Նստացույց-գործադուլ
From Wikipedia, the free encyclopedia
Նստացույց-գործադուլ, աշխատանքային գործադուլի և քաղաքացիական անհնազանդության ձև, երբ աշխատողների կազմակերպված խումբը, որը սովորաբար աշխատում է գործարաններում կամ համանման այլ հաստատություններում, հիմնականում չարտոնված կամ անօրինական կերպով զավթում է աշխատավայրի տարածքը կամ դրա մի հատվածը՝ նստած մնալով իրենց աշխատատեղերում։ Սովորաբար գործադուլի այս ձևն իրականացվում է քաղաքական նստացույցի ձևաչափով[1]։
Գործադուլի այս տեսակի հիմնական առանձնահատկությունը կամ գրավչությունը կայանում է նրանում, որ այն թույլ չի տալիս գործատուներին փոխարինող աշխատողներ վարձել (շտրեյկբրեխերներ) կամ սարքավորումները տեղափոխել այլ վայր՝ արտադրությունը շարունակելու համար։ Նիլ Ասչերսոնն առաջ է քաշում ևս մեկ առանձնահատկություն։ Ըստ նրա՝ գործադուլի այս տեսակն ընդգծում է աշխատողների կարևորությունը հասարակության կարիքները հոգալու հարցում և հնարավորություն է տալիս նրանց փաստացի իրենց վերահսկողության տակ պահել արժեքավոր սարքավորումները, որոնք նրանք կարող են որպես լծակ օգտագործել գործատուների հետ բանակցությունների ընթացքում[2]։