Հյուսիսային Արցախ, Մռավի լեռնաշղթայից հյուսիս ընկած հյուսիսային այն տարածքը, որը մտնում էր հայկական պատմական Արցախ և Ուտիք նահանգների մեջ, սակայն չէր մտնում Արցախի Հանրապետության մեջ՝ տարածքային առավելագույն մեծության ժամանակ (1994-2020)։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում Արցախն ունեցել է տարբեր սահմաններ, ուստի այս երզույթը վերաբերելի է եղել տարբեր տարածքների։ Նեղ իմաստով այն ընդգրկում է շուրջ 2000 քառակուսի կիլոմետր տարածք[Ն 1], սակայն երբեմն տարբեր աղբյուրներում, ելնելով քաղաքական ենթատեքստից, այդ անվան տակ են ներառում հայկական պատմական մեկ այլ նահանգի՝ Ուտիքի որոշ գավառներ[1]։ 1988 թվականի արցախյան շարժումից սկսած մինչև 1992 թվականի Գորանբոյ գործողությունը վերջնականապես հայաթափվել է[2]։
Պատմություն
Արցախը կամ փոքր Սյունիքը[3] եղել է Մեծ Հայքի թագավորության (մ․թ․ա․ 331 - մ․թ․ 428) 10-րդ նահանգը։ Վաղ միջնադարում Արցախը ներառվել է պարսկահպատակ Աղվանից թագավորության (428-705) և արաբահպատակ Արմինիա կուսակալության «առաջին Արմինիա» նահանգի (705-885) մեջ[4]։ Այս ժամանակահատվածում Արցախի սահմանները գրեթե չեն ենթարկվել փոփոխության, և հյուսիսային Արցախ էին հանդիսանում հիմնականում դրա երկու գավառները՝ Կողթը և Քուստ-ի-Փառնեսը (Փառիսոս)[5][6]։
Զարգացած միջնադարում Փառիսոսի թագավորության ստեղծմամբ հյուսիսային Արցախը կարճ ժամանակով անջատվում է Արցախի մյուս գավառներից և ժամանակավորապես միանում Գարդմանին[7], սակայն միանում Արցախի կիսանկախ իշխանությանը (թագավորությանը, 1000-1261) և դրա իրավահաջորդ Խաչենի իշխանությանը (1261-1603)[8]։
Ուշ միջնադարում, պայմանավորված հայկական բոլոր թագավորությունների անկմամբ և տարբեր թյուրքալեզու ցեղերի ներթափանցմամբ, Արցախում միասնական իշխանությունը տրոհվում է տարբեր մասերի, որոնց գլուխ են կանգնում Խաչենի իշխանական տոհմի ներկայացուցիչները։ Այդպես ստեղծվում է Գյուլիստանի մելիքությունը[9], որը ներառում է գրեթե ամբողջ հյուսիսային Արցախը, ինչպես նաև կարճակյաց Ոսկանապատի[10], Գետաշենի, Խաչակապի և Բարսումի մելիքությունները։ Գյուլիստանը, որպես խամսայի մելիքությունների միության մաս, անկախության կամ կիսանկախության տարբեր շրջաններով գոյատևում է մինչև Ղարաբաղի և Գանձակի խանությունների հիմնումը (1747)[11]։ Հյուսիսային Արցախը կիսվում է այս երկու կիսանկախ միավորների մեջ, սակայն պահպանում հայկական բնակչությունը։
Նոր շրջանում, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում ամբողջ Արցախը միանում է Ռուսական կայսրությանը (1806)[12]։ Խաղաղության պայմանագիրը կնքվում է Հյուսիսային Արցախում՝ Գյուլիստան գյուղում (1813)[13]։ Հյուսիսային Արցախը, որը կիսված էր երկու նախկին խանությունների միջև, մի մասով անցնում է Գանձակի գավառի (Վրացա-Իմերեթական նահանգ, ապա՝ Թիֆլիսի նահանգ), մյուս մասով՝ Շուշիի կամ Ղարաբաղի գավառի (Կասպիական մարզ, ապա՝ Բաքվի նահանգ) կազմ։ 1868 թվականին, Ելիզավետպոլի նահանգի ստեղծումից հետո ամբողջ հյուսիսային Արցախը, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը ձևավորում են Ելիզավետպոլի գավառը[14]։ Այդպիսով, հյուսիսային Արցախը, լինելով հայաբնակ, միավորվում է հայկական դիմագիծը մասամբ պահպանած, տեղ-տեղ՝ առհասարակ չպահպանած Ուտիքի գավառներին (Գարդման, Շակաշեն)՝ հայաշատ Գանձակ (Ելիզավետպոլ) կենտրոնով[15]։ Գանձակի խանության ստեղծումից ի վեր, ինչպես նաև ռուսական իշխանության տարիներին հյուսիսային Արցախում սկսում են հայտնվել թյուրքալեզու ցեղերի մի քանի ամառային արոտավայրեր և փոքր գյուղեր[16]։ Դրանցից ամենախոշորը՝ Ամրվարը, որը հայկական էր մինչև 18-րդ դարի վերջը, 1914 թվականին ուներ 1137 բնակիչ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անդրկովկասում ստեղծվում է Մուսավաթական Ադրբեջանը, որի մայրաքաղաքան ի սկզբանե Ելիզավետպոլն էր, ապա՝ Բաքուն[17]։ Ցանկանալով տիրանալ առնվազն երկու նահանգներին՝ նորաստեղծ պետության իշխանությունները ձգտում են հայկական պետությունից անջատել Ելիզավետպոլի նահանգի կազմ մտնող Զանգեզուրը, Արցախն ու Տավուշը[18], ինչում նրանց օժանդակում էին անգլիացիները։ Հյուսիսային Արցախը մինչդեռ ենթարկվում էր Ղարաբաղի հայկական իշխանությանը, սակայն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո իրավիճակը փոխվում է։ Խորհրդային Ադրբեջանին Արցախի բռնակցումից երկու տարի անց ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ առանց հյուսիսային Արցախի[19] ։ Վերջինս հիմնականում բաժանվում է երկու շրջանի միջև՝ Շահումյան և Դաշքեսան, որոշ բնակավայրեր ներառվում են Խանլարի (10), իսկ Գարդման-Շակաշենի հայկական բնակավայրերը՝ Գետաբեկի (1) և Շամքորի (6) շրջաններում։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվում է Արցախի Հանրապետությունը, որի կազմում մտնում է միայն Շահումյանի շրջանը, իսկ 1992 թվականի Գորանբոյ գործողությունից հետո վերջնականապես հայաթափվում է, ինչպես վերոհիշյալ շրջանները, և անցնում Ադրբեջանին[2]։
Աշխարհագրություն
Երկրամասը հյուսիսից սահմանակցում է Ուտիքի Գարդման, արևելքից՝ Շակաշեն գավառներին, արևմուտքից՝ Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Արցախի Հանրապետությանը[փա՞ստ][1]։
Հյուսիսային Արցախը գտնվում է Փոքր Կովկասի հողմահայաց լեռնաշղթաների տարածքում, որով եզերում է Հայկական լեռնաշխարհը։ Լեռները ծալքաբեկորային են, անտառապատ, ինչպես ամբողջ Փոքր Կովկասի աղեղնաձև տարածքում՝ Բաթումից մինչև Մեղրի։ Հարավում Մռավի լեռներն են, որոնց շրջանում կա միայն մեկ լեռնանցք՝ Օմարը։ Արևմուտքում Սևանա լճին հարող տարածքներում, որտեղ վեր են խոյանում Սևանի ծալքավոր անանցանելի լեռները, կան տարբեր մետաղների՝ ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի, ալյումինի, կոբալտի, մարմարի հարուստ պաշարներ։ Հյուսիսից և արևմուտքից լեռները վերածվում են բլուրների, իսկ բուն տարածքից դուրս՝ դաշտավայրի։
Հյուսիսային Արցախն ունի ջրային հարուստ պաշարներ, որոնք գոյանում են ինչպես լեռնային ձնհալից, այնպես էլ Կասպից ծովի հողմահայաց լանջերին թափվող անձրևներից։ Առկա են սառնորակ, բուժիչ և հանքային աղբյուրներ։ Տարածքով հոսում են մի քանի գետեր (Ձեգամ, Շամքոր, Արթենաջուր, Գանձակ, Կյուրակ, Ղարաչայ և այլն), որոնք հոսում են դեպի Ուտիքի դաշտավայրային հատվածներ և թափվում Կուր գետը։ Լճերից առավել հայտնի են Գյոյգյոլը (0,78 կմ2), որի անունով ստեղծվել է նաև ազգային պարկ, Մարալգյոլը (23 կմ2) և այլն։ Դրանք դասվում են ամբարտակային կամ պատվարային լճերի շարքին։
Ջերմաստիճանը ձմռանը փոխվում է -5 C-ից մինչև -20 C, իսկ ամռանը՝ +20 C-ից մինչև +35 C: Հունվարի միջին ամսական ջերմաստիճանը -2 - -14 է, հուլիսինը՝ +5– +20։ Օդի միջին տարեկան հարաբերական խոնավությունը 75% է և փոփոխվում է տարեկան 67-82%։ Տարեկան տեղումները տարածքում 600–900 մմ են։ Անձրևների մեծ մասը լինում է գարնանը։ Հնարավոր գոլորշիացումը հողի մակերեսից 300–800 մմ է մեկ տարվա ընթացքում։
Հողերը բարեբեր են ու տարաբնույթ։ Լեռնային բարձունքներում հանդիպում են մարգագետնատափաստային մարգագետնասևահողային, լանջերին՝ անտառային գորշ, անտառային դարչնագույն հողեր և լեռնային սևահողեր, մասամբ նաև՝ լեռնային շագանակագույն հողեր։ Աշխարհագրական բարենպաստ պայմանների շնորհիվ այստեղ դարեր ի վեր զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ։
Բնակչություն
Ռուսական կայսրության 1897 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ ամբողջ Ելիզավետպոլի գավառում՝ հյուսիսային Ուտիքում ու հյուսիսային Արցախում միասին, բնակվել է 162,788 մարդ[20], որից 33,625-ը՝ Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում[21]։
Ազգություն | տղամարդիկ, ամբողջ գավառում | կանայք, ամբողջ գավառում | ընդամենը, ամբողջ գավառում | տղամարդիկ, քաղաքում | կանայք, քաղաքում | ընդամենը, քաղաքում |
---|---|---|---|---|---|---|
կովկասյան թաթար | 59268 | 44702 | 103970 | 9787 | 7639 | 17426 |
հայ | 22313 | 20727 | 43040 | 6366 | 5689 | 12055 |
ռուս | 4094 | 3130 | 7224 | 1361 | 1158 | 2519 |
գերմանացի | 1512 | 1574 | 3086 | 48 | 55 | 103 |
բելառուս | 1347 | 1488 | 2835 | 1 | 0 | 1 |
վրացի | 424 | 198 | 622 | 325 | 169 | 494 |
ուկրաինացի | 268 | 101 | 369 | 165 | 50 | 215 |
հրեա | 75 | 26 | 101 | 70 | 23 | 93 |
այլ ազգեր | 1283 | 258 | 1541 | 615 | 104 | 719 |
ընդամենը | 90584 | 72204 | 162788 | 18738 | 14887 | 33625 |
Աղյուսակից երևում է, որ Գանձակ քաղաքը իսլամադավան էր միայն կիսով չափ, իսկ գավառի հայերի մեծ մասը բնակվում էր գյուղերում (30,985 մարդ), գերազանցապես՝ Հյուսիսային Արցախի ու Գարդմանի 34 գյուղերում (30,372 հայ), փոքր մասով՝ գավառի շուրջ երկու տասնյակ այլ հայկական փոքր գյուղերում (Աղ-Եղուշ, Ագարաջա, Բիրգեզ, Գաջալի, Գախտուտ, Գեյուկ-Պայա, Դարաբեգլի, Դամջիլի, Դանագիր, Էգլգուլիլյար, Էմուլիլյար, Կարակոյունլու, Կրզեն, Կրըխլը, Կիզիլջա, Ղազախլի, Ղարալուջախ, Ղարաբուլաղ, Ղարադաղլա, Մոլլա Վալադլու, Սարով և այլն), որոնք մտնում էին Ուտիքի մեկ այլ՝ Շակաշենի գավառի մեջ։ Դրանք, լինելով սակավ բնակչությամբ գյուղեր, որոշ ժամանակ անց դատարկվում են. բնակիչները տեղափոխվում են հիմնականում Գանձակ քաղաք։
Հետագա Դաշքեսանի շրջանում ոչ հայկական գյուղերի թիվը հասնում էր 15-ի, Շահումյանի շրջանում՝ 5-ի (1-ը՝ Ռուս Պարիս, ռուսական)։ Խանլարի շրջանի հյուսիսարցախյան մասում՝ թաթարաբնակ գյուղերը 4-ն էին, ինչպես նաև մեկ գյուղ` հայկական Հաջիշենը, ուներ նաև թաթար և գեևմանացի բնակչություն։ Թյուրքալեզու ընդհանուր բնակչությունը չէր անցնում 5000-ից։ Ինչ վերաբերում է Գարդմանի բնակավայրերին, ապա դրանցից հայաբնակ էին մնացել միայն յոթը։ Ադրբեջանական ԽՍՀ Գետաբեկի շրջանը, որն ամբողջությամբ հայաբնակ էր մինչև 1770-ական թվականները, ներառում էր միայն մեկ գյուղաքաղաք, որն ուներ որոշակի քանակության հայ բնակչություն, ինչպես նաև գյուղում բնակվում էին գերմանացիներ ու ռուսներ։ Գետաբեկը ևս հայաթափվել էր, և վերստին հայերով վերաբնակեցվել ավելի ուշ՝ 19-րդ դարի երկրորդ կեսից։ Մյուս վեց բնակավայրերը Շամքորի շրջանում էին։
Բնակավայր | պատմական շրջան | Ադրբեջանական ԽՍՀ | տղամարդիկ | կանայք | ընդամենը |
---|---|---|---|---|---|
Գետաբեկ | Գարդման | Գետաբեկի շրջան | 309 | 297 | 606 |
Բանանց | հյուսիսային Արցախ | Դաշքեսանի շրջան | 1326 | 1279 | 2605 |
Խաչակապ | հյուսիսային Արցախ | Դաշքեսանի շրջան | 817 | 729 | 1546 |
Կիրանց | հյուսիսային Արցախ | Դաշքեսանի շրջան | 255 | 267 | 522 |
Հարցհանգիստ | հյուսիսային Արցախ | Դաշքեսանի շրջան | 454 | 386 | 840 |
Փիփ | հյուսիսային Արցախ | Դաշքեսանի շրջան | 1819 | 1563 | 3382 |
Վերին Քարհատ և Ներքին Քարհատ | հյուսիսային Արցախ | Դաշքեսանի շրջան | 529 | 448 | 977 |
Աբլահ | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 119 | 74 | 193 |
Ազատ | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 228 | 227 | 455 |
Բրաջուր | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 229 | 191 | 420 |
Գետաշեն | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 1037 | 827 | 1864 |
Հաջիշեն | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 160 | 124 | 284 |
Ղարաբուլաղ | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 226 | 212 | 438 |
Ղուշչի | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 140 | 121 | 261 |
Միրզիկ | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 424 | 388 | 812 |
Մուռուտ | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 173 | 169 | 342 |
Ոսկանապատ | հյուսիսային Արցախ | Խանլարի շրջան | 340 | 313 | 653 |
Բուզլուխ | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 99 | 89 | 188 |
Գյուլիստան | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 141 | 131 | 272 |
Էրքեջ | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 412 | 338 | 750 |
Խարխափուտ | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 134 | 105 | 239 |
Հայ Պարիս | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 191 | 172 | 363 |
Ղարաչինար | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 587 | 527 | 1114 |
Մանաշիդ | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 281 | 204 | 485 |
Մանասինշեն | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 202 | 189 | 491 |
Ներքին Շեն | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 547 | 474 | 1021 |
Վերին Շեն | հյուսիսային Արցախ | Շահումյանի շրջան | 542 | 462 | 1004 |
Բադա | Գարդման | Շամքորի շրջան | 908 | 764 | 1672 |
Բարսում | Գարդման | Շամքորի շրջան | 735 | 608 | 1343 |
Գառնակեր | Գարդման | Շամքորի շրջան | 715 | 598 | 1313 |
Նուկզար | Գարդման | Շամքորի շրջան | 370 | 420 | 790 |
Չարդախլու | Գարդման | Շամքորի շրջան | 921 | 501 | 1422 |
Ջագիր | Գարդման | Շամքորի շրջան | 388 | 544 | 932 |
ընդամենը | 16232 | 14040 | 30372 |
Տնտեսություն
Մշակույթ
Տես նաև
Նշումներ
- Հյուսիսային Արցախի մեջ ներառվում են Կողթ և Քուստ-ի-Փառնես գավառները, որոնք Ադրբեջանական ԽՍՀ կողմից բռնազավթվելով բաժանվել են Դաշքեսանի (1047 կմ)2 և Շահումյանի (630 կմ2), ինչպես նաև դրանց միջև գտնվող մի քանի հայկական գյուղեր՝ Խանլարի (ամբողջ տարածքը՝ 920 կմ2, որը մասամբ դուրս էր Արցախի սահմաններից)։ Այդ շրջաններում ամփոփված հայկական տարածքները եղել Արցախի տարբեր պետական կազմավորումների մասեր կամ որոշ ժամանակով եղել են առանձին վարչական միավորներ ու մելիքություններ, սակայն երբևէ Ուտիքի Գարդման գավառի հետ միավորվել են միայն մեկ շրջանում՝ Գարդման-Փառիսոսի թագավորության ժամանակ։ Մինչդեռ դրանցից բացի՝ Ուտիքի Գարդման, Շակաշեն, Տուչքատակ և մյուս գավառները «Հյուսիսային Արցախ» են հորջորջվել միայն մեկ հեղինակի՝ Սամվել Կարապետյանի մոտ՝ համանուն աշխատությունում։ Գարդմանը, լինելով առանձին իշխանություն, գոյություն է ունեցել վաղ միջնադարում, իսկ Շակաշենը 387 թվականի բաժանումից հետո չի ներառվել հայկական պետությունների կազմում (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն)։ Ինչ վերաբերում է Տուչքատակ գավառին, ապա այն մշտապես մաս է կազմել հայկական տարբեր պետականությունների, սակայն երբեք ոչ՝ Արցախի։ Ինքը՝ հեղինակը, գրքում նշում է, որ Ուտիքի մի քանի գավառները և Արցախի հյուսիսը «Հյուսիսային Արցախ» է կոչում, իր խոսքով, «պայմանականորեն»։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.