Remove ads
ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից From Wikipedia, the free encyclopedia
Մելիքսեթ Արամի Պողոսյան (առավել հայտնի է Մելո անունով, օգոստոսի 31, 1960, Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ[1], Սյունիքի մարզպետ[2]։
Մելիքսեթ Արամի Պողոսյան | |
---|---|
օգոստոսի 31, 1960 (64 տարեկան) - | |
Ծննդավայր | Տեղ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 1988-2017 |
Կոչում | գնդապետ |
Հրամանատարն էր | «Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար |
Պաշտոն | Սյունիքի մարզպետ, Սյունիքի «Երկրապահ կամավորականների միության» ղեկավար |
Մարտեր/ պատերազմներ | Քառօրյա պատերազմ, «Թուրուսի խութի» գրավում, Լաչինի ազատագրում, Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրում |
Պարգևներ |
Մելիքսեթ Պողոսյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում՝ 1967-1977 թվականներին։ 1992թ․ ընդունվել և 1996թ․ ավարտել է Գորիսի «Սյունիք» համալսարանը՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում։ Այնուհետև զորակոչվել է կարմիր բանակ, ծառայությունը Խորհրդային բանակում անց է կացրել Հունգարիայում, եղել է տանկիստ[3]։
Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է գյուղի պաշտպանությանը։ 1989 թվականին նա միավորել է Տեղ գյուղի կամավորական ջոկատները և ստեղծել «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը և կամավորների կողմից ընտրվել ջոկատի հրամանատար։ «Մելիք-Բարխուդար» ջոկատը 1989-1990 թվականներին նրա գլխավորությամբ մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։ 1990-1991 թվականներին հատուկ գնդի կազմում Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին։
1992 թվականի մայիսի 12-ին Տեղ գյուղում գտնվող Մելիք-Բարխուդարի տանը ժողով է տեղի ունեցել, որտեղ որոշվել է գրավել «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին հայկական գյուղերը։ Մելիքսեթ Պողոսյանը հետախուզական աշխատանք կատարելուց հետո իր ջոկատի մարտիկների հետ նետվել է մարտի։ Մարտի ընթացքում ադրբեջանցիները տվել են զոհեր, մեծ քանակությամբ ռազմավար և թողել «Թուրուսի խութ» հենակետն ու նահանջել։ Ադրբեջանցիներից առգրավված զենք-զինամթերքով «Մելիք-Բարխուդար» ջոկատը Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ մայիսի 18-ին մասնակցեել են նաև Լաչինի ազատագրմանը։
Մելիքսեթ Պողոսյանը իր ջոկատով մասնակցել է Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրմանը, որտեղ էլ վիրավորվել է։
1994 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, 1995-1996 թվականներին եղել է 4-րդ գումարտակի հրամանատար, 1996-2000 թվականներին՝ առանձին զրահատանկային զորամասի հրամանատար։
2000-2007 թվականներին զբաղեցրել է Գորիսի գնդի հրամանատարի պաշտոնը, 2007-2017 թվականներին եղել է Գորիսի շրջանի զինկոմ, Սյունիքի ավագ զինկոմ։
2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ Պողոսյանը զորացրվել է։
2016 թվականին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել է մի քանի ջոկատների հրամանատար։
2019 թվակականին նշանակվել է Սյունիքի «Երկրապահ կամավորականների միության» ղեկավար։
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 8-ի 1993-Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[4][5]։
Ունի գնդապետի կոչում։
Ամուսնացած է, ունի երկու զավակ, հինգ թոռ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.