Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետության շրջափակում, ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում։ Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության հատվածը շրջափակելու գործողություններն իրականացնող ադրբեջանցիները ներկայանում են որպես բնապահպաններ[4][5][6], թեև այդ պնդումների իսկությունը քննության է ենթարկվում, քանի որ նրանք գործնականում չեն զբաղվել բնապահպանությամբ, այլ աշխատում են Ադրբեջանի պետական մարմիններում[7][8], իսկ շրջափակման ժամանակ ցուցադրում են էթնոազգայնական խորհրդանիշներ և կարգախոսներ[9][10]։ Շրջափակման այս գործողությունը որպես «բողոքի» ակցիա անոմալ է այնքանով, որքանով հավաքների ազատությունը Ադրբեջանում ազատ իրացվող իրավունք չէ, որտեղ իշխանություններն արագ ցրում են բողոքի ինքնաբուխ ցույցերը[11][12][13][14][15]։
Արցախի շրջափակում | ||||
---|---|---|---|---|
Մաս Արցախյան հակամարտություն | ||||
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ին շրջափակել են Բերձորի միջանցքը | ||||
Ամսաթիվ | 2022, դեկտեմբերի 12 - 2023, սեպտեմբերի 20 | |||
Վայր | Բերձորի միջանցք, Արցախ 39°45′07″ հս․ լ. 46°43′41″ ավ. ե.HGЯO | |||
Պատճառ | Բնապահպանական (Ադրբեջանի պնդմամբ) Էթնիկ զտումներ (հայկական կողմի պնդմամբ)[1][2] | |||
Կարգավիճակ | ավարտված | |||
Հակամարտող կողմեր | ||||
Ղեկավարներ | ||||
| ||||
Թվաքանակ | ||||
| ||||
Կորուստներ | ||||
|
Արցախի պաշտոնյաներն առաջարկել են որպես լուծում ներգրավել միջազգային բնապահպանական փորձագետների[16][17], սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվում են շփվել Արցախի ներկայացուցիչների հետ[18] և պահանջում են ադրբեջանցի տեսուչների մուտքը՝ որպես շրջափակումը վերացնելու պայման[19]։ Շրջափակման առաջին օրերին Ադրբեջանը խափանել էր նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը[20], որը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին[21]։
Մի քանի երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքագետներ դատապարտել են շրջափակումը կամ ակնարկել, որ Ադրբեջանը միտումնավոր կազմակերպում է ճգնաժամը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հայերի հետ իր շարունակական հակամարտության մի մաս[18][22]։ Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ շրջափակումը համարում են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագրի խախտում, որը նախատեսում է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց և բեռների անվտանգությունը[18][23]։
Շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, դադարեցվել են պարենի, վառելիքի և դեղորայքի կանոնավոր մատակարարումները, առաջացել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդ, այդ թվում մանկական սննդամթերքի և որոշ ջերմիջեցնող դեղերի[24][25]։
2023 թվականի ապրիլի 28-ին բնապահպան ներկայացող ադրբեջանցիները հեռացել են և նրանց տեղը զբաղեցրել են Շուշի քաղաքի ադրբեջանական ոստիկանության և ներքին զորքերի ծառայողները[26]։
Քանի որ Բերձորի մարդասիրական միջանցքը շարունակում է մնալ Արցախ մտնող և դուրս եկող միակ տրանսպորտային երթուղին, այն հաճախ անվանում են կարևոր «կյանքի ճանապարհ» Արցախի բնակիչների համար[27][28][29][30]։ 2017 թվականին կառուցվել է Արցախի և Հայաստանի միջև երկրորդ մայրուղին (Վարդենիս–Մարտակերտ մայրուղի), սակայն այդ այլընտրանքային երթուղին չի գործել այն պահից ի վեր, երբ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառի շրջանը[31]։ Դեպի Արցախ և Արցախից կանոնավոր օդային տարանցում գոյություն չունի այն պահից ի վեր, երբ Ստեփանակերտի օդանավակայանը փակվեց 1990 թվականին[28]։
2022 թվականի այս շրջափակումը Արցախի ամբողջական շրջափակման երկրորդ խոշոր դեպքն է։ Առաջին շրջափակումը տևեց 4 տարի (1988թ. օգոստոսից մինչև 1992թ. մայիս)։ 1991–1992 թվականների ձմռանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը շրջափակման մեջ էր ադրբեջանական զինուժի կողմից և քաղաքի բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ միտումնավոր ռմբակոծվեցին հրետանու և ավիացիայի կողմից։ Շրջափակման ժամանակ Ստեփանակերտի և հարակից հայկական քաղաքների ու գյուղերի ռմբակոծությունները համատարած ավերածությունների պատճառ դարձան[32]։
Արցախի շրջափակման երկրորդ դեպքը տեղի ունեցավ 2022 թվականին։ 2022 թվականի նոյեմբերին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան Eurasianet-ին տված հարցազրույցում ասել է. «Ինչ կլինի, եթե մենք Լաչինի մուտքի մոտ սահմանային անցակետ հաստատենք և ամբողջ գործընթացն ավարտենք։ Ինչպես կարող եք շնչել առանց օդի»[33]։ 2022 թվականի շրջափակման մեկնարկից երկու շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է կեղծ արդարացումներ հորինել Բերձորի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակման, ինչպես նաև նրանց ցեղասպանության և տեղահանման համար[34]։
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է մնալ անհնար[35]։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ դեկտեմբերի 12-ի գիշերը Արցախ-Հայաստան ճանապարհը փակելու պատճառով 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ[36]․
«Նրանք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից, այսինքն՝ կտրված են իրենց ընտանիքներից»։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։ Անհնարին է դարձել դեպի այդ համայնքներ սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Արցախի պետական նախարարը հայտնել է, որ դեկտեմբերի 14-ից վառելիքի խնայողության նպատակով չեն աշխատի Արցախի այն կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս[37]։
Դեկտեմբերի 14-ից Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները[38]։
Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային[39]։
Հունվարի 10-ին Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ հանրապետության ողջ տարածքում կլինեն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ, որի պատճառը Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարն է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Էլեկտրական մալուխների վնասումը հաջորդել է դեկտեմբերի 13-ից 16-ը գազի մատակարարման երկօրյա դադարեցմանը[40]։
Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին[41]։ 4 ժամ ճանապարհը փակ պահելուց հետո այն բացվեց, սակայն Բաքուն հայտնեց, որ մասնագետներ է ուղարկում ռուս խաղաղապահների տեղակայման վայր[42]։
Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարություն տարածեցին, ըստ որի Ադրբեջանը բնապահպանական դիտարկումներ է սկսում Արցախի Հանրապետության տարածքում[43]։ Նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մտնել Կաշենի հանքավայր, սակայն հանքավայրի անվտանգության աշխատակիցները դա թույլ չեն տվել[44]։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ժամը 10։30-ի հատվածում իրենց բնապահպանների համարող մի խումբ ադրբեջանցիներ Շուշի քաղաքի հատվածում փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը[45]։ Որոշ ժամանակ անց վերջիններս ճանապարհի մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախորդ օրը իրենց հնարավորություն չի տրվել դիտարկում անցկացնել Արցախի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ[46]։
Դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնացել է, որ եթե իրենց թույլ չտրվի մուտք գործել Արցախի հանքավայրեր, ապա Ադրբեջանը կարող է հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը[47]։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր է տեղափոխել ճանապարհի փակ հատվածը[48]։
Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ բրիտանական «Anglo-Asian Mining» ընկերությունը դիմել է ՄԱԿ-ին, ԱՄՆ պետքարտուղարությանը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը և Եվրամիությանը՝ խնդրելով ապահովել Արցախում գտնվող մի շարք օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը և իրենց ֆիզիկական մուտք Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերեր ու հարակից տարածքներ։ «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արցախում գտնվող այդ հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները 25 տարի առաջ վաճառել են Anglo-Asian Mining-ին[49]։ Չնայած այդ հանգամանքին` Դրմբոնի պղինձ-ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման իրավունքը պատկանում է «Վալլեքս գրուպին», որն այն ձեռք է բերել Արցախի կառավարության հետ ստորագրած պայմանագրով[50]։
Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 23-ի երեկոյան քայլերթով մոտեցել են Շուշիի մուտքի մոտ տեղակայված ռուս խաղաղապահների անցակետին, որից ոչ հեռու ադրբեջանցիները փակել են Բերձորի միջանցքը։ Արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել խաղաղապահների հրամանատարներից մեկին և հիշեցրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմը պարտավորվել է ապահովել միջանցքի երկայնքով անվտանգ տեղաշարժը։ Արցախի բնակիչները խաղաղապահներին կոչ են արել ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»[51]։
Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Արցախից Հայաստան են տեղափոխել 4 ամսական ծանր վիճակում գտնվող երեխային[52]։ ԿԽՄԿ մեքենաները, որոնք Հայաստան են մեկնել երեխային տեղափոխելու համար, Արցախ են վերադարձել դեղորայքով։
2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հագարի գետի կամուրջը[53]։ Ապրիլի 24-ից սկսել են կամրջի վրա անցակետ կառուցել, ինչի արդյունքում կտրվել է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում[54]։ Արցախի իշխանությունները սա հայտարարել են հերթական սադրանք՝ Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ[53]։
Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները 2023 թվականի ապրիլի 28-ին՝ 138 օր Լաչինի միջանցքը փակելուց հետո, հայտարարել են Շուշի-Քարին տակ խաչմերուկում ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին[55]։ Նրանց հեռանալուց հետո ճանապարհի այդ հատվածը հսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքի ադրբեջանական ոստիկանության և ներքին զորքերի ծառայողները[26]։
2022 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի այն պարտավորեցնի Ադրբեջանին ապաշրջափակել Բերձորի միջանցքը։ ՄԻԵԴ-ի տվյալներով՝ Ադրբեջանը պետք է կատարի պահանջը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը[56]։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Ադրբեջանին պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը[57]։
Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով[58]։
Թե որքանով են շրջափակման մեջ ներքաշված անձինք իրական էկոակտիվիստներ, քննության է ենթակա[4]։ Շատ երկրներ և կազմակերպություններ ակնարկել կամ հայտարարել են, որ շրջափակումը միտումնավոր կազմակերպվում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Ըստ Eurasianet-ի՝ «շատ ապացույցներ» կան, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության մասնակցությունը շրջափակմանը, ինչպես օրինակ այն փաստը, որ ցուցարարներից ոմանք աշխատում են պետական մարմիններում, և որ Ադրբեջանի կառավարությունը նրանց վրաններ է տրամադրել[59]։ Քննադատները նաև նշել են, որ հավաքների ազատությունը Ադրբեջանում ազատորեն իրացվող իրավունք չէ[60][61][62][63][64]։ Ցուցարարներն ու նրանց պահանջները հավանության են արժանացել նաև Ադրբեջանի և Թուրքիայի պետական պաշտոնյաների կողմից[65], Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ շրջափակման վերացման պահանջը ցուցարարների պահանջների կատարումն է[66]։
Դատելով տեսանյութերից՝ միջանցքը փակող անձանց թվում կան պետական ընկերությունների աշխատակիցներ[59], զինծառայողներ[67][68][69], և նույնիսկ Թուրքական ընկերությունների աշխատողներ[4]։ Շրջափակման մեջ ներգրավված որոշ անձինք ավտոբուսներով ներս են մտնում և դուրս են գալիս Շուշիի Խարիբուլբուլ հյուրանոցից[67]։ Արտաքինից շրջափակման գործողությունն ավելի շատ քաղաքական է թվում, քան բնապահպանական, և նկատվել են մի շարք անհամապատասխանություններ շրջափակման մեջ ներգրավված անձանց տեսանելի վերաբերմունքի և բնապահպանական մոբիլիզացիայի կողմից սովորաբար առաջ քաշվող պահանջների միջև։ Օրինակ՝ մասնակիցներից շատերը փաթաթված էին ազգային դրոշով։ Բողոքի ակցիաներին մի քանի կանայք կրում էին մորթյա վերարկուներ, ինչը լրացուցիչ հիմք է տալիս կասկածելու, որ մասնակիցները կապված են բնապահպանական շարժման հետ։ Ազգայնական կարգախոսները զբաղեցրել են բնապահպանական կարգախոսների տեղը, իսկ ցուցարարները լուսանկարվել են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանով, որը Թուրքիայում փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ բռնություն գործադրելու պատմություն ունի[18][70]։ Արձանագրվել է նաև, թե ինչպես են շրջափակման մեջ ներգրավված անձինք բղավում ադրբեջանական ռազմական վանկարկումներ՝ «լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է»։ Շրջափակման սկզբում շրջափակման մեջ ներգրավված անձինք բաց թողեցին սպիտակ աղավնիներ՝ խորհրդանշական կերպով ներկայացնելու խաղաղությունը ազգերի միջև. սակայն, թռչունը խեղդամահ եղավ մորթյա բաճկոնով կնոջ ձեռքում։ Խեղդված աղավնին խորհրդանիշ է դարձել շրջափակումից վրդովված հայերի համար, որոնք սոցցանցերում տեղադրում են «#WeAreThePigeon» հեշթեգերը[71]։ Արցախի բնակիչներից մեկը OC Media-ին հայտնել է. «Նրանք ասում են, որ մենք պետք է խաղաղ ապրենք միասին, բայց նրանք ցանկանում են խեղդել մեզ, ինչպես այն աղավնին, որը նրանք խեղդամահ արեցին։ Դա հուշում էր, շատերը պարզապես չհասկացան։ Նրանք պարզապես ուզում են նույնն անել մեզ հետ[72]։
Որպես բնապահպան հանդես եկող ադրբեջանցի ակտիվիստներից մեկը ադրբեջանցի զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովն է, որն ըստ տեղեկությունների, պահեստազորի կապիտան է։ Սոցիալական ցանցերում նա լուսանկար ունի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ, որը Հունգարիայում կացնահարել էր քնած հայ զինվորականի[73]։
Բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքական վերլուծաբաններ դատապարտել են շրջափակումը կամ ակնարկել, որ Ադրբեջանը միտումնավոր կազմակերպում է ճգնաժամը՝ որպես Արցախը վերահսկողության տակ առնելու փորձ[18][74][75]։ Քաղաքական վերլուծաբան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Թոմաս դե Վաալը գրում է, որ բնապահպան ակտիվիստներն «ակնհայտորեն այնտեղ են ուղարկվել Ադրբեջանի կառավարության կողմից» և համեմատելի են «Փոքրիկ կանաչ մարդկանց» հետ, որոնց Ռուսաստանը կիրառել է 2014 թվականին Ղրիմի գրավման ժամանակ[76]։ Քաղաքագետ Աղշին Քերիմովը, մեկնաբանելով շրջափակումը, կանխատեսում է, որ «գործընթացը կավարտվի Արցախի ողջ տարածքի վրա Բաքվի իշխանության հաստատմամբ»[77]։
Տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել ցեղասպանության կոլեկտիվ նախազգուշացումով. «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից բացահայտված հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է տարածաշրջանի հայկական և այլ քրիստոնյա համայնքների էթնիկ և կրոնական զտումների երկարատև օրինաչափությանը Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց պարտիզանների կողմից»[74]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.