Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկական պետություն (թագավորություն․ ֆր․՝ royaumes francs, լատ․՝ regnum (imperium) Francorum), հազվադեպ՝ Ֆրանկիա (լատ․՝ Francia)․ պայմանական անվանումը՝ V- IX դարերի պետություն Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, որը ձևավորվել է Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում՝ ի թիվս այլ բարբարոսական թագավորությունների։ Այդ տարածքը բնակեցված է եղել ֆրանկներով՝ սկսած III դարից։ Ֆրանկների մայորդոմ Կառլոս Մարտելի, նրա որդի Պիպին Կարճահասակի, ապա թոռի՝ Կառլոս Մեծի ռազմական արշավանքների շնորհիվ ֆրանկների կայսրության տարածքը IX դ․ սկզբին հասնում է իր գոյության մեջ ամենամեծ չափերին։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թուրն (431—508) Փարիզ (508—768) Աախեն (~795—843) | |||
Լեզու | ֆրանկերեն, լատիներեն | |||
Կրոն | ֆրանկական հեթանոսություն, քրիստոնեություն | |||
Արժույթ | դենյե | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | վաղ ավատատիրական միապետություն | |||
Դինաստիա | Մերովինգներ, Կառոլինգներ |
Որդիների միջև ժառանգության բաժանման ավանդույթի արդյունքում ֆրանկների տարածքը միայն պայմանականորեն էր կառավարվում որպես միասնական պետություն․ փաստացիորեն այն բաժանված էր մի քանի ենթակա թագավորությունների (regna)։ Թագավորությունների քանակը և տեղակայումը փոխվում էր ժամանակի ընթացքում, և ի սկզբանե Ֆրանկիա էր կոչվում միայն մեկ թագավորություն՝ Ավստրազիան, որը գտնվում էր Եվրոպայի հյուսիսային մասում՝ Հռենոս և Մաաս գետերի շրջակայքում․ այնուամենայնիվ, երբեմն այս հասկացությունն ընդգրկում էր նաև Նեյստրիայի թագավորությունը, որի հյուսիսում գտնվում էր Լուար, իսկ արևմուտքում՝ Սեն գետերը։ Ժամանակի ընթացքում Ֆրանկիա անվան կիրառումը տեղափոխվեց Փարիզի ուղղությամբ՝ արդյունքում հաստատվելով Փարիզը շրջապատող Սեն գետի ավազանի շրջանի վրա (մեր օրերում հայտնի է Իլ դը Ֆրանս անունով)՝ իր անունը տալով ողջ Ֆրանսիական թագավորությանը։
Ֆրանկիա անվան առաջին գրավոր հիշատակությունը գտնվում է III դարի սկզբով թվագրվող փառաբանության խոսքերում։ Այդ ժամանակ այս հասկացությունը վերաբերում էր Հռենոս գետի հյուսիսի և արևելքի աշխարհագրական շրջաններին․ մոտավորապես Ուտրեխտի, Բիլեֆելդի և Բոննի միջև եռանկյունու մեջ։ Այդ անվանումը տարածվում էր գերմանական սիկամբրների, սալիական ֆրանկների, բրուկտերների, ամպսիվարների, համավների և հատտուարների ցեղերի հողային տիրույթների վրա։ Որոշ ցեղերի հողերը, օրինակ սիկամբրների և սալիական ֆրանկների, ընդգրկված էին Հռոմեական կայսրության մեջ, և այդ ցեղերը հռոմեացիների սահմանային զորքերին զինվորներ էին մատակարարում։ 357 թ․ սալիական ֆրանկների ցեղային առաջնորդն իր հողերը մտցրեց Հռոմեական կայսրության կազմի մեջ և իր դրությունն ամրապնդեց Հուլիանոս II Ուրացողի հետ կնքած դաշինքով՝ համավների ցեղին ետ մղելով Համալանդ։
Ֆրանկիա հասկացության նշանակությունն ընդլայնվում էր ֆրանկների հողերի աճման չափով։ Ֆրանկական ցեղային առաջնորդներից մի քանիսը (օրինակ՝ Բավտոնը և Արբոգաստը) հռոմեացիներին հավատարմության երդում էին տվել, իսկ ուրիշները (օրինակ՝ Մալլոբավդը) հռոմեական հողերում այլ պատճառներով էին գործում։ Արբոգաստի գահընկեց լինելուց հետո նրա որդի Արիգիուսին հաջողվեց Թրիրում հիմնել ժառանգական կոմսություն, իսկ բռնապետ Կոնստանտին III-ի անկումից հետո որոշ ֆրանկներ կանգնեցին բռնապետ Հովինի կողքին (411 թ․)։ Հովինի մահվանից հետո 413 թվականին հռոմեացիներն արդեն չէին կարողանում իրենց սահմաններում զսպել ֆրանկներին։
Ֆրանկների ցեղային առաջնորդ Թեոդոմերը մահապատժի ենթարկվեց հռոմեացինիերի կողմից, բայց այդ մահը չբերեց սպասված արդյունքը։ Մոտ 428 թ․ նրա որդին՝ սալիական ֆրանկների առաջնորդ Քլոդիոնը, որի տիրույթներն ընդգրկում էին Տոքսանդրիան և Civitas Tungrorum-ը (մայրաքաղաքը՝ ժամանակակից Տոնգերեն), բազմաթիվ արշավանքներ կազմակերպեց հռոմեացիների տարածքներում և կարողացավ իր տիրապետության մեջ ընգրկել հռոմեական Կամբրե գաղութը և ժամանակակից Սոմմայի վարչության հողերը։ Չնայած Սիդոնիոս Ապողինարիոսի հաստատմանն այն մասին, որ Փլաբիոս Հաեցիոսին հաջողվել է ֆրանկների դեմ մարտերի ժամանակ ետ մղել նրանց (մոտավորապես 431 թ․), այդ ժամանակները հանդիսանում են նոր բազմադարյա շրջանի՝ գերմանական ֆրանկների՝ գալլա-հռոմեական ողջ մեծաքանակ տիրույթների վրա կառավարման դարաշրջանի սկիզբը։
Քլոդիոնի թագավորությունը նոր սահմաններ ձեռք բերեց, իսկ Ֆրանկիա հասկացությունն ընդմիշտ ստացավ նոր նշանակություն։ Ֆրանկական պետությունը դադարեց նշանակել «Հռենոսից այն կողմ գտնվող բարբարոսական հողեր» (barbaricum trans Rhenum), այլ դարձավ քաղաքական ուժ գետի երկու ափերին՝ նշանակալից ազդեցություն ունենալով հռոմեական քաղաքականության վրա։ Քլոդիոնի ազգականները՝ Մերովինգների արքայատոհմը, ընդլայնեցին ֆրանկների պետության սահմանները դեպի ավելի հարավ։ Բացի այդ, ֆրանկների տիրույթների հյուսիսարևելյան սահմանների վրա սաքսերի ցեղի թալանչիական հարձակումների պատճառով ֆրանկների մեծ մասը ստիպված էր վերաբնակեցվել հարավ-արևմուտքում՝ այն հողերում, որոնք տեղակայված էին, մոտավորապես, Սոմմա և Մյունստեր գետերի միջև։
Քլոդիոնի հաջորդների պատմական վաստակը բավականաչափ հայտնի չէ։ Որոշակիորեն կարելի է հաստատել միայն այն, որ Քիլդերիկ I-ը, ով, հավանաբար, Քլոդիոնի թոռն էր, կառավարել է Սալիական թագավորությունում Թուրն կենտրնով՝ հանդիսանալով հռոմեացիների դաշնակիցը։ Քիլդերիկի պատմական դերը կայանում է նրանում, որ նա ֆրանկների հողերը ժառանգեց իր որդի Քլոդվիգ I-ին՝ սկսելով ընդարձակել իշխանությունը այլ ֆրանկական ցեղերի վրա և ընդլայնել իր իշխանության շրջանակները Գալլիայի արևմտյան և հարավային մասերում։ Ֆրանկների թագավորությունը հիմնադրվել է Քլոդվիգ I թագավորի կողմից և երեք դարերի ընթացքում դարձավ Արևմտյան Եվրոպայի հզորագույն պետությունը։
Ի տարբերություն իր արիացի ազգականների, Քլոդվիգ I-ն ընդունեց օրթոդոքսալ քրիստոնեություն։ 30-ամյա կառավարման ընթացքում (481-511 թթ․) նա պարտության է մատնել հռոմեական զորահրամանատար Սիգարիուսին նվաճելով հռոմեական Սուասոն անկլավը, պարտության մատնեց ալեմաններին (Թոլբիակի ճակատամարտ, 504 թիվ)՝ նրանց դնելով ֆրանկների վերահսկողության տակ, հաղթեց վեստգոթերին Վույնի ճակատամարտում 507 թվին, նվաճելով նրանց բոլոր թագավորությունները (բացառությամբ Սեպտիմանիայի) մայրաքաղաք Թուլուզի հետ միասին, ինչպես նաև ենթարկեցրեց բրետոնացիներին (համաձայն ֆրանկ պատմաբան Գրիգորիոս Տուրացու հաստատման)՝ նրանց դարձնելով Ֆրանկիայի վասսալներ։ Նա ենթարկեցրեց հարևան բոլոր ֆրանկական ցեղերին (կամ մեծամասնությանը), որոնք բնակվում էին Հռենոսի հոսանքի շրջանում, և նրանց հողերն ընդգրկեց իր թագավորության մեջ։ Այնուհետև նա ենթարկեցրեց հռոմեական տարբեր ռազմականացված բնակավայրեր (լաետներ), որոնք ցրված էին Գալլիայի տարածքում։ 43-ամյա կյանքի ավարտին Քլոդվիգն իշխում էր ողջ Գալլիային, բացառությամբ Սեպտամանիայի նահանգի և հարավ-արևելքում Բուրգունդական թագավորության։
Մերովինգների կառավարումը ժառանգական միապետություն էր։ Ֆրանկների թագավորները հավատարիմ մնացին բաժանարար ժառանգության գործելակերպին՝ իրենց տիրույթները բաժանելով որդիների միջև։ Նույնիսկ երբ Մերովինգների մի քանի թագավորներ կառավարում էին, թագավորությունը, գրեթե ինչպես ուշ Հռոմեական կայսրությունում, ընկալվում էին որպես մի քանի թագավորների կողմից հավաքականորեն ղեկավարվող միասնական պետություն, և միայն տարբեր տեսակի իրադարձություններն էին հանգեցնում պետության միավորմանը մեկ թագավորի իշխանության ներքո։ Մերովինգների թագավորները կառավարում էին Աստծո փոխանորդի իրավունքով, և նրանց թագավորական մեծությունը խորհրդանշում էին երկար մազերը և բացականչությունը, որն իրականացվում էր նրանց կողմից վահանը բարձրացնելով՝ համաձայն գերմանական ցեղերի՝ առաջնորդի ընտրման ավանդույթի։ 511 թ․ Քլոդվիգ I-ի մահից հետո նրա թագավորության տարածքը բաժանվեց չորս մեծ որդիների միջև այնպես, որ յուրաքանչյուրին հասան գրեթե հավասար մասեր։
Քլոդվիգի որդիներն իրենց մայրաքաղաք են ընտրում ֆրանկական պետության սրտի՝ Գալլիայի հյուսիսարևելյան շրջանների քաղաքները։ Ավագ որդի Թեոդորիխ I-ը կառավարում էր Ռեյմսում, երկրորդ որդի Քլոդոմիրը՝ Օռլեանում, երրորդ որդի Քիլբերտ I-ը՝ Փարիզում և, վերջապես, կրտսեր որդի Քլոտար I-ը՝ Սուասոնում։ Նրանց կառավարման օրոք ֆրանկական պետությունն ընդգրկում էր թյուրինգների (532 թ․), բուրգունդների (534 թ․), ինչպես նաև սաքսերի և ֆրիզների հողերը (մոտավորապես 560 թ․). Հռենոսից այն կողմ ապրող հեռավոր ցեղերը հուսալիորեն ենթակա չէին ֆրանկական գերիշխանությանը և, թեև նրանց հարկադրում էին մասնակցել ֆրանկների ռազմական արշավանքներին, թագավորների թուլության ժամանակ այդ ցեղերն անկառավարելի էին դառնում և հաճախ փորձում էին դուրս գալ ֆրանկների պետությունից։ Այնուամենայնիվ, ֆրանկներն անփոփոխ տեսքով պահպանում էին հռոմեականացված բուրգունդական թագավորության տարածքային ամբողջականությունը՝ այն դարձնելով իրենց գլխավոր շրջաններից մեկը, որն իր մայրաքաղաք Օռլեանով ընդգրկում էր Քլոդոմիրի թագավորության կենտրոնական մասը։
Պետք է նշել, որ թագավոր-եղբայրների միջև եղած հարաբերությունները չի կարելի անվանել ընկերական․ մեծ մասամբ նրանք հակամարտության մեջ էին մեկը մյուսի հետ։ Քլոդոմիրի մահից հետո (524 թ․) նրա եղբայր Քլոտար I-ը սպանում է վերջինիս որդիներին, որպեսզի տիրի նրա թագավորությանը, որը ավանդույթի համաձայն բաժանվեց մնացած եղբայրների միջև։ Եղբայրներից ավագը՝ Թեոդորիխ I-ը, 534 թ․ մահանում է հիվանդությունից, և նրա ավագ որդուն՝ Թեոդեբերտ I-ին, հաջողվում է պաշտպանել իր ժառանգությունը՝ ֆրանկական ամենախոշոր թագավորությունը և ապագա թագավորության սիրտը՝ Ավստրազիան։ Թեոդոբերտը դարձավ առաջին ֆրանկական թագավորը, որ պաշտոնապես խզեց կապը Բյուզանդական կայսրության հետ՝ սկսելով իր պատկերով դրամներ հատել և իրեն անվանել «Մեծ թագավոր» (magnus rex)՝ նկատի ունենալով իր պրոտեկտորատը, որը ծավալվում էր ընդհուպ մինչև հռոմեական Պաննոնիա նահանգը։ Թեոդոբերտը մտավ Գոթական պատերազմների մեջ գերմանական հեպիդների և լոմբարդացիների ցեղերի կողմից՝ ընդդեմ օստգոթերի, իր իշխանության ներքո միավորելով Ռեցիայի, Նորիկի նահանգները և Վենետիկի շրջանի մի մասը։ Նրա որդի և հաջորդ Թեոդեբալդը, չկարողացավ պահպանել թագավորությունը, և նրա մահվանից հետո ողջ հսկայական թագավորությունն անցավ Քլոտարին։ 558 թ․ Քիլդեբերտի մահից հետո ողջ ֆրանկական պետության կառավարումը կենտրոնացավ մեկ թագավորի՝ Քլոտարի ձեռքերում։
Երբ 561 թ․ Քլոտարը 64 տարեկան հասակում տենդից մահացավ, ֆրանկական պետությունը կրկի բաժանվեց Քլոտարի չորս որդիների միջև։ Մայրաքաղաքները մնացին նույն այդ քաղաքներում։ Ավագ որդին՝ Քարիբերտ I-ը, ժառանգեց թագավորությունը Փարիզ մայրաքաղաքով և կառավարեց ողջ արևմտյան Գալլիայում։ Երկրորդ որդին՝ Հունտրամնը, ստացավ բուրգունդների նախկին թագավորությունը՝ ավելացրած հողեր կենտրոնական Ֆրանսիայում, որոնց շրջապատում էին մայրաքաղաք Օռլեանը, ինչպես նաև՝ Պրովանսի մեծ մասը։ Պրովանսի մի փոքր մասը, ինչպես նաև Օվերենի նահանգը և Աքվիտանիայի արևելքն անցավ երրորդ որդուն՝ Սիգիբերտ I-ին, որը ժառանգեց նաև Ավստրազիան իր գլխավոր Ռեյմս և Մեց քաղաքներով։ Ամենափոքր թագավորությունը՝ Սուասոնը, հասավ կրտսեր որդուն՝ Քիլպերիկ I-ին։ Քիլպերիկի այդ թագավորությունը 584 թ․ նրա մահվանից հետո հանդիսացավ հետագայում առաջացած Նեյստրիայի թագավորության հիմքը։
Ժառանգության այս երկրորդ բաժանումը չորս մասերի շուտով վերացավ եղբայրասպան պատերազմների հետևանքով, որոնք սկսվել էին Քիլպերիկ I-ի կնոջ՝ Հալեսվինտայի սպանության պատճառով, որը պատվիրել էր Քիլպերիկի հարճ (և հաջորդ կին) Փրեդեգոնդան։ Սիգիբերտի կինը՝ Բրունհիլդան, որը նաև սպանված Հալեսվինտայի քույրն էր, ամուսնուն հրահրում էր պատերազմի։ Երկու թագուհիների միջև հակամարտությունը շարունակվեց ընդհուպ մինչև հաջորդ դար։ Հունտրամնը փորձում էր հասնել խաղաղության և դրա համար երկու անգամ (585 թ․ և 589 թ․) փորձեց գոթերից նվաճել Սեպտիմանիան, սակայն երկու անգամն էլ պարտություն կրեց։ Քարիբերտի վաղաժամ մահից հետո 567 թ․ բոլոր մնացած եղբայրներն ստացան իրենց ժառանգությունը, բայց Քիլպերիկը կարողացավ պատերազմի ժամանակ էլ ավելի մեծացնել իշխանությունը՝ կրկին իրեն ենթարկելով բրետոնացիներին։ Նրա մահից հետո Հունտրամնը կրկին ենթարկեցրեց բրետոնացիներին։ 587 թ․ Բրունհիլդայի և Հունտրամնի միջև կնքված Անդելոտյան դաշինքը[en], որի տեքստում ֆրանկական պետությունն ակնհայտորեն անվանված է Ֆրանկիա, ամրապնդեց վերջինիս պրոտեկտորատը Բրունհիլդայի երիտասարդ որդու՝ Քիլդեբերտ II-ի նկատմամբ, որը 575 թ․ սպանված Սիգիբերտի իրավահաջորդն էր։ Ընդհանուր առմամբ, Հունտրամնի և Քիլդեբերտի տիրույթները ավելի քան 3 անգամ գերազանցում էին Քիլպերիկի ժառանգորդի՝ Քլոտար II-ի թագավորության չափերին։ Այս դարաշրջանում ֆրանկական պետությունը բաղկացած էր երեք հատվածներից, և նման բաժանումն ապագայում շարունակում է գոյություն ունենալ՝ ի դեմս Նեյստրիայի, Ավստրազիայի և Բուրգունդիայի։
Հունտրամնի մահից հետո 592 թ․ Բուրգունդիան ամբողջությամբ անցավ Քիլդեբերտին, որը, նույնպես, շուտով մահացավ (595 թ․)։ Թագավորությունը կիսեցին նրա երկու որդիները․ ավագին՝ Թեոդեբերտ II-ին, հասան Ավստրազիան և Աքվիտանիայի այն մասը, որին տիրում էր Քիլդեբերտը, իսկ կրտսերին՝ Թեոդորիխ II-ին, անցան Բուրգունդիան և Աքվիտանիայի այն մասը, որին տիրում էր Հունտրամնը։ Եղբայրները միավորվելով կարողացան նվաճել Քլոտար II-ի թագավորության տարածքի մեծ մասը և, արդյունքում, վերջինիս տիրապետության տակ մնացին միայն մի քանի քաղաքներ, սակայն եղբայրները չկարողացան նրան գերեվարել։ 599 թ․ եղբայրները զորքեր ուղարկեցին դեպի Դորմել և զբաղեցրին Դենթելինի մարզը, սակայն հետագայում նրանք դադարեցին վստահել իրար և իրենց կառավարման մնացած մասն անցկացրին թշնամության մեջ, որին, հաճախ, դրդում էր նրանց տատ՝ Բրունհիլդան։ Նա դժգոհ էր նրանից, որ Թեոդեբերտն իրեն հեռացրեց պալատից, և համոզեց Թեոդորիխին տապալել ավագ եղբորն ու սպանել նրան։ Դա տեղի ունեցավ 612 թ․, և նրա հոր՝ Քիլդեբերտի ողջ թագավորությունը կրկին հայտնվեց մեկ անձի ձեռքում։ Սակայն դա երկար չշարունակվեց, քանի որ 613 թ․ Քլոտարի դեմ ռազմական արշավանք պատրաստելիս Թեոդորիխը մահացավ՝ թողնելով անօրինական որդի Սիգիբերտ II-ին, որն այդ ժամանակ մոտ 10 տարեկան էր։ Թեոդոբերտ և Թեոդորիխ եղբայրների կառավարման արդյունքներից էին հաջող ռազմական արշավանքը Գասկոնիա, որտեղ նրանք հիմնադրեցին Բասկոնիայի դքսությունը, և բասկերին ենթարկեցնելը (602 թ․). Գասկոնիայի առաջին այս նվաճմամբ նրանք ձեռք բերեցին նաև Պիրենեյներից հարավ ընկած հողեր, մասնավորապես Բիսկայան և Հիպուսկոյան, սակայն 612 թ․ դրանք անցան վեստգոթերին։ Ալեմաններն իրենց պետության հակադիր կողմում հաղթեցին Թեոդորիխին ապստամբության ժամանակ, և ֆրանկները կորցրին գերիշխանությունը Հռենոսից այն կողմ ապրող ցեղերի նկատմամբ։ 610 թ․ Թեոդոբերտը թալանի ճանապարհով Թեոդորիխից ստացավ Էլզասի դքսությունը՝ դնելով Ավստրազիայի և Բուրգունդիայի միջև երկարաձիգ հակամարտության սկիզբը՝ Էլզասի մարզի վերաբերյալ։ Այդ հակամարտույունն ավարտվեց միայն XVII դարի վերջին։
Կառավարող արքայատոհմի՝ Մերովինգների տան ներկայացուցիչների ներքին կռիվների արդյունքում իշխանությունն աստիճանաբար անցնում է թագավորական պալատի կառավարչի պաշտոնը զբաղեցնող մայորդոմների ձեռքը։ Սիգիբերտ II-ի կարճատև կյանքի օրոք մայորդոմի պաշտոնը, որը նախկինում հազվադեպ էր նկատվում ֆրանկների թագավորություններում, սկսեց քաղաքական կառուցվածքում ղեկավար դիրք զբաղեցնել, և ֆրանկական ազնվականական խմբավորումները սկսեցին միավորվել մայորդոմներ Բառնահար II-ի, Ռադոյի և Պիպին Լանդենացու շուրջը, որպեսզի Բրունհիլդային՝ երիտասարդ թագավորի նախատատին, զրկեն իրական իշխանությունից և իշխանությունը փոխանցեն Քլոտարին։ Բառնահարն այն ժամանակ արդեն զբաղեցնում էր Ավստրազիայի մայորդոմի պաշտոնը, երբ Ռադոն և Պիպինը ստացան այդ լիազորությունները որպես պարգև Քլոտարի հաջող պետական հեղաշրջման, տասնյոթամյա Բրունհիլդայի մահապատժի և տասնամյա թագավորի սպանության համար։
Իր հաղթանակից հետո Քլոդվիգի ծոռ Քլոտար II-ը 614 թ․ հրապարակեց իր հրովարտակը (հայտնի է նաև որպես Փարիզի հրովարտակ), որն ամբողջությամբ համարվում է ֆրանկական ազնվականության համար զիջումների հավաքածու (վերջին ժամանակներս այդ տեսակետը կասկածի տակ է դրված)։ Հրովարտակի դրույթներն առաջին հերթին ուղղված էին պետության մեջ արդարադատության ապահովմանը և կաշառակերության վերացմանը, սակայն այն նաև արձանագրում էր ֆրանկական երեք թագավորությունների տեղային առանձնահատկությունները և, հավանաբար, ազնվականության ներկայացուցիչներին օժտում էր դատական մարմիններ նշանակելու մեծ իրավունքներով։ 623 թ․ Ավստրազիայի ներկայացուցիչները սկսեցին համառորեն պահանջել իրենց սեփական թագավորի ճանաչումը, քանի որ Քլոտարը շատ հաճախ բացակայում էր թագավորությունից, ինչպես նաև նրան օտար էին համարում նրա դաստիարակության և նախկինում Սեն գետի ավազանում կառավարելու պատճառով։ Բավարարելով այս պահանջը՝ Քլոտարն իր որդի Դագոբերտ I-ին է հանձնում Ավստրազիայի կառավարումը, և նա պետք է անհրաժեշտ կերպով հաստատվեր Ավստրազիայի զինվորների կողմից։ Սակայն, չնայած նրան, որ Դագոբերտն իր թագավորությունում լիակատար իշխանություն ուներ, Քլոտարն անվերապահ վերահսկողություն էր պահպանում ֆրանկական բոլոր թագավորությունների վրա։
Քլոտարի և Դագոբերտի համատեղ կառաարման տարիներին, որոնց մասին հաճախ ասում են «Մերովինգների վերջին կառավարիներ», ոչ ամբողջապես նվաճված սաքսերը 550-ական թթ․ ավարտին ապստամբում են դուքս Բերթոալդի գլխավորությամբ, սակայն ջախջախվում են հոր և որդու համատեղ զորքերի կողմից և կրկին ընդգրկվում Ֆրանկական պետության մեջ։ 628 թ․ Քլոտարի մահից հետո Դագոբերտը, հոր կտակի համաձայն, թագավորության մի մասը հանձնում է կրտսեր եղբորը՝ Քարիբերտ II-ին։ Թագավորության այդ մասը վերաձևավորվում է և անվանվում Աքվիտանիա։ Տարածքով այն համապատասխանում էր հռոմեական երբեմնի Աքավիտանիայի նահանգի հարավային մասին, և նրա մայրաքաղաքը գտնվում էր Թուլուզում։ Այդ թագավորությունն ընդգրկում էր նաև Քաոր, Աժեն, Պերիգյո, Բորդո և Սենթ քաղաքները․ Բասկոնիայի դքսությունը նույնպես ներառված էր նրա հողերում։ Քարիբերտը հաջողությամբ կռվեց բասկերի դեմ, սակայն նրա մահից հետո վերջիններս կրկին ապստամբեցին (632 թ․)։ Այս նույն ժամանակ բրետոնացիներն ընդվզեցին ֆրանկական տիրապետության դեմ։ Բրետոնացիների թագավոր Յուդիքայելը Դագոբերտի՝ զորքեր ուղարկելու սպառնալիքների տակ մեղմացավ և ֆրանկների հետ համաձայնություն կնքեց, ըստ որի նա պարտավորվեց հարկ վճարել (635 թ․)։ Նույն տարում Դագոբերտը զորք ուղարկեց բասկերին հանդարտեցնելու համար, ինչը և հաջողությամբ իրագործվեց։
Չնայած նրան, որ Դագոբերտի հրամանով Քարիբերտի ժառանգորդ Քիլպերիկ Աքվիտանացին սպանվեց, և ողջ Ֆրանկական պետությունը կրկին հայտնվեց մեկ անձի ձեռքերում (632 թ․), 633 թ․ Ավստրազիայի ազդեցիկ ազնվականությունը Դագոբերտին ստիպեց իրենց թագավոր ճանաչել իր որդի Սիգիբերտ III-ին։ Դրան ամեն կերպ նպաստեց Ավստրազիայի «վերնախավը»՝ ցանկանալով ունենալ իր առանձին կառավարումը, քանի որ թագավորական պալատում գերիշխում էին Նեյստրիայի ազնվականները։ Քլոտարը նախքան Մեցցի թագավոր դառնալը մեկ տասնամյակ կառավարել էր Փարիզում։ Մերովինգների արքայատոհմը, նույնպես, նրանից հետո ողջ ժամանակ հանդիսանում էր, առաջին հերթին, Նեյստրիայի միապետը։ Նեյստրիայի առաջին հիշատակությունները տարեգրություններում սկսվում են 640-ական թթ․։ Հիշատակությունների այսպիսի ուշացումը «Ավստրազիայի» համեմատությամբ, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ նեյստրիացիներն (որոնք ժամանակի հեղինակների մեծամասնությունն էին կազմում) իրենց հողերն անվանում էին պարզապես «Ֆրանկիա»։ Բուրգունդիան այդ ժամանակ նույնպես հակադրվում էր իրեն Նեյստրիայի համեմատ։ Այնուամենայնիվ, Գրիգորիոս Տուրացու ժամանակներում կային ավստրազիացիներ, որոնք համարվում էին թագավորության ներսում մեկուսացած և անկախության հասնելու համար բավականին կտրուկ գործողություններ ձեռնարկող ժողովուրդ։ Դագոբերտը շփման մեջ էր սաքսերի, ալեմանների, թյուրինգների, ինչպես նաև ֆրանկական պետության սահմաններից դուրս ապրող սլավոնների հետ, որոնց նա մտադիր էր ստիպել հարկ վճարել, սակայն, երբ նրանցից պարտություն կրեց Վոգաստիսբուրգի ճակատամարտում, արևելյան ազգությունների բոլոր ներկայացուցիչներին հրավիրեց Նեյստրիայի պալատ, սակայն ոչ Ավստրազիայի։ Հենց դա, առաջին հերթին, ստիպեց Ավստրազիային պահանջել իրենց սեփական թագավորին նշանակել։
Երիտասարդ Սիգիբերտը կառավարում էր Հրիմոալդ Ավագ մայորդոմի իշխանության ներքո։ Հենց նա համոզեց անզավակ թագավորին որդեգրել իր սեփական որդուն՝ Քիլդեբերտին։ 693 թ․ Դագոբերտի մահից հետո Թյուրինգիայի դուքս Ռադուլֆը ապստամբույթուն կազմակերպեց և փորձեց իրեն թագավոր հայտարարել։ Նա հաղթեց Սիգիբերտին, ինչից հետո կառավարող արքայատոհմի զարգացման մեջ կարևորագույն շրջադարձը տեղի ունեցավ (640 թ․)։ Ռազմական արշավանքի ընթացքում թագավորը կորցրեց շատ ազնվականների աջակցությունը, իսկ այդ ժամանակվա միապետական հաստատությունների թուլությունն ապացուցեց թագավորի անկարողությունը արդյունավետ ռազմական գործողություններ վարելու՝ առանց ազնվականության աջակցության․ օրինակ, թագավորն անկարող էր, նույնիսկ, ապահովել սեփական անվտանգությունը առանց Հրիմոալդի և Ադալհիզելի հավատարիմ աջակցության։ Հաճախ հենց Սիգիբերտ IIIը համարվում է առաջինը «ծույլ թագավորներից» (ֆր․՝ Roi fainéant), և ոչ թե նրա համար, որ նա ոչինչ չէր անում, այլև նրա համար, որ քիչ բան ավարտին հասցրեց։
Քլոդվիգ II-ը, Դագոբերտից ժառանգելով Նեյստրիան և Բուրգունդիան, որոնք հետագայում յուրացվեցին, սակայն այյդ ժամանակ դեռ կառավարվում էին ինքնուրույն, չափահասության հասավ միայն իր կառավարման վերջում։ Նրան ամբողջապես իշխում էր մայրը՝ Նանթիլդան, և Նեյստրիայի մայորդոմ Էրքինոալդը։ Էրքինոալդի իրավահաջորդը՝ Էբրոինը, թագավորությունում իշխում է հաջորդ 15 տարիներին, ոնց ընթացքում գրեթե անընդմեջ քաղաքացիական պատերազմներ էին տեղի ունենում։ Սիգիբերտը մահացավ 656 թ․՝ սրբի համբավ վաստակելով (հետագայում կանոնականացվեց)։ Նրա հարազատ որդին (որը լույս աշխարհ էր եկել արդեն Քիլդեբերտին որդեգրելուց հետո) ուղարկվել էր մենաստան հեռավոր Իռլանդիա կղզում, իսկ Ավստրազիան սկսել էր կառավարել մայորդոմ Հրիմոալդի հարազատ որդին։ Էբրոինը ժամանակի ընթացքում միավորում է ողջ Ֆրանկական պետությունը իր ժառանգների՝ Քլոդվիգ II-ի, Քլոտար III-ի համար, 661 թ․սպանելով Հրիմոալդին և Քիլդեբերտին։ Սակայն Ավստրազիան կրկին սեփական թագավոր է պահանջում, և Քլոտարն իր կրտսեր եղբորը՝ Քիլդերիկ II-ին, նշանակում է Ավստրազիայի թագավոր։ Քլոտարի կառավարման օրոք ֆրանկները հարձակումներ են գործում Իտալիայի հյուսիսարևմտյան շրջանների վրա, սակայն Ռիվոլիից ոչ հեռու ջախջախվում են լանգոբարդական թագավոր Հրիմոալդի կողմից։
Ֆրանկական ազնվականությունը կարողացավ իր վերահսկողության տակ դնել թագավորների ողջ գործունեությունը՝ շնորհիվ մայորդոմների նշանակման վրա ազդելու իրավունքի։ Ազնվականության անջատողականությունը հանգեցրեց նրան, որ Ավստրազիան, Նեյստրիան, Բուրգունդիան և Աքվիտանիան ավելի շատ մեկուսացան իրարից։ VII դարում այնտեղ կառավարող, այսպես կոչված, «ծույլ թագավորները» ոչ հեղինակություն ունեին, ոչ էլ նյութական միջոցներ։
673 թ․ Քլոտար III-ը մահանում է, և Նեյստրիայի ու Բուրգունդիայի ազնվականության առանձին ներկայացուցիչներ խնդրում են նրա կրտսեր եղբայր Քիլդերիկ II-ին դառնալ ողջ թագավորության թագավորը, սակայն շուտով լուրջ վեճեր են սկսվում նրա և նեյստրիացի ազնվականության միջև, և 675 թ․ նա սպանվում է։ Թեոդորիխ III-ի կառավարմամբ վերջնականապես հաստատվեց Մերովինգների արքայատոհմի մայրամուտը։ Լինելով բացարձակ նեյստրիացի՝ նա միավորվեց իր մայորդոմ Բերհարի հետ և զորոքով արշավեց Ավստրազիա, որտեղ Իռլանդիայից վերադարձրել էին Սիգիբերտ III-ի որդի Դագոբերտ II-ին և իրենց թագավոր էին հռչակել (ի հակակշիռ Քլոդվիգ III-ի)։ 687 թ․ Թերթրիի ճակատամարտում Թեոդորիխը պարտություն կրեց Ավստրազիայի մայորդոմ Պիպին Հերիստալացուց, որը Առնուլթինգների տոհմից էր և իրական իշխանություն ուներ այդ թագավորությունում և, արդյունքում, ստիպված էր ճանաչել Պիպինին որպես ֆրանկների միակ մայորդոմ և դուքս (լատ․՝ dux et princeps Francorum) (պատվավոր տիտղոս, որը, ըստ «Ֆրանկների պատմության գրքի» հեղինակի, կանխատեսում էր Պիպինյանների «կառավարման» դարաշրջանի սկիզբը)։ Հետագայում Մերովինգների արքայատոհմի միապետների գործունեությունը, համաձայն մեզ հասած աղբյուրների, միայն երբեմն էր էական և ինքնուրույն։
Խառնակ ժամանակաշրջանում՝ 670-680-ական թթ․, փորձեր արվեցին կրկին հաստատելու ֆրանկների գերիշխանությունը ֆրիզների նկատմամբ, սակայն այդ փորձերն անհաջող էին։ Այնուամենայնիվ 689 թ․ Պիպինն արշավանք սկսեց Արևմտյան Ֆրիզիան (Frisia Citerior) իրեն ենթարկելու նպատակով և ճակատամարտում, որը տեղի ունեցավ ժամանակի երբեմնի կարևոր առևտրական տարանցիկ կետի՝ Դորեստադ քաղաքի մոտ, հաղթեց Ֆրիզիայի Ռադբոդ թագավորին։ Արդյունքում Ֆրանկական պետությանն անցան Շելդա գետի և Վլի գետաբերանի միջև գտնվող բոլոր հողերը։ Այնուհետև, շուրջ 690 թ․, Պիպինը հարձակվեց կենտրոնական Ֆրիզիայի վրա և նվաճեց Ուտրեխտը։ 695 թ․ Պիպինը, նույնիսկ, բարելավեց Ուտրեխտի արքեպիսկոպոսության կրթությունը, որպեսզի ֆրիզները դավանեն քրիստոնեություն, որը գլխավորում էր Վիլլիբրորդ եպիսկոպոսը։ Այնուամենայնիվ, Արևելյան Ֆրիզիան (Frisia Ulterior) ֆրանկների պրոտեկտորատից անկախ մնաց։
Ֆրիզներին նվաճելու մեջ հասնելով հսկայական հաջողության՝ Պիպինը ողջ ուշադրությունը կենտրոնացրեց ալեմանների վրա։ 709 թ․ նա պատերազմ սկսեց Օրտենաուի դուքս Բիլլեհարի դեմ, ենթադրաբար, մահացող Գոթֆրիդի դքսության ժառանգությունը իր երիտասարդ որդիներին փոխանցելու համար։ Տարբեր արտաքին միջամտությունները 712 թ․ հանգեցրին ևս մեկ պատերազմի, որից հետո ալեմանները մի որոշ ժամանակ վերադարձվեցին ֆրանկների տիրապետության տակ։ Սակայն հարավային Գալլիայի այն մարզերը, որոնք չէին գտնվում Առնուլֆինգների տոհմի իշխանության տակ, սկսեցին անջատվել, ինչին ամեն կերպ նպաստում էին նրանց ռազմառաջնորդները, ապա թագավորական արքունիքից սկսեցին հեռանալ Սավարիկ Օսերացի եպիսկոպոսը, Առնուլֆինգների իշխանությունը չճանաչող ազնվական Անտենոր Պրովանսացին և Աքվիտանիայի դուքս Էդ Մեծը։ Դեռևս 13 տարեկանում մահացած Քլոդվիգ IV-ի և նրա եղբայր Քիլդեբերտ III-ի կառավարման տարիները՝ 691-711 թթ․, նշանավորվեցին, այսպես կոչված «ծույլ թագավորների» կառավարմանը բնորոշ բոլոր նշաններով, թեև ապացուցված է, որ Քիլդեբերտը որոշումներ է կայացրել, որոնք հակասել են Առնուլֆինգների ընտանիքի ենթադրյալ հովանավորի շահերին։
714 թ․ Պիպինի մահից հետո Ֆրանկական պետությունն ընկղմվեց քաղաքացիական պատերազմի մեջ, իսկ հեռավոր մարզերի դուքսերը փաստացիորեն անկախ դարձան։ Պիպինի կողմից նշանակված իրավահաջորդը՝ Թեոդոալդը, որ գործում էր Պիպինի այրու և տատի՝ Պլեկտրուդայի ազդեցության ներքո, սկզբից դիմադրում էր թագավոր Դագոբերտ III-ի՝ Ռահենֆրեդի բոլոր երեք թագավորություններում մայորդոմներ նշանակելու փորձերին, սակայն շուտով Ավստրազիայի մայորդոմութան երրորդ թեկնածուն է հայտնվում՝ ի դեմս Պիպինի անօրինական որդու՝ Կառլոս Մարտելի։ Այն բանից հետո, երբ թագավորը (այժմ արդեն Քիլպերիկ II-ը) և Ռահենֆրեդը պարտության մատնեցին Պլեկտրուդային և Թեոդոալդին, Կառլոսը կարողացավ կարճ ժամանակում հռչակել իր թագավորին՝ Քլոտար IV-ին, ի հակադրություն Քիլպերիկի։ Եվ, վերջապես, 719 թ․ Սուասոնի ճակատամարտում Կառլոսը վերջնականապես պարտության մատնեց իր մրցակիցներին և ստիպեց նրանց փախուստի դիմել՝ հետագայում հաշտվելով թագավորի վերադարձի հետ նրա հոր դիրքը զբաղեցնելու պայմանով (718 թ․)։ Այդ պահից Մերովինգների արքայատոհմում այլևս չկար գործող թագավոր, և ֆրանկներին կառավարում էր Կառլոսը և նրա՝ Կառոլինգնյան արքայատոհմի ժառանգները։
718 թվականից հետո Կառլոս Մարտելը պատերազմների շարք սկսեց, որոնց նպատակն էր ֆրանկների գերիշխանության ամրապնդումն Արևմտյան Եվրոպայում։ 718 թ․ նա ջախջախեց ապստամբ սաքսերին, 719 թ․ ավերեց Արևմտյան Ֆրիզիան, 723 թ․ կրկին ճնշեց սաքսերին, իսկ 724 թ․ պարտության մատնեց Ռահենֆրեդին ու ապստամբած նեյստրացիներին՝ վերջնականապես ավարտելով իր կառավարման շրջանի քաղաքացիական պատերազմների փուլը։ 721 թ․ Քիլպերիկի մահից հետո նա թագավոր հռչակեց Թեոդորիխ IV-ին, սակայն նա Կառլոսի խամաճիկն էր։ 724 թ․ նա աջակցեց իր թեկնածու Հուգբերտին բավարական դքսության ժառանգման համար, և բավարական ռազմական արշավանքներում (725 և 726 թթ․) նրան օգնեցին ալեմանները, ինչից հետո օրենքներն այնտեղ հրապարակվում էին Թեոդորիխի անունից։ 730 թ․ Ալեմաննիան ուժով ստրկացվեց, իսկ նրա դուքս Լանթֆրիդը սպանվեց։ 734 թ․ Կառլոսը կռվեց Արևելյան Ֆրիզիայի դեմ և Բորն գետի ճակատամարտում տարած հաղթաակից հետո, վերջիվերջո, տիրեց այդ հողերին։
730-ական թթ․ Իսպանիան նվաճած արաբները իրենց են ենթարկում նաև Սեպտիմանիան և սկսում իրենց առաջխաղացումը կենտրոնական Ֆրանկիայի հյուսիս և Լուարայի հովիտ։ Հենց այս ժամանակ (մոտավորապես 736 թ․) Մաուրոնտուսը՝ Պրովանսի դուքսը, արաբներին օգնության է կանչում, որպեսզի դիմադրի Կառոլինգների աճող ընդարձակմանը։ Սակայն Կառլոսն իր եղբայր Քիլդեբրանդ I-ի և լանգոբարդների բանակի հետ ներխուժում է Ռոնի հովիտ և ավերում այդ հողերը։ Արաբների դեմ լանգոբարդցիների հետ կազմած այս դաշինքի համար էլ Կառլոսն սկսեց չաջակցել Գրիգորիոս III պապին ընդդեմ լանգոբարդցիների։ 732 կամ 737 թ․ (ժամանակակից գիտնականները հստակ տարեթվի վերաբերյալ համաձայնության չեն եկել) Կառլոսը մարտնչեց արաբների դեմ Պուատիեի և Թուրնի միջև ընկած հատվածում և ջախջախեց նրանց Պուատիեի ճակատամարտում՝ կանգնեցնելով արաբների առաջխաղացումը Պիրենեյներից հյուսիս և նրանց փախուստի մատնելով․ Կառլոսի իրական շահերը հյուսիս-արևելքի հետ էին կապված, մասնավորապես, սաքսերի, որոնցից նա սկսեց հարկ ստանալ, որ դարեր շարունակ ստանում էին Մերովինգները։
741 թ․ հոկտեմբերին՝ իր մահվանից ոչ շատ առաջ, Կառլոսը, ասես թե թագավոր լինելով, պետությունը բաժանեց առաջին կնոջից ունեցած իր երկու որդիների միջև՝ շրջանցելով իր ամենակրտսեր որդուն՝ Գրիթոնին, որը բավականին փոքր մաս ստացավ (հստակ հայտնի չէ, թե ինչ մաս)։ Չնայած նրան, որ 737 թ․ Թեոդորիխի մահվան ժամանակ պետության մեջ չկար կառավարող թագավոր, Կառլոսի որդիները՝ Պիպին Կարճահասակը և Կառլոմանը, դեռ մնում էին մայորդոմներ։ Կառոլինգները Մերովինգներից ժառանգեցին կարգավիճակը և թագավորական արարողակարգը, սակայն՝ ոչ թագավորական տիտղոսները։ Պետության բաժանումից հետո Ավստրազիան, Ալեմաննիան և Թյուրինգիան անցան Կառլոմանին, իսկ Նեյստրիան, Պրովանսը և Բուրգունդիան՝ Պիպինին։ Ամբողջովին ակնհայտ է Աքվիտանիայի (Հունալդ I-ի իշխանության ներքո) և Բավարիայի (Օդիլոնի իշխանության ներքո) դքսությունների փաստացի անկախությունը, քանի որ դրանց, նույնիսկ, չէին ներառել Ֆրանկական պետության բաժանման մեջ։
Կառլոս մարտելի՝ Սեն Դենի աբբայությունում Մերովինգ թագավորների կողքին հուղարկավորվելուց անմիջապես հետո հակամարտություն բռնկվեց մի կողմից Պիպինի և Կառլոմանի, մյուս կողմից՝ նրանց կրտսեր եղբայր Գրիթոնի միջև։ Չնայած նրան, որ Կառլոմանը գերի էր վերցրել Գրիթոնին և կալանքի տակ էր պահում, հավանաբար, ավագ եղբայրների միջև, թշնամություն կար, ինչի պատճառով Պիպինն ազատում է Գրիթոնին այն ժամանակ, երբ Կառլոման ուխտագնացություն էր կատարում Հռոմում։ Ամենայն հավանականությամբ, եղբոր հավակնությունները նվազեցնելու նպատակով Կառլոմանը 743 թ․ առաջարկեց մենաստանից ետ կանչել Քիլդերիկ III-ին և թագավոր նշանակել։ Համաձայն մի կանխավարկաերկծի՝ երկու եղբայրների դիրքերը բավականին թույլ էին, իսկ մյուսի համաձայն՝ Կառլոմանը, հիմնականում, գործում էր՝ ելնելով լեգիտիմիստների և լոյալիստների կուսակցությունների շահերից։
743 թ․ Պիպինը ռազմական արշավանք է սկսում բավարական դուքս Օդիլոնի դեմ և ստիպում նրան ճանաչել ֆրանկների գերիշխանությունը։ Կառլոմանը, նույնպես, արշավանք է սկսում սաքսերի դեմ, և նրանք համատեղ ճնշում են բասկերի՝ Հունալդի գլխավորած ապստամբությունը, ինչպես նաև, ալեմանների ապստամբությունը, որում, ամենայն հավանականությամբ, զոհվել է Թեուդեբալդը՝ կռվելով մեկ եղբայրների կողմից, մեկ նրանց դեմ։ Սակայն 746 թ․ ֆրանկների բանակը կանգ առավ, քանի որ Կառլոմանը որոշեց հեռանալ Սորակտ լեռան մենաստանը։ Պիպինի իշխանական դիրքերն ամրապնդվեցին, և ճանապարհ բացվեց թագավոր հռչակվելու համար 751 թ․։
Պիպին Կարճահասակը կառավարում էր որպես ընտրված թագավոր։ Թեև նման ընտրություններ պատմության մեջ շատ հազվադեպ էին կատարվում, տևտոնական իրավունքի ընդհանուր նորմերը ցույց են տալիս, որ թագավորը հենվում էր հասարակության ճանաչված ու հեղինակավոր անդամների աջակցության վրա։ Հասարակության նման անդամներն իրավունք ունեին կառավարող արքայատոհմից ընտրելու նոր՝ «թագավոր լինելու արժանի» առաջնորդ այն դեպքում, երբ նրանք գտնում էին, որ նախկին առաջնորդն անկարող է իրենց առաջնորդել հաղթական մարտերում։ Նույնից չնայած նրան, որ հետագայում Ֆրանսիայում թագավորությունը ժառանգաբար էր փոխանցվում, ուշ Սրբազան Հռոմեական կայսրության թագավորները չէին կարողանում վերացնել ընտրության իրավունքը և շարունակում էին իշխել որպես ընտրված կառավարիչներ՝ ընդհուպ մինչև կայսրության անկումը՝ 1806 թ․։
Պիպինն իր դիրքերն ամրապնդեց 754 թ․՝ միության մեջ մտնելով Ստեփանոս II պապի հետ, որը Փարիզի Սեն Դենի աբբայությունում շքեղ արարողության ժամանակ ֆրանկների թագավորին ներկայացրեց այն կեղծ հրովարտակի պատճենը, որը հայտնի է որպես Կոնստանտինի Պարգև՝ Պիպինին թագավոր օծելով և հռչակելով կաթոլիկական եկեղեցու պաշտպան (լատ.՝ patricius Romanorum)։ Մեկ տարի անց Պիպինը կատարեց պապին տված խոստումը և պապականությանը վերադարձրեց Ռավեննայի էկզարխությունը՝ նվաճելով այն լանգոբարդներից։ Պիպինը պապին նվիրում է Հռոմի շուրջը նվաճած հողերը՝ որպես Պիպինյան պարգև՝ դնելով պապական պետության հիմքերը։ Պապական գահն ուներ բոլոր հիմքերը ենթադրելու, որ ֆրանկների մոտ միապետության վերականգնումը կստեղծի իշխանության ամուր հիմք (լատ․՝ potestas)՝ ի դեմ աշխարհակարգի, որի կենտրոնում կգտնվի Հռոմի պապը։
768 թ․Պիպինի մահից հետո թագավորությունը բաժանվեց նրա որդիների՝ Կառլոսի և Կառլոմանի միջև։ Եղբայրների հարաբերությունները վատ էին, և շուտով Կառլոմանը մահանում է, ինչից հետո ողջ իշխանությունը կենտրոնանում է եղբոր ձեռքերում, որն ավելի ուշ ստանում է «Մեծ» մականունը։ Նա հայտնի է որպես հավուր պատշաճի կրթված, խորագիտակ և էներգիայով լի կերպար, որ լեգենդ դարձավ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Գերմանիայի հետագա պատմության մեջ։ Կառլոս Մեծի գլխավոր արժանիքը համարվում է կայսեր և պապի միջև ուժերի հավասարակշռության վերականգնումը։
772 թվականից սկսած՝ Կառլոսն իրեն ենթարկեց սաքսերին և նրանց հողերը վերջնականապես ընդգրկեց ֆրանկների պետության մեջ։ Այդ ռազմական արշավանքն ամրապնդեց զինված ուժերի օգնությամբ իրենց հարևան ոչ հռոմեացի կառավարիչներին քրիստոնեություն ընդունել տալու սովորույթը․ ֆրանկների թվին պատկանող կաթոլիկ քարոզիչները Իռլանդիայի ևանգլոսաքսոնական Անգլիայի քարոզիչների հետ միասին սաքսերի հողեր էին գնում՝ սկսած VIII դարի կեսերից, ինչը հակամարտության և, զուգահեռաբար, զինված ոտնձգության հանգեցրեց առաքյալների գործունեությանը դիմադրող սաքսերի հետ։ Կառլոսի հիմնական մրցակիցը՝ Վիդուքինդ Սաքսոնացին, 785 թ․ մկրտվեց (դա խաղաղ դաշինքի պայմաններից մեկն էր), սակայն սաքսերի մյուս առաջնորդները շարունակում էին դիմադրել։ 787 թ․ Վերդենում տարած իր հաղթանակից հետո Կառլոսը հրամայեց մահապատժի ենթարկել մի քանի հազար սաքսոնացի գերվածհեթանոսների։ Հետագա ապստամբություններից հետո սաքսերն իրենց լիակատար պարտությունն ընդունեցին 804 թ․։ Դրանից հետո ֆրանկների պետությունն արևելքում ընդլայնվեց՝ ընդհուպ մինչև Էլբա գետը։ Սաքսերի՝ քրիստոնեություն ընդունելուն նպաստելու համար Կառլոսը հիմնադրեց մի քանի եպիսկոպոսություներ, որոնցից էին Բրեմենի, Մյունստերի, Պադերբորնի և Օսնաբրյուկի թեմերը։
Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ (773-774 թթ․) Կառլոսն իրենց ենթարկեց լանգոբարդներին, ինչից հետո հյուսիսային Իտալիան հայտնվեց նրա տիրապետության տակ։ Նա վերականգնեց Վատիկանին նվիրաբերվող հարկը և պապին պաշտպանություն խոստացավ ֆրանկական պետության կողմից։
788 թ․ Կառլոսի դեմ ապստամբեց Բավարիայի դուքս Թասսիլոն III-ը։ Ապստամբության ճնշումից հետո Բավարիան ընդգրկվեց Կառլոսի թագավորության մեջ։ Դրանով ոչ միայն համալրվեց թագավորական գանձարանը, այլև զգալիորեն թուլացավ Ահիլոլֆինգների՝ ֆրանկների երկրորդ գլխավոր արքայատոհմի և Կառլոսի պոտենցիալ մրցակիցների հզորությունն ու ազդեցությունը։ Ընդհուպ մինչև 796 թվականը Կառլոսը շարունակում էր ընդլայնել թագավորության սահմաններն ավելի հարավ-արևելքում՝ ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի մի քանի մասերի տարածքում։
Այսպիսով, Կառլոսն ստեղծեց մի պետություն, որը ձգվում էր Պիրենեյներից մինչև հարավ-արևմուտք (փաստացիորեն 795 թվականից հետո ընդգրկելով հյուսիսային Իսպանիայի տարածքները (Իսպանական մարզ)) գրեթե ժամանակակից Ֆրանսիայի ողջ տարածքով (բացառությամբ Բրետանի, որը երբեք չի ենթարկվել ֆրանկներին) դեպի արևելք՝ ընդգրկելով ժամանակակից Գերմանիայի մեծ մասը, ինչպես նաև, Իտալիայի հյուսիսային շրջանները և ժամանակակից Ավստրիան։ Եկեղեցական հիերարխիայի մեջ եպիսկոպոսները և աբբաները ձգտում էին ստանալ թագավորական պալատի խնամակալությունը, որտեղ իրականում գտնվում էին հովանավորության ու պաշտպանության սկզբնաղբյուրները։ Կառլոսն իրեն լիովին դրսևորեց որպես քրիստոնեական աշխարհի արևմտյան հատվածի առաջնորդ, և նրա հովանավորությունը վանական մտավոր կենտրոնների նկատմամբ դրեց, այսպես կոչված, Կառոլինգյան վերածննդի շրջանի սկիզբը։ Այս ամենի հետ մեկտեղ Կառլոսը Աախենում կառուցել էր մեծ պալատ, բազում ճանապարհներ և գրանցքներ։
800 թ․ առաջին Սուրբ Ծննդյան օրը Հռոմում Լևոն III պապը Կառլոսին թագադրեց որպես Հռոմեական կայսր, ինչը դիտվեց որպես անսպասելի արարողություն (Կառլոսը չէր ցանկանում պարտական լինել Հռոմի եպիսկոպոսին)։ Այս փաստը հանդիսացավ պապականության հերթական քայլն այն խորհրդանիշների շարքում, որոնք պիտի ընդգծեին պապական հեղինակության (լատ․՝ auctoritas) և կայսերական հզորության (լատ․՝ potestas) ընդհանրությունը։ Չնայած նրան, որ Կառլոսը, ուշադրություն դարձնելով Բյուզանդիայի վրդովմունքին, նախընտրեց կրել Կայսեր, ֆրանկների ու լանգոբարդների թագավորի տիտղոսները, այդ արարողությունը ֆրանկական պետությանը պաշտոնապես ճանաչեց որպես Արևմտյան Հռոմեական կայսրության իրավահաջորդ (հաշվի առնելով, որ միայն կեղծ «Պարգևն» էր պապին քաղաքական իրավունք տվել դա անելու)՝ դրանով իսկ դնելով Բյուզանդիայի հետ հակասության սկիզբը՝ անվանման մեջ «Հռոմեական» բառի թեմայի շուրջ։ Սկզբում բողոքելով իրավունքների անօրինաչափ յուրացման դեմ՝ 812 թ․ Բյուզանդիայի կայսր Միքայել I-ը Կառլոս Մեծին ճանաչեց կայսր։ Թագադրությունը անվերապահ օրինականություն էր հաղորդումԿառոլինգների գերիշխանությանը ֆրանկական բոլոր արքայատոհմերի մեջ։ Ավելի ուշ՝ 962 թ․, նման պատճառահետևանքային կապը կօգտագործվի ևս մեկ անգամ, բայց, արդեն, Օտտոնյան արքայատոհմի կողմից։
Կառլոս Մեծը մահացավ 814 թվականի հունվարի 28-ին Աախենում և թաղվեց հենց այնտեղ՝ իր կառուցած պալատական տաճարում։ Ի տարբերություն նախկին Հռոմեական կայսրության, որի զորքերը Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում կրած պարտությունից հետո 9 տարի շարունակ շրջում էին Հռենոսի տարածքում, որպեսզի վրեժխնդիր լինեն պարտության համար, Կառլոս Մեծը վերջնականապես ջախջախեց իր պետությունը պաշարած գերմանացիների ու սլավոնների ուժերը և ընդարձակեց իր կայսրության սահմանները մինչև Էլբա գետը։ Այս կայսրությունը պատմական աղբյուրներում անվանվում է Ֆրանկական կայսրություն, Կառոլինգյան կայսրություն կամ Արևմուտքի կայսրություն։
Կառլոս I Մեծն ուներ մի քանի որդիներ, սակայն միայն մեկը հորից երկար ապրեց։ Այդ որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը, իր հորից ժառանգեց ողջ միացյալ Ֆրանկական կայսրությունը․ ընդ որում, նման միանձնյա ժառանգությունը ոչ թե դիտավորություն էր, այլ՝ պատահականություն։ Կառոլինգները հավատարիմ էին ժառանգության բաժանման սովորույթին, և Լյուդովիկոսի մահից հետո՝ 840 թ․, կարճատև քաղաքացիական պատերազմից հետո նրա երեք որդիները 843 թ․ կնքեցին, այսպես կոչված, Վերդենյան դաշինքը, ըստ որի թագավորությունը բաժանվեց երեք մասի․
Հետագայում՝ 870 թ․, Մերսենյան դաշինքով բաժանման սահմանները վերանայվեցին, քանի որ արևմտյան և արևելյան թագավորություններն իրար մեջ բաժանել էին Լոթարինգիան։ 884 թվականի դեկտեմբերի 12-ին Կառլոս III Գերը (Լյուդովիկոս Գերմանացու որդին) գրեթե ողջ Կառոլինգյան կայսրությունը միավորում է իր ձեռքերում՝ բացառությամբ Բուրգունդիայի։ 887 թ․ վերջին նրա հաջորդը՝ Առնուլֆ Կարինտացին, ապստամբության ժամանակ գահընկեց է անում իր հորեղբորը և դառնում արևելյան ֆրանկների թագավոր։ Կառլոսը գահից հրաժարվում է և շուտով (888 թ․ հունվարի 13-ին) մահանում։ Փարիզի կոմս Էդն ընտրվում է արևմտյան ֆրանկների կառավարիչ և մեկ ամսվա ընթացքում թագադրվում։ Այս փուլում Արևմտաֆրանկական թագավորությունը կազմում էին Նեյստրիայի հողերն արևմուտքում և Մաաս ու Սեն գետերի միջև ընկած մարզերը։ Տասը տարի անց Արևմտյան Ֆրանկիայում վերականգնվում է Կառոլինգների արքայատոհմի կառավարումը, և նրանք կառավարում են ընդհուպ մինչև 987 թվականը, երբ մահանում է ֆրանկների վերջին արքան՝ Լյուդովիկոս V-ը։
Վերջնական արդյունքով Ֆրանկական պետությունը բաժանվեց հետևյալ կերպ․
Ֆրանկների տարբեր ցեղեր, օրինակ, սալիական ֆրանկներ, ռիպուարական ֆրանկներ և համավներ, ունեին տարբեր իրավական նորմեր, որոնք համակարգվեցին ու ամրապնդվեցին փոքր ինչ ուշ, գլխավորապես, Կառլոս Մեծի օրոք։ Կառոլինգների օրոք ի հայտ եկան, այսպես կոչված, բարբարոսական օրենսգրքեր՝ Սալիական օրենսագիրք, Ռիպուարական օրենսգիրք և Համավական օրենսգիրք։ Մեր օրերում՝ երկար ժամանակ անց, գիտնականներին չափազանց դժվար է առանձնացնել դրանց հիմունքները վաղ ֆրանկական պետության մեջ։ Կառլոս Մեծի օրոք համակարգվեցին նաև Սաքսոնական և Ֆրիզական օրենսգրքերը։ Հռենոսից արևելք ընկած գերմանական մյուս ցեղերը ֆրանկների տիրապետության շրջանում սկսեցին համակարգել իրենց ցեղային իրավական նորմերը․ օրինակ՝ Ալեմաննական և Բավարական օրենսգրքերի գրառումները, համապատասխանաբար, վերաբերում էին ալեմաններին ու բավարացիներին։ Միաժամանակ Հռոմեական Գալլիայի ֆրանկական հողերի բնակչությունը գտնվում էր հռոմեական օրենսգրքի, իսկ հոգևորականությունը՝ կանոնական օրենսգրքի ազդեցության տակ։ Ֆրանկների՝ Սեպտիմանիան և Կատալոնիան իրենց ենթարկելուց հետո այս հողերը, որ նախկինում գտնվում էին գոթերի վերահսկողության տակ, նախկինի պես շարունակում էին կիրառել վեստգոթերի օրենսգիրքը։
Վաղ շրջանում ֆրանկական օրենսդրության նորմերը պահպանվում էին ռահիմբուրգների՝ ատենակալների ընտրյալ հանձնաժողովի կողմից, որոնք հիշում էին այդ նորմերը և փոխանցում հաջորդներին։ Մերովինգների դարաշրջանում թագավորական օրենքների հրապարակման և պահպանման համար սկսեցին կիրառել կապիտուլյարիաներ; Դրանք կիրառվում էին նաև Կառոլինգների օրոք և, նույնիսկ, հետագայում՝ Սպոլետոյի դքսեր Գվիդոյի և Լամբերտի օրոք, ֆրանկների թագավորության վերականգնման ընթացքում։
Ամենանշանակալիցը հանդիսանում է Մերովինգների վերջին կապիտուլյարիան՝ Քլոտար II-ի կողմից իր աստիճանավորների ներկայությամբ 614թ․ հրապարակած հրովարտակը (հայտնի է նաև որպես Փարիզյան հրովարտակ), որն իր էությամբ հիշեցնում էր Ազատությունների մեծ խարտիան, քանի որ ամրապնդում էր ֆրանկական ազնվականության իրավունքները, թեև փաստացիորեն դրա նպատակը դատական համակարգում կաշառակերության վերացումը և տեղական ու մարզային խմբերի անձանց պաշտպանությունն էր։ Եվ, նույնիսկ, Մերովինգների վերջին կապիտուլյարիայից հետո այդ արքայատոհմի թագավորները շարունակում էին իրականացնել իրավաբանական որոշակի լիազորություններ։ Քիլդեբերտ III-ն անգամ հետաքննություն սկսեց Պիպինյան հզոր մայորդոմական ընտանիքի դեմ և ժողովրդի մեջ հայտնի դարձավ իր արդարադատությամբ։ Սակայն ֆրանկների օրենսդրական նորմերին առաջիկայում՝ Կառոլինգյան վերածննդի դարաշրջանում, փորձարկում էր սպասվում։
Ի թիվս Կառլոս Մեծի նախաձեռնած իրավական բարեփոխումների՝ իրագործվեց նաև վերը հիշատակված սովորութային իրավունքի համակարգումն ու օրինակարգումը։ Նա ձգտում էր նաև վերահսկողության տակ առնել տեղական ու մարզային դատարանները՝ թագավորական դեսպանորդներին (լատ․՝ missi dominici) զույգ-զույգ ուղարկելով առանձին մարզեր՝ կարճաժամկետ հսկողության։ Որպես կանոն, շահերի հակամարտությունից խուսափելու նպատակով դեսպանորդներն ընտրվում էին այլ մարզերի ներկայացուցիչներից։ Նրանց պարտավորությունները հրապարակվել են 802 թվականի կապիտուլյարիայում․ նրանք պետք է արդարադատություն իրականացնեին, հետամուտ լինեին թագավորական օրենքների հարգանքին, վերահսկեին դուքսերի ու կոմսերի կառավարումը (որոնք, նախկինի նման, նշանակվում էին թագավորի կողմից), հավատարմության երդում ընդունեին, ինչպես նաև, հսկեին հոգևորականությանը։
Միջնադարյան Գալլիայի հասարակական կյանքում ամենաէական փոփոխություններն էին առևտրի անկումն ու քաղաքային կյանքի ճգնաժամը։ Թեև Խավար դարերում արդեն գոյություն ունեին բազում «քաղաքներ», նրանք համարվում էին, ընդամենը, ամրացված բնակավայրեր կամ առևտրի կենտրոններ՝ շրջապատված կառավարական կամ կրոնական կառույցներով։ Այդ քաղաքներից շատերը ծագել էին հռոմեական քաղաքներից։ Սակայն հատկանշական է գյուղատնտեսության զարգացումը, մասնավորապես, նոր ծանր գութանի կիրառման սկիզբը և եռադաշտային համակարգի կիրառման մասշտաբների մեծացումը։
Տե՛ս նաև՝ Կառլոս Մեծի դրամական բարեփոխումներ
Ֆրանկների պետության մեջ բյուզանդական դրամներ էին շրջանառվում մինչև այն ժամանակ, երբ Թեոդոբերտ I-ն իր կառավարման արշալույսին սկսեց թողարկել սեփական դրամը։ Ֆրանկական պետության մեջ 534 և 679 թվականների միջև ընկած տարիներին թողարկում էին սոլիդներ և թրիենսներ։ Ավելի ուշ, մոտավորապես 673-675 թթ․, շրջանառության մեջ մտան դենարները (հայտնի են նաև որպես դենյե)․ դրանք թողարկվում էին Քիլդերիկ II-ի և արքայական ծագում չունեցող տարբեր անձանց անուններից։ Սկսած 775 թվականից՝ ընդհուպ մինչև XI դարը Գալլիայում Մերովինգների դենարի և ֆրիզական պֆեննիգի փոխարեն շրջանառվում էր Կառոլինգների դենարը։
Դենարները հետագայում շրջանառության մեջ էին դրվում Իտալիայում 794 թվականից հետո՝ Կառոլինգյան կառավարիչների անունից, ավելի ուշ՝ X դարում, այսպես կոչված, «բնիկ» թագավորների անունից, և ավելի ուշ նաև գերմանական կայսրերի անունից՝ սկսած Օտտոն Մեծից 962 թ․։ Եվ, վերջապես, դենարները թողարկվում էին Հռոմում՝ միաժամանակ պապի և կայսեր անուններից, սկսած Լևոն III պապից և Կառլոս Մեծից, ընդհուպ մինչև X դարի ավարտը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.