Remove ads
Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Գարդման, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Աղբյուրներում Գարդմանի բնակավայրերից հիշատակվում է Տերունական և Գետաբակ բերդերը, Տիգրանակերտ և Գրթմանիկ (Գարդման) բնակավայրերը։ Վերջինս հանդիսանում էր գավառի վարչական կենտրոնը։
Գավառը հիշատակվում է նաև Գարդմանք կամ Գարդմանաձոր անուններով[2]։ Զարգացած միջնադարում հայտնի էր Գարդմանի իշխանությունը։
Գարդմանը եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Արևելքում սահմանակցել է Շակաշեն, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Տուչքատակ գավառներին (Շամքոր գետով)։ Հարավում և հարավ-արևմուտքում սահմանակցել է Արցախ նահանգին (Քուստ-ի-Փառնես և Կողթ գավառներ), հարավ-արևելքում՝ Սյունիք նահանգին (Սոդք գավառ), հարավ-արևմուտքում՝ Այրարատին (Վարաժնունիք գավառ)։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր գետից այն կողմ, Աղվանքն էր։ Տարածքով է անցել երկու ճանապարհ՝ Վիրքը և Արցախը Աղվանքին կապող ուղիները։ Երբեմն որոշ հեղինակներ Գարդմանք գավառը սխալմամբ վերագրում էին Արցախ նահանգին[2]։
Տարածքով հոսում էին Ձեգամ և Շամքոր (ժամանակակից անվանումներով), որը թափվում էր Կուր։ Ունի հիմնականում լեռնային ռելիեֆ, անտառապատ է[2]։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ, լեռնային գագաթները։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Ադրբեջանի Գետաբեկի (առավել լեռնային հատվածը, որով սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը) և Շամքորի (դաշտային հատվածը, որը հասնում է մինչև Կուր գետ) շրջաններին։
Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Գարդմանը մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ Վերջինս 552 թվականին վերածվում է կաթողիկոսության, որի կենտրոնը Կապաղակն էր, իսկ միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո՝ զարգացած միջնադարում տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ լինելով գավառին՝ դրա բնակչությունը շարունակում է ապրել Գարդմանում, ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջ։ Գարդմանը Շակաշենի (Գյոյգյոլի շրջանի դաշտային հատված), Տուչքատակի (Թովուզի շրջան և Շամշադին) և Աղվեի (Ղազախի և Իջևանի շրջան) հետ միասին կազմել է Ուտիքի հայաբնակ հատվածը՝ հաճախ նույնացվելով հյուսիսային Արցախին։
Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հյուսիսային հատվածը, մշտապես հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ են մտել (Գարդմանի, Փառիսոսի, Նոր Բերդի, Մածնաբերդի իշխանություններ)։ Դրանում բնակվող քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են Շամախիի և Արցախի լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը։ Տարածաշրջանի բնիկ բնակչությունն ուշ միջնադարում գերազանցապես կենտրոնացած էր Արցախի և Տավուշի միջնամասում կենտրոնացած մի քանի գյուղերում՝ այստեղ հաստատված կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղերի՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմենների, օղուզների և զանազան թյուրքալեզու գերդաստանների զանգվածային թափանցման պատճառով։ Մեկ այլ պատճառ էր գավառի չընդգրկվելը Վրաց, ապա՝ Քարթլիի (ավելի ուշ՝ Քարթլի-Կախեթի) թագավորությունների կազմ՝ ի տարբերություն Տուչքատակի և Աղվեի։
18-րդ դարի կեսին Գանձակի խանության հիմնումից հետո հայերն աստիճանաբար հեռանում են ոչ միայն վերոհիշյալ գավառների դաշտային հատվածներից, այլև երբեմն լեռնային հատվածներից։ 1770-ական թվականներին ամբողջությամբ հայափաթվում է Գետաբեկի շրջանը, և միայն գերմանացիների վերաբնակեցումից ու տեղում լեռնային արդյունաբերության հիմնադրումից հետո՝ մեկ դար անց, որոշակի հայ բնակչություն է հաստատվում միայն մեկ բնակավայրում՝ Գետաբեկում։ Ինչ վերաբերում է Շամքորի շրջանին, ապա այնտեղ 20-րդ դարի սկզբին գոյություն ուներ միայն վեց խոշոր գյուղ՝ Բադա (1672), Բարսում (1343), Գառնակեր (1313), Նուկզար (790) Չարդախլու (1422) և Ջագիր (932)։ Որոշակի հայ բնակչություն կար նաև Աննենդֆելդում (Շամքոր)։ Գարդմանում, բացի մի քանի տասնյակ թյուրքալեզու գյուղերից, եղել են նաև մի քանի ռուսական, այդ թվում՝ մեկ ուղղափառ բնակիչներ ունեցող գյուղ, ինչպես նաև մեկ այլ գերմանական ավան՝ Գեորգսֆելդը, և մեկ վրացական գյուղ։
Գարդման գավառի նշանավոր վայրերից է հայ մատենագիրների կողմից հիշատակված Գետաբակք բերդը, Գարդման բերդը, Չարեք բերդը, ինչպես նաև Չարեք վանքը և Գարդման վանքը։
Գարդմանում է գտնվում մի հայտնի պղնձահանք, որն գտնվում է այժմյա Գետաբեկ քաղաքի տեղը։ Այս պղնձահանքերի շահագործումն ունի հնագույն պատմություն- բայց նրա մասին հիշատակությունները հաճախակի են դառնում միայն 10-13-րդ դարերում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.