From Wikipedia, the free encyclopedia
Հայերի հայրենադարձություն, էթնիկ հայերին իրենց պատմական հայրենիք, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն վերադարձ։
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Հայերը էթնիկական խումբ են, որը ծագել է Արևմտյան Ասիայում՝ Անատոլիայի, Կովկասի, Իրանական բարձրավանդակի և Բարեբեր մահիկի միջև գտնվող Հայկական լեռնաշխարհում։ Տարածաշրջանի մեծ մասը ներկայումս բաժանված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։
Վանի թագավորությունը՝ Սատրապական Հայաստանին նախորդող պետական կազմավորումը, մ.թ․ա. 9-րդ դարում միավորել է լեռնաշխարհի ցեղերին, ինչը, ի վերջո, հանգեցրել հայ ժողովրդի առաջացմանը։ Հայոց լեզվի տարածմանը զուգընթաց լեռնաշխարհը դարձել է ավելի ու ավելի միատարր։
Դրան հաջորդած հայկական թագավորությունները հայկական լեռնաշխարհի նկատմամբ ունեցել են ինքնիշխանություն, բայց նաև հաճախ են ընկել օտարերկրյա կայսրությունների իշխանության տակ։ Սակայն գտնվելով օտար տիրապետության տակ՝ Հայաստանը որպես հարկատու կամ վասալ պետություն հաճախ պահպանել է իր ինքավար աշխարհաքաղաքական կազմավորման կարգավիճակը և հազվադեպ է գտնվել այն ժամանակվա իշխող կայսրությունների անմիջական վերահսկողության ներքո։ Դա թույլ է տվել զարգանալ և բարգավաճել՝ ունենալով հայկական ինքնատիպ մշակույթ, ինչը հանգեցրել է սեփական յուրահատուկ այբուբենի և քրիստոնեության սեփական ճյուղի ստեղծմանը։
Հայերի հիմնովին ենթարկվելը օտար տիրապետության սկսվել է XI դարում, երբ պատմության թատերաբեմ են իջել Սելջուկ-թյուրքերը, իսկ դրան հաջորդել է արդեն Մոնղոլական կայսրության օրոք տեղի ունեցած մոնղոլական արշավանքները, երբ Հայաստանում հայկական ինքնավարությունը սկսել է կտրուկ նվազել։ Լենկթեմուրի ստեղծած կայսրության ժամանակ՝ 14-րդ դարում, մնացել են միայն հայկական ինքնավարության անջատ օջախները, որոնցից էր Արցախը։
Անկայունության հարյուրամյակներից հետո Հայկական լեռնաշխարհի քաղաքական իրավիճակը վերջապես կայունացել է․ այն բաժանվել է Օսմանյան կայսրության և Իրանի միջև, որոնցից առաջինը իշխում էր արևմտյան մասի, իսկ երկրորդը՝ արևելյան։ Երկու կայսրությունների մրցակցությունը հաճախ Հայկական լեռնաշխարհում վերածվել է պատերազմների։
Հայերը հետապնդումների, բռնի տեղահանումների և տեղահանումների են ենթարկվել իրենց պատմության մեջ մի քանի անգամ, երբ գտնվում էին օտարի գերիշխանության տակ։ 578 թվականին բյուզանդական Մորիկ կայսրը շուրջ 30 000 հայերի արտաքսել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Նա խորհուրդ է տվել իր պարսկական գործընկերոջը անել նույնը[1][2]․
Մեր և ձեր միջև խոտոր և անհնազանդ մի ազգ կա, որը միշտ պղտորում է։ Ահա արի, ես իմ մասի մարդկանց հավաքեմ և ուղարկեմ Թրակիա, դու էլ քո մասից մարդիկ հավաքիր և հրամայիր Արևելք տանել, եթե նրանք մեռնեն՝ մեր թշնամիները կմեռնեն, եթե նրանք սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, և մենք խաղաղ կապրենք։ Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ լինել չենք կարող - [3] |
Հաջորդ դարերի ընթացքում Հայաստանում մուսուլմանական տիրապետությունը նույնպես արագացրել է հայերի աստիճանական արտագաղթը։ Մի քանի դար անց օսմանների և իրանցիների միջև ծագած հակամարտությունները հանգեցրել են Հայկական լեռնաշխարհից հայերի կամավոր և բռնի արտագաղթերի[4]։ Ժամանակակից դարաշրջանում հայերի առաջին խոշոր բռնի տեղահանություններից մեկը տեղի է ունեցել XVII դարի սահմանագծին, երբ իրանական Աբաս I արքան հայերի բռնի կերպով գաղթեցրել է իր կայսրության ներքին շրջաններ։ Օսմանները Հայաստանի տարածքով պարբերաբար հարձակումներ են գործել Աբաս I-ի տիրապետության վրա։ Իր պետության սահմաններում մեծ բանակներ պահելու և այնտեղի հայերի պարենով սնվելու հնարավորությունից հակառակորդին զրկելու համար Աբաս I-ը որոշել է ամայացնել այդ հողերը, իսկ այնտեղի բնիկ հայերին տեղափոխել իր տերության խորք[5]։ Նա նաև օգտագործել է դա որպես իր թագավորությունը հարստացնելու միջոց՝ հայերին տեղափոխելով մայրաքաղաք՝ Սպահան, քանի որ հայերը հարգված վաճառականների հռչակ էին վայելում[6]։ Մոտավորապես 300 000 հայեր Երևանի կուսակալությունից, Բայազետից, Վանից և Նախիջևանից տեղափոխվել են Իրանական Ադրբեջան և Սպահան[4][7]։
Մինչև 20-րդ դարի սկիզբը հայերը շարունակում էին Օսմանյան Հայաստանի տարածքի մեծ մասում կազմել ամենամեծ էթնիկ խումբը (բայց ոչ կրոնական մեծամասնությունը)[8]։ Տարածաշրջանի ժողովրդագրությունը զգալիորեն փոխվել է Օսմանյան կայսրության քաղաքականության պատճառով, որի արդյունքում Բալկանյան պատերազմների ժամանակ Բալկաններից եկող մուսուլման փախստականները վերաբնակեցվում էին Արևմտյան Հայաստանում[9]։ Տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պատճառ է դարձել նաև օսմանյան հայերի դեպի Ռուսական Հայաստան արտագաղթը, որը սկսվել է 19-րդ դարի կեսերից[10], երբ Իրանական Հայաստանի մեծ մասը բռնակցվել է Ռուսական կայսրության կողմից։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արդյունքում Օսմանյան Հայաստանի հայ բնակչության հսկայական մասը դադարեց գոյություն ունենալ՝ կրճատվելով և հասնելով աննշան թվերի։ Մնացածներից շատերը թաքցրել են իրենց ինքնությունը կամ ձուլվել են[11]։ Ողջ մնացածները կազմավորել են Հայկական Սփյուռքը՝ աշխարհասփյուռ հայության համայնքը։
Հայ ժողովրդի նվիրվածությունը իր հայրենիքին Սփյուռքում պահպանվել է հայկական համայնքների և հայկական դպրոցների ստեղծման միջոցով, որտեղ դասավանդվել է նրանց պատմությունը։ Հայաստան հայրենադարձությունը դարձել է Սփյուռքի նպատակներից մեկը[12], սակայն 1920 թվականին Հայաստանի ընդգրկումը Խորհրդային Միության կազմում, 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո քաղաքական և տնտեսական անկայունությունը, 1988 թվականից շարունակվող տարածքային հակամարտությունը հարևան Ադրբեջանի հետ և նրա դիրքը երկու թշնամական երկրների (Թուրքիայի և Ադրբեջանի) միջև պատճառ են հանդիսացել այն բանի համար, որ սփյուռքահայերը չցանկանան լքել հյուրընկալող երկրների հարմարավետ պայմանները Հայաստանի համար, ինչը հանգեցնում է ձուլման և երիտասարդ սերնդի մոտ իր էթնիկ ծագման նկատմամբ հետաքրքրության կորստի, ինչը հայերի շրջանում երբեմն անվանում են Սպիտակ ցեղասպանություն)[13]։
XVI դարում Օսմանյան կայսրությունը Իրանից նվաճել է Անդրկովկասը, որը հետ է գրավվել միայն XVII դարի սկզբին։ Օսմանյան ծանր հարկերից տառապող աղքատ տեղաբնակ հայերը և սեփական համոզմունքների համար հետապնդվող շիա մուսուլմանները ողջունել են Իրանին՝ որպես ազատարարների։ 1603 թվականին օսմանների հակահարձակման մասին լուրը հասել է Իրանի շահ Աբասին, որը հրամայել է հայերին բռնագաղթեցնել Երևանի նահանգից (մոտավորապես ժամանակակից Երևան և դրան հարող Իգդիր, Նախիջևան և Մակու գավառներ), մասնավորապես Ջուլֆա քաղաքից, ինչպես նաև Վան նահանգից՝ հետևելով «այրված հողի» ռազմավարությանը, որի արդյունքում հակառակորդը զրկվում էր պարենավորումից։ Հաշվարկված է, որ 1605 թվականին տեղահանված հայերի թիվը հասել է 300 000-ի[14]։ Հաջորդ հարյուրամյակների ընթացքում թուրքական և քրդական մի քանի քոչվոր ցեղեր բնակություն են հաստատել այդ տարածաշրջաններում և հիմնել խանություններ։
19-րդ դարում Իրանի (1804-1813 և 1826-1828) և Օսմանյան կայսրության (1828-1829 և 1877-1878) դեմ մղված պատերազմների արդյունքում Ռուսաստանը ձեռք է բերել ամբողջ Անդրկովկասը՝ ներառյալ Արևելյան Հայաստանի մեծ մասը։
Այն բանից հետո, երբ Ռուսական կայսրությունը Իրանից բռնակցել է Անդրկովկասը, նրանք Երևանի խանության փոխարեն ստեղծել են Հայկական մարզը։ 1826 թվականին խանության բնակչությունը կազմում էր 110 120 մարդ, որոնցից 20 073 (~18,22%) հայեր էին[15][16]։ Ռուսական կայսրությունը Անդրկովկասում գոյություն ունեցող հայ համայնքի հետ միասին նպաստել է հայերի՝ Օսմանյան կայսրությունից դեպի նոր գրավված տարածքներ հայրենադարձությանը։ Մոտ 40 000 մարդ Ղաջարական Իրանից և 90 000-ը Օսմանյան կայսրությունից ներգաղթել են Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք[10]։
Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները մուսուլմանական կայսրություններում քրիստոնյաների նկատմամբ անվստահության զգացում են առաջացրել, հատկապես Օսմանյան կայսրությունում։ Այդ զգացումն էլ ավելի է ուժեղացել քրիստոնյա ժողովուրդներից Բալկաններում կրած մշտական անհաջողությունների պատճառով։ Հայերը հաճախ մեղադրվել են դավաճանության մեջ, ինչը հանգեցրել էր նրան, որ Ռուսական կայսրությանը դիմակայող առաջատար անկանոն զորքերը թալանում էին հայերի և հարձակվում նրանց վրա, ինչպես նաև կազմակերպում զանգվածային կոտորածներ, որոնցից են Համիդյան կոտորածները և Մեծ Եղեռնը։
Չնայած որոշ հայեր գերադասում էին օսմանյան կամ պարսկական գերիշխանություն, Ռուսական կայսրության կազմի մեջ գտնվող Արևելյան Հայաստանի հայերը արևմտահայերի շրջանում բարձրացնում էին ազգային ենթագիտակցության մակարդակը և ապստամբությունների կոչ անում։ Շատերը տեղափոխվել են Անդրկովկաս, որպեսզի միանան հեղափոխական կազմակերպություններին, որոնք ձգտում էին վերականգնել Արևմտյան Հայաստանի անկախությունը։ Հենց սա դարձավ օսմանյան ղեկավարությանը ցեղասպանություն կատարելու դրդող գործոններից մեկը, որի նպատակն էր վերացնել Արևմտյան Հայաստանի հայկական բնակչությանը։ Անդրկովկասում հայ փախստականների ներհոսքը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ 1914 թվականից ի վեր սկսվել է իրագործվել Հայոց ցեղասպանությունը։
1917 թվականին Ռուսական կայսրության անկումից հետո Անդրկովկասի հայությունը 1918 թվականին հռչակել է Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը։ Կարճատև կյանք ունեցած պետությունը իր գոյության ամբողջ ընթացքում բոլոր կողմերից գտնվել է պատերազմի մեջ։ Քանի որ Օսմանյան կայսրությունը անկում էր ապրել, Փարիզի խաղաղության կոնֆերանսում քննարկում էր նոր սահմանների հարցը։ Խորհրդաժողովը համաձայնել է, որ Օսմանյան կայսրությունը պետք է հրաժարվի Անդրկովկասում իր բոլոր տարածքային հավակնություններից, սակայն այն հարցը, թե Օսմանյան կայսրության որ տարածքներն են հանձնվելու Հայաստանի առաջին հանրապետությանը, այդքան էլ պարզ չէր, քանի որ նրա հայ բնակչությունը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ[17]։ Բացի այդ, հայերը նույն ժամանակ բախվել են նաև տարածաշրջանի մուսուլմանական ապստամբությունների, որը հայտնի է Թուրք-թաթարական ապստամբություններ անվամբ (առաջացել էր, օրինակ, Կարսի հանրապետությունը)։ Ի վերջո Սևրի պայմանագրով Արևմտյան Հայաստանի մեծ մասը հանձնվել է Վիլսոնյան Հայաստանին, որը Օսմանյան կառավարությունը ստորագրել է, բայց այդպես էլ չի իրագործել։
Մինչ որոշ հայեր փորձում էին հայրենադարձել Արևմտյան Հայաստանը, Հայաստանի առաջին հանրապետությունը այդպես էլ չի կարողացել օրինական ճանապարհով ձեռք բերված հողերը վերահսկողության տակ վերցնել, քանի որ հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ հակամարտությունների մեջ էր գտնվում։ Բացի այդ, Քեմալ Աթաթուրքի կողմից Անկարայում ձևավորված թուրքական ազգայնական նոր կառավարությունը մերժել է Սևրի պայմանագիրը, և 1920 թվականի ամռան վերջին թուրք ազգայնականները վերագրավել են Հայաստանին հանձնված տարածքները, իսկ այդ տարածքներում բնակվող մուսուլման բնակչությունը պատրաստ էր զենք վերցնել Սևրի պայմանագրի դրույթների կատարմանը խոչընդոտելու համար, քանի որ նրանք Արևմտյան Հայաստանը համարում էին իրենց հողը։
Վերջ ի վերջո, քանի որ Հայաստանի առաջին հանրապետությունը ներառվել է Խորհրդային Միության կազմում, Լոզանի պայմանագրի ստորագրմամբ Արևմտյան Հայաստանը մնացել է Թուրքիայի կազմում, ինչը ի դերև է հանել հայրենադարձության ձգտող հայ փախստականների հույսերը։ Պայմանագիրը փոխել է Օսմանյան կայսրության նախկին տարածքներում՝ օրինակ՝ Սիրիայում և Լիբանանում, ապաստանած ողջ մնացած հայերի կարգավիճակը, Լոզանի պայմանագրի դրույթների թվում կար պահանջ, որ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում այժմ բնակվող Անատոլիայի փախստականները քաղաքացիության իրավունք ունեն։ 1924 թվականին լիբանանահայերը զանգվածաբար նատուրալիզացվել են, ինչից ի վեր հայերն այդպես էլ չեն կարողացել հայրենադարձվել Արևմտյան Հայաստան[18]։
Հայոց ցեղասպանությունից հետո մեծ թվով հայեր փախել էին Օսմանյան կայսրության հարևան երկրներ՝ Սիրիա, Եգիպտոս, Լիբանան և այլն՝ ձևավորելով մեծ հայկական համայնքներ։ 1939 թվականին Ֆրանսիայի կողմից Ալեքսանդրետտայի սիրիական տարածքի զիջումը Թուրքիային առաջացրեց հայերի՝ դեպի Լևանտ տեղափոխության երկրորդ ալիքը։
1940-ական թվականներին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը կազմակերպել է հայրենադարձության միջազգային արշավ։ Մեծ թվով սփյուռքահայեր հայրենադարձվել են Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին։
1945-1953 թվականներին Խորհրդային Միությունը դիտարկում էր Արևմտյան Հայաստանում իր սահմանների ընդլայնման մի քանի տարբերակներ։ Այդ տարբերակների մի մասն իր մեջ ներառում էր արևմտահայ պատմական տարածքների ձեռքբերումը և սփյուռքահայերի հայրենադարձությունը, սակայն այդ տարածքային պահանջները մերժվել են Իոսիֆ Ստալինի մահից հետո։
Եգիպտոսում բնակություն հաստատած հայերն ապրել են բարգավաճության մեջ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի հազար մարդ արձագանքել է Խորհրդային Հայաստան վերադառնալու կոչին և հայրենադարձվել[19]։
1946-1949 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Լիբանանի նախագահ Բիշարա էլ Խուրիի վարչակազմը օգնություն է ցուցաբերել լիբանանահայերին և սիրիահայերին, որոնք ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան[20]։ Այնուամենայնիվ, հայերն իրենց ավելի հարմարավետ էին զգում Լիբանանում, և նրանցից շատերը, որոնք 1940-ական թվականներին լքել են Լիբանանը և Խորհրդային Միության հայերի հայրենադարձության արշավի շրջանակներում հայրենադարձվել Խորհրդային Հայաստան, հետագայում վերադարձել են Լիբանան, քանի որ Լիբանանը համարվում էր «երկրորդ Հայաստան»[20]։
Հայաստանի Հանրապետության գլխավոր խնդիրներից մեկը նրա բնակչության թվաքանակի պահպանումն է։ Չնայած հայրենադարձության վերջին աճին՝ Հայաստանից հեռացող հայերի թիվն անընդհատ աճում է։
Հայաստանը ջանքեր է գործադրել արտասահմանում բնակվող էթնիկ հայերի կողմից հայկական քաղաքացիություն ստանալը պարզեցնելու ուղղությամբ՝ ներառելով Հայկական սփյուռքի անդամների վերադարձի իրավունքը, իսկ 2007 թվականից թույլատրելով երկքաղաքացիությունը։ Հայաստանում ապրել և աշխատել ցանկացող այն սփյուռքահայերը, որոնք ցանկանում են ազատվել զինվորական ծառայությունից, նույնպես կարող են դիմել ռեզիդենտի հատուկ կարգավիճակ ստանալու համար, որը նրանց տալիս է հատուկ անձնագիր և նույն իրավունքները, ինչ բոլոր քաղաքացիներին, բացառությամբ ընտրությունների ժամանակ ձայնի իրավունքի և հայկական անձնագրով երկրներ մուտք գործելու իրավունքից։ Հայոց ցեղասպանությունը վերապրածները պարզեցված կարգով ստանում են հատուկ անձնագրեր և նրանցից մուտքի վճար չի գանձվում[21]։
Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր 16 623 սիրիահայեր ապաստան են գտել Հայաստանում, որոնցից 13 000-ը մնացել և հայրենադարձվել են (2015 թվականի հուլիսի դրությամբ)։ ՀՀ կառավարությունն առաջարկում է պաշտպանության մի քանի տարբերակ՝ ներառյալ հայկական ծագում ունեցողների պարզեցված հպատակագրում (15 000 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն), ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերը և պարզեցված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կացության թույլտվությունները։
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ Սիրիայում մնացել է ընդամենը 15 000 հայ, մնացածները հաստատվել են Հայաստանում կամ Արցախում, ևս 8 000-ը մեկնել են Լիբանան, իսկ մյուսները՝ Եվրոպա, Միացյալ Նահանգներ և Կանադա։ Սակայն, ըստ հայկական հիմնադրամների մոտավոր հաշվարկների, Սիրիայում մնացել է շուրջ 35 000 հայ։
Ադրբեջանը մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետության վիճելի տարածքում սիրիահայերի վերաբնակեցման կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության կոռուպցիան քննադատության է ենթարկվել, քանի որ եղել այն գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է Սփյուռքը մեկուսացել Հայաստանից։ Սակայն 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության հաջողությունը, որի նպատակներից մեկն է կոռուպցիայի դեմ պայքարը, դիտարկվում է որպես շրջադարձային պահ Հայաստանի պատմության մեջ, և հույս կա, որ Հայաստանի մասին այդ բացասական կարծիքները կփոխվեն և հայրենադարձների նոր ալիք կառաջացնեն։ Այդ փոփոխությունների գիտակցումը Սփյուռքում ուժեղացվել է Սփյուռքում մի քանի հայտնի հայերի կողմից, որոնց շարքում է «System Of A Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը։
2018 թվականի մայիսի 20-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության համալսարանի կողմից կազմակերպված «Armenia Tomorrow: Citizen Diplomacy at Work» համաժողովի ժամանակ դիմել է ողջ աշխարհի հայ երիտասարդ սերնդին՝ կոչ անելով նրանց հայրենադարձվել[22]։
Հայ համայնքներն ու դպրոցներն ամբողջ աշխարհում հաճախ են կազմակերպում այցելություններ Հայաստան, որպեսզի երիտասարդ սերունդի մեջ պահպանվի իրենց հայրենիքի հանդեպ կապվածության զգացումը։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն աշխարհի խոշորագույն և ամենաազդեցիկ հայկական կազմակերպությունն է, օգնում է պահպանել և առաջ տանել հայկական ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝ տարեկան սպասարկելով շուրջ 500 000 հայերի ավելի քան 30 երկրներում։ Հայկական այլ հասարակական կազմակերպություններ, որոնցից է Հայ երիտասարդական դաշնակցությունը (ՀԵԴ), նույնպես օգնում են պահպանել հայկական ինքնությունը Սփյուռքում։
Էդել Հովնանյանի կողմից 2003 թվականին հիմնադրված «Դեպի Հայք» անվամբ ևս մեկ միջազգային ոչ առևտրային հասարակական կազմակերպություն սփյուռքահայերին օգնություն ցուցաբերելու ծառայություններ է մատուցում անձնական կապերի զարգացման և հայ ինքնության զգացումի վերականգնման գործում[23]։ «Դեպի Հայք»-ն կամավորների որակավորման բարձրացման ծրագիր է, որը մասնակիցներին առաջարկում է նաև տուրիստական կրթաթոշակներ՝ Հայաստանի զարգացմանը աջակցելու համար։ Մասնակցության համար թեկնածուները պետք է ունենան հայկական ծագում և գտնվեն որոշակի տարիքային տիրույթում։
2012 թվականի օգոստոսին ստեղծվել է «Repat Armenia» (հայերեն՝ «Վերադարձ Հայաստան») կազմակերպությունը, որը ծառայություններ է մատուցում սփյուռքահայերին իրենց հայրենադարձության ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։ Նրանց նպատակն է խրախուսել մասնագետների և ձեռներեց մարդկանց ու ընտանիքների հայրենադարձությունը Հայաստան՝ օգնելու հայ ազգի զարգացմանը։ Նրանք նաև ազդեցություն ունեն կառավարության քաղաքականության վրա և օգնում են Հայաստանում ստեղծել բարենպաստ միջավայր հայրենադարձության համար։
Այս բոլոր կազմակերպություններն իրենց ջանքերն են ներդրել սփյուռքահայերին իրենց հայրենիքում վերամիավորելու համար՝ հույս ունենալով, որ նրանք մի օր կհայրենադարձվեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.