From Wikipedia, the free encyclopedia
Պաշտպանական պատ կամ պարիսպ, ամրություն, որը սովորաբար օգտագործվում է քաղաքը, գյուղը կամ այլ բնակավայրը պոտենցիալ ագրեսորներից պաշտպանելու համար։ Պատերը կարող են լինել սկսած պարզ շինություններից կամ հողային պատնեշներից մինչև քաղաք մուտք գործելու համար կանգնեցված աշտարակներով, բաստիոններով և դարպասներով ընդարձակ ռազմական ամրություններ[1]։
Նկարագրություն | |||||||||||
Համալիրի մաս | ամրոց, ամրություն և ֆորտիֆիկացիա | ||||||||||
Defensive walls Վիքիպահեստում |
Հին ժամանակներից մինչև մեր օրերը դրանք օգտագործվում են բնակավայրերը դրսից մեկուսացնելու համար։ Ընդհանրապես, դրանք կոչվում են քաղաքի պարիսպներ կամ քաղաքի պատեր, չնայած կառուցվել են նաև պարիսպներ, ինչպիսիք են Չինական մեծ պարիսպը, Բենինի պատը, Ադրիանոսի պատը, Անաստասյան պարիսպը և Ատլանտյան պարիսպը, որոնք ձգվել են քաղաքի սահմաններից շատ հեռու և օգտագործվել են տարածքները պարփակելու կամ տարածքային սահմանները նշելու համար։
Լեռնային տեղանքում պաշտպանական պարիսպները, ինչպիսիք են լեցիները (letzi), օգտագործվել են ամրոցների հետ համատեղ՝ հովիտները պոտենցիալ հարձակումից փակելու համար։ Իրենց պաշտպանական օգտակարությունից բացի, շատ պատեր ունեցել են նաև կարևոր խորհրդանշական գործառույթներ` ներկայացնելով դրանցով շրջափակված համայնքների կարգավիճակն ու անկախությունը։
Գոյություն ունեցող հնագույն պատերը գրեթե միշտ որմնաշեն կառույցներ են, թեև հայտնի են նաև աղյուսից և փայտից պատրաստված տարբերակները։ Կախված քաղաքը կամ բնակավայրը շրջապատող տարածքի տեղագրությունից, պարիսպը կարող էր ներառել տեղանքի այնպիսի տարրեր, ինչպիսիք են գետերը կամ առափնյա գծերը՝ պատն ավելի ապահով դարձնելու համար։
Պատերից ներս կարելի էր մտնել միայն քաղաքի համապատասխան դարպասով անցնելով։ Պատերին կից հաճախ կառուցվել են աշտարակներ։ Այս հսկայական պարիսպների կառուցման պրակտիկան, թեև ի սկզբանե նախապատմական ժամանակներում է սկսվել, կատարելագործվել է քաղաք-պետությունների վերելքի ժամանակ, և պարիսպաշինությունը եռանդուն կերպով շարունակվել է մինչև միջնադարյան շրջանը, իսկ հետագայում տարածվել է նաև Եվրոպայի որոշ մասերում։
Հողից կամ քարից պատրաստված ավելի պարզ պաշտպանական պատերը, որոնք բարձրանում են բլուր-ֆորտերի, օղակաձև ամրությունների, հին ժամանակների ամրոցների և նման շինությունների շուրջը, սովորաբար կոչվում են հողապատնեշ (rampart) կամ հողապատվար։
Հնագույն ժամանակներից մինչև նոր ժամանակները պատերը գրեթե անհրաժեշտություն են եղել յուրաքանչյուր քաղաքի համար։ Ուրուկը հին Շումերում (Միջագետք) աշխարհի ամենահին պարսպապատ քաղաքներից մեկն է։ Մինչ այդ, Արևմտյան ափին գտնվող Սուլթանի բլուր (Tell es-Sultan)[2] նախաքաղաքը շրջապատված է եղել պարսպով դեռևս մ.թ.ա. 8-րդ հազարամյակում[3]։ Եվրոպայում հայտնի ամենավաղ քաղաքային Սոլնիցատա պարիսպը կառուցվել է մ.թ.ա. 6-րդ կամ 5-րդ հազարամյակում։
Ասորիները մեծ աշխատուժ են գործի դրել նոր պալատներ, տաճարներ և պաշտպանական պարիսպներ կառուցելու համար[4]։
Բաբելոնը հին աշխարհի ամենահայտնի քաղաքներից է, հատկապես Նաբուգոդոնոսորի շինարարական ծրագրի արդյունքում, ով ընդարձակել է պարիսպները և կառուցել Իշտարի դարպասը։
Սասանյան պարսիկները պաշտպանական գծեր են կառուցել իրենց տարածքների շուրջը, ինչպիսիք են, հատկապես, Դերբենտի պատը և Գորգանի Մեծ պատը, որը կառուցված էր Կասպից ծովի երկու կողմերում քոչվոր ազգերից պաշտպանվելու համար։
Ինդոսի հովտի քաղաքակրթության որոշ բնակավայրեր նույնպես ամրակցված են եղել։ Մոտ մ.թ.ա. 3500 թվականին հարյուրավոր փոքր գյուղատնտեսական գյուղեր են ցրված եղել Ինդոսի ափերի վրա։ Այս բնակավայրերից շատերն ամրություններով են եղել և ունեցել են նախագծված փողոցներ։ Կոտ Դիջի քարե և ցեխե աղյուսով տները կառուցվել են հսկայական քարե դամբերի և պաշտպանական պատերի հետևում, քանի որ հարևան համայնքները մշտապես իրար դեմ պայքարել են գյուղատնտեսական բերրի հողերի համար[5][6]։
Ներկայիս հարավ-արևելյան Աֆղանստանում գտնվող Մունդիգակ հնավայրն (մոտ մ.թ.ա. 2500) ունեցել է պաշտպանական պատեր և քառակուսի բաստիոններ, որոնք կառուցվել են արևի տակ չորացրած աղյուսներով[7]։
Պարիսպներով պարփակված քաղաք հասկացությունն ամբողջովին զարգացած չի եղել Հարավարևելյան Ասիայում մինչև եվրոպացիների ժամանումը։ Այնուամենայնիվ, Բիրման բացառություն է, քանի որ այնտեղ եղել է պարսպապատ քաղաքներ կառուցելու ավելի վաղ ավանդույթ։ Բիրմայի քաղաքները 1566 թվականին ունեցել են քաղաքային պարիսպներ։ Բացի այդ, Ռանգունը 1755 թվականին ունեցել է տեքի գերաններից պատրաստված ցանկապատնեշ հողապատնեշի վրա։ Քաղաքը ֆորտիֆիկացվել է վեց քաղաքային դարպասներով` յուրաքանչյուրը կողային հսկայական աղյուսե աշտարակներով[8][9]։
Հարավարևելյան Ասիայի այլ տարածքներում քաղաքների պարիսպները տարածվել են 16-րդ և 17-րդ դարերում, այդ շրջանում քաղաքների արագ աճի հետ մեկտեղ՝ որպես եվրոպական ծովային հարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտություն։ Թայլանդի Այութհայա քաղաքն իր պատերը կառուցել է 1550 թվականին, իսկ Բանտեն, Ջեպարա, Թուբան և Սուրաբայա քաղաքները բոլորն էլ իրենց պատերն են ունեցել 1600 թվականին։ Մինչև 1634 թվականը Մակասար քաղաքն ունեցել է իր պարիսպները։ Ինդոնեզիայի Գելգել գյուղի հիմնական պաշտպանությունը եղել է ծովի դամբը։ Քաղաքային պարիսպներ չունեցող քաղաքները, ամենաքիչը, ունեցել են գերանե ցանկապատնեշներով միջնաբերդ։ Այս փայտե պարսպապատ տարածքում թագավորական միջնաբերդն էր կամ արիստոկրատների կալվածքները, ինչպես Սուրակարտայում և Աչեհում[10]։
Սեղմված հողաշեն խոշոր պատեր կառուցվել են Հին Չինաստանում Շանգ դինաստիայի ժամանակներում (մոտ մ.թ.ա. 1600-1050), քանի որ հնագույն Աոյի մայրաքաղաքն ունեցել է հսկայական նմանատիպ պարիսպներ։ Չնայած Չինաստանում Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա 481-221) կառուցվել են քարե պատեր, բայց քարե ճարտարապետության զանգվածային անցումը լրջորեն սկսվել են նախքան Թանգ դինաստիան (մ.թ. 618–907): Չինական մեծ պարսպի որոշ հատվածները կառուցվել են մինչև Ցին դինաստիան (221–207 թթ մ.թ.ա.), իսկ հետագայում միացվել և ամրացվել Ցին դինաստիայի ժամանակ, թեև դրա ներկայիս ձևը հիմնականում Մինգ դինաստիայի (1368–1644) ինժեներական ձեռքբերումն է եղել։ Դրա վառ օրինակներից են Պինյաոյի մեծ պատերը։ Նույն այս կերպ են կառուցվել Պեկինում Արգելված քաղաքի պատերը. ստեղծվել են 15-րդ դարի սկզբին Յոնգլ կայսրի կողմից։ Չինական պատերի հսկայական հաստության համար ավելի մեծ թնդանոթների ստեղծելը հնարավոր չի եղել, քանի որ նույնիսկ արդյունաբերական դարաշրջանի հրետանին չինական պատերը ճեղքելու դժվարություններ է ունեցել[11][12]։
Էվսեոնգ (հանգուլ՝ 읍성) կոչվող «քաղաքային ամրոցներ»ը ծառայել են ինչպես ռազմական, այնպես էլ վարչական նպատակներին[13]։ Դրանք կառուցվել են Սիլլա թագավորության (մ.թ.ա. 57 - մ.թ. 935) ժամանակներից մինչև Չոսոն դինաստիայի վերջը։ Չոսոն դինաստիայի ողջ ժամանակաշրջանում էվսյոնգները փոփոխվել և վերանորոգվել են, և կառուցվել են նոր էվսյոնգներ, սակայն 1910 թվականին Ճապոնիան (Կորեայի օկուպանտ տերությունը) դրանք քանդելու հրաման է արձակել, որի արդյունքում մեծ մասը ոչնչացվել է[14]։ Ներկայումս որոշ վայրերում իրականացվում են ավերակների[13] ուսումնասիրություններ և հին քաղաքի պարիսպների վերակառուցում[15]։
Հին Հունաստանի մեծ քարե պատերը կառուցվել են միկենյան Հունաստանում, ինչպիսին Միկեններ հնավայրն է, որը հայտնի է իր «կիկլոպյան» պատերի հսկայական քարե բլոկներով[16]։ Դասական դարաշրջանի Հունաստանում Աթենք քաղաքում կառուցվել է երկար զուգահեռ քարե պարիսպներ, որոնք կոչվում էին Երկար պատեր, որոնք հասնում էին ծովով պաշտպանված Պիրեյոս նավահանգիստ։ Բացառություններ քիչ են եղել, բայց ոչ հին Սպարտան, ոչ էլ Հին Հռոմը երկար ժամանակ պարսպապատ չեն եղել, փոխարենը նախընտրում էին ապավինել իրենց զինվորների պաշտպանությանը։ Սկզբում կառուցվել են փայտաշեն ու հողաշեն պարզ ամրություններ, որոնք հետագայում փոխարինվել են առանց շաղախի իրար վրա դիզված քարերի խառը շինություններով[17]։
Ավելի ուշ հռոմեացիներն իրենց քաղաքներն ամրացրել են հսկայական, շաղախով պատված քարե պարիսպներով։ Դրանց թվում են հիմնականում պահպանված Հռոմի Ավրելյան պարիսպները և Կոստանդնուպոլսի Թեոդոսյան պարիսպները, ինչպես նաև այլուր մասնակի մնացորդները։ Սրանք հիմնականում քաղաքային դարպասներ են, ինչպես Պորտա Նիգրան Տրիերում[18] կամ Նյուպորտի կամարըԼինքոլնում[19]։
Կենտրոնական Եվրոպայում կելտերը կառուցել են մեծ պարսպապատ բնակավայրեր, որոնք հռոմեացիներն անվանում էին օպիդում, որոնց պատերը, մասամբ նման են Միջերկրականի առափնյա կառուցված պատերին։ Ամրությունները շարունակաբար ընդլայնվել և կատարելագործվել են։ Վաղ միջնադարում դրանց շուրջ կառուցվել են որոշ քաղաքներ։ Այս քաղաքները պաշտպանվել են պարզ քարե պատերով, իսկ ավելի հաճախ՝ պատերի և խրամուղիների համակցությամբ։
Մեր թվարկության 12-րդ դարից ամբողջ Եվրոպայում հիմնվել են հարյուրավոր բնակավայրեր, որոնք դրանից հետո հիմնականում ֆորտիկիֆացվել են։ Մի քանի պահպանված միջնադարյան քաղաքային պարիսպներից են Ավստրիայի պարսպապատ քաղաքները, Տալլինի պարիսպները կամ Անգլիայի Յորք և Քենթերբերի քաղաքների պարիսպները, ինչպես նաև Գերմանիայի Նորդլինգենը, Դինքելսբյուլը և Ռոտենբուրգ օբ դեր Տաուբերը։ Իսպանիայի Ավիլա և Տոսա դե Մար քաղաքներում պահպանվել են միջնադարյան պատեր, իսկ Լուգոյում պահպանվել են 3-րդ դարում կառուցված հին հռոմեական ոճի Լուգոյի ռոմանական մուրալյաները[20]։
Քաղաքներից շատերն առաջացել են պարիսպների շուրջ, հատկապես այդ նպատակով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գերմանական բնակեցման ժամանակաշրջանում[21]։ Այս քաղաքները հեշտ է ճանաչել իրենց կանոնավոր դասավորությամբ և շուկայական մեծ տարածքներով։ Այս բնակավայրերի ամրությունները շարունակաբար բարելավվել են՝ ռազմական զարգացմանը զուգընթաց[21]։
Թեև վառոդն ու թնդանոթները հայտնագործվել են Չինաստանում, Չինաստանը երբեք չի ստեղծել պատերը ավերող հրետանիներ այնպես, ինչպես աշխարհի այլ մասերում է ստեղծվել։ Պատճառը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ չինական պատերն ինքնին շատ դիմացկուն էին հրետանու նկատմամբ, և թնդանոթների չափերի մեծացումը արդյունավետ չի համարվել[22]: Քսաներորդ դարի կեսերին ֆորտիֆիկացիայի եվրոպական փորձագետը դրանց հսկայականությունը մեկնաբանել է այսպես. «Չինաստանում… գլխավոր քաղաքները առայսօր շրջապատված են այնքան զգալի, վեհ և ահռելի պարիսպներով, որ Եվրոպայի միջնադարյան ֆորտիֆիկացիաները անհամեմատ փոքր են թվում»[22]:
Չինական պատերը հաստ էին։ Հին Լինցզի քաղաքի արևելյան պարիսպը, որը ստեղծվել է մ.թ.ա. 859 թվականին, ունեցել է առավելագույնը 43 մետր, իսկ միջինը՝ 20–30 մետր հաստություն[23]։ Մինի պրեֆեկտուրայի և գավառի մայրաքաղաքի պատերը հիմքում 10-ից 20 մետր (33-ից 66 ֆուտ) հաստություն ունեին, իսկ վերևում՝ 5-ից 10 մետր (16-ից 33 ֆտ)։
Եվրոպայում Հռոմեական կայսրության օրոք սկսել են բարձր պատեր կառուցել` հաճախ 10 մետր (33 ֆուտ) բարձրությամբ, ինչպես շատ չինական քաղաքների պարիսպներն էին, բայց հաստությունն ընդամենը 1,5-2,5 մետր (4 ֆուտ 11 դյույմից մինչև 8 ֆուտ 2 դյույմ) էր։ Սերվիոսի օրոք կառուցված Հռոմի սերվիական պարիսպների հաստությունը հասել է 3,6 և 4 մետրի (12 և 13 ֆուտ), իսկ բարձրությունը 6-10 մետրի (20-33 ֆուտ)։ Մյուս ամրությունները նույնպես հասել են այս չափերին` ամբողջ կայսրության տարածքում, բայց դրանք բոլորը չափերով զիջում են՝ համեմատած ժամանակակից չինական պարիսպների հետ, որոնց հաստությունը հիմքում կարող էր հասնել մինչև 20 մետրի (66 ֆուտ)։ Նույնիսկ Կոստանդնուպոլսի պարիսպները, որոնք նկարագրվել են որպես «քաղաքակիրթ աշխարհի պաշտպանական ամենահայտնի և բարդ համակարգը»[24], զիջում են չինական քաղաքի խոշոր պարիսպներին[25]:
Եթե Կոստանդնուպոլսի արտաքին և ներքին պարիսպները միացված լինեին, միայն մի փոքր ավել կլինեին Չինաստանի մեծ պարսպի լայնության մեկ երրորդից[25]: Ըստ Փիլոնի՝ պատի լայնությունը պետք է ունենար 4,5 մետր (15 ֆուտ) հաստություն, որպեսզի դիմանար հնագույն (ոչ վառոդային) պաշարողական մեքենաներին[26]: 1200-ական և 1300-ականների եվրոպական պատերը կարող էին հասնել հռոմեական համարժեքներին, բայց հազվադեպ էին գերազանցում դրանց երկարությամբ, լայնությամբ և բարձրությամբ՝ իրենց մոտ 2,5 մետր (8 ֆուտ 2 դյույմ) հաստությամբ։ Միջնադարյան Եվրոպայի շատ հաստ պատը սովորաբար 2,5 մետր (8 ֆուտ 2 դյույմ) լայնություն ուներ, որը չինականի համար համարվում էր բարակ[27]: Կան որոշ բացառություններ, ինչպիսիք են Օտցենհաուզենի բլրի վրա կառուցված հնաքաղաքը 40 մետր (130 ֆուտ) հաստությամբ որոշ հատվածներում, սակայն ֆորտեր կառուցելու կելտական պրակտիկան վերացել է վաղ միջնադարում[28]: Ըստ Տոնիո Անդրադեի, Չանգանի շուկայի պատերն ավելի հաստ էին, քան եվրոպական խոշոր մայրաքաղաքների պատերը[27]:
Չինական պատերը, բացի իրենց հսկայական չափերից, կառուցվածքային առումով տարբերվում էին միջնադարյան Եվրոպայում կառուցվածներից։ Այն դեպքում, երբ եվրոպական պատերը հիմնականում կառուցված էին քարից, որը ցրված էր մանրախիճով կամ ժայռաբեկորով լցոնվածով և կապակցված կրաքարե շաղախով, չինական պատերը ունեին խճճահողային միջուկներ, որոնք կլանում էին հրետանային կրակոցների ուժը[29]: Պատերը կառուցվել են փայտե շրջանակների միջոցով, որոնք լցվում էին հողի շերտերով, որոնք տոփով խիստ սեղմված վիճակի էր հասցվում, որից հետո շրջանակները հանվում էին հաջորդ պատի հատվածում օգտագործելու համար։ Սոնգ դինաստիայի ժամանակներից սկսած՝ այս պատերը բարելավվել են աղյուսի կամ քարի արտաքին շերտապատմամբ՝ էրոզիան կանխելու համար, իսկ Մինի ժամանակ հողային պատնեշները մեկընդմեջ պատվել են քարերով և խամքարերով[29]: Չինական պատերի մեծ մասը նույնպես թեքված է եղել, քան ուղղահայաց, որը նպաստում էր արկերի ուժը շեղելուն[30]:
Եվրոպայում թնդանոթից պաշտպանվելու համար կառուցվել են հողով լցոնած համեմատաբար ցածր և հաստ պատեր, որոնք կարող էին և՛ դիմակայել թնդանոթի գնդակների ուժին, և՛ պաշտպանել սեփական, պաշտպանական թնդանոթը։ Պատի կառուցման չինական պրակտիկան, պատահաբար, չափազանց դիմացկուն էր բոլոր տեսակի հարվածների նկատմամբ։ Սա արդյունավել է եղել մինչև քսաներորդ դարը, երբ նույնիսկ ժամանակակից պայթուցիկ արկերին որոշակի դիմակայում էին խճահողային պատերը[11]։ - Փիթեր Լորջ |
Չինական պատի տեսությունը հիմնականում հիմնված է ծախսերի օգուտի վարկածի վրա, որտեղ Մին դինաստիայի ժամանակ ժողովուրդը հասկանում էր, որ իրենց պատերը խիստ դիմացկուն են կառուցվածքով և չէր պատկերացնում, որ այդ ժամանակ իրենց ունեցած ատրճանակների որևէ մատչելի զարգացում, որը կարողանար ճեղքել այդ պատերը։ Դեռևս 1490-ական թվականներին ֆլորենցիացի դիվանագետը ծիծաղելի համարեց ֆրանսիացիների այն պնդումը, որ «նրանց հրետանին ունակ է ճեղքել ութ ոտնաչափ հաստությամբ պատը», բայց ֆրանսիացիները «բնույթով պարծենկոտ են»[31]։ Իրականում քսաներորդ դարի պայթուցիկ պարկուճները որոշակի դժվարությունների են հանդիպել տոփանմամբ (tamped) պնդացված հողային պատերը հաղթահարելու համար[11]։
Մենք պայքարելով հասանք Նանկին և դեկտեմբերին մասնակցեցինք թշնամու մայրաքաղաքի վրա հարձակմանը։ Հենց մեր ստորաբաժանումն էր, որը գրոհեց Չունգհուա դարպասների վրա։ Մոտ մեկ շաբաթ շարունակ գրոհեցինք՝ հրետանիով հարվածելով աղյուսե ու հողե պատերին, բայց դրանք այդպես էլ չփլվեցին։ Դեկտեմբերի 11-ի գիշերը իմ ստորաբաժանման մարդիկ ճեղքեցին պատը։ Առավոտ էր, երբ մեր զորամասի մեծ մասը դեռ հետևում էր, բայց մենք պատից այն կողմ էինք։ Դարպասի մոտ ավազի պարկերի մեծ կույտեր էին կուտակված։ Մենք հեռացրեցինք դրանք, հանեցինք կողպեքը և բացեցինք դարպասները՝ մեծ ճռռոցով։ Մենք արեցինք դա։ Մենք բացեցինք բերդը։ Ամբողջ թշնամին փախավ, այնպես որ մենք ոչ մի կրակ չբացեցինք։ Բնակիչներն էլ էին գնացել։ Երբ անցանք բերդի պարսպից այն կողմ, կարծում էինք, որ մենք գրավել ենք այս քաղաքը[32]։ - Նոհարա Թեյշինը 1937 թվականին Ճապոնիայի Նանկինի գրավման վերաբերյալ |
Վառոդային հրետանուն դիմակայելու համար 1400-ականների կեսերին եվրոպական ամրությունները սկսել են նոր ճարտարապետական սկզբունքներով կառուցվել, ինչպիսիք են ավելի ստորին և ավելի հաստ պատերը[33]: Թնդանոթի տեղակայման աշտարակները կառուցվել են հրետանային սենյակներով, պատերի վրայի ճեղքերից թնդանոթները կարող էին կրակ բացել հակառակորդի վրա։ Այնուամենայնիվ, սա խնդրահարույց էր, քանի որ հրետանային հրաձգության փոքր արագությունը, ձայնի ազդեցությունից առաջացած կանտուզիաները և վնասակար գոլորշիները մեծապես խանգարում էին պաշտպանական կողմի զինվորներին։ Աշտարակների չափերը նաև պայմանավորված էին տեղադրվող թնդանոթների չափով ու քանակով, քանի որ դրանց տեղերը կարող էին միայն նույնքան մեծ կառուցվել[34]։
Պահպանված հայտնի հրետանային աշտարակներից են մոտ 1480 թվականին կառուցված Բրետանի Ֆուժեր քաղաքի յոթ հարկանի պաշտպանական աշտարակը` ներառյալ բաց հարթակը, և 1479 թվականին կառուցված Սաքսոնիայի Քուերֆուրտում չորս հարկանի հարավային աշտարակը, որոնցից երեքը փակ են, չորրորդը` աշտարակի գագաթն է[35][34]:
Աստղաձև ամրոցը, որը նաև հայտնի է որպես բաստիոնային ամրություն, trace italienne (իտալական ուղի, հետագիծ, հետք)[36] կամ վերածննդի ամրոց, ֆորտիֆիկացիայի ոճ է, որը հայտնի է դարձել Եվրոպայում 16-րդ դարում։ Բաստիոնը և աստղաձև ամրոցը ծագել են Իտալիայում, որտեղ ֆլորենցիացի ինժեներ Ջուլիանո դա Սանգալոն (1445–1516) կազմել է համապարփակ պաշտպանական պլան՝ օգտագործելով երկրաչափական բաստիոնը և ամբողջ իտալական հետքը, որը լայնորեն տարածվել է Եվրոպայում[37][38]:
Աստղաձև ամրոցի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունն անկյունային բաստիոններն են, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվել է խաչաձև կրակով իրար աջակցելու համար` ընդգրկելով բոլոր անկյունները, ինչը չափազանց դժվարացնում էր դրանց խոցելը և հարձակվելը։ Անկյունային բաստիոնները կառուցվել են երկու կողով և երկու թևով։ Թևերում տեղակայված հրետանային դիրքերը կարող էին հակառակ բաստիոնի կրակի գծի հետ զուգահեռ կրակել` այդպիսով պատի վրա զինված հարձակման դեմ ապահովելով պաշտպանական երկու գիծ և թույլ չտալով հակառակորդ կողմի ականապատողների առաջ շարժվելը։ Միևնույն ժամանակ, բաստիոնի հարթակի վրա տեղակայված հրետանին կարող էր երկու թևից ճակատային կրակ բացել՝ նաև հակառակ բաստիոնին աջակցող կրակ ապահովելով[39]: Փոխադարձ աջակցող պաշտպանական կրակի համընկնումն աստղաձև ամրոցի ամենամեծ առավելությունն էր։ Արդյունքում պաշարումը երկարել է, իսկ պաշտպանվող կողմի վիճակը ավելի բարդ էր։ 1530-ական թվականներին բաստիոն ամրոցը դարձել է Իտալիայում գերիշխող պաշտպանական կառույց[40]:
Աստղաձև ամրոցների կառուցելումը նպաստել է «Եվրոպական էքսպանսիայի ընդարձականը»[33]. այդպիսով փոքր եվրոպական կայազորները կարողանում էին դիմակայել թվային առումով գերազանցող ուժերին։ Այնտեղ, որտեղ աստղաձև ամրոցներ են կառուցվել, բնիկները մեծ դժվարություններ են ունեցել եվրոպացի զավթիչներից ազատագրվելու հարցում[33]:
Չինաստանում Մին դինաստիայի պետական և ռազմական գործիչ Սուն Յուանհուան (մոտ 1581-1632) հանդես է եկել իր Xifashenji-ում անկյունային ամրոցների կառուցման օգտին, որպեսզի թնդանոթները կարողանան ավելի լավ աջակցել միմյանց։ Պաշտոնյաներ Հան Յունը և Հան Լինը նշել են, որ քառակուսի ամրոցների վրա գտնվող թնդանոթները չեն կարող աջակցել յուրաքանչյուր կողմին այնպես, ինչպես չեն կարող նաև բաստիոնային ֆորտերը։ Բաստիոնային ֆորտերը կառուցելու նրանց ջանքերը և դրանց արդյունքները սահմանափակ էին։ Մա Վեյչենը կառուցել է երկու բաստիոնային ֆորտ իր հայրենի կոմսությունում, որոնք օգնել են Ցինի ներխուժումից պաշտպանվել 1638 թվականին։ 1641 թվականին կոմսությունում կային տասը ամրոցներ։ Նախքան բաստիոնային ֆորտերի տարածումը, Մին դինաստիան ընկավ 1644 թվականին, և դրանք հիմնականում մոռացվեցին, քանի որ Ցին դինաստիան շատ ժամանակ հարձակման մեջ էր և ֆորտերը պետք չէին գալիս[41]:
Քաղաքների աճի և դրան հաջորդած պաշտպանական ռազմավարության փոփոխության հետևանքով, ավելի շատ կենտրոնանալով քաղաքների շուրջ ամրոցների պաշտպանության վրա, շատ քաղաքների պարիսպներ քանդվել են։ Բացի այդ, վառոդի գյուտը պատերը դարձրել են ավելի քիչ արդյունավետ, քանի որ դրանից հետո պաշարողների թնդանոթները կարող էին պատերը պայթեցնել, ինչը թույլ էր տալիս բանակներին պարզապես երթով անցնել։ Այսօր նախկին քաղաքային ամրությունների մասին հաճախ կարելի է եզրակացնել միայն խրամատների, օղակաձև ճանապարհների կամ զբոսայգիների առկայությունից։
Ավելին, որոշ փողոցների անուններում ակնարկ կա անցյալ ժամանակներում ամրությունների առկայության մասին, օրինակ, երբ հանդիպում են «պատ» կամ «գլացիս» բառերը։
19-րդ դարում ավելի քիչ էր շեշտը դրվում ամրությունների պահպանման վրա՝ հանուն դրանց ճարտարապետական կամ պատմական արժեքի. – մի կողմից վերականգնվել են ամբողջական ամրությունները ( Կարկասոն ), մյուս կողմից քանդվել են բազմաթիվ կառույցներ՝ փորձելով արդիականացնել քաղաքները։ Բացառություն է համարվում Բավարիայի թագավոր Լյուդվիգ I- ի (1786-1868) «Հուշարձանների պահպանության» օրենքը[42], որը հանգեցրել է բազմաթիվ հուշարձանների գրեթե ամբողջական պահպանմանը, ինչպես Տաուբերի Ռոտենբուրգ, Նյորդլինգեն և Դինկելսբյուլ քաղաքներում։ Ֆրանկոնիայի տարածաշրջանի մեծաթիվ փոքր ամրացված քաղաքները նունպես պահպանվել են այս հրամանագրի շնորհիվ։
Պարիսպներ ու ֆորտիֆիկացիոն պատեր կառուցվել են նաև ժամանակակից դարաշրջանում։ Այնուամենայնիվ, նրանք չունեին երկարատև պաշարմանը կամ ռմբակոծությանը դիմակայելու կառույց լինելու սկզբնական նպատակը։ Պաշտպանական պատերի ժամանակակից օրինակներից են.
Բացի այդ, որոշ երկրներում տարբեր դեսպանատներ կարող են միավորվել մեկ «դեսպանական թաղամասում», որը պարսպապատված է պարիսպներով և աշտարակներով ամրացված համալիրով։ Նման կառույցներ լինում են այն տարածաշրջաններում, որտեղ դեսպանատները հարձակման թիրախ դառնալու մեծ ռիսկ կա։ Նման վաղ օրինակը Պեկինի Դեսպանական թաղամասը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին[48]։
Ժամանակակից քաղաքների պատերի մեծ մասը պատրաստված է պողպատից և բետոնից։ Ուղղահայաց բետոնե սալերը միացված են այնպես, որ դրանց միջև նվազագույն տարածություն լինի, և ամուր խրված են գետնի մեջ։ Պատի վերին մասը հաճախ թեքված է դեպի դուրս և պատված է փշալարերով, որով ավելի դժվար է դրանց վրայով բարձրանալ։ Այս պատերը սովորաբար կառուցված են ուղիղ գծերով, իսկ անկյուններում ծածկված են դիտաշտարակներով։ «Կրակի գոտիով» կրկնակի պատեր, ինչպես նախկին Բեռլինի պատն էր, այժմ հազվադեպ են։
2014 թվականի Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինան սեպտեմբերին հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով «Եվրոպական պարսպի» կառուցման մասին, որպես Եվրամիության արևելյան սահման[49]։ 2020 թվականի դրությամբ ֆորտիֆիկացիան գնահատվել է 40 %-ով կատարված[50], 2021 թվականի դրությամբ` 51,4%[51]։ 2022 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ֆինանսավորման նվազման և աշխատանքի արժեքի բարձրացման պատճառով շինարարության ավարտը նախատեսվում է 2025 թվականին[52]։
Տեսարան Բեռլինի պատ 1986 թ | Խաղաղության պատը Բելֆաստի և Հյուսիսային Իռլանդիայի միջև | Յացենյուկի այցը Ռուսաստան-Ուկրաինա պատնեշ, 2014 թվականի հոկտեմբերի 8-ին |
Ամենապարզ պաշտպանական պատը բաղկացած է պարիսպից և դրա դարպասներից։ Մեծ մասամբ պատերի վերին մասը հասանելի էր, պատերը դրսից ունեին բարձր հողապատնեշ-պարապետներ՝ ամբազուրներով կամ մերլոններով։ Ալպերի հյուսիսում պատերի վերևում գտնվող այս անցուղին երբեմն տանիք ուներ։
Դարերի ընթացքում բազմաթիվ տարբեր փոփոխություններ են կատարվել.
Միջնադարում արևմտյան և հարավային Եվրոպայի ամրությունների պաշտպանական աշտարակները հաճախ շատ կանոնավոր և միատեսակ են կառուցվել (ինչպես Ավիլա, Պրովինս), մինչդեռ Կենտրոնական Եվրոպայի քաղաքների պարիսպներն ավելի շատ կառուցվել են տարբեր ոճերով; Օրինակ, դարպասների և պարիսպների աշտարակները հաճախ մեծ բարձրություններով, իսկ երկու կողմից երկու աշտարակներով դարպասները շատ ավելի հազվադեպ են հանդիպում։ Աշտարակները զուտ ռազմական և պաշտպանական նպատակ ունենալուց զատ նաև ներկայացուցչական և գեղարվեստական դեր են խաղացել ֆորտիֆիկացիոն համալիրի գաղափարի մեջ։ Քաղաքի ճարտարապետությունը, այսպիսով, մրցակցության մեջ է եղել ազնվականների դղյակների հետ, իսկ քաղաքի պարիսպները հաճախ տվյալ քաղաքի հպարտությունն են եղել։
Քաղաքի պարիսպներից դուրս գտնվող քաղաքային տարածքները, այսպես կոչված, ֆորշտադտ-արվարձաններն (Vorstädte) էլ, իրենց հերթին, հաճախ պարփակվել են պատերով և քաղաքի համար լրացուցիչ պաշտպանություն են ապահովել։ Այս տարածքները հաճախ բնակեցվել են ավելի աղքատ բնակչությամբ, որոնք զբաղվել են «վնասակար արհեստներով»։ Շատ քաղաքներում նոր պատ է կառուցվել, երբ քաղաքն աճել է հին պարսպից դուրս։ Սա հաճախ դեռ կարելի է տեսնել քաղաքի հատակագծում, օրինակ՝ Նորդլինգենում, և երբեմն նույնիսկ պահպանվել են հին դարպասների մի քանի աշտարակներ, օրինակ՝ Նյուրնբերգի սպիտակ աշտարակը:
Լրացուցիչ շինությունները խոչընդոտ են եղել քաղաք մտնելու համար, որով անցնում էին բազմաթիվ կարևոր առևտրային ուղիներ՝ այդպիսով ապահովելով, որ առևտրային քարավանները քաղաքի դարպասներից ներս մտնելու համար վճարեին։ Ավելին, քաղաքից դուրս հաճախ կառուցվել են լրացուցիչ ազդանշանային և դիտակետ աշտարակներ, որոնք երբեմն ամրոցի նմանությամբ ամրություն են եղել։ Քաղաքի ազդեցության տարածքի սահմանը հաճախ մասամբ կամ ամբողջությամբ պաշտպանվել է բարդ փոսերով, պարիսպներով և ցանկապատերով։ Անցակետերը սովորաբար հսկվել են դարպասներով կամ դարպաս-տներով։ Այս պաշտպանությունները կանոնավոր կերպով ստուգել են հեծյալները, որոնք հաճախ ծառայում էին նաև որպես դարպասապահ, պահակ։ Այս պաշտպանությունների երկար հատվածները դեռևս կարելի է տեսնել մինչ օրս, և նույնիսկ որոշ դարպասներ դեռևս անձեռնմխելի են։ Իրենց տարածքն ավելի պաշտպանելու համար հարուստ քաղաքները նաև ամրոցներ են հիմնել իրենց ազդեցության տարածքում։ Այս պրակտիկայի օրինակ է ռումինական Բրանի դղյակը, որը նախատեսված էր պաշտպանելու մերձակա Կրոնշտադտը (այսօրվա Բրաշովը )։
Քաղաքի պարիսպները հավելյալ պարիսպների միջոցով հաճախ կապվել են բլուրների վրա կառուցված դղյակների հետ։ Այսպիսով, պաշտպանությունը կազմված էր քաղաքային և դղյակային ամրություններից՝ միասին վերցրած։ Դրա մի քանի օրինակներ են պահպանվել, օրինակ՝ Գերմանիայում Հիրշհորնը (Նեկարի վրա), Քյոնիգսբերգը և Պապենհայմը, Ֆրանկենը, Բուրգհաուզենը Օբերբայերնում և շատ ուրիշներ։ Մի քանի դղյակներ ավելի անմիջականորեն ներառվել են քաղաքի պաշտպանական ռազմավարության մեջ (օրինակ՝ Նյուրնբերգ, Զոնս, Կարկասոն), կամ քաղաքները գտնվել են անմիջապես ամրոցից դուրս՝ որպես մի տեսակ «նախամրոց» (Կուսի լե շատո, Կոնվի և այլն))։ Ավելի մեծ քաղաքները հաճախ ունեցել են մի քանի կառավարիչ. օրինակ՝ Աուգսբուրգը բաժանված էր Ռայխշտադտ (Կայսերական ազատ քաղաք) և կղերական քաղաքների։ Այս մասերը հաճախ սահմանազատվել են իրենց սեփական ամրություններով։
Պաշտպանական պատ | Առավելագույն լայնություն (մ) | Նվազագույն լայնություն (մ) | Առավելագույն բարձրություն (մ) | Նվազագույն բարձրություն (մ) | Երկարություն (կմ) |
---|---|---|---|---|---|
Ավրելիանոսի պատ | 3.5 | 16 | 8 | 19 | |
Ավիլայի պատեր | 3 | 12 | 2.5 | ||
Բաղդադի դարպասներ | 45 | 12 | 30 | 18 | 7 |
Պեկինի ներքին պատ | 20 | 12 | 15 | 24 | |
Պեկին արտաքին պատ | 15 | 4.5 | 7 | 6 | 28 |
Կարկասոն | 3 | 8 | 6 | 3 | |
Չանյան (ներկա` Սիան) | 16 | 12 | 12 | 26 | |
Դուբրովնիկի պատ | 6 | 1.5 | 25 | 1.9 | |
Արգելված քաղաք | 8.6 | 6.6 | 8 | ||
Հարեր | 5 | 3.5 | |||
Իչան-Քալա (Խիվա) | 6 | 5 | 10 | 2 | |
Երուսաղեմի պատ | 2.5 | 12 | 4 | ||
Խանբալիկ (խանի քաղաք) | 10.6 | ||||
Լինցզի | 42 | 26 | |||
Լոյան | 25 | 11 | 12 | ||
Մարակեշի պատ | 2 | 9 | 20 | ||
Նանկինի պատ | 19.75 | 7 | 26 | 25.1 | |
Նիկիա | 3.7 | 9 | 5 | ||
Պինյաոյի պատ | 12 | 3 | 10 | 8 | 6 |
Սեուլի պատ (Հանյանգդոսյոնգ) | |||||
Սերվիոսի պատ | 4 | 3.6 | 10 | 6 | 11 |
Սուզոու (Հվազոնգ) պատ | 5 | 3.5 | |||
Սուչժոու պատ | 11 | 5 | 7 | ||
Թոեդոսիոսի պարիսպներ (ներքին) | 5.25 | 12 | 6 | ||
Թոեդոսիոսի պարիսպներ (արտաքին) | 2 | 9 | 8.5 | 6 | |
Վատիկանի պատ[53] | 2.5 | 8 | 3 | ||
Սիան քաղաքի պատ | 18 | 12 | 12 | 14 | |
Սյանյան | 10.8 | 7.3 | |||
Չժոնգդու | 12 | 24 |
Սան Ֆրանսիսկո դե Կամպեչեի պատի մի մասը դիտակետ-աշտարակով | Հին Քվեբեկի պարսպի մի մասը[Ն 3] | Կաստիլո Սան Քրիստոբալ ֆորտիֆիկացիա Սան Խուանում (Պուերտո Ռիկո, ԱՄՆ) |
Պաշտպանական պատ Կարթախենայում (Կոլումբիա) |
Տալլինի պատեր (Էստոնիա) | Մեցի դարպասն իր աշտարակներով, պաշտպանական պարիսպներով և քաղաքային խրամատով 13-րդ դարի կառույց (Ֆրանսիա) |
Միջնադարյան ամրոց Օհրիդ քաղաքի վերևում (Հյուսիսային Մակեդոնիա) |
Նարիղալա ամրոցային համալիր Հին Թիֆլիսում (Վրաստան) |
Բադախոսի պարիսպներ (Իսպանիա) |
Ցլիկ Ամրամի միջնադարյան բերդի պատեր Տավուշի մարզում (Հայաստան) |
Տարուդանտի պատ (Մարոկկո) | Բուհեն հին եգիպտական բնակավայրի պատեր (այժմ` հյուսիային Սուդանում) |
Նաա Զարինգա պաշտպանական հողապատի մնացորդները (Գանա) |
Բուխարայի պատեր | Դերավարի պատ Պակիստանի Բահավալպուր քաղաքում | Ռոհտասի պատեր |
Երուսաղեմի պատեր (Իսրայել) | Խեթերի մայրաքաղաք Հատտուսայի պատ (վերակառուցում) | Հնդկաստանի մեծ պատ` Կումբալգարհի ֆորտ (Ռաջաստան) |
Թուլլոու (հողաշեն) շրջանաձև պատեր Ֆուցզյանում | Պեկինի քաղաքային պատի վերևում | Շանհայի Հին քաղաքի առափնյա պատեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.