Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Բորիսովիչ Լիվանով (ռուս.՝ Василий Борисович Ливанов, հուլիսի 19, 1935[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս կինոդերասան, կինոյի և մուլտիպլիկացիայի ռեժիսոր, գրող, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)։
Վասիլի Լիվանով ռուս.՝ Василий Борисович Ливанов | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1935[1][2] (89 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական լիցեյ (1954), Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1958) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1966) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, գրող, կինոռեժիսոր, կրկնօրինակող, կինոդերասան, մանկագիր և մուլտիպլիկատոր |
Աշխատավայր | Սոյուզմուլտֆիլմ |
Ծնողներ | հայր՝ Բորիս Լիվանով |
Ամուսին(ներ) | Ելենա Լիվանովա |
Պարգևներ և մրցանակներ | |
221b.ru | |
Առավել մեծ ճանաչման է արժանացել Շերլոք Հոլմսի կերպարի շնորհիվ, որը կերտել է Իգոր Մասլեննիկովի՝ Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» հեռուստաֆիլմերի շարքում, ինչի համար 2006 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր անդամությամբ[4]։
Ծնվել է 1935 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բորիս Նիկոլաևիչ Լիվանովի (1904-1972) և Եվգենյա Կազիմիրովնա Լիվանովայի (օրիորդական ազգանունը՝ Պրավդզից-Ֆիլիպովիչ, 1907-1978) ընտանիքում։ Լիվանովների տան մշտական հյուրերն են եղել Վասիլի Կաչալովը, Բորիս Պաստեռնակը, Ալեքսանդր Դովժենկոն, Նիկոլայ Չերկասովը, Միխայիլ Տարխանովը, Պյոտր Կոնչալովսկին։ 1954 թվականին Վասիլի Լիվանովը ավարտել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիային կից Մոսկվայի միջնակարգ գեղարվեստական դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը (1958) և ԽՍՀՄ Պետկինոյի բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Միխայիլ Ռոմի արհեստանոց, 1966)։
Մտավորականության, հոգեկան նրբակրթության, ռոմանտիզմի, զգացմունքների անկեղծության համադրությունը որոշիչ են եղել Վասիլի Լիվանովի վաղ էկրանային կերպարներում։ Ձայնի եզակի տեմբրը Լիվանովի մոտ հայտնվել է այն պատճառով, որ ռեժիսոր Միխայիլ Կալատոզովն առաջարկել է «Չուղարկված նամակ» ֆիլմի ձմեռային տեսարանները հնչյունավորել հենց փողոցում՝ 40 աստիճան սառնամանիքի պայմաններում։ Դերասանները փորձել են բղավել քամու ուժեղ պոռթկումներից ավելի բարձր, և Լիվանովի ձայնը խզվել է[5]։
1966-1973 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր։ Հնչյունավորել է մոտ 300 մուլտիպլիկացիոն կերպարներ, այդ թվում՝ Կառլսոնին, կոկորդիլոս Գենային և վիշապօձին «38 թութակներ» մուլտֆիլմում[6]։ Յուրի Էնտինի և Գենադի Գլադկովի հետ միասին ստեղծել են «Բրեմենյան երաժիշտներ» և «Բրեմենյան երաժիշտների հետքերով» մուլտֆիլմերը։
Պատրաստվելով ֆիլմ նկարահանել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին՝ Իգոր Մասլեննիկովը անմիջապես Լիվանովին դիտարկել է որպես Հոլմսի դերի հիմնական թեկնածու։ Մասլեննիկովը մինչ այդ աշխատել էր Լիվանովի հետ «Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին» ֆիլմում։ Ութ տարվա ընթացքում (1979-1986) նկարահանվել է չորս երկսերիանոց և մեկ եռասերիա հեռուստաֆիլմ, որոնք միանգամից մեծ ժողովրդականություն են ձեռք բերել ԽՍՀՄ-ում։ Նկարահանումների ընթացքում Լիվանովը ընկերացել է Վաթսոնի դերակատար Վիտալի Սոլոմինի հետ, իսկ Մասլեննիկովի հետ 1980-ականների կեսերին Լիվանովի հարաբերությունները խզվել են։
1986 թվականին թողարկվել է «Իմ սիրելի ծաղրածուն» ֆիլմը, որը նկարահանվել էր ռեժիսոր Յուրի Կուշներևի կողմից՝ Վասիլի Լիվանովի համանուն վիպակի մոտիվներով։ Ֆիլմի սցենարը գրել են Նիկիտա Միխալկովը և Ալեքսանդր Ադաբաշյանը։
Շերլոկ Հոլմսի մասին հեռուստասերիալի նկարահանումների ավարտից հետո Լիվանովը, որն այդ ժամանակ ընդամենը 50 տարեկան էր, աստիճանաբար գրեթե դադարել է հայտնվել էկրանին՝ նախկինի պես երբեմն աշխատելով որպես հնչյունավորող դերասան։ Կինոյում միակ խոշոր աշխատանքը եղել է Դոն Կիխոտի դերը 1997 թվականի «Դոն Կիխոտը վերադառնում է» ֆիլմում, որը բեմադրվել էր հենց Լիվանովի կողմից Օլեգ Գրիգորովիչի հետ միասին։ Լիվանովն այդ ֆիլմում հանդես է եկել նաև որպես սցենարիստ և պրոդյուսեր։ 2005 թվականին Լիվանովը նկարահանվել է Վլադիմիր Բորտկոյի «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում՝ կատարելով պրոֆեսոր Ստրավինսկու ոչ մեծ դերը։ Վերջին անգամ Լիվանովը էկրանին հայտնվել է ռեժիսոր Վալերի Նիկոլաևի «Արջի որս» 2007 թվականի ֆիլմում։
1988 թվականին Վասիլի Լիվանովին շնորհվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ Նույն թվականին Լիվանովը (Յուլիան Սեմյոնովի հետ համատեղ) Մոսկվայում ստեղծել է «Դետեկտիվ» փորձարարական թատրոնը, որը տեղակայված էր Լուբյանկայում՝ ՆԳՆ սպաների կենտրոնական տանը։ Թատրոնի ֆինանսավորումն իրականացվել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի կոմիտեի կողմից, իսկ թատրոնը մինչև 1992 թվականը ինքնուրույն ապահովել է իր ծախսերի ընդամենը 10 տոկոսը։ 1992 թվականի կեսերին Սպաների կենտրոնական տունը խզել է թատրոնի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը։ Գեղարվեստական ղեկավար Լիվանովը միաժամանակ մեղադրվել է ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով թատրոնի աշխատանքը և Սպաների կենտրոնական տան միջոցառումները խափանելու մեջ (դերասանն այդ ժամանակ բուժվել է նևրոզների կլինիկայում)։ Դերասաններն ընդհանուր ժողովում որոշում են կայացրել լքել «Դետեկտիվ» թատրոնը և նրա հիման վրա ստեղծել ՆԳՆ կենտրոնական թատրոն[7]։
1990-2000-ական թվականներին Լիվանովը հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է հուշեր։ Հեղինակել է «Մեր ընկերը Շերլոկ Հոլմսն է» (ռուս.՝ «Наш друг — Шерлок Холмс») էսսեն։
2003 թվականին խաղացել է ծովահեն Ֆուրայի դերը «Ֆորտ Բոյար» հեռուստախաղում[8]։ Ծրագրի ղեկավարության հետ կազմակերպչական տարաձայնությունների պատճառով հրաժարվել է մասնակցել հաջորդ տարվա սեզոնի նկարահանումներին[9]։
2006 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Բրենտոնը 70-ամյա Վասիլի Լիվանովին է հանձնել Բրիտանական կայսրության շքանշանի նշանները, դերասանը դարձել է շքանշանի պատվավոր անդամ «թատրոնին և կատարողական արվեստին ծառայելու համար»[10]։ Ավելի ուշ անգլիացի շերլոքականների համար ոչ պաշտոնական մեկնաբանության մեջ Նախարարների կաբինետի արարողակարգային քարտուղարության աշխատակից Ալան Թուոմին հայտարարել է․
Ես, սակայն, կարող եմ ասել ձեզ, որ պարոն Լիվանովը պարգևատրվել է 1979-1986 թվականներին նախկին ԽՍՀՄ-ում արտադրված հեռուստատեսային ֆիլմերի շարքում Շերլոկ Հոլմսի դերը կատարելու համար։
Բնօրինակ տեքստ (անգլ.)I can tell you, however, that Mr. Livanov was honoured for his portrayal of the character Sherlock Holmes in a series of television films made in the former USSR during the period 1979-86.
— Ալան Թուոմի[11]
Ռուսական մրցանակներ
Օտարերկրյա մրցանակներ
Հանրային ճանաչում
Սցենարներից ու պիեսներից բացի Վասիլի Լիվանովը հեղինակել է վիպակներ, պատմվածքներ, էսսեներ, հուշագրություններ մշակույթի ականավոր գործիչների մասին։ Սկյութների մասին պատմող «Ագնիան՝ Ագնիայի դուստր» (ռուս.՝ «Агния, дочь Агнии», 1976), «Իմ սիրելի ծաղրածուն» (ռուս.՝ «Мой любимый клоун», 1979)[28], «Գիշերային «Նետը» (ռուս.՝ «Ночная „Стрела“», 1980), «Ռազմական կցորդի հարստությունը» (ռուս.՝ «Богатство военного атташе», 1984) վիպակներն առաջին անգամ հրապարակվել են «Յունոստ» ամսագրում։ 1985 թվականին լույս է տեսել Վասիլի Լիվանովի արձակ ստեղծագործությունների «Լեգենդ և իրականություն» (ռուս.՝ «Легенда и быль») ժողովածուն («Սովետսկի պիսատել» հրատարակչություն)։ «Նևա» ամսագրում (1989, № 4) հրապարակվել է «Իրեն չհիշող Իվանը» (ռուս.՝ «Иван, себя не помнящий») հումորային վիպակը։ Հետագայում բազմիցս հրատարակվել են նրա տարբեր ժանրերի ստեղծագործությունների ժողովածուներ, լույս են տեսել ստեղծագործությունների եռահատոր (2005) և երկհատոր (2010) ժողովածուներ։
«Իմ սիրելի ծաղրածուն» վիպակի մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմը։ Վասիլի Լիվանովի հեքիաթի հիման վրա բեմադրվել է «Նապաստակը կաղամբի բանջարանոցիցի» կարճամետրաժ մուլտֆիլմը («Սոյուզմուլտֆիլմ», 2006)։ 2009 թվականին Վասիլի Լիվանովի «Ռազմական կցորդի հարստությունը» վիպակի հիման վրա նկարահանվել է «Կրոմով» կինոֆիլմը, սակայն պրոդյուսերների հետ տարաձայնությունների պատճառով Լիվանովը պահանջել է հանել իր ազգանունը լուսագրերից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.