Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան | |
---|---|
Խաչատուր Աբովյանի կիսանդրին համալսարանի առաջին մասնաշենքի դիմաց։ | |
Տեսակ | հասարակական համալսարան |
Միջազգային անվանում | Kh.Abovyan Armenian State Pedagogical University |
Հիմնադրված է | 1922 |
Ռեկտոր | Սրբուհի Գևորգյան |
Ուսանողներ | 10 000 |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Տիգրան Մեծի 17 |
Պարգևներ | |
Կայք | aspu.am |
Armenian State Pedagogical University Վիքիպահեստում |
Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով։ Պարապմունքները սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։
1924-1925 ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։
Բուհում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Հայկ Ազատյանը, Գրիգոր Չուբարը, Ավետիք Տեր-Պողոսյանը, Արսեն Բեջանյանը, Տիգրան Ռաշմաճյանը, Հովհաննես Տեր-Միրաքյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփան Ներսիսյանը, Վահան Ռշտունին և շատ ուրիշներ։
Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը։
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2000 թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։
Համալսարանն իր 95 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանի կենտգործկոմի նախագահ Գևորգ Հանեսօղլյանն ու Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, նախարարներ Հակոբ Մովսեսն ու Հայաստանի արդարադատուրյան պետական խորհրդական Դավիթ Հարությունյանը, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 200-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ։ Արցախյան ազատամարտին մասնակցել են 50-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ։ Նրանց մեծագույն մասն արժանացել են խորհրդային և ՀՀ շքանշանների ու մեդալների։
Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը. Շաքրո Մհոյանն ու Մանվել Զուլալյանը դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ են համալսարանի շրջանավարտներ Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Թադևոսյանը, Սիմոն Կրկյաշարյանը, Աելիտա Դոլուխանյանը, Վիգեն Ղազարյանը։ Մոտ 200 շրջանավարտ դարձել է գիտության դոկտոր-պրոֆեսոր։ Նրանց ջանքերով տպագրել է 2200 անուն գիրք։
Մանկավարժական համալսարանին մեծ պատիվ և հռչակ են բերում համալսարանի շրջանավարտներ Հովհաննես Շիրազն ու Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանն ու Ռազմիկ Դավոյանը։
Համալսարանի շրջանավարտները լուրջ ներդրում ունեն երկրի մշակութային կյանքում։ Բազմաթիվ գրողներ, լրագրողներ, գրադարանային աշխատողներ, գեղանկարիչներ, ռեժիսորներ, դերասաններ հայտնի են որպես աբովյանականներ։ Ռեժիսորներ Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Լաերտ Վաղարշան, Մարատ Վարժապետյան, Ալբերտ Յավուրյան, Յուրի Երզնկյան, Սերգեյ Իսրայելյան, Դմիտրի Կեսայանց, դիրիժորներ Էմմա Ծատուրյան, Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան, գեղանկարիչ Հովհաննես Զարդարյան, քանդակագործ Ղուկաս Չուբարյան, պարուսույցներ Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Ֆրունզե Ելանյան։ Մտավորականների այս սերուցքն է կրթել մեր ուսանողներին։
Ոչ միայն գիտական ու մշակութային, այլև մարզական հաջողություններ է գրանցել մանկավարժական համալսարանը։ Հայաստանի սպորտային փառքի տարածողներ միջազգային կարգի սպորտի վարպետներ, թենիսիստներ Էլմիրա Անտոնյանը, Բագրատ Բուռնազյանը մանկավարժականի շրջանավարտներ են։ Ներկայումս ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը վերակազմավորվել է «Շախմատի և սպորտի» ամբիոնի, և այն ղեկավարում է միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։
Համալսարանում դասավանդում են իրենց ոլորտներում կայացած և լայն ճանաչում ունեցող բարձրորակ մասնագետներ, գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամներ։
Մանկավարժական համալսարանում գործում է ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի հետ համատեղ բացված գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային և ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորա, որտեղ աճեցվում են արհեստական բյուրեղներ։
Այսօր մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում։ Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական հայտնի համալսարաններում։
Համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50-ից ավելի ամբիոններ, առկա և հեռակա ուսուցմամբ համալսարանում սովորում է ավելի քան 10.000 ուսանող։ 2004-2005 ուսումնական տարվանից համալսարանն իրականացնում է եռաստիճան/բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա/ ուսուցում։ Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2։ Մասնագետներ են պատրաստվում 52 մասնագիտությունների գծով։ Համալսարանում սահմանված է 25 անվանական թոշակ։ Մանկավարժական համալսարանն ունի հիմնական, ինչպես նաև ավագ դպրոց-վարժարան Երևանի կենտրոնում։
Գիտական առաջընթացին համաքայլ՝ համալսարանը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի Հանրապետության և սփյուռքի հայ կրթօջախների համար։
1. Հայոց լեզու և գրականություն 2. Մաթեմատիկա 3. Ֆիզիկա 4. Ինֆորմատիկա 5. Բնագիտություն 6. Տեխնոլոգիա և ձեռնարկչություն 7. Քիմիա 8. Կենսաբանություն 9. Շրջակա միջավայրի գիտություններ 10. Լանդշաֆտային պլանավորում 11. Աշխարհագրություն 12. Պատմություն 13. Իրավագիտություն 14. Հասարակագիտություն 15. Մշակութաբանություն 16. Երաժշտական կրթություն 17. Կերպարվեստ 18. Հագուստի մոդելավորում 19. Դեկորատիվ կիրառական արվեստ 20. Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում 21. Սոցիալական աշխատանք 22. Հոգեբանություն 23. Զինվորական հոգեբանություն 24. Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա 25. Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն 26. Գործնական հոգեբանություն 27. Իրավաբանական հոգեբանություն 28. Սոցիալական և քաղաքական հոգեբանություն 29. Ընտանիքի հոգեբանություն 30. Սոցիալական մանկավարժություն 31. Սոցիոլոգիա 32. Լրագրություն 33. Ռեժիսուրա 34. Գործիքային կատարողականություն 35. Պարարվեստ 36. Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ 37. Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն 38. Գեղարվեստական լուսանկարչություն 39. Օպերատորություն 40. Կառավարում /ըստ ոլորտի/ 41. Պրոդյուսերական գործ 42. Մանկավարժական հոգեբանություն 43. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 44. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա ռուսաց լեզվի ուսուցմամբ 45. Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա 46. Շախմատ 47. Տիֆլոմանկավարժություն 48. Սուրդոմանկավարժություն 49. Օլիգոֆրենոմանկավարժություն 50. Լոգոպեդիա 51. էրգոթերապիա 52. Հատուկ հոգեբանություն 53. Արտ-թերապիա 54. Հատուկ մանկավարժություն 55. Անգլերեն լեզու և գրականություն 56. Գերմաներեն լեզու և գրականություն 57. Ֆրանսերեն լեզու և գրականություն 58. Իսպաներեն լեզու և գրականություն 59. Ռուսաց լեզու և գրականություն 60. Կրթության կառավարում
Ուսուցման ձևերը՝ առկա, հեռակա։
Ուսուցման տևողությունը՝ 4 տարի /բակալավրիատ/ +2 տարի /մագիստրատուրա/։
Ուսման վարձը (դրամով)՝ 260.000-ից 585.000 /պայմանավորված ֆակուլտետի ընտրությամբ։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես հնագիտության կաբինետ, որտեղ ազգագրական և հնագիտական նյութեր էին հավաքվում ՀՊՄՀ Պատմության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հավաքչական աշխատանքների և հնագիտական պեղումների արդյունքում։
Առաջին տնօրեն է նշանակվել պատմության ֆակուլտետի դասախոս, պատմաբան, հնագետ Վարշամ Ավետյանը։
2008 թվականին թանգարանի տնօրեն նշանակվեց Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնի դասախոս Ալվարդ Գրիգորյանը։
Թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 19-ին՝ բուհի հիմնադրման 90 ամյակի առթիվ։ Թանգարանում ներկայացված է բուհի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրումից մինչև մեր օրերը։ Այն ակտիվ գործող կրթամշակութային կենտրոն է, որն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ տարբեր տարիքի լսարանների համար և ակտիվորեն համագործակցում է նման գործունեություն ծավալող մի շարք հաստատությունների հետ։
1994 թվականին հիմնադրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց/վարժարանը։ 1994-1999 թվականներին վարժարանը ղեկավարել է վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյանը։ 1999 թվականից մինչ օրս վարժարանի տնօրենն է է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Ավետիսի Սաֆարյանը։ Վարժարանում այժմ գործում են մշակութային (ռեժիսուրա-օպերատրություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) և հումանիտար (հոգեբանություն, լրագրություն), բնագիտամաթեմատիկական (ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն) հոսքերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.