Վրացակաան ԽՍՀ մաս From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Օսիայի ինքնավար մարզ, (վրաց.՝ სამხრეთ ოსეთის ავტონომიური ოლქი, օսերեն՝ Ху́ссар Ирыстоны автономон облæст), վարչատարածքային միավոր Վրացական ԽՍՀ կազմում։ Ստեղծվել է 1922 թվականի ապրիլի 20-ին, կազմալուծվել 1990 թվականի դեկտեմբերի 11-ին։ Սահմանակից է ՌԽՖՍՀ Հյուսիսային Օսիայի ԻԽՍՀ-ին։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Կարգավիճակ | Ինքնավար մարզ |
Մտնում է | Վրացական ԽՍՀ |
Ներառում է | Դզաուի, Զնաուրի, Լենինգորի, Ցխինվալի շրջաններ |
Վարչկենտրոն | Ցխինվալ |
Հիմնական լեզու | ռուսերեն, վրացերեն, օսերեն |
Բնակչություն (1989) | 98 527 (1,8 %) |
Խտություն | 131 |
Ազգային կազմ | օսեր, վրացիներ, ռուսներ |
Տարածք | 3 900 (5,6 %) |
Հիմնադրված է | 1922-1990 թ. |
Պատմական շրջան(ներ) | Ալանիա |
Ժամային գոտի | + 4 |
Հապավում | Հարավ-օսական ԻՄ |
Մինչ կազմավորվելը մտնում էր Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921), ավելի վաղ՝ Ռուսական կայսրության Թիֆլիսի և Քութայիսի նահանգների մեջ։
Բնակչությունը կազմել է 98 527 մարդ (1989 թվականի համամիութենական մարդահամար[1]), մեծամասնությունը՝ օսեր։ Բնակչության 51 %-ը կամ 50 268 մարդ, բնակվել է քաղաքներում, գերազանցապես՝ մայրաքաղաք Ցխինվալում։ Ուներ մեկ քաղաք և 4 քտա։
Տարածությունը 3 900 կմ2 է։ Բաժանվում է 4 վարչական շրջանի։ Բաժանվում է 4 վարչատարածքային շրջանի կամ մունիցիպալիտետի՝ Դզաուի, Զնաուրի, Լենինգորի, Ցխինվալի։
Հարավային Օսիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։
Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության (Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը, 700-900 մ բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի մոտ 90 %-ը գտնվում է ավելի քան 1000 մ բարձրության վրա։
Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը (Ցխինվալիում ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 20,7 °C է, ամենացուրտ ամսվանը՝ - 1,5 °C), միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, իսկ ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման, որտեղ տարեկան միջին ջերմաստիճանը 0 °C է։
Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա և այլն), ունեն հիդրոէներգիայի զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։ Նախալեռնային գոտում հիմնականում սևահողանման, ավելի բարձր՝ մուգ-գորշ լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողեր են։
Մարզի տարածքի 48 %-ը ծածկված է անտառներով ու թփուտներով։ Հիմնական ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, եղևնին։ Կենդանիներից կան գայլ, արջ, աղվես, լուսան և այլն։
Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը եղել և մնում են) օսերը, բնակվում են նաև վրացիներ, ռուսներ և այլք։ Միջին խտությունը 25.3 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 51 % (1989)։ Բնակչությունը գլխավորապես կենտրոնացած է հարավային ցածրադիր և միջլեռնային մասերում։
Մարզում կա 1 քաղաք (Ցխինվալ) և 4 քտա (այդ թվում՝ Զավա կուրորտը)։
Ստորև ներկայացվում է Հարավային Օսիայի ԻՄ բնակչությունը՝ հիմնադրումից մինչև լուծարումն ընկած ժամանակահատվածում[2]։
1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | |
---|---|---|---|---|---|---|
օսեր | 60 351 (69,1 %) | 72 266 (68,1 %) | 63 698 (65,8 %) | 66 073 (66,5 %) | 65 077 (66,4 %) | 65 232 (66,2 %) |
վրացիներ | 23 538 (26,9 %) | 27 525 (25,9 %) | 26 584 (27,5 %) | 28 125 (28,3 %) | 28 187 (28,8 %) | 28 544 (28,9 %) |
ռուսներ | 0 157 (0,2 %) | 2 111 (2,0 %) | 2 380 (2,5 %) | 1 574 (1,6 %) | 2 046 (2,1 %) | 2 128 (2,1 %) |
հայեր | 1 374 (1,6 %) | 1 537 (1,4 %) | 1 555 (1,6 %) | 1 254 (1,3 %) | 953 (1,0 %) | 984 (1,0 %) |
հրեաներ | 1 739 (2,0 %) | 1 979 (1,9 %) | 1 723 (1,8 %) | 1 485 (1,5 %) | 654 (0,7 %) | 396 (0,4 %) |
այլ | 216 (0,2 %) | 700 (0,7 %) | 867 (0,9 %) | 910 (0,9 %) | 1 071 (1,1 %) | 1 242 (1,2 %) |
Ընդհանուր | 87 375 | 106 118 | 96 807 | 99 421 | 97 988 | 98 527 |
1976 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հարավային Օսիայում կար հիվանդանոցային 22 հիմնարկ՝ 1 400 մահճակալով (1000 բնակչին՝ 12,8 մահճակալ), աշխատում էին 334 բժիշկ (285 բնակչին՝ 1 բժիշկ)։ Գործում են Զավա կուրորտը, Բագիատի, Վեզուրա, Լեսե, Նագուտնի, Էիսի բալնեոլոգիական և կլիմայական բուժավայրերը, 7 առողջարան, հանգստյան տուն։
Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) Հարավային Օսիայի տարածքում կար 38 դպրոց (1 800 սովորող)։ Միջնակարգ, բարձրագույն ուսումնական հաստատություններ չեն եղել։
1977-1978 ուսումնական տարում 182 հանրակրթական դպրոցներում սովորել են 24 000, 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում՝ 238,4 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 800 սովորող, Ցխինվալիի մանկավարժական ինստուտում՝ 2 000 ուսանող։
1976 թվականին 16 նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվել է ավելի քան 2 000 երեխա։ Ցխինվալում է գտնվում Վրացական ԽՍՀ ԳԱ Հարավային Օսիայի ԳՀԻ-ն։
Հարավային Օսիա գործում էր 1 թատրոն, 166 մասսայական գրադարան, 88 ակումբային հիմնարկ, 66 մշտական կինոսարքավորում։
Լույս են տեսնում «Սովետոն Իրիստոն» («Սովետական Օսեթիա», 1924 թվականից, օսերեն), «Սաբչոտա Օսեթի» («Սովետական Օսեթիա», 1933 թվականից, վրացերեն) մարզային թերթերը։ Մարզն ընդունում է կենտրոնական հեռուստատեսության 1-ին ծրագիրը։ Ռադիոն հաղորդումներ է տալիս համամիութենական, հանրապետական և տեղական ծրագրերով։
Հարավային Օսիայի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից։ Օսերի նախնիներ ալանների մի մասը մ. թ. 1-ին դարում մշտական բնակություն է հաստատել Կուրի վտակ Լյախվայի ավազանում։
Վաղ միջնադարում հարավային ալան-օսերն ու Թերեքի ափին (Հյուսիսային Կովկաս) նստակյաց կյանքի անցած նրանց ցեղակիցները միավորված էին մեկ միասնական ռազմաավատական կազմավորման մեջ։ 12-րդ դարում Վրաց թագավորությունն իր տիրապետությանը ենթարկեց Հարավային Օսիան, որը 1801 թվականին Վրաստանի կազմում միացավ Ռուսական կայսրությանը։
Չնայած երկրամասում հաստատվեց գաղութային վարչակարգ, միացումն ունեցավ առաջադիմական նշանակություն. այն նպաստեց Հարավային Օսիայի սոցիալ-տնտեսական զարգացմանը, Ռուսաստանի մյուս քրիստոնյա ժողովուրդների հետ մշակութային կապերի ամրապնդմանը։ 19-րդ դարի առաջին կեսին ցարիզմի գաղութային քաղաքականությունը առաջ բերեց գյուղացիների զինված ելույթներ։ 1864 թվականին Հարավային Օսիայում վերացվեց ճորտատիրական իրավունքը, բայց գյուղացիները շարունակում էին կատարել ֆեոդալական պարհակներ։
19-րդ դարի վերջից Հարավային Օսիայում ազատագրական շարժումը տեղի էր ունենում բանվոր դասակարգի պայքարի ազդեցությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մենշևիկները Վրաստանում ստեղծեցին բուրժուական կառավարություն։ Հարավային Օսիան անջատվեց Խորհրդային Ռուսաստանից։ Մենշևիկյան կառավարության տապալումից (1921 թվականի փետրվար) հետո Վրացական ԽՍՀ կազմում 1922 թվականի ապրիլի 20-ին կազմավորվեց Հարավային Օսիայի ԻՄ-ը։
Մինչպատերազմյան հնգամյակների տարիներին (1929-1940) մարզում վերացվեց տնտեսական և մշակութային հետամնացությունը, ստեղծվեց տեղական արդյունաբերություն, կոլեկտիվացվեց գյուղատնտեսությունը։ Կուլտուրական հեղափոխության ընթացքում վերացվեցին տոհմատիրության մնացուկները, ձևավորվեցին բանվոր դասակարգի և մտավորականության ազգային կադրերը։ Օս ժողովուրդը կազմավորվեց որպես սոցիալիստական ազգ։
1941-1945 թվականներին Հարավային Օսիան մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին։ Շուրջ 5 500 զինվորների շնորհվեցին կառավարական պարգևներ, 8 մարդ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ 1950-70-ական թվականներին մարզի տնտեսությունը շարունակում էր հաջողությամբ զարգանալ։
Ձեռք բերած հաջողությունների համար մարզը 1967 թվականի օգոստոսին պարգևատրվել է Լենինի, 1972 թվականին (ի նշանավորումն Հարավային Օսիայի ԻՄ-ի կազմավորման 50-ամյակի)՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Հարավային Օսիան ինդուստրիալ-ագրարային մարզ է։
Արդյունաբերության ճյուղերից զարգացած են հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, փայտամշակումը, շինանյութերի (աղյուս, կղմինդր և այլն), սննդի, քիմիական արդյունաբերությունը։ Կառուցվել են մի շարք ՀԷԿ-եր Ցխինվալի, Կեխվայի, Լենինգորի և այլն։
Արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը կենտրոնացած է Ցխինվալում։
Գյուղատնտեսական հանդակները կազմում են մարզի տարածքի 48 %-ը (1976), վարելահողերը՝ 22 300 հա (1977)։ Գերակշռում են հացահատիկային կուլտուրաները (ցորեն, եգիպտացորեն և այլն)։ Լեռնային շրջաններում մշակում են կարտոֆիլ, ցածրադիր մասերում՝ բանջարաբոստանային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ։ Հարավ-արևելքում զարգացած են պտղաբուծությունն ու խաղողագործությունը։ Հողագործությունը ոռոգովի է (շուրջ 10 000 հա)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է։ Բուծում են նաև խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր։ Զարգանում է թռչնաբուծությունը։
Հարավային Օսիան խճուղիներով կապված է Թբիլիսիի և Վրաստանի արևմտյան շրջանների հետ։ Երկաթուղով (33 կմ) Ցխինվալին միացած է Գորի կայարանին։
Հարավային Օսիայի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները էնեոլիթի դարաշրջանի պաշտամունքային կառույցների և բնակատեղիների ավերակներ են, Կոբանյան մշակույթի մետաղե և խեցեղեն իրեր։ Հարավային Օսիայի՝ հիմնականում Վրաստանի և Աբխազիայի ճարտարապետական դպրոցներին առնչվող միջնադարյան ճարտարապետության մեջ դրսևորվել են նաև տեղական շինարարական ավանդույթները (Արմազի, 864, Տիգվա, 1152, Իկորաա, 1172, քարաշեն, խաչաձև-գմբեթավոր տաճարները, 17-րդ դարի պալատ՝ Զագինա գյուղում)։
18-19-րդ դարերի Հարավային Օսիայի ժող. բնակարանը հատակագծում ուղղանկյուն, հարթ ծածկի կենտրոնում՝ երդիկավոր, բրգաձև «գմբեթով» (գվիրգվինի) քարաշեն կառույց էր։ Դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերից են՝ ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունը, մետաղի գեղարվեստական մշակումը, փայտի փորագրությունը։ Բնորոշ են արծաթյա պատիճով ըմպեղջյուրները, փորագրազարդ զենքերը։
19-րդ դարի վերջին Կ. Լ. Խեթագուրովը սկզբնավորել է օսեթական հաստոցային գեղանկարչությունը և գրաֆիկան։ Խորհրդային շրջանում վերակառուցվում է Ցխինվալը, մեծ ծավալ է ստացել արդյունաբերական, կուլտուր-կենցաղային և բնակելի շենքերի շինարարությունը։
Նշանակալից է գեղանկարիչ Մ. Ս. Տուգանովի դերը Հարավային Օսիայի խորհրդային կերպարվեստի կազմավորման գործում։ 1950-1980-ական թվականներին զարգանում են հաստոցային գեղանկարչությունը (Ա. Ի. Գասիև, Գ. Վ. Դոգուզով, Վ. Դ. Կոզաև, Ս. Վ. Մինասով, Բ. Ի. Սանակոև և ուրիշներ), դիմաքանդակը և մոնումենտալ քանդակագործությունը (Վ. Ն. Կոկոն, Վ. Դ. Քելեխսաե, Ա. Վ. Պլիե և ուրիշներ), մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (Մ. Ի. Կոկոն և ուրիշներ), բեմանկարչությունը (Տ. Ա. Գագլոե, Ա. Գ. Զասեև, Ռ. Բ. Չոչին, և ուրիշներ), հաստոցային և գրքի ձևավորման գրաֆիկան (Ա. Դ. Վանեև, Ի, վ. Զեյրանաշվիլի, Ա. Մ. Սանժերովսկայա, Վ. Գ. Ցխովրեբով և ուրիշներ), դեկորատիվ-կիրառական արվեստը (Խ. Լ. Զասեև, Գ. Պ. Մամիտով, Մ. Ֆ. Գուբաև, Դ. Վ. Նիկոլեյշվիլի և ուրիշներ)։
Օսերեն առաջին սիրողական ներկայացումները բեմադրվել են 1904-ին, Թիֆլիսում և Օրջոնիկիձեում։ 1931 թվականին Ցխինվալիում ստեղծվել է պրոֆեսիոնալ թատրոն (1939 թվականին կոչվել է Կ. Լ. Խեթագուրովի անունով), ուր ներկայացվել է նրա «Դունյա» (1939) պիեսը և բեմականացվել «Ֆաթիմա» (1959) պոեմը։ Տեղացի հեղինակների հետ թատրոնն ստեղծել է ներկայացումներ՝ Շավլոխովի «Հովիվների ագարակը» (1940), Գագլոևի «Զալինա» (1956), Բրիտաևի «Ամրան» (1971)tևն։ Բեմադրվել են նաև ռուս և արտասահմանյան դասականների, խորհրդային դրամատուրգների պիեսներ։
Թատրոնի զարգացմանը նպաստել են Վրացական ԽՍՀ արտիստներ Ա. Մ. Զաթիևան, Զ. Ա. Գագլոևան, Ն. Զ. Չոչիևան, Դ. Ի. Մամիևը, Ի. Դ. Ցխվիրաշվիլին, ռեժիսորներ Զ. Չաբիևան, Վ. Մուրգուլիան, Դ. Կաբիսովը, Վ. Կաիրովը, նկարիչներ Մ. Ս. Տուգանովը, Տ. Ա. Դագլոևը, կոմպոզիտորներ Բ. Ա. Դալանը, Ն. Ի. Դուդիաշվիլին և ուրիշներ։ 1935 թվականին թատրոնի կազմի մեջ մտել է նաև վրաց. թատերախումբը։ Օսական թատերախմբի դերասաններից են (1977) Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ Դ. Տաուգազովը, Բ. Ա. Ցխովրեբովը, Ն. Զ. Չաբիևան, Վրացական ՍՍՀ և Հյուսիսային Օսիայի ԻԽՍՀ մի շարք վաստակավոր արտիստներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.