From Wikipedia, the free encyclopedia
«Միմինո» (վրաց.՝ «მიმინო», ռուս.՝ «Мимино»), խորհրդային կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Գեորգի Դանելիան «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1977 թվականին։ Սցենարի հեղինակներն են Ռեզո Գաբրիաձեն, Վիկտորյա Տոկարևան և Գեորգի Դանելիան։
Միմինո ռուս.՝ Мимино | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | տրագիկոմեդիա և կինոկատակերգություն |
Թեմա | օդագնացություն |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն, վրացերեն, հայերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Գեորգի Դանելիա[1] |
Սցենարի հեղինակ | Ռեզո Գաբրիաձե, Վիկտորյա Տոկարևա և Գեորգի Դանելիա[2] |
Դերակատարներ | Վախթանգ Կիկաբիձե[3], Մհեր Մկրտչյան[3], Եվգենի Լեոնով, Բորիսլավ Բրոնդուկով, Ելենա Պրոկլովա, Կոտե Դաուշվիլի, Marina Dyuzheva?, Արչիլ Գոմիաշվիլի[3], Վադիմ Սպիրիդնով, Լեոնիդ Կուրավլյով[4] և Վլադիմիր Բասով[4] |
Օպերատոր | Անատոլի Պետրիցկի |
Երաժշտություն | Գիա Կանչելի |
Պատմվածքի վայր | Բեռլին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
Mimino Վիքիպահեստում |
Ֆիլմը գավառական օդաչու Վալիկո Միզանդարիի (Միմինո) պատմությունն է, որը Մի-2 ուղղաթիռով լեռնային գյուղի բնակիչներին սպասարկման համար ութ տարի աշխատելուց որոշում է վերադառնալ մեծ ավիացիա։ Օդաչուների վերապատրաստմանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար Մոսկվա ժամանելով՝ հերոսը հյուրանոցային համարի իր հարևանի՝ Ռուբիկ Խաչիկյանի հետ հայտնվում է զավեշտական ու դրամատիկ մի շարք իրավիճակներում։ Արդյունքում Միմինոյի երազանքն իրականանում է, նա դառնում է միջազգային ավիաուղիների օդաչու, սակայն մտքերով հերոսը մշտապես վերադառնում է հարազատ լեռներ։
Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի) և Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան)։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ելենա Պրոկլովան, Եվգենի Լեոնովը, Կոնստանտին Դաուշվիլին, Ռուսլան Միքաբերիձեն և այլ դերասաններ։ Նատուրալ նկարահանումներն անցկացվել են Թուշեթում (Օմալո և Շենաքո), Թելավի, Մոսկվայի և Արևմտյան Բեռլինի օբյեկտներում։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Գիա Կանչելին, երգերի տեքստերի հեղինակներն են Պյոտր Գրուզինսկին («Չիտո-գվրիտո»), Եվգենի Եվտուշենկոն և Ռոբերտ Ռոժդեստվենսկին («Приходит день, уходит день»):
Գլխավոր դերակատար Վախթանգ Կիկաբիձեի խոսքերով՝ «Միմինո» ֆիլմում Դանելիային «հաջողվում է արտահայտել մարդու և հողի, որի վրա նա մեծացել է, արմատների, առանց որոնց նրա համար ապրելն անհնար է, անսասան կապի մասին միտքը»[5]։ Կինոքննադատներ Նեա Զորկայան և Անդրեյ Զորկին կինոնկարը բնութագրում են որպես «ֆիլմ այն մասին, ինչպես չկորցնես ինքդ քեզ, մնաս ինքդ քեզ նման», «ֆիլմ, որը խորհում է կյանքում մարդու տեղի մասին, նրա հայրենի հողի մասին, ունայնի, հաստատունի և հիմնավորի մասին»[6]։
1977 թվականին հուլիսի 1-ին (նախքան վարձույթի թույլտվության հավաստագիր ստանալը) ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում[7], որտեղ արժանացել է երեք գլխավոր մրցանակներից մեկին, իսկ 1978 թվականի մարտի 27-ին կայացել է պրեմիերան մեծ էկրանին[8] (մեկ տարվա ընթացքում «Միմինո» ֆիլմը դիտել է 24,4 միլիոն խորհրդային հանդիսատես, 17-րդ տեղը վարձույթում)։ Ֆիլմը բարյացակամորեն է ընդունվել քննադատների կողմից, մեծ հաջողություն ունեցել հանդիսատեսի շրջանում և արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական մրցանակ գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում (1978, Գեորգի Դանելիա, Վախթանգ Կիկաբիձե, Մհեր Մկրտչյան)[8], լավագույն կատակերգական ֆիլմի մրցանակ Երևանում անցկացված XI համամիութենական կինոփառատոնում (1978), «Ոսկե Լաչենո» մրցանակ Ավելինոյի 19-րդ միջազգային կինոփառատոնում (1978)։ Ֆիլմից շատ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր[9][10][11]։
Միմինո (նշանակում է «բազե»[12][13]) մականունը կրող Վալիկո Միզանդարին՝ վրացական տեղական ավիաուղիների Մի-2 ուղղաթիռի օդաչուն, կատարում է օգտակար աշխատանք և վայելում է հայրենակիցների հարգանքը։ Նրան լավ հարաբերություններ ունի Թելավի օդանավակայանի թռիչքային ջոկատի հրամանատար Գիվի Իվանովիչ Գոգլիձեի հետ։ Տանը՝ բարձրլեռնային գյուղում, Վալիկոյին սպասում են պապը՝ Գոչան, քույրը՝ Կատոն, զարմիկը՝ Վառլամը և շունը՝ Զարբազանը։ Միմինոյին սիրահարված է տեղացի ուսուցչուհի Լալին։ Սակայն հերոսի տրամադրվածությունը փոխվում է, երբ նա օդանավակայանում պատահական հանդիպում է գերձայնային Տու-144 օդանավի օդաչու և միջազգային ուղերթներում աշխատող իր նախկին համակուրսեցուն և երկու բորտուղեկցորդուհիների, որոնցից մեկը՝ Լարիսա Իվանովնա Կոմարովան (Ելենա Պրոկլովա), միանգամից գերում է Միմինոյի սիրտը։ Վաղեմի ընկերոջ ու նրա ուղեկիցների հետ հանդիպումը փոխում է Միմինոյի կյանքի ծրագրերը. ցանկանալով հաջողությունների հասնել մեծ ավիացիայում՝ նա ուղևորվում է Մոսկվա[14][15][16]։
Օդաչուների վերաորակավորման թույլտվություն ստանալու համար Միզանդարին ժամանում է Մոսկվա և օպերային երգիչ Սինիցինի (Վլադիմիր Բասով) օգնությամբ տեղավորվում հեղինակավոր հյուրանոցում։ Համարում Միմինոյի հարևանը դիլիջանցի վարորդ Ռուբիկ Խաչիկյանն է (Մհեր Մկրտչյան), որին հյուրանոցի տնօրինությունը շփոթում է նրա անվանակից էնդոկրինոլոգի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ երկու հերոսների հանդիպումը սկսվում է վիճաբանությամբ («Ինչո՞ւ ես բարկացել ինձ վրա»), հետագայում Ռուբիկը կենդանի մասնակցություն է ունենում նոր ընկերոջ ճակատագրին։ Վալիկոյի՝ Մոսկվայում գտնվելու ընթացքում մեկը մյուսին են հաջորդում ամենատարբեր իրադարձություններ. նա անհաջող փորձում է հանդիպել Լարիսա Իվանովնայի հետ, մեծ գումարներ է ծախսում ռեստորանում, հանձնում է փաստաթղթեր վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար, հարևանի հետ ստիպված լքում է հյուրանոցը (պարզվում է, որ Ռուբեն Խաչիկյանն ստացել է կոնֆերանսից ուշացած էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր, իր ազգանվանակից Խաչիկյանի համար ամրագրված տեղը, իսկ Վալիկոն բոլորովին կապ չունի դրա հետ), հանդիպում իր վաղեմի թշնամուն՝ նախկինում Վրաստանում ապրած, քրոջը գայթակղած և երեխայի հետ լքած տղամարդուն՝ Նուգզար Պապիշվիլիին (Արչիլ Գոմիաշվիլի), որի բնակարանում ոչ մեծ ավերածություններ է անում, ինչի համար ձերբակալվում է ոստիկանության կողմից։ Ռուբենը չի լքում ընկերոջը ծանր իրավիճակում (նույնիսկ իր հաշվին արձակուրդ է վերցնում) և ամեն կերպ փորձում է օգնել հպարտ լեռնեցի օդաչուին, որը հրաժարվում է իր արարքին որևէ բացատրություն տալուց և դատարանում ոչ մի բառ չի ասում հօգուտ իր պաշտպանության։ Փաստաբանի՝ իր առաջին գործը վարող, բայց Վրացական ԽՍՀ-ի ՆԳՆ-ի միջոցով բոլոր հանգամանքները պարզած երիտասարդ աղջկա շնորհիվ Վալիկոն ստանում է ոչ թե դատախազի պահանջածի չափով երկու տարի ազատազրկում, այլ միայն տուգանք է նշանակում[14][15][16]։ Դատավարության ընթացքում լրանում է Միմինոյի 35 տարին, ինչը պատճառ է դառնում մեծ ավիացիայի ինքնաթիռներով վերաորակավորվելու հնարավորության ձևական մերժման։
Արդեն տուն վերադառնալու որոշում ընդունած և առանց փողի մնացած Միմինոն օդանավակայանում պատահաբար ծանոթանում է պատերազմի վետերանի և ազդեցիկ անձնավորության՝ Իվան Սերգեևիչ Վոլոխովի հետ։ Վերջինս շփոթում է Վալիկոյին ռազմաճակատում զոհված իր ընկերոջ որդու հետ։ Վոլոխովը, չնայած պարզված շփոթմունքին, իր մյուս զինակցի՝ խոշոր կուսակցական պաշտոնյայի միջոցով օգնում է Վալիկոյին իրականացնել երազանքը։
Միմինոն դառնում է միջազգային ուղերթների օդաչու և թռչում է Տու-144-ով։ Բայց մարդկանց հանդեպ լինելով սրտաբաց և բարյացակամ՝ Վալիկոն այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն Եվրոպայի մեծ քաղաքներում և կարոտելով հայրենիքը, վերադառնում է տուն՝ հարազատ Թելավ քաղաք, իր սիրած աշխատանքին, իր հարազատների և մերձավորների մոտ[14][15][16]։
Ֆիլմի սյուժեն գիշերն իր ուղղաթիռը ծառից կապող օդաչուի մասին էր, որը Դանելիային պատմել էր իր ընկեր սցենարիստ Ռեզո Գաբրիձեն։ Սակայն այն նակարահանել ռեժիսորը մտադիր չէր։ Վիկտորիա Տոկարևայի համահեղինակությամբ գրվեց սցենար գյուղացի աղջկա մասին, ով սիրահարվել էր շեփորահար և բանաստեղծություններ գրող օդաչուին. ընթանում էին նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնց մնացել էր մեկ ամիս։ Մի անգամ Դանելիան պատմեց սյուժեն իր ընկերոջը՝ գրող Մաքսուդ Իբրահիմբեկովին, ով նկատեց, որ ուղղաթիռը ծառից կապող օդաչուի պատմությունն ավելի հետաքրքիր է։ Դրանից հետո ռեժիսորը, ինչպես ինքն է պնդում հասկացավ, որ շեփորահարի մասին կինոնկար չի նկարահանի։[19]
Հաջորդ օրը Դանելիան զանգահարեց Թբիլիսի՝ Գաբրիձեին, և նա շտապ ժամանեց Մոսկվա։ Երեքով՝ Դանելիան, Գաբրիձեն և Տոկարևան մեկնեցին «Բոլշևո» ստեղծագործական տուն և սկսեցին արագ նոր սցենար գրել։ Նկարահանումներն սկսելուց մեկ ամիս առաջ հայտնի էր միայն այն, որ ֆիլմում լինելու է ուղղաթիռ, շղթա, կողպեք և Կիկաբիձեն՝ գլխավոր դերում։ Սցենարի վրացական մասը գրեց Դանելիան, մնացածը՝ Տոկարևան և Գիբրաձեն[20]։ Երկրորդ ռեժիսոր Յուրի Կուշներյովը տարավ պատրաստի նյութերը Մոսկվա, որտեղ աշխատում էր նկարահանող խումբը. պատրաստեցին կոստյումները, դեկորացիաները, բյուջեն, ընտրեցին նկարահանման վայրերը։ Արդյունքում՝ նկարահանման սկզբին պատրաստ էր սցենարի առաջին տարբերակը, որը հետագայում սրբագրվեց և հստակեցվեց։[21]
Մի շարք դրվագներ և անուններ սցենար մտան կյանքից։ Այսպես, օրինակ՝ գլխավոր հերոսին անվանեցին քանդակագործ Վալերիան Միզանդարիի՝ ֆիլմի սցենարիստ Ռեզո Գիբրաձեի ուսուցչի պատվին[22][23]։ Ավելի վաղ Միզանդարի ազգանունը Դանելիան տվել էր նաև «Не горюй!» ֆիլմի կադրից դուրս կերպարներից մեկին։ Փաստաբանի դրվագը նույնությամբ գրված էր Դանելիայի դուստր Սվետլանայի հետ պատահածից։ Երբ նրան՝ երիտասարդ փաստաբանին, միայնակ էին թողել կրկնահանցագործի հետ, նա սկսել էր հուշել վախեցած աղջկան, թե ինչ անի և ինչպիսի հարցեր տա։ Ի պատիվ Սվետլանա Գեորգևնա Դանելիայի՝ փաստաբանին անվանեցին Սվետլանա Գեորգիևնա։[24]
Դանելիայի խոստովանությամբ Վախթանգ Կիկաբիձեն նրա երկու (Եվգենի Լեոնովի հետ միասին) սիրելի դերասաններից մեկն է։[25] Այն, որ Կիկաբիձեն է խաղալու գլխավոր դերը, հայտնի էր ամենասկզբից, և Միմինոյի դերը գրվեց հատուկ նրա համար[9]։ Օպերատոր Անատոլի Պետրիցկու հիշելով, փորձեր գրեթե չեն եղել. ֆիլմում նկարահանվում էին Դանելիային արդեն ծանոթ հանրահայտ դերասաններ, միայն Զարբազանի դերի համար շուն[9] (որի անունը վրացերենից թարգմանաբար նշանակում է «թնդանոթ») փնտրելու անհրաժեշտություն եղավ։[26] Այդ դերի համար Մոսկվայից բերեցին համակրելի և խնամված Չապա մականունով շնիկին, բայց ռեժիսորին նա դուր չեկավ։ Համապատասխան բակապահ շուն պատահաբար տեսան Թելավում՝ դրսում[9], և միանգամից վերցրին նրան նկարահանման։ Պարզվեց, որ շունն անտուն է, և հետագայում ֆիլմի տնօրեն Վալերի Գանդրաբուրան նրան Մոսկվա տարավ։[26]
Գլխավոր հերոսի ընկերոջ՝ հայազգի վարորդի դերը խաղաց Ֆրունզիկ Մկրտչյանը։ Հաճախ ասում են, որ այդ դերը լավագույնն է դերասանի կարիերայի ընթացքում։[27][20] Մկրտչյանը կլինի ֆիլմում, թե՝ ոչ, որոշեց բառիս բուն իմաստով մետաղադրամը։ Սցենարի վրա աշխատելու ժամանակ, երբ արդեն պատրաստ էին Վրաստանի բոլոր դրվագները, և ըստ սյուժեի հերոսը ժամանում է Մոսկվա՝ հարց ծագեց՝ նա միայնակ է ապրում հյուրանոցում, թե՞ ինչ որ մեկի հետ, եթե ինչ որ մեկի հետ, ապա՝ ու՞մ հետ՝ Լեոնովի, թե՝ Մկրտչյանի։ Պարզվեց, որ երկու տարբերակներն էլ բավականին հետաքրքիր են, և դրանցից կոնկրետ մեկը որոշեցին ընտրել մետաղադրամ նետելով։ Ընտրվեց Մկրտչյանը։[27]
Ի սկզբանե պլանավորված էր ֆիլմում մի քանի երաժշտական համար դնել, որոնց համար արդեն ձայնագրված էին ֆոնոգրամաները։ Բայց երբ սկսեցին նկարահանել առաջին այդպիսի դրվագը, Կիկաբիձեն գտավ, որ այն իր հերոսի՝ զուսպ և լռակյաց լեռնեցու համար բնական չէ, և Դանելիան սցենարից դուրս թողեց բոլոր երաժշտական համարները։[25]
Վախթանգ Կիկաբիձեի հուշերով ֆիլմից կտրված են ութ դրվագներ[31]՝
Ֆիլմի 30-ամյակին Մոսկվայում[36], Չիստիյե Պրուդի փողոցի վրա Դանելիայի բնակարանի շենքին կից պլանավորվում էր կանգնեցնել ֆիլմի հերոսների հուշարձանը։ 2006 թվականի դեկտեմբերին այդ միտքը հավանության արժանացավ Մոսկվայի դումայի Մշակույթի հանձնաժողովի կողմից[37][38]։ Սակայն, 2007 թվականի մարտ ամսին Մոսկվայի քաղաքային դումային կից ֆունդամենտալ մշակույթի գծով հանձնաժողովը միաձայն մերժեց այդ առաջարկը՝ հղում կատարելով այն փաստին, որ Չիստիյե Պրուդի փողոցի շրջակայքը գերհագեցած է հուշարձաններով[39]։
2011 թվականի հուլիսի 5-ին Զուրաբ Ծերեթելիի հեղինակած հուշարձանը, որը մարմնավորում է Վալիկոյին, Ռուբիկին և Վոլոխովին տեղադրվեց Ռուբիկի հայրենիքում՝ Դիլիջանում։ Հուշարձանի բացմանը ներկա էին Վախթանգ Կիկաբիձեն՝ այդ պահին երեք դերասաններից միակ կենդանի դերասանը։
Վրաստանի մշակույթի նախարար Զուրաբ Ռուռուայի հայտարարության համաձայն՝ «հուշարձանն ընդգծում է մարդկանց ազնիվ ընկերությունը մարդկայնության մակարդակի վրա»։ Նա նաև հայտնեց, որ նման հուշարձան բացվելու է նաև Վրաստանում[40]։ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին ֆիլմի հերոսներին և ռեժիսորին նվիրված հուշարձան տեղադրվեց Թբիլիսիում՝ Հավլաբար թաղամասում։ Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հանդիսատեսներ, որոնց թվում էին հյուրեր Հայաստանից, Բելառուսիայից, Լիտվայից։ Ժամանել էին նաև պաշտոնական դեմքեր՝ Միխեիլ Սաակաշվիլիի տիկին Սանդրա Ռուլոֆսը, քաղաքի ղեկավարությունը, պառլամենտի պատգամավորներ։ Ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ով Վախթանգ Կիկաբիձեին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում[36]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.