Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թուրք-պարսկական պատերազմ 1578—1590 թվականների, զինված բախում Օսմանյան և Սեֆյան տերությունների միջև Անդրկովկասի նկատմամբ վերահսկողության համար[1]։
Թվական | 1578—1590 |
---|---|
Մասն է | Թուրք-պարսկական պատերազմներ |
Վայր | Անդրկովկաս, Քուրդիստան |
Արդյունք | Ստանբուլի պայմանագիր (1590) |
Հակառակորդներ | |
Սեֆյան կայսրություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Խամզա միրզա Աբաս I Մեծ | Լալա Մուստաֆա փաշա Կոջա Սինան փաշա Օզդեմիրօղլու Օսման փաշա |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Օսմանյան և Սեֆյան կայսրությունների միջև սահմանը հաստատվել էր 1555 թվականին Ամասիայի հաշտության պայմանագրով։ Սակայն 1576 թվականին մահացավ պարսից շահ Թահմասպ 1-ինը։ Գահ բարձրացած նրա որդի Իսմայիլ 2-րդը իր կառավարումը սկսեց հարազատների դեմ բռնաճնշումներ կիրառելով, սպանեց վեց եղբայրներին, և 1577 թվականին հենց ինքը դավադրության զոհ դարձավ։ Նոր շահ դարձավ թույլ ու կիսակույր Մուհամադ Խուդաբենդեն, ում օրոք շահից միայն տիտղոսը պահպանվեց, իսկ Պարսկաստանը փաստացի իրար մեջ բաժանեցին տարբեր ցեղերի էմիրները։ Մեկ տարվա ընթացքում էմիրները մսխեցին Թահմասպի կողմից 53 տարիների ընթացքում կուտակած հարստությունը, երկրում գժտություններ ծայր առան։
Օսմանյան ղեկավարության շրջանում տարակարծություններ էին առաջացել կայսրության արևելյան սահմանների ռազմավարության շուրջ։ Մեծ վեզիր Սոկոլլու Մեհմեդ փաշան կտրականապես դեմ էր Պարսկաստնի դեմ պատերազմին , քանի որ հասկանում էր առանձին շրջաններում բանակի մատակարարման դժվարությունները և վախենում էր խոշոր ծախսերից, սակայն նա իրեն ատող հզոր թշնամիներ ուներ, ովքեր պահանջում էին պատերազմական ճանապարհով ճնշել ղըզըլբաշներից եկող վտանգը։ Սեֆյանների հետ պատերազմելու սկզբունքային որոշումը կայացնելուց հետո բանակի գլխավոր հրամանատար է նշանակվում ընդդիմության առաջնորդ, Կիպրոսյան պատերազմի հերոս Լալա Մուստաֆա փաշան և Եմենյան պատերազմի հերոս Խոջա Սինան փաշան։ Սակայն Լալա Մուստաֆան և Խոջա Սինանը չկարողացան համագործակցել, և Խոջա Սինանը պաշտոնանկ արվեց, իսկ Լալա Մուստաֆան սկսեց նախապատրաստվել պատերազմական պարգևներ ստանալու՝ պլանավորելով , որ հաղթանակից հետո Մեհմեդի փոխարեն ինքն է դառնալու մեծ վեզիր։
Օսմանյան բանակը ծովով շարժվեց դեպի Տրապիզոն, իսկ հետո ցամաքով անցավ Էրզրում՝ այն դարձնելով առաջավոր բազա, և 1578 թվականի ամռանը սկսեց ռազմական գործողությունները։ Սեֆյաններն ու իրենցից կախյալության մեջ գտնվող իշխանությունները այնպիսի վատ դրության մեջ էին գտնվում, որ օսմանյան զորքերն անցան ողջ Վրաստանը՝ ճանապարհին գրավելով Թիֆլիսը, իսկ ամռան վերջին շրջափակեցին Շիրվանի որոշ շրջաններ։ Թուրքերն այնքան վստահ էին իրենց հաղթանակում, որ Շիրվանի տարածքում օսմանյան գավառ կազմավորեցին, որի ղեկավար նշանակվեց Օզդեմիրօղլու Օսման փաշան։ Սկզբնական շրջանում թաթարների աջակցությամբ նա կարողացավ ճնշել տեղի բնակչության և սեֆյան զորամիավորումների դիմադրությունը, բայց Թիֆլիսում իրեն՝ օսմանյան զորքերի հետ կապող հանգույցների խզումը, Սեֆյանների հակահարձակումը, վերջիններիս կողմից Արեշի գրավումը, թաթարների պարտությունը և Շամախի ազատագրումը հարկադրեցին նրան լքել Շամախի գավառական մայրաքաղաքը և ձմեռել Դերբենդում։
Իր հակառակորդ Խոջա Սինանին թողնելով Ստամբուլում՝ Լալա Մուստաֆան ճակատագրական սխալ թույլ տվեց։ Երբ 1579 թվականին գաղտնի կերպով ուղարկված դերվիշի կողմից սպանվեց Սոկոլլու Մեհմեդ փաշան, նրա պաշտոնը զբաղեցրեց երկրորդ վեզիր Սեմիզ Ահմեդ փաշան, իսկ Խոջա Սինանը, բարձրանալով ծառայողական սանդուղքով, դարձավ երրորդ վեզիր։ Սեմիզ Ահմեդը ռազմաճակատից հետ կանչեց Լալա Մուստաֆային, և նրա փոխարեն հրամանատար նշանակեց Խոջա Սինանին. Լալա Մուստաֆան դարձավ երկրորդ վեզիր։ Նա, այնուամենայնիվ, դեռևս ակնկալում էր մեծ վեզիր դառնալ, երբ Սեմիզ Ահմեդը ընդամենը մի քանի ամիս մեծ վեզիրի պաշտոնում լինելով մահացավ։ Սակայն Խոջա Սինանը կարողացավ խոչընդոտել, և 1580 թվականի օգոստոսին, մեծ վեզիրի պաշտոնը երեք ամիս թափուր մնալուց հետո, այն զբաղեցրեց Խոջա Սինանը։ Կարճ ժամանակ անց Լալա Մուստաֆան մահացավ։
Երբ 1580 թվականի նոյեմբերին Խոջա Սինանը, դեռևս բանակի գլխավոր հրամանատար լինելով, հասավ Էրզրում, Սեֆյանները հաշտություն խնդրեցին։ Խոջա Սինանը վերադարձավ Ստամբուլ՝ ենթադրելով, որ ռազմական գործողությունները վերջացել են, մինչդեռ իրականում կռիվները շարունակում էին Վրաստանում, ինչն էլ խանգարեց հաշտության պայմանագիր կնքելուն։
Մի քանի ամիս անց Խոջա Սինան փաշան պաշտոնանկ արվեց, նրա փոխարեն նշանակվեց երկրորդ վեզիր Սիյավուշ փաշան։ Նրա օրոք Օսմանյան կայսրությունը Կովկասը զավթելու փորձ կատարեց։ Ստեղծվեցին չորս նոր գավառներ։ Քանի որ տեղի իշխանները բավականին անվստահելի էին, թուրքերը այստեղ ստիպված եղան ամրություններ կառուցելու։ Առաջնային բազա դարձավ Կարսը, վերակառուցվեց Երևանը, ամրացվեցին մյուս հետակետերը։
Օզդեմիրօղլու Օսման փաշան մնաց Դերբենդում մինչև 1582 թվականը, երբ այստեղ Ռումելիայից, Ղրիմի վրայով օգնական ուժեր բերվեցին, ինչից հետո նա արևելյան Կովկասից Սեֆյաններին վտարելու նպատակով արշավանք սկսեց։ Ղրիմի խան Մեհմեդ 2-րդ Գերայը հրաժարվեց անհրաժեշտ քանակով զորք տրամադրելուց, այդ պատճառով Օզդեմիրօղլու Օսմանը ուղևորվեց Ղրիմ և, համագործակցելով Ստամբուլից ուղարկված՝ Կիլիչ Ալի փաշայի հրամանատարությամբ ջոկատի հետ, նոր խան նստեցրեց գահին։ Բավարար քանակությամբ թաթարական զորքեր ստանալով՝ Օզդեմիրօղլու Օսման փաշան կարողացավ Կովկասի արևելյան շրջաններում ջախջախել Սեֆյաններին։
Երբ Օզդեմիրօղլու Օսման փաշան վերադարձավ Ստամբուլ, նրան դիմավորեցին ինչպես հերոս, և 1584 թվականի ամռանը նա, հակառակ սուլթանին շրջապատող կլանի կամքի, նշանակվեց մեծ վեզիր։ 1585 թվականին նա գրավեց Սեֆյանների մայրաքաղաքը՝ Թավրիզը, և առաջին անգամ կարողացավ այն պահել։ Թուրքերի վստահությունը իրենց ուժերի հանդեպ այնքան մեծ էր, որ օսմանյան քաղաքականությունը որոշ ժամանակաընթացք լրջորեն դիտարկում էր ուզբեկական խանի՝ Ռուսաստան գնալու և միացյալ ուժերով Աստրախանը նվաճելու առաջարկը։ Այդ ընթացքում հարավում Պարսկաստանի դեմ բացվեց ևս մեկ ռազմաճակատ՝ Բաղդադի թուրքական նոր նահանգապետ Սիգալազադե Սինան փաշան գրավեց Իրանի հարավ-արևմտյան տարածքները և այստեղ ստեղծեց երկու նոր գավառներ։
Շահ Մուհամմադը, գիտակցելով իր թուլությունը, առաջնային պլան մղեց իր որդիներից մեկին՝ Համզային։ Համզա-միրզա փորձեց դիմադրել օսմաններին, և անգամ որոշ հաջողություններ ունեցավ այդ առումով, սակայն էմիրների հերթական դավադրության զոհը դարձավ։ Մուհամադ Խուդաբենդեն ուղևորվեց Ֆարս՝ճնշելու այստեղ բռնկված ապստամբությունը և շուտով մահացավ։ Այդ ժամանակ արևելքում իրենց գործողություններն ակտիվացրեցին ուզբեկները։ Սեֆյան Պարսկաստանը որպես պետություն փաստացի դադարեց գոյություն ունենալուց։
Մուհամմադի մահից հետո 1587 թվականին պարսից գահին նստեց նրա 16-ամյա թոռ Աբբասը: Նա հասկանում էր, որ միաժամանակ երկու ճակատով հնարավոր չէ մարտնչել, և որոշեց, առժամանակ անուշադրության մատնելով ուզբեկներին, կենտրոնանալ օսմանների դեմ պայքարի վրա։ Այդ նպատակով նա բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ՝ հակաթուրքական ռազմական դաշինք կնքելու համար՝ խոստանալով Մոսկվային զիջել Դերբենդը և Շիրվանը։ Սակայն բանակցություններն ապարդյուն եղան, և Աբբասը հարկադրված եղավ ծայրահեղ անշահավետ հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ։
1590 թվականի մարտին Օսմանյան կայսրության և Սեֆյան տերության միջև կնքվեց Ստամբուլի պայմանագիրը, որով Պարսկաստանը կորցրեց Անդրկովկասը։ Շահ Աբբասը հաստատված խաղաղությունն օգտագործեց ուզբեկներին ջախջախելու, իր իշխանությունը ամրապնդելու և կանոնավոր բանակ ստեղծելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.