Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սկյուտարի ճեմարան, հայ աշխարհիկ առաջին ճեմարանը։ Հիմնադրվել է 1838 թվականին, Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ 19-րդ դարի 30-40-ական թվականներին լայն ծավալ էր ստացել կրթալուսավորական շարժումը, ուր ազգային նախակրթարաններն այլևս չէին կարողանում բավարարել կրթական գործի աճող պահանջները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միաժամանակ խորանում էին աշխատավորական, ամիրայական և կղերապահպանողական խավերի հակասությունները, սրվում էր պայքարը կաթոլիկության ու միսիոներության դեմ։ Նման պայմաններում խիստ անհրաժեշտություն էր դարձել արևմտահայ մշակույթի կենտրոնում ազգային կադրեր պատրաստող բարձր մակարդակի կրթական հաստատություն ունենալը։
1836 թվականին այդ հարցը քննության է առնվել Կ․ Պոլսի պատրիարքարանում և որոշվել Երուսաղեմի միաբանությանը պատկանող վանքը վերակառուցել և այդ շենքում բացել ազգային ճեմարան։ Այդ նպատակի համար կազմակերպվել է հանգանակություն, ֆինանսական միջոցներ է տրամադրել Երուսաղեմի միաբանությունը։
Կ․ Պոլսի արքունի ճարտարապետներ Հ․ Մերվերյանը, Կ․ Պալյանը ստանձնել են շենքի նախագծման ու կառուցման գործը։ Ազգային ճեմարանի (գիշերօթիկ) բացումը տեղի է ունեցել 1838 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ընդունվել է 50 աշակերտ (10-ը՝ անվճար), տնօրեն է նշանակվել Հ․ Մանվելյանը։ Ճեմարանն ունեցել է ներքին կանոնադրություն։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, տաճկերեն քերականություն, աշխարհագրություն, պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, գեղեցկագիտություն, կրկնատոմար, նկարչություն, գծագրություն, քաղաքավարության կանոններ, հետագայում ավելացել են հողագիտություն, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, արհեստներ։ Ճեմարանի բացումը խանդավառությամբ ընդունեցին դեմոկրատական խավերը, սակայն նրա աշխարհիկ բնույթը դուր չէր գալիս ամիրաներին ու կղերապահպանողական խավի ներկայացուցիչներին։ Այդ հողի վրա տեղի ունեցող բախումները սուր բնույթ են ստացել։ Շուտով ամիրաները ոչ միայն հրաժարվել են ճեմարանին նյութական օգնության խոստումից, այլև դիմել են իրենց բարեկամներին ու համակրողներին՝ երեխաներին ճեմարանից դուրս բերելու պահանջով։ Ուսումնական հաստատությունը դադարեցրել է գործունեությունը։
1840 թվականին Սկյուտարի ճեմարանի աշակերտության, ուսուցչության և հասարակության ներկայացուցիչների միացյալ ժողովը որոշել է ստեղծել «Միակամ ընկերությունը», որն իր վրա էր վերցնում ճեմարանի հոգատարությունը։ Կ․ Պոլսի հայոց պատրիարքը հաստատում է նոր հոգաբարձություն (22 արհեստավոր, 2 ամիրա)։ Ամիրաների միջամտությամբ թուրք կառավարությունը ոչ միայն չի հաստատում հոգաբարձությունը, այլև ձերբակալում է նրա անդամներին։ Ի պատասխան այդ քայլի՝ 1841 թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունենում Կ․ Պոլսի արհեստավորների ցույց, որին մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ։ Թուրք կառավարությունը ստիպված ազատ է արձակում կալանավորներին, իսկ հետո՝ առանձին-առանձին դատաստան տեսնում նրանց հետ (բանտարկվում և աքսորվում են ճեմարանի տնօրեն Հ․ Մանվելյանը և այլ ուսուցիչներ, պաշտոնանկ է արվում պատրիարքը)։ 1841 թվականի հոկտեմբերի 3-ին ճեմարանը փակվում է, շենքը վերածվում է զինվորական հիվանդանոցի։
Երկարատև բողոքներից հետո այդ շենքը հայերին է վերադարձվում 1846 թվականին և թույլ է տրվում վերաբացել ճեմարանը։ Արքունի հրամանով ստեղծվում է 27 մարդուց (14 արհեստավոր) կազմված հանձնաժողով, որն իր ձեռքն է վերցնում ոչ միայն ճեմարանի ղեկավարությունը, այլև պատրիարքարանի դրամական գործը։ 1851-59 թվականներին ճեմարանում որոշ առաջընթաց է կատարվում, սակայն ընկնելով նյութական ու քաղաքական ծանր կացության մեջ՝ 1859 թվականին վերջնականապես փակվում է։ Սկյուտարի ճեմարանում դասավանդել են Հ․ Թյուլյանը, Ս․ Փափալյանը, Ա․ Տեր-Սահակյանը, Մ․ Սրապյանը և ուրիշներ։ Սաներից են եղել Կ․ Ութականը, Հ․ Ալաջաջյանը, Մկրտիչ Մեզպուրյանը, Ե․ Դուրյանը, Զ․ Ասատուրը, Ա․ Վրույրը և ուրիշներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.