From Wikipedia, the free encyclopedia
Աղվանից եկեղեցի. Հայաստանյայց առաքելական եկեղեցու մի թևը։ Սկզբնապես ընդգրկել է միայն բուն Աղվանքի, իսկ V դարից՝ նաև Աղվանքին միացված հայկական Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը։ 552-ին հիմնվել է Աղվանից կաթողիկոսությունը՝ ներառնելով արևելյան Անդրկովկասի բոլոր թեմերը և գոյատևել մինչև 1815 թ.։
Աղվանից եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Աղվանք |
Մասն է | Արևելյան ուղղափառ եկեղեցիներ |
Շուրջ 500-ին Աղվանից կաթողիկոսությունը ընդգրկել է հետևյալ եպիսկոպոսական թեմերը.
Աղվանքում առաջին անգամ քրիստոնեությունը փորձել է տարածել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախի թեմի առաջնորդ և Ամարասի եպիսկոպոս Գրիգորիսը, որը 338-ին նահատակվել է Մազքթաց Արշակունի թագավոր Սանեսանի կարգադրությամբ։ Հայ քարոզիչների ջանքերով, ի վերջո, քրիստոնեությունը տարածվել է բուն Աղվանքում և դարձել պաշտոնական կրոն, որն ամրապնդվել է Մեսրոպ Մաշտոցի ջանքերով աղվանական գրերի ստեղծմամբ (415-420)։ Աղվանից եկեղեցու եպիսկոպոսության աթոռանիստ կենտրոններն են եղել Կապաղակը, Չողը, Շաքին։ Եպիսկոպոսներին ձեռնադրել է Հայոց կաթողիկոսը, ժամասացության լեզուն եղել է հայերենը։ Աղվանից մարզպանությունում քրիստոնեությանը վերջնականապես հաղթել է 5-րդ դարի վերջին, Աղվանքի թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի օրոք, երբ Աղվենի ժողովում սահմանվել են եկեղեցական կարգ ու կանոնները, առաջնորդների իրավունքներն ու պարտականությունները։ 6-րդ դարի սկզբին քաղկեդոնական դավանանքի դեմ պայքարում բուն Աղվանքի թեմերը սերտորեն համախմբվել են Հայոց եկեղեցու շուրջ, իսկ Դվինի 554 թվականի ժողովում վերջնականապես զատվել Բյուզանդական եկեղեցուց։ Դվինի 609 թվականի ժողովից հետո Աղվանից եկեղեցու հոգևոր պետը կոչվել է Աղվանից կաթողիկոս։
Արաբական տիրապետության հաստատումից հետո Արևելյան Անդրկովկասի անդրկուրյան գավառներում սկսվել է աղվանական ցեղերի բռնի մահմեդականացում։ Արդեն ուշ միջնադարում բուն Աղվանքում զգալիորեն նոսրացել էին միաբնակ եկեղեցու կենտրոնները։
Աղվանից եկեղեցու հոգևոր պետի աթոռանիստը տարբեր ժամանակներում դարձել են Պարտավը, Բերդակուրը, Խամշի վանքը, Գանձակը, իսկ XIII դարի վերջից՝ Արցախի Գանձասար վանքը։
Կաթողիկոսական գահն անցել է Հասան-Ջալալյանների իշխանական տանը։ Աղվանից կաթողիկոսությունն այնուհետև կոչվել է Գանձասարի կաթողիկոսություն, որը ենթարկվում էր Էջմիածնի Հայոց կաթողիկոսին։ Գանձասարը փաստորեն դարձել է նաև Արցախի մելիքությունների հոգևոր և քաղաքական կենտրոնը։ XVII դարի կեսից մինչև XVIII դարի վերջը Գանձասարի կաթողիկոսն ունեցել է իր հակաթոռը (Խաչենի Երիցմանկանց վանքում)։ 1815-ին ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է, ենթակա հատվածներում ստեղծվել են Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա առաջնորդական երկու թեմ և մեկ հաջորդական վիճակ։ Առաջին առաջնորդական թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են Վարանդա, Խաչեն, Դիզակ, Բերդաձոր, Ջրաբերդ, Գյուլիստան, Լանքարան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան և Արեշ գավառները, երկրորդի մեջ (Շամախի կենտրոնով)՝ Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Սալյանի և հարևան մյուս գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Թիֆլիսի կոնսիստորիային անմիջաբար ենթակա հաջորդական վիճակին (Գանձակ կենտրոնով) ենթարկվում էին Գարդման, Փառիսոս և Զավե գավառները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 262)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.