Remove ads

Արամի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունով։ Զուգահեռ է Փավստոս Բուզանդի փողոցին։

Արագ փաստեր Ցարսկայա փողոց (1837-1919)Արամ Մանուկյան փողոց (1919-1921) Սպանդարյան փողոց (1921-1991), Քաղաք ...
Ցարսկայա փողոց (1837-1919)
Արամ Մանուկյան փողոց (1919-1921)
Սպանդարյան փողոց (1921-1991)
Thumb
Արամի փողոցը 1922 թվականին
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն1,65 կմ
Լայնություն10
ՍկիզբԽանջյան փողոց
ԱվարտՄաշտոցի պողոտա
Փակել
Remove ads

Տվյալներ

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով[1]։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։

Պատմություն

Thumb
Ցարսկայա փողոցը մինչև 1919 թվականը

Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թվականին՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թվականին հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։

Փողոցը բացվել է 1837 թվականին և անվանվել Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, ով այդ նույն տարում այցելում է Երևան և մի քանի օր ապրում Կոնդի ամենաբարձր կետում գտնվող տներից մեկում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Դաշնակցական կառավարության տարիներին փողոցը կոչվում է Ազատության փողոց։ 1919 թվականին, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թվականին կոմունիստները վերանվանել են փողոցը Սուրեն Սպանդարյանի անունով։ 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց։

Արամի փողոցը սկսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետնամասից՝ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտից և ձգվում մինչև Սարյանի փողոց։ Սակայն այսօր այն ընդլայնվել է և Գլխավոր պողոտայից՝ Կառավարական 3 շենքի մոտից հասնում է մինչև Խանջյան փողոց։

Thumb
Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը

Երբ Գորբաչովի կառավարման շրջանում սկսվեց կոոպերատիվ շարժումը, Արամի փողոցի սկզբնամասում բացվեցին Երևանի առաջին կոոպերատիվ խանութները։ Այդ հատվածը ամբողջությամբ կառուցապատված է եղել 19-րդ դարի հին սեփական տներով։ Մինչև 1988 թվականն այդ տների բնակիչների մեծ մասը ադրբեջանցիներ էին։

Այդ սեփական տների կողքին մինչև 2000-ական թվականները դեպի Աբովյան փողոց դուրս եկող հատվածում եղել է կարմիր փայտե պատշգամբով մի տուն, որը մինչև 19-րդ դարի սկզբին պատկանել է Երևանի ճանաչված դատավոր Քրիստափոր Տեր-Ղազարյանին։

Նույն հատվածում՝ դիմացի մայթին են գտնվում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի ու Միջին արևելքի արվեստի թանգարանները։ 1906 թվականին հենց այդ տարածքից է սկսվել Երևանի արական գիմնազիայի շենքի կառուցումը, որը ֆինանսավորել է հայ մեծ բարերար, նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։ Այն ամբողջությամբ կառուցված էր սև տուֆից և բազալտից։ Թանգարանների այժմյան շենքը վերակառուցվել է Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով։

Thumb
Սիլ պլազայի շենքը Արամի-Աբովյան խաչմերուկում, որտեղ նախկինում եղել է Արշակ Տեր-Զախարյանի և Նահապետ Տեր-Հարությունյանի եկամտաբեր տան պատկերը։

Արամի և Աբովյան փողոցի հատման կետում է գտնվում Արամի 3 շենքը։ Այն կառուցվել է 1870-1880 թվականներին Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից։ Շենքը նախկինում ունեցել է ընդամենը մեկ հարկ։ Այնտեղ գտնվել են նրա խանութները։ Խորհրդային տարիներին շենքը հայտնի էր իր գրախանութով։ Տարիներ անց գրախանութը փակվեց, իսկ 1996 թվականին շենքը սկսվեց վերանորոգվել։ Շենքի վերանորոգումից հետո այնտեղ նախատեսվում էր կրկին գրախանութ բացել, իսկ երկրորդ հարկում՝ պատկերասրահ։ Սակայն որոշվեց տարածքը կրկին հատկացնել խանութների։ Հետաքրքրական է, որ այսօրվա շենքը նախկինում Մելիք-Օհանջանյանի կառուցած շենքը չէ։ Ճարտարապետները վերակառուցելով այդ շենքը, որոշել էին վերակառուցել ոչ թե Մելիք-Օհանջանյանի, այլ 1900 թվականին Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցված Արշակ Տեր-Զախարյանի և Նահապետ Տեր-Հարությունյանի եկամտաբեր տան պատկերը, որը գտնվել է Աստաֆյան և Նազարովյան փողոցների անկյունում։ Քանդվել է 1920 թվականին։ Այսօր այդ վերանորոգված շենքում է գործում Սիլ գրուպն ու Ադիդաս սպորտային հագուստի և պարագաների խանութը[2]։

Thumb
Հայֆիլմի շենքը

Դիմացի մայթում է գտնվել Մանկական աշխարհ հանրախանութի շենքը, որի ճարտարապետներն են եղել Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանն ու Գևորգ Քոչարը։ Այն կառուցվել է 1935-1937 թվականներին։ Առաջին հարկում գործել են մանկական բաժինները, որտեղ վաճառվել են խաղալիքներ, հագուստ, կոշիկներ, գործել է ապակեղենի բաժին, երկրորդ հարկում եղել է սրճարան, երրորդ հարկում վաճառել են կտորեղեն։ Շենքը վերակառուցվել է 2002-2003 թվականներին։

Արամի 7 հասցեում է գտնվում Փանոս Սողոմոնյանի բնակելի տունը։ Այն կառուցվել է 1882 թվականին[3]։

Արամի 9 հասցեում է գտնվում Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը։ Շենքը կառուցվել է 1906 թվականին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Սկզբում այն պատկանել է արքունի խորհրդական, հաշտարար, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին։

1917 թվականի դեկտեմբերին, երբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, նախկինում Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան, Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրում է այն ժամանակ Ցարսկայա փողոցում գտնվող իր բնակարանը։ Այսպիսով, Արամ Մանուկյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է այս շենք։ 1918 թվականին նա հանդիպում է հայկական որբանոցի բժշկուհի Կատարինե Զալյանին, շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այս շենքում։

Արամ Մանուկյանն այստեղ ապրեց 1 տարուց քիչ ավելի՝ 1917-1919 թվականներին։ Նա մահացավ 1919 թվականի հունվարին՝ ծանր հիվանդությունից։

Thumb
Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տան լուսամուտն ու զարդաքանդակները

Այս տանն է ապրել իր ընտանիքի հետ ՀԽՍՀ ժողավրդական արտիստ, Արտեմի Այվազյանի պետական ջազ նվագախմբի անդամ, պարող և պարուսույց Գևորգ Օրդոյանը։

Այս տանն է ապրել հայ անվանի ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, գիտության վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանը՝ իր ընտանիքի հետ։

2005 թվականից շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է[4]։

Ֆադեյ Քալանթարյանի տնից քիչ վերև եղել է մի հագուստի արտել, որը գործել է 1940-ական թվականներից։ Արտելի դուռը նկարազարդված է եղել կնոջ ու տղամարդու այն ժամանակի համար նորաոճ հագուստով։

Արամի փողոցում են գտնվել Թադևոսյանների, Հախնազարյանների, Ասլանյանների, Վարդանյանների, Գյոզալյանների տները, որոնցից ընդամենը մի քանիսն է այսօր կանգուն։

Թադևոսյանները եղել են Երևանի մեծահարուստ ընտանիքներից մեկը։ Նրանք Արամի փողոցի վրա ունեցել են երեք բնակելի շենք։ Առաջինը պատկանել է Խաչատուր Թադևոսյանին (գտնվել է Արամի 34 հասցեում), երկրորդը՝ Գեղամ Թադևոսյանին (գտնվել է Արամի 36 հասցեում) և երրորդը՝ Ֆադեյ Թադևոսյանին (գտնվում է Արամի 44 հասցեում)[3]։ Չնայած որ բոլորն էլ ներառված են Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսօր կանգուն է միայն Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը։ Գեղամ Թադևոսյանի շենքը գտնվել է Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տնից քիչ վերև՝ դիմացի մայթին։ Այդ շենքի հետնաբակում է գտնվել նաև Թադևոսյանների երշիկեղենի գործարանը։ Հետագայում Նույն շենքում 1920-1929 թվականներին ապրել է սովետական պետական և քաղաքական գործիչ Ասքանազ Մռավյանը։ 2000 թվականին շենքը համարակալվեց և ապամոնտաժվեց[3]։

Նախկինում Արամի փողոցում է գտնվել Հայաստանում Վրաստանի դեսպանատունը։ Այսօր այն տեղակայված է Բաբայան փողոցում։

Արամի և Տերյան փողոցի անկյունում գտնվող աղյուսե շենքը 1923 թվականից պատկանել է Հայֆիլմ կինոստուդիային։ Այստեղ են ստեղծագործել Համո Բեկնազարյանը, Արտաշես Հայ-Արտյանը, Լևոն Իսահակյանը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Գրիգորի Մելիք-Ավագյանը, Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը և այլք։ Երբ 1978 թվականին կառուցվեց նոր շենքը, կինոստուդիան տեղափոխվեց։ Շենքի տարածքում նկարահանվել է Տժվժիկ ֆիլմը։ Այդ նույն տարածքի տներից մեկում է ապրել նաև Նիկոլ Թեհմուրազյանը, Երևանի առաջին պիոներական շրջիկ փողային նվագախմբի հիմնադիրը[2]։

Արամի 44 հասցեում է գտնվում մեծահարուստ Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը։ 1910-ականների կառուցված այս շենքը պատկանել է Երևանում ալյուրի մատակարարմամբ զբաղվող գործարար և մեծահարուստ Ֆադեյ Իվանի Թադևոսյանին։ 1921 թվականին հայ մեծանուն կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը այս շենքում բացեց երաժշտական ստուդիա։ Այդ ստուդիայի հիման վրա էլ 1923 թվականին հիմնվեց Երևանի պետական կոնսերվատորիան։ Այն գործեց մինչև 1930 թվականը, հետո տեղափոխվեց Հանրապետության 37 շենք և կրկին վերադարձավ այս շենք՝ գործելով մինչև 1948 թվական։ Այստեղ են ուսուցանել Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Նիկողայոս Տիգրանյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Կոնստանտին Սարաջևը և շատ ուրիշներ։ Ավելի ուշ այս շենքում է գործել հայկական պետական մանկավարժական հեռակա ինստիտուտը[2]։

Thumb
Կառավարական երրորդ շենքը Գլխավոր պողոտայից, 2015 թ.

Այսօր այդ շենքում է գործում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը։

Շենքի դիմացի մայթին՝ Արամի 23 հասցեում է գտնվում Զարմայր Անդրեասյանի կողմից նախագծված և սև տուֆից կառուցված շենքը։ Այսօր այդ շենքում է գործում Հայ Փոքրիկ Երգիչներ միջազգային ասոցիացիան։

Արամի փողոցի և Եզնիկ Կողբացու փողոցի խաչմերուկում՝ Արամի 29 հասցեում գործում է խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի խաչքարների մշակման արհեստանոցը։

Արհեստանոցի դիմաց եղել է տուֆից կառուցված և 160 տարվա պատմություն ունեցող մի շենք, որտեղ մինչև 2000-ականները գործել է Վետերան մանկավարժների ակումբը։

Արամի 54 հասցեում է գտնվում Բանկի շենքը։ 1902 թվականին Վասիլի Միրզոյանի և Նիկոլայ Կիտկինի նախագծով կառուցված այս շինությունը ի սկզբանե երկհարկանի է եղել։ Շենքում գործել է Պետական բանկի երևանյան մասնաճյուղը։ 1918-1920 թվականներին շենքում գործել է Հայաստանի առաջին Հանրապետության պետական բանկը, իսկ խորհրդային տարիներին շենքը եղել է ֆինանսների ժողկոմատի տրամադրության տակ։ Շենքը վերակառուցվել է 1934 թվականին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և ավելացվել երրորդ հարկը, ինչպես նաև Եզնիկ Կողբացու փողոցի վրա գտնվող շենքի երկրորդ թևը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բանկի շենքը դարձավ հոսպիտալ, իսկ հետո՝ հիվանդանոց։ Այսօր այստեղ է տեղակայված №2 բուժմիավորման հիվանդանոցն ու կլինիկան[2]։

Քիչ վերև՝ Արամի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում է գտնվող շենքում է գործում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, որը կրում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ Պարթև Մարգարյանի անունը։ Վերջինս 1942 թվականից 24 տարի շարունակ եղել է ինստիտուտի տնօրենը։ Կառուցվել է 1931-1938 թվականներին՝ ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի և Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։ Խորհրդային տարիներին այդ շենքում ստեղծվեց Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որն անվանախոչվել էր Նադեժդա Կրուպսկայայի անունով։

Ժամանակին Արամի փողոցի հատում էր Մաշտոցի պողոտան և ձգվում մինչև Սարյան փողոց։ 2014 թվականին Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց ձգվող զուգահեռ փողոցներն անվանափոխվեցին պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունով։ Չնայած այդ որոշմանը, այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մոտից մինչև Սարյանի փողոց ձգվող հատվածը շարունակվում է կոչվել Արամի փողոց (տես Կարեն Դեմիրճյան փողոց (Երևան)

Thumb
Վերնիսաժը Գլխավոր պողոտայում

Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից Գլխավոր պողոտայի երկայնքով մինչև Խանջյան փողոցը ձգվող հատվածում է գտնվում Կառավարական 3 շենքը, որտեղ տարիներ շարունակ տեղակայված են եղել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության, Բնապահպանության, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների (2016 թվականից՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն) և Քաղաքաշինության (2016 թվականից՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե) նախարարությունները[5]։ 2016 թվականին, երբ Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվեց կառավարության նոր շենքը, մի քանի նախարարություն տեղափոխվեցին նոր շենք, մի մասն էլ այլ վայրերից տեղափոխվեցին Կառավարական 3 շենք[6]։ 2002 թվականից այս շենքում է գործում նաև Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը և Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը։ Վերջինս շինարարական աշխատանքների պատճառով 2008 թվականին Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքից տեղափոխվեց այստեղ՝ հետ վերադառնալու պայմանով[7]։

Շենքին կից գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանը։ Այն շահագործման է հանձնվել 1981 թվականի դեկտեմբերի 26-ին։ Կայարանի, վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրների (ներառյալ շատրվաններն ու զարդաքանդակները) հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, ում նախագծով կայարանի վերգետնյա հատվածը պետք է դառնար թանգարան բաց երկնքի տակ։

Արամի և Խանջյան փողոցների խաչմերուկում է գտնվում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը։ Այն կառուցվել է 1980 թվականին և սկզբում կոչվել Կինոյի տուն։ Հետագայում 1988 թվականին վերանվանվել է և կոչվել հիմնադրի՝ Հենրիկ Մալյանի անունով[8]։

Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից մինչև Խանջյան փողոց է ձգվում Գլխավոր պողոտան։ Դրա մի հատվածը 2015 թվականին վերանորոգվել և արդիականացվել է։ 2016 թվականի մայիսի 25-ին այստեղ տեղադրվել է հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը[9]։ Այստեղ է գործում նաև Վերնիսաժը, որի տարածքը ևս գտնվում է արդիականացման և բարեկարգման փուլում[10]։

Remove ads

Նշանակալի օբյեկտներ

Պատկերասրահ

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads