Ադոլֆ Հիտլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Հիտլեր (գերմ.՝ Adolf Hitler, ապրիլի 20, 1889(1889-04-20)[1][2][3][…], Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[4] - ապրիլի 30, 1945(1945-04-30)[5][1][2][…], Ֆյուրերբունկեր, Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության(Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) առաջնորդը։ Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թվականին և 1934 թվականին`ֆյուրեր։ Իր դիկտատուրայի օրոք 1933-ից 1945 թվականներին նա նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում` ներխուժելով Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերին։ Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները և եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը։
Հիտլերը ծնվել է Ավստրիայում, որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի մասն էր և մեծացել է Լինցի մոտակայքում։ Նա տեղափոխվել է Գերմանիա 1913 թվականին և անդամագրվել Գերմանիայի բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1919 թվականին նա միացել է Գերմանական բանվորական կուսակցությանը, որը վերածվեց Նացիստական կուսակցության, և 1921 թվականին Հիտլերը դարձավ դրա առաջնորդը։ 1923 թվականին նա փորձեց իշխանության հասնել Մյունխենում իրականացված հեղաշրջման փորձի միջոցով, սակայն ձախողվեց և բանտարկվեց։ Բանտում նա հեղինակեց իր ինքնակենսագրության առաջին հատորը և «Իմ պայքարը» («Mein Kampf») գիրքը։ 1924 թվականին ազատվելուց հետո, Հիտլերը մեծ ժողովրդականություն ձեռք բերեց քննադատելով Վերսալյան պայմանագիրը և քարոզելով պանգերմանիզմ, հակասեմականություն և հակակոմունիզմ։ Նա հաճախ հայտարարում էր, որ միջազգային կապիտալիզմը և կոմունիզմը հրեական դավադրության գործիք են։
1932 թվականին Նացիստական կուսակցությունը դարձավ ամենամեծ ընտրված կուսակցությունը գերմանական Ռայխստագում, սակայն չուներ մեծամասնություն և ոչ մի կուսակցություն չկարողացավ ձեռք բերել մեծամասնություն կոալիցիայի միջոցով և սատարել կանցլերի թեկնածությունը։ Նախկին կանցլեր Ֆրանց ֆոն Պապենը և այլ պահպանողական առաջնորդներ ճնշում գործադրեցին երկրի նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի վրա և ստիպեցին Հիտլերին նշանակել կանցլեր 1933 թվականի հունվարի 30-ին։ Շատ ժամանակ չանցած Ռայստագը ընդունեց Հատուկ լիազորությունների մասին օրենքը, ինչից սկսվեց Վայմարյան հանրապետությունից Նացիստական Գերմանիայի վերափոխման գործընթացը, որը միակուսակցական դիկտատուրա էր, հիմնված նացիստական ամբողջատիրական և անձնիշխանական գաղափարախոսության վրա։ Հիտլերը նպատակ ուներ ձերբազատվել Գերմանիայի հրեաներից և հիմնադրել նոր կարգ, որը կընդդիմանար այն անարդարություններին, որոնք տեղի ունեցան Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Նրա կառավարման առաջին վեց տարիներին Գերմանիայի տնտեսությունը արագորեն զարգացավ` հաղթահարելով Մեծ ճգնաժամը, հրաժարվելով ռազմատուգանքներից, որոնք Գերմանիան պետք է վճարեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո և բռնակցելով միլիոնավոր էթնիկ գերմանացիներով բնակեցված տարածքներ, ինչը նրան բերեց հանրային նշանակալի աջակցություն։
Հիտլերը ձեռնամուխ եղավ Lebensraum («ապրելու տարածություն») ստեղծման քաղաքականությանը Արևելյան Եվրոպայում և այս ագրեսիվ քաղաքականությունը դարձավ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր պատճառը։ Նա մեծ տեմպերով իրականացրեց վերազինում և 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, ինչի արդյունքում Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ 1941 թվականի հունիսին Հիտլերը հրամայեց ներխուժել ԽՍՀՄ։ 1941 թվականի դեկտեմբերի դրությամբ գերմանական զորքերը և եվրոպական Առանցքի ուժերը օկուպացրել էին Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի կողմից Պերլ Հարբորի վրա հարձակումից շատ չանցած Հիտլերը պատերազմ հայտարարեց Միացյալ Նահանգներին` ներքաշելով ուղղակի ռազմական գործողությունների մեջ։ Խորհրդային Միությանը արագ պարտության մատնելու պլանների ձախողման և ԱՄՆ կողմից պատերազմի ներքաշման արդյունքում պատերազմը բեկվեց Դաշնակիցների օգտին և Գերմանիան սկսեց պարտություններ կրել։ Պատերազմի վերջին օրերին Բեռլինի ճակատամարտի ժամանակ Հիտլերը ամուսնացավ իր երկար տարիների սիրուհու` Եվա Բրաունի հետ։ Ամուսնությունից երկու օր չանցած 1945 թվականի ապրիլի 30-ին զույգը ինքնասպանություն գործեց, որպեսզի խուսափի խորհրդային Կարմիր բանակի ձեռքը ընկնելուց. նրանց մարմիններն այրվեցին։
Հիտլերի իշխանության օրոք ռասիստական գաղափարախոսության ներքո Նացիստական ռեժիմը ձեռնամուխ եղավ մոտ 5,5 միլիոն հրեաների ցեղասպանության և միլիոնավոր այլ անմեղ մարդկանց սպանությանը։ Հիտլերը և Նացիստական ռեժիմը նաև պատասխանատու են մոտ 19,3 միլիոն խաղաղ բնակչի և ռազմագերիների սպանության համար։ Բացի այդ մոտ 28,7 միլիոն զինվոր և խաղաղ բնակիչ մահացել են Եվրոպական ճակատում ռազմական գործողությունների հետևանքով։ Սպանությունների քանակով Երկրորդ համաշխարհային պատերազմը համարվում է ամենամահաբեր հակամարտությունը պատմության մեջ։