Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ին ընտրում է Աժ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։ ՄԻՊ-ն օժտված է Ազգային ժողովի պատգամավորի համար նախատեսված անձեռնմխելիությամբ։ Նրա գործունեության այլ երաշխիքներ սահմանվում են օրենքով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ են եղել Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ.), Արմեն Հարությունյանը (2006-2011 թթ.), Կարեն Անդրեասյանը (2011-2016 թթ.), Արման Թաթոյանը (2016-2022 թթ.), Քրիստինե Գրիգորյան (2022-2023 թթ.) և Անահիտ Մանասյանը (2023 թվականի ապրիլից)։
ՀՀ վերահսկիչ պալատը
ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի (2006) համաձայն, վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Աժ-ն։ ՎՊ-ն տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ Աժ է ներկայացնում իր վերահսկող, աշխատանքների հաշվետվությունը։ ՎՊ-ի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ Աժ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել ՎՊ-ի նախագահ։ 2007-ից ՎՊ-ի նախագահը Իշխան Զաքարյանն է։
ՀՀ հանրային խորհուրդը
ՀՀ հանրային խորհուրդը (ՀԽ) ՀՀ նախագահի կողմից կազմավորվող ապաքաղաքական, խորհրդակցական մարմին է, որի նպատակը ժողովրդավար, համակարգի զարգացմանը պետական իշխանության մարմինների ու քաղաքացիների, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը նպաստելն է։ ՀՀ ՀԽ-ն ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին, կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009 թվականի մարտի 11-ին, մայիսի 29-ին ամրագրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։ ՀԽ նախագահին (2009 թվականից Վագգեն Մանուկյան) նշանակում է ՀՀ նախագահը։ ՀԽ-ի որոշմամբ՝ փորձաքննություն է իրականացվում ՀՀ օրենքների և Սահմանադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության և մարդու իրավունքների, հասարակական անվտանգության ու կարգի պահպանման բնագավառներում պետական քաղաքականության նախագծերի վերաբերյալ։ ՀԽ-ն կազմված է 36 անդամից, որոնցից 12-ին նշանակում է ՀՀ նախագահը, 12-ին ընտրում են հանձնաժողովները։ Հետագայում 24 անդամից յուրաքանչյուրն առաջադրում է ՀԽ-ի մեկական թեկնածու, որոնցից առավել շատ ձայներ ստացած 12 անձի առաջարկվում է անդամակցել ՀԽ-ին։ Ներկայումս ՀԽ-ում գործում են 66 ենթահանձնաժողով և բազմաթիվ աշխատանքային խմբեր։ 12 ոլորտային հաձնաժողովներում ընդգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերակցություններ և հիմնադրամներ։ Այս հանձնաժողովներում ընդգրկված են գիտնական 329 թեկնածու, պրոֆեսոր։ Մարզերը ներկայացված են 422 անդամով (21,7 %), կանայք՝ 635-ով (32,7 %)։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.