հայ դիրիժոր, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1871[2], Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 7, 1928[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մեծ կոմպոզիտոր, ում անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1926:
Ալեքսանդր Սպենդիարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1871 նոյեմբերի 1 Տավրիկյան նահանգ Դնեպրովյան գավառ Ռուսական կայսրություն Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 7 մայիսի 1928 56) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] | (տարիքը
Գերեզման | Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմը |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար |
Գործիքներ | դաշնամուր, ջութակ |
Գործունեություն | 1901 - 1928 |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սիմֆերոպոլի գիմնազիա |
Պարգևներ | |
Alexander Spendiaryan Վիքիպահեստում |
Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա բնակավայրում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի Կարապետի Սելինյան) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էր մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր՝ հորինված յոթ տարեկանում։
1877 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Մայրը նրա համար դաշնամուրի ուսուցչուհի է հրավիում։ Սպենդիարյանն արդեն վարժ կարդում էր նոտաները, սակայն մեկ տարի անց նա հրաժարվում է դաշնամուրի դասերից, քանի որ չէր սիրում գամմաներ ու վարժություններ նվագել։ 1882 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընդունվում է Սիմֆերոպոլի դասական գիմնազիա, երգում աշակերտական երգչախմբում։ Տասնչորս տարեկանում սովորում է ջութակ նվագել և հրապուրվում այս գործիքով։ Իսկ ավագ եղբայրը՝ Լեոնիդը, թավջութակ էր նվագում։ 1888 թ. Սպենդիարյանը գրում է մի ռոմանս, որը նրա առաջին տպագրված ստեղծագործությունն էր. «Հմայված եմ քո գեղեցկությամբ» ռոմանսը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի առաջին սեր Ելիզավետա Արենդտին։ 1890 թ. Սպենդիարյանն ավարտում է գիմնազիան և հոր հետ ճամփորդում՝ լինելով Վիեննայի օպերային թատրոնում։
1890 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը հոր խորհրդով ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան՝ նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նա, որպես կոնցերտմայստեր, նվագում է Նիկոլայ Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում՝ շարունակելով ջութակի դասերը Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկու մոտ։ Ուսանողական նվագախմբի դիրիժոր Նիկոլայ Կլենովսկին, լսելով Սպենդիարյանի ստեղծագործությունները, նրան խորհուրդ է տալիս լրջորեն ուսումնասիրել կոմպոզիցիայի տեսություն, և Ալեքսանդր Սպենդիարյանը հենց նրան էլ ընտրում է որպես առաջին ուսուցիչ։ Նույն համալսարանում էր սովորում նաև Սպենդիարյանի եղբայրը՝ Լեոնիդը, ով դարձավ հայտնի երկրաբան։ Մոսկվայում Սպենդիարյան եղբայրներն հաղորդակից էին հայկական մշակույթին, մտերիմ էին մոսկվաբնակ հայ մտավորականության հետ։ Նրանք հաճախ էին մասնակցում Ներսես Ներսեսովի և Սերգեյ Շահինյանի տանը կազմակերվող երեկույթներին։ 1894 թ. այդպիսի հավաքույթներից մեկի ժամանակ Ալեքսանդր Սպենդիարյանը ծանոթանում է Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Լսելով նրա «Ա˜յ վարդ» բանաստեղծությունը՝ Սպենդիարյանը գրում է համանուն ռոմանս։ Այն կոմպոզիտորի առաջին ստեղծագործությունն էր՝ գրված հայ գրողի բանաստեղծության հիման վրա։ 1895 թ. Սպենդիարյանն ավարտում է իր ուսումը և մեկնում Պետերբուրգ։ Երկու տարի անց՝ 1897 թ., հանձնելով ավարտական քննությունները՝ ստանում է իրավաբանի առաջին կարգի դիպլոմ՝ կյանքի ընքացքում այդպես էլ չզբաղվելով այդ մասնագիտությամբ։
1895 թ. ջութակահար Հովհաննես Նալբանդյանի միջնորդությամբ հանդիպում է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին և ներկայացնում իր ստեղծագործություններից մի քանիսը։ Ռուս կոմպոզիտորը համաձայնում է դառնալ Սպենդիարյանի կոմպոզիցիայի տեսության ուսուցիչը։ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը մեծապես հավանում էր նրա երաժշտությունը և խրախուսում ավելի խորանալ հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Նրա օգնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանը բարեկամական ու ստեղծագործական կապեր է հաստատում ռուսական երաժշտարվեստի անվանիների հետ։ 1900 թ.՝ ավարտելով ուսումը, գրում է իր առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով սիրելի ուսուցչին։
1901 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը տեղափոխվում է Յալթա՝ ամուսնանալով վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդ Սպենդիարյանի այրու՝ Վարվառա Մազիրովայի հետ։ Կոմպոզիտորի հայրը որդու ընտանիքին է նվիրում առանձնատուն, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր։ Սպենդիարյանների տունը շուտով դառնում է Յալթայի մշակութային կենտրոնը։ Այստեղ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երեկույթներ, որոնց ներկա էին լինում Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը, Անտոն Արենսկին, Ֆյոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Իլյա Ռեպինը։ Յալթայում կոմպոզիտորը ծավալում է ակտիվ հասարակական, մշակութային, խմբավարական, բարեգործական ու ստեղծագործական գործունեություն. հիմնում երաժշտական դպրոցներ, սիրողական երգչախումբ, կազմակերպում համերգներ, գլխավորում Յալթայի Հայկական բարեգործական ընկերությունը։
1916 թ. վաճառելով Յալթայի առանձնատունը՝ Սպենդիարյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակ՝ ապրելու իր ամառանոցում։ Նույն տարում հրավեր ստանալով Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերությունից՝ կոմպոզիտորը մեկնում է Թիֆլիս, ելույթ ունենում համերգներով ու արժանանում է տեղի հայերի ջերմ ընդունելությանը։ Թիֆլիսում կոմպոզիտորը լսում և գրառում է արևելյան մեղեդիներ, որոնք հետագայում օգտագործում է իր ստեղծագործություններում։ Այստեղ տեղի է ունենում Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հանդիպումը, որի ընթացքում էլ կոմպոզիտորի մոտ ծնվում է օպերա գրելու գաղափարը։ Օպերայի սյուժեի հիմք է ընտրվում «Թմկաբերդի առումը» պոեմը։ Վերադառնալով Սուդակ՝ նա ձեռնամուխ է լինում «Ալմաստ» օպերայի ստեղծմանը։ Նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի և հեղափոխության դժվարին տարիներին Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական, բարեգործական ու մշակութային գործունեություն։
Սպենդիարյանը այն հայ մտավորակնների շարքում էր, ովքեր Հայաստանի իշխանությունների հրավերով տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին հայրենիքում։ Կոմպոզիտորը Հայաստան եկավ 1924 թ.՝ իր հայրենիքում նախաձեռնելով երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նրա ջանքերով ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։ Հայաստանում կոմպոզիտորը ծավալեց նաև մանկավարժական գործունեություն՝ իր հարուստ փորձը փոխանցելով նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին։ Հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Սպենդիարյանին 1926 թ. շնորհվեց Ժողովրդական արտիստի կոչում։ Նա առաջին երաժիշտն էր, որն արժանացավ այդ բարձր բարգևին[3]։
Կոմպոզիտորի մոտ հայտնաբերվում է թոքերի սուր բորբոքում, որի հետևանքով 1928 թ.. մայիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանը մահանում է՝ «թոքերի կրուպոզային բորբոքում» ախտորոշմամբ։ Նրա ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի աճյունն ամփոփվեց Ժողտանը (ներկայիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում։ Նրա մահից մի քանի տարի անց՝ 1933 թ. հունվարի 20-ին, «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թ.-ից կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը։
Ալեքսանդր Սպենդիարյանի անունն իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, անընկճելի երաժշտահասարակական գործիչ, երիտասարդներ կրթող նրբանկատ մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և մասնավորապես ռուսական դասական երաժշտության ավանդույթներով՝ ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական /իրատեսական/ ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է քառասունից ավելի երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերա-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, մեկ օպերայից, երկու մելոդեկլամացիաներից, մի քանի խմբերգերից ու վոկալ անսամբլներից։ Սպենդիարյանի գրչին են պատկանում մեծ քանակությամբ ժողովրդական երգերի մշակումներ՝ հայկական, ռուսական, ուկրաինական, թաթարական (Ղրիմի)։ Սպենդիարյանի ինքնատիպ երաժշտական ոճը դրսևորվեց արևելյան թեմաներով գրված ստեղծագործություններում։ Այդ մասին կոմպոզիտորը հետևյալն է գրում. «Հետադարձ հայացք ձգելով այն ամենին, ինչ գրել եմ մինչ օրս, կարելի է այն եզրակացությանը գալ, որ… իմ ստեղծագործություններից առավել անհատական են արևելյան ոճի ստեղծագործությունները»։ Լինելով նոր ռուսական երաժշտական դպրոցի ՝«Հզոր խմբակի» հետևորդը, Սպենդիարյանը հակվեց ծրագրային երաժշտությանը, որին բնորոշ են վառ կերպարայնությունը, երաժշտական լեզվի գունեղությունը, անմիջականությունն ու հուզականությունը։ Դեռևս Սիմֆերոպոլի գիմնազիայում ուսանելու տարիներին երիտասարդ Սպենդիարյանը գրում է իր առաջին ստեղծագործությունները։ Ստեղծագործական առաջին փորձերի թվում կային նաև հերոսական երգերի մշակումներ ջութակի և դաշնամուրի համար, զինվորական քայլերգեր, ինչպես նաև մի շարք հայկական ազգային մեղեդիների մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ «Գացեք տեսեք», «Ջան գյուլում» և այլն։ 1890-ական թթ. Սպենդիարյանը ստեղծեց մեծ քանակությամբ երգեր և ռոմանսներ, որոնք հագեցած էին լուսավոր, անհոգ քնարականությամբ, մեղեդայնությամբ, պարզ ու մատչելի երաժշտական կառուցվածքով։ Դրանցում արտացոլվեց ռուսական կենցաղային երգերի և ռոմանսների անմիջական ազդեցությունը։ 1900 թ. ավարտելով ուսումնառությունը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մոտ՝ Սպենդիարյանը սկսեց իր որոնումները ստեղծագործական նոր արտահայտչաձևերում, ինչպես նաև երաժշտա-հասարակական գործունեության բազմակողմանի դրսևորումներում։ Այս ժամանակահատվածում Ալեքսանդր Սպենդիարյանն ակտիվ տարվեց երաժշտա-հասարակական, դիրիժորական և կոմպոզիտորական գործունեությամբ՝ նպաստելով Ղրիմի համերգային կյանքի և երաժշտական կրթության զարգացման գործին։ 1900-1917 թթ. Սպենդիարյանը գրեց իր խոշորակտավ ստեղծագործությունների մեծ մասը. «Ղրիմյան էսքիզներ»-ի երկու սերիաները (1903 թ. և 1912 թ.) «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (1905 թ.), մելոդեկլամացիաներ՝ «Մենք կհանգստանանք» (ըստ Չեխովի «Քեռի Վանյայի» պիեսից Սոնյայի մենախոսության, 1910 թ.) և «Էդելվեյս» (ըստ Մ. Գորկու, 1911 թ.), վոկալ անսամբլներ՝ «Պաղեստինի ոստը» (1901 թ.), «Չհնձած արտը» (1902 թ.), «Վլադիմիր Ստասովի հիշատակին» կանտատը (1907 թ.), «Բեդա Քարոզիչ» լեգենդը (1907 թ.), «Ձկնորսն ու փերին» բալլադը (1902 թ.) և այլն։ Ակտիվ էին նրա շփումները տարբեր երաժշտա-հասարակական կազմակերպությունների հետ։ Դրանց թվում էին Ղրիմի, Խարկովի, Օդեսայի, Մոսկվայի, Թբիլիսիի, Նախիջևանի, Բաքվի երաժշտա-հասարակական կազմակերպությունները, տպարանները, երգչախմբային և նվագախմբային միությունները, ուսումնական հաստատությունները և այլն։ Շատ լայն էին Սպենդիարյանի ստեղծագործական շփումները մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես ռուս, այնպես էլ հայազգի արվեստագետների հետ՝ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով, Լև Տոլստոյ, Ալեքսանդր Գլազունով, Բորիս Ասաֆև, Միխայիլ Գնեսին, Սերգեյ Վասիլենկո, Եվգենյա Զբրուևա, Ֆելիքս Բլյումենֆելդ, Նիկոլայ Չերեպնին, Նիկոլայ Ամանի, Սերգեյ Մերկուրով, Եվգենյա Մռավինա, Ալեքսանդր Ծատուրյան, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Հովհաննես Նալբանդյան և այլն։ Այդ մասին են վկայում նրա նամակագրական կապերը և ժամանակակիցների հուշերը կոմպոզիտորի մասին։ Սպենդիարյանի ստեղծագործական կյանքում բեկումնային եղավ 1916 թ. նրա այցը Թիֆլիս, որտեղ նա ծանոթացավ Հովհաննես Թումանյանի հետ և «Թմկաբերդի առումը» պոեմով ոգեշնչված՝ գրեց իր «Ալմաստ» օպերան։ Թիֆլիսում նաև կազմակերպվեցին կոմպոզիտորի հեղինակային համերգները, որից ստացված հասույթը Սպենդիարյանը տրամադրեց 1915 թ. ջարդերից տուժված հայերին։ Անընկճելի եռանդով Սպենդիարյանը շարունակեց իր գործը նաև հայրենիքում։ 1924 թ. գալով Երևան՝ նա ձեռնամուխ եղավ հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը, որի անդրանիկ համերգը կայացավ 1924 թ. դեկտեմբերի 10-ին։ Սպենդիարյանը մանկավարժի և կոմպոզիտորի իր հմտությունները հաղորդեց երիտասարդ կոլեգաներին և ուսանողներին։ Հետաքրքիր մտքեր և ծրագրեր առաջարկեց երաժշտական հրատարակություն, օպերային թատրոն, ֆիլհարմոնիա ունենալու մասին, որոնք կոմպոզիտորի մահից տարիներ հետո դարձան իրականություն։ 1925 թ. Երևանում նա գրեց իր վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Երևանյան էտյուդները», որը նվիրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբին։ 1926 թ. մեծ շուքով նշեցին կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25-ամյա հոբելյանը, նույն թվականին նա ստացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի և Պետկոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչումները։ Սպենդիարյանի համար կարևոր նշանակություն ուներ 1927 թ. օպերային դասարանի հրապարակային ելույթը, որին կոմպոզիտորը մեծ նշանակություն էր տալիս. «Զարյա Վոստոկա» թերթում կոմպոզիտորը գրեց. «Մայիսի 18-ին հայկական օպերայի հիմքը դրվեց»։ 1928 թ. Հայաստանում, ինչպես նաև ողջ Խորհրդային միությունում նշվում էր Մաքսիմ Գորկիի ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Հոբելյանական այդ համերգը ղեկավարում էր Սպենդիարյանը։ Դա կոմպոզիտորի վերջին ելույթն էր։ 1928 թ. մայիսի 7-ին նա կնքեց իր մահկանացուն։
«Չհնձած արտը». էլեգիա՝ խառը երգչախմբի և բաս-մեներգչի համար՝ նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Նիկոլայ Նեկրասովի, Op.8, 1902 թ.)
«Վլադիմիր Ստասովի հիշատակին». կանտատ երգչախմբի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ (խոսք՝ Վ. Լիխաչովի, Op.16, 1907 թ.)
«Փառքդ մեծ՜, օ՛ր մայիսի». երգ-հիմն խառը երգչախմբի համար նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, 1917 թ.)
«Ուկրաինական սյուիտ». ուկրաինական ժողովրդական երգերի մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ նվագախմբի նվագակցությամբ (1921 թ.)
Ուկրաինական ժողովրդական երգերի մշակումներ (1919-1922 թթ.)
Ռուսական ժողովրդական երգերի մշակումներ (1919-1922 թթ.)
ա) Երկձեռք դաշնամուրի համար
բ) Քառաձեռն դաշնամուրի համար
գ) Ջութակի և դաշնամուրի համար
դ) Թավջութակի և դաշնամուրի համար
դ) Կլարնետի և դաշնամուրի համար
ե) Գործիքային անսաբլներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.