Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Ազատության հրապարակի, Մաշտոցի ու Սայաթ-Նովայի պողոտաների միջնամասում։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն | |
---|---|
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը | |
Տեսակ | օպերային թատրոն |
Տնօրեն | Կարեն Դուրգարյան |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Երևան, Թումանյան 54 |
Հիմնադրման ամսաթիվ | 1932, օգոստոսի 5 |
Անվանված է | Ալեքսանդր Սպենդիարյանի պատվին |
Նախկին անվանումներ | Ժողտուն |
Ճարտարապետ | Ալեքսանդր Թամանյան |
Կայք | opera.am |
Opera house of Yerevan Վիքիպահեստում |
Շինարարության սկիզբը
1926 թվականի հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն՝ թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։
Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ազգային արվեստին։
Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով, Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ըստ ծրագրի, համալիրը պետք է ներառեր ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները՝ թատրոն 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենյակներ, բուֆետ։ Ճարտարապետական ոճը համապատասխանում էր այն տարիներին կրկին զարգացում ապրող կլասսիցիզմին՝ հայկական ճարտարապետական ավանդույթների հետ միաձուլված։
Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երևանի գլխավոր հատակագծով։ Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երևանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, այն օրերին Ստեփան Ալավերդյանի անունը կրող փողոցից (այժմ՝ Թումանյան փողոց) հյուսիս՝ այգիների մեջ։
Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր շենքի համար նախատեսված հողամասի հետ կապված երեք հարց՝ սեփականատերերից այգիների օտարումը, Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը, Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։
Հողակտորների օտարումը սկսվում է 1926 թվականի նոյեմբերին։ Ամենամեծ այգիների տերերն էին Բաշիրով եղբայրները, Ջանիբեկով եղբայրները եւ Պետրոսյան եղբայրները[1]։ Նրանց հետ բանակցելու ու խնդիրը ներկայացնելու համար գալիս էր անձամբ Թամանյանը։ Ջանիբեկովներին Կարապի լճի տարածքում գտնվող իրենց տան ու մեծ այգու դիմաց տրամադրվել է մի բնակարան ապագայում Աղասի Խանջյանի անունը ստացած փողոցի 41 շենքում[2]։ Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում՝ 1929 թվականին, հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն՝ իր օժանդակ սենյակներով։
Ամենացավոտ հարցը Գեթսեմանի մատուռի հարցն էր։ Գեթսեմանը, ըստ Նոր կտակարանի, ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր 1679 թվականի երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում։ Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ և անգմբեթ։ Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929 թվականին քանդում են և քարերը հատ-հատ համարակալում։ Սակայն ֆինանսավորումն ուշացնելու և հուշարձանի նոր տեղի հարցը չլուծելու պատճառով վերականգնումն անընդհատ հետաձգվում է, իսկ 1932 թվականին Թամանյանը հեռացվում է Ժողովրդական տան կառուցման ղեկավար պաշտոնից, իսկ նոր ղեկավար Աշոտ Մելիք-Մարտիրոսյանի որոշմամբ մատուռի քարերն օգտագործվում են Բայրոնի փողոցում Աշխատավորների տուն կառուցելու համար։ Գեթսեմանի մատուռը այդպես էլ չի վերականգնվում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաև շրջապատի գերեզմանոցը՝ 17-18-րդ դարերի տապանաքարերով։[փա՞ստ]
1931 թվականի օգոստոսի 26-ի նամակով Թամանյանը դիմում է ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի հեղինակ պրոֆեսոր Լիֆշիցին, հրավիրելով մասնակցել Ժողտան նախագծմանը։ Ռեժիսոր Ն. Բոգոլյուբովի խորհրդով, Թամանյանը 1934 թվականի օգոստոսին մասնագետ է գործուղում Օդեսա՝ հակահրդեհային և այլ հարցերի հետ ծանոթանալու։ Բեմատակի մեխանիզմների նախագծման համար, նույն Բոգոլյուբովի խորհրդով, հրավիրվում է ինժեներ Ս. Վ. Իվանով-Գրդինան, որն աշխատանքը կատարելու համար խումբ է կազմում Թբիլիսիում։
1939 թվականին Ժողտան Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է օպերային թատրոնին։
Շինարարության ավարտ
Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։
1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով[3]։
Վերանորոգում
Տասնամյակների ընթացքում շենքի ներքին հարդարանքը հնացել էր, կորցրել իր փայլը և չէր համապատասխանում արտաքին շքեղ տեսքին։ Բացի այդ շենքն անավարտ էր և թամանյանական նախագծի մի շարք մտահղացումներ ժամանակին չէին իրականացվել։ Հետագայում՝ 1978 թվականին, Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ սկսվեց օպերայի շենքի վերակառուցումը, որն իրականացվեց Ալեքսանդր Թամանյանի որդու՝ Գևորգ Թամանյանի գլխավորությամբ։ Հիմնովին վերակառուցված օպերայի թատրոնն ու ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը[4]։
Վերակառուցումը հանձնարարված էր «Երարդշին» տրեստին, որը ղեկավարում էր նշանավոր շինարար Լևոն Շահբազյանը։ Ստեղծագործական խմբում աշխատում էին Հուլիոս և Գայանե Թամանյանները, Ղուկաս Չուբարը, Ռուզան Ներսիսյանը, Հրանտ Յոլյանը և ճանաչված այլ մասնագետներ։ Աշխատանքները համակարգում էր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը։ Նրա մի շարք նորամուծությունները կիրառվեցին վերակառուցման ընթացքում։ Այդ վերանորոգումով մի շարք էական փոփոխություններ մտցվեցին նախագծի մեջ։ Ճեմասրահների պատերը երեսեցին Աղվերանի բաց գույնի մարմարով։ Վերին մեծ պատշգամբը բաժանվեց երկու յարուսի, նվագախմբի անշարժ նստավայրը դարձավ շարժական, փոխվեցին դռները և տեղադրվեցին պորտալային դռներ։ Բեմի վարագույրը՝ Գրիգոր Խանջյանի ձևավորումով ներկայացված մի քանի տարբերակից, ընտրվեց անձամբ Կարեն Դեմիրճյանի կողմից[4][5]։
Ազգային մշակույթի կարևորագույն օջախներից մեկի վերակառուցման աշխատանքները բարձր որակով կատարելու համար շինարարների կոլեկտիվի անդամներն արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի։ Շքեղորեն վերակառուցված թատրոնը վերաբացվեց 1980 թ. նոյեմբերի 28-ին՝ ՀԽՍՀ կազմավորման 60-ամյակի առթիվ։ Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ[4]։
Բեմադրված օպերաները և բալետներ
- Գաետանո Դոնիցետտի «Պողիկտոս» (օպերա)
- Գաետանո Դոնիցետտի «Լյուչիա դի Լամերմուր»
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»
- Շառլ Գունոյի «Ֆաուստ»
- Ժորժ Բիզեի «Կարմեն»
- Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»
- Արամ Խաչատրյանի «Գայանե»
- Հարո Ստեփանյանի «Քաջ Նազար», «Լուսաբացին»
- Արմեն Տիգրանյանի «Անուշ»
Դոնիցետտի «Սիրո ըմպելիք» Պուչչինի «Տուրանդոտ» Պուչչինի «Մադամ Բալերֆլայ» Վերդի «Աիդա» Վերդի «Տրավիատա»
Այլ փաստեր
Նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից։ 2002 թվականին կատարվել են վերանորոգման աշխատանքներ[6][6]։
1939 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով[7][8]։
Հայտնի անձինք
- Արշակ Բուրջալյան (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադիրներից մեկը, 1933-1938 թթ թատրոնի գլխավոր ռեժիսորը)
- Ռոմանոս Մելիքյան (թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը)
- Տիգրան Լևոնյան
- Գեղամ Գրիգորյան
- Կոնստանտին Օրբելյան Կրտսեր
- Կարեն Դուրգարյան
Դիրիժորներ
- Գեորգի Բուդաղյան
- Կոնստանտին Սարաջև
- Ռուբեն Ստեփանյան
- Միքայել Թավրիզյան (1938-1957 թթ գլխավոր դիրիժոր)
- Սուրեն Չարեկյան
- Օհան Դուրյան
- Հակոբ Ոսկանյան
Ռեժիսորներ
Բեմանկարիչներ
Բալետի դերասաններ
- Լյուբով Վոյնովա-Շիկանյան
- Ռ. Թավրիզյան
- Ս. Սարգսյան
- Զ. Մուրադյան
- Գեորգի Գևորգյան
Պատկերասրահ
Պատմական լուսանկարներ
- Շենքի հատակագիծը
- Օպերայի շենքը՝ 1951 թվականին
Ժամանակակից լուսանկարներ
- Օպերային թատրոնի շենքը՝ Ազատության հրապարակի կողմից
- Օպերային թատրոնի շենքը՝ գիշերը
- Օպերային թատրոնի շենքը՝ Կասկադից
- Օպերային թատրոնի շենքը գիշերով՝ Կասկադի կողմից
- Արամ Խաչատրյանի համերգասրահ
- Արամ Խաչատրյանի հուշարձանը՝ Օպերային թատրոնի շենքի դիմաց
- Օպերային թատրոնի շենքի խոյակները
- Օպերային թատրոնի շենքի զարդաքանդակները
Նամականիշեր
- Նամականիշ, 1979 թվական
- Նամականիշ, 1990 թվական
- Նամականիշ, 2018 թվական
Գրականություն
- Театр оперы и балета Армении. Сб. статей, М., 1939;
- Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX и XX вв., М., 1959
- Тигранов Г., Армянский музыкальный театр. Ер., т. 1, 1956, т. II, 1960
- Барсамян А., «Алмаст» А. Спендиарова, М., 1959
- Тигранов Г., Балеты А. Хачатуряна, М., 1960
Ծանոթություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.