հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան, ապրիլի 6, 1869, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 29, 1951[1][2], Բեյրութ, Լիբանան[1][2]), հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ։
Լևոն Շանթ արմտ. հայ.՝ Լեւոն Շանթ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Լեւոն Նահաշպետեան (Սեղբոսեան) |
Ծնվել է | ապրիլի 6, 1869 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 1951[1][2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան[1][2] |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն և Հայաստան |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան[2], Գևորգյան հոգևոր ճեմարան (1891)[2], Լայպցիգի համալսարան[2], Ենայի համալսարան[2] և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[2] |
Անդամակցություն | Վերնատուն[2] |
Կուսակցություն | ՀՅԴ |
Աշխատավայր | Գայանյան օրիորդաց դպրոց, Երևանի թեմական դպրոց, Կեդրոնական վարժարան[2] և Էսայան վարժարան[2] |
Լևոն Շանթ Վիքիքաղվածքում | |
Լևոն Շանթ Վիքիդարանում | |
Levon Shant Վիքիպահեստում |
Լևոն Շանթը ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունը ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-1899 թվականներին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։
Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։
1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս։
1994 թվականին Երևանի № 4 դպրոցն անվանակոչվել է Լևոն Շանթի անունով[3]։
1899 թվականին Հովհանես Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնադրվեց «Վերնատուն» գրական խմբակը, որի մշակույթային անդամներն էին Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, ինչպես նաև Լևոն Շանթը։ Նրանք ժամանակ առ ժամանակ կազմակերպում էին հավաքույթներ։
Կյանքի վերջին տարիներին հիշելով «Վերնատունը»` Շանթն ասում է[4].
Մինչև հիմա սիրով ու կարոտով կհիշեմ իմ գրական ընկերներուս հետ անցուցաք տաք իրիկունները։ - Լևոն Շանթ |
1906-1907 թվականներին անբարենպաստ քաղաքական պայմանների ու անդամների ցրվածության պատճառով «Վերնատունը» դադարեց գործելուց։
1918 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակումով, երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունն իր ձեռքը վերցրեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի անդամներից էր նաև Լևոն Շանթը։ 1918 թվականին նա զբաղեցրեց Հայաստանի խորհրդի փոխնախագահի պաշտոնը, իսկ 1919 թվականին դեկտեմբերի 26-ին ստորագրեց հայերենը պետական լեզու ճանաչելու մասին օրենքը[5]։
1920 թվականի Ադրբեջանի խորհրդայնացումից հետո (ապրիլի 28), Հայաստանի պատվիրակությունը մայիսին Լևոն Շանթի գլխավորությամբ մեկնեց Մոսկվա՝ վարելու հայ-ռուսական բանակցությունները։ Դրա նպատակը Ռուսաստանի հետ բարեկամական պայմանագիր կնքումն էր ու Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախության ճանաչումը[5]։
Բանակցությունները, որոնք ընթացան հունիս-հուլիս ամիսներին, սպասված արդյունքի չհանգեցին։ Հայկական կողմին ավելի շատ ոգեվորում էր Սևրի պայմանագիրը, իսկ ռուսները համաձայնեցին պայմանագիր ստորագրել միայն այն դեպքում, եթե հայերը տարածքային որոշ զիջումներ անեին Թուրքիային ու Ադրբեջանին։ Սևրի պայմանագիրի կարևորությունը գնահատելով, ինչպես նաև նման պայմանների առկայությամբ Հայաստանը մերժեց ներկայացված պահանջներըն, ու դրանով բանակցությունները ընդհատվեցին[5]։
Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890-ական թվականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»)։ Դրանցում արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Շանթի արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։
Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909) դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային – ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909), «Կայսր» (1916), «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1921), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, պատմական միջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինակի համար էական խնդիրներ չեն։ Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալ–հոգեբանական խնդիրներ[6]։
Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թվականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916 թվականին «Հին աստվածներ»-ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»-ում[4]։
Իջե՜ք, իջե՜ք, երազներ, Իջե՜ք զգո՛ւյշ, երազներ, Շոյո՜ղ, անո՛ւշ երազներ, Իջե՜ք քնքո՛ւշ երազներ։ - Լևոն Շանթ,
«Հին աստվածներ[4]» |
Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի» (1945) հոգեբանական վեպը։
Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։
Թարգմանել է Մ. Լերմոնտովի «Մծիրի» (1891) պոեմը, Է. Վոյնիչի «Բոռ» (1906) վեպը, Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։
Շանթը նաև Նիցշեի գաղափարների կրող է։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիցշեի անհատապաշտական սկզբունքները և Գերմարդու գաղափարը, որոնց լրացնում էին Հ. Ւբսենն իր թատերգություններով և Ռ. Վագներն իր երաժշտությամբ[4]։
Չնայած Շանթի աշխարհայացքի վրա շատ են եղել ազդեցությունները, այնուամենայնիվ, նրա փիլիսոփայությունը բխում է կյանքից, նա ձգտում է ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց լրացուցիչ գույների ու պատկերների։ Նա համոզված էր, որ մասնավորապես հայ հասարակությունը կարող է զարգացում ապրել՝ ազատվելով ավելորդ նախապաշարումներից։ Ըստ Շանթի՝ մարդը պետք է ազատվի իր ներքին թշնամուց, այսինքն՝ իր թուլություններից, բացասական կողմերից, որպեսզի հասնի ինքնակատարելագործման։ Նրա համար «մարդը մտածող եղեգ մըն է», ինչի շնորհիվ էլ ունի բանականություն ու նպատակասլաց գործունեություն, որոնք նրան ուղղորդում են դեպի կատարելության անվերջ ճանապարհը։
Լևոն Շանթն այն հազվագյուտ ձիրք ունեցող մարդկանցից մեկն է, որի մեծ տաղանդը ազգային հարստություն է, որն այսօր էլ առաջ է մղում մեր արվեստն ու գրականությունը։ |
Հեղինակի անունը ամենքի բերանում, նրա գրքի եղած օրինակները մի օրում սպառած-այս ամենը երևույթներ են, որ չէր տեսած ո՛չ հայ բեմը, ո՛չ հայ գրականությունը։ |
«Շանթի ուսումնասիրությունների առարկան .... կյանքի պոեզիան է, նրա մաքուր բանաստեղծական և գաղափարական կողմը[4]»: - Նիկոլ Աղբալյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.