From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Գնեսին (ռուս.՝ Михаи́л Гне́син, հունվարի 21 (փետրվարի 2), 1883[1], Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 5, 1957[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս և սովետական կոմպոզիտոր, մանկավարժ և պրոֆեսոր, երաժշտական-հասարակական գործիչ։ ՌԽՖՍՀ վաստակավոր գործիչ (1927), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1946)։ Ծագումով հրեա, ով իր աշխատանքային գործունեության համար ստացել է «Հրեական Գլինկա» անունը[5]։
Միխայիլ Գնեսին | |
---|---|
Բնօրինակ անուն | Գնեսին Միխայիլ Ֆաբիանի |
Ծնվել է | 1883 հունվարի 21 Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 5, 1957 74) Մոսկվա, ԽՍՀՄ | (տարիքը
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Միխայիլ Գնեսինը ծնվել է 1883 թվականի հունվարի 21-ին (փետրվարի 2-ին) Ռուսական կայսրության Դոնի Ռոստով քաղաքում, րաբբին Ֆաբիան Գնեսինի և Բելլա Ֆլետզինգերի ընտանիքում[6][7]։ Գնեսինների զավակներից յուրաքանչյուրն ուներ երաժշտական յուրահատուկ տաղանդ, և Միխայիլի երեք ավագ քույրերը՝ Եվգենիան, Ելենան ու Մարիան, շքանշաններով ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան՝ հիմնադրեցին Գնեսինների պետական երաժշտական քոլեջը (ներկայիս՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան), որը դարձավ Մոսկվայի էլիտար երաժշտական դպրոցներից մեկը[8]։
Միխայիլը վաղ հասակից սովորեց ջութակ նվագել, բավական լավ երգում էր, սկսեց երաժշտություն գրելու առաջին փորձերը։ Նա ընդամենը 8 տարեկան էր, երբ գրեց իր առաջին ստեղծագործությունը[9]։ 1892-1899 թվականներին ուսանեց Ռոստովի տեխնիկական ինստիտուտում։ Ավարտելուց հետո 16-ամյա պատանին ընդունվեց Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ նրան ուսուցանում էին Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, Ալեքսանդր Գլազունովը և Անատոլի Լյադովը։
1905 թվականին ակտիվ մասնակցություն ունենալով ուսանողների դասադուլին՝ կապված հունվարի 9-ի աշխատանքային հանրահավաքի կրակոցների հետ՝ հեռացվեց կոնսերվատորիայից։ Այլ ուսանողների հետ միասին վերականգնվեց հաջորդ տարում։ Նրանց մեծ աջակցություն ցույց տվեցին դասախոսները, որոնք ի նշան բողոքի լքեցին կոնսերվատորիան[10]։ 1908 թվականին նրա Վրուբելն արժանացավ Գլինկա մրցանակի։ Նույն տարում նա Լազար Սամինսկու և այլոց հետ հիմնադրեց Հրեական ազգային երաժշտության միությունը։ Այս շրջանում Գնեսինը շարունակում էր սոցիալական գործունեությունը, երաժշտություն էր դասավանդում գործարանների բանվորական ակումբների անդամներին։
Գնեսինի վաղ ստեղծագործությունների շարքին է դասվում «սիմֆոնիկ հատվածը» (Op. 4)՝ Շելլիի «Ազատագրված Պրոմեթեոս» պոեմի մոտիվներով։ Սակայն նրա այդ շրջանի և հետագա ստեղծագործությունների մեծ մասը կապվում էր հրեական ավանդական երաժշտական ոճերի հետ, որոնք մեծ տարածում ստացան Ռուսաստանում[11]։
1911 թվականին Գնեսինն ուսանեց Բեռլինում և Փարիզում։ Այնուհետև նա 1912-1913 թվականներին Պետերբուրգում ուսանեց Վսևոլոդ Մեյերխոլդի ստուդիայում։ 1913 թվականին Մեյերխոլդը փոքրիկ թատերական դպրոց բացեց, որտեղ դասավանդում էին թատրոնի պատմություն, կատակերգություն, բեմական շարժուձև և գործնական երաժշտություն ու խոսք։ Վերջինս դասավանդում էր Գնեսինը[12]։
Նույն տարում ավելի ուշ Գնեսինը վերադարձավ Ռոստով, որտեղ շարունակեց դասավանդել և մնաց մինչև 1923 թվականը։
Արևելքի երաժշտության նկատմամբ հետաքրքրությունից ելնելով նա այցելեց Պաղեստին և այլ երկրներ[13]։
Հեղափոխությունից հետո Գնեսինի երաժշտությունը մեծ զարգացում ապրեց։ Ավանդական հրեական արվեստը, այդ թվում՝ երաժշտությունը, ծաղկում էր ապրում, և հրեական ազգային երաժշտության դպրոցը խրախուսվում էր խորհրդային նոր կառավարության կողմից[14]։ Այս շրջանում Գնեսինը ստեղծեց մի քանի աշխատանքներ, այդ թվում՝ Երգեր հին երկրից (1919), Մակավեյներ (1921), Աբրահամի երիտասարդությունը (1923), Էջեր երգ երգոցից (1919), Հրեական նվագախումբը դատական կատարողների պարահանդեսին (1926); Պատմություն խարտյաշ Մոթելեի մասին (1929); Հրեական տասը երգ (1927)[15]:
1921 թվականին երկրորդ անգամ այցելելով Պաղեստին՝ Գնեսինը մի քանի ամիս մեկուսացավ Բաբ-ալ-Վադի լեռներում, որտեղ գրեց Աբրահամի երիտասարդությունը օպերայի առաջին գործողությունը[16]։
Նրա մանկավարժական կարիերան նույնպես ծաղկում էր։ 1923-1935 թվականներին Գնեսինը դասավանդում էր Գնեսինների անվան ինստիտուտում։ Միաժամանակ նա 1925-1936 թվականներին կոմպոզիցիայի պրոֆեսոր էր Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1945 թվականին նա դարաձվ Գնեսինների անվան ինստիտուտի ղեկավար։
Հրեական ծագումով այլ արվեստագետներին նման Գնեսինը ևս բախվեց 1930-ականների խտրականություններին։ Նա ստիպված էր հրաժարվել իր առաջադիմական հայացքներից և «ակնհայտ հրեական» թեմաներով երաժշտության նկատմամբ հետաքրքրությունից[17]։ Տուժեց նաև նրա մանկավարժական գործունեությունը։ Այդ ամենի արդյունքում էր, որ նրա ստեղծագործությունները բեղմնավոր չէին 1935 թվականից հետո։
Գնեսինն իր աշակերտների թվին էր դասում Արամ Խաչատրյանին և ռուս կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովին[18]։
Միխայիլ Ֆաբիանովիչ Գնեսինը վախճանվեց 1957 թվականի մայիսի 5-ին։ Նա թաղված է Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատանը։
Մինչև հեղափոխությունը Միխայիլ Գնեսինի ստեղծագործությունները մոտ էին սիմվոլիզմի մշակութային ուղղության գործիչների ստեղծագործություններին։ Նրա կողմից ստեղծվեցին վոկալ գործեր Բալմոնտի և Սոլոգուբի բանաստեղծությունների, «Վրուբելն» սիմֆոնիկ դիֆերամբը Վալերի Բրյուսովի բանաստեղծությունների, երաժշտություն Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ստեղծագործությունների հիման վրա։
Գնեսինի 1910-1920 թվականների ստեղծագործություններում խիստ արտահայտված են հրեական մոտիվները։ Այդ շրջանի ստեղծագործությունների շարքին են դասվում Աբրահամի երիտասարդությունը օպերան (1923), Էջեր երգ երգոցից (1919), Պատմություն խարտյաշ Մոթելեի մասին, «Բար-Կողբա» օպերան, որն անավարտ մնաց։
1920-ական թվականների կեսերին, ԽՍՀՄ ազգերի ազգային երաժշտությամբ ոգեշնչված, Գնեսինը ստեղծում է «1905-1917» (1925) սիմֆոնիա-հուշարձանը։
Կոմպոզիտորի ուշ շրջանի ստեղծագործությունների շարքին են դասվում «Կարմիր բանակի» կանտատը, «Մեր զոհված երեխաների հիշատակին» տրիոն, որոնք երկուսն էլ գրվել են 1943 թվականին։ 1941 թվականին Գնեսինը գրեց «Գործնական կոմպոզիցիայի սկզբնական դասընթաց» ձեռնարկը, 1956 թվականին՝ «Մտքեր և հիշողություններ Ռիմսկի-Կորսակովի մասին» գիրքը, 1961 թվականին՝ հոդվածներ, հիշողություններ, նյութեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.