![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/PGRS_2_081_Struve_-_crop.jpg/640px-PGRS_2_081_Struve_-_crop.jpg&w=640&q=50)
Վասիլի Ստրուվե (աստղագետ)
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Յակովլևիչ Ստրուվե (ռուս.՝ Василий Яковлевич Струве, անգլ.՝ Friedrich Georg Wilhelm Struve, ապրիլի 15, 1793(1793-04-15)[1][2][3], Ալտոնա, Գերմանիա[2][3] - նոյեմբերի 23, 1864(1864-11-23)[1][2][3], Պուլկոցո, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս աստղագետ և գեոդեզիստ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1832)։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլի Ստրուվե (այլ կիրառումներ)
Ավարտել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանը (1810)։ 1818-1839 թվականներին եղել է Դորպատի համալսարանի աստղադիտարանի տնօրենը։ 1833 թվականից ղեկավարել է Պուլկովոյի աստղադիտարանի կազմակերպման և սարքավորման գործը, 1839-1862 թվականներին եղել է այդ աստղադիտարանի տնօրենը։ Հիմնարար աստղաչափության բնագավառում Ստրովեի ստացած կարևորագույն արդյունքների, երկնային լուսատուների կոորդինատների որոշման և Ստրովեի ղեկավարությամբ կազմված աստղացուցակների շնորհիվ Պուլկովոյի աստղադիտարանը համաշխարհային ճանաչում ստացավ։ Կրկնակի և բազմակի աստղերի վերաբերյալ Ստրուվեի խոր ուսումնասիրությունների արդյունքները տեղ են գտել «Միկրոմետրական չափումներ․․․» (1837) և «Աստղերի միջին դիրքերը» (1852) աշխատություններում։ Ստրուվեին են պատկանում 27 աստղերի պարալաքսների առաջին հուսալի գնահատականները (1822) և a Քնարի անհատական պարալաքսի ճշգրիտ որոշումը (1837)։ Ստրուվեն ստեղծել է աստղաչափության պուլկովյան դպրոցը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է այսպես կոչված աստղագիտական հաստատունների համակարգ, որը ժամանակին լայն ճանաչում է ստացել։ Ստրուվենը մեծ ավանդ ունի նաև գեոդեզիայի զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ որոշվել է երկրի միջօրեականի մի հատվածի երկարությունը Ռուսաստանի արևմտյան մասում։ Եղել է միջազգային մի շարք ակադեմիաների և ընկերությունների պատվավոր անդամ։