ազգային գրադարան, մշակութային հուշարձան Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ազգային գրադարան, աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը։ Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականի հուլիսի 4-ին։ Գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում։ 2020 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է ընտրվել Աննա Չուլյանը։
Երկիր | Հայաստան[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1832 |
Տեղադրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Տերյան փող. 72[1] |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Աննա Չուլյան |
Կայք | nla.am(հայ.), nla.am/en/(անգլ.) և nla.am/ru/(ռուս.) |
Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի գլխավոր գրադարանն է՝ գիտակրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն, որը հավաքում, պահպանում և սպասարկում է տպագիր արտադրանքի տարբեր տեսակներ (գիրք, ամսագիր, թերթ, քարտեզ, պլակատ, ատենախոսություն, նոտա, ձայնապնակ, դրամ, բացիկ, բուկլետ, բրոշյուր և այլն)։ Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, միջգրադարանային բաժնույթի, տեղեկատվության և գրքափոխանակության, տպագիր արտադրանքի թվայնացման համապետական կենտրոն է։
Ազգային գրադարանի հավաքածուները ձևավորվել են պետական, հասարակական, գիտական և մշակութային նշանավոր գործիչների անձնական գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների և նվիրատվությունների հիման վրա[2]։
Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականին, երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ 1919-1921 թվականներին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թվական)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը[3]։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ։
1924 թվականից գրադարանը ստանում է Հայաստանում լույս ընծայվող տպագիր արտադրանքի պարտադիր անվճար օրինակներ։ 1925-1991 թվականներին գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակները։
Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի հավաքածուները , հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։
Գրադարանի հարուստ հավաքածուներում առանձնանում են հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը» (1512, Վենետիկ), առաջին պարբերականը «Ազդարարը» (179), Մադրաս), առաջին տպագիր քարտեզը «Համատարած աշխարհացոյցը» (1695, Ամստերդամ)։ Գրադարանի գործառույթները բազմապիսի են՝ ընթերցողների սպասարկում, տպագիր նյութի համալրում, մշակում, պահպանում, թվայնացում, մատենագիտական հետազոտական աշխատանքներ, որոնք արժևորում են գրադարանը՝ որպես գիտական կառույց։ Գրադարանի ընթերցողական շրջանակը շատ լայն է։ Տարբեր տարիներին գրադարան են հաճախել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդվարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ։
Գլխավոր գրապահոցը Ազգային գրադարանի ամենամեծ ֆոնդապահ բաժինն է, որն իրականացնում է համալիր աշխատանքներ՝ բաժնի հավաքածուները[23] ձևավորելու և պահպանելու նպատակով, սպասարկում գրադարանի ընթերցողներին և աշխատակիցներին։ Գրադարանի ընթերցողների գրականության պահանջները գրապահոցը բավարարում է հիմնականում Սպասարկման բաժնի ընթերցասրահների միջոցով։
Բաժնի ֆոնդերը ձևավորվել են տասնամյակների ընթացքում՝ անհատների, հաստատությունների, կազմակերպությունների, նվիրատվությունների, գնումների, պարտադիր անվճար և վճարովի միավորների ձեռքբերման, ինչպես նաև Ազգային գրադարանի և այլ հաստատությունների, գրադարանների հետ գրքափոխանակության միջոցով։
Գլխավոր գրապահոցում առկա է ավելի քան 100 լեզուներով տպագիր արտադրանք՝ գրքեր, հանդեսներ, լրագրեր, շարունակվող հրատարակություններ, սեղմագրեր[5], բրայլյան գրով գրականություն, ինչպես նաև տեղեկույթի կրիչներ՝ մանրաժապավեններ և մանրացույցներ։ Բաժնի ֆոնդը միատարր չէ ։ Այն բազմաճյուղ է՝ ըստ բովանդակության, բազմատիպ է՝ ըստ հրատարակչական ձևերի, սահմանափակված չէ աշխարհագրական, լեզվական կամ ժամանակագրական որևէ շրջանով։
Բաժնի հավաքածուները դասավորված են թամանյանական, միջանկյալ և բարձրահարկ մասնաշենքերում։ Գլխավոր գրապահոցում պահպանվող ամենահին հանդեսը 1843 թվականին հրատարակված «Բազմավեպն[23]» է, իսկ լրագիրը՝ «Մեղու Հայաստանի»-ն[24]՝ հրատարակված 1862 թվականին։ Հայերեն գրականության ֆոնդը ամբողջությամբ վերահաշվառվել և մուտքագրվել է Հայաստանի գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակ՝ «ԿՈՀԱ»[25] ծրագրով և 2024 հունվարի 1-ի դրությամբ կազմում է 656.239 միավոր, իսկ ռուսերեն և օտարալեզու ֆոնդերի հաշվառման և մուտքագրման գործընթացը շարունակվում է։
Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժինը մասնագիտացված, բազմաբնույթ գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում է։ Բաժինը կազմված է երկու ենթաբաժնից՝ կերպարվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների և նոտային–երաժշտական գրականության ենթաբաժիններից։
Բաժինը իրականացնում է մշակույթի և արվեստի աշխատողների, ինչպես նաև քարտեզագրությամբ զբաղվող մասնագետների, համապատասխան ուսումնական հաստատությունների և ֆակուլտետների դասախոսների, ուսանողների, արվեստով հետաքրքրվող անձանց և ստաղծագործական խմբերի գրադարանային-մատենագիտական սպասարկումը[26]։
Արվեստի բաժինը մեթոդական օգնություն է ցույց տալիս և համագործակցում է հանրապետության մշակութային տարբեր հիմնարկությունների, ուսումնական հաստատությունների, մյուս գրադարանների, մշակույթի ճանաչված գործիչների, արվեստագետների հետ։ Աշխատանք է կատարում արվեստագիտական գրականության, արվեստի և քարտեզագրական նյութերի մշակման, հանրահռչակման, հավաքածուների, գրացուցակների և քարտարանների կազմակերպման, ազգաբնակչության գեղագիտական դաստիարակության ուղղությամբ, ինչպես նաև մասնակցում է ընթերցողների մեջ ազգային և համաշխարհային մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը և գրականության ուսումնասիրմանը[27]։
Բաժնի գործառույթները բազմաբնույթ են։ Այստեղ իրականացվում են գրքային և որ գրքային հրատարակությորնների գիտական մշակումը, կատալոգների և քարտարանների կազմումը, ինչպեն նաև մատենագիտական աշխատանքներ։ Արվեստի բաժինը մասնակցում է համալրման գործընթացին, կատարում է սպասարկում, կազմակերպում ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, հանրային դասախոսություններ, քննարկումներ, շրջայցեր և այլ մշակութային միջոցառումներ։
Արվեստի բաժինն ունի 3 ընթերցասրահ՝ որից երկուսը կերպարվեստի ենթաբաժնում և մեկը՝ նոտային երաժշտական ենթաբաժնում և լսարան։ Ընթերցասրահները և լսարանը նախատեսված են 20 ընթերցողական տեղի համար։ Ընթերցողները կարող են օգտվել բաժնի ֆոնդը արտացոլող տարբեր գրացուցակներից և քարտարաններից։
Մեզ հասած հայ երաժշտական մշակույթի ամենավաղ նմուշները կապված են ֆոլկլորի և հոգևոր երգեցողության հետ։ Սերնդից սերունդ նրանք փոխանցում էին բանավոր ձևով կամ ձեռագրերի միջոցով և այդ պատճառով նրանց որոշ մասը մեզ չի հասել։ 1512 թվականին հայ տպագիր գրքի ստեղծումը ապահովեց տպագիր մշակույթի շնորհիվ պահպանել Մեսրոպ Մաշտոցի,Նարեկացու,Ներսես Շնորհալու և մի շարք մեծ հայ այրերի հոգևոր երաժշտական ժառանգությունը։ 19-րդ դարում հայ երաժշտական մշակույթը մեծ վերելք է ապրել և այդ ժամանակաշրջանում ծնվում և ստեղծագործում են հայ ականավոր կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը։ Նրանց ստեղծագործությունների հետ միասին հայ երաժշտական արվեստում սկիզբ է առնում բազմաձայնությունը, որը նոր երանգ և հնչեղություն է հաղորդում հատկապես հոգևոր երգեցողությանը։ Այդ երաժշտական գոհարները տպագրվելուց հետո իրենց պատշաճ տեղն են զբաղեցնում ազգային գրադարանի հավաքածուում։ Երբ 1832թ հիմնվեց Հանրային գրադարանը,որի հավաքածուի մեջ պահպանվում էր որոշ քանակով նաև նոտային-երաժշտական գրականություն։ Մոտավորապես 100 տարի անց՝ 1928թ գրադարանի այն ժամանակվա փոխտնօրեն՝ երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, Միջազգային երաժշտական ընկերության Կովկասյան ճյուղի նախագահ Բարսեղ Ղորղանյանը (Корганов)՝ ելնելով արտասահմանյան գրադարանների փորձից, նախաձեռնում է երաժշտական գրականության անջատումը ընդհանուր հավաքածուից՝ նպատակ ունենալով գրադարանի ներսում ստեղծել հատուկ մասնագիտացված բաժին։ Այդ որոշման անհրաժեշտությունը և նպատակայնությունը թելադրված էր նրանով, որ նոտագրաֆիկ հրատարակությունների հետ տարվող աշխատանքները պահանջում էին ոչ միայն գրադարանային, այլև նաև երաժշտական մասնագիտական գիտելիքներ, նյութերի մշակման, սպասարկման և պահպանման հատուկ ձևեր։
Այսպես ստեղծվեց նոտային-երաժշտական գրականության կաբինետը, որը հետագայում Նիկոլայ Թեյմուրազյանի ջանքերով վերածվեց բաժնի։ Թեյմուրազյանը մեծ դեր է ունեցել բաժնի հավաքածուի համալրման մեջ։
Իր գործունեության ընթացքում ենթաբաժինը պատրաստել և տպագրել է 6 մատենագիտություն հայ ականավոր գործիչների մասին։
Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժինը համալրված է հարուստ և բազմաբովանդակ հավաքածուներով։ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդը 01-01-2023 թ. դրությամբ կազմում է 360690 միավոր, որից՝ հայերեն- 55645 միավոր, ռուսերեն – 235641 միավոր, այլալեզու- 69404 միավոր։
Արվեստի ենթաբաժնում առկա է գրքային հարուստ հավաքածու և ոչ գրքային հրատարակություններ՝ ատլասներ, ազդագրեր, պաստառներ, բացիկներ, բնօրինակ նկարներ, լուսանկարներ, քարտեզներ, օրացույցներ, դիդակտիկ նյութեր, կիրառական գրաֆիկայի նյութեր և այլ մանր թերթիկային նյութեր, իսկ նոտային և երաժշտության ենթաբաժնում պահպանվում է 128000-ից ավել նոտային գրականություն, վինիլային ձայնասկավառակներ, էլեկտրոնային կրիչներ, երաժշտական գրականություն, պարբերական հրատարակություններ, տեղեկատու նյութեր տարբեր լեզուներով, լուսանկարներ և ալբոմներ։ Այս բոլոր նյութերը ակտիվորեն նպաստում են երաժշտական մշակույթի զարգացմանը։ Հարկ է նշել,որ Հայաստանի ազգային գրադարանի երաժշտական հավաքածուն առաջինն է և գլխավորը հանրապետությունում[28]։
Բաժնի գանձերից են հայկական երկու Մեծ Պատարագների հազվագյուտ հայտնի հրատարակություններ՝ Մ.Եկմալյանի (1896 Լայպցիգ-Վիեննա), որը տպագրված է «Breitkopf und Hдrtel» հրատարակությունում։
Առանձին կարելի է նշել Կոմիտասի պատարագի փարիզյան (1933թ.) հրատարակությունը և նրա ազգագրական ժառանգությունը,
19-րդ դարի վերջում տպագրված շարակնոցները, որոնք պարունակում են հոգևոր երաժշտական մշակույթի առաջին նմուշները՝ տաղերը։
«Ձայնագրյալ շարական հոգևոր Երգոց Սուրբ և ուղղափառ առաքելական եկեղեցիոցս Հայաստանեաց» (Վաղարշապատ,1875թ.) և «Ձայնքաղ շարական,յորոմ բովանդակին հոգենուագ պաշտօնեայց ի փառաբանութին Աստուածոյ եւ ի մեծարանս Սրբոյ Նորա» (Վաղարշապատ,1888թ)։ Այս շարականները հազվագյուտ են ոչ միայն իրենց բովանդակությամբ և նորագրությամբ,այլ նրանով,որ Մեծ Եղեռնի ժամանակ դրանց մեծ մասը անվերադարձ կործանվել է գաղթի ճանապարհներին[29]։
2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը:
Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։
Գրի ակունքներ սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ։
Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։
Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668 թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796 թթ.):
Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։
Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։
Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։
Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ։ Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր[32]։
«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արտաքին կապերի բաժինը Հայաստանի ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի հիմնական գործառույթներից է Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության ապահվումը ներպետական և օտարերկրյա ազգային, պետական, համալսարանական գրադարանների ու միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի ինտեգրումը համաշխարհային գիտակրթական և մշակութային գործընթացներին։
Արտաքին կապերի բաժնի գործունեությունը ապահովում է Հայաստանի ազգային գրադարանի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը։ Բաժինը զբաղվում է Հայաստանի ազգային գրադարանի գործունեության և ճանաչման շրջանակի ընդլայման մի շարք խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են՝
Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ։ ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները։
Գրադարանը անդամագրված է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն (IFLA) կազմակերպությանը։
Ազգային գրադարանը անդամագրված և մասնակցում է Եվրոպայի ազգային գրադարանավարների համաժողովի (CENL[33]) աշխատանքներին։
Ազգային գրադարանը 1992թ. ստեղծված Եվրասիայի գրադարանային վեհաժողով (ռուս.՝ БАЕ) կազմակերպության հիմնադիր անդամներից է։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայումս БАЕ-ի փոխնախագահն է։ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային գրադարանի «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» միջազգային երկրորդ գիտաժողովի շրջանակում Ազգային գրադարանում տեղի ունեցավ Եվրասիայի գրադարանային վեհաժողովի անդամների 28-րդ նստաշրջանը։
Գրադարանը համագործակցում է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Մետաքսի ճանապարհ գրադարանների միջազգային դաշինք (SRILA), Հասանելի ձևաչափով գրքերի կոնսորցիում (ABC) միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ։
2023 թվականի հունվարի 1-ի տվյալներով գրադարանի հավաքածուն կազմում է 6.790 184 միավոր, որից գործող հավաքածուն՝ 6.489.919 միավոր, գրքափոխանակության հավաքածուն՝ 169.335 միավոր։ Գրադարանի հավաքածուն 2022 թվականին համալրվել է 68014 միավոր գրականությամբ, որից հայերեն՝ 46686 միավոր, ռուսերեն՝ 14271 միավոր, այլ լեզուներով՝ 7057 միավոր։ Ամենահին գիրքն Ուրբաթագիրքն է։ Այն առաջին հայկական տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512) և տպագրվել է Հակոբ Մեղապարտի կողմից։ Գրադարանում պահվում են նաև Մեղապատի կողմից տպագրված բազմաթիվ այլ գրքեր՝ Պատարագատետրը (պատճեն), Պարզատումարը, Տաղարանը, Աղթարքը (պատճեն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.