Սպիրիդոն Ավետիսի Մելիքյան (նոյեմբերի 18 (30), 1880[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 4, 1933(1933-05-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, խմբավար։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն

Սպիրիդոն Մելիքյանը ծնվել է 1880 թվականին դեկտեմբերի 1-ին (հին տոմարով նոյեմբերի 18-ին) Վաղարշապատում, ուսուցչի ընտանիքում։ Վաղ մանկության տարիներին զրկվել է ծնողներից, ապրել հորեղբոր և մորեղբոր խնամքի տակ։ Տասներեք տարեկան հասակում դարձել է Գևորգյան ճեմարանի սան և իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանանացել ճեմարանի երգեցողության ուսուցչի ու խմբավարի՝ մեծ Կոմիտասի ուշադրությանը։ 1902 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանը, եղել է Կոմիտասի աշակերտը և օգնականը[2]։

Այդ տարիների մասին Սպիրիդոնի ընկերներից մեկը՝ մանկավարժ Սիմակ Սահակյանը հետևյալն է գրել.

Սպիրիդոն Մելիքյանին ճանաչում էի 1895 թվականից, երբ նույն դասարանի աշակերտներ էինք Գևորգյան ճեմարանում։ Ապիրիդոնը լիքը մարմնով, միշահասակ, լայնաթիկտափակ դեմքով մի պատանի էր։ Ես և Սպիրիդոնը մտերիմ Էինք, լավ էինք հասկանում միմյանց։ Ես թեև անմշակ, բայց կոպիտ և ուժեղ ձայն ունեի, իսկ Սպիրիդոնը շատ մեղմ, դուրեկան և քնքուշ ձայն ուներ։ նա թե՛ ազգային-ժողովբդական երգեր, թե՛ շարականներ, շատ լավ էր երգում և 5-րդ դասարանից սկսած դասապետ էր, այսինքն աշակերտական այն խմբի ղեկավարը, որ եկեղեցու մի դասում երգում էր եկեղեցական բոլոր երգերը։ Զարմանալի համեստ ու րնկերասեր էր նա, աշխատասեր, համբերատար։ Նրա աշխարհը երգն ու երաժշտությունն Էր։ 1899 թվականին, երբ արտասահմանից վերադարձավ Կոմիտասը, մեր Սպիրիդոնի աստղը պայծառացավ, ոչ միայն նրա, այլ ամենքս հասկացանք, որ մեր ընկերը մեծ շնորհքի տեր է և ապագա աչքի ընկնող երաժիշտ[3]։

1905-1908 թվականներին սովորել է Բեռլինի Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է երաժշտության տեսություն, խմբավարություն, մշակել ձայնը։

1908-1909 թվականներին որպես երգեցողության ուսուցիչ-խմբավար աշխատել է Շուշիի թեմական դպրոցում, իսկ 1909-1921 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Հանդես է եկել հրապարակախոսական դասախոսություններով։

Գործունեություն

1921 թվականից աշխատել է Հայաստանի դպրոցներում, 1924-1933 թվականներին` Երևանի կոնսերվատորիայում` որպես տեսական առարկաների դասախոս, խմբավար։ Զբաղվել է երգերի հավաքմամբ[4]։

1930-1933 թվականներին նշանակվել է կոնսերվատորիայի ռեկտոր։

1925 թվականից եղել է ՀԽՍՀ Գիտությունների և արվեստի ինստիտուտի անդամ։

Thumb
Սպիրիդոն Մելիքյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերով, հայտնի է ժողովրդական երգերի ինքնատիպ մշակումներով։ Հեղինակել է երաժշտագիտական աշխատություններ, ինչպես նաև ժողովրդական երգերի հավաքածուներ։ Նրա «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935), «Շիրակի երգեր» (1914) և «Հայ ժողովրդական երգեր և պարեր» (1949-1952) աշխատություններն անգնահատելի դեր են ունեցել հայ երաժշտության տարածման գործում։ 1931 թվականին հրատարակել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածուն», որը հեղինակի հանձնարարությամբ արտագրել էր 1904 թվականին և որի բնագիրը համարվում էր կորած։

Խորհրդային տարիներին ՀԽՍՀ տարբեր շրջաններում Մելիքյանի կատարած ազգագրական գրառումները հրատարակվել են նրա մահից հետո՝ երկու հատորից բաղկացած «Հայ ժողովրդական երգեր և պարեր» ժողովածուում (1949 և 1952), Մ. Աղայանի խմբագրությամբ։ Այս ժողովածուն, որ պարունակում է 533 գրառում, լայն պատկերացում է տալիս 1920-ական թվականներին հայկական կենցաղում պահպանված գեղջկական երաժշտական ֆոլկլորի մասին։ Ժողովածուում ներկայացված են ժողովրդական երգարվեստի հիմնական ժանրերը՝ աշխատանքային, ծիսական, հարսանեկան, վիպական, սիրային-լիրիկական, օրորոցային և այլ բնույթի երգեր, բազմազան պարերգեր, գործիքային երաժշտության արժեքավոր նմուշներ (ծանր գյոնդի տարբեր տիպեր, քոչարիներ և այլն), աշուղական հին ու նոր եղանակներ։ Ժողովածուի նյութերի մեջ շատ ուշագրավ են սասունցիների հինավուրց և ինքնատիպ պարերգերն ու պարեղանակները։

Պարգևներ

1933 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը[5]։

Մահ

Մահացել է 1933 թվականին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.