Սոցիալական արդարություն
From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալական արդարություն, արդարություն՝ կապված հարստության, հնարավորությունների և արտոնությունների բաշխման արդար հավասարակշռության հետ մի հասարակության ներսում, որտեղ անհատների իրավունքները ճանաչված և պաշտպանված են[1]։ Արևմտյան և ասիական մշակույթներում սոցիալական արդարության հայեցակարգը հաճախ վերաբերում է այն գործընթացին, որը երաշխավորում է, որ անհատները կատարեն իրենց հասարակական դերերը և ըստ արժանվույն ստանան հասարակությունից[2][3][4]։ Սոցիալական արդարության համար ներկայիս շարժումներում շեշտը դրվել է սոցիալական շարժունակության, անվտանգության ցանցերի ստեղծման և տնտեսական արդարության համար խոչընդոտների վերացման վրա[5][6][7][8][9]։ Սոցիալական արդարությունը վերապահում է իրավունքներ և պարտականություններ հասարակության ինստիտուտներում, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս ստանալ համագործակցության հիմնական առավելություններն ու բեռը։ Համապատասխան ինստիտուտները հաճախ ներառում են հարկումը, սոցիալական ապահովագրությունը, հանրային առողջապահությունը, հանրակրթական դպրոցը, հանրային ծառայությունները, աշխատանքային օրենսդրությունը և շուկաների կարգավորումը` ապահովելու համար հարստության բաշխումը և հավասար հնարավորությունները[Ն 1]:
Մեկնաբանությունները, որոնք արդարությունը կապում են հասարակության հետ փոխադարձ հարաբերությունների հետ, միջնորդավորված են մշակութային ավանդույթների տարբերություններով, որոնցից մի քանիսը շեշտում են հասարակության հանդեպ անհատական պատասխանատվությունը, իսկ մյուսները՝ իշխանության հասանելիության և դրա պատասխանատու օգտագործման միջև հավասարակշռությունը[11]։ Հետևաբար, սոցիալական արդարությունն այսօր կիրառվում է, երբ վերաիմաստավորվում են այնպիսի պատմական դեմքեր, ինչպիսիք են Բարտոլոմե դե լաս Կասասը, մարդկանց միջև տարբերությունների մասին իր փիլիսոփայական բանավեճերով, ներկայիս գենդերային, էթնիկական և սոցիալական հավասարության պայմաններում, միգրանտների, բանտարկյալների, շրջակա միջավայրի համար արդարադատություն քարոզելու և ֆիզիկական և մտավոր շեղումներով հաշմանդամների շահերը պաշտպանելու համար[12][13][14]։
Թեև սոցիալական արդարության հասկացությունները կարելի է գտնել դասական և քրիստոնեական փիլիսոփայական աղբյուրներում՝ Պլատոնից և Արիստոտելից մինչև Օգոստինոս Հիպոնցին և Թոմաս Աքվինացին, սոցիալական արդարություն տերմինն իր ամենավաղ կիրառումը գտել է 18-րդ դարի վերջին, թեև անհասկանալի տեսական կամ գործնական իմաստներով[15][16][17]։ Տերմինի օգտագործումը վաղ շրջանում քննադատվում էր շատ կիրառման և հռետորության մեղադրանքներով, որոնք, հնարավոր է, բայց պարտադիր չէ, որ կապված լինեն բաշխիչ արդարադատության (distributive justice) մեկ տեսակետի ընդլայնման հետ[18]։
1840-ականների սկզբին Լուիջի Տապարելլիի բնական իրավունքի հասարակական գիտական տրակտատում տերմինի ստեղծման և սահմանման մեջ[19] Տապարելլին սահմանել է բնական իրավունքի սկզբունքը, որը համապատասխանում էր եղբայրական սիրո ավետարանական սկզբունքին, այսինքն՝ սոցիալական արդարությունն արտացոլում է մարդու պարտքն ինքն իր առաջ, որը փոխկապակցված է հասարակության մեջ մարդու անհատականության վերացական միասնության հետ[20]։ Եվրոպայում 1848 թվականի «Ժողովուրդների գարուն» անունը ստացած հեղափոխություններից հետո տերմինը ընդհանուր տարածում գտավ Անտոնիո Ռոսմինի-Սերբատիի գրվածքների շնորհիվ[21][22]։
Արդյունաբերական հեղափոխությունից հետո առաջադեմ դարաշրջանի (1896–1917) ամերիկացի իրավաբանները սկսեցին ավելի շատ օգտագործել տերմինը, մասնավորապես՝ Լուի Բրանդեյսը և Ռոսկո Փաունդը։ 20-րդ դարի սկզբից այն նաև ներառված էր միջազգային իրավունքում և ինստիտուտներում. Աշխատանքի միջազգային կազմակերպության ստեղծման նախաբանում ասվում է, որ «համընդհանուր և տևական խաղաղություն կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե այն հիմնված է սոցիալական արդարության վրա»։
20-րդ դարի վերջին սոցիալական արդարությունը կենտրոնացավ սոցիալական պայմանագրի փիլիսոփայության մեջ, հիմնականում Ջոն Ռոլսի «Արդարության տեսություն» աշխատության մեջ (1971)։ 1993 թվականին Մարդու իրավունքների առաջին համաշխարհային գիտաժողովում ընդունված Վիեննայի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը սոցիալական արդարությունը դիտակեց որպես մարդու իրավունքների կրթության նպատակ[23][24]։