իտալական ֆուտբոլային ակումբ From Wikipedia, the free encyclopedia
Յուվենտուս (իտալ.՝ Juventus Football Club, [ju.ˈvɛn.tus]), իտալական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Թուրին քաղաքից։ Հիմնադրման առաջին տարիներից մասնակցում է Իտալիայի A սերիայի առաջնությանը։ 1920-ական թվականներից ակումբի սեփականատերն է իտալական Ֆիատ կոնցեռնի տնօրեն Անյելլի ընտանիքը[1]։
Յուվենտուս Juventus | ||||
Ամբողջական անուն | Juventus Football Club S.p.A. | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | bianconeri սև-սպիտակներ La Vecchia Signora Ծեր Սինյորա la Fidanzata d’Italia Իտալիայի հարսնացու | |||
Գույներ | Սև-սպիտակ | |||
Հիմնադրում | 1897՝ որպես «սպորտ-կլուբ Յուվենտուս» | |||
Երկիր | Իտալիա | |||
Քաղաք | Թուրին | |||
Մարզադաշտ | Ալիանզ Սթեդիում, Թուրին | |||
Տարողունակություն | 45666 | |||
Տեր | Անյելի ընտանիք | |||
Նախագահ | Անդրեա Անյելի | |||
Մարզիչ | Մաուրիցիո Սարի | |||
Ավագ | Ջորջիո Կիելլինի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A (Իտալիա) | |||
2019-20 | 1-ին տեղ | |||
|
Հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին Իտալիայի թագավորության Թուրին քաղաքում որպես «սպորտ-կլուբ Յուվենտուս»[2]։ «Յուվենտուսն» Իտալիայի միակ ակումբն է, որ ունի իր սեփական մարզադաշտը «Ալիանզ Սթեդիում»։ Այն կառուցվել է 2009 թվականի մարտի 1-ին Իտալիայի Պիեմոնտ գավառի Թուրին քաղաքում՝ նախկին «Դելլե Ալպի» մարզադաշտի տեղում։ Բացումը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մարզադաշտը տեղավորում է ավելի քան 45 666 հանդիսական[3]։
«Յուվենտուսն» առաջատարն է նվաճած «Սկուդետոների» քանակով. 117 մրցաշարերում 37 անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Միլանը» և «Ինտերը»՝ միասին հաղթել են 36 անգամ (18-ական)[4]։ Ակումբը 21 անգամ դարձել է Իտալիայի փոխչեմպիոն, ինչը նույնպես ռեկորդային է։ Իտալիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում ևս «Յուվենտուսը» ցուցաբերել է ռեկորդային արդյունքներ՝ հաղթելով համապատասխանաբար տասնմեկ և յոթ անգամ։ Իտալիայի A սերիայի առաջնության 2013-14 թվականների մրցաշարում ակումբը հավաքել է 102 միավոր. նախկին ռեկորդը «Ինտեր» ակումբինն էր (2006-07՝ 97 միավոր)։ 2014 թվականի հուլիսի 16-ից ակումբի մարզիչն էր Մասսիմիլիանո Ալլեգրին, ում ժամանակ «Յուվենտուսը» ութ անգամ կարողանում է դառնալ Իտալիայի չեմպիոն (2014-2015, 2015-2016), ինչպես նաև՝ երկու անգամ Իտալիայի գավաթակիր (2014-15 և 2015-16) և սուպերգավաթակիր (2015)։
«Յուվենտուսը» իտալական ամենատիտղոսակիր ակումբն է[5][6]։ 2015-16 թվականներին նա կարողացել է 5-րդ անգամ անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն. նման արդյունք Իտալիայի ֆուտբոլի պատմության մեջ եղել էր միայն մեկ անգամ՝ 1930-1935 թվականներին՝ դարձյալ Յուվենտուսի կողմից[7]։ 1955 թվականից Եվրոպայում անցկացվող Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությում (1992 թվականից՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա մրցաշարեր) «Յուվենտուսը» հաղթել է երկու անգամ՝ 1984-85[8] և 1995-96[9] թվականներին։ Երբ «Յուվենտուսը» հաղթում է 1999 Ինտերտոտոյի առաջնությունը, դառնում է աշխարհի միակ ակումբը, որը կարողանում է հաղթող ճանաչվել բոլոր մրցաշարերում[10]։ 2012 թվականին անցկացված սոցիալական հարցման տվյալներով՝ «Յուվենտուսը» համարվել է ամենահեղինակավոր ակումբը[11]։
Sport + Markt AG կազմակերպության տվյալներով՝ 2010 թվականի դրությամբ «Յուվենտուսի» երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում անցնում էր 130 միլիոնից[12], իսկ երեք տարի անց՝ 2013 թվականին՝ 170 միլիոնից[13]։ 2016 թվականին երկրպագուների թիվն անցավ 200 միլիոնից (մոլորակի բնակչության մոտ 3 տոկոսը)։
Ակումբը հիմնադրել են մի խումբ թուրինցի ուսանողներ, որոնք էլ նրան տվել են լատիներեն «iuventus» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «երիտասարդություն»[Ն 1]։ Ակումբի անվանումը կապված է նրա առաջին մարզիկների հետ. ֆուտբոլիստները հիմնականում 16-18 տարեկան էին։
Ակումբը հայտնի է նաև որպես «Յուվե», «bianconeri» («սև-սպիտակներ»), «La Vecchia Signora» («Ծեր Սինյորա»), «la Fidanzata d’Italia» («Իտալիայի հարսնացու»)։
Հյուսիսային Իտալիայի Թուրին քաղաքում ֆուտբոլի պատմությունը սկսել է «Յուվենտուս» ակումբի հիմնադրումից տասը տարի առաջ՝ 1887 թվականին, երբ հայտնվել էր Saxon ապրանքանիշի գնդակը։ Այն Անգլիայից Իտալիա էր բերել վաճառական Էդուարդո Բոձիոն։ Իր ծանոթների հետ, ում թվում էին նաև «Ադամս» կազմակերպության թուրինյան գրասենյակի անգլիացի աշխատակիցները, նա հիմնում է թուրինյան առաջին ակումբը, որ կոչվում էր «Ինտերնացիոնալե»։ Դրանից հետո հիմնադրվում են ևս երկու ակումբներ՝ «Ջինաստիկա» և «Տորինեզե»։ Վերջինիս հիման վրա հետագայում հիմնադրվում է «Տորինոն»։ Հաջորդը հիմնադրվում է «Յուվենտուսը»[14]։
1897 թվականի նոյեմբերի 1-ին «Massimo d’Azeglio» ինստիտուտի ուսանողները Իտալիայի թագավորության Թուրին քաղաքում հիմնադրում են «Յուվենտուս» սպորտային ակումբը[15]։ Հիմնադիր ուսանողները 14-17 տարեկան պատանիներ էին։ Ինչպես իրենք էին ասում՝ Società «Società Polisportiva Augusta Taurinorum», ակումբը նախատեսված էր խաղերի, նորույթ ստեղծելու ցանկության և հաճելի կյանքի համար։ Երիտասարդներն այստեղ սիրում էին ժամանակ անցկացնել։ Ակումբի բազան գտնվում էր Ումբերտո թագավորի և Վիկտոր Էմանուիլի անվան պարտեզներին կից՝ Մոնտեվեկկո փողոցի վրա։ Երկու տարի անց ակումբը վերանվանվում է «Յուվենտուս ՖԱ»։ 1900 թվականին ակումբը միանում է Ֆուտբոլի Իտալիայի առաջնությանը[16]։
Սկզբում ակումբի մարզաշապիկը վարդագույն էր, սակայն 1903 թվականին «Յուվենտուսն» սկսում է հանդես գալ սև-սպիտակ մարզաշապիկով[17]։ 1904 թվականին գործարար Մարկո Այմոնե-Մարսանը ֆինանսավորում է ակումբը, որի շնորհիվ մարզադաշտը Զորքի հրապարակից (իտալ.՝ Piazza d'Armi) տեղափոխվում է Umberto I հրապարակ։ Ակումբն իր առաջին տիտղոսը նվաճում է 1905 թվականին[18]։ Հաջորդ տարի «Յուվենտուսի» նախագահ է դառնում Ալֆրեդ Դիկը, սակայն տարաձայնությունների պատճառով լքում է ակումբը[19]։ Սնանկ հայտարարվելու արդյունքում ակումբը հայտնվում է А սերիայից դուրս մնալու եզրին (1913 թվական)։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Յուվենտուսը» կարողանում է ամրացնել լիգայում ունեցած իր դիրքերը[20]։
1923 թվականին «Յուվենտուսի» նախագահ է դառնում իտալական FIAT կոնցեռնի տնօրենի տեղակալներից Էդոարդո Անյելին։ Նույն տարում կառուցվում է նոր մարզադաշտը[18]։ 1925-26 թվականներին ակումբը երկրորդ անգամ դառնում է Իտալիայի չեմպիոն՝ եզրափակիչ խաղում հաղթելով «Ալբա Ռոմային» 12։1 հաշվով[18]։ Թիմի սերուցքն էին կազմում Ջովաննի Ֆերարին, Ռայմունդո Օրսին, Լուիս Մոնտին և «պաշտպանական եռյակը»՝ Կոմբի-Ռոզետա-Կալյարիս։ Նրանք հինգ մրցաշրջան շարունակ հաղթում էին ազգային առաջնությունում։ Հինգից չորս մրցաշրջաններում «Յուվենտուսի» մարզիչն էր Կառլո Կարկանոն[18][21]։
1934 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում ֆուտբոլիստներից 9-ը «Յուվենտուսից» էին[22]։ 1935 թվականին՝ Էդոարդո Անյելիի մահից հետո, շատ մարզիկներ լքում են «Յուվենտուսը»։ Մինչև 1949 թվականը ակումբը չի կարողանում նվաճել «սկուդետոն»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1943-1945 թվականներին, ֆաշիստական միջամտության պատճառով ակումբը կոչվում էր «Յուվենտուս-Կաստիլիա». Կաստիլիան մեքենա արտադրող ընկերություն էր[23]։ Ընկերության նախագահ Պետրո Դուզիոն դառնում է ակումբի նախագահը, իսկ FIAT-ը դառնում է Թուրինի մեկ այլ թիմի՝ «Տորինոյի» հովանավորը[23]։
Պատերազմից հետո ակումբը դարձյալ ստանում է «Յուվենտուս» անվանումը։ Ջիանի Անյելին, ապա իր եղբայր Ումբերտոն դառնում են ակումբի ղեկավարները։ «Յուվենտուս» են տեղափոխվում Օմար Սիվորին և Ջոն Չարլզը, ովքեր թիմի ավագ Ջամպիերո Բոնիպերտիի հետ կազմում են հայտնի «մոգական եռյակը»[24][25]։
1958-1961 թվականների ընթացքում ակումբը կարողանում է երեք անգամ դառնալ Իտալիայի չեմպիոն։ Տիտղոսի տասներորդ նվաճումը «Յուվենտուսին» թույլ է տալիս զինանշանի վրա ավելացնել մեկ աստղ[26]։ 1961 թվականին Օմար Սիվորին դառնում է А սերիայի առաջին մարզիկը, ով «Ոսկե գնդակ» է ստանում։ Նույն տարում Բոնիպերտին լքում է ֆուտբոլը։ Իտալիայի առաջնությունների շրջանակներում անցկացրած հանդիպումներում իր 182 գոլ արդյունքը 45 տարի անց գերազանցում է «Յուվենտուսի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ալեսանդրո Դել Պիեռոն[27]։
1971 թվականի հուլիսի 13-ին Ջամպիերո Բոնիպերտին դառնում է ակումբի նախագահ, և առաջին իսկ մրցաշրջանում մարզիչ Չեստմիր Վիցպալեկի ղեկավարությամբ «Յուվենտուսը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Հաջողությունը թուրինցիներին ուղեկցում է 1972-73, 1974-75 թվականներին։ Վերջինի ժամանակ ակումբի մարզիչը Կառլո Պարոլան էր։
Մարզիչ Ջովաննի Տրապատոնիի օրոք «Յուվենտուսը» կարողանում է 6 անգամ հաղթել Իտալիայի առաջնություններում, 2 անգամ նվաճել երկրի գավաթը, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը և մեկական անգամ՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթը, գավաթակիրների գավաթը և միջմայրցամաքային գավաթը։ Ժամանակի առավել հայտնի ֆուտբոլիստներից էին Դինո Ձոֆը, Անտոնելլո Կոկուրեդուն, Կլաուդիո Ջենտիլեն, Ջուզեպե Ֆուրինոն, Ֆրանչեսկո Մորինին, Գաէտանո Շիրեան, Ֆրանկո Կաուզիոն, Մարկո Տարդելլին, Ռոբերտո Բոնինսենյան, Լուչիանո Սպինոզին, Ռոմեո Բենետին, Ռոբերտո Բետեգան[28]։ Այս թիմը իտալական «La Stampa» պարբերականն անվանում է «անմոռանալի»[29]։ 1982 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պաոլո Ռոսսին, վեց անգամ նվաճելով մրցակիցների դարպասը, դարձել է աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու և Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ չնայած իր երկարատև որակազրկմանը, որն ավարտվել էր առաջնությունից ընդամենը 1 ամիս առաջ։ 1982 թվականին «Յուվենտուս» է տեղափոխվում Միշել Պլատինին, ով երեք անգամ դառնում է Եվրոպայի «Ոսկե գնդակի» դափնեկիր[30]։
1985 թվականի մայիսի 29-ին Եվրոպայի չեմպիոնների գավաթի՝ «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ խաղում Միշել Պլատինիի խփած գոլի շնորհիվ «Յուվենտուսը» նվաճում է եվրոպական ակումբային ֆուտբոլի բարձրագույն տիտղոսը։ Խաղի ընթացքում, սակայն, երկրպագուների միջև տեղի է ունենում բախում, որի արդյունքում «Յուվենտուսի» 39 երկրպագու է զոհվում։ Այս ողբերգությունն իր ազդեցությունն է թողնում ամբողջ եվրոպական ֆուտբոլի վրա[31]։ Այդ տարում «Յուվենտուսը» դառնում է եվրոպական ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին ակումբը, որը կարողանում է հաղթել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում անցկացրած բոլոր խաղերում[32][33], իսկ միջմայրցամաքային գավաթը և 1999 թվականին Ինտերտոտոյի գավաթը նվաճելուց հետո՝ միակն աշխարհում, որը կարողացել է հաղթող ճանաչվել հնարավոր բոլոր մրցաշարերում։
1985 թվականին, նվաճելով Միջմայրցամաքային գավաթը, Անտոնիո Կաբրինին, Գաէտանո Շիրեան և Մարկո Տարդելլին դառնում են առաջին ֆուտբոլիստները, ովքեր հանդիսանում են աշխարհի չեմպիոններ ոչ միայն ակումբային, այլև ազգային հավաքականների մակարդակով[34]։ Այս ակումբը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի միջուկն էր ինչպես 1978, այնպես էլ՝ 1982 թվականների Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ժամանակ[35][36]։ 1986 թվականին Տրապատոնին լքում է «Յուվենտուսը»։
Դրանից հետո սերնդափոխության պատճառով «զեբրերը» 9 տարի շարունակ չեն կարողանում նվաճել սկուդետոն, թեև երկու անգամ ձեռք են բերում ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ 1989-90 (մարզիչ՝ Դինո Ձոֆ) և 1992-93 թվականներին (մարզիչ Տրապատոնի)[37]։ 1990 թվականին «Յուվենտուսը» տեղափոխվում է նոր մարզադաշտ՝ «Դելե Ալպի», որը կառուցվել էր Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար[38]։
1994 թվականին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ է դառնում Մարչելո Լիպին։ Ակումբը ձեռք է բերում Ռոբերտո Բաջոյին, Ջանլուկա Վիալլիին, Ատիլիո Լոմբարդոյին, Ֆաբրիցիո Ռավանելիին, Անջելո դի Լիվիոյին, Ալեսանդրո Դել Պիեռոյին, Կրիստիան Վիերիին[39]։ Լիպին սկսում է պատմության նոր հաղթական էջը[40]։ Նրա օրոք առաջին իսկ մրցաշրջանում «Յուվենտուսը» դառնում է Ա սերիայի չեմպիոն, իսկ 1994-95 թվականների Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում հաղթում է հոլանդական «Այաքսին», ինչպես նաև նվաճում ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը[40]։ 1996-97 և 1997-98 մրցաշրջաններում «զեբրերը» դարձյալ հայտնվում են Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, սակայն պարտվում են Դորտմունդի «Բորուսիային» և Մադրիդի «Ռեալին»[40]։ Այդ տարիներին «Յուվենտուսը» հաղթում է Իտալիայի առաջնությունում[40]։ Ակումբի առավել հայտնի ֆուտբոլիստներից էին Զինեդին Զիդանը, Ֆիլիպպո Ինձագին, Էդգար Դավիդսը[40]։
1999 թվականին «Յուվենտուսի» ղեկն ստանձնում է Կառլո Անչելոտտին, ում հաջողվում է նվաճել միայն Ինտերտոտոյի գավաթը[41]։
Ոչ մեծ դադարից հետո Լիպին վերադառնում է «Յուվենտուս»։ Այդ ընթացքում ակումբը ձեռք է բերում Ջանլուիջի Բուֆֆոնին, Պավել Նեդվեդին, Դավիդ Տրեզեգեին, Զլատան Իբրահիմովիչին, Լիլիան Տյուրամին։ Առավելապես այս ֆուտբոլիստների շնորհիվ «Յուվենտուսը» նվաճում է ևս երկու սկուդետո՝ 2001-02 և 2002-03 մրցաշրջաններում[42]։ 2003 թվականին «Յուվենտուսը» դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն պարտվում է «Միլանին»։ Հաջորդ տարի Լիպին լքում է ակումբը և նշանակվում Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[43]։
2004 թվականին «Յուվենտուսի» ղեկն ստանձնում է Ֆաբիո Կապելոն, ով մինչ այդ «Ռոմայի» մարզիչն էր։ Երկու տարվա ընթացքում ակումբը հաղթում է 2004-05 և 2005-06 առաջնությունների ընթացքում։ Սակայն Կալչոպոլիի սկանդալից հետո «Յուվենտուսը» զրկվում է իր տիտղոսներից. առաջին մրցաշրջանի հաղթողի կոչումը չի շնորհվում ոչ ոքի, իսկ երկրորդի սկուդետոն տրվում է «Ինտերին»։ «Յուվենտուսը» որակազրկվում է և տեղափոխվում B սերիա։
B սերիայի առաջնությունում «Յուվենտուսը» պետք է սկսեր միավորների բացասական քանակով (-9)[44]։ Դիդիե Դեշամի գլխավորությամբ 42 խաղում տանելով 20 հաղթանակ և 10 հանդիպում ավարտելով ոչ-ոքի արդյունքով՝ ակումբը զբաղեցնում է առաջին հորիզոնականը և վերադառնում А սերիա։ Մրցաշրջանի լավագույն ռմբարկու է դառնում Ալեսանդրո Դել Պիեռոն[45]։ Ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Դեշամը մրցաշրջանի ավարտին լքում է «Յուվենտուսը»։
2007-08 թվականների մրցաշրջանում ակումբը մարզում էր Կլաուդիո Ռանիերին[46]։ «Յուվենտուսը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, ինչի շնորհիվ թիմը կարողանում է մասնակցել 2008-09 թվականների Չեմպիոնների լիգայի մրցաշարին։ Այդտեղ «Յուվենտուսը» երկու անգամ հաղթում է Մադրիդի «Ռեալին», սակայն 1/8 եզրափակչում պարտվում «Չելսիին»։ Մրցաշրջանի ավարտին ակումբում խնդիրներ են ծագում, որոնց հետևանքով Ռանիերին հեռացվում է աշխատանքից՝ դեռ մրցաշրջանը չավարտած։ Վերջին երկու խաղերի ժամանակ նրանց մարզում է երիտասարդական ակումբի մարզիչ Չիրո Ֆերարան[47]։ Երկու խաղերում էլ ակումբը հաղթում է, թուրինցիները զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։ Սակայն Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսը» հաջողություն չի ունենում. մրցաշրջանի կեսին թիմը 6-րդ հորիզոնականում էր։ Նոր մարզիչ Ալբերտո Ձակերոնին նույնպես չի կարողանում փրկել թիմը և միայն ավելի է վատթարացնում վիճակը՝ այն իջեցնելով 7-րդ հորիզոնական։
2010-11 մրցաշրջանը ակումբի պատմության մեջ ամրագրվում է որպես մեծ փոփոխությունների ժամանակահատված՝ թե ղեկավարության, թե մարզչական կազմում։ Անդրեա Անյելին հեռացնում է Բլանին ակումբի նախագահի պաշտոնից։ Ակումբի սեփականատիրոջ առաջին որոշումն է դառնում Լուիջի Դելներիին հրավիրելը որպես գլխավոր մարզիչ և Ջուզեպպե Մարոտային գլխավոր տնօրեն նշանակելը[48]։ Սակայն մրցաշրջանի արդյունքներով «Յուվենտուսը» դարձյալ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, և Դելնիերիին ազատում են աշխատանքից[49]։
2011 թվականի մայիսին «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարոմ է «Ծեր Սինյորայի» նախկին մարզիկ Անտոնիո Կոնտեին գլխավոր մարզիչ նշանակելու մասին[50]։ Կոնտեի առաջին իսկ մրցաշրջանում «Յուվենտուսը» կրկին զբաղեցնում է առաջատարի դիրքը՝ պարտություն չկրելով ոչ մի անգամ[51]։ Միևնույն ժամանակ այդ մրցաշրջանը դառնում է վերջինը՝ խփած գոլերի ու խաղերի մասնակցությամբ առաջատար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոյի համար[52]։
2012-13 թվականների մրցաշրջանից առաջ Անտոնիո Կոնտեն ստանում է տասնամսյա որակազկում, քանի որ «Սիենա» ակումբի մարզիչը լինելու ժամանակ՝ 2010 թվականին, տեղեկանալով խաղի կեղծման ու փողերի լվացման մասին՝ տեղյակ չէր պահել իրավապահ մարմիններին[53]։ Շուտով որակազրկման ժամկետները կրճատվում են մինչև 4 ամիս։ Սակայն այս իրադարձությունները չեն խանգարում «Յուվենտուսին»՝ դարձյալ գրավել սկուդետոն՝ երկրորդ տեղում գտնվող «Նապոլի» ակումբից առաջ անցնելով 9 միավորով[54]։
Իտալիայի Ա սերիայի առաջնության 2013-14 թվականների մրցաշրջանում «Յուվենտուսը» 30-րդ անգամ դառնում է չեմպիոն՝ հավաքելով ռեկորդային 102 միավոր և տանը չկորցնելով ոչ մի միավոր[55]։ Ինչպես նաև ակումբը կարողանում է հասնել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլին։ «Յուվենտուս» մարզադաշտում տեղի ունեցած կիսաեզրափակիչ երկրորդ խաղը ոչ-ոքի ավարտելով հանդիպում Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ, արդյունքում պարտվելով երկու խաղերի հանրագումարում (2։1; 0։0)՝ ակումբը դուրս է մնում մրցաշարից։
2014-15 թվականների առաջնությունում «Յուվենտուսի» մարզչական ղեկն անցնում է Մասսիմիլիանո Ալլեգրիին, ով «Միլան»ի նախկին մարզիչն էր։ Կոնտեն դառնում է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը։ Ալլեգրիի ղեկավարությամբ «Յուվենտուսը» չորրորդ անգամ անընդմեջ դառնում է А սերիայի չեմպիոն, 1995 թվականից հետո առաջին անգամ նվաճում է Ֆուտբոլի Իտալիայի գավաթը, ինչպես նաև 2015 թվականին դուրս է գալիս ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ զիջում է «Բարսելոնային»՝ 1։3 հաշվով։
2015 թվականի ընթացքում «Յուվենտուսը» ձեռք է բերում ևս մի քանի ֆուտբոլիստների՝ Նորբերտո Մուրարա Նետո (30 ապրիլի[56], Բրազիլիա), Պաուլո Դիբալա (4 հունիսի[57], Արգենտինա), Սամի Խեդիրա (1 հուլիսի[58], Գերմանիա), Մարիո Մանջուկիչ (22 հունիսի[59], Սերբիա), Սիմոնե Ձաձա (7 հուլիսի[60], Իտալիա), Ալեքս Սանդրո (20 օգոստոսի[61], Բրազիլիա), Էռնանես (31 օգոստոսի[62], Բրազիլիա), Դանիելե Ռուգանի (30 սեպտեմբերի[63], Իտալիա)։ Ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստին՝ Էմիլ Աուդերոյին (ծնված 1997 թվական), նույնպես գնել են 2015 թվականին։ Տարեսկզբին «Յուվենտուսը» նպատակադրված էր գնել նաև «Դորտմունդի Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին[64][65]՝ պատրաստվելով վճարել 20 միլիոն եվրո[66], սակայն գործարքը չի կայանում Մխիթարյանի ցանկությամբ։
Այս կազմով «Յուվենտուսը» հանդես է գալիս 2015-16 թվականների A սերիայի առաջնությունում, որտեղ այժմ զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
2016 թվականի մարտի 2-ին «Ինտերին» հաղթելուց հետո[67] «Յուվենտուսն» անցավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որը կկայանա 2016 թվականի մայիսի 16-ին։
«Յուվենտուսի» մարզիկները 1903 թվականից սկսած խաղացել են սև-սպիտակ զոլավոր շապիկներով ու սպիտակ, երբեմն՝ սև վարտիքներով։ Ի սկզբանե նրանց մարզահագուստը եղել է վարդագույն շապիկը, որն ունեցել է սպիտակ գիծ։ Մարզիկներից մեկի հայրը պատրաստում է առաջին շապիկները, սակայն դրանց պարբերաբար լվացումը գունազրկում է հագուստը։ 1903 թվականին ակումբի ղեկավարությունը որոշում է փոխել մարզահագուստի գույնը[68]
Ակումբի ղեկավարությունը խնդրանքով դիմում է իր անգլիացի անդամներից մեկին՝ Ջոն Սավեյջին, Անգլիայի հետ կապեր հաստատելու և նոր մարզահագուստ ձեռք բերելու համար։ Նրա անգլիաբնակ ընկերներից մեկը, ով ապրում էր Նոթինգհեմ քաղաքում, Թուրին է ուղարկում սև ու սպիտակ զոլավոր շապիկներ[68]։
«Յուվենտուս» ՖԱ պաշտոնական խորհրդանիշը փոքր փոփոխություններ է կրել 1920-ականներից հետո։ Վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2004-05 թվականների A սերիայի առաջնության ընթացքում։ Այդ ժամանակից սկսած՝ խորհրդանիշը վահանաձև-ձվաձև տեսք ունի։ Այն բաժանված է հինգ՝ երկու սպիտակ և երեք սև զուգահեռ զոլերի, որոնց կենտրոնում գտնվում է հետևյալը՝ ակումբի անվանումը (վերևում), ոսկե միջնորմը (արդարության խորհրդանիշ) և ցուլի կերպարանքը (ներքևում)։ Վերջինս խորհրդանշում է Թուրին քաղաքի համայնքը։
Եռաժանու տեսքով ցուլի գլխավերևում գտնվում է ոսկեզօծ սև թագ, որը խորհրդանշում է Augusta Tourinorum քաղաքը՝ ժամանակակից Պիեմոնտ գավառի կենտրոնի՝ Հռոմեական դարաշրջանի պատմությունն ու մշակույթը։
Անցյալում խորհրդանշանն ունեցել է կապույտ գույն (Թուրին քաղաքի մեկ այլ խորհրդանիշ), և իրենից հնգանկյուն էր ներկայացնում։ Երեք աստղերը, որոնք նշվում են վերին հատվածում, խորհրդանշում են Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում 30 անգամ չեմպիոն դառնալը։ 1980-ականների ընթացքում ակումբի խորհրդանիշն է դառնում զեբրը։
Ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում ակումբը ձեռք է բերել տարբեր մականուններ։ Դրանցից հայտնի է la Vecchia Signora (ծեր տիկին) անունը։ «Ծեր» անունը հակադրվել է «Յուվենտուսին» (լատին․՝ Iuventus՝ երիտասարդ)։ Անվանումը դրվել է 1930-ականներից առաջ, երբ ակումբն «առել էր տարիքը»։ «Տիկին» անունը խորհրդանշում է գեղեցիկ սեռը, որը դրել են երկրպագուները։ Ակումբը հայտնի է նաև որպես la Fidanzata d'Italia (Իտալիայի հարսնացու)։ Սրա պատճառը Հարավային Իտալիայից (Նեապոլ, Պալերմո) ներգաղթյալ բանվորների հոսքն էր, ովքեր աշխատանքի էին ընդունվում Թուրինի FIAT կոնցեռնում դարձյալ 1930-ական թվականներից։ Հայտնի են նաև i bianconeri (սպիտակասևեր), le zebre (զեբր) անվանումները[69]
2015 թվականի սեպտեմբերի 10-ին «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարում է նոր ծրագիր՝ JKids՝ մանկահասակ ու պատանի երկրպագուների ու մարզիկների համար։ "J" տառով նշվում է մուլտիպլիկացիոն զեբրը, որը նմանվում է ակումբի զոլավոր մարզաշապիկին և ունի երեք աստղ՝ կրծքավանդակի ու պարանոցի հատվածում[70]։ "J"-ն իր նորամուտը նշում է «Յուվենտուս» մարզադաշտում՝ 2015 թվականի սեպտեմբերի 12-ին[71]։
«Յուվենտուսի» առաջին մարզադաշտերն էին «Պարկ Վալենտինոն» և «Ցիտադելը» (1897-1898)։ 1898-1908 թվականներին գործարկվում է «Piazza d’Armi» մարզադաշտը՝ բացառությամբ 1905-06 մրցաշրջանի, որի ընթացքում տան մարզադաշտը «Վելոդրոմ Ումբերտո I»-ն էր[72].
1909-1922 թվականներին ակումբի մարզադաշտն էր «Կորսո Սեբաստոպոլին», իսկ 1922-1933 թվականներին՝ «Կորսո Մարսիլիան»։ Այս մարզադաշտերում ակումբը չորս անգամ անընդմեջ դառնում է Իտալիայի չեմպիոն[73].
65 000 հանդիսատես տարողունակությամբ «Ստադիո Կոմունալե» մարզադաշտը դառնում է ամենաերկարակյացը «Յուվենտուսի» պատմության ընթացքում. այն ակումբի կենտրոնն էր ավելի քան կես դար՝ 1933-1990 թվականներին։ Սկզբում այն կրում էր Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինիի անունը և կառուցվել էր 1934 թվականի աշխարհի առաջնության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարզադաշտը վերանվանում են նախկին անունով, իսկ դրանից հետո ստանում նոր անվանում՝ «Վիտորիո Պոցցո»։ Այստեղ «Յուվենտուսի» մասնակցությամբ կայացել է 890 հանդիպում[74]։ Սկսած 1963 թվականից՝ «Յուվենտուսը» մարզադաշտը կիսում էր «Տորինոյի հետ»։ 1990 թվականին ակումբը տեղափոխվում է նորակառույց «Դելլե Ալպի»[75]։
Ակվա Մարսիի նախագծով կառուցված «Դելլե Ալպի» մարզադաշտում «Յուվենտուսը» խաղացել է մինչև 2005-06 թվականների առաջնությունը։ Այն տեղակայված էր Թուրինի հյուսիս-արևմուտքում գտնվող Վալետա թաղամասում և տեղավորում էր 69 000 հանդիսատես։ Այնտեղ բավական լավ հարմարեցված էր ակուստիկան, ուստի այն գործածվում էր նաև բաց համերգների համար։ Այս ժամանակահատվածում «Յուվենտուսը» երբեմն օգտագործում է այլ քաղաքների մարզադաշտեր՝ «Չեզենա» (Իտալիայի և Ինտերտոտոյի գավաթներ), Միլանի «Ջուզեպպե Մեացցա» (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, 1999) կամ Պալերմո (ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ՝ 1996, 1999-00 ՈւԵՖԱ-ի առաջին և երրորդ փուլեր)[76]։
2002 թվականի հունիսի 12-ին հարազատ քաղաքը ակումբին անվճար տրամադրում է «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտը (մի քանի տարի անց այն վերադարձվում է քաղաքին) այն պայմանով, որ 2006 թվականին այնտեղ անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի համար կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։ Միևնույն շամանակ Թուրինը 99 տարով վարձակալում է «Դելլե Ալպի» մարզադաշտը[76]։
2006-07 թվականների մրցաշրջանից մինչև 2011 թվականը «Յուվենտուսը» խաղում էր «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում, որը տեղավորում էր 27 000 հանդիսատես[74]։
2008 թվականի մարտի 18-ին ակումբի տնօրենների խորհուրդը հաստատում է «Դելլե Ալպիի» տեղում նոր մարզադաշտի կառուցման նախագիծը[77]։ Նրա արժեքը գնահատվում է € 105 միլիոն[78]։ Նրա ճարտարապետներն էին Ջինո Ձավանելան և Էլա Սուարեսը, իսկ ինժեներ՝ Մաքսիմում Մայովեկին։ Կառուցման մասին պաշտոնապես հայտարարվում է 2008 թվականի նոյեմբերի 20-ին՝ Լինգոտոյում[79]։ Ընդհանուր առմամբ զբաղեցվում է 355000 քառ. մ տարածք (45000-ը՝ նախատեսված էր մարզադաշտի, 155000-ը՝ ծառայությունների, 34000-ը՝ նախաձեռնող գործունեության և 30000-ը՝ կանաչ տարածքների համար)[77]։ Կառույցը ունի հնգաձև տեսք, շրջապատված է երկու կիսաէլիպսաձև շինություններով, որտեղ գտնվում են բարեր և ռեստորաններ։ Կան նաև VIP սրահներ՝ նախագծված Pininfarina Extra ընկերության կողմից, որոնք նայում են անմիջապես մարզադաշտին[77]։
Մարզադաշտը տեղավորում է ավելի քան 41000 հանդիսատես և նախատեսված է միայն ֆուտբոլի համար. այն չունի թեթև ատլետիկայի համար նախատեսված տարածքներ՝ դաշտի շուրջ[77]։ Ստորին հատվածի նստարանները մեկուկես մետր ցածր են գետնից. դաշտի և հանդիսատեսի սահմանաբաժաններ չկան[80]։ Մարզադաշտը ծածկված է 40000 ալյումինե թիթեղներով, իսկ տանիքի զանգվածը գերազանցում է աէրոդինամիկ խողովակը։ Տանիքը կիսաթափանցիկ է. այդպես է կառուցվել՝ լույսը մարզադաշտ չուղղելու նպատակով։
Բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Իտալիայի վերամիավորման 150-ամյակի կապակցությամբ։ Այն շահագործման է հանձնվել 2011-12 թվականների առաջնությունից ի վեր[81]։
2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ
Յուվենտուսի մեկնարկային կազմը 2017-18 մրցաշրջանում |
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Յուվենտուսի պատանեկան ակադեմիայում կա 17 ֆուտբոլային ակումբ, որոնք խաղում են ազգային առաջնությունում և միջազգային մրցաշարերում[82]։ Նրանք բոլորը մարզվում են Վինովո համայնքում գտնվող «Յուվենտուս կենտրոնում»[83]։
Հոլանդական «Այաքսի» նմանությամբ, «Յուվենտուսը» ստեղծում է ֆուտբոլային դպրոցներ՝ ակումբների տեսքով, որտեղ ավագ թիմի ֆուտբոլիստները մարզվում են երիտասարդների հետ[84]։ Ակումբն ունի ամառային ճամբարներ ոչ միայն ամբողջ Իտալիայում, այլև արտասահմանում, որտեղ մարզվում են 8-16 տարեկան պատանիներ[85]։
Հաճախ «Յուվենտուսը» ստեղծում է նախագծեր՝ երիտասարդների համար։ Դրանցից հայտնի է «Յուվենտուս ունիվերսիտետը», Ֆուտբոլի համաշխարհային համալսարանը (Թուրինի համալսարանի աջակցությամբ)[86] և «Յուվենտուսի ազգային ակադեմիան», որը զբաղվում է ֆուտբոլային դպրցների ստեղծմամբ, որոնք գտնվում են երկրի տարածքում ու արտասահմանում՝ 6-12 տարեկան երեխաների համար[87]։ Կա նաև ծրագիր, որով «Յուվենտուսը» հսկում է 18 ֆուտբոլային դպրոցներ ու հովանավորում դրանք[88]։
«Յուվենտուսը» մշտապես հետևում է երիտասարդ ֆուտբոլիստներին ինչպես երկրում, այնպես էլ արտասահմանում[84]։ Ակումբի ակադեմիայում կրթվել կամ երիտասարդ տարիքում տեղափոխվել են Պիետրո Անաստազին (եկել է 20 տարեկանում «Կատանիայից»), Ֆրանկո Կաուզիոն (եկել է ակումբ «Լեչչեից»), Ջուզեպե Ֆուրինոն (եկել է «Պալերմոյից»), Ռոբերտո Բետեգան, Պաոլո Ռոսին.
Նրանցից միայն Ֆուրինոյին հրավիրում են մասնակցելու 1970 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, իսկ 1974 թվականին հրավիրում են Անաստազիին և Կաուզիոյին։ Նրանք խաղում են մունդիալում նաև 1978 թվականի առաջնության ընթացքում։ Բետեգան ևս մասնակցում է 1978 թվականի առաջնությանը, ինչպես նաև Պաոլո Ռոսսին[89][90]։ Ռոսին 1982 թվականին դառնում է աշխարհի չեմպիոն։ Նույն թվականին նա ստանում է Ոսկե գնդակ, ինչպես նաև Ոսկե ոտնաման՝ որպես առաջնության լավագույն ռմբարկու (6 գոլ)։
Նախկին մարզիկներից հայտնի էին Կառլո Բիգատոն, Ջամպիերո Կոմբին, Պյետրո Ռավան, Կառլո Պարոլան, Ջովանի Վիոլան, Ջամպիերո Բոնիպերտին։ Վերջինս այժմ զբաղեցնում է ակումբի պատվո նախագահի պաշտոնը։ Այս մարզիկներից որոշները դարձել են աշխարհի չեմպիոններ 1934 կամ 1938 թվականներին, ինչպես նաև մասնակցել 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերում։ 21-րդ դարի սկզբին ակադեմիայի շրջանավարտ են դարձել Անտոնիո Նոչերինոն, Սեբաստիան Ջովինկոն, Կլաուդիո Մարկիզիոն, Պաոլո դե Չելյեն և Դոմենիկո Կրեշիտոն։ Նրանք խաղում են A սերիայի առաջնության ակումբներում։ Կրեշիտոն խաղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբում[91]։ Նրանիցից ոմանք եղել են ազգային հավաքականի անդամներ, մասնակցել 2008 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած Ամառային Օլիմպիական խաղերին[92], և Իտալիայի երիտասարդական հավաքականում, որը 2009 թվականին հասել էր մայրցամաքային առաջնության եզրափակչին[93]։ Մարկիզիոն, Ջովինկոն և Դե Չելյեն «Յուվենտուսի» հիմնական կազմից են։ Առաջին երկուսը մասնակցել են 2012 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում, որտեղ Իտալիան հասնում է մինչև եզրափակիչ։
«Յուվենտուսի» երիտասարդական ակումբը համարվում է իտալական առավել հաջողված ակումբներից մեկը։ Այն Իտալիայի չեմպիոն է դարձել 9 անգամ, իսկ միջազգային մակարդակում՝ տիտղոսներ է նվաճել ավելի քան 70 անգամ։ Դրանցից հայտնի է Վիարեջոյի առաջնությունը, որը «Յուվենտուսը» հաղթել է ութ անգամ, վերջինը՝ 2012 թվականին։ Ակումբը «Միլանի» և «Ֆիորենտինայի» հետ միասին համարվում է ռեկորդակիր՝ այդ առաջնությունում ունեցած տիտղոսների քանակով[94]։
«Յուվենտուսը» մասնակցել է ՖԻՖԱ-ի 1962 թվականի երիտասարդական գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին[95]։ 2007 թվականի օգոստոսին մինչև 19 տարեկանների թիմը մասնակցում է Մալայզիայում տեղի ունեցած պատանեկան լիգային, որը հայտնի էր որպես «աշխարհի առաջնություն»[96]։
Պաշտոն | Անուն |
---|---|
Տնօրեն | Մասսիմիլիանո Ալլեգրի |
Օգնական մարզիչ | Մարկո Լանդուչի |
Գլխավոր մարզիչ | Մաուրիցիո Տրոմբետա |
Դարպասապահների մարզիչ | Կլաուդիո Ֆիլիպպի |
Մարզասրահի մարզիչ | Սիմեոնե Ֆոլետի |
Ակումբի ղեկավար | Մատեո Ֆաբրիս |
Բժշկական հարցերով պատասխանատու | Ֆաբրիցիո Տենկոնե |
Գլխավոր բժիշկ | Լուկա Ստեֆանինի |
Ֆիզիոթերապևտ և օստոթերապևտ | Ստեֆանո Գրանի |
Մարզական ստուգման ղեկավար | Ռոբերտո Սասսի |
աղբյուր՝ Juventus.com( Արխիվացված 2013-06-16 Wayback Machine)
2010 թվականից «Յուվենտուսի» նախագահն է Անդրեա Անյելին։ Մինչ այդ ակումբն ունեցել է բազմաթիվ նախագահներ, որոնցից ոմանք եղել են ակումբի սեփականատերերը, ոմանք էլ եղել նրա պատվավոր ղեկավարները[97]
|
|
Յուվենտուսի մարզիչների ցուցակը՝ սկսած 1923 թվականից, երբ Անիելի ընտանիքը ձեռք է բերում ակումբը։ Դրանից հետո այն դառնում է առավել կազմակերպված[18] և այդպիսին մնում մինչ օրս[98]։
2014 թվականի հուլիսի 16-ից ակումբի մարզիչն է Մասսիմիլիանո Ալլեգրին։
|
|
1967 թվականի հունիսի 27-ից «Յուվենտուսը» համարվում է բաց բաժնետիրական ընկերություն[82]։ 2009 թվականի մարտի 1-ից բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Exor ընկերությանը։ Կազմակերպությունը առաջացել է IFIL Investment S.p.A և այլ ֆինանսական հաստատությունների միավորման արդյունքում։ Բոլոր հոլդինգները ստացվել են Ջովաննի Անյելիից[99]։ 2013 թվականի դրությամբ Exor ընկերությանն էր պատկանում բաժնետոմսերի 63 %-ը, իսկ Lindsell Train Investment Trust Ltd-ին՝ 7 %-ը[82][100]։ «Փոքրամասնություն» կազմակերպող մոտ 40 000 բաժնետերերի ֆոնդին էր պատկանում ևս 34 %-ը[101][102]։
«Յուվենտուսի» մարզական ճամբարը գտնվում է Campi di Vinovo SpA կազմակերպության սեփականատիրության ներքո։ Բաժնետոմսերի 71,3 %-ը կառավարվում է «Յուվենտուսի» կողմից[82]։
Ակումբում գործում են հետևյալ ներքին կառույցները՝ կառավարում և ֆինանսներ, անձնակազմի կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կոմերցիա, հատուկ նախագծերի վերահսկում, սպորտային զոնաներ[103]։ Ակումբի ղեկավարումն իրականացնում է Տնօրենների խորհուրդը։ Այն բաղկացած է տասը անդամից, այդ թվում՝ նախագահ Անդրեա Անյելի և գլխավոր տնօրեն Ալդո Մացի[104]։
2001 թվականի դեկտեմբերի 3-ին «Յուվենտուսը» սակարկվում է իտալական ֆոնդային բորսայի[105][106] STAR սեգմենտում։ Ֆոնդային սեգմենտը առավել հաջողակներից է ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի մասշտաբով[107]։
2008 թվականի հուլիսի 1-ից «Յուվենտուսում» գործարկվում է աշխատողների ու մարզիկների մենեջմենթի անվտանգության համակարգը։ Վերջինս համապատասխանեցվում է այն պահանջներին, որոնք հաստատված են OHSAS միջազգային ստանդարտներով[108]։ ISO 9001:2000-ի միջազգային ստանդարտներին է համապատասխանում նաև բուժօգնության և առողջապահության համակարգը[109]։
2013 թվականին Deloitte Football Money League-ն հայտարարում է, որ «Յուվենտուսը» համարվում է եկամուտների տեսանկյունից տասներորդ ակումբը. 2011-12 թվականների մրցաշրջանում ակումբը ունեցել է 195 միլիոն եվրոյի շրջանառություն[110]։ «Յուվենտուսը» համարվում է եվրոպական ակումբների միության հիմնադիրներից մեկը, որը զբաղվում է ակումբների իրավունքների պաշտպանությամբ։
«Յուվենտուսի» պաշտոնական կայքի տվյալներով[111]՝
Անուն | Պաշտոն |
---|---|
Անդրեա Անյելի | Նախագահ |
Ջուզեպե Մարոտա | Գլխավոր տնօրեն |
Ալդո Մացիա | Գլխավոր տնօրեն |
Ջուլիա Բոնջոռնո | Տնօրեն |
Էնրիկո Վելանո | Տնօրեն |
Մաուրիցիո Առիվաբենե | Տնօրեն |
Պաոլո Գարիմբերտի | Տնօրեն |
Ասյա Գրացիոլի Վեռներ | Տնօրեն |
Կամիլիո Վենեզիո | Տնօրեն |
Պավել Նեդվեդ | Տնօրեն |
Թվականները | Համազգեստի արտադրող | Տիտղոսի Հովանավոր[112] |
---|---|---|
1979-1989 | Kappa | Ariston |
1989-1992 | Upim | |
1992-1995 | Danone | |
1995-1998 | Sony / Sony Minidisс | |
1998-1999 | D+Libertà digitale / Tele+ | |
1999-2000 | CanalSatellite / D+Libertà digitale / Sony | |
2000-2001 | Lotto | Sportal.com / Tele+ |
2001-2002 | FASTWEB / Tu Mobile | |
2002-2003 | FASTWEB / Tamoil | |
2003-2004 | Nike | |
2004-2005 | SKY Sport / Tamoil | |
2005-2007 | Tamoil | |
2007-2008 | FIAT | |
2008-2010 | New Holland FIAT Group / Iveco | |
2010-2012 | BetClic / Balocco | |
2012-2015 | Jeep | |
«Յուվենտուսն» աշխատում է հասարակական ու հումանիտար ոլորտում։ Իրականացվող սոցիալական ծրագրերի կա նաև երիտասարդական ծրագիր, որը ուղղված է Եվրամիության անդամ երկրների կյանքի ու կենսամակարդակի բարելավման, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններ ընձեռելու և այլ նպատակներով[113]։ Համագործակցության ու ընդունման կենտրոնի միջոցով այն կապ է հաստատել Թուրինի տնտեսագիտական համալսարանի հետ, որտեղ անցկացնում է սպորտային պարապմունքների ուսուցման դասեր[113]։
Առողջապահության ոլորտում «Յուվենտուսը» համագործակցում է Թուրինի սուրբ Աննա հիվանդանոցի հետ և իրականացնում է «Մեծանալ սուրբ Աննայի հետ» նախագիծը[114]։ Բացի այդ, ակումբը հովանավորել է հիվանդանոցի մոր և մանկան բաժանմունքի վերակառուցումը և խթանում է քաղցկեղի ուսումնասիրման Իտալական ֆոնդի զարգացմանը[114]։
«Յուվենտուսի» մեկ այլ նախագիծ հայտնի է որպես «հյուրընկալության կենտրոն»։ Այն իրականացրել է Էդոարդո Անյելին՝ «Vincenziano» կամավորական խմբի ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում՝ դժվար պայմաններում գտնվող մայրերին բնակարանով ապահովելու համար[113]։
2000 թվականին «Յուվենտուսը» սկսել էր նոր ծրագիր՝ Ջենովա քաղաքի Գասլինի մանկական հիվանդանոցը գույքով ապահովելու նպատակով։ Այն կառուցվել էր ոչ միայն որպես հոսպիտալ, այլև որպես ուսումնական հաստատություն։ Ակումբը կարողացավ վերականգնել սուրբ Հերոնիմի աբբայության շենքը, որը գտնվում է հիվանդանոցի ներսում։ Նպատակն իրականացնելու համար պահանջվել էր 4.5 միլիոն եվրո, որոնցից 2 միլիոնը տալիս է Գասլինի ընտանիքը, իսկ մնացածը հավաքում է «Յուվենտուսը»՝ բարեգործության ու հանգանակության միջոցով[115]։ Այն իրականացել էր 2003 թվականի Սան Ռեմոյի մրցույթի, ինչպես նաև «Յուվենտուս, թիմ, ընկերներ» հեռուստատեսային ծրագրի շրջանակներում[116], ինչպես նաև գրքերի ու ձայնասկավառակների վաճառքի միջոցով[117]։
«Յուվենտուսը» համարվում է Իտալիայի ամենաատիտղոսակիր ակումբը, միաժամանակ առաջիններից է աշխարհում՝ նվաճած գավաթների ու խփած գոլերի քանակով։ Առաջին անգամ ակումբը հաղթել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության 1905 թվականի մրցաշարը, որից հետո սկուդետոն նվաճել է ևս 30 անգամ, այդ թվում՝ 5 անգամ անընդմեջ՝ 1931-1935 թվականներին։ «Յուվենտուսը» տասն անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, որով ևս ռեկորդակիր է իտալական ակումբների շարքում։ Բացի այդ, ակումբը ամենաշատն է նվաճել նաև Իտալիայի սուպերգավաթը՝ յոթ անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ՝ ակումբն ունի 49 հաղթանակ՝ իտալական բոլոր առաջնություններում ու գավաթների խաղարկության ժամանակ, ինչը նույնպես անգերազանցելի ցուցանիշ է։
«Յուվենտուսը» երեք անգամ նվաճել է «Ոսկե դուբլ»՝ այսինքն սկուդետոն և գավաթը։ Դա տեղի է ունեցել 1959-60, 1994-95 և 2014-15 թվականների մրցաշարերում։
«Յուվենտուսի» առաջին միջազգային գավաթը ՈՒԵՖԱ գավաթն էր[118], որն ակումբը նվաճել էր 1977 թվականին։ Ակումբը 1985 և 1996 թվականներին հաղթել է երկուական մրցաշար՝ Չեմպիոնների Լիգա և միջմայրցամաքային գավաթի խաղարկություն։ «Յուվենտուսը» իտալական երեք ակումբներից է, որին հաջողվել է հաղթել միջազգային առաջնությունում և դառնալ չեմպիոն[118]։
Ընդհանուր առմամբ թիմը նվաճել է 60 պաշտոնական տիտղոս, որից՝
Մրցաշրջան | Քանակ | Տարիներ | |||
---|---|---|---|---|---|
Մրցաշրջաններ | |||||
Սերիա Ա (Իտալիա) |
36 | • 1905 • 1925-26 • 1930-31 • 1931-32 • 1932-33 • 1933-34 • 1934-35 • 1949-50 • 1951-52 • 1957-58 • 1959-60 • 1960-61 • 1966-67 • 1971-72 • 1972-73 • 1974-75 • 1976-77 • 1977-78 • 1980-81 • 1981-82 • 1983-84 • 1985-86 • 1994-95 • 1996-97 • 1997-98 • 2001-02 • 2002-03 • 2011-12 • 2012-13 • 2013-14 • 2014-15 • 2015-16. 2016-2017. 2017-2018. 2018-2019, 2019-2020 | |||
Փոխչեմպիոն | 21 | 1903 • 1904 • 1906 • 1937-38 • 1945-46 • 1946-47 • 1952-53 • 1953-54 • 1962-63 • 1973-74 • 1975-76 • 1979-80 • 1982-83 • 1986-87 • 1991-92 • 1993-94 • 1995-96 • 1999-00 • 2000-01 • 2008-09 | |||
Սերիա B (Իտալիա) | 1 | 2006-07 | |||
Տեղական գավաթ | |||||
Ֆուտբոլի Իտալիայի գավաթ | 11 | 1937-38 • 1941-42 • 1958-59 • 1959-60 • 1964-65 • 1978-79 • 1982-83 • 1989-90 • 1994-95 • 2014-15 • 2015-16 | |||
Եզրափակչի մասնակից | 5 | 1972-73 • 1991-92 • 2001-02 • 2003-04 • 2011-12 | |||
Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ | 7 | 1995 • 1997 • 2002 • 2003 • 2012 • 2013 • 2015 | |||
Եզրափակչի մասնակից | 4 | 1990 • 1998 • 2005 • 2014 | |||
Եվրոպայի առաջնություն | |||||
Չեմպիոնների Լիգա | 2 | 1984-85 • 1995-96 | |||
Եզրափակչի մասնակից | 6 | 1972-73 • 1982-83 • 1996-97 • 1997-98 • 2002-03 • 2014-15 | |||
ՈՒԵՖԱ-ի գավաթ | 3 | 1976-77 • 1989-90 • 1992-93 | |||
Եզրափակչի մասնակից | 1 | 1994-95 | |||
ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ | 2 | 1984 • 1996 | |||
ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ | 1 | 1983-84 | |||
Ինտերտոտոյի գավաթ | 1 | 1999 | |||
Միջազգային | |||||
Միջմայրցամաքային գավաթ | 2 | 1985 • 1996 |
«Յուվենտուսը» Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում սկսել է խաղալ 1900 թվականից։ 2014-15 թվականների մրցաշրջանը 110-րդն էր իր պատմության մեջ։ A սերիայի 108 մրցաշրջաններում ունեցած մասնակցության արդյունքում նա հաղթել է 32 անգամ, իսկ երկրորդ և երրորդ տեղն է նվաճել համապատասխանաբր 20 և 11 անգամ։
«Յուվենտուսի» ամենագոլառատ հաղթանակը տեղի է ունեցել Իտալիայի առաջնության 1928-29 թվականների մրցաշարում՝ 15։0՝ ընդդեմ «Չենտոյի»[119]։ Առաջնությունում ռեկորդային է եղել 11։0 հաշիվը՝ նույն մրցաշրջանում «Ֆիորենտինայի» դեմ խաղում[119]։
Ամենախոշոր պարտությունը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ՝ 1912-13 թվականների մրցաշարում. «Յուվենտուսը» 0։8 հաշվով պարտվել է «Տորինոյին»[120]։
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության ժամանակ «Յուվենտուսը» 11 անգամ դարձել է չեմպիոն, 5 անգամ պարտվել եզրափակիչ փուլում[121]։ Ընդ որում, Իտալիայի գավաթակիր ամենաառաջատար երկու ակումբները՝ «Ռոման» և «Յուվենտուսը» երբեք չեն հանդիպել եզրափակչում[121]։
Հավաքած միավորների քանակով «Յուվենտուսը» առաջինն է Իտալիայում և չորրորդը Եվրոպայում։ Բացի այդ, իտալական ակումբը առաջատարն է Իտալիայում՝ խաղերի (352), խփած գոլերի (193) և գոլերի քանակով (623), խփած ու բաց թողնված գոլերի տարբերությամբ (+295) և հաղթանակների տոկոսով (54,83 %)՝ ՈՒԵՖԱ-ի լիգաների կազմակերպած հանդիպումների ժամանակ[122][123]։
«Յուվենտուսը» միակ իտալական ակումբն է, որը կարողացել է հաղթել ՈՒԵՖԱ գավաթը 1977 թվականին՝ ներակայանալով միայն տեղացի ֆուտբոլիստներից բաղկացած թիմով[124]։
«Յուվենտուսը» եզրափակիչ է դուրս եկել միջազգային մասշտաբի 18 պաշտոնական մրցաշարերում։ Այս ցուցանիշով ակումբը վեցերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, չորրորդ տեղըը Եվրոպայում, և երկրորդ տեղը՝ Իտալիայում։ Մրցաշարերից յոթը անցկացվել են Չեմպիոնների լիգայի, 4-ը՝ գավաթակիրների գավաթի խաղարկության, ևս 4-ը՝ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության[118], 1-ը՝ Ինտերտոտոյի խաղարկության[125], 2-ը՝ ՈւԵՖԱ սուպերգավաթի խաղարկության[126] և 3-ը՝ միջմայրցամաքային գավաթի խաղարկության շրջանակներում[127]։
«Յուվենտուսը» աշխարհի միակ ակումբն է, որ հաղթող է ճանաչվել աշխարհում անցկացրած բոլոր հնարավոր մրցաշարերում ու խաղարկություններում[128] և մեկը այն չորս ակումբներից, որոնք չեմպիոն են դարձել ՈւԵՖԱ-ի բոլոր երեք մրցաշարերում։ «Յուվենտուսն» առաջինն էր, որ հասել էր դրան դեռ 1985 թվականին։ Դրա համար 1988 թվականին ակումբը պարգևատրվում է ՈՒԵՖԱ-ի կողմից[129]։
1929 թվականից անցկացվող Իտալիայի A սերիայի առաջնությունում ակումբը ցուցաբերել է հետևյալ արդյունքները.
Յուվենտուսը Իտալիայի առաջնությունում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշար | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԸԳ | Տ | Մ |
1929-30 | 3 | 34 | 19 | 7 | 8 | 56 | 31 | +25 | 45 |
1930-31 | 1 | 34 | 25 | 5 | 4 | 79 | 37 | +42 | 55 |
1931-32 | 1 | 34 | 24 | 6 | 4 | 89 | 38 | +51 | 54 |
1932-33 | 1 | 34 | 25 | 4 | 5 | 83 | 23 | +60 | 54 |
1933-34 | 1 | 34 | 23 | 7 | 4 | 88 | 31 | +57 | 53 |
1934-35 | 1 | 30 | 18 | 8 | 4 | 45 | 22 | +23 | 44 |
1935-36 | 5 | 30 | 13 | 9 | 8 | 46 | 33 | +13 | 35 |
1936-37 | 5 | 30 | 12 | 11 | 7 | 53 | 31 | +22 | 35 |
1937-38 | 2 | 30 | 14 | 11 | 5 | 43 | 22 | +21 | 39 |
1938-39 | 8 | 30 | 8 | 13 | 9 | 28 | 34 | -6 | 29 |
1939-40 | 3 | 30 | 15 | 6 | 9 | 45 | 40 | +5 | 36 |
1940-41 | 5 | 30 | 12 | 8 | 10 | 50 | 47 | +3 | 32 |
1941-42 | 6 | 30 | 12 | 8 | 10 | 47 | 41 | +6 | 32 |
1942-43 | 3 | 30 | 16 | 5 | 9 | 75 | 55 | +20 | 37 |
1946-47 | 2 | 38 | 22 | 9 | 7 | 83 | 38 | +45 | 53 |
1947-48 | 2 | 40 | 19 | 11 | 10 | 74 | 48 | +26 | 49 |
1948-49 | 4 | 38 | 18 | 8 | 12 | 64 | 47 | +17 | 44 |
1949-50 | 1 | 38 | 28 | 6 | 4 | 100 | 43 | +57 | 62 |
1950-51 | 3 | 38 | 23 | 8 | 7 | 103 | 44 | +59 | 54 |
1951-52 | 1 | 38 | 26 | 8 | 4 | 98 | 34 | +64 | 60 |
1952-53 | 2 | 34 | 18 | 9 | 7 | 73 | 40 | +33 | 45 |
1953-54 | 2 | 34 | 20 | 10 | 4 | 58 | 34 | +24 | 50 |
1954-55 | 7 | 34 | 12 | 13 | 9 | 60 | 53 | +7 | 37 |
1955-56 | 9 | 34 | 8 | 17 | 9 | 32 | 37 | -5 | 33 |
1956-57 | 9 | 34 | 11 | 11 | 12 | 54 | 54 | 0 | 33 |
1957-58 | 1 | 34 | 23 | 5 | 6 | 77 | 44 | +33 | 51 |
1958-59 | 4 | 34 | 16 | 10 | 8 | 74 | 51 | +23 | 42 |
1959-60 | 1 | 34 | 25 | 5 | 4 | 92 | 33 | +59 | 55 |
1960-61 | 1 | 34 | 22 | 5 | 7 | 80 | 42 | +38 | 49 |
1961-62 | 12 | 34 | 10 | 9 | 15 | 48 | 56 | -8 | 29 |
1962-63 | 2 | 34 | 18 | 9 | 7 | 50 | 25 | +25 | 45 |
1963-64 | 4 | 34 | 14 | 10 | 10 | 49 | 37 | +12 | 38 |
1964-65 | 4 | 34 | 15 | 11 | 8 | 43 | 24 | +19 | 41 |
1965-66 | 5 | 34 | 13 | 16 | 5 | 38 | 23 | +15 | 42 |
1966-67 | 1 | 34 | 18 | 13 | 3 | 44 | 19 | +25 | 49 |
1967-68 | 3 | 30 | 13 | 10 | 7 | 33 | 29 | +4 | 36 |
1968-69 | 5 | 30 | 12 | 11 | 7 | 32 | 24 | +8 | 35 |
1969-70 | 3 | 30 | 15 | 8 | 7 | 43 | 20 | +23 | 38 |
1970-71 | 4 | 30 | 11 | 13 | 6 | 41 | 30 | +11 | 35 |
1971-72 | 1 | 30 | 17 | 9 | 4 | 48 | 24 | +24 | 43 |
1972-73 | 1 | 30 | 18 | 9 | 3 | 45 | 22 | +23 | 45 |
1973-74 | 2 | 30 | 16 | 9 | 5 | 50 | 26 | +24 | 41 |
1974-75 | 1 | 30 | 18 | 7 | 5 | 49 | 19 | +30 | 43 |
1975-76 | 2 | 30 | 18 | 7 | 5 | 46 | 26 | +20 | 43 |
1976-77 | 1 | 30 | 23 | 5 | 2 | 50 | 20 | +30 | 51 |
1977-78 | 1 | 30 | 15 | 14 | 1 | 46 | 17 | +29 | 44 |
1978-79 | 3 | 30 | 12 | 13 | 5 | 40 | 23 | +17 | 37 |
1979-80 | 2 | 30 | 16 | 6 | 8 | 42 | 25 | +17 | 38 |
1980-81 | 1 | 30 | 17 | 10 | 3 | 46 | 15 | +31 | 44 |
1981-82 | 1 | 30 | 19 | 8 | 3 | 48 | 14 | +34 | 46 |
1982-83 | 2 | 30 | 15 | 9 | 6 | 49 | 26 | +23 | 39 |
1983-84 | 1 | 30 | 17 | 9 | 4 | 57 | 29 | +28 | 43 |
1984-85 | 5 | 30 | 11 | 14 | 5 | 48 | 33 | +15 | 36 |
1985-86 | 1 | 30 | 18 | 9 | 3 | 43 | 17 | +26 | 45 |
1986-87 | 2 | 30 | 14 | 11 | 5 | 42 | 27 | +15 | 39 |
1987-88 | 6 | 30 | 11 | 9 | 10 | 35 | 30 | +5 | 31 |
1988-89 | 4 | 34 | 15 | 13 | 6 | 51 | 36 | +15 | 43 |
1989-90 | 4 | 34 | 15 | 14 | 5 | 56 | 36 | +20 | 44 |
1990-91 | 7 | 34 | 13 | 11 | 10 | 45 | 32 | +13 | 37 |
1991-92 | 2 | 34 | 18 | 12 | 4 | 45 | 22 | +23 | 48 |
1992-93 | 4 | 34 | 15 | 9 | 10 | 59 | 47 | +12 | 39 |
1993-94 | 2 | 34 | 17 | 13 | 4 | 58 | 25 | +33 | 47 |
1994-95 | 1 | 34 | 23 | 4 | 7 | 59 | 32 | +27 | 73 |
1995-96 | 2 | 34 | 19 | 8 | 7 | 58 | 35 | +23 | 65 |
1996-97 | 1 | 34 | 17 | 14 | 3 | 51 | 24 | +27 | 65 |
1997-98 | 1 | 34 | 21 | 11 | 2 | 67 | 28 | +39 | 74 |
1998-99 | 7 | 34 | 15 | 9 | 10 | 42 | 36 | +6 | 54 |
1999-00 | 2 | 34 | 21 | 8 | 5 | 46 | 20 | +26 | 71 |
2000-01 | 2 | 34 | 21 | 10 | 3 | 61 | 27 | +34 | 73 |
2001-02 | 1 | 34 | 20 | 11 | 3 | 64 | 23 | +41 | 71 |
2002-03 | 1 | 34 | 21 | 9 | 4 | 64 | 29 | +35 | 72 |
2003-04 | 3 | 34 | 21 | 6 | 7 | 67 | 42 | +25 | 69 |
2004-05 | 1 | 38 | 26 | 8 | 4 | 67 | 27 | +40 | 86 |
2005-06 | 1/20 | 38 | 27 | 10 | 1 | 71 | 24 | +47 | 91/0 |
2007-08 | 3 | 38 | 20 | 12 | 6 | 72 | 37 | +35 | 72 |
2008-09 | 2 | 38 | 21 | 11 | 6 | 69 | 37 | +32 | 74 |
2009-10 | 7 | 38 | 16 | 7 | 15 | 55 | 56 | −1 | 55 |
2010-11 | 7 | 38 | 15 | 13 | 10 | 57 | 47 | +10 | 58 |
2011-12 | 1 | 38 | 23 | 15 | 0 | 68 | 20 | +48 | 84 |
2012-13 | 1 | 38 | 27 | 6 | 5 | 71 | 24 | +47 | 87 |
2013-14 | 1 | 38 | 33 | 3 | 2 | 80 | 23 | +57 | 102 |
2014-15 | 1 | 38 | 26 | 9 | 3 | 72 | 24 | +48 | 87 |
2015-16 | 1 | 38 | 29 | 4 | 5 | 75 | 20 | +55 | 88 |
Իտալիայի A սերիայի առաջնության մրցաշարերում խաղերի քանակով առաջատարն է Ալեսանդրո Դել Պիեռոն (478 խաղ), ով մասնակցել է ևս 35 խաղի՝ B սերիայի առաջնությունում։ 513 խաղի մասնակցությամբ նա առաջատարն է յուվենտուսցիների շարքերում։ Նախկին ռեկորդը պատկանում էր Ջամպիերո Բոնիպերտիին, ով 1946-61 թվականներին մասնակցել էր 443 խաղի[130]։
Դել Պիեռոյին է պատկանում նաև ակումբի համար անցկացրած բոլոր խաղերում մասնակցության քանակը՝ 705 խաղ արդյունքով։ Դրանցում նա մրցակցի դարպասը գրավել է 290 անգամ, որը նույնպես անգերազանցելի ցուցանիշ է։ Դել Պիեռոն A սերիայում խփել է 188, B սերիայում՝ 20, ազգային գավաթի խաղարկության ժամանակ՝ 28, եվրոպական մրցաշարերում՝ 53 և միջմայրցամաքային գավաթի խաղարկության ժամանակ՝ ևս 1 գոլ[131][132]։ Նախկին ռեկորդը դարձյալ պատկանել է Բոնիպերտիին, որը գերազանցվել էր 2006 թվականին[130][132]։
A սերիայի ընթացքում խփած գոլերի քանակով առաջատարն է Ֆելիչե Բորելը։ Նա 1933-34 թվականների մրցաշրջանում տեղի ունեցած 34 խաղերում մրցակցի դարպասը գրավել է 32 անգամ[133]։
Ազգությամբ հունգարացի Ֆրենց Խիրզերին է պատկանում մեկ մրցաշարի ընթացքում խփած գոլերի քանակային ռեկորդը՝ 35 գոլ 26 խաղում 1925-26 թվականների Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացքում։ Նույն քանակությամբ գոլեր է խփել շվեդ Գուննար Նորդալը, ով խաղում էր «Միլանի» կազմում 1949-50 թվականների մրցաշրջանում[134]։
«Յուվենտուսի» ֆուտվոլիստներից Օմար ՍիվորինՍիլվիո Պիոլայի հետ միասին առաջատարն է մեկ հանդիպման ընթացքում խփած գոլերի քանակով՝ 6[135]։
|
|
2013 թվականի փետրվարի 9-ի տվյալներ /Juworld.net/
«Յուվենտուսի» մոտ 120 տարվա պատմության ընթացքում խաղացած ֆուտբոլիստներից 700-ն իտալացիներ են[136]։ Նրանցից առաջինը, ով դարձավ ակումբի խորհրդանիշը, Կառլո Բիգատոն էր[137], ապա՝ Ջամպիերո Բոնիպերտին[138] և Կառլո Պարոլան[139]։
1970-80-ականների գլխավոր աստղերն էին Դինո Ձոֆը[140] և Պաոլո Ռոսսին՝ 1982 թվականի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև Գաետանո Շիրեան, Սերխիո Մարտինեսը, Անտոնիո Կաբրինին, Ստեֆանո Տակոնին. նրանք հաղթել էին ՈւԵՖԱ-ի կազմակերպած բոլոր պաշտոնական խաղերը[141]։
20-րդ դարի վերջին տասնամյակում ակումբում աչքի է ընկնում Ռոբերտո Բաջոն՝ 1993 թվականի Ոսկե գնդակի հաղթողը, և Ալեսանդրո Դել Պիեռոն, ով վեց անգամ եղել Իտալիայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայում և միջմայրցամաքային գավաթի խաղարկության ժամանակ 1996 թվականին, ինչպես նաև՝ դարձել աշխարհի չեմպիոն 2006 թվականին[142], ինչպես և Ջանլուիջի Բուֆֆոնը՝ թիմի ներկայիս ավագը։
1950-60-ական թվականներին «Յուվենտուում» հայտնի էր Օմար Սիվորին (1961 թվականին արժանանում է Ոսկե գնդակի) և Ջոն Չարլզը, ով իր հասակի համար ձեռք է բերել «բարի հսկա» մականունը։ Նրանք Բոնիպերտիի հետ միասին կազմել էին «մոգական եռյակը» և օգնել «Յուվենտուսին» գրավել երեք սկուդետո։
1970-ական թվականներին արտասահմանցիներից հայտնի էր գերմանացի Հելմուտ Հալերը, 1980-ականներին՝ ֆրանսիացի Միշել Պլատինին, 1990-ականներին՝ արաբ Զինեդին Զիդանը, 2000-ականներին նա հեռանում է «Ռեալ Մադրիդ», և նրան փոխարինելու է գալիս ազգությամբ չեխ Պավել Նեդվեդը[131], ով 2003 թվականին «Ոսկե գնդակ» է ստանում։
Միևնույն ժամանակ արգենտինացի Դավիդ Տրեզեգեն դառնում է ակումբի լավագույն արտասահմանցի ռմբարկուն[132]։
2013 թվականի փետրվարի 4-ի դրությամբ «Յուվենտուսը» այն ակումբն էր, որում խաղացել էին Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքանի ամենաշատ ֆուտբոլիստները՝ 135 մարզիկ։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Ինտերնացիոնալեն» ունեցել էր 105, իսկ երրորդ տեղում գտնվող «Միլանը»՝ 94 ֆուտբոլիստ[143]։
Ընդհանուր առմամբ «Յուվենտուսի» 22 մարզիկներ դարձել են աշխարհի չեմպիոններ[144][145]՝
Եվս երեք մարզիկներ՝ Բերչելինոն, Կաստանոն և Սալվադորեն, դառնում են Եվրոպայի չեմպիոններ 1986 թվականին։
1978 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հաշվվում էին «Յուվենտուսի» ինը ֆուտբոլիստներ։ Դա ակումբի խոշորագույն ներդրումներից մեկն էր Իտալիայի ազգային հավաքականին՝ ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում[146][147]։ Նրանք էին՝ Ձոֆ, Ջենտիլե, Կաբրինի, Բենետի, Շիրեա, Կաուզիո, Տարդելի, Բետեգա և Կուկուրեդու[148]։ Երկու խաղերի ընթացքում բոլոր 9 մարզիկները դուրս եկան մարզադաշտ՝ հունիսի 10-ին Արգենտինայի[149] և հունիսի 21-ին՝ Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ[150]։
Յուվենտուս ՖԱ պատմության ժամանակագրություն | |
---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.