Սպառողական գների ինդեքս
From Wikipedia, the free encyclopedia
Սպառողական գների ինդեքս (ՍԳԻ, գնաճի ինդեքս անգլ.՝ consumer price index, CPI), գների ինդեքս տեսակ, որը ստեղծված է բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի հաստատագրված կազմի սպառողական զամբյուղ արժեքի փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում։
Տնտեսագիտական ուսումնասիրությունների ժամանակ կարևորագույն խնդիր է հանդիսանում բնակչության կենսամակարդակի գնահատումը և դրա բարձրացման հիմնախնդիրները։ Կենսամակարդակը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը հնարավորություն ունի ձեռք բերելու տվյալ երկրի բնակչությունը։ Կենսամակարդակ հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և գոյություն չունի կոնկրետ ցուցանիշ, որով գնահատվում է այն։ Կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ, որոնցից է օրինակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի կամ ԱԵ-ի ցուցանիշը։ Վերջիններս որոշելու համար տվյալ երկրի ՀՆԱ-ի ցուցանիշը (ԱԵ-ի) հարաբերում ենք երկրի բնակչության թվի վրա։ Սակայն պետք է նշենք, որ այս ցուցանիշով կենսամակարդակը գնահատել այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ցուցանիշի հաշվարկման ժամանակ վերցնում ենք տվյալ տարվա ՀՆԱ-ն, իսկ այն իր մեջ պարունակում է գնային ազդեցություն, հետևաբար հստակ չենք կարող ասել՝ փոփոխության է ենթարկվել կենսամակարդակը, թե գները։ Այս հակասությունը լուծելու համար օգտվում ենք գների ինդեքսից։ Ընդհանուր առմամբ ինդեքսը հարաբերական ցուցանիշ է, որը ցույց է տալիս երևույթի կամ գործընթացի փոփոխությունը ժամանակի կամ տարածության մեջ։ Գոյություն ունեն գների ինդեքսի տարբեր ցուցանիշներ, որոնցից կենսամակարդակի բնութագրման համար հատկապես կիրառվում է սպառողական գների ինդեքսը։ ՍԳԻ-ն ցույց է տալիս սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքների ու ծառայությունների գնային փոփոխությունները ժամանակի ընթացքում։ Սպառողական զամբյուղը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ երկրի բնակչության կենսական պահանջմունքների բավարարման համար։ Սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը տարբեր է լինում՝ կախված ոչ միայն երկրի տնտեսական զարգացվածության աստիճանից, այլ նաև տվյալ բնակչության ազգային սովորություններից և առանձնահատկություններից։ Տարասեռ ապրանքների հավաքածուի գների ագրեգացված ինդեքսը հաշվարկելիս հարկ է հաշվի առնել այն առանձնահատկությունը, որ միմյանց հարաբերելով pq արժեքային նշանակությունները, հարկ է ցույց տալ դրանց փոփոխությունը միայն գների հաշվին կամ այլ խոսքով հարկ է չեզոքացնել տարբեր ժամանակահատվածներում թողարկված ապրանքների քանակի փոփոխության ազդեցությունը արտադրանքի արժեքային ցուցանիշի վրա։ Դրա համար հարկ է ապրանքների միևնույն քանակական հավաքակազմը գնահատել երկու տարբեր ժամանակահատվածների գներով, այնուհետ հարաբերել հաշետու շրջանի ցուցանիշը բազիսայինին։