան մեծամասնություն[70][63]։
Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները սկսեց կատարել վարչապետ Ռոբերտ Քոչարյանը[56][71]։ 1998 թվականի փետրվարի 5-ին Սարգսյանը ասաց, որ սա հեղաշրջում չէ, և ասաց, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը տխուր էր, բայց բնական։ Սարգսյանը բացատրեց, որ նախագահի հրաժարականը իր համար անսպասելի էր, և ինքը վերջին երեք ամիսների ընթացքում փորձում էր շտկել հարաբերությունները նրա հետ։
Սարգսյանը բացեիբաց աջակցեց Քոչարյանին և օգտագործեց իր ազդեցությունը նախագահական ընտրություններում[72][73]։ Նա Քոչարյանին անվանեց «մարդ, ում համար խոսքը և գործը միասին են» և նշեց նրա ավանդը Արցախում և Հայաստանում[74]։ Քոչարյանի գլխավոր մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, ով նախկինում՝ 1974-1988 թվականներին, եղել էր Խորհրդային Հայաստանի ղեկավարը։
Ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չստացավ ձայների մեծամասնությունը, և նշանակվեց երկրորդ փուլ՝ մարտի 30-ին, որտեղ հաղթեց Քոչարյանը` հավաքելով ձայների 58,9 %-ը։ ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելությունն ընտրությունների առաջին փուլում խորը անհանգստություն արտահայտեց ընտրությունների վերաբերյալ[75], իսկ վերջնական հաշվետվության մեջ առաքելությունը ընտրությունները բնորոշեց լուրջ իրավախախտումներով, որոնք չեն համապատասխանում ԵԱՀԿ ստանդարտներին[76]։ Չնայած Դեմիրճյանը պաշտոնապես չբողոքարկեց ընտրությունները, նա երբեք չհամաձայնեց արդյունքների հետ և չշնորհավորեց Քոչարյանին[77][34]։ Այնուամենայնիվ, ընտրություններից հետո Սարգսյանը հորդորեց Քոչարյանին վարչապետ նշանակել Դեմիրճյանին՝ քաղաքական ընդվզումները բացառելու համար[77]։
Անգամ նախագահ դառնալուց հետո՝ Քոչարյանը չունեցավ նշանակալի կառուցվածքային ազդեցություն (օրինակ` վերահսկողություն բանակի նկատմամբ, ֆինանսավորման աղբյուր) և մնաց հիմնական քաղաքական գործընթացներից դուրս[78]։ Արցախյան հարցում Քոչարյանը ավելի ամուր դիրքորոշում ուներ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը[79][71]։ Նա նաև հորդորեց միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչին ավելի քիչ ուշադրություն էր դարձնում Տեր-Պետրոսյանը[80]։ Թուրքիան և Ադրբեջանը միահամուռ շարունակում էին Հայաստանի շրջափակումը և տարածաշջանային նախագծերից մեկուսացումը[79]։ Նրան սատարում էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի գործունեությունը թույլատրվեց ընտրություններից մեկ ամիս առաջ[4][63]։
«Ամենասկզբից տպավորություն կար, որ Երկրապահը բացի կռվելուց, ոչնչի ընդունակ չէ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ բացի մարտի դաշտը, Երկրապահը կարող է գործել խաղաղ պայմաններում։»
1998 թվականի դրությամբ Վազգեն Սարգսյանը դարձավ Հայաստանի ամենաազդեցիկ պետական գործիչը[82], քանի որ Երկրապահ խմբակցությունը, որի անդամներն էին նրան հավատարիմ պատերազմի վետերանները, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դարձավ մեծամասնություն Ազգային Ժողովում[83][84]։ Երկրապահը միավորվեց Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, որը ավելի փոքր, բայց գաղափարախոսությամբ Երկրապահին նման կուսակցություն էր[85] և 1998 թվականի ամռանը վերցրեց կուսակցության անվանումը և նրա իրավական կարգավիճակը[86][87]։ Չնայած Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահը չէր, սակայն նա համարվում էր կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդը[88]։
Նախագահական ընտրություններից հետո Սարգսյանի և Քոչարյանի հարաբերությունները վատթարացան, քանի որ Սարգսյանը իր թիմում սկսեց հավաքագրել անձանց, ովքեր կապ չունեին կամ ընդդիմանում էին Քոչարյանին[89]։ Մի քանի ամսում տեղի ունեցավ երեք պաշտոնյաների սպանություն, ինչը առիթ տվեց հասարակությանը ենթադրելու, որ Սարգսյան-Քոչարյան հարաբերությունները լարված են[90]։ 1998 թվականի օգոստոսին սպանվեց Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիխ Խաչատրյանը, ով Քոչարյանի մոտիկ ընկերն էր։ Նա սպանվեց իր գրասենյակում, «կասկածելի հանգամանքներում»[91][92]։ 1998 թվականի դեկտեմբերին նույնատիպ կասկածելի հանգամանքներում սպանվեց Պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խոռխոռունին։ 1999 թվականի փետրվարին սպանվեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արծրուն Մարգարյանը[93][94]։
Սկզբնական շրջանում հայտարարվեց, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ, և նրա հիմնական նպատակն է մեծամասնություն ստանալ Ազգային ժողովում[95]։ Շատերի համար անսպասելի, 1999 թվականի մարտի 30-ին Վազգեն Սարգսյանը և 1998 թվականի նախագահական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանը հայտարարեցին դաշինք կազմելու մասին՝ իրենց գլխավորած Ժողովրդական և Հանրապետական կուսակցությունների միջև[44][96]։ Դաշինքը հայտնի դարձավ «Միասնություն դաշինք» անվանմամբ[77]։ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ դաշինքը իրական է, և նրանք միասին առաջնորդելու են Հայաստանը դեպի զարգացում և բարգավաճում[96]։ Երբ նրան հարցրեցին Դեմիրճյանին միանալու պատճառների մասին, Սարգսյանը պատասխանեց. «Այլ ելք չկա[81]»: Ըստ ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովի՝ Սարգսյանի համար ավելի լավ էր դաշինք կազմել հանրության կողմից սիրված Դեմիրճյանի հետ, քան ունենար նման հակառակորդ, և չնայած նրանց գաղափարական տարաձայնություններին՝ նրանք միասնական ուժերով կարող էին հաղթահարել արդի դժվարությունները[77]։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սարգսյանը բազմիցս հայտարարեց, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար[97]։ Սարգսյանը և Դեմիրճյանը իրենց նախընտրական ծրագրում շեշտը դրեցին տնտեսական բարեփոխումների վրա և խոստացան ընտրվելու դեպքում բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը։ Խոսելով Երկրապահի մասին, որն արդեն վերածվել էր Հանրապետական կուսակցության՝ Սարգսյանը հայտրարարեց, որ մարտի դաշտում հաղթանակ տարած կուսակցությունը կհաղթի նաև տնտեսական դաշտում։ Նա, իր լավատեսությունը կիսելով, համոզված էր, որ նրանք միասին կփոխեն շատ բաներ և կգտնեն ճիշտ ուղին[81]։ «Միասնության դաշինք»-ը «պահանջված էր հանրության լայն հատվածի կողմից, պետք է պայքարեր օրենքի ուժով, իրականացներ տնտեսական բարեփոխումներ և ստեղծեր պետություն, որը կապահովեր բոլորի տնտեսական ապահովվածությունը[98]»: Նախընտրական շրջանում «Միասնություն դաշինք»-ը ընդունվեց լայնորեն և համարվում էր ընտրությունների գլխավոր հավակնորդը[98][43][99]։
Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 1999 թվականի մայիսի 30-ին՝ Սարգսյան-Դեմիրճյան դաշինքի ձևավորումից ընդամենը երկու ամիս անց։ «Միասնության դաշինք»-ը ստացավ ընտրողների ձայների 41,5 %-ը[100] և խորհրդարանում ստացավ 131 տեղից 62-ը[101]։ Մեծամասնության հասնելու համար դաշինք կնքվեց 25 պաշտոնապես անկուսակցական պատգամավորների հետ[102][34]։ Ընտրական գործընթացը «հիմնականում անցավ ավելի լավ, քան անցած ընտրությունները», սակայն ԺՀՄԻԳ-ն ասաց, որ այն «թափանցիկ չէր և չէր համապատասխանում իրենց պահանջներին[103]։» ԺՀՄԻԳ-ի եզրափակիչ հաշվետվության մեջ բացատրվեց, որ «ընտրությունները քայլ առաջ էր ԵԱՀԿ դրույթներին համապատասխան», և բացատրեց, որ չնայած կառավարության կողմից թափանցիկության վերաբերյալ խոստումներին՝ այնուամենայնիվ, լուրջ ընտրախախտումներ տեղի են ունեցել[104]։ Եվրոպայի Խորհուրդը նույնպես արձանագրեց «քայլ առաջ»՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ։ Միջազգային հարցերով ազգային ժողովրդավարական ինստիտուտի հաշվետվությունը ավելի քննադատական էր` ասելով, որ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին և ի տարբերություն 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների՝ փոխվել են միայն խախտումների մեխանիզմները[105]։
1999 թվականի հունվարին Հանրապետական կուսակցության համագումարում Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է մնալ պաշտպանության նախարար[106]։ Ընտրություններից հետո Սարգսյանը ցանկացավ միավորել վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները, սակայն դա հնարավոր չէր Հայաստանի Սահմանադրությամբ[107]։ 1999 թվականի հունիսի 11-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ[91][78], իսկ «Միասնության դաշինք»-ի մյուս համանախագահ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց Ազգային ժողովի խոսնակ[108]։
Շատ մասնագետների կարծիքով՝ Սարգսյանը վարչապետի պաշտոնում ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր Հայաստանում[109][34], մինչդեռ այլ մասնագետներ կարծում էին, որ նա ամենաազդեցիկն էր դրանից շատ առաջ[110][111]: Ըստ Մարկ Գրիգորյանի՝ նրա ակտիվությունը ստվերում էր Քոչարյանին[112]։ Չնայած Քոչարյանը ողջունում էր նրանց դաշինքը, նրա իշխանությունը գնալով թուլանում էր[78] և անցնում էր երկրորդ պլան[78]։ Որոշ քաղաքական վերլուծաբաններ կարծում էին, որ Սարգսյան-Դեմիրճյան դաշինքը ի վերջո կբերի Քոչարյանի հրաժարականին[113][114]։ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Քոչարյանը գնալով նմանվում է Անգլիայի թագուհուն[89]։ Չնայած Վազգեն Սարգսյանը այլևս պաշտպանության նախարար չէր, նա դե ֆակտո մնաց բանակի առաջնորդ[4], քանի որ նրան փոխարինեց իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանը[115]։
Երբ Սարգսյանը դարձավ վարչապետ, Հայաստանի տնտեսությունը դեռ չէր վերականգնվել ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած տնտեսական և էներգետիկ ճգնաժամից[79]։ Սարգսյանը գլխավոր ուշադրությունը դարձրեց Հայաստանից մեծացող արտագաղթի վրա, որն սկսվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո[116]։ 1998 թվականի Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամն էլ ավելի վատթարացրեց իրավիճակը[117] և բերեց բերեց բնակչության կենսամակարդակի վատթարացմանը[118]։
Հունիսի 18-ին Սարգսյանը Ազգային ժողովի իր ելույթում Հայաստանի տնտեսությունը բնորոշեց «մահացած»։ Բյուջեի եկամուտները 20 %-ով քիչ էին, քան կառավարությունը ծրագրավորել էր, քանի որ հարկային մակարդակը ցածր էր, իսկ կոռուպցիայի մակարդակը՝ շատ բարձր։ Սարգսյանը նաև քննադատեց հետխորհրդային ժամանակաշրջանի սեփականաշնորհման գործընթացը Տեր-Պետրսյանի կառավարության կողմից և նշեց, որ Հայաստանը այլընտրանք չունի, և կառավարությունը շատ աշխատանք ունի անելու[119][117]։ Հուլիսի 28-ի իր ելույթում Սարգսյանը տնտեսական վիճակը բնութագրեց որպես ծայրաստիճան բարդ, սակայն ոչ հուսահատ։ Ըստ նրա՝ 1999 թվականի առաջին կեսում բյուջեի եկամուտները 61 միլիոն դոլարով ավելի քիչ էին, քան պլանավորել էր Դարբինյանի կառավարությունը։ Նա ասաց, որ բյուջեի պակասորդի գլխավոր պատճառը հարկերի սխալ հավաքագրումն է[117]։
Չնայած ընդդիմության քննադատություններին՝ հատկապես Ազգային ժողովրդավարական միության, «Միասնություն դաշինք»-ը կողմ քվեարկեց Սարգսյանի կառավարության կոշտ տնտեսական քաղաքականությանը, որը թույլ տվեց Հայաստանին վարկեր վերցնել Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Համաշխարհային բանկը Հայաստանին տվել էր մոտ կես միլիարդ դոլար վարկ՝ սկսած 1992 թվականից, բյուջեի պակասորդը ֆինանսավորելու համար[102]։ Սարգսյանի կաբինետը ցանկացավ դիվերսիֆիկացնել 32 միլիոն դոլարը բյուջետային ֆոնդերում, որպեսզի կարողանա սպասարկել արտաքին պարտքը։ Այս նպատակով բարձրացվեց ակսցիզային հարկը ծխախոտների համար 200 %-ով, իսկ դիզվառելիքի համար՝ 45 %-ով, ինչը լուրջ վնաս հասցրեց միջին խավին[117]։ Սարգսյանը սա անվանեց ցավոտ, սակայն ճիշտ քայլ էր, որը անհրաժեշտ էր Հայաստանի տնտեսությանը[120]։
Իր վարչապետության օրոք Սարգսյանի աջակցությամբ կազմակերպվեցին երեք հիմնական իրադարձություններ։ 1999 թվականի օգոստոսի 28-ին Երևանում սկսվեցին առաջին Համահայկական խաղերը։ Խաղերին մասնակցեց ավելի քան 1.400 մարզիկ՝ 23 երկրից[121]։ Փակման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին Երևանի մարզագամերգային համալիրում, որին մասնակցեցին Ռոբերտ Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը[122]։ Համահայկական խաղերից քիչ ժամանակ հետո սկսվեցին Հայաստանի անկախության ութերորդ տարեդարձին նվիրված միջոցառումները[123]։
Սեպտեմբերի 21-ին՝ անկախության տարեդարձի օրը, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ։ Վազգեն Սարգսյանը, հանրապետության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հետևեց շքերթին պատվահարթակից[124]։
Շքերթին հաջորդած մյուս երկու օրերին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը։ Համաժողովին մասնակցեցին Հայաստանի էլիտան, սփյուռքի շատ կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, հոգևոր առաջնորդներ, գրողներ և հայկական գաղթօջախների մոտ 1 200 ներկայացուցիչներ 53 երկրից, ինչը աննախադեպ ցուցանիշ էր[125][126]։ Վազգեն Սարգսյանը համաժողովի երկրորդ օրը բացեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին իր ելույթ-հաշվետվությամբ։ Համաժողովը փակեց նույնպես Սարգսյանը[127][128]։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 17:15-ի սահմաններում[129][130], հինգ անձինք, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարենը, նրա մորեղբայր Վռամը և երկու այլ անձ[131], զինված Կալաշնիկովի ինքնաձիգերով՝ իրենց երկար անձրևանոցների տակ թաքցրած[129][132], մտան Հայաստանի Ազգային ժողովի շենք, երբ այնտեղ տեղի էր ունենում կառավարության հարցուպատասխանի գործընթացը։ Նրանք մահացու գնդակահարեցին Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի անդամներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին և Միքայել Քոթանյանին։ Հրաձգության արդյունքում վիրավորվեցին խորհրդարանի մոտ 30 անդամներ[133][134]։ Խումբը պնդում էր, որ նրանք իրականացնում են պետական հեղաշրջում[135]։ Նրանք իրենց գործողությունը բնորոշում էին որպես «հայրենասիրական» և «պահանջված՝ ժողովրդի կողմից»[129]։ Նրանք ասում էին, որ պատժում են ղեկավարությանը իր արարքների համար և կառավարությանը անվանում էին «սպեկուլյանտներ, ովքեր խմում են ժողովրդի արյունը[136]։ Նրանք բացատրում էին, որ Հայաստանը գտնվում է անմխիթար վիճակում, և «կոռումպացված կառավարությունը ոչինչ չի անում այն փրկելու համար»[134][136]։ Վազգեն Սարգսյանը խմբի հիմնական թիրախն էր[34], և մնացած սպանվածները, ըստ նրանց, պատահականություն էին[136]։ Ըստ լրագրողների, ովքեր ականատես էին եղել սպանություններին՝ մի մարդ մոտեցել է Սարգսյանին և ասել. «Հերիք է՝ խմես մեր արյունը»։ Վազգեն Սարգսյանի ուղղությամբ կրակել են մի քանի անգամ[137]։ Աննա Իսրայելյանը, ով ականատես լրագրողներից մեկն էր, պատմեց, որ առաջին կրակոցները ուղիղ Վազգեն Սարգսյանի ուղղությամբ էին՝ մեկ կամ երկու մետրից, և ըստ նրա՝ անհնար էր, որ նա մնար, փրկվեր[130]։ Սարգսյանի մարմինը դուրս բերվեց խորհրդարանի շենքից հոկտեմբերի 27-ի երեկոյան[133]։
Ոստիկանությունը, բանակային ուժերը զրահափոխադրիչներով շրջափակեցին շինությունը[129]։ Նախագահ Քոչարյանը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և հայտնեց, որ իրավիճակը իրենց վերահսկողության տակ է[137]։ Զինված անձինք համաձայնվեցին բաց թողնել պատանդներին Քոչարյանի հետ հանդիպելուց հետո և անձնատուր եղան հոկտեմբերի 28-ին[138][139]։
Հոկտեմբերի 28-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց երեքօրյա սուգ[140]։ Գնդակահարությունների զոհերի հուղարկավորությունը տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին։ Զոհերի մարմինները, ներառյալ Վազգեն Սարգսյանի մարմինը, դրվեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում[141][142]։ Հրաժեշտ տալու նպատակով ժամանեցին մեծ թվով բարձր պաշտոնյաներ մոտ 30 երկրից, ներառյալ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն[143]։
Հոկտեմբերի 29-ին հինգ զինված անձինք ձերբակալվեցին ահաբեկչության կասկածանքով[132]։ Հետաքննությունը գլխավորեց ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով իր թիմի հետ սկսեց հետաքննությունը ձերբակալությունից անմիջապես հետո[144]։ Ըստ Ջհանգիրյանի՝ հետաքննության խումբը սկզբնական շրջանում ուներ տասից ավելի վարկածներ[145]։ 2000 թվականի հունվարին Ջհանգիրյանը հետաքննության արդյունքում հավանական համարեց Քոչարյանի կապը սպանությունների հետ[146]։ Քոչարյանին մոտ կանգնած մի քանի անձինք ձերբակալվեցին, ներառյալ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Հարություն Հարությունյանը, սակայն նույն տարվա ամռանը նրանք անմեղ համարվեցին[139]։ Բացի այդ, Ջհանգիրյանի կողմից ահաբեկչության և Քոչարյանի միջև կապի բացահայտման ջանքերը ապարդյուն անցան[139]։ Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարին[147], և արդյունքում ահաբեկչության կազմակերպիչ հինգ անձինք (Նաիրի Հունանյանը, նրա կրտսեր եղբայր Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայր Վռամ Գալստյանը, Դերենիկ Եջանյանը և Էդուարդ Գրիգորյանը) դատապարտվեցին ցմահ ազատազրկման 2003 թվականի դեկտեմբերի 2-ին[148]։
Հարձակման պատճառի վերաբերյալ ծնունդ առան բազմաթիվ իրարամերժ վարկածներ[149][150]։ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը 2009 թվականին հայտարարեց, որ «պաշտոնյաների կողմից ոչինչ չի արվել, որպեսզի հանցագործությունը բացահայտվի, փոխարենը ամեն ինչ արվել է, որպեսզի այն կոծկվի»[151]։ 2013 թվականի մարտին Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ շատ հարցեր ունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարություններին։ Նա ավելացրեց, որ հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը գցեց հանրային վստահությունը իշխանության հանդեպ և շատ հարցեր մնացին բաց՝ մինչ օրս։ Ըստ նրա՝ հանցագործության բացահայտումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2013 թվականին Կարեն Դեմիրճանի այրի Ռիտան իր հարցազրույցում հերքեց, որ սպանությունները պատվիրված էին դրսից, և ըստ նրա՝ դա եղել է սպանություն, ոչ թե հեղաշրջում[152]։
Չնայած հետաքննությունը որևէ կապ չգտավ Քոչարյանի և Հունանյանի խմբերի միջև, շատ հայ քաղաքագետներ և վերլուծաբաններ հավատում են, որ սպանությունների հետևում կանգնած են եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը և այլ քաղաքական գործիչներ[113][151][153][154][155]։ 2002 թվականին Ալբերտ Բազեյանը նշեց, որ «Մենք եկանք եզրահանգման, որ ոճիրի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը դարձավ անսահմանափակ և անվերահսկելի։ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ֆիզիկական ոչնչացմամբ կազմակերպիչները ցանկանում էին, որ Քոչարյանը հաղթի ապագա նախագահական ընտրություններում»[111]։ Տեր-Պետրոսյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և նրանց «հանցավոր-օլիգարխիկ» համակարգին՝ որպես հանցագործության գլխավոր նախաձեռնողներ[151]։ Զինված խմբի առաջնորդ Նաիրի Հունանյանը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) անդամ[110]։ Ըստ ՀՅԴ-ի՝ նա հեռացվել է Դաշնակցության շարքերից 1992 թվականին՝ վատ պահվածքի համար[131], և դրանից հետո[34] որևէ կապ չի ունեցել Դաշնակցության հետ։ Շատերը փորձում էին շահարկել նրա կապը Դաշնակցության հետ և Դաշնակցությանը՝ սպանությունների հետ։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հանցանքում ներգրավված են եղել արտաքին ուժեր, ներառյալ Ռուսաստանը։ Նրանք նշում են այն փաստը, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են եղել Արցախի հիմնախնդրի շուրջ պայմանագրի կնքմանը 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլում կայացած վեհաժողովի ժամանակ, ինչը չէր բխում Ռուսաստանի շահերից[155][156]։
Ռուսաստանի գաղտնի ծառայության տնօրեն Ալեքսանդր Լիտվինենկոն մեղադրում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին ահաբեկչական գործողությունները կազմակերպելու մեջ, որպեսզի տապալի բանակցային գործընթացը Արցախի հարցի կարգավորման շուրջ։ Սակայն նրա մեղադրանքները աջակցություն չստացան[157][158][159]։ Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնյաները հերքեցին այս մեղադրանքները[153][160]։
Ֆրանսամետ քաղաքական վերլուծաբան և նախկին հոգևորական Արծրուն Ավետիսյանը (հոգևոր անունը՝ Տեր Գրիգոր) Ա1պլյուս հեռուստաալիքին տրված հարցազրույցում նշեց, որ ահաբեկչության հետևում կանգնած են ռուսական գաղտնի ծառայությունները[161]։ Նա նաև հավելեց, որ գնդակահարությունները կազմակերպել էր գեներալ լեյտենանտ Վահան Շիրխանյանը, ով եղել է պաշտպանության նախարարի տեղակալը 1992-1999 թվականներին։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը պատվիրել էր Անվտանգության դաշնային ծառայությունը, որպեսզի իշխանության բերի «Նեո-Բոլշևիկ հանցագործ կլանին», ի դեմս՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի[162]։
Այլ վերլուծաբաններ կարծում էին, որ Արևմուտքի շահերից էր հեռացնել Սարգսյանին և Դեմիրճյանին քաղաքական հարթակից, ովքեր մտերիմ կապեր ունեին Ռուսաստանի հետ[155]։ Ղարաբաղյան կոմիտեի առաջնորդներից Աշոտ Մանուչարյանը, ով արտաքին գործերի նախկին նախարարն էր, 2000 թվականին հայտարարեց, որ Հայաստանի պաշտոնյաները օտար երկրից տեղեկացված են եղել ահաբեկչության մասին։ Նա հայտարարեց, որ Արևմուտքի հատուկ ծառայություններն են կանգնած գնդակահարությունների հետևում։ Մանուչարյանի խոսքով՝ ԱՄՆ և Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հետաքրքրված էին Հայաստանում վիճակը խառնելու գործում[163]։
Սարգսյանը երբեք չի ամուսնացել։ Ըստ նրա՝ ընկեր և սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի, Սարգսյանը 1987 թվականի դեկտեմբերին խոստացել էր ամուսնանալ մինչև դրան հաջորդող տարվա մարտի 8-ը։ Արցախյան շարժումը սկսվեց 1988 թվականի փետրվարին, և ըստ Մարտիրոսյանի՝ «տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»[164]։ 1997 թվականին իր հարցազրույցում Սարգսյանը նշեց, որ իր կողմից սիրված պատմական ռազմական գործիչը Շառլ դը Գոլն է։ Նրան հարցրեցին՝ ինչպիսի Հայաստան եք ցանկանում տեսնել հինգ տարուց, նա պատասխանեց. «Անկախ, ինքնիշխան երկիր՝ ուժեղ մշակույթով, դպրոցով և բանակով»[12]։
Վազգենը ուներ երկու կրտսեր եղբայրներ` Արամը և Արմենը։ Արամը Քոչարյանի կողմից նշանակվեց Հայաստանի վարչապետ 1999 թվականի նոյեմբերի 3-ին[165]՝ Վազգեն Սարգսյանի մահից մեկ շաբաթ անց, ինչը մեծամասնության կողմից դիտվեց բարի կամքի դրսևորում[166]։ Նա նշեց, որ Հայաստանը չունի անվտանգության հատուկ մեխանիզմ, ինչով պայմանավորված սպանվեց նրա եղբայրը[167]։ Արամ Սարգսյանը պաշտոնավարեց որպես վարչապետ ընդամենը վեց ամիս։ Նա հեռացավ պաշտոնից 2000 թվականի մայիսի 2-ին[168][169][170]։ Իր հեռուսատատեսությամբ եթերում Քոչարյանը հայտնեց, որ Արամ Սարգսյանի հեռանալու պատճառը վստահության կորուստն է։ Քոչարյանը նաև մեղադրեց Արամին՝ քաղաքական խաղերում ներքաշվելու համար[171]։
2001 թվականի ապրիլին Արամ Սարգսյանը մի խումբ նախկին «Երկրապահների» հետ, ինչպիսիք էին Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան, հիմնադրեց «Հանրապետություն» կուսակցությունը։ Կուսակցության համահիմնադիր Բազեյանը նշեց, որ կուսակցության հիմնական խնդիրն է հասնել հոկտեմբերի 27-ի ոճրագործության և դրա հանգամանքների արդարացի հետաքննության[172]։ Կուսակցությունը սատարեց Ստեփան Դեմիրճյանին՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի նախագահական ընտրություններում[173] և Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդեմ Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախագահական ընտրություններում[166]։ 2013 թվականին՝ իր եղբոր մահից 14 տարի անց, Արամ Սարգսյանը իր հարցազրույցում ասաց.
Եթե որոշ բաներ կատարվեր՝ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ցանկանում, ես չէի լինի ընդդիմություն և կանեի ամեն ինչ, ինչպես նա կցանկանար։ Այսօր ես մարտնչում եմ, որպեսզի նրա ցանկություններն իրականանան։ Նրա ցանկություները շատ պարզ էին։ Նա ցանկանում էր տեսնել ուժեղ Հայաստան։ Վազգենը լավատես, հույսերով լի, ազնիվ, հավատացյալ և հայրենասեր մարդ էր։ Վազգենից հետո նախագահը արեց հակառակը։ Նա միայն գործեց որպես նյութապաշտ և ինքնասեր` անելով ամեն ինչ, որպեսզի մնա իշխանության` վատթարացնելով երկրի վիճակը[174]։ |
Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը` Արմենը, սատարեց Սերժ Սարգսյանին 2013 թվականի նախագահական ընտրություններում[175][176]։
Վազգեն Սարգսյանին Արցախի հերոսի կոչումը շնորհվել է 1998 թվականին, ինչը Արցախի Հանրապետության բարձրագույն կոչումն է[9]։ 1999 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ոճրագործությունից ուղիղ երկու ամիս անց, Սարգսյանին շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի կոչումը[177]։ Նա լայնորեն ճանաչված է որպես Հայկական բանակի հիմնադիր[178][179][180]։
1999 թվականի դեկտեմբերի 28-ի Նախագահի հրամանագրով՝ Երևանի ռազմական ուսումնարանը կոչվեց Վազգեն Սարգսյանի անվան[181]։ Նույն հրամանագրով Հանրապետական մարզադաշտը Երևանում նույնպես կոչվեց նրա անվամբ։ Հայաստանում և Արցախում բազմաթիվ փողոցներ կրում են նրա անունը[8], ներառյալ Երևանի Կենտրոն շրջանի մեկ փողոց[182] և Ստեփանակերտի մեկ փողոց[183] և Կապանի մեկ զբոսայգի[184]։ Նրա պատվին արձաններ կանգնեցվեցին Երևանում (2007)[185],, Արարատում (2009)[186][187], Վանաձորում[188], Շուշիում[189] և այլ վայրերում։ 2000 թվականի հոկտեմբերի 27-ը հայտարարվեց հիշատակի օր՝ Հայաստանի կառավարության կողմից[190]։ 2002 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեդալ թողարկեց Վազգեն Սարգսյանի անվամբ[191]։
Ամեն տարի մարտի 5-ին (նրա ծննդյան օրը) և հոկտեմբերի 27-ին (նրա սպանության օրը)[192], Սարգսյանին հիշում են Հայաստանում և Արցախում։ Նրա ընկերները Երկրապահից[193], բարձրաստիճան պաշտոնյաները և այլք այցելում են Եռաբլուր պանթեոն, որտեղ գտնվում են Վազգեն Սարգսյանի և շատ հայ ռազմական գործիչների շիրիմները[194]։
Վազգեն Սարգսյանի թանգարանը բացվել է նրա հայրենի քաղաք Արարատում 2001 թվականի մարտի 5-ին՝ կառավարության որոշմամբ[195]։ Բացմանը ներկա էին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանը, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը և ուրիշներ[196]։
Սարգսյանին հաճախ կոչում են Սպարապետ, ինչը զինվորական կոչում է, որը եղել է հին հայկական թագավորություններում[197][198]։ «Սպարապետ Հայոց» բառակապակցությունը գրված է Վազգեն Սարգսյանի հուշարձանի վրա Եռաբլուրում[199]։
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ։ Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է։ Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ՝ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ։»
Հայաստանում, Արցախում և համեմատաբար ավելի քիչ Հայկական սփյուռքում[199], Վազգեն Սարգսյանը հիշվում է որպես ազգային հերոս։ Գելլապ ընկերության, Միջազգային հանրապետական ինստիտուտի և Հայաստանի սոցիոլոգիական ասոցացիայի կողմից 2006-2008 թվականներին 1200 քաղաքացիների շրջանում անցկացված մի քանի հարցումների արդյունքում Հայաստանի ազգային հերոսների մեջ Վազգենը առաջինն էր, ում անունը տվել էր հարցվածների 15 %-20 %-ը։ Նա առաջ էր անցել 20-րդ դարի սկզբի ռազմական գործիչներից, ի դեմս՝ Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի[202]։ Սարգսյանին լայնորեն ճանաչում են որպես խարիզմատիկ առաջնորդ[41][203]։
Նրա ներդրումները հայտնի են դարձել նրա ընկերներից և կոլեգաներից։ 1997 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սարգսյանը այն անձն է, ով արժանի է ազգային հերոսի կոչման։ Նա ավելացրեց, որ եթե կառավարության բոլոր անդամները ունենային այնպիսի աշխատասիրություն, ինչպիսին Վազգեն Սարգսյանը, մենք կունենայինք կատարյալ պետություն[204]։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սարգսյանի հուղարկավորության ժամանակ իր ելույթում ասաց, որ Վազգեն Սարգսյանը պատմության մեջ մնաց որպես քաղաքական գործիչ, ով կանգնած էր Հայաստանի պետականության ծննդի կողքին։ Նրա դերը ազգային բանակի ստեղծման գորրծում կասկածից վեր է։ Իր կյանքի և պարտականությունների կատարման գործում Վազգեն Սարգսյանը մեծ ներդրում ունեցավ հզոր հայրենիքի ստեղծման գործում[142]։
Արևմուտքում Վազգեն Սարգսյանին բնորոշում են որպես ուժեղ ազգայնական[205]։ Բրիտանացի լրագրող Ջոնատան Սթիլը Սարգսյանի մասին գրել է որպես «դաժան ազգայնական, ով նախընտրում էր ուժի կիրառումը խոսքերի և ժողովրդավարության փոխարեն»[206]։ Բրիտանիկա հանրագիտարանը Սարգսյանին բնորոշում էր որպես «Հայ ազգայնական, ով իր կյանքի մեծ մասը նվիրեց Հայաստանին, Ադրբեջանի հետ պատերազմում, Արցախի համար»[207]։ Քաղաքագետ Ռազմիկ Փանոսյանի կարծքիով՝ Սարգսյանը «վերջին նշանակալի ազգայնական քաղաքական գործիչն էր, որի ներդրումն Արցախի և Հայաստանի համար կասկած չի հարուցում»[208]։
Սարգսյանին հաճախ քննադատում են ոչ ժողովրդական լինելու համար, հատկապես ընտրական գործընթացներում իր ազդեցությունը կիրառելու համար[97]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.