From Wikipedia, the free encyclopedia
Մուսա լեռան հերոսամարտ, Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանություն թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը[1]։ Վերջ ի վերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։
Մուսա լեռան հերոսամարտ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայոց ցեղասպանություն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հայ ինքնապաշտպաններ | Օսմանյան կայսրություն անկանոն մուսուլմանական ուժեր | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Եսայի Յաղուբյան | Ռիֆաատ բեյ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
1.500-6.000 | 1500 - 4000 կանոնավար զորք 3000 - 15000 անկանոն ուժեր | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Թեթև | Ծանր |
Լեռան մոտ կային 6 հայկական գյուղեր՝ Քապուսիե, Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց ավելի քան 6 հազար բնակիչներ զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները։ Սվեդիայի այդ գյուղախմբի հայ բնակչությունը շրջապատված էր մուսուլմաններով։ Այստեղի բնակչությունը անձնվիրաբար է տարել թուրքական լուծը, բայց երբեք չի խոնարհվել դրա առաջ։ 1885 թվականին Սվեդիայի հայությունը խիզախաբար մարտնչեց հարձակվող թուրքերի դեմ և նույնիսկ ժամանակավորապես՝ 3 տարով, ձեռք բերեց ինքնավարություն։ Սվեդիահայության մյուս խոշոր ելույթը տեղի ունեցավ 1909 թվականին՝ Ադանայի կոտորածի ժամանակ, երբ թուրք խուժանը փորձեց ջարդեր կազմակերպել Մուսա լեռան մոտ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մեծ թվով Սվեդահայեր ենթարկվեցին Օսմանյան զորահավաքին։ Դրությունն ավելի լարվեց, երբ սկսվեց արևմտահայության տեղահանությունն ու բռնագաղթը, և սվեդիահայերը ականատես եղան Զեյթունի ծանր վիճակին։ Զեյթունի կաթոլիկ եկեղեցու քարոզիչ Տիգրան Անդրեասյանը, որը ի ծնե յողունօլուկցի էր և հազիվ էր փրկվել բռնագաղթից ու 1915 թվականի հուլիսին վերադարձել իր գյուղը, մանրամասն պատմել էր Զեյթունում կատարվածի մասին։
Հուլիսի 26-ն տրվեց Քեսապի հայության տեղահանման հրամանը, որը տագնապալից ազդանշան էր սվիդեահայության համար և նրանցից պահանջվեց փրկության ելք գտնել։ Հուլիսի 29-ն Յողունօլուկում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որը մեծամասնությամբ որոշեց դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա։ Թեև զենքը քիչ էր, բայց սվեդիահայերը, առանց կուսակցական խտրության, գերադասեցին դիմել անձնազոհ պայքարի, քան հանձնվել թշնամու ողորմածությանը։ Դժբախտաբար ոչ բոլորը ենթարկվեցին խորհրդակցության որոշմանը։ Մի խումբ հոգևորականներ և հարուստներ փորձում էին համոզել, թե իբր փրկությունը միայն հպատակության մեջ է, թե մեկուսացված սվեդիահայությունը հավանաբար չգաղթեցվի և այլն։ Բայց արդեն հուլիսի 30-ին Անտիոքի գայմագամ Մարուֆը հրամայել էր բոլոր հայերին թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել։ Դրանից հետո էլ հայ «խոնարհյալները» ուշքի չեկան և, կառչելով Մարուֆի հրամանատար եղած մի քանի կեղծ խոստումներին (թե իբր գաղթը կլինի ապահով ու խաղաղ, պետությունը երաշխավորում է աքսորյալների կյանքն ու կայքը և այլն), գերադասեցին բռնել գաղթի ուղին։ Այդ գիծն էին վարում հատկապես Բիթիաս գյուղի քարոզիչ Նոխուդյանը, Քեբուսեի քահանաներ Մարկոսն ու Մաթևոսը, Սամսոն աղան և ուրիշներ։ Այդպիսի պառակտչական վարքագծի հետևանքով ծայր առան անորոշությունն ու տատանումները, և ստացվեց այն, որ Սվեդիայի հայկական 6 գյուղերի բնակիչների մի մասը բռնեց կործանարար գաղթի ուղին, բայց մնացած մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը և մղեց անօրինակ հերոսամարտեր։
Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին՝ Եսայի Յաղուբյանի ղեկավարությամբ։ Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թութագլյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ։ Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ։ Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը։ Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով։ Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները։ Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6 ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը։ Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեցին 5.000-անոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ։
Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ։ Մարտերում աչքի ընկան մարտիկներ Հակոբ Ղարագյոզյանը, Սարգիս Գապաղյանը և ուրիշներ։ Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9.000-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով։ Մարտերը շարունակվեցին 2 օր անընդմեջ։ Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, և, ի վերջո, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին։ Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար։ Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով՝ սովամահ անել հայերին։ Նրանք այդտեղ կենտրոնացրին 15.000 զորք։ Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ։ Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը։ Պետք էր օգնության դիմել։ Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը։ Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա պատկերված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»։ Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար։ Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից Մովսես Գըրքյանը, որը լողի վարպետ էր, պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված անգլերենով գրված հատուկ դիմում-աղերսագիրը։ Սակայն, երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքերը բազմիցս դիմում էին հայերին՝ անձնատուր լինելու առաջարկով։ Մուսալեռցիները վճռականորեն մերժեցին նրանց բոլոր վերջնագրերը և, պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել։ Մի քանի մարդ ուղարկվեցին Հալեպ ու Ալեքսանդրեթ՝ դաշնակիցների հետ կապվելու հույսով, սակայն, ապարդյուն։ Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Գիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին։ Իմանալով հայերի դրության մասին՝ ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով։
Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնալով անցնել հարձակման և բոլորին կոտորել։ Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ։ Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին։ Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը։ Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստը: Սեպտեմբերի 13-15-ը Մուսա լեռան հերոս պաշտպանները (շուրջ 4.000 մարդ) փոխադրվեցին ֆրանսիական «Ժաննա դԱրկ», «Գիշեն» և այլ նավեր ու շարժվեցին Պորտ Սայիդ, ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը։
Շուտով ֆրանսիական բանակի կազմում ստեղծվեց Հայկական լեգեոն, որի առաջին զինվորագրյալները Մուսա լեռան մարտիկներն էին։ Լեգեոնն աչքի ընկավ 1918 թվականի սեպտեմբերի 19-ի Արարայի ճակատամարտում և արժանացավ Մարշալ Ալեմբիի բարձր գնահատականին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, Էջմիածնի շրջանում հիմնեցին Մուսալեռ ավանը, որտեղ Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին հուշարձան է կանգնեցվել ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների։ Հուշարձանի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։
Մուսա լեռան հերոսամարտը հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է։ Այն արտացոլում է գտել գրականության, կինոյի, թատրոնի մեջ։
Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» աշխարհահռչակ վեպում, որը թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով։
Նացիստական ռեժիմի և Հոլոքոստի ժամանակ Եվրոպայի և Պաղեստինի հրեաներն օգտագործել են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմական վեպը՝ որպես նացիստներից պաշտպանության հիմնական մոդել և մարտավարություն[3]։ Նաև ըստ Մուսա լեռան պաշտպանների մոդելի էր կառուցվել Պաղեստինի հրեաների ամենաառաջին ինքնապաշտպանությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.