Աստղագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Աստղագիտություն, գիտություն երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ և այլն) և նրանց հետ կապված երևույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում և այլն) մասին։ Այն միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում և այլն)։ Ըստ ուսումնասիրության օբյեկտների կամ մեթոդների աստղագիտությունը բաժանվում է մի շարք ենթաբաժինների։
Տիեզերական թռիչքների ժամանակ անհրաժեշտ ուղեծրերի ընտրության կապակցությամբ աստղագիտության մեջ ձևավորվեց մի նոր բաժին՝ աստղադինամիկան, որն ուսումնասիրում է արհեստական երկնային մարմինների շարժումները։
Արեգակի, մոլորակների և աստղերի տեսանելի շարժումների պարբերականությունը աստղագիտական դիտումներով հաստատված առաջին օրինաչափություններից է։ Այն ընկած է ժամանակի որոշման և օրացույցների կազմման հիմքում։ Այդ պարբերականությունն օգտագործվում է նաև մի շարք երկնային երևույթների (Արեգակի և Լուսնի խավարումներ, Արեգակի, Լուսնի և մոլորակների մերձեցումներ և այլն) կանխատեսման համար։ Այդ խնդիրները, նրանց լուծման համար կիրառվող գործիքների տեսությունը և մաթեմատիկական մեթոդները կազմում են աստղաչափության, ոլորտային ու գործնական աստղագիտությունների առարկան։
Մոլորակների շարժումների, Արեգակի ու Լուսնի խավարումների, պայծառ գիսավորների երևույթները հին դարերում կապում էին Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների հետ և օգտագործում հասարակական կյանքի երևույթների, մարդկանց ճակատագրի կանխագուշակման նպատակով։ Այդ հարցերով զբաղվող կեղծ գիտությունը՝ աստղագուշակությունը, ոչ մի գիտական հիմք չունի, սակայն ժամանակին զարկ է տվել աստղագիտական դիտումներին և դրանով իսկ նպաստել Աստղագիտության զարգացմանը։
Մեծ է աստղագիտության գիտական և գործնական նշանակությունը։ Այն սերտորեն կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և մյուս գիտությունների հետ։ Օգտագործելով այդ գիտությունների մեթոդները՝ նաև իր հերթին զգալիորեն ազդել է նրանց զարգացման վրա։ Այսպես, երկնային մեխանիկայի հաջողությունները 17-րդ դարում խթանեցին այն ժամանակ ֆիզիկայի հիմնական բաժինը կազմող դասական մեխանիկայի զարգացմանը, որով դրվեց ճշգրիտ բնագիտության հիմքը։ Ավելի ուշ (20-րդ դար) աստղաֆիզիկական հետազոտությունները հանգեցրին նոր երևույթների և նյութի՝ տիեզերական պայմաններում դրսևորվող, գիտությանը մինչ այդ անհայտ հատկությունների բացահայտմանը, որը զգալիորեն նպաստեց ֆիզիկայի զարգացմանը։ Մասնավորապես, աստղերի ճառագայթման աղբյուրների ուսումնասիրությունը բերեց էներգիայի ջերմամիջուկային աղբյուրների հայտնագործմանը։