![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Barricade18March1871.jpg/640px-Barricade18March1871.jpg&w=640&q=50)
Ակտիվիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ակտիվիզմ, սոցիալական, քաղաքական, տնտեսական կամ շրջակա միջավայրի պաշտպանության բարեփոխումները խթանելու, խոչընդոտելու, ուղղորդելու կամ միջամտելու ջանքեր, որոնք նպատակ ունեն դրական փոփոխություններ բերել հասարակության մեջ: Ակտիվիզմն ունի տարբեր ձևեր՝ գործողություններ, որոնք ուղղված են համայնքի ներսում որոշակի նպատակի համար աջակցություն կամ կոնսենսուս ստանալուն (օրինակ՝ թերթերին նամակներ գրելը), ընտրված պաշտոնյաներին խնդրագրեր ներկայացնելը, քաղաքական արշավներին մասնակցելը կամ ֆինանսապես աջակցելը, բիզնեսներին աջակցելը կամ բոյկոտելը և ակտիվիզմի ավելի տեսանելի ձևերը՝ հանրահավաքներ, երթեր, գործադուլներ, նստացույցեր կամ հացադուլներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Barricade18March1871.jpg/640px-Barricade18March1871.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/1963_march_on_washington.jpg/320px-1963_march_on_washington.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/Leffler_-_WomensLib1970_WashingtonDC.jpg/640px-Leffler_-_WomensLib1970_WashingtonDC.jpg)
Առօրյա կյանքում ակտիվիզմը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ արթիվիզմ, երբ արվեստագետները տեսողական կամ կատարողական արվեստի միջոցով խթանում են սոցիալական փոփոխություններ, հաքերային ակտիվիզմ, երբ որոշ մարդիկ օգտագործում են իրենց համակարգչային հմտությունները քաղաքական կամ սոցիալական ակտիվիզմի նպատակով և նույնիսկ տնտեսական ակտիվիզմ, երբ մարդիկ կանխամտածված որոշումներ են կայացնում այն մասին, թե ինչպես գումար ծախսեն որոշակի բիզնեսներին, ապրանքներին աջակցելու կամ բոյկոտելու համար: Օրինակ՝ կոնկրետ ընկերությունից ապրանք գնելուց հրաժարվելը կարող է ակտիվիզմի դրսևում համարվել։ Սա իր էությամբ բողոքի ակցիա է՝ այդ ընկերության կողմից իր աշխատողների շահագործման դեմ։ Այդուհանդերձ, ակտիվիզմը հաճախ ավելի տեսանելի և ազդեցիկ է լինում, երբ բազմաթիվ անհատներ միասին բողոքի ակցիաներ են կազմակերպում[1]: Երբ մի խումբ մարդիկ որոշակի ժամանակի ընթացքում նպատակաուղղված, կազմակերպված գործողություններ են իրականացնում, դա կոչվում է սոցիալական շարժում[2]:
Պատմության ընթացքում ակտիվիստներն օգտագործել են գրավոր նյութերի տարբեր ձևեր, օրինակ՝ բրոշյուրներ, թռուցիկներ և գրքեր՝ իրենց ուղերձները տարածելու և ընթերցողներին իրենց գործի արդար լինելը համոզելու համար: Վերջին հետազոտությունները սկսել են ուսումնասիրել, թե ինչպես են ժամանակակից ակտիվիստական խմբերն օգտագործում սոցիալական մեդիան՝ խթանելու քաղաքացիական մասնակցությունը և մոբիլիզացնելու կոլեկտիվ գործողություններ՝ միաձուլելով քաղաքականությունը տեխնոլոգիայի հետ[3][4]։ Ձախ և աջ հայացքներ ունեցող առցանց ակտիվիստները հաճախ օգտագործում են տարբեր մարտավարություններ: Հեշթեգային ակտիվիզմն ու օֆլայն բողոքի ակցիաներն ավելի հաճախ հանդիպում են ձախերի մոտ[5]: Միացյալ Նահանգներում կուսակցական լրատվամիջոցների հետ ռազմավարական համագործակցությունը, այլընտրանքային հարթակներին անցումը և ավանդական լրատվամիջոցների մանիպուլյացիան աջերի շրջանում տարածված մարտավարություն են: Ավելին, այն ընկալումը, որ ձախ ակտիվիստները մեծապես ներգրավված են գիտության և կրթական ոլորտներում, կարող է հանգեցնել գիտական նախաձեռնությունների նկատմամբ պահպանողականների վստահության նվազմանը: Այս անվստահությունը, իր հերթին, կարող է ծառայել որպես պահպանողակաների կողմից ակտիվիզմի տարբեր ձևերի կատալիզատոր՝ պոտենցիալ դրսևորվելով քոլեջներում[6]: Որոշ գիտնականեր նաև ապացուցել են, որ չափազանց հարուստ անհատների ազդեցությունը ևս ակտիվիզմի տեսակ է[7][8]։
Ծայրահեղ ակտիվիզմի և ահաբեկչության միջև տարբերակումը միշտ չէ, որ հստակ է և կարող է բավականին դժվար լինել՝ պայմանավորված դրանց տարբերությունների նրբերանգային բնույթով[9]: