Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա և տարածքների օկուպացիա Ադրբեջանի կողմից, որն սկսել է 2021 թվականի մայիսի 12-ին[34]։ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և դիրքավորվել[35]։ Հայաստանը խնդրի լուծման հարցով ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից[36] և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, սակայն ՀԱՊԿ-ի դեպքում համարժեք պատասխան չի ստացել, իսկ Ռուսաստանը առաջարկել է կատարել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) | |||||||||||
Սև լիճը, որն այս գործողության արդյունքում մասամբ օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հայաստան | Ադրբեջան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Նիկոլ Փաշինյան (Հայաստանի վարչապետ [Ն 1]) Վաղարշակ Հարությունյան (Հայաստանի պաշտպանության նախարար մինչև հուլիսի 20-ը) |
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) Զաքիր Հասանով (Ադրբեջանի պաշտպանության նախարար) Քարիմ Վալիև (Ադրբեջանի ԳՇ պետ) Քերեմ Մուսթաֆաև (Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար) | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Անհայտ | Մոտ 1000 զինծառայող[5]։ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Առնվազն 436 սպանված զինծառայող[6][7][8][9][10][11][12] 328 վիրավոր զինծառայող [13][14][15][16][17][18] 38 գերեվարված զինծառայող[19] (20-ը հետո ազատ են արձակվել)[20][21] 1 վնասնված ռազմական բեռնատար[22] |
Առնվազն 283 սպանված զինծառայող[23][24][9][25][26][27][28] 296 վիրավոր զինծառայող[29][30][31][32] | ||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||
22+ սպանված ոչ ռազմական անձ (International Crisis Group)[33]։ |
Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել Ֆրանսիան՝ հայտնելով, որ պատրաստ է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ[37], Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հնդկաստանը Ադրբեջանին կոչ են արել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից[38], իսկ Ռուսաստանը կարևորել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին՝ հրադադարի պահպանման անհրաժեշտությունը[39]։
Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման համար տեղի են ունեցել մի քանի բանակցություններ, որոնք Ադրբեջանի հետ վարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը[40]։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չեն տվել։
Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում զոհվել է 1 պայմանագրային զինծառայող, կան վիրավորներ[41]։ Ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել են նաև Հայաստանի ԶՈւ 6 զինծառայողի։
Ճգնաժամը էլ ավելի սրվեց հուլիսին, երբ Հայաստան-Նախիջևան սահմանին, բախումներ տեղի ունեցան։ Այնուհետև բախումները տարածվեցին Գեղարքունիքի մարզ-Քարվաճառ շրջանում, երկու կողմից էլ զոհերի մասին տեղեկություններ ստացվեցին։
2021 թվականի նոյեմբերի 15-ին Ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածքը նաև երկրի արևելյան տեղամասերից մեկում և գրավել ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրք[42][43]։
Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք ներխուժել է 4 հատվածում՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածը 2020 թվականի հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ, Վերին Շորժա, և մի շարք այլ գյուղերի ուղղությամբ 2021 թվականի մայիսին, Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ և Վերինշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատվածում, հիմնականում՝ Սև լճի տարածքը և Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը 2022 թվականի մարտին[44]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո հակահայկականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանում։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հայտնելով, որ իրենք ետ կվերադառնան «իրենց պատմական հայրենիք»՝ Սյունիք և Սևան, որոնք ըստ նրա պատկանում են 103-ամյա Ադրբեջանի Հանրապետությանը։ 2021 թվականի ապրիլին արված հայտարարությունում Ալիևը սպառնացել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի խաղաղ ճանապարհով միջանցք տրամադրել Սյունիքի միջով Նախիջևանից դեպի Ադրբեջան, ապա նա կանի դա ուժի կիրառման միջոցով։
Համաձայն 1974 թվականի դեկտեմբերի 14-ի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ընդունած ագրեսիայի մասին N3314 բանաձևի առաջին հոդվածի՝ ագրեսիան պետության կողմից առաջինը զինված ուժի կիրառումն է, որն ուղղված է մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ։
2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր[45]՝ մոտենալով Վերիշեն և Ակներ բնակավայրերին[46]։ Ըստ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ ռազմական ներխուժումից հետո ադրբեջանցի զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշեն բնակավայրի հովիվին[47]։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույն օրը հայտնել է, որ Ադրբեջանը պարզապես փորձել է սահմանային աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզում, հայկական կողմի պատասխան միջոցառումներից հետո հետո այդ աշխատանքները դադարեցրել են[48], իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, ադրբեջանցիները առաջ չեն եկել, նրանք պարզապես մոլորվել են[49]։ Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ իրականում եղել է դիվերսիոն ներթափանցում, իսկ իրավիճակը գնահատել է առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային[50]։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում[51]։
Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ[52]։
Իրավիճակի կարգավորման հարցով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար[53]։
Մայիսի 15-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուսանկար հրապարակեց՝ գրելով, որ այդ օրը պատգամավորների և Սյունիքի մարզպետի հետ գնացել էին Սև լիճ[54]։ Մայիսի 16-ին վերսկսել են բանակցությունները, որը կոորդինացրել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը[55]։ Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ստեղծված իրադրության մեջ փոփոխություններ չեն արձանագրվել[56]։
Հաջորդ բանակցությունը նախատեսված էին մայիսի 19-ին[57], սակայն ՀՀ ՊՆ-ն այդ օրը հայտնեց, որ ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին[58]։ Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Հայաստանի տարածքում կան մոտ 500-600 զինված ադրբեջանցիներ, իսկ իրադրությունը մնում է լարված[59], իսկ երեկոյան ԱԺ արտահերթ նիստում նա հայտարարեց, որ սահմանի ողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը նախորդ օրը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է գյուղի բնակիչների մի մասի, այդ թվում՝ երեխաներին տարհանումը[60]։ Օրվա երկրորդ կեսին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ մայիսի 20-ի առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել Խոզնավար ներխուժած ադրբեջանցի զինվորականների և ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև[61], ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ[62]։
Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը[63], կան վիրավորներ։
Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի[64]։
2021 թվականի մայիսի 28-ին՝ ԵՄ խոսնակ Փիտեր Ատանոն կոչ է արել ապաԷսկալացման և երկու կողմերին իրենց ուժերը տանել մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերին և ձեռնամուխ լինել դելիմիտացիայի և սահմանազատման շուրջ բանակցություններին, պատրաստակամություն հայտնել օգնել սահմանազատման հարցում։ ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին, ազատ արձակել պատերազմի բոլոր գերիներին, ձերբակալվածներին ու ողջունում է լարվածության նվազմանն ուղղված բոլոր ջանքերը[65]։
Հուլիսի 6-ի Աղդամի շրջանի միջադեպից հետո՝ հուլիսի 7-15-ը հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև բախումներ տեղի ունեցան՝ Թովուզի, Գետաբեկի, Նախիջևանի և Շուշիի շրջաններում[66][67]։ Հուլիսի 14-ին, հայկական ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որը հրահրում է բախումներ։ Նախարարությունը հավելեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, ականանետերի ու նռնակների օգտագործմամբ, որի արդյունքում զոհվել է հայկական զինվոր[7][68] և վիրավորվել է Երասխի համայնքապետը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանցի զինվորական է վիրավորվել Հեյդարաբադի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում[30], և հավելեց, որ երկու երկրների պետական սահմանի երկայնքով լարվածության ստեղծման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Հայաստանի վրա[69]։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ ուշ հաղորդեց, որ հայկական զորքերը կրակ են բացել Ջերմաջուրի՝ Քարվաճառում ու Աղդամում՝ Թովուզում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ[70]։ Հուլիսի 19-ին, հայկական կողմը հաղորդեց Երասխի մոտ տեղի ունեցած բախումների մասին[71]։
2021 թվականի հուլիսի 22-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգեզուրի (Սյունիքի) վերաբերյալ ևս մեկ հայտարարություն է արեց, ասելով, որ դա իրենց տարածքն է։
2021 թվականի հուլիսի 23-ին՝ Ադրբեջանը հայտարարեց, որ իր զինվորներից մեկը սպանվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից՝ Քարվաճառի շրջանում, հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երեք հայ զինծառայողներ վիրավորվել են, երբ ադրբեջանական զորքերը կրակ են բացել Գեղարքունիքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի վրա[73]։
2021 թվականի հուլիսի 28-ին՝ երեք հայ զինծառայողներ սպանվեցին Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի զորքերի հետ նոր բախման արդյունքում, ևս չորսը վիրավորվեցին։ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման մեջ։ Ադրբեջանը հայտնեց փոխհրաձգության արդյունքում երկու վիրավորի մասին[31]։
Հուլիսի 29-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերը խախտել են հրադադարը ու օգտագործելով ավտոմատներ ու նռնականետեր[74]։ Հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը[75], բայց Ադրբեջանը հերքեց հրադադարի խախտումը[76]։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց հայ զինվոր[17]։
Հուլիսի 31-ին՝ հայկական կողմը ադրբեջանական զորքերը գնդակոծել են նյութատեխնիկական ապահովման ավտոմեքենան, որը պարենամթերք էր հասցնում Երասխում հայ զինվորականների դիրքերին։ Արդյունքում՝ ավտոմեքենան լրջորեն վնասվել է։
2021 թվականի օգոստոսի 13-ին՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդեցին սահմանային հրետանային ռմբակոծությունների մասին։ Հայկական ՊՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի հատվածում կրակ են բացելհայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, միաժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի ու Գադաբայի շրջանների ուղղությամբ[77]։
2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ևս երկու հայ զինվոր սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Վահան Թաթոսյանը զոհվեց դիպուկահարի կրակոցից․ ժամը 09:50-ին, Երասխում, այն ժամանակ երբ Արման Հակոբյանը սպանվեց Գեղարքունիքում ժամը 18:10-ին[78][79]։
2021 թվականի օգոստոսի 17-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ևս մեկ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծության արդյունքում[80]։
2021 թվականի օգոստոսի 27-ին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Կութ գյուղը․ «Տարեցներն ու երեխաները կրակոցների ժամանակ գտնվել են բակում։ Այդ ժամանակ տանը նույնպես երեխաներ կային։ Օգոստոսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում՝ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով խաղաղ բնակչությանը», հաղորդեց Արման Թաթոյանը[81][82]։
2021 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ևս մեկ հայ զինծառայող սպանվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից[83] Գեղամ Սահակյանը սպանվեց դիպուկահարի կրակոցից 11:10 րոպեին՝ Երասխում[84]։
2021 թվականի հոկտեմբերի 9-ին՝ հայ զինծառայող Միսակ Խաչատրյանը վիրավորվեց հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում[85] Դա հերքեց Ադրբեջանը[86]։
2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանցի զինվորը սպանվել է հայ դիպուկահարի կրակոցից[87]։
2021 թվականի հոկտեմբերի 15-ին և 16-ին ադրբեջանական ուժերը գնդակոծեցին Երասխ գյուղը, որի արդյունքում հրդեհվեց գյուղացիներին պատկանող ցանկատարություններ[88][89]։
2021 թվականի նոյեմբերի 8-ին, մեկ հայ քաղաքացի սպանվեց, ևս երեքը վիրավորվեցին ադրբեջանական զորքերի կողմից արձակված կրակի արդյունքում՝ Շուշիի շրջակայքում, ջրամատակարարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց միջադեպը և սկսել է հետաքննություն[90]։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը թվիթերյան իր էջում դատապարտեց հայ քաղաքացիական անձի սպանությունը[91][92]։
2021 թվականի նոյեմբերի 13-ին՝ միջադեպ տեղի ունեցավ Շուշիում։ Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ մի քաղաքացի պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը հաղորդում է 3 վիրավորի մասին[93]։
2021 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ օրը ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք արևելյան տեղամասերից մեկում։ Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարության՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչի հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նույնպես դուրս են բերվել այդ մարտական դիրքերից[43]։
2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներ են տեղի ունեցել[94]։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է չորս հայ զինծառայողի վիրավորվելու, ավելի ուշ՝ 1 նույնականացված զոհի, 12 գերեվարվածի՝ 7 պայմանագրային, 5 ժամկետային զինծառայողների մասին[95]։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է իր երկու զինծառայող[96]։
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցամաքային ականների գտնվելու վայրի մանրամասն նկարագրությամբ քարտեզների դիմաց ազատ արձակեց 10 հայ ռազմագերու։ Համաձայնությունը ձեռք բերվեց ռուսական կողմի միջնորդությամբ[97]։
Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ ադրբեջանցի զինվոր է սպանվել[25]։
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական զորքերի հետ բախումների հետևանքով հայ զինվոր է սպանվել[11]։
Դեկտեմբերի 18-ին Լաչինի մոտակայքում հայկական զորքերի կողմից գերեվարվեցին երկու ադրբեջանցի զինծառայողներ, ավելի ուշ նրանք ազատ արձակվեցին։
Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվեց երեք հայ և մեկ ադրբեջանցի զինծառայողներ[98][99][21]։
Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպեցին Բրյուսելում՝ խաղաղության վերաբերյալ բանակցություններ անցկացնելու նպատակով[100][101]։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանին տեղակայված ադրբեջանական ռազմական դիրքերը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքեց դա[102]։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ին Ադրբեջանը նախաձեռնեց չհիմնավորված ներխուժում Հայաստանի տարածք՝ հարձակվելով ընդհանուր սահմանի երկայնքով՝ 200 կմ (100 մղոն) տարածքով[103][104][105][106]: Ադրբեջանի հարձակումները գործեցին մինչև 40 կմ (25 մղոն) խորությամբ Հայաստանի տարածքում, 23 բնակավայրերի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում[107][108][109][110][111]։ Ադրբեջանական ուժերը հարձակվեցին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա Վարդենիսում, Գորիսում, Սոթքում, Ջերմուկում և այլ բնակավայրերում՝ օգտագործելով հրետանի, դրոններ և ծանր զենքեր[112][113][114][115][116]։ Առնվազն 105 հայ զինվոր և 71 ադրբեջանցի զինվորական զոհվեցին[117][118]։
Ադրբեջանը պնդեց, որ հայկական ուժերը կազմակերպել էին «լայնամասշտաբ դիվերսիոն գործողություններ»՝ օգտագործելով «դիվերսանտներ», որոնք ականներ էին տեղադրել[111][119][120][118] այս պնդումները տարածվեցին ներխուժումից հետո և կրկնվեցին նաև Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից։ Սակայն տարբեր լրագրողներ, քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ կասկածի տակ են դրել այս պնդումները՝ համարելով դրանք անհիմն կամ անապացույց[103][104][105][106][121][122][123]։ Հարավային Կովկասի փորձագետ և քաղաքական գիտնական Արկադի Դուբնովը նշեց, որ «սա համոզիչ չի թվում, և բոլորը հասկանում են, որ սա հորինված պատրվակ էր։ Ադրբեջանցի պաշտոնյաներից և ոչ մեկը որևէ ապացույց չի ներկայացրել, որը կհաստատի այս ներխուժումը»[124]։
Քաղաքական վերլուծաբան և Կովկասի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Թոմաս դե Վաալը նշեց, որ որոշ լրատվամիջոցներ մոլորության մեջ են գցել՝ մարտերը նկարագրելով որպես «սահմանային բախումներ» և անդրադարձել են վիճելի Լեռնային Ղարաբաղին, չնայած այն փաստին, որ «ոչ մի մարտ տեղի չի ունեցել Ղարաբաղում... կամ Ադրբեջանական տարածքում. ամեն ինչ եղել է Հայաստանի տարածքում»[125]։ Հայկական տարածքում գտնվող շուրջ 30 կամ 40 գյուղեր և քաղաքներ հարձակման են ենթարկվել՝ արդյունքում տեղահանվել է 7600 մարդ[126]։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, Ադրբեջանը օգտագործել է խոշոր տրամաչափի զենքեր, ինչպիսիք են «Գրադ» հրթիռային համակարգերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը[111]։ Ադրբեջանի նախագահ Ալիևը հետագայում հղում է կատարել ներխուժմանը՝ իր ելույթում անելով իռեդենտիստական հայտարարություններ հայկական տարածքների վերաբերյալ՝ հաստատելով, որ Ադրբեջանի ուժերը հիմա վերահսկում են ռազմավարական բարձունքներ այդ տարածքներում[127]. «Այս [2022 թվականի սեպտեմբեր] ռազմական գործողության արդյունքում մեր պատմական քաղաքներն այժմ մեր աչքի առաջ են տեսողական դիտարկման միջոցով»[128]։ Ադրբեջանի հարձակումներից հետո, երկրի ներսում կառավարամետ լրատվամիջոցները և հայտնի քաղաքական գործիչները կոչ արեցին ավելի շատ հայկական հողեր զավթել՝ պնդելով, որ անհրաժեշտ է «բուֆերային գոտի», որպեսզի կանխվեն «հայկական սադրանքները»։
2022 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։20-ին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել,[129] սակայն Ադրբեջանը հրապարակայնորեն չհաստատեց զինադադարը[129][106]։ Ռազմական գործողություններն ավարտվեցին նրանով, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի խորքում վերահսկողության տակ վերցրեցին նոր դիրքեր և առնվազն 7600 խաղաղ բնակիչ ստիպված եղավ լքել հայկական տարածքները[130][131]։
Ադրբեջանի՝ սեպտեմբերյան հարձակումների հետևանքով տարբեր օտարերկրյա դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, հրապարակեցին ուղևորությունների նախազգուշացումներ՝ չմեկնել Հայաստանի հարավային շրջաններ և Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներ, ներառյալ Սյունիքի, Վայոց ձորի մարզերը, ինչպես նաև Գեղարքունիքի հարավային հատվածները և Տավուշի որոշ մասերը[132]։
2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին՝ փորձելով լուծել երկար տարիներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և վերջերս ծագած Հայաստան-Ադրբեջան սահմանային ճգնաժամը։ Հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը համաձայնել են Եվրոպական Միության կողմից ղեկավարվող առաքելության տեղակայմանը, որը կտեղակայվեր իրենց ընդհանուր սահմանի հայկական կողմում՝ 2022 թվականի հոկտեմբերից սկսած և այն տևելու է երկու ամիս[133][134]։ Առաքելության նպատակն է «վստահություն ստեղծել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին՝ սահմանագծման ուղղությամբ»։ Հոկտեմբերի 12-ին՝ Ադրբեջանի հարձակումից մոտ մեկ ամիս անց, Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ տարվա վերջում խաղաղության պայմանագիր կկնքվի երկու երկրների միջև[135]։
Հայաստանի կառավարության խնդրանքով՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն նույնպես Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման առաքելություն։ ԵԱՀԿ-ն ուղարկել է միջազգային փորձագետների և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների խումբ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ սահմանային հատվածներում իրավիճակը գնահատելու համար[136]։
Հունվարի 23-ին Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) սկսեց իր աշխատանքը: Անվտանգության և պաշտպանական քաղաքականության ընդհանուր առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը, ակտիվ պարեկության և հաշվետվությունների իրականացմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք գլխավորում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:[137] EUMA-ի նախնական մանդատը նախատեսված է 2 տարի ժամկետով ՝ երկարաձգման հնարավորությամբ։
Տեղ գյուղում, որը Հայաստանի կողմից վերջին գյուղն է Լաչինի միջանցքից ադրբեջանական տարածք մտնելուց առաջ, բախումներ տեղի ունեցան, որի արդյունքում զոհվեց 7 մարդ [138][139]։ Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինվորները կրակում, երբ հայ զինվորները խրամատ են փորում սահմանի երկայնքով[140]։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, իսկ ադրբեջանական զորքերը, որոնք զբաղեցնում են հայկական կողմի դիրքերը շփման գծում, պետք է դուրս գան՝ կանխելու ապագա միջադեպերը և պահպանելու տևական խաղաղության հիմքերը տարածաշրջանում»[141]։
2023 թվականի մայիսին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում տեղի ունեցած քառօրյա լուրջ բանակցություններից հետո հայտարարեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն իրագործելի է»։ Բլինկենը հաստատեց, որ առաջընթաց է գրանցվել, և հույս հայտնեց, որ Ալիևն ու Փաշինյանը կկարողանան համաձայնության գալ 2023 թվականի հունիսին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի ժամանակ[142]։
ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները կշարունակվեն Բրյուսելում։ Կողմերի միջև միջնորդության գործընթացն ակտիվորեն խրախուսվում է արևմտյան ուժերի կողմից։ Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը նախատեսում են հանդիպել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որին կհաջորդի հանդիպում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ[143]։
Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ադրբեջանական և հայկական ուժերը հրետանային կրակներով փոխանակվեցին, որի արդյունքում առնվազն մեկ զինվոր զոհվեց, մի քանիսը՝ վիրավորվեցին[144]։ Կողմերը փոխանակցվեցին մեղադրանքներով[145][146]։ Լարվածությունն աճեց այն բանից հետո, երբ 2022 թվականին Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրեց ու շրջափակեց այն[145]։
Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ, եթե կողմերը չկարողանան հասնել մշտական խաղաղության, կա երրորդ պատերազմի հավանականություն[147]։
Սեպտեմբերի 3-ին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի համար ռազմավարական սխալ էր անվտանգության երաշխավորության համար ամբողջովին ապավինել Ռուսաստանին։ Փաշինյանը նշեց, որ «Ռուսաստանը չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը, և այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգության հարցերում մեկ գործընկերոջ վրա միայնակ հենվելը ռազմավարական սխալ է»։ Նա նաև զինադադարը չպահպանելու համար քննադատեց ռուս խաղաղապահներին և նշեց, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկանացնել իր անվտանգության պայմանավորվածությունները, հատկապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ[148]։
Սսեպտեմբերի 7-ին, կառավարության պաշտոնյաների հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմաններին ռազմական ուժերի կուտակման համար[149][150]։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի (Սյունիք) շրջակայքում սպանվեց չորս հայ զինվոր և մեկը վիրավորվեց։ Սա այն տարածքն է, որից Ադրբեջանը նախկինում տարածք էր զավթել 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումների ժամանակ։ Ադրբեջանը հայտարարեց, որ նախորդ օրը հայկական ուժերի կատարած «սադրանքին» ի պատասխան «ամբողջությամբ ոչնչացրել է» հայկական պաշտպանական դիրքը՝ իրականացնելով «վրեժխնդրության գործողություն» այն «սադրանքի» համար։ Հայաստանը հերքել է մեղադրանքները[151][152][153]։ Ադրբեջանն իր հարձակումն անվանել է «Վրեժի գործողություն»՝ անուն, որն այն օգտագործել է մի քանի նախորդ գործողությունների համար[154]։
2024 թվականի ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր կնքեցին, որով Հայաստանը Ադրբեջանին հանձնեց սահմանին գտնվող չորս լքված գյուղեր՝ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա), Խեյրիմլի և Ղըզըլհաջըլը[155]։ Այս չորս գյուղերը գտնվում էին Ադրբեջանի սահմանին և Հայաստանի կողմից վերահսկվում էին դեռևս Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ[156]։ Երկու երկրները համաձայնվեցին սահմանների սահմանազատումը իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը սահմանում էր նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանները։ Այս որոշումը բողոքի ալիք առաջացրեց Տավուշի մարզի հարևան գյուղերի բնակիչների շրջանում[157]։ Այս համաձայնագիրը ողջունվեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի կողմից[158]։ 2024 թվականի մայիսի 24-ին Ադրբեջանի պետական սահմապահ ծառայությունը իր վերահսկողության հաստատեց չորս գյուղերի վրա[159]։
Հայաստանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկությունները փոխանցեց Ադրբեջանին, որը ներառում էր 17 հոդվածներից 13-ը, իսկ մնացած հարցերը թողնվում են հետագա քննարկումների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց Հայաստանի առաջնահերթությունները՝ երկկողմ բանակցությունները, զինադադարի պահպանությունը և տարածաշրջանային համագործակցությունը՝ ընդգծելով, որ տարածքային ամբողջականությունը մնում է անքննարկելի[160]։
Google Maps[177], Open Street Map[178] և Յանդեքս․Քարտեզ[179] համակարգերի քարտեզներով Սև և Ջինլի լճերի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Bing Maps քարտեզով լճերն ամբողջությամբ ՀՀ տարածքում են[180]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.