Հայաստանի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, հյուսիսում և արևելքում սահմանակից է Վրաստանի և Ադրբեջանի հետ, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի և Իրանի հետ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Արժույթ | Հայկական դրամ |
---|---|
Առևտրային կազմակերպություններ | ԱԱԳ, ԵՏՄ, ԱՀԿ |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 2,991,200 (2024 հունվար) |
ՀՆԱ | $24,218 միլիոն (2023) |
ՀՆԱ-ի աճ | +8.7% (2023) |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $8,170 (2023) $52,733 (PPP, 2022) |
Գնաճ (ՍԳԻ) | 2.0% (2023) |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 24.8% (2022) |
Ջինիի գործակից | 27.9 (2022) |
Գործազրկություն | 13.5% (2022) |
Արտաքին | |
Արտահանում | $8,415 (2023) |
Արտահանվող ապրանքներ | պղինձի հանքաքար, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, ոսկու փոշի, ֆեռոմոլիբդեն, ալյումինե փայլաթիթեղ |
Արտանհանման հիմնական գործընկերներ | Ռուսաստան 40.4% ԱՄԷ 26.6% Չինաստան 5.1% Հոնկոնգ 8.0% Նիդերլանդներ 2.8% (2023) |
Ներկրում | $12,308 միլիոն (2023) |
Ներկրվող ապրանքներ | բնական գազ, նավթ և նավթամթերք, դեղամիջոցներ, հումք, մեքենաներ ու սարքավորումներ |
Ներկրման հիմնական գործընկերներ | Ռուսաստան 32.3% Չինաստան 13.5% Գերմանիա 4.0% Իտալիա 2.9% Թուրքիա 2.8% (2023) |
Օտարերկրյա ուղղակի ներդրումենրի ծավալ | $443 մլն (2023) |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ՀՆԱ֊ի 50.5% (2023) |
Եկամուտ | 2.4 տրիլիոն դրամ (2023) |
Ծախսեր | 2.6 տրիլիոն դրամ (2023) |
Արտաքին պաշարներ | $3,606 մլն (2023 դեկտեմբեր) |
Խորհրդային Միության փլուզման հաջորդած մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն զգալի անկում ապրեց, ինչը պայմանավորված էր ինչպես ԽՍՀՄ փլուզմամբ առաջացած տնտեսական դժվարություններով, արդյունաբերության ու գյուղատնտեսության անկմամբ, արտագաղթով, այնպես էլ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությամբ, հարևան Թուրքիայի հետ փակ սահմաններով և այլ հանգամանքներով։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանի ՀՆԱ-ն տատանվում էր 1-2 միլիարդ ԱՄՆ դոլարի միջակայքում։ Հայաստանի տնտեսական վիճակը բարելավվեց հաջորդող տասնամյակում։ 2000-ականներին Հայաստանը գրանցում էր ՀՆԱ-ի տարեկան երկնիշ աճ, ինչի շնորհիվ երկիրն առաջ անցավ ԱՊՀ ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համադրելի երկրներից։ 2000-2008 թվականներին Հայաստանի դոլարային ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ՝ 1.9 միլիարդ ԱՄՆ դոլարից հասնելով 11.7 միլիարդ դոլարի (պայմանավորված նաև ազգային արժույթի արժևորմամբ)՝ աշխարհում բարելավելով իր դիրքը շուրջ 30 տեղով[1]։ 2023 թվականին ՀՆԱ-ն կազմել է 9.5 տրիլիոն դրամ կամ 24.2 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022 թվականի 8.5 տրիլիոն դրամի կամ 19.5 մլրդ ԱՄՆ դոլարի փոխարեն[2]։
Հայաստանի մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշը անկախացումից ի վեր շարունակել է աճել (անկում է գրանցվել 2009 և 2016 թվականներին)՝ 2018 թվականին գերազանցելով 4000 ԱՄՆ դոլարի սահմանը և դրանով իսկ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքից տեղափոխվելով միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների շարք՝ համաձայն Համաշխարհային բանկի դասակարգման[3]։
Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներն են պղնձի հանքաքարը, ծխախոտը, ոգելից խմիչքները և ոսկին։ Հայաստանը հիմնականում ներմուծում է բնական գազ, նավթ և նավթամթերք, դեղամիջոցներ, հումք, մեքենաներ ու սարքավորումներ։
Հայաստանի արժույթը հայկական դրամն է, որը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ից։ Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին։
Հայաստանի կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը համահունչ է ազատականացված կապիտալի հաշվի գործարքների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին։
«Heritage» հիմնադրամի կողմից Տնտեսական ազատության ինդեքսի 2020 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը և դասակարգվել որպես «հիմնականում ազատ»՝ բարելավելով իր դիրքը 13 կետով։ Սա ԵԱՏՄ և ԵՄ տնտեսություններից շատերի (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա և այլ երկրներ) համեմատ բավական բարձր ցուցանիշ է։ Համաշխարհային մրցունակության ինդեքսի 2019 թվականի զեկույցում Հայաստանը 141 տնտեսություններից 69-րդ տեղում է[4]։