Ռուստամ Մուրադով

From Wikipedia, the free encyclopedia

Ռուստամ Մուրադով

Ռուստամ Ուսմանովիչ Մուրադով (ռուս.՝ Руста́м Усма́нович Мура́дов, մարտի 21, 1973(1973-03-21), Չինար, Ռուսաստան, Դերբենտսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ (2020), Ռուսաստանի Դաշնության Հերոս, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար։

Կենսագրություն

Ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, ազգությամբ թաբասարան է[1]։ Հայրը եղել է Դաղստանի Ինքնավար Հանրապետության[2][3] Տաբասարանսկի շրջանի Խանակ գյուղից[4]։ 1966 թվականին Հարավային Դաղստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայրը ծնողների հետ տեղափոխվել է Չինար գյուղ, որտեղ էլ ամուսնացել է Ումիժատի հետ։ Ընտանիքում եղել են երեք որդի։ Ռուստամը սովորել է Չինար գյուղի միջնակարգ դպրոցում։

Եղել է Կազանի սուվորովյան ռազմական ուսումնարանի շրջանավարտ, զինվորական ծառայության մեջ է 1990 թվականից։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը և ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան[5][6][7]։

Եղել է հետախուզական վաշտի հրամանատար (1996), 242-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հրամանատար (2008-2009), 17-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009), Արևելյան ռազմական օկրուգի 36-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009-2012)։

2012 թվականին Ռուստամ Մուրադովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2012-2013 թվականներին եղել է Լիսիչանսկի շրջանի ուսումնական կենտրոնի ղեկավար[8]։

2013-2015 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր։

2015-2017 թվականներին զբաղեցրել է 41-րդ բանակային շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2016 թվականին եղել է Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչը։ 2016 թվականի մարտին ռուսական ՌԻԱ Նովոստի միջազգային տեղեկատվության գործակալությունը հայտնել է, որ Դոնբասի Յասինովատայա քաղաքի մոտակայքում այդ ընթացքում գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովը 20 րոպե շարունակ հայտնվել է նռնականետերի, զենիթային համակարգերի և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակի տակ և միայն հրաշքով է ողջ մնացել[9]։

2017 թվականին Սիրիայում եղել է ռազմական խորհրդական, Դեր Զորում ղեկավարել է ռուսական զորքերը[9]։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին Սիրիայում կատարած ռազմական գործողությունների համար Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման[9][10]։

2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերը զբաբեցրել է Կենտրոնական ռազմական օկրուգի 2-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնը, որից հետո նշանակվել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։

Ռուսաստանի նախագահի 2020 թվականի փետրվարի 20-ի հրամանագրով Մուրադովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[11]։

2020 թվականի նոյեմբերին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար[12][13]։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.